Ваан Тотовенц

Ութն օրվա կնոջ ծախսը

Երբ մր. Կուլինզը մտավ Նյու-Յորքի «Ուալդոլֆ-Աստորիա» հյուրանոցը իր անունն ստորագրելու և սենյակ ստանալու մի շաբաթվա համար, նրան մոտեցավ 30 տարեկան, սև մետաքս հագած մի գեղեցիկ կին, բարևեց և ուզեց հետը խոսել: Մր. Կուլինզն իր 40 տարվա առևտրական և քսանուհինգ տարվա ամուսնական կյանքում ճանաչել էր միայն երկու տեղ իր առևտրական վիթխարի տունը, 13 հարկանի որի մեջ աշխատում էին ավելի քան 10000 ծառայող, և իր ընտանեկան տունը կինը և երեխաները Մր. Կուլինզն ուներ երկու ամուսնացած որդի,որոնք ապրում էին առանձին:

Մր. Կուլինզը 60-ից քիչ մի առույգ ծերունի էր,քսան տարեկամից սկսել էր ծառայել այն միևնույն առևտրական տան մեջ, որի սեփականատերն էր հիմա: Սկսել էր նա իր ծառայությունը շաբաթական 4 դոլլար վարձով պլատֆորմի վրա իբրև ամեն բանի հասնող ճարպիկ մի երիտասարդ, և հասել էր այդ հսկա առևտրական տան տիրոջ դիրքին: 40տարվա ընթացքում կարողացել էր նա այդ առևտրական տան տերը դառնալ, նվիրելով իր ամբողջ կյանքն այդ տան տերը դառնալուն, մոռանալով ծաղիկները և կանանց:

--Ի՞նչ կարող են անել ձեզ համար,- հարցրեց մր. Կուլինզը գեղեցիկ կնոջը, երբ կինն արդեն բռնել էր նրա սպիտակ ձեռքը և հաղորդել էր նրա մարմնին այն միևնույն դողը, որն ստացել էր մր. Կուլինզը 35-36 տարի առաջ, երբ հանդիպել էր իր կնոջը:

-Ոչինչ,-պատասխանեց գեղեցիկ կինը երգող ձայնով,- ուզում էի ձեզ հետ ծանոթանալ, իմ ամուսինն էլ ձեզ նման հայտնի առևտրական էր, երբ նա դեռևս ապրում էր:

Մր. Կուլինզը մի պահ երևաց, իր կարճ հասակից դիտեց սլացիկ հասակով կնոջը, ժպտաց և՝

--Գնանք դուրս,- ասաց:

--Գնանք,- պատասխանեց գեղեցիկ կինը:

Երբ փակ ավտոն սլանում էր Հըգսըն գետի ափերով, մր. Կուլինզը և գեղեցիկ կինը ավտոյի մեջ ոչ մի խոսք չէին փոխանակում: Գեղեցիկ կինը կծկվել էր մարմնով փոքրիկ ծերունու գրկում: Երբ վերադարձան «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզը մոտեցավ ստորագրության տետրին և ստորագրեց.

--Տեր և տիկին Ու.Ա. Կուլինզը:

Նրանք բարձրացան սենյակ:

Երկու ժամից հետո մր. Կուլինզն իջավ դահլիճ, մի հեռագիր խմբագրեց և ուղարկեց կնոջը ըստ տարիների սովորություն.

«Առողջ եմ, գործերս մի շաբաթից կվերջացնեմ և կվերադառնամ.

Բյուրավոր համբույրներ

Ուալդո»

Ինքն անձամբ տարավ հեռագիրը դիմացի դեղատան մեջ գտնված հեռագրական բաժինը, որպեսզի հյուրանոցի ծառայողները չիմանային, թե իր կինը հետը չէր գտնվում հյուրանոցում: Մի քիչ հետո գեղեցիկ կինը, որ տիկին Ջեպմեն էր կոչվում, շորերը փոխած իջավ դահլիճը, մի գաղտագողի շնական ակնարկ նետեց հյուրանոցի կառավարչին: Կառավարիչը ժպտաց: Տիկին Ջեպմենը դուրս եկավ, նստեց ավտոն և կորավ վիթխարի քաղաքում:

Մր.Կուլինզը հեռագիրը տալուց հետո շտապեց իր առևտրական գործին:

Նա ավելի քան 2000000 դոլլարի ապրանք էր գնելու իր առևտրական տան համար Նյու-Յորքի զանազան մեծաքանակ ընկերություններից: Երբ նա առաջին անգամ մտավ ՈՒուլուորթ շենքը 5 և 10 սենտանոց ապրանքներ գնելու, զգաց, որ տիկին Ջեպմենը մտքից չի հեռանում, հիշում է նրա ձայնը: Սիրտն ուզեց անմիջապես վերադառնալ հյուրանոց, բայց սովորությունը նրան մղեց դեպի առևտուրը, և թեկուզ նա կարծում էր, որ դեպի հյուրանոց է վերադառնում, բայց խոսում էր ՈՒուլուորթի վաճառողի հետ: Իր որոշման համաձայն մր. Կուլինզն շտապեց երեք ընկերությունն այցելել:

Տիկին Ջեմպենի ավտոմոբիլը կանգնեց Հըդսըն գետի ափի մի վիլլայի առաջ, դրսի երկաթյա դուռը բաց արեց, ծաղիկներով եզերված փոքրիկ կածանից անցավ և երբ մոտեցավ վիլլայի մեծ դռանը, երկու նեգր դուռը լայնորեն բաց արին, և տիկին Ջեմպենը մտավ ներս ու բարձրացավ ուղիղ մր. Հոպկինսի ննջասենյակը:

Մր. Հոպկինսը մի ծերացած կապիտալիստ էր, որ քաշված առևտրական կյանքից ապրում էր այդ վիլլայում և տառապում էր անքնությունից: Մր. Հոպկինսը իր կնոջը և երեխաներին ուղարկել էր Գերմանիա,Վիսբադեն քաղաքը և ինքն այդ վիլլայում որոնում էր քնելու միջոցներ:

Տիկին Ջեպմենը գնում էր մր. Հոպկինսի մոտ, օրական երկու ժամ նրա գլուխը շփում, որպեսզի շփման այդ հեշտանքի տակ մր. Հոպկինսը քնի: Տիկին Ջեպմենը մեկ-մեկ մր. Հոպկինսի չորացած և ոսկրացած մարմնին ալկոհոլ էր քսում: Այդ բոլոր գործողությունը կատարվում էր պրիմիտիվ անմեղությամբ, որովհետև մր. Հոպկինսը վաղուց մոռացել էր իր անասուն լինելը:

Երբ երկու ժամը վերջացավ, տիկին Ջեպմենը ոտի կանգնեց, հոգնած և ձանձրացած, առանց աղմուկի վերցրեց սեղանի վրա դրված 1000 դոլլարի չեկը և հեռացավ չխանգարելու համար մր. Հոպկինսի քունը:

Մր. Հոպկինսն իր քարտուղարի միջոցով նամակ էր գրում Վիսբադեն, իր կնոջը, որ բժիշկներին հաջողվեց մի քնաբեր դեղ գտնել, և ինքը վերջերս քնում է:

Երբ տիկին Ջեպմենը վերադարձավ «ՈՒալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզն արդեն վերադաձել էր և իրեն անհանգիստ էր զգում Ջեպմենի ուշանալու համար:

Մր. Կուլինզը գրկեց տիկին Ջեպմենին, և մինչև կեսգիշեր չքնեցին նրանք: Տիկին Ջեպմենը մր. Հոպկինսին քնեցրեց, իսկ Կուլինզին չթողեց, որ քնի:

Մի շաբաթը լրանալուց հետո մր. Կուլինզը հայտնեց տիկին Ջեպմենին, որ իր առևտրական գնումները վերջացել են, և պետք է մեկնի: Տիկին Ջեպմենն առանց պատասխան տալու տխրեց, և մր. Կուլինզը նշմարեց, որ տիկինը երկու կաթիլ արցունք է կախել սև և խոշոր աչքերից: Մր. Կուլինզը խոստացավ նրան շուտով վերադռնալ առևտրական գործերի պատրվակով ու մի քանի օր ևս անցկացնել իր հետ և խնդրեց նրանցից իր հասցեն:

Հասցեի կարիք չկա, պատասխանեց տիկին Ջեպմենը, ես կիմանամ, թե դուք երբ կլինեք Նյու-Յորքում:

Մր.Կուլինզը չստիպեց, որովհետև ճիշտ էր տիկին Ջեպմենը: Երբ մր. Կուլինզը Նյու-Յորք էր գալիս, իր գալուց երկու օր առաջ իր պատկերն էին հրատարակում Նյու-Յորքի թերթերը և հայտարարում նրա գալը:

Տիկին Ջեպմենը հրաժեշտ տվեց մր. Կուլինզին և հեռացավ հյուրանոցից:

Մր. Կուլինզն իր փոքրիկ պայուսակի մեջ տեղավորեց շապիկները, օձիքները,գուլպաները, թաշկինակները և թղթերը, էլեկտրական կոճակը սեղմեց,որից հետո անմիջապես նեգր տնկվեց իր առաջ:

Տար պայուսակը ներքև, ես գնում եմ:

Շատ լավ, ասաց նեգր բռավ:

Մր. Կուլինզը մի քանի րոպե հետո իջավ ներքև և հյուրանոցի կառավարչից խնդրեց իր հաշիվը:

Հյուրանոցի կառավարիչը ժպտուն դեմքով ներկայացրեց նրան հաշիվը 250000 դոլլար:

Մր. Կուլինզն ապշեց. մի շաբաթ և 250000 դոլլար ծախս:

Խնդրեմ, այս ծախսերի մանրամսները տվեք ինձ, ասաց մր.Կուլինզը խիստ և խորապես վրդովված տոնով:

Հյուրանոցի կառավարիչը դուրս բերեց հաշիվների մանրամասնությունները` «տիկին Կուլինզի» ստորագրված ստացականներով: Դրանցից հետո պարզ եղավ մր. Կուլինզի համար, որ «տիկին Կուլինզը» գնել է ադամանդներ, մարգարիտներ, մանյակներ, 15 - 20 տեսակ շորեր և այլն:

Մր. Կուլինզն ուզեց ասել, որ այդ կինն իր կինը չէր, այլ մի պատահական կին, բայց հիշեց, որ ստորագրության տետրում գրել էր՝

«Տեր և տիկին Ու.Ա.Կուլինզը»:

Մր.Կուլինզը մի րոպե կծոտեց իր շրթունքները, հանեց իր գրպանից չեկի տետրը, 250000 դոլլարի չեկը գրեց և դուրս եկավ հյուրանոցից:

Հյուրանոցի կառավարչին անմիջապես մտավ հեռախոսի բուդկան և զանգահարեց տիկին Դորոթի Ջեպմենին:

-Հըլո, հըլո, Դորոթի, ծերունի հիմարը մեկնեց, չեկն ստացա,- և սկսեց շնականորեն հռհռալ հեռախոսի բուդկայում:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Индийская Принцесса
Индийская Принцесса
Играть онлайн

Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.