Ваан Тотовенц

Ծիրանի ծառ

Ա

Կեսգիշեր։

Գարնանային այն գիշերներից, երբ թանձրացյալ իրականությունը և մանիշակագույն երազը խառնվում են իրար, որովհետև բույրը, որ բարձրանում է նոր ծլած խոտից և խնձորենու վարդագույն ծաղկից, նման է երազում ալյակ֊ալյակ ծփացող թափանցիկ քողերի բույրին։

Եվ գիշերի ծոցը լցված է մրմունջներով։

Նոր բացվող ծաղիկների ձայնն է, պատռվող կոկոնների քաղցրագույն ցավի ճիչը։

Կոկոնները ճեղքում են իրենց սրտերը, որովհետև ստեղծագործության անդիմադրելի, անգութ և հեշտաբորբոք ցանկությունը մահ է, անխուսափելի և անվախճան։

Եվ երկնքի կապույտ առվակներով, լուսակարկաչ և աստղաթրթիռ հոսում է զովը, հոսում է աշխարհի և գարնան վրա։

Եվ աշխարհի կտուրներից մեկի տակ, մարմարյա սեղանի վրա, կանաչ լուսամփոփի տակ, բացված է մեծ մի գիրք։ Այդ գրքի վրա հակած է գիտնականի գլուխը, որ հոգնած է և որի վրա ընկել է արդեն տիեզերքի առաջին ձյունը։ Հոգնած է այդ գլուխը, որովհետև անսահման դժվար է վերծանել գրքի յուրաքանչյուր հանգույցը, անսահման դժնակ է իմանալ նրա խրթին, խրթին ինչպես լույսը, քանդակի իմաստը, որովհետև յուրաքանչյուր տառն այդ մատյանի իմաստ է ինքնիրմով և ընդհանուր կապակցության մեջ ու անսահմանորեն ստեղծիչ։ Այդ մատյանը հղացող գլուխն ինքը նման էր մայր երկրագնդին, առատ և սև մազերով, ինչպես մթին անտառները մայր երկրագնդի, ծանր էր այդ գլուխը, զայրույթով, ատելությամբ, լույսով և սիրով լեցուն. այդ մատյանում թափվեցին հանճարեղ մի կյանքի ողջ արյունը, ժպիտը և նրա մռայլ խոհերի լուսավոր կաթիլները։

Եվ կեսգիշերին փակվում են գիտնականի թարթիչները՝ ինչպես մշուշն է չոքում լեռնային կապույտ լճակի վրա։

Եվ ուղեղը դադարում է գործելուց։

Եվ երբ ուղեղը դադարում է գործելուց՝ սիրտն է զվարթանում, որովհետև երբ իմացականությունը հոգնում է, սրտում սրինգներ են բարձրանում և սկսում են երգել։ Այդ սրինգները երգում են հիշատակը։

Եվ երբ սիրտը զարթնում է, և սրինգները երգում են՝ բացվում են և սրտի հին ծալքերը։

Ե՛վ բյուրավոր, և՛ բուրավետ են այդ ծալքերը։

Բուրավետ է մինչև անգամ հին մի մորմոք, աղեխարշ և դառնակսկիծ, որ տակավին ծխում է ծալքերից մեկում։

Եվ յուրաքանչյուր ծալքից բարձրանում է մի զեփյուռ և սփռվում է հին, բայց թարմ բույրերով։

Մի ծալքից ահա բարձրացավ վաղեմի գարնանավերջի սղոխը և երգեց դալար դաշտում։

Ուղեղը վերանորոգվում է անվերջ, թափում է դուրս հինը՝ ինչպես անպետք առարկաները սենյակից, բայց սրտի ծալքերը պահում են, անվթարորեն և գորովանքով, բոլոր հին հնչյունները, բոլոր թույրերն ու բոլոր բույրերը։ Զարմանալի է սիրտը, նա քաղցրությամբ և երանությամբ հիշում է մինչև անգամ մահը, որ եկավ հին մի օր, գրկեց իր սիրելուն և տարավ՝ երբեք չվերադարձնելու անգութ պայմանով։

Օրորվում է գիշերը և օրորվում։

Ծփում են սարերը, ծփծփում են ծառերը, պարտեզներում վազում է ծնուցիչ բերկրանքը։

Հողը բացել է սիրտը, թափում է դուրս իր գույներն ու ձևերը, երգում է և ինքը՝ գիշերային լռությունը, կարկաչում են առվակները, գլգլում, վազում, վազում, վազում։ Վազում է և մարդկային սիրտը, արյունալիքը և տաք։


Բ

Կարոտագին և դողդոջուն ջերմությամբ բացվում է և բյուրավոր ծալքերից մի ուրիշը։

Այնտեղ ընկած է ծիրանի ծառի երկու տերև, տակավին թարմ և զվարթ, տերևների տակին շուշանի պես սպիտակ մի ձեռք, որի վրա կաթում են գիտնականի տաք արցունքները։ Ձեռքը սարսռում է արցունքի տաքությունից և կենդանանում։ Արցունքների տաքությունից սարսռում են և տերևները և աճում, և ահա նրա սրտի վրա բարձրանում է ամբողջ ծիրանի ծառը, սաղարթագեղ և զովաշունչ։

Կապույտ մշուշի միջից, ինչպես շուշանը գիշերի արգանդից, բացվում է մի չքնաղ աղջիկ, չքնաղ՝ ինչպես լուսաստղը պաղպաջուն երկնքում, գալիս, կոխում է գիտնականի սրտի վրա և փաթաթվում ծիրանի ծառի բունին, փաթաթվում է՝ ինչպես բաղեղը, ինչպես բոցը, ինչպես շողը։ Նրա վճիտ աչքերում լայնանում է միջնամառային խաղաղ երեկոն։ Արևն արդեն թեքվեց սարերի ետև, բայց ծառի սաղարթների մեջ ծիրանները վառվեցին իբրև կանթեղներ, վառվեցին և աստղերը խոր երկնքում։ Որո՞նք են աստղերը և որո՞նք են ծիրանները։ Նրանք շողում են, իբրև արևի փշրանքներ։ Վաղուց մթնել են սարերի կատարները, և արևի շողերը դուրս էն եկել լեռնային կապույտ լճակի ջրերից։ Մթնել է և պայծառ լճակը, կարծես դուրս է եկել նրա ալիքներից մի մերկ աղջիկ՝ շուշանաշատ լանջով։ Միջնամառային իրիկնային հովը շնկշնկում է և տարուբերում աղջկա ծամերը՝ ինչպես բոցը քամու առաջ։ Բուրում է և՛ ծամը, և՛ խոտը։ Լուսնի սադաֆյա ցոլքերն ընկան խոտերի, եգիպտացորենի սրաձև տերևների վրա և արևածաղկի բաժակի մեջ։ Լուսնկա գիշերում վառվում են ծիրանները, և շողում են աղջկա աչքերը։

Հոտավետ է ամբողջ տիեզերքը։

Գիտնականի սրտի բյուրավոր ծալքերից այս մեկը դարձավ մի ամբողջ գոյություն, իրական, շոշափելի և ներկա։


Գ

Եվ բոցավառվեց հիշատակը, վերակենդանացավ և վերածաղկեց ողջ անցյալը։

Զտված, մաքրված է այդ անցյալը՝ ինչպես ոսկին հողից և ստոր մետաղներից, զտված է ցավից, դառնակսկիծ մորմոքներից։

Ուսանող էր նա կայսրության մայրաքաղաքում և մայրաքաղաք գնացել էր նա կայսրության ամենահեռավոր ծայրամասից։ Ամբողջ ուսումնական տարին նա սովորում էր եռանդով և հափշտակությամբ, և կարոտով հիշում հին գյուղը, և երբ վերջանում էր ուսումնական տարին, նա թռչում էր գնացքի վրա և գալիս գյուղ։

Եվ ահա իջավ նա փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։ Կայարանում ոչ մի րոպե չուզեց կանգ առնել, նրա աչքերը կարոտագին հառեցին գյուղի սարերին։ Դեռ կայարանում՝ դաշտերի բույրը լցվեց նրա ռնգունքները։ Դաշտում ոստոստում էր իր մանկությունը, ոստոստում հովից ու խոտի բույրից հարբած։

Փոթորկվել էր երիտասարդ ուսանողի և՛ սիրտը, և՛ միտքը, կյանքը նրա համար մի ամեհի մրրիկ էր, և ինքը՝ ոսկեթև մի թռչուն։

Դաշտի հեռավոր բացերից վազեց եկավ՝ իբրև մարմնավոր մի էակ՝ նրա մանկությունը։ Սղոխի պես թեթև էր նա, այդ մանկությունը, կանաչ էր՝ ինչպես զմրուխտը, ժպտուն էր՝ ինչպես ցողը լուսաբացին վարդի թերթի վրա, ձայնը կարկաչում էր՝ ինչպես լեռնային աղբյուրը։ Քայլեց նա դաշտի բարձր խոտերի միջով, մանկության հետ թև֊թևի։ Լուսաբացի ցողը, ինչպես արցունքը մանուկների, թրջեց նրա կրունկներն ու ուսանողական զգեստները։

Գլխավերևում կիվկիվի հյումորեսկն էր, կողքին՝ մանկությունը, ոտների տակ՝ մայր հողը, սրտում՝ մի փոքրիկ աղջիկ, այտերի վրա փոսիկներով, ճակատին՝ դաշտի ժպիտը և արեգակի լույսը։

Բացավ նա թևերը, ուզում էր ողջը գրկել։ Թևերի մեջ երգեց հովը և անցավ։

Հասավ տուն։ Տան դռան առաջ քջուջ էին անում հավերը։ Աքաղաղը, բարձր և հպարտ, ձայն տվեց իր տիկիններին, տիկինները ցրիվ եկան։

Գամփռը կտուրից ցատկեց ներքև, փաթաթվեց նրան։ Համբուրեց նա գամփռին անկեղծորեն, ջերմությամբ և գորովանքով։ Գամփռը հոտոտեց նրան, հոտից հարբած՝ նա բաց արավ սպիտակ և սուր ատամները և վարդագույն լնդերը։

Մտավ նա տուն, համբուրեց մորը և հողաբույր տատին, թաղեց նա իր գլուխը նրանց կրծքերի մեջ և հարբեց նրանց զգեստների հոտից։

Խոսեցին, հարցրին երկար և մանրամասն, հետո նա հանեց ճանապարհի շորերը, լվացվեց, սանրեց մազերը, հագավ ուսանողական բաճկոնը՝ դեղին և փայլուն կոճակներով։

Նա վազեց տնից դուրս, երբ երեկոն դաշտից դեպի սարերն էր բարձրանում։ Մթնշաղի վարդագույն օդում ոսկեփոշի կար։

Երա՞զ։ Ոչ։ Թանձրացյալ իրականություն։

Այն չքնաղ աղջիկը, կարմիր կուժն ուսին, աղբյուրից էր վերադառնում։ Իրիկնային շողերը փաթաթվել էին նրա կրունկներին և ծամերին։

Վարդագույն շող կար և նրա ճակատին։

Այդ չքնաղ աղջկան նա ճանաչում էր, ճանաչում էր և բոլոր աղջիկներին, բայց նա պարել էր իր մանկության հետ։

Եվ նա կանչեց սրտագին.

Արևհա՜տ...

Արևհատը ետ դարձավ։

Ո՞վ կանչեց։ Թերևս այդ ձայնը հնչեց իր սրտում։

Բայց նա կանգնած էր Արևհատի դիմաց, ուսանողական զգեստը հագին, դեղին և փայլուն կոճակներով։

Արևհատը նիհար էր, մի քիչ դժգույն և մի քիչ էլ տխուր։ Բայց ահա ժպտում էր նրա ողջ էությունը, ժպտում էր նրա ողորկ և վարդագույն թևը, թեթև աղվամազով՝ ինչպես դեղձը։ Ժպտում էր նրա ձեռքը։

Ոչ ոք չի խոսում, բայց երկուսն էլ լսում են իրենց նայվածքների ձայնը։ Երիտասարդ ուսանողը նայում է նրա ճակատին, և նրան թվում է, որ արևը, մայր մտնելուց հետո, նորից բարձրացավ սարի գլխին։

Կուժն ինձ տուր։

Չէ։

Ուսանողը վերցրեց կուժը, և նրանք քայլեցին. Արևհատը խաղում էր կրծքին թափված ծամերի հյուսկենի հետ։

Ե՞րբ ես եկել։

Այսօր։ Քիչ առաջ։

Արևհատը ժպտաց՝ գլուխը թեքելով։ Պայծառացավ երեկոն ուսանողի հոգում։

Մոտեցան տանը։ Արևհատը վերցրեց կուժը և թռավ ներս. կուժը դրեց անկյունը, ձեռքը տարավ կրծքին։ Թպրտում էր սիրտը։

Աղջի՛, Արևհա՛տ, ջուրն ո՞ւր մնաց։

Այստեղ է, նանի։

Արևհատի ձայնը դողում էր։

Աղջի՛, ի՞նչ եղավ։

Հաջորդ առավոտյան նրանք նորից հանդիպեցին, լռության մեջ նրանք լսեցին իրենց սրտերի տրոփյունը։

Էլի հանդիպեցին և էլի լռեցին։

Անցան արձակուրդային օրերը, և ուսանողն անէացավ գյուղի հորիզոնից։ Նրանից Արևհատի հոգում մնաց մի քաղցրագույն մորմոք, չհագեցված մի ծարավ և անսահման ու ահավոր մի անձկություն։

Աղջի՛, էս ի՞նչ եղավ քեզ, հարցրեց նանին։

Ոչինչ, նանի, պատասխանեց Արևհատը՝ զսպելով արցունքները։

Եվ եկավ աշունը, ոսկեղեն և ցուրտ, եկավ և ձմեռը, սպիտակ և թախծոտ, բացվեց և գարունը , առվակները երգեցին սառցի տակ, սառցի տակից կանաչավառ ժպտաց խոտը, հալեցան և սառույցները, ծաղկեց խնձորենին, ծաղկեց և ծիրանի ծառը։


Դ

Եկել է, եկել է, ձայնեցին գյուղի աղջիկները։

Արևհատը բնազդորեն, բնազդը սիրող աղջկա, զգաց, որ նա է։ Ձեռքերով սեղմեց կուրծքը, բայց սիրտը թռավ, և ինքն էլ թռավ կտուրը, սլացող սրտի ետևից։ Պահվեց նա խիտ բաղեղների միջև։ Անսահման անհանգստություն կար նրա հոգում, անհանգստություն, որ ուրախություն է պատճառում ջահել աղջկան։ Թափուր էին նրա թևերը, ուզում էին լցվել։

Աղջի՛, Արևհատ...

Նորից նանիի տխուր ձայնը՝ միալար և անգութ։

Արևհատի ուշքը դեպի աղբյուրն է, որ գյուղի ծայրին գլգլալով դուրս է գալիս մուգ֊կապույտ քարի բացվածքից։

Աղջի՛...

Արևհատը մի ճեղք բաց արավ խիտ բաղեղների մեջ և սկսեց դիտել դեպի գյուղի աղբյուրը, աղբյուրը տանող փողոցը և փողոցի շարունակությունը կազմող արահետը։

Աղջի՛...

Ոչինչ չի լսում Արևհատը, դիտում է նա անձկությամբ, հազիվ սիրտը բռնած։ Ահա նա այնտեղ է, արահետի ծայրին կանգնած, ուսանողական բաճկոնը հագին։

Արևը սարի գլխին էր, ոսկեշռայլ և մեծ։ Փայլում էին նրա կոճակները, փայլում էր նրա ճակատը, և մթնշաղի հովը տարուբերում էր նրա մազերը։

Նախիրն իջավ սարից, բառաչները լցրին գյուղի լռությունը։ Նանին դիմավորեց «Մարոյին», տարավ գոմը։

Արևհատը սողոսկեց տանից դուրս։ Նա հանդիպեց ուսանողին՝ նախիրի բարձրացրած փոշու մշուշում, աղբյուրի մոտ։ Ուսանողը բռնեց նրա թևը, Արևհատը քնքշությամբ ազատեց թևը, դեռ մութը չէր բարձրացել, և կային ծակող աչքեր, բայց արյունակալվեց արևը, ընկղմվեց սարի ետև, իրիկունը կապույտ թևերով բարձրացավ ձորից, քայլեց ողջ անսահման դաշտով, պարածածկեց գյուղը և բարձրացավ սարը։

Իջան գիշերի կապույտ թևերը, թանձրացան և սևացան։

Արևհատին պատել էր սարսուռը։

Աղջի՜...

Զուր ես կանչում դու, նանի, զուր ես կանչում քամուն, որ ետ դառնա, զուր ես խրատում ծաղիկը, որ չբացվի, երբ գարունն է հասնում, զուր ես կաշկանդում սիրտը, որ չբաբախի, երբ արյունը հորդում է, վարարում մարմնի գետի ափերը։

Նա բռնեց Արևհատի ձեռքը։ Նրանք բարձրացան բարձր խոտերի, արևածաղիկների, մասրենիների, ալուճների և մացառների միջից և կանգ առան սարի կշտին, ծիրանի ծառի տակ։

Սոսափում էր ծառը. բարձրացավ բոցագույն լուսինը, սպիտակեց և սկսեց լողալ կապույտ և խաղաղ ծովում։

Ծիրանի ծառի սաղարթներից մի քնար կախվեց և թրթռաց մեղմ։ Իրիկնային թռչո՞ւնն է դայլայլում, թե՞ Արևհատի սիրտն է կանչում։ Արյունն է երգում, արյան քնարն է, որ կախվել է ծիրանի ծառից։ Զով գիշերը ջերմացնում է սիրտը, ինչպես սառը գինու ումպը՝ մարմինը։ Սրտերը մոտենում են իրար, լցվում է ուսանողի թևերի դատարկությունը, և այրվում են նրա կրծքի աղվամազերը։

Հորեղբայրն այգումն է, առվի ջուրն է շրջում դեպի ցորենի դաշտը, շշնջում է Արևհատը՝ աղջկա զգուշությամբ։

Ջահել տղան ոչինչ չի լսում։ Ծիրանի ծառը սոսափում է, առուն երգում է, երգում է Արևհատի սիրտը, նրա ծաղկավոր զգեստի հոտը հարբեցրել է երիտասարդ ուսանողի արյան ամենավերջին կաթիլը, նրա ուղեղում հրդեհ է, մեծ խարույկ, բոցավառվել է ողջ էությունը։ Ո՞վ կարող է դիմադրել հարբեցած և հրդեհված արյան վազքին։

Բայց Արևհատը թռչում է նրա գրկից, վազում է, մոտենում է առվին, ունկնդրում։ Լսվում է, հեռվից և խուլ, բահի ձայնը, որ խրվում է հողի մեջ։ Արևհատի հորեղբայրը գնում է ջրի հոսանքն ի վեր, դեպի այգու խորքը։ Այգու ծառուղիում մութ է։ Վերադառնում է Արևհատը զգույշ և քնքուշ քայլերով, ինչպես եղնիկն անտառում, լցնում է ուսանողի գրկի դատարկությունը՝ ինչպես իրիկնային շաղը լցնում է աշխարհը։

Արևհատ, չքնաղ ես դու, տաք և հոտավետ։

Եվ Արևհատն ավելի է մտնում նրա սրտի մեջ։ Երկու մատներով հպում է նա աղջկա թշերին, կարծես արյուն է կաթում թշերից։ Աղջիկն ունկնդրում է հողի և իր արյան ձայնին։ Կուրծքն ուռչում է՝ ինչպես սպիտակ առագաստը ծովի վրա։ Ծիրանները կախված են նրանց գլխավերևում։ Արևը վառեց նրանց իբրև կանթեղներ և թողեց իր ետև՝ իբրև խոշոր կաթիլներ իր անհուն հրից։

Բուրում է քո ծամը, Արևհատ, բուրում է՝ ինչպես խոտը, շողում է քո լանջը, Արևհատ, ինչպես ժայռերը կաթնամաքուր լուսնի, երգում է քո սիրտը, Արևհատ, ինչպես ոսկյա առվակը կապույտ երկնքում։

Մի ամպ սքողեց լուսինը։

Մթնեց ծառի հովանին։

Արևհատը սարսռում է, սարսռում է ջերմությունից, ավելի և ավելի է կծկվում ջահել տղայի հզոր թևերում, և քնքուշ, մետաքսահյուս մութը պարածածկում է երկուսին էլ։

Եվ երկուսն էլ ունկնդրում են հողի ձայնին։

Երգեցեք ձեր արյունով, թող կարկաչե ձեր սրտերի աղբյուրը, հողն եմ ես, զովացրեք ինձ ձեր արյունով։

Նրանք փաթաթվել էին իրար, ինչպես երկու բոց, կարմիր և այրող, երկու բոց՝ արևից պոկված։

Եվ կաթեց Արևհատի ուրախության արցունքը խոտի և հողի վրա։

Տաք արցունքից զովացավ և՛ խոտը, և՛ հողը։

Փշրվեց սաղարթներից կախված քնարը։

Լուսինը դուրս եկավ ամպի տակից։

Մութը նոսրացավ, գիշերը դարձավ մի անհուն շղարշ՝ հյուսված կապույտ և արծաթ թելերով։

Մի ոտնաձայն, խուլ և ծանր, անցնում է այգու եզերքով։ Անցնողի բահը փայլում է լուսնի շողերի տակ, և լուսնի շողերի տակ մռայլ է նրա ճակատը։ Մթին են և նրա հոնքերը։

Նանին, տանը, կանչում է անհանգիստ սրտով.

Աղջի՜, աղջի՜...

Լռություն։

Մտնում է սենյակը, ձեռքով շոշափում է Արևհատի անկողինը։ Չկա։

Նանին չի իմանում, որ նրա անկողինը խոտն է, կանաչ և թավշյա։

Աղջի՜, աղջի՜...

Քար լռություն։

Խռովվում է մայրական հոգին։

Բարձրանում է կտուրը, նայում լուսնին։ Նրան թվում է, որ լուսինն իր ամուսնու, Արևհատի նահատակ հոր, գանգն է, որ թափառում է երկնքում՝ անհանգիստ և տանջված, նայում է նա գիշերին, որոնում է նրա դահճին։ Խեղճ և որբևայրի կնոջը թվում է, որ թափառական գանգը կշտամբում է իրեն, որ չկարողացավ գտնել դիակը և թաղել, տալով նրան հավիտենական հանգիստ։

Աղջի՜, Արևհա՜տ...

Արևհատի ծամերի մեջ գիշերվա հովն է խաղում, նանի, նրա սիրտը երգում է՝ որպես քնարը բնության, գնա՛ քնիր, հանգիստ և անխռով, աճում է քո աղջիկը՝ ինչպես բարդին առվի ափին, վարարում է նրա արյունը՝ ինչպես գետը գարնան։

Ահո՜... ձայն է տալիս Արևհատի հորեղբայրն այգու պռնկին։

Լողում է լուսինը՝ ինչպես շիրիմ չգտած անհանգիստ գանգը։

Հորեղբայրն օրորում է գլուխը, և բահն ուսին՝ քայլում է առվի ափերով։

Նանին վայր է իջնում կտուրից արցունքն աչքերին։

Աղջի՜, Արևհա՜տ...

Այստեղ եմ, նանի, ձայն է տալիս Արևհատն անկողնից։

Նանին մտնում է ննջարանը, մոտենում է անկողնին, ձեռքը դնում Արևհատի ճակատին։ Վառվում է ճակատը ջահել աղջկա։

Աղջի՛, ո՞րտեղ էիր։

Արևհատն ուզում է պահել ամեն ինչ իր սրտում, բայց սրտից բարձրացող մի ալիք խեղդում է նրա կոկորդը։ Պետք է ասել ամեն ինչ, պետք է գաղտնիքը փոխադրել և մոր սիրտը։ Թող մոր սիրտը ևս հրճվի ու տանջվի։

Նանի ջան, սկսում է Արևհատը, նա սիրուն է, ջահել և ուժեղ, նրա դեղին կոճակները փայլում էին՝ ինչպես ապրիմ֊չապրիմի ծաղիկները, նրա ճակատը բարձր է և խելոք, նանի ջան, սիրում եմ ես նրան, ինչպես դու էիր սիրում իմ հորը։

Աղջի՛, ամոթ է։

Ամո՞թ, ինչո՞ւ, նանի ջան։

Նանին համբուրում է Արևհատին, որպեսզի սրբի նրա երեսից ամոթը, որ վարդագույն է, և բռնելով նրա ձեռքից՝ դուրս է քաշում անկողնից, բերում է լուսամուտի առաջ և ցույց է տալիս նրան լուսինը։

Հորդ գլուխն է, որ թափառում է երկնքում, գերեզման է որոնում։

Քո սերն է, նանի, որ անհանգիստ է այդպես, քո սիրտն է, նանի ջան, որ ման է գալիս ձորերը, հանդերն ու երկինքները և որոնում է իր սերը։

Եվ կեսգիշերից հետո, լուսամուտից ներս ընկած դժգույն շողերի տակ թափում են մայր ու աղջիկ բուռ֊բուռ արցունքներ՝ մեկն իր կորած, իսկ մյուսը՝ նոր արշալույսված իր սիրո համար։


Ե

Այս անգամ Արևհատն ընկերացավ նրան՝ մինչև փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։ Դաշտի ցորենի ոսկեգույն և ատոք հասկերը հասնում էին մինչև Արևհատի կուրծքը։ Տխուր էր սղոխը, տխուր էին առվի ափին կռացած ուռիները, տխուր էր և Արևհատի սիրտը, բայց ժպտում էին նրա աչքերը, ինչպես դաշտում սփռված շողերը։

Ուսանողը բռնեց Արևհատի ձեռքը։ Դողում էին երկուսն էլ ինչպես հասկերը ցորենի։

Կվերադառնամ, այս տարի վերջին տարիս է, Արևհատ, կվերադառնամ, և դու կլինես իմ կինը։

Ջահել աղջիկը, լսելով նրան՝ փակեց աչքերը՝ բաց անելու համար ներքին աշխարհի մեջ և ունկնդրելու հավետ այն երգը, որ սրտում երգում են բյուրավոր թռչուններ։

Հասան նրանք կայարան։

Հնչեց զանգը։

Արևհատին թվաց, թե թակաղն է ազդարարում հուղարկավոր թափորին՝ շարժվել դեպի գերեզմանատուն։ Վազում են արցունքները, խոշոր և ջինջ, Արևհատի այտերից, տխրում է հոգին՝ ինչպես մահվան փոսի ափին, դադարում է բյուրավոր թռչունների երգը։

Մի ծաղկավոր թաշկինակ ծածանվում է գնացքի լուսամուտից։ Արևհատին թվում է, որ իր վառվող սրտի բոցն է այդ։

Գնացքը շարժվում է, շարժվում է և Արևհատը գնացքի ուղղությամբ, հանկարծ դեմ է առնում երկաթյա մի արգելակի, կուրծքը հենում է երկաթներին և հառում է իր վառվող սրտի բոցին, որ հետզհետե անէանում է, երբ գնացքը մտնում է անտառապատ կիրճը։ Արևհատը լռում է գնացքի խուլ մռնչոցը ձորն ի վար։

Դատարկվում է փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը, միայն մի աղջիկ, այտերի վրա փոսիկներով, տխուր և արցունքոտ աչքերով, դեռ նայում է երկաթյա գծերին, որոնք գնալով մոտիկանում են իրար և կորսվում ահավոր կիրճի մեջ։

Բարձրանում է մթնշաղը, հեռավոր գյուղի վրա թափվում է ոսկի և վարդ, Արևհատը քայլում է ցորենի դաշտով՝ գլուխը կախ և արցունքոտ ալքերով։

Աղջի՛, Արևհա՛տ։

Այստեղ եմ, նանի։

Աղջի՛, ի՞նչ եղավ։

Գնաց, Նանի։

Կծկվեց նանիի սիրտը։

Ոչ ոք չի կարող զգալ ջահել աղջկա սիրո մորմոքը, որքան մայրը՝ սիրով ծնած նրան։

Արևհատ, մեռնեմ քո լույս երեսին, մեռնեմ ես քո արև հասակին։

Աշխարհը մութն է, նանի։

Աշխարհը լույս է, իմ մեկ հատիկ, մեր սիրտն է մութ։

Փաթաթվում են իրար, մայր և աղջիկ, լաց են լինում՝ ջանալով արցունքի լուսավոր կաթիլներով փարատել մութը սրտի։


Զ

Բայց մութը գնալով խորացավ, որովհետև վրդովվեց աշխարհի «խաղաղությունը», ոտի հանվեցին միլիոնավոր աշխատավոր բազմություններ։ Տերերը քշեցին նրանց արյունահեղ և ահավոր ռազմի։

Ուսանողին ևս քաշեցին ուսանողական գրասեղաններից և քշեցին ռազմաճակատ։

Հիշեց Արևհատը.

Կվերադառնամ, երբ ծիրանի ծառի ձյունը թափվի երկրի վրա, և սվսվա դաշտերի գարնանավերջի սղոխը, ասաց ուսանողը։

Եվ երբ թափվեց ծիրանի ծառի ձյունը երկրի վրա, և դաշտերում սվսվաց գարնանավերջի սղոխը, Արևհատը վազեց գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը և սպասեց նրան։

Կայարանում պատեց նրան տարակուսանքը, մթին և անորոշ, տարակուսանքը սիրող և տոչորվող աղջկա։ Այդ տարակուսանքը մաղվեց շրջապատի բոլոր իրերից և սուզվեց նրա հոգու մեջ։

Նրա սիրտը թռավ դուրս, երբ անտառապատ և մթին կիրճի խորությունից և հեռավորությունից ոռնաց գնացքի շչակը։ Արևհատի թևերը դատարկ էին ու տաք, և սպասում էին լցվելու, բայց գնացքը եկավ ու գնաց, բերեց բազմություններ աղմկոտ և փութկոտ, թափեց մթերքներ՝ աննախընթաց գավառական փոքրիկ քաղաքի համար, և հեռացավ՝ տանելով այլ բազմություններ և այլ մթերքներ։

Գնացքներ նորից եկան ու նորից գնացին, բայց Արևհատի սիրտը, կծկված և տրտում, մնաց կայարանի երկար ու սև բարդիների ստվերների տակ։

Աղջի՛, ի՞նչ եղավ, հարց տվեց նանին անհանգիստ սրտով, երբ արցունքոտ աչքերով, մռայլ և գլխիկոր՝ վերադարձավ Արևհատը երկաթուղային կայարանից։

Չեկավ, նանի, պատասխանեց Արևհատը, և կործանվեց նրա սիրտը՝ ինչպես ջահավառ գմբեթը երկրաշարժից։

Մռայլ էին նրա արցունքները և առատ՝ ինչպես գարնան սարերից դաշտ վազող պղտոր հեղեղը։

Աղջի՛, քեզ խաբեց։

Չէ, նանի, չէ։

Բա ի՞նչ եղավ, աղջի՛։

Պատերազմ է, նանի։

Նանին չպատկերացրեց պատերազմը, դեռ պատերազմն իրենց գյուղը չէր հասել իր ոչ մի հետևանքով, բայց մի քանի ամիս հետո տարան և Արևհատի մորեղբորը։

Նանին լաց եղավ իր մեկ հատիկ եղբոր ետևից և զգաց, որ ռազմաճակատը հետզհետե մոտենում է իրենց խաղաղ և նահապետական գյուղին։ Շաքարը պակասեց, պակասեց և նավթը, սպիտակ հացի տեղը երևաց սև հացը, և ամեն մի փոստ գյուղ հասնելուն՝ մի քանի տներում բարձրանում էր սրտամորմոք լաց, որովհետև զինվորական վարչությունը հաղորդած էր լինում, թե՝ «ամսի այսինչին, այսինչ բարձունքի գիշերային հարձակման ժամանակ, հայրենիքի համար, հերոսաբար սպանվեց այսինչ գյուղի այսինչ երիտասարդը»։

Արևհատը կանգնում էր իրենց տան վերին սենյակի լուսամուտի առաջ և լուռ արցունքներ թափում ռազմաճակատից հասած ամեն մի դժբախտ լուրի առթիվ։

Աղջի՛, ինչո՞ւ ես լաց լինում, հարց էր տալիս նանին։

Նանի, կոտորվում են բոլոր ջահելները, պատասխանում էր Արևհատը և բուռ֊բուռ արցունքներ թափում նանի կրծքին։

Եվ գյուղում գրեթե ոչ մի տղամարդ չմնաց, այլ միայն կռացած ծերունիներ, բոլորը գնացին ռազմաճակատ, պատերազմը գնալով բոցավառվեց, կատաղությունն աճեց, մարդկային կատաղությունը, որ ո՛չ չափ ունի և ո՛չ սահման։


Է

Դադարեց պատերազմը, բայց ուսանողը տուն չեկավ, չբաժանվեց իր հրացանից և կողքին կախված ձեռնառումբերից։ Նա այժմ ուսանողական համազգեստի փոխարեն՝ հագին ուներ գորշ շինել, գլխին՝ փափախ, ոտքերին պատառոտված սապոգներ. նրա աչքերը փայլում էին ատելությամբ և մեծ առավոտի շողերով։ Ապստամբ զինվորների հետ նա մտավ կայսրության մայրաքաղաքը, մասնակցեց բերդերի և պալատների պաշարմանը։

Ձեռնառումբերից բարձրացած ծխի և աղմուկի, պայթող թնդանոթների ահավոր որոտի տակ, կուրծքը հենած մայրաքաղաքի փողոցի մի սրբատաշ քարի՝ նա արձակում էր գնդակը հին աշխարհի դեմ և հիշում, ջերմությամբ և խելահեղ գուրգուրանքով, Արևհատին, որ հին և խաղաղ գյուղում սպասում է իրեն լի հավատքով և լի սիրով. ահա կդադարի և քաղաքացիական կռիվը, նորից կգնա գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը. նրան այնտեղ կսպասեն, աշխույժ և թարմագեղ, Արևհատը և մանկությունը, դաշտի միջով, մինչև գյուղը, նա կոստոստի Արևհատի և մանկության հետ, կուրծքը կբանա լուսաբացի լույսին և խոտի խելահեղ բուրմունքին, կհասնեն գյուղ, Արևհատի հետ կբարձրանան բլուրը, ծիրանի ծառի տակ, արևի ծիրանին կպարածածկի իրենց, սղոխը կերգի դաշտից, կերգի ամեն ինչ, կերգի մինչև անգամ ծիրանի փչացած կուտը, որ այժմ ընկած է հողի վրա։

Ուսանողը սթափվեց երազից, որովհետև թնդանոթները գոռում էին, հին դասակարգը վերջին ճիգով պաշտպանում էր երեք հարյուր տարի տիրած իր ամրոցներն ու ապարանքները, չլքելու գահերն ու ոսկյա պնակները, բայց բորփյուրե դահլիճներն արդեն սկսեցին դղրդալ ծանրածանր ոտների տակ, և դարավոր ցոփությունը տեղի տվեց նոր աշխարհի ստեղծարար աղմուկին։

Ուսանողը կեսգիշերին, գորշ շինելը հագին, հոգնած և մրսած, նորից սկսեց երազել. ահա նա քայլում է, մի տաք սիրտ, այնտեղ կարկաչում է արյունը, վազում է մարմնի վարդագույն առուներով, կարծես արևի ծիրանի հորձանքն է, որ թավալվում է մարմնի սահանքներից վար։

Արևհա՜տ...

Նա չի լսում իր ձայնի մռայլ արձագանքը, որ ետ է դառնում մահվան սև պատերից, որովհետև թնդանոթները գոռում են, հրացանները սուլում, և հին աշխարհի փլուզման ահավոր աղմուկն է տիրում։

Ոռնում է հյուսիսային քամին, մերկացած ծառերը որոտում են սառնամանիքի առաջ, կաղկանձում են հեռագրաթելերը, բայց կարմիր պարտիզանի սիրտը տոչորվում է երազի հրից, երազն այն նոր աշխարհի, որի ստեղծման համար նա գրկել է մահվան գործիքը, երազն այն աղջկա, որ պիտի դիմավորի իրեն գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանում, երազն այն աղջկա, որի տաք արցունքը կաթեց շիթ առ շիթ՝ խոտի և հողի վրա, երազն այն հեռավոր աղջկա, որի սերը պիտի ըմպի սրտից սափոր առ սափոր, և, թերևս, հեռավոր երկրի կրծքին ևս կվառվի հնգաթև աստղը՝ ինչպես իր համբույրը նրա ճակատին։


Ը

Քաղաքացիական պատերազմը բռնկվեց և Արևհատի արևոտ երկրում։ Հրացանները սուլեցին և նահապետական գյուղի բարձունքներում։ Ոտքի էին ելել բոլոր գյուղացիները, որ տկլոր էին, և որոնց մարմիններն այրվել էին մտրակների հարվածներից։

Եվ, մի գիշեր, գյուղն ամբողջ զարթնեց. թնդանոթները գոռում էին սարի ետևում։

Եկան, սպիտակները եկան, ձայն տվին գյուղի բոլոր ծայրերից։

Խուճապն սկսվեց։

Սպիտակները մթնշաղին գրավեցին գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը և լցվեցին դաշտը։ Ապստամբ գյուղացիները նահանջեցին գյուղից, գյուղի հյուսիսային լեռնաշղթայով ձգվեցին դեպի նոր դիրքեր, իսկ սպիտակները խուժեցին դեպի գյուղը։ Գյուղի բնակիչները ևս բարձրացան սարերը՝ ապստամբների ետևից։ Արևհատը կանչեց.

Նանի՛, ախ, նանի՛, բոլորը գնացին, մենք մնացինք։

Աղջի՛, մտիր գոմը, արձագանք տվեց նանին կիսախելագար վիճակում։

Արևհատը և նանին չկարողացան փախչել և մնացին գյուղում։

Արևհատը մտավ գոմը, փաթաթվեց «Մարոյին»։ «Մարոն» բառաչեց աղեկտուր։

Դրսում լսվեց ծանր ոտնաձայների աղմուկ, ձիերի խրխինջ, իսկ գյուղի հյուսիսային լեռնաշղթայից սուլում էին հրացանները։

Սպիտակները, գազազած և այլանդակված, բռնեցին գյուղում մնացած պառավներին։

Ո՞րտեղ են գյուղի ջահել աղջիկները։

Գյուղում ջահել աղջիկ չկա, բոլորը փախան, պատասխանեցին մի քանի պառավներ։

Բայց նրանք պառավներին ապտակեցին և պահանջեցին ջահել աղջիկ։ Պառավներից մեկը, ազատելու համար իր հարազատ ջահել աղջկան, մատնեց Արևհատին։

Եվ սպիտակները մտան նանու տունը, խուզարկեցին ամեն մի անկյուն և կեսգիշերից հետո գտան Արևհատին՝ «Մարոյի» կողքին կուչ եկած։

Ճչաց Արևհատը, աղեկտուր ձայնեց.

Նանի՜, նանի՜...

Ոչ մի ձայն. մի զինվոր կոպիտ ձեռքերով բռնել էր արդեն նանի բերանը։

Քարացած մթից մզվեց անմեղության արյունը կաթիլ առ կաթիլ, ատամները կրճտացին մոլուցքից, երկնքի բոլոր աստղերը դարձան ասուպ, թռան երկնակամարից, և խավարեց աշխարհը։

Առավոտյան, երբ սարերից բարձրացավ արևը, նրա սպիտակ շողերը թաթախվեցին արյան մեջ և արյունակալվեցին։

Սպիտակ ջոկատները երկարեցին դեպի լեռնաշղթան։

Նանին վազեց գոմը, գրկեց Արևհատի անշնչացած, այլանդակված ու սպիտակ մարմինը և ողբաց խելագար ճիչերով։

Մեռնեմ քո լույս երեսին, մեռնեմ քո արև հասակին։

Եվ նանին լսեց, որ դիակը պատասխան էր տալիս և ասում.

Աշխարհը մութն է, նանի։

Փլվեց կապույտ և ջինջ երկնակամարն Արևհատի շուշանների վրա, պատռվեց նանու սիրտը, և հոսեց մայրական արյունն ուղխ առ ուղխ։

Քամին ողբում էր սարերի լանջերի սոսիների մութ անտառներում, յուրաքանչյուր ասեղնաձև տերև կարծես կաթում էր մռայլ արցունքներ, դաշտի բարձր խոտերն օրորվում էին ետ ու առաջ, ծանր ռիթմով, որովհետև մահը, դուրս գալով մութ հովիտներից, թափառելով տափաստաններ, կոխոտելով և ավերելով ընդարձակ և հարուստ պարտեզներ՝ եկել էր և ահավոր կաղկանձում էր դաշտում։

Բայց գարնանը ծաղկեց ծիրանի ծառը, հոտավետ և սպիտակ, բեղմնավորվեցին ծաղիկները և ամառը վառեցին՝ որպես արևի կանթեղներ, առուները կարկաչեցին բլուրներից վար, իսկ դաշտի կուրծքը սկսեց լցվել աստղերով, երբ աշնան սկզբին շողշողացին խաղողի հատիկները։

Կառախումբը մտավ հին ու մթին կիրճը, սուլեց սուր, բայց նրա արձագանքը վերադարձավ իբրև ահավոր որոտ։ Եվ ահա կառախումբը, դուրս գալով կիրճից, սողոսկեց կանաչ դաշտերով ու կանգ առավ գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանում։

Երեկո է. կայարանի ճակատին փայլում է կարմիր և հնգաթև աստղը։ Կարմիր պարտիզանը ժպտաց և իջավ գնացքից։ Գրեթե ամեն ինչ փոխված է։ Ամեն անգամ այդ կայարանն իջնելիս՝ նա հետն ունենում էր ուսանողական պայուսակը, գրքեր, հագին ուսանողական զգեստներ՝ դեղին և փայլուն կոճակներով. այժմ՝ գորշ շինել, ուսից մի տոպրակ, տոպրակում մի կտոր սև հաց և մի քանի կտոր շաքար, մի կրուշկա՝ թեյի համար, և ուրիշ ոչինչ։

Ոչ ոք չի ճանաչում նրան։ Անձկությամբ և սրտի տրոփյունով չորս կողմն է նայում, որոնում է Արևհատին. նա գիր էր գրել, որ գալիս է, ինչո՞ւ չկա Արևհատը, մի՞թե ժամանակը փոխեց նրա սիրտը։ Կարմիր պարտիզանին պաշարեց տարակուսանքը՝ մթին, թաց։ Նրա քայլերն ուղղվեցին դեպի գյուղ, որտեղ փայլում էին Արևհատի աչքերը։ Դաշտում ոչ մի աղմուկ, միայն խոպն է հծծում մեղմիվ և քաղցր, բուրում են ծաղիկները՝ ինչպես առաջ, երկնակամարում աստղեր կան, կարծես ավելի առատ, քան առաջ, թերևս Արևհատի արցունքներն են, որ կախվել են երկնակամարից։

Գյուղին մոտենալիս՝ նրա ականջին հասավ աղեխարշ մի մորմոքի ողբը։ Կին է ողբացողը, անտարակույս՝ մի մայր։ Ձայնը գալիս է աղբյուրի գլխից։ Մոտենում է։ Աղբյուրը կարկաչում է՝ ինչպես առաջ, նրա երգը միօրինակ է և հավիտենական։ Աղբյուրին մոտիկ, մի քարի վրա նստած է մի կին, գզգզված մազերով, այլանդակված դեմքով, լաց է լինում և ողբում։ Կարմիր պարտիզանը մոտենում է խելագար կնոջը, սիրտը թռչում է վանդակից, ծնկները դողում են, և աչքերը մթնում։

Նանի, հազիվ արտասանում է կարմիր պարտիզանը։

Եվ երբ աչքերի տեսողությունը վերստանում է, տեսնում է Արևհատի նանուն, որ այսահարի նման վազում է դեպի սարը. նա փախչում է մարդկանցից։

Ցերեկները նա սարից վայր չի իջնում, որպեսզի մարդկանց երեսը չտեսնի, իսկ կեսգիշերին, երբ ամենավերջին կենդանի շունչն անգամ քաշվում է ծածկի տակ, գալիս է գյուղ, նստում է աղբյուրի գլխին և ողբում։

Կարմիր պարտիզանը քայլեց գյուղամեջ, բախեց Արևհատի դուռը, բաց արին օտար մարդիկ։

Ի՞նչ եք ուզում։

Արևհատին։

Արևհատը չկա, նրան պղծեցին և սպանեցին, նանը ողջ է, բայց խելագար...

Եվ ուսանողը զգաց դանդիռի մթությունը, թացությունն ու ցրտությունը, որ սուզվեց իր հոգու մեջ։

Գիշերը կուպրի նման սևացավ և քարացավ։

Առավոտյան նա բարձրացավ սարի գլուխը, գրկեց ծիրանի ծառի բունը, համբուրեց ծառը՝ որպես լանջերն Արևհատի, համբուրեց հողը, որտեղ կաթել էր Արևհատի արցունքը և, առանց գյուղ դառնալու, քայլեց դաշտի միջով դեպի գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։

Կառախումբը նորից մտավ կիրճը, կարմիր պարտիզանը լսեց որոտալի արձագանքը։ Առաջին անգամն էր, որ իրեն ոչ ոք ճանապարհ չէր դնում, նայեց դեպի կայարանը և չտեսավ իր համար բոցավառվող ոչ մի թաշկինակ։

Նա գնաց և էլ չվերադարձավ։ Կռիվները դադարել էին, սկսվել էր խաղաղության և պատմական նոր ստեղծագործության դարաշրջանը։ Կարմիր պարտիզանը նորից վերադարձավ ուսանողական սեղանը և սկսեց վերծանել պատմությունը նոր տեսողությամբ, բայց նա չլքեց քաղաքացիական կռիվների հրացանը, մաքրեց, փայլեցրեց և կախեց գլխավերևում։ Նա նրա վրա նայեց ոչ իբրև մահվան գործիքի, այլ մի գործիքի, որ միացած իմացականության հետ՝ ստեղծեց նոր աշխարհը և պիտի ամրացնի այն։

Փակվեց սրտի ծալքը։

Լուսամփոփից արծաթ էր հոսում մարմարյա սեղանին և այն մատյանի վրա, որ հեղաշրջեց դարը և փոխեց աշխարհի ընթացքը։

Գիտնականի ռնգունքներում տակավին բուրում էր Արևհատի ծաղկավոր զգեստի հոտը։ Սրտի փակված ծալքի մեջ նորից մնացին ծիրանի ծաոի երկու տերև՝ անվթար ու զվարթ, և շուշանի պես սպիտակ մի ձեռք։

Վեր կացավ գիտնականը, գնաց պատշգամբ։

Աստղազարդ գիշեր։

Հեռո՜ւ, հեռո՜ւ բյուրավոր կապույտ սարերի և կանաչ դաշտերի ետև բարձրանում է ծիրանի ծառը։ Նրա կրծքից կախված են արևագույն ծիրանները՝ ինչպես աստղերը երկնակամարից։

Հեռո՜ւ, հեռո՜ւ, բյուրավոր կապույտ սարերով և կանաչ դաշտերով վազում և կարկաչում են առվակները, վազում ու զրնգում է և մարդկային սիրտը՝ արյունալիքը և տաք։

Եվ ոսկեհնչյուն մի ձայն է թրթռում առավոտի բարձունքից։

Ո՞վ է։ Արևհա՞տը։ Ոչ։

Լուսաբացի շաղում արտույտն է երգում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Натюрморт
Натюрморт
Играть онлайн