Ваан Тотовенц

Հրկիզված թղթեր

Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։

Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։

Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։

Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։

Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։

Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։

Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կարկառվում էին անդողդոջ ու համառ։

Թնդաց «Ինտերնացիոնալը»։ Ժամանակը հանկարծ շրջվեց, ցեխի մեջ խրված անիվներն սկսեցին դառնալ կատաղի թափով, գյուղացու ճակատի վրա փայլեց քրտինքի կաթիլը՝ ինչպես աստղը մռայլ երկնքում, փոկերը շարժվեցին, և շչակները ձայնեցին լուսաբացը։

Մինիստրի գլխարկը, կղերականի վեղարը և մաուզերիստի փափախը թռան երկաթյա հողմից, և ողջ երկիրը վրնջաց զիլ և արևային թարմությամբ։

Ա

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը Հայաստանի Նոյեմբերյան հեղաշրջումից առանձնապես չտուժեց։ Նոր իշխանությունը վստահեց նրան բարձրագույն ուսումնական հիմնարկության մեջ Արևմտյան Եվրոպայի պատմության ամբիոնը. նա նշանակվեց հեղաշրջումից մի քանի օր հետո կազմակերպված Գիտական խորհրդի անդամ, մի պատիվ, որ նախկին իշխանությունը զլացել էր պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին։ Հակառակ մայրաքաղաքի բնակարանային սուր ճգնաժամին, նրան թողնվեց չորս սենյակով և մի խոհանոցով բնակարանը, որի մեջ բնակում էին միայն ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, և կինը՝ Ելենա Բեգլարովնան։ Ոչ մի անգամ հարցաքննության չենթարկվեց հակահեղափոխական, սպիտակ էմիգրանտ դարձած իր եղբոր համար, որի կինը և զավակը մնացել էին նրա խնամքի տակ։

Բայց հեղափոխությունը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի քիմքին դուր չեկավ, ինչ-որ անախորժ, օտարոտի զգացում համակեց նրան առաջին իսկ օրից։

***

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հազիվ քառասունն անց էր, երբ հեղաշրջումը կատարվեց։ Բարձրահասակ էր նա, քունքերի մազերի մեջ արդեն սպիտակն սկսել էր մուտք գործել, ծնոտի ծայրում սրածայր մի միրուք՝ բոլորովին սև, խոշոր, սև աչքերով և բամբ ձայնով։ Նրա դեմքի վրա, սակայն, չէին պակասում տանջանքի գծեր, որոնք պարզորեն արտահայտում էին իր ուսանողական տարիների դժվարությունները։ Այդ դժվարությունները ջնջել էին նրա ազգանվան հետ կապված հպարտության բոլոր հետքերը, վաղուց նա մոռացել էր իր երակներում ոստոստող ազնվական արյան առկայությունը, նա շատ էր խոնարհվել, մեջքը կռացրել այս կամ այն հարուստի առաջ, մանավանդ ուսման ավարտական տարում։

Տակավին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ նա մի քանի անգամ լրջորեն մտադրվեց դեն գցել իր ազգանվան կապված «Մելիք» անունը և պարզապես կոչվել «Անդրեասյան», բայց Ելենա Բեգլարովնան մարտական, խիզախ դիմադրություն ցույց տվեց այդ մտադրության դեմ։

Неужели չես տեսնում տարբերությունը՝ պրոֆեսոր Անդրեասյանի և պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանի միջև, հարց տվեց Ելենա Բեգլարովնան, հատկապես շեշտելով մելիք բառը։

Չտեսնելով ոչ մի տարբերություն՝ սակայն պրոֆեսորը համաձայնեց կնոջ հետ, որ, այո՜, կար տարբերություն, մինչև անգամ խոշոր տարբերություն։

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը հին իշխանության ժամանակ չէր զբաղվում քաղաքականությամբ, նրան չէր հետաքրքրում երկրի տերիտորիայի խնդիրը, չէր հետաքրքրում մինչև անգամ կառավարության ձևը՝ հանրապետություն թե ուրիշ բան, բավական էր որ ժողովրդին ուտելիք լիներ, տկլոր չմնար։ Առանց խառնվելու օրվա քաղաքական անցքերին՝ նա միայն մի կարծիք ուներ՝ քաղաքակիրթ պետությունների հետ պետք է սերտ կապ պահպանել։ Նա այս կարծիքը հայտնում էր ոչ թե հրապարակավ, այլ մասնավոր խոսակցությունների մեջ, տանը, հենց Ելենա Բեգլարովնայի ներկայությամբ և նրա համաձայնությամբ։

Մի օր, իր եղբոր տանը, որը գլխից մինչև ոտը խրված էր քաղաքականության մեջ, բուռն վեճ էր տեղի ունենում Հայաստանի վարչաձևի մասին, խորհրդարանի և նախարարական խորհրդի, խորհրդարանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունների մասին և այլն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանն անակնկալ կերպով վեճին խառնվեց և ասաց․

Ես կարծում եմ, որ պետք է որդեգրել Արևմտյան Եվրոպայի քաղաքակիրթ պետություններից մեկի վարչաձևը կամ հարցնել նրանց խորհուրդն այդ մասին։

Վիճաբանության մասնակցողները չուզեցին հակաճառել պրոֆեսորին և լռեցին, միայն Ելենա Բեգլարովնան հավանություն հայտնեց այդ կարծիքին և ասաց․

Միքայելը ճիշտ է ասում, այս խնդիրները պետք է շատ խելոք կերպով վճռել։

Պրոֆեսորը, չբավականանալով միայն իր կնոջ արձագանքով, շարունակեց․

Պատմության մեջ դասեր շատ կան, պետք է օգտվել այդ դասերից։ Ելենա, ասում էր պրոֆեսորը, ինձ դուր չի գալիս, որ չարությունն այսքան շատ և խոր թաղված է քաղաքական գործերի մեջ, վերջապես նա ֆիզիոլոգ է և ետ է մնում գիտական ասպարեզում։

Ճիշտ ես ասում, բայց կտեսնես, որ նա մի օր կդառնա մինիստր, իսկ դու․․․

Պատմության ամբիոնը ես չեմ փոխի մինիստրական պորտֆելի հետ, միջամտում էր պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը:

Ելենա Բեգլարովնան լռում էր։

Խորհրդային իշխանություն ստեղծելուց հետո, սակայն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը նախկին պասսիվ մարդը չմնաց, սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին։ Նախկին իշխանության օրով, երբ նրան մինչև անգամ չէր շահագրգռում հանրապետության վարչապետի ով լինելը, սկսեց հետաքրքրվել ամեն մի պաշտոնյայի նշանակմամբ։

Հեղաշրջումից դեռևս մի քանի օր հետո, երբ երեկոյան տուն եկավ և լրագիրը կարդաց, անտարբերությամբ անցավ մի լուրի վրայից, բայց Ելենա Բեգլարովնան նրան զարթեցրեց։

Կարդում ես և անցնում, Միքայել։

Ի՞նչ կա։

Քիչ առաջ կարդացիր, որ քաղաքային խորհրդի նախագահ է նշանակվել Ռուբեն Մատթեոսյանը։

Այո, կարդացի։

Գիտե՞ս ով է Ռուբեն Մատթեոսյանը։

Ոչ, չեմ ճանաչում, երևի՝ նոր մարդ է։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։

Նո՜ր մարդ․․․ երևի, կարծում ես, Կիևի համալսարանից է։

Պրոֆեսորը զարմացած նայեց կնոջը։

Մեզ Դիլիջան տանող-բերող շոֆերն է։

Не может быть!

Այո՜, նա է։

Քաղաքային խորհրդի նախագա՜հ, երկարացրեց պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը։

Այն էլ մայրաքաղաքի, ընդգծեց Ելենա Բեգլարովնան։

Այս բոլորից փչում է կծված յուղի հոտ, Ելենա։

Պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանին նախ և առաջ դուր չեկավ, որ սկսեցին իրեն ընկեր Մելիք-֊Անդրեասյան կանչել։

Նա մի անգամ մինչև իսկ զայրացավ և ասաց շատ քաղաքավարի և զգուշավորությամբ․

Ես ինչո՞ւ ձեր ընկերն եմ․․․

Բայց սրան շուտ վարժվեց, այնքան արագությամբ ընդհանրացավ այդ և դարձավ հասարակ մի դարձվածք։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։

Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են, ասաց Ելենա Բեգլարովնան։

Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը, հայտարարեց պրոֆեսորը։

Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․

Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս, վճռական պատասխանեց պրոֆեսորը։

Ելենա Բեգլարովնան, որ իր ամուսնու կարծիքներն ու մտքերն ընդունում էր առանց քննադատության, այս վերջինը, թեև ոչ-բացահայտ, բայց մտքում, ընդունեց միայն ի գիտություն։

Ինչո՞ւ Ռուսաստանը եղել է և միշտ էլ լինելու է պատմական տրամաբանությունից դուրս, հարց տվեց Ելենա Բեգլարովնան մտքում և չկարողացավ որևէ եզրակացության հասնել։

Հենց հաջորդ առավոտյան Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց մի հոդված, որ վերաբերում էր այդ հարցին․ «Հոկտեմբերյան հեղափոխության պատմական անհրաժեշտությունը»։ Երեկոյան Ելենա Բեգլարովնան ուզում էր այդ հոդվածի մասին խոսել, բայց չհամարձակվեց, թերթը դրեց պրոֆեսորի սեղանի վրա, դիտմամբ բաց անելով այդ էջը, որպեսզի նա կարդա։ Եվ կարդաց պրոֆեսորը, որին լարված ուշադրությամբ և անձկությամբ, բայց աչքի պոչով միայն, հետևում էր Ելենա Բեգլարովնան։ Պրոֆեսորը կարդալուց և վերջացնելուց հետո՝ թթված, սրտնեղած նետեց թերթը մի կողմ ու մրթմրթաց․

― Պատմական անհրաժեշտություն…

Բ

Պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը, սակայն, հեղափոխության մասին իր անձնական կարծիքները չհայտնեց հրապարակով, նա սովորել էր համակերպվել և համակերպվեց բոլոր նոր երևույթներին։ Երիտասարդության օրերին, երբ նա ստիպված էր ձեռք կարկառել հարուստներին՝ ուսման ծախսերն ստանալու համար, քիչ տանջանքներ չէր կրել, բայց ժամանակի ընթացքում այդ տանջանքները դարձան մի տեսակ հպարտության փաստեր, որովհետև, ըստ նրա տրամաբանության, դրանք նա կրել էր սոցիալական նադիրից վեր բարձրանալու համար։

Խոնարհվել էր նա վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խոնարհվել վար չընկնելու համար։

Պահանջվում էր պատմության նոր ըմբռնում, և պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց պարապել Արևմտյան Եվրոպայի պատմության մարքսիստական ուսումնասիրությամբ։

Ընթերցանության սիրահար և համառ նստող՝ նա կարճ ժամանակի ընթացքում կարդաց–վերլուծեց մարքսիզմի կլասիկան և, ըստ իր հայտարարության, «զարմանալիորեն» հեշտ յուրացրեց դժվարին հայտարարված այդ գիտությունը։

Եվ պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց բացատրել Արևմտյան Եվրոպայի հասարակական–քաղաքական երևույթներն արտադրական ուժերի զարգացմամբ, բոլոր նախկին դասախոսությունների մեջ գործածած «ազգ» և «ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, ճգնեց գտնել բոլոր երևույթների տնտեսական բազան, ջանաց դիտել պատմական երևույթներն իրենց շարժման, զարգացման պրոցեսում և, այսպես անելով, գնահատվեց նա Բարձրագույն ուսումնական հիմնարկության ղեկավարների կողմից։

Բայց, եթե պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լիներ մի քիչ համարձակ մարդ, պետք է դուրս գար և հայտարարեր հրապարակավ, որ կեղծիքը խեղդում է իրեն և այլևս չի կարող շարունակել։

Բայց նա լռեց։

Վաղուց էր նա սովորել, և այդ սովորությունը դարձել էր նրա մեջ օրինական միս ու արյուն, որ լռությունը գանձ է։

Մեկ-մեկ նա չէր կարող համբերել և տանը, Ելենա Բեգլարովնային, զսպված, կոկորդը սեղմելով, ինչպես զայրույթի գագաթնակետին հասած մարդ, որ ճգնում է չգոռալ, ասում էր․

Ելենա, գեթ դու իրազեկ եղիր իմ դրության, վերջապես մեկին պետք է ասեմ։ Այսօր երկու ժամ դասախոսեցի, այսինքն՝ երկու ժամ ստեցի, ոչ ավել, ոչ պակաս երկու ժամ։

Մի՞թե դու վստահ էիր, որ առաջվա քո դասախոսությունների մեջ սուտ չկար, չէ՞ որ ինչ որ կատարվել է Արևմտյան Եվրոպայում, դու ներկա չես եղել և աչքերով չես տեսել։

Ելենա, ես հիմնվել եմ միշտ պատմական անհերքելի դոկումենտների վրա, ոչինչ ավելի ճիշտ չէ, քան դոկումենտը։

Ելենա Բեգլարովնան, իհարկե, հեղափոխության և մարքսիզմի կողմնակից չէր։ Նախ և առաջ նա ոչինչ չէր հասկանում այդ բոլորից, երկար ժամանակ Մարքս Էնգելսը միասին կարդալով, կարծում էր, որ Մարքսն անունն է, իսկ Էնգելսը՝ ազգանունը, բայց չէր ցանկանում, որ պրոֆեսորը շարունակեր վատ տրամադրվել դեպի նոր կարգերը և կորցներ իր հասարակական դիրքը։

Ճիշտ է, տասնևհինգ տարի է, որ այսպես էիր բացատրում պատմական անցքերը, հիմա էլ սրանց ուզածի պես բացատրիր, ի՞նչ տարբերություն, վերջապես ի՞նչ կկորցնես։

Կորցնում եմ հավատը դեպի պատմությունը, պատասխանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։

Պատմությունը, հեգնեց նա, կարծես քո հոր կենսագրությունն է, որ քեզ ջղայնացնում է, երբ աղավաղում են։

Լսիր, Ելենա, ավելի կոնկրետ, սկսեց պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը՝ չափազանց լուրջ և հոնքերը կիտած, խոր տհաճություն զգալով կնոջ հեգնությունից, բայց ճգնելով թաքցնել, դու գիտես, վաղուց գիտես, դեռ մեր ծանոթության առաջին օրերից, որ ես իմ հոգու խորքում կրում էի մի սրբազան սեր։

Նապոլեոնը, ընդմիջեց Ելենա Բեգլարովնան։

Գոհ եմ, չափազանց գոհ եմ, որ հիշեցիր, այո՛, սեր դեպի Նապոլեոնը։ Դու հիշում ես նաև, որ ամեն տարի, երբ դասախոսությունները հասնում էին նապոլեոնական շրջանին, նրա կյանքին, ռազմական և քաղաքական նրա գործունեությանը, ես գտնվում էի արտակարգ ուրախության մեջ, իմ տրամադրության բարձրության չէր հասնի ոչ ոքի տրամադրությունը։ Ես գիտեմ Նապոլեոնի կյանքը՝ ինչպես իմ սեփական կյանքը, եթե մեկնումեկը ինձ հարց տա այս րոպեիս, թե Նապոլեոնը 1796 թվականի նոյեմբերի 17–ին, կեսօրից հետո ժամը 4 անց 15 րոպեին որտե՞ղ էր, ի՞նչ էր անում և ի՞նչ էր ասում, ես կարող եմ ասել առանց երկար–բարակ մտածելու։

Դա նշանակում է, որ նրա կյանքը գիտես ավելի լավ, քան քո սեփական կյանքը, որովհետև, եթե այդպիսի հարց տամ քո մասին, դժվար թե կարողանաս պատասխանել։

Ճիշտ է, ճիշտ է։

Իսկ հետո ի՞նչ, հարց տվեց Ելենա Բեգլարովնան, աշխատելով թաքցնել իր հեգնական տրամադրությունը։

Ես չվերջացրի։ Նապոլեոնն ինձ համար ուժի, հանդգնության, իմաստության վեհագույն սիմվոլն է, նա ինձ համար ավելի մեծ է, քան Մակեդոնացին և Կեսարը, օրինակի համար, եթե մենք վերցնենք Մակեդոնացու…

Ելենա Բեգլարովնան, ահաբեկվելով, որ պրոֆեսորը կսկսի արտասանել մի երկար դասախոսություն՝ ապացուցելու, որ Նապոլեոնը Մակեդոնացուց և Կեսարից մեծ է, որովհետև այդպիսի դասախոսություններ շատ էր լսել տանը՝ նրա միակ աուդիտորիան հանդիսանալով, կտրեց նրա խոսքը և ասաց․

Կարճ ասա։

Ես այժմ ստիպված եմ ասել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ասել պարզապես, որ Նապոլեոն Բոնապարտը մի ավանտյուրիստ էր, փառամոլ և ունայնամիտ․․․

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը դժգունեց, այլևս չկարողացավ շարունակել, ինչ-որ ծանր մի ճնշում զգաց կոկորդում։ Ելենա Բեգլարովնան մի բաժակ ջուր հասցրեց նրան, հանգստացրեց՝ գլուխը շոյելով և համբուրելով նրան, բայց չկարողացավ իրեն զսպել և ասաց․

Չի՞ լինի, որ Նապոլեոնի մասին չխոսես։

Այս անգամ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը ծիծաղեց․

Անցնել Արևմտյան Եվրոպայի նորագույն պատմությունը և լռություն պահել Նապոլեոնի մասին․․․ հա՜, հա՜, հա՜․․․

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորի ծիծաղի վրա զայրացավ և նյարդային տոնով ասաց.

Երբ եղբորդ համար գրում են ավանտյուրիստ, հակահեղափոխական, գող և այլն, հասկանում եմ, որ զայրանում ես, կարծես Նապոլեոնը հարազատ եղբայրդ է։

Նապոլեոնն ավելի հարազատ է, քան Հարություն Աբրահամի Մելիք֊-Անդրեասյանը, Ելենա Բեգլարովնա, հանդիսավոր և ծանր տոնով հայտարարեց պրոֆեսորը և ոտի կանգնեց։

Ի՞նչ է, Նապոլեոնի համար հասարակական դի՞րքդ պիտի կորցնես։

Դրան համաձայն եմ, հասարակական դիրքը չպետք է կորցնել։ Բայց ինչպե՞ս անեմ, որ հասարակական դիրքս պահեմ և ես էլ չկորչեմ։

Դու ինչո՞ւ պիտի կորչես։

Չեմ կարող, Լենոչկա, չեմ կարող Նապոլեոնին, առանց ամաչելու և առանց հոգեկան տագնապի, հայտարարել ավանտյուրիստ։

Այդ երեկո նա ապրեց հիվանդագին մի վիճակ, գիշերը գրեթե չքնեց՝ չկարողանալով ազատվել այդ մասին մտածելուց։ Ելենա Բեգլարովնան հավասարապես տառապեց ոչ թե Նապոլեոնի, այլ իր ամուսնու համար, նրա փաղաքշանքները, նրա տաք և անկեղծ գուրգուրանքները չկարողացան փարատել ամուսնու վիշտը՝ մինչև առավոտը բացվեց և սկսվեց կյանքի առօրյան։

Այդ խոսակցությունից ճիշտ երկու շաբաթ հետո՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը հոգեկան բարձր վիճակով, սկսեց դասախոսությունները Նապոլեոն Բոնապարտի մասին՝ շատ հեշտությամբ ապացուցելով նրա խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։

Նրանք, որոնք տեղյակ էին նրա՝ Նապոլեոնի մասին ունեցած պաշտամունքին, լսելով նրա դասախոսությունները, եկան այն համոզմունքին, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի մեջ կատարվել է հիմնական բեկում, որ նա անդառնալիորեն և հաստատ ոտներով կանգնած է մարքսիստական պատմական մատերիալիզմի հողի վրա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի անունը սկսեց հոլովվել ամեն տեղ, խորհրդային մամուլը տպագրեց նրա կարծիքը հեղափոխության և խորհրդային պետականության մասին։

«Պատմական անցքերի և անձնավորությունների, դեպքերի և դեմքերի, մարդկանց և իրերի (այսպիսի կրկնողական ոճ ուներ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը) ճշգրիտ վերլուծությունը և լուսաբանությունը հնարավոր է միայն մարքսիստական դիալեկտիկայի մեթոդով», հայտարարեց նա։

Երբ Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց ամուսնու այս հայտարարությունը, քթի տակ քնքշորեն սևին տվող բեղի վրա մի քմծիծաղ ծաղկեցրեց։ Իսկ երեկոյան երբեք էլ չանդրադարձավ այդ հարցին, նրբամտություն ունենալով չամաչեցնելու նրան, բայց պրոֆեսորն ինքը անդրադարձավ այդ հայտարարությանը և հարցրեց․

Ելենա, կարդացի՞ր հերթական իմ կեղծիքը։

Կեղծի՞ք։

Այո։

Երևակայիր, ես կարծեցի, որ անկեղծ ես ասել։

Ինչո՞ւ այդպես երևակայեցիր։

Տոնը շատ անկեղծ էր։

Ա՛խ, Լենա…

Ես կարծում եմ, որ դու ինքդ սխալ ես գնահատում քեզ, ավելի ճիշտ՝ սխալ ես վերլուծում քեզ։ Համառություն մի անի, այս նոր գիտության մեջ կան ճշմարտություններ, ըստ երևույթին։

Որտեղի՞ց գիտես, հարցրեց պրոֆեսորն իր կնոջ՝ ապշած նրա համարձակության վրա։

Չգիտեմ, ինձ թվում է, վերջապես չի կարող պատահել, որ մի գիտություն որևէ ճշմարիտ կողմ չունենա, դու ինքդ էիր ասում մի ժամանակ, հիշում եմ։

Ելենա Բեգլարովնային ոչինչ էլ չէր թվում, միայն նա աշխատում էր ամուսնուն լավ տրամադրել դեպի նոր կարգերը, նա խորապես համոզված էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվի, եթե որևէ ամբողջական պատմություն կամ պատմական դեպք կամ դեմք այսպես բացատրվեր կամ այնպես, միայն տարբերությունն այն կլիներ, որ կառչելով հին տեսակետներին՝ պրոֆեսորը կկորցներ իր հասարակական դիրքը։

Այդ օրերից մեկում Բարձրագույն ուսումնական հիմնարկաթյան մեջ, որտեղ դասախոսում էր պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը, քննության ենթարկվեցին պատմության և գրականության պատմության դասախոսների ծրագրերը։ Երկար վիճաբանություններից հետո՝ հանձնաժողովի եզրակացությունն այն եղավ, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի՝ Արևմտյան Եվրոպայի պատմության ծրագիրը միանգամայն համապատասխանում է ժամանակակից, մարքսիստական, դիալեկտիկական պահանջներին։

Այդ օրը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը տուն եկավ զարմանալի տարտամ տրամադրություններով՝ մերթ ուրախ էր, մերթ մինչև անգամ մռայլ։ Ելենա Բեգլարովնան, որ շատ մոտից հետևում էր իր ամուսնու տրամադրություններին, ասաց․

Այսօր մի տեսակ տարօրինակ ես։

Ծրագրերի քննություն կար, պատասխանեց պրոֆեսորը, երևակայիր, իդեալիստական ոչինչ չգտան իմ ծրագրի մեջ։

Ինչո՞ւ ես զարմանում, հարցրեց Ելենա Բեգլարովնան, որի համար հավասարապես նշանակություն չունեին՝ իդեալի՞զմ, թե մատերիալիզմ։

Պրոֆեսորը սուր կերպով նայեց կնոջը, թեթև ծիծաղեց և չպատասխանեց։

Գ

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, ինչքան ժամանակն ան֊ցավ, այնքան սկսեց կարոտն զգալ հին կյանքի։ Նա տեսնում էր, որ հին կյանքը թռչում էր, արագ ու սրաթև հեռանում և ինչքան հեռանում էր, այնքան խորը թաղվում էր քաղցր և թովիչ մշուշում։ Երբ նա դուրս էր գալիս պատշգամբ, դիտում նոր կանաչած դաշտը և ներշնչում արևից կակղցած հողի բույրը, նրան թվում էր, որ կանաչն ու հողը դեռ հնից շատ բան են պահում իրենց մեջ, մանավանդ հեռուն բարձրացած, երկնահուպ զույգ լեոների գագաթները, որոնք մխրճվում էին երկնքի պայծառ կապույտում։

Երկար ժամերով նա դիտում էր Արարատյան դաշտում օրորվող տխուր կաղամախիները, նրա հոգին ճոճվում էր նրանց դանդաղ և վեհորեն հանգիստ ռիթմով, տեսնում էր արագիլները, որոնք ահա վերադառնում էին հարավի երկրներից, սավառնելով ծովերի չքնաղ կապույտի վրայով, և իջնում իրենց հին կաղամախիների բույների վրա, արագիլներ, որոնց վրա երբեք չազդեցին քաղաքական և հասարակական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մարդկանց աշխարհում։

Պատշգամբում, գարնան անուշաբույր քամիների առաջ, ամբողջ դեմքը ներկված վերջալույսի արյունով, կուրծքը լցված թարմագույն շնչով, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին պատում էր մռայլագույն թախիծը, աչքերը լցվում էին տաք արցունքի կաթիլներով։ Այդ թախիծը նրան պատում էր այն փոփոխոխություններով, որ սողոսկում էին նրա իմացականության մեջ ակամա, գրեթե բռնի կերպով։

«Մատերիա․․․ ամեն ինչ նյութ է, բոլոր երևույթները, բոլոր շարժումները նյութի այլազան հատկություններն են, առարկան է, որ կա և անդրադառնում է հոգու և մտքի էկ֊րանի վրա, առանց այդ առարկայի չկա անդրադարձում, հոգին ինքը մատերիայի շարժումն է, շարժման հատկություններից մեկը, աոանց նյութի գոյություն չունի միտքը և մտքի թռիչքը», մտածում էր նա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, անդրադառնալով այդ խնդիրներին, ցնցում էր գլուխը՝ ցանկանալով խուսափել մտքերի մռայլ այդ հոսանքից, բայց մի ուրիշը, ավելի ուժեղ թափով, խուժում էր նրա մտածողության դաշտը։

«Պատմությունը (ամենազգայուն և ջղագրգիռ կետը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար) դասակարգային կռվի պատմությունն է։ Ուրեմն, ազգերը չեն կռվել իրար հետ, դեռևս նոր վերջացած համաշխարհային պատերազմը ազգային կռիվ չէ՞ր…»։ Ակամա պրոֆեսորը հարց էր տալիս ինքն իրեն. «Ապա ինչո՞ւ պայքար է տեղի ունեցել և ազգի մեջ»։ Այստեղ նա մի պահ մտածում էր և քիչ հետո, բացատրելով այդ իշխանների անհատական նախանձի, փաոասիրության և արշավանքի տենչերի գոյությամբ, վեր էր կենում և ներս գնում պատշգամբից, երբ Արարատյան երկնքի վրա աստղեր էին թափվում, և ջինջ օդում անտեսանելի բյուրավոր զանգակներ էին կախվում։

Ելենա, շշնջում էր նա կնոջը, բնությունը գեղեցիկ է, բայց վախենում եմ, որ մարդիկ փչացնեն նրա գեղեցկությունը։

Ելենա Բեգլարովնան, չանդրադառնալով պրոֆեսորի լիրիկական տրամադրությանը, աոաջը դնում էր հիմնարկից ստացված մի գրություն։ Պրոֆեսորն սկսում էր կարդալ առաջին երկու բառերը՝ «ի նկատի ունենալով…» և թուղթը շպրտում էր մի կողմ, վեր էր կենում, մոտենում իր պահարանին, վերցնում մի գիրք, լավ կազմված, հաստ, ոսկեզօծ տառերով գրված շապկով և, դնելով իր սեղանին, վառում էր լույսը և խորասուզված կարդում։

Այդ գիրքը ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պրոֆեսորական կոչում ստանալու առաջին իսկ օրից, ինչպես պատահեց, որոշեց օրագիր պահել։ Այդ օրագիրը, մի քանի ընդմիջումներով, շարունակեց մինչև Նոյեմբերյան հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ մի քանի օր թեև շարունակեց, բայց հետո թողեց՝ վերսկսելու պայմանով, բայց այլևս չկարողացավ, ինչ որ գրել էր, դարձավ նրա համար մի սրբազան հիշատակ։

Երբ Ելենա Բեգլարովնան մեկ-մեկ հիշեցնում էր օրագիրը, պրոֆեսորը պատասխանում էր․ Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնար չէ գրի առնել, պիտի սպասել, թող ամեն ինչ հանդարտվի, հետո։

Եվ որովհետև ոչինչ չհանդարտվեց, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը չվերսկսեց իր օրագիրը։

Դ

Արդեն երեք տարի անցել էր Նոյեմբերյան հեղափոխությունից, երբ պրոֆեսորը հիշեց իր օրագիրը և, հին կյանքի կարոտի բոցավառության հետ զուգընթաց, վերցրեց և սկսեց կարդալ։

Անսահման քաղցր կարոտով նա կարդաց պրոֆեսորական կոչման առթիվ իր ընդունած այցելությունների մանրամասնությունները, բայց երբ ավելին կարդաց, անակնկալորեն նկատեց, որ գրի էր առել բաներ, որոնք իսկապես տեղի ունեցել էին, բայց շատ չնչին արժեք էին ներկայացնում, անսահման հետաքրքրությամբ կարդաց պատմական անցքերի շուրջը տեղի ունեցած վեճերը, որոնք հոգածությամբ արձանագրել էր, և գտավ, որ իր այն ժամանակվա տեսակետների մեջ շատ ծիծաղելի կետեր կային։ Մի տեղ կարդաց իր ձեռքով և սևով սպիտակի վրա գրված․ «Այս կետը մութ է մնում ինձ համար»։ Պրոֆեսորը ծիծաղեց, նրա ծիծաղը նկատեց մինչև անգամ Ելենա Բեգլարովնան։ Այդ կետը բոլորովին մութ չէր այժմ, այլ ամբողջապես պարզ և պայծառ։ Երբ պրոֆեսորը եզրակացրեց, որ այդ կետի մթությունը պայծառացել, լուսավորվել էր իր համար՝ իրերը և պատմական երևույթները նոր գիտության լույսով դիտելով, պարզապես վատ զգաց, նրա կոկորդն սկսեց ճնշվել, շունչը ծանրացավ։ Ուրեմն, նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բուռն դիմադրություններին, մուտք էր գործել իր դատողության մեջ, հակառակ իր կամքին՝ այդ գիտությունը կանթեղներ էր վառել իր իմացականության մեջ։

Այդ երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը թողեց օրագրի ընթերցումը, քնքշությամբ փաթաթեց այն լրագրի մեջ, դրեց պահարանը և ուզեց մի գիրք վերցնել կարդալու՝ պարզապես խուսափելու համար Ելենա Բեգլարովնայի հետ խոսակցության բռնվելուց, որովհետև զգաց, որ կինն անհամբեր սպասում էր օրագրի ընթերցման ավարտմանը՝ մի քանի հարցեր ուղղելու համար։ Երբ պահարանում գտնված գրքերը արագ նայվածքով աչքի անցկացրեց, տեսավ, որ շատ նոր գրքեր էին ավելացել իր հին գրքերի վրա՝ Մարքս, Էնգելս, Լենին և այլն։ Ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգը», մոտեցավ իր գրասեղանին և սկսեց կարդալ։ Նա սկսեց կարդալ միայն այն կետերը, որոնց դեմ որոշ նշաններ էր արել.

« . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . »

Ելենա, ճիշտ է, բղավեց հանկարծ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը և ոտի կանգնեց։

Ո՞վ է ճիշտ, ի՞նչն է ճիշտ, հարցրեց Ելենա Բեգլարովնան։

Էնգելսը։

Մա՞րքս-Էնգելսը։

Ա՜խ, Լենա, ես քեզ մի անգամ ասել եմ, որ Մարքսը տարբեր մարդ է, իսկ Էնգելսը՝ տարբեր։

Ապա ինչու՞ միշտ միասին են գրում, չեմ հասկանում, սրտնեղեց Ելենա Բեգլարովնան։

Տիրեց լռություն։

Պրոֆեսորն սկսեց ջղային երթևեկել սենյակում, իսկ Ելենա Բեգլարովնան ուշի-ուշով հետևում էր ամուսնու շարժումներին, որոնք ոչ մի օրվա նման չէին։ Նա նկատել էր, որ վերջերս ամուսինն առհասարակ շեղվում է իր սովորական կենցաղից։ Չէր պատահել, օրինակի համար, որ պրոֆեսորը մի անգամ անկողին գնալուց հետո՝ զարթներ, վառեր լույսը, մոտենար պահարանին, մի որևէ գիրք վերցներ և կանգնած տեղում մի քանի էջ կարդար ու նորից վերադառնար անկողին և նորից քներ։ Եվ պատահում էր, որ այլևս չէր էլ քնում, մնում էր արթուն՝ մինչև սենյակի լուսամուտի ապակիները ներկվեին կապույտ լույսով։ Պատահեց նաև, այն էլ երկու անգամ, որ նա զարթնեց, իր համար թեյ պատրաստեց, խմեց, ապա հագնվեց ու դուրս եկավ տնից և վերադարձավ միայն առավոտյան։

Կարծես ճիշտ է, շշնջում էր նա ինքնիրեն։ Ելենա Բեգլարովնան համարձակվեց.

Լավ է, որ ճիշտ է, ի՞նչ կա, ճիշտ լինելուց ի՞նչ վնաս:

Ինչ վնա՜ս, հեգնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, եթե ճիշտ է, ես ամբողջովին կորած եմ:

Ելենա Բեգլարովնան զարմացավ:

Մի զարմանար, ասաց պրոֆեսորը՝ մոտենալով իր կնոջը և նայելով նրա աչքերի մեջ, դու աստծու հավատո՞ւմ ես:

Ելենա Բեգլարովնան խաչակնքեց:

Եթե մի օր հաստատեն, այնպես ապացուցեն, որ դու էլ, առանց տարակուսանքի, հավատաս, որ աստված չկա, ի՞նչ կանես:

Այդպիսի բան ոչ ոք չի կարող հաստատել:

Եթե հաստատեն:

Չեմ հավատա:

Եթե հավատաս:

Կաշխատեմ չհավատալ:

Նո՛ւ, շատ աշխատեցիր և չկարողացար դիմադրել և, հանկարծ, հավատացիր, անկեղծորեն հավատացիր, ի՞նչ կանես:

Այդպես բան չի կարող լինել, Միքայել:

Եթե, նու՛, եղավ, զայրացած բղավեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը…

Այն ժամանակ… չգիտեմ…

Ելենա Բեգլարովնան սկսեց լաց լինել:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար լսեց կնոջ լացը: Նրա հեկեկանքն առաջանում էր իր հավատքի հավանական փլուզումից: Այդ հեկեկանքը խոր թախիծով և ջերմագին գորովանքով լցրեց պրոֆեսորի սիրտը: Այդ լացը ոչ ոք այնպես խորը չէր կարող ըմբռնել, ինչպես պրոֆեսորը: Նա տեսնում էր իր կնոջ ջինջ արցունքի մեջ հոգու աղջամղջային մռայլությունը: Նա տեսնում էր այդ հոգին կուչ եկած, կծկված, մենակ և անօգնական, ինչ-որ մարմարյա, հին, փառահեղ շենքի ավերակների մեջ նստած: Ահա և ինքը, իր կնոջ նման, ավելի սրտաճմլիկ և ավելի ողբալի ավերակների մեջ, միայն այն տարբերությամբ, որ կինը լաց էր լինում, զովացնում էր հոգու երաշտը, իսկ ինքը միայն ողբում էր և այրվում ամառնային միջօրեի տապում, կրակի պես կիզիչ քարերի արանքում, չոր, խանձված, դարավոր ծարավով տոչորված վայրի բույսերի այս մթնոլորտում։

Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա, ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։ Դու ապահով ես, շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։

Չէ՞ որ դու ասում էիր…

Այո՛, ես ասում էի, որ հարմարվելու համար եմ ասում այն, ինչ ասում եմ Նապոլեոնի մասին և առհասարակ, բայց չէ՞ որ ասում եմ, և մարդիկ հավատում են ինձ, նոր սերունդն այնպես էլ սովորում է, որ Նապոլեոնը ուրիշ բան չէ, եթե ոչ… տանն էլ չկրկնեմ միևնույն հայհոյանքը, Ելենա, ներիր ինձ։

Այո դեպքից քիչ անց՝ պրոֆ. Մելիք–Անդրեասյանի մոտ եկան երեք ուսանողներ, որոնց հետ պրոֆեսորը պիտի կազմեր պատմության խմբակների ծրագրերը։

Ուսանողները ծրագրի մի նախագիծ կազմել էին, որի համաձայն՝ գոյություն պետք է ունենային պատմության երեք խմբակ՝ Ա. արևմտյան պատմության տնտեսական մասն ուսումնասիրող խմբակ, Բ. հասարակական կյանքն ուսումնասիրող խմբակ, Գ. քաղաքական կյանքն ուսումնասիրող խմբակ։

Նախագծի այս մեթոդը չափազանց դուր եկավ պրոֆ. Մելիք Անդրեասյանին։ Դա հին մեթոդ էր՝ պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։ Ուսանողները հետևել էին հին, շաբլոն մեթոդին և ըստ այնմ նախագիծը կազմել։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար ժամանակ տատանվեց պատասխան տալու. նրա մեջ տեղի էր ունենում ուժեղ պայքար՝ փոխի՞ այդ նախագիծը, թե ոչ։ Վերջապես, չկարողացավ դիմադրել, հակառակ իր ներքին ցանկության, այն ճշմարտությանը, որը սողոսկել էր նրա մեջ, և ասաց.

Չէ՞ որ պատմության տնտեսական, հասարակական և քաղաքական երևույթները սերտորեն, անքակտելիորեն կապված են իրար՝ հասարակականը և քաղաքականը նույնն են, ինչ որ տնտեսականը և ընդհակառակն։ Ճիշտ է, որ պետք է կազմել երեք խմբակ, յուրաքանչյուր կուրսի համար մի-մի խմբակ։ Ի՞նչ պետք է լինի սրանց տարբերությունը։ Պարզապես մեկը մյուսից մի քիչ ավելի լայնորեն և խորապես պիտի ուսումնասիրի, ուրիշ ոչինչ։

Եվ ուսանողների հետ միասին պրոֆ. Մելիք-Անդրեասյանը կազմեց մանրամասն ծրագիր՝ ըստ յուրաքանչյուր խմբակի ուսումնասիրության օբյեկտների։

Ուսանողները, կարծելով, որ վերջացավ իրենց խոսակցությունը, վեր կացան հրաժեշտ առնելու, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը խնդրեց նրանց մի քանի րոպե ևս մնալ։ Նրա մեջ տեղի էր ունենում ավելի ուժեղ պայքար, քան երբևիցե։ Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։ Նա ուզում էր առաջարկել կազմել, ի հավելումն արդեն քիչ առաջ կազմված խմբակների, մի նոր խմբակ, որ պետք է լիներ բացառապես նորություն, բայց դա նշանակում էր ամենաուժեղ զենքը տալ ուսանողների ձեռքն իր իսկ սիստեմի դեմ։

Վերջապես ասաց պրոֆեսորը.

Ես աոաջարկում եմ կազմել մի խմբակ վերջին կուրսում, որն ուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։

Ուսանողները, առաջին հերթին, կարծեցին, թե դա նպատակ է հետապնդում պատմության հին մեթոդների թարմացման, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, զգալով տարակուսանքն ուսանողների դեմքերի վրա, ավելացրեց.

Պատմության հին մեթոդների ուսումնասիրությունը պետք է նպատակ ունենա երևան բերելու այդ մեթոդների խոցելի կողմերը, օրինակ՝ պետք է վերցնել պատմական մի կոնկրետ դեպք, պատմական մի երևույթ, որոշապես իմանալ, թե այդ երևույթը, երկար տարիների ընթացքում բուրժուազիայի խոշոր պատմագիրներն ինչպես են մեկնաբանել, և այդ մեկնաբանությանն անմիջապես հակադրել նորը և ցույց տալ այն բացարձակ առավելությունները, որոնք բովանդակվում են նորի մեջ, մի խոսքով՝ պատմության մատերիալիստական ըմբռնման մեթոդի մեջ։

Ուսանողների դեմքերի վրա անհետացավ տարակուսանքը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ժպտաց գոհունակությամբ, մի երևույթ, որ չէր համապատասխանում նրա ներքին ցավագին զգացումներին։ Ուսանողները համաձայնեցին, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նշեց Արևմտյան Եվրոպայի այն կոնկրետ դեպքերը, որոնք պիտի հանդիսանային ուսումնասիրության օբյեկտներ։

Ուսանողների մեկնելուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց ապրել բարձրորեն ջղային մի վիճակ։

Ահա կործանում եմ ինքս ինձ, շշնջաց նա և լսեց իր շշնջոցը։

Սենյակում ոչ ոք չկար։ Ելենա Բեգլարովնան արդեն երկրորդ երազն էր տեսնում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատկերացրեց իրեն այն միամիտ փայտահատը, որ նստած ծառի ճյուղի ծայրին՝ կացնով կտրում է ճյուղն արմատից, առանց մտածելու, որ, եթե կտրի և վերջացնի, ինքը պիտի ընկնի գետին։ Պրոֆեսորը բարձր ծիծաղեց իր վրա՝ թունավոր հեգնությամբ։

Վերջ պիտի տալ այս բոլորին, ասաց նա մտքում և նստեց գրասեղանի մոտ, գլուխն աոավ երկու ձեոքերի մեջ և սկսեց մտածել։

Նա մտածում էր երկու բանի մասին՝ վերջ տալ այդ բոլորին նշանակում էր կորցնել պատմության ամբիոնը, պրոլետարիատի դիկտատուրան չէր ների ոչ ոքի, որ խեղաթյուրեր պատմական անցքերը, ծռեր և ծամածռեր այն հստակ, պայծառ տեսությունը, որ կոչվում էր պատմության մատերիալիստական ըմբռնում։ Այս դեռ ոչինչ։ Այն երկրորդ կետը, որ նրան հասցնում էր ջղայնության գագաթնակետին, և ինքն իրեն չէր ուզում ներել, դա պատմության մատերիալիստական ըմբռնման որոշ ճշմարտությունն էր, որին իր մեջ մտնելուն չկարողացավ դիմադրել այն օրից, երբ նա սկսեց ուսումնասիրել այն՝ իր ամբիոնը պահելու պարզ մտադրությամբ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հրկիզված թղթեր"

Ятук Музыка
Маскарад -  Вальс
Арам Хачатрян

Маскарад - Вальс

Фресно, вторник, 3 октября 1972 г., 23:00, № 1
Фресно, вторник, 3 октября 1972 г., 23:00, № 1
Играть онлайн