Ваан Тотовенц

Հայրենակիցս

Երբ նա մտավ մեր վաճառատունը՝ ինձ թվաց, որ թշվառությունն ինքն է մարմնացել այդ մարդու մեջ, ինձ թվաց, որ ապրում է նա իբրև թշվառության պատկեր։

Դիվային կմախքով և Ամերիկայում չտեսնված ցնցոտիներով նա կանգնեց պատից կախ արած մի մետաքսյա Շիրազի գորգի առաջ և նայվածքը հառեց իմ վրա, մոտեցա նրան, բարևեցի, դողում էր։

Աղաչում եմ, սկսեց նա հայերեն լեզվով,- տեղավորեցեք ինձ մի հիվանդանոցում, գեթ փողոցում չմեռնեմ։ Ես չկարողացա անմիջապես պատասխանել և՝ որպեսզի մի բան խոսած լինեմ՝ հարցրի.

Ո՞րտեղացի եք....– բայց զգացի, որ հարկ չկար մեռնող մարդուն այդպիսի հարց տալ. իսկույն ուզեցի փոխել խոսակցությունը, բայց նա շարունակեց.

Ես քո հորը լավ եմ ճանաչում, ինչ մարդ էր, ափսո՜ս... դու ինձ չես հիշում, այն ժամանակ փոքր էիր, ես քեզ գրկել և ման եմ ածել, իհարկե չես հիշում, դու հազիվ հինգ տարեկան էիր, երբ ես հեռացա հայրենիքից, լսել եմ, որ hայրդ մեռել է, բայց ինչպե՚ս է մայրիկդ, ինչպե՚ս են եղբայրներդ Հակոբը, Գևորգը, Լևոնը։ Ինչքա՜ն ես մեծացել։ Մոռացել եմ քո անունը, բայց մյուսների անունը լավ եմ հիշում։

Ի՞նչ տեսակ հիվանդանոց ես ցանկանում, - հարցրի.

Հիվանդանոցի տեսակի դեմ չեմ առարկի, միայն ձրի չլինի, փող չունեմ, տեսնում ես։ Անմիջապես, անմիջապես, պատասխանեցի։

Վազեցի հեռախոսին և զանգահարեցի քաղաքի առողջապահական բաժնին և խնդրեցի թույլ տալ մի մարդու մի ձրի հիվանդանոցում մեռնելու։

Իմ խոսելու տոնն այնքան մեղմ էր և աղաչական, որ բաժնի վարիչը պատասխանեց.

Ես կհեռախոսեմ «Como» հիվանդանոցը, որ ընդունեն նրան.

Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։

Հանգիստ իր ոսկորներին, ասաց բաժնի վարիչը, ավանսով հանգիստ մաղթելով իմ հայրենակցի հիվանդ ոսկորներին։

Շնորհակալ եմ, պ-ն Նիկըլս, շատ շնորհակալ եմ։

Հեռախոսը փակեցի, գլխարկս դրի և իմ թշվառ և հիվանդ հայրենակցիս հետ դարս եկանք փողոց «Como» հիվանդանոցը հեռու էր։ Առաջարկեցի հիվանդին տրամվայ նստել, բայց նա չհամաձայնվեց.

Այս ցնցոտիներով ամոթ է, ասաց, քայլենք, դեռևս ուժ ունեմ։

Աղքատությունն ամոթ չէ, պատասխանեցի, նստենք։

Հիվանդը չհամաձայնվեց, Օթոմոբիլի համար էլ ես փող չունեի: Սկսեցինք քայլել: Շոգ էր: Կիզիչ արև: Սալահատակի ցեմենտը. կակղել էր և կպչում էր կոշիկներին։ Քրտինքը վազում էր իմ ճակատից, բայց ուղեկիցս դողալուց դադրեց։

Քայլելն ինձ օգտակար է, լավ եմ զգում, ասաց։

Ուրախացա, վախենում էի, որ ճանապարհին մեռնի և իմ գործս ավելի դժվարանա և հոգիս ավելի ցավի։

Երևի ձեզ հարկավոր չէ հիվանդանոցում պառկելը, ձեզ հարկավոր է օդափոխություն, հարեցի։

Թափառում եմ երկրե երկիր, դրանից ավելի օդափոխությո՞ւն, իմ նպատակը մեռնելն է։

Մեռնելու համար շատ կարճ միջոց կա։

Դրանից վախենում եմ, ուզում եմ հանգիստ մեռնել,- պատասխանեց հայրենակիցս: Սիրտս սեղմվում էր։

Կյանքն ինչքան դաժան պետք է լիներ, որ մարդ ուզենար մեռնել, մտածում էի, իհարկե ցնցոտիներն այնքան էլ գրավիչ չեն ոչ֊փիլիսոփաների համար։

Մի ժամից հասանք «Como» հիվանդանոցը, ներկայացանք գլխավոր բժշկին, որ հեռախոսով արդեն հրահանգ ստացել էր իմ հայրենակցի մասին։ Բժիշկը կարգադրեց, որ հիվանդի շորերը հանեն, լողացնեն և պառկեցնեն մինչև ինքն ի վիճակի կլինի նրան քննության ենթարկելու։

Բժշկի կարգադրությունից հետո դարձա հայրենակցիս և տեսա, որ լռել էր նա իր աչքերը, բյուրեղյա գնդերի նման անշարժ և անարտահայտիչ, չէր էլ դողդողում։

Բժիշկ, մեռնում է իմ բարեկամս, - ասացի պաղատական տոնով։

Բժիշկը քննեց զարկերակը և քմծիծաղով՝

Ամեն ինչ նորմալ է, տարե՜ք,- ասաց:

Հայրենակցիս թևից բռնելով՝ հեռացանք գլխավոր բժշկի սենյակից և մտանք հանդերձարանը, ուր պետք էր փոխվեին հիվանդի շորերը։ Հիվանդը դանդաղ և դժգոհ շարժումներով շորերը հանեց, բոլոր ցնցոտիները թողեց հատակի վրա, բայց սև և կեղտոտ ներքնաշապիկը կոլոլեց և պահեց կռան տակ։ Հանդերձաբանապետը մի փայտի վրա առավ ցնցոտիները և նետեց աղբի արկղի մեջ և խնդրեց, որ կռան տակի շապիկն էլ տա։

- Աղաչում եմ, այս շապիկն ինձ մոտ թող մնա, ես ուզում եմ այս շապիկը գրկած մեռնել։

Թարգմանեցի հիվանդի վերջին ցանկությունը։

Չի կարելի, առնվազն մենք պետք է լվալ տանք և հետո հանձնենք իրեն, կեղտոտ շորերով չի կարելի անկողին մտնել։

Էլի թարգմանեցի։ Հայրենակցիս վճռականորեն պատասխանեց.

Չե՛մ տա։ Հանդերձարանապետը կանչեց հիվանդանոցի տղամարդ ծառայողներից մեկին, իբրև բիրտ ուժ, և հրամայեց նրան կեղտոտ շապիկն առնել հիվանդի ձեռքից։ Ծառայողը բռնեց նրա թևը, թեթևակի դարձրեց և առավ շապիկը։

Շապիկի վրա մի ծրար էր կարված, որի մեջ գտնվեց 4000 դոլար թղթադրամ և երկու երկաթուղային արժեթղթեր, որոնցից յուրաքանչյուրն արժեր 10,000-ական դոլար։

Ներեցեք ինձ,– կմկմացի,- ես չէի իմանում այղ, եթե ոչ չէի վկայի նրա աղքատության համար, և գլուխս կախեցի կրծքիս վրա, ամոթից չէի ուզում շարժվել։

Հայրենակիցս թևերը պարզած փողերին, աչքերը չռած և կազդուրված՝ աղաչում էր.

Իմ փողե՜րը, իմ թղթե՜րը…

Կասսայում կպահենք և եթե չմեռնեք՝ ձեզ կտանք, ասաց հանդերձարանապետը, Ես շուռ եկա և դուրս էի գնում, երբ մեկն ինձ բռնեց ետևից:

Ասացեք, խնդրում եմ, թող տան իմ շորերը, ես չեմ ուզում մեռնել, ես կհեռանամ այստեղից։ Ես միայն ուզում էի հանգստանալ։

Թարգմանեցի։

Աղբի արկղից դուրս բերին իմ հայրենակցի շորերը, հանձնեցին նրան իր փողերի և արժեթղթերի հետ։ Նա հագնվեց արագությամբ, հիվանդագին սեղմեց փողերը և թղթերն իր ափերի մեջ և առանց ոչ ոքի հետ խոսելու՝ դարս եկավ հիվանդանոցից և արագ քայլերով հեռացավ։

1924 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Алмаст - Персидский марш
Александр Спендиарян

Алмаст - Персидский марш

Де Профундис
Де Профундис
Играть онлайн