Тереза ​​Амрян

Մոխրագույն ծիածանի միջով

Արդեն երրորդ օրն է՝ պատառոտված հագուստով և բոբիկ պառկել եմ անծանոթ մի ձորում։ Անընդհատ քնել եմ ուզում, բայց շունը հաչում և արթնացնում է ինձ կոկորդումս ինչ-որ բան է կանգնել, խեղդում է։ Արդեն երեք օր է՝ ջուր չեմ խմել, չեմ հիշում ամսի քանիսն է, չգիտեմ՝ ժամը քանիսն է, մրսում եմ: Վախճանին եմ սպասում․․․ Ադիլն ասում էր, որ անհավատների դեմ կռվում ընկած մարտիրոսը՝ շահիդը, անմիջապես դրախտ կգնա։ Ժամանակ առ ժամանակ լսում եմ սրտիս զարկերը, բայց ձեռքերս չեմ զգում, մատներս կարծես չկան։ Աչքերս բաց եմ անում և հեռվում մի բերդ եմ տեսնում չեմ կարողանում կողմնորոշվել՝ արդյոք բերդը դիմա՞ցս է, թե՞ գլխավերևումս։ Տասը տարեկան էի, մեր հայ հարևան Կարապետի այգուց ծիրան գողացա, կերա, կորիզը մնաց կոկորդիս մեջ։ Հիշում եմ՝ հարևան Կարապետն ամեն կիրակի եկեղեցի էր գնում՝ աղոթելու և մեղքերը խոստովանելու։ Կարապետը մեր գավառի լավագույն կոշկակարն էր։ Ասում էին՝ նրա նախնիները կոտորածից էին փրկվել և ապաստան գտել մեր երկրում։ Ա՜խ, երանի մեկն ինձ տաներ ու լողացներ տաք բաղնիքում, մաքրեր մարմնիս վերքերը, փոխեր քրքրված շորերս։ Տասներկու տարեկանում ոնց էի տգեղացել, դեմքս բշտիկներով էր ծածկվել, քիթս մեծացել էր․․․ Մայրամուտից առաջ տասներկու դույլ ջուր հանեցի ջրհորից։ Նստեցի ու մեջքս հենեցի պատին։ Մազերիս արանքներից և քունքերից սահող քրտինքի կաթիլները խուտուտ տվեցին մաշկս։ Պատի մյուս կողմից ձայներ լսեցի, էն ի՜նչ զրնգուն ծիծաղ էր. սիրտս ճտճտաց։ Գիտե՞ք՝ իմ երկրում ամռան տապից հետո քարերը ողջ գիշեր զովից ճտճտում, երգում ու ճաքում էին տասներկու տարեկանում իմ սիրտն էր սկսել այդ քարերի պես ճտճտալ կանանց ձայներից։ Լուռ շրջվեցի դեպի պատի վրայի գաղտնի անցքը փոքր քարը մի կողմ տարա և տեսա՝ ինչպես են հորաքույրներս, մայրս, հորեղբորս աղջիկները մերկանում, բացում իրենց հյուսած մազերն ու ջուր ցողում իրար վրա։ Նայում էի նրանց ազդրերին ու կրծքերին, հիացմունքից կուրծքս ուռչում էր նույնիսկ գերաճ տված քիթս երկարեց ու սկսել ինձ խանգարել։ «Իմրա՛ն, այդ ի՞նչ ես անում։ Մերկ կանանց ես նայում հա՞, ա՛յ դատարկապորտ շուն»։ Չհասցրի շուռ գալ, հորս ծանր բռունցքն իջավ ձախ ականջիս աշխարհը լռեց ու մթնեց։ Ծակված ու անպետք գնդակի պես ընկա բակի մի անկյունում․․․ Հիմա էլ ընկել եմ անծանոթ, ցուրտ երկրի ձորերից մեկում շունը հաչում է, չեմ կարողանում կուլ տալ կոկորդումս մնացած ծիրանի կորիզը։ Գլխավերևումս ինչ-որ շինություն է երևում տեսնես բե՞րդ է, թե՞ մզկիթ: Չեմ ուզում ոչինչ տեսնել, լռում եմ վախճանի սպասումով։ Շունը կաղկանձում է, բացում եմ աչքերս ու տեսնում եմ լուսահոգի մորս էս ո՜նց է մայրս ջահելացել, թաղումից հետո նրան չէի տեսել։ «Որդի՛ս, խոստովանի՛ր, խոստովանի՛ր, որ մեղավոր ես և ազատի՛ր հոգիդ», – ասում է մայրս։ Երբեք չեմ ասել՝ մեղավոր եմ։ Փորձում եմ գոռալ «Ես մեղավոր չեմ, մա՛յր, էն կեղծավոր մոլլան է մեղավոր․․․ Տե՛ս, մա՛յր, տես ոնց եմ դատարկվել, ծնկներիս ոսկորները դուրս են ցցվել, ողջ մարմինս վերքերով է ծածկվել»։ Տասնչորս տարեկան տղա էի, ամեն ուրբաթ ավլում էի մզկիթի բակը, թեյ էի պատրաստում և բաժանում էի այցելուներին։ Մեր գյուղի աղքատ ընտանիքների տղաներից ոմանք քաղաք էին փախչում և հարստանում՝ թմրանյութ վաճառելով։ Որոշ տղաներ ծառայում էին մզկիթում, և մոլլան նրանց օգնում էր դուրս գալ չքավորության ճիրաններից։ Այդ ուրբաթ մոլլան ինձ ասաց «Երեկ չեմ հասցրել բաղնիք գնալ, այսօր կգաս, բաղնիքը կտաքացնես, ինձ կօգնես հորդ զգուշացրել եմ»։ Շապիկս հանեցի, տաբատս քշտեցի ու ջուր տաքացնելու համար կրակ արեցի։ Բաղնիքում մոլլան փորի վրա պառկեց սալաքարին և կարգադրեց փրփրոտ սպունգը քսել մեջքին ու ոտքերին։ «Մի քիչ պի՛նդ տրորիր, ա՛յ տղա, վախենո՞ւմ ես», – ասաց մոլլան։ Հետո նա շուռ եկավ, ձեռքը քսեց կրծքիս ու ավելացրեց «Ինչ նուրբն ես, մաշկիդ վրա ոչ մի հատ աղվամազ չկա»։ Մոլլային չպատմեցի, որ փոքր ժամանակ անզգուշորեն խարույկի մեջ եմ ընկել, մարմնիս մի մասն այրվել է, և դրանից հետո փորիս ու մեջքիս վրա ոչ մի մազ չի աճում։ Գոլ ջուրը լցրի մոլլայի մեջքին, ոտքերին։ Փրփուրը հալվեց գնաց մոլլան նստեց, քաշեց թևիցս, հրեց ինձ և փորի վրա պառկեցրեց, մի ձեռքով գլուխս ու վիզս սեղմեց սալաքարին և իր ծանր մարմինը տարածեց ինձ վրա։ Ձայնս ծիրանի կորիզի պես կանգնել էր կոկորդումս, լսում էի մոլլայի հևոցը։ Մի քանի րոպե անց մոլլան բաց թողեց վիզս և նոր ծննդաբերած կենդանու պես հևալով՝ փռվեց բաղնիքի հատակին։ Ամոթից և անզորությունից թևաթափ եղած՝ վեր կացա սալաքարի վրայից և դեպի ջուրը վազեցի։ Աշխարհն ու ժամանակը կանգ էին առել սպիտակ սրբիչը շրջազգեստի պես իր մեջքին փաթաթելով՝ մոլլան մի բաժակ թեյ վերցրեց ու խուրմայով մոտեցրեց ինձ։ Ոչ մի քաղցր բան այլևս չլցրեց դատարկված էությունս ծակված գնդակի պես ընկել էի բաղնիքի մի անկյունում։ «Քա՛ղցրս, իմ ընկերներից մեկը քեզ մեքենա վարել կսովորեցնի մեքենաս կքշես, միասին հեռու տեղեր կգնանք»,– ասաց մոլլան։ Գլխավերևումս բերդն է թվում է՝ հիմա գազանի պես բերանը կբացի և կուլ կտա ինձ։ Մի բարձրահասակ տղամարդ է հայտնվում շան կողքին, ձեռքի կեռ երկաթն իմ կողմ է ուղղում, խրում է կոկորդիս մեջ և փորձում է հանել ինձ խեղդող կորիզը։ Արդեն տասնինը տարեկան էի, երբ մայրս մահացավ մոլլան կազմակերպեց մորս հուղարկավորությունը հավատացյալ կնոջը վայել թաղում․․․ Էլ չէի ուզում մոլլայի սիրեկանը լինել հոգնել էի հարևաններիս երկդիմի հայացքներից, ընկերներիս՝ հեգնանքով լի ժպիտներից։ Թողեցի մոլլայի տունն ու մեքենան, ոտքով փախա գյուղից։ Ճանապարհի քարերն ու ավազը մաշեցրին Կարապետի կարած կոշիկները։ Նորից դարձա անտեր ու բոկոտն։ Հասա Ադիլի գյուղ Ադիլը մի ժամանակ մեր գյուղի դպրոցում մարմնամարզության ուսուցիչ էր, բայց մոլլայի հետ վիճելու պատճառով ստիպված էր եղել լքել գյուղը։ Ադիլն ինձ ծանոթացրեց իր խմբի մարզիկների հետ։ Ամեն առավոտ միասին վազում էինք և լողալ էինք սովորում։ Մենք մի ընտանիքի անդամների պես սեղան էինք նստում և ուտում էինք Ադիլի կնոջ պատրաստած ուտելիքները ամեն երեկո զրուցում էինք Արարչի և հրեշտակների մասին։ Ադիլի տանը մարմինս ու հոգիս կազդուրվեցին, եղբայրացա նոր ընկերներիս հետ։ Շատ բաներ սերտեցի արդեն գիտեի, որ ամեն ինչում անհավատները՝ քաֆիրներն են մեղավոր, և հենց նրանց դեմ պետք է պայքարել։ Նոր եղբայրներիս հետ ժամանակ առ ժամանակ գնում էի հեռու տեղերում քաֆիրներին գտնելու և պատժելու․․․ Շունը հաչում է, աչքերս բաց եմ անում և հեռվում ատամնավոր մի շենք եմ տեսնում։ Տե՛ր Աստված, մենակ թե այդ շենքը չծամի գլուխս։ Երբ վիրավորվեցի և գետնին ընկա, ընկերներս ո՛չ Աստծու մասին հիշեցին, ո՛չ հրեշտակների նրանք վերցրին զենքերս, հանեցին կոշիկներս, թևիս ժամացույցը և հեռացան։ Հետո ինչ-որ շուն հայտնվեց, հետո էն բարձրահասակ տղամարդը եկավ։ Թվում է՝ բերդի ատամներն աստիճանաբար մոտենում են ինձ և մտնում աչքերիս մեջ։ Ադիլն ասում էր, որ շահիդները դրախտ են գնում առանց տանջվելու։ Մարմինս դարձել է անպետք շոր, և ոչ մի կերպ չեմ կարողանում այն հանել իմ վրայից։ Նորից էն բարձրահասակ տղամարդը երկաթի կեռ կտորը խրում է կոկորդիս մեջ ու փորձում է դուրս հանել կորիզը։ Ուզում եմ Աստծուն հիշեցնել, որ ես շահիդ եմ «Չկա Աստված բացի Արարչից․․․․»։ Հիշում եմ մեր հարևան Կարապետի այգին, հիշում եմ՝ ոնց էր ամեն կիրակի Կարապետը եկեղեցի գնում։ Մայրս նույնպես ականջիս շշնջում է «Չկա Աստված բացի Արարչից․․․․»։ Փորձում եմ գոռալ «Դու ես մեղավոր։ Ինչո՞ւ ինձ ծնեցիր, ոչ մի օր կուշտ չկերա ու չխմեցի ինձ կաթից կտրեցիր, որպեսզի նոր ծնված երկվորյակ որդիներիդ կերակրես։ Դու էիր մեղավոր, մեղավոր էիր, որ կյանք էիր պարգևոմ։ Չկա Աստված․․․»։ Շունը հաչում է, աչքերս բացում եմ, նորից կոկորդս․․․ Ադիլն ասում էր, որ հերոսացած շահիդները մահացու վիրավորվելիս սահում ու հայտնվում են դրախտում, սիրուն կանանց գրկում, գինու գետերի ափին։ Երբ փոքր ժամանակ խարույկի մեջ ընկա, շապիկս հալեց կպավ մաշկիս, էն ո՜նց էր մրմռում։ Հիմա էլ մարմինս է կպել հոգուս և ոչ մի կերպ ինձ հանգիստ չի տալիս «Մայրի՛կ, օգնի՛ր հանել այս շապիկը հենց հանեմ, կազատվեմ»։ Մայրս շշնջում է ականջիս «Որդի՛ս, հոգին ավանդելու համար հավատալը քիչ է խոստովանի՛ր, որդի՛ս, ասա՛, որ մեղավոր ես»։ Արդեն չեմ զգում ոտքերս և դանդաղ մրմնջում եմ «Մեղավոր եմ, որ եկա այս ցուրտ երկրում քաֆիրների դեմ պայքարելու ի՞նչ իմանայի, որ այս ցուրտ երկրում հարևան Կարապետի մայրենի լեզվով են խոսում․․․ Ինձ թվում էր՝ նորից Սինջար ենք գնալու և ոչնչացնելու ենք եզդիներին»։ Քանի օր է ոչինչ չեմ կերել, տեսնես ի՞նչն է մնացել կոկորդումս և խեղդում է անվերջ։ Նորից մորս ձայնն եմ լսում «Որդի՛ս, նրանք արդեն փոխում են բերդի վրայի դրոշը։ Բայց այս բերդը նրանց չի մնա, որովհետև երբեք նրանցը չի եղել․․․ Որդի՛ս, խոստովանի՛ր, ու թող հոգիդ խաղաղություն գտնի»։ Արևի շողերը հայտնվում են բերդի վրա, և քարերը շեկ գույն են ստանում։ Շեկ քարով կառուցված եզդիների սրբավայրն եմ հիշում վեց տարի առաջ սեփական ձեռքերով պայթեցրի այն, երեք օր շարունակ մոխրագույն ծիածան կապեց եզդիական տաճարի ավերակների վրա։ Իսկ հիմա ձեռքերս չեմ զգում, ուզում եմ աչքերս փակել և ոչինչ չտեսնել։ Հենց սկսում եմ հանդարտվել, շունը հաչում է։ Ա՜խ, եթե ոտքերս ինձ տանեին, կգնայի ու կպայթեցնեի այդ բերդը, բերդի ավերակներին մոխրագույն ծիածան կկապեր, և մեր խմբի սև դրոշը կծածանվեր ու կփայլեր այդ գորշ ծխի մեջ։ Մեր ավագ եղբայրներից մեկն ինձ մի եզդի ստրկուհի նվիրեց։ Աղջկա անունը Սամիա էր, շագանակագույն մազեր ուներ, պարանոցից կաթի հոտ էր գալիս ես էի նրա տերը, ինչ ուզեի կանեի հետը: Սամիայի հետ անցկացրած պահերին ինձ երջանիկ էի զգում, թեպետ նա ատում էր ինձ։ Հենց մոտենում էի, երկու ձեռքով ծածկում էր դեմքն ու լաց էր լինում։ Շուտով ինձ ուղարկեցին ուրիշ քաղաք, և ես Սամիային նվիրեցի մեր երտասարդ եղբայրներից մեկին։ Վերջին անգամ եմ փորձում Աստծուն հիշեցնել, որ ես շահիդ եմ «Չկա Աստված․․․․»։ Սկսում եմ դողալ, սառը քրտինքը ներքև է հոսում, թափվում է ձյան ու ցեխի վրա արագ հանում եմ ինձ նեղող հագուստը և ցատկում եմ մոխրագույն ծիածանի մեջ։ Մարմինս արդեն ուզում է տարրալուծվել, բայց հարևան Կարապետի ազգակիցների հողը դժվարությամբ է ընդունում այն։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

церковный двор
церковный двор
Играть онлайн