Тереза ​​Амрян

Չեմ վախենում

Ամեն տարի ապրիլի 17-ին նորից հիշում եմ, որ հեմոֆիլիայի միջազգային օրն է։ Գիտե՞ք ինչ է հեմոֆիլիան հեմոֆիլիան իր տիրոջ արյան մեջ է ապրում և ժամանակ առ ժամանակ արյուն է քամում, հեմոֆիլիայից չեն ազատվում, մի կերպ հաշտվում և հետն ապրում են մինչև կյանքի վերջ։ Հեմոֆիլիան կանխակալ է, նա ընտրում է տղաներին հազարից մի աղջիկ կհանդիպես, որի արյունը չի մակարդվում։

Ամեն անգամ Արյունաբանական կենտրոն գնալիս մի նորավարտ, երիտասարդ բժիշկ եմ տեսնում։ Ամեն անգամ զգում եմ, ոնց են ծերանում ու նորից երիտասարդանում այդ հիվանդանոցի բժիշկները։

Արյունաբանական կենտրոնը նախկինի նման չէ այն վերանորոգել են, պատերը ծածկել տարբեր գույներով։ Այն առաջվա պես անտեսված չէ ասում են, որ նույնիսկ ազդեցիկ մարդկանց տիկնայք, հայտնի կանայք են այցելում Արյունաբանական կենտրոնում հայտնված երեխաներին։

Ամեն տարի ապրիլի 17-ին այդ հիվանդանոց եմ գնում այնպես, ինչպես սրբավայր ուխտի կգնամ՝ աղոթքով, պատկառանքով։

Ամեն անգամ Արյունաբանական կենտրոնին մոտենալիս դող եմ զգում վախենում եմ, որ ամեն ինչ նորից կկրկնվի։

Վախենում եմ, որ արյան սակավությունից հիվանդանոցի շեմին գլուխս կպտտվի։

Վախենում եմ, որ ցած կընկնեմ և արյունահոտ թունելներով կսահեմ դեպի ներքև։

Վախենում եմ, որ նորից աչքերս կբացեմ ու կտեսնեմ հիվանդասենյակի գորշ կամ դեղնավուն պատերը։

Վախենում եմ, որ չեմ ճանաչի իմ բժշկին նա իմ տեսած առաջին արտասահմանյան մուլտֆիլմի միջի Հիսուսին է նման։

Վախենում եմ, որ չեմ կարողանա շնչել, որովհետև քթանցքներս լցված կլինեն դեղերով ու վիրակապերով դրանք կմնան այնքան ժամանակ մինչև քթից եկող արյունը մակարդվի։

Վախենում եմ, որ նորից կտեսնեմ թափանցիկ ռետինե խողովակով հոսող, կաթիլ առ կաթիլ իմ երակի մեջ լցվող դեղին հեղուկը։

Վախենում եմ, որ նորից չեմ կարողանա շարժվել։

Վախենում եմ, որ նորից տատիկս անքուն կկանգնի մահճակալիս մոտ և կբռնի թևս, որպեսզի ասեղը դուրս չթռչի երակիս միջից։

Վախենում եմ, որ նորից չեմ կարողանա խմել մամայիս ուղարկած գազարի և խնձորի հյութը։

Վախենում եմ, որ գազարի ու խնձորի հյութի հոտն էլ ժամանակի ընթացքում արյան հոտի պես կվախեցնի ինձ։

Վախենում եմ, որ առողջանալուց և տուն գալուց հետո կտեսնեմ, որ մամաս նստել է աթոռի ծայրին՝ հեռախոսի կողքին և հիվանդանոցից զանգի է սպասում

Վախենում եմ, որ մամաս չի հավատա, որ արդեն լավ եմ, որ նորից տատիկի հետ տուն եմ եկել։

Վախենում եմ, որ մամաս չի ուղղի իր գանգուր մազերը, տեղից վեր չի կենա, գազարի ու խնձորի հյութ չի քամի ինձ համար։

Արյունաբանական հիվանդանոցի կողքի փողոցի եզրին և այգում ծեր սպիտակ ծառեր կան կարելի է անվերջ նայել այդ ծառերի ճյուղերին։ Կարելի է նստել ու երկար հետևել ցայտաղբյուրից հոսող և հին, կապույտ մոզաիկայով զարդարված ջրավազանի մեջ լցվող ջրին։

Այս տարի ապրիլի 17-ին չեմ գնալու Արյունաբանական կենտրոն, որովհետև թագավարակն աշխարհ է եկել, փակել է դռները, մեկուսացրել է մարդկանց։ Հեռուստացույցով, ռադիոյով, համացանցում, ներսում, դրսում ամենուրեք հնչում է՝ «թագավարակ, թագավարակ, թագավարակ»։ Տեսնես թագավարակով հիվանդների տատիկնե՞րն էլ իմ տատիկի նման կկանգնեն մահճակալի մոտ ու կբռնեն իրենց թոռների թևերը։ Թվում է թագավարակն անկանխակալ է՝ խտրականություն չի դնում տղաների և աղջիկների միջև։ Ասում են՝ թագավարակը դաժան է, տատիկներին ու պապիկներին է տանում։

Այս տարի ապրիլի 17-ին չեմ գնա Արյունաբանական կենտրոն, չեմ տեսնի հեմոֆիլիայի հետ ապրող իմ արյունակից եղբայրներին, չեմ տեսնի իմ ծերացող ու ջահելացող բժիշկներին։ Ով գիտի իմ բժիշկները հիմա հիվանդանոցո՞ւմ են, թե մյուսների պես զգեստավորվել են և փորձում են իրենց ենթարկել ցլի պես կատաղած թագավարակը։

Այս տարի չեմ վախենում, որ հիվանդանոցի շեմին ծնկներս կծալվեն, որ նորից արյան հոտ կզգամ, որ կընկնեմ անդունդն ու բժիշկների ձեռքով հետ կբերվեմ այնտեղից, որ կգնամ տուն և մամայիս կտեսնեմ՝ գանգուրները ուսերին թափված և հեռախոսի կողքին նստած․․․

Վախենում եմ և թաքուն խնդրում, որ թագավարակը իմ տատիկից, բոլոր տատիկներից հեռու մնա։ Վախենում եմ ու լռում լռությունս աղոթք է դառնում, իսկ աղոթքը՝ թափանցիկ ռետինե խողովակի միջով հոսող, կաթիլ առ կաթիլ իմ երակի մեջ լցվող դեղին հեղուկ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

Миди, 1984 г.
Миди, 1984 г.
Играть онлайн