Степан Зорян

Սպիտակ տան բնակիչները

Կան մենավոր, մենակ սրտեր
անհայտ, անտես հեռուներում,
խոր ու մթին անտառներում.
Ո՞վ է նրանց ողջույն բերում...

Մոլդովական երգից

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ։ Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։ Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքր անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան։ Աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք, իսկ Ռուսաստանից նոր եկած պետական պաշտոնյայի սրտում զարթեցնում է հազար ու մի կասկած, թե արդյոք հակապետական գործերի մի որջ չէ դա, արդյոք կեղծ դրամներ չե՞ն կտրում այնտեղ... Բայց թե՛ օտարականր և թե՛ պետական պաշտոնյան սխալվում են միշտ։ Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին, հանրակացարանն է ծծումբի հանքի բանվորների, որոնցից սակայն դատարկ է հիմա։ Կար ժամանակ, որ նա այդ վայրի տեղում իրենից ներկայացնում էր մարդկային մի փեթակ, որի մեջ բազմաթիվ ձեռքեր էին աշխատում առավոտից մինչև երեկո և բազմաթիվ գլուխներ էին ննջում երեկոյից մինչև առավոտ։ Բայց այժմ դատարկ է նա, ինչպես ծառի վրա հյուսված թռչունի մի բույն, որի մեջ եղած ձագերը իրենց մոր հետ թռել են վաղուց. նրա տերերը, թղթախաղում սնանկանալով, փակեցին հանքը, փակեցին հանրակացարանը և գնացին հանգստանալու քաղաքում... Բայց նրանք այնքան բարի եղան, որ չհեռացրին իրենց ծեր ծառային և թողին նրան այդ տանը պահապան։

Այդ ծառան քեռի Վարոսն է, սպիտակ միրուքով մի փոքրիկ ծերունի, որ շաբաթը մի քանի անգամ, երկաթածայր գավազանը ձեռին, ռուս զինվորի հաստ կոշիկներով, իջնում է գյուղ և կեսօրին վերադառնում մի փոքրիկ կապոց կամ մի տոպրակ թևը գցած։

Նա և իր պառավը վաղուց էին ապրում այդտեղ՝ իրենց հավերի և ծեր շան հետ միասին։

Ծեր ամուսիններն իրենց կնճռոտ դեմքերով, խոսելու եղանակով, շարժուձևով այնքան նման էին իրար, որ կարելի էր կարծել, թե խստապահ կրոնավորից դաստիարակված քույր ու եղբայր են։ Երկուսն էլ խոսում էին ծոր տալով, զգույշ և իրարից ակնածելով, ինչպես նոր պսակված ժամանակ։ Ինչպես պսակի առաջին օրերին, այնպես էլ հիմա, քաշվում էին իրար անուն տալ, և միմյանց կանչում էին «ա՛յ տո»։ «Էսօր հավերին կուտ տվե՞լ ես, ա՛յ տո», հարցնում էր ծերունին։ «Իհարկե, ա՛յ տո, իհարկե, տվել եմ», պատասխանում էր պառավը։ Եվ այդ «այ տո»–ն նրանք արտասանում էին այնպես, ինչպես արտասանում են «հոգիս» «սիրելիս»։ Զավակներ չունենալով, ծերերն այդ անտառի մեջ իրենց հոգատարությունն ու խնամքը նվիրում էին հավերին,պառավ շանը,այդ տանը և նրա մեջ եղած իրերին։

Առավոտները զարթնելով պառավը նախ և առաջ կուտ էր տալիս հավերին, մաքրում էր նրանց բույնը, երբեմն հանդիմանում նրանց, ապա օջախի վրա լափ էր պատրաստում շան համար։ Իսկ ծերունին նախ պտտվում էր տան շուրջը, հետո մտնում ներս և սենյակները մեկ–մեկ դիտում, տեսնելու հո բան չի՞ պատահել։

Տունը և նրա մեջ եղած իրերն առհասարակ մեծ անհանգստռւթյուն էին պատճառում ծերերին։ Ավելի անհանգստանում էր պառավը։

Ա՛յ տո, մի բան չպատահի տանը, երբեմն ասում էր նա խորհրդավոր, կարծես մի բան գուշակելով։

Ի՞նչ, ա՛յ տո, հարցնում էր ծերունին թաքուն երկյուղով։

Ո՛վ է իմանում, այ տո, հարամին շա՜տ, ավելացնում էր պառավը, նոր կասկած գցելով իր ծերունու սիրտը։ Բան չգողանա՞ն...

Ո՛վ կհամարձակվի, ասում էր ծերունին, աշխատելով հանգստացնել թե պառավին, թե իրեն։ Եթե մի բան ըլի, Բողարը կիմացնի...

Բողարը ծեր շունն էր. նա իսկապես զգաստ և աչաբաց էր, հարկ եղած դեպքում հնչեցնում էր իր խռպոտ ձայնը անտառի լռության մեջ։

Որ իմացնի, ի՛նչ պիտի անես, առաջ էր տանում խոսքը պառավը, ակնարկելով ամուսնու ծերությունը։

Ա՛յ, ասում էր ծերունին աչքերը հառելով պատից կախված հրացանին։

Հիսուս ու Քրիստոս, խաչակնքում էր երեսը պառավը տագնապով։ Ինչե՞ր ես ասում, ա՛յ տո...

Նրանց անհանգստությունն ավելանում էր մանավանդ այն ժամանակ, երբ գիշերը փոթորիկ էր լինում անտառում։ Երբ տունը շրջապատող վիթխարի ծառերը խուլ, անվերջ շառաչում էին քամուց և խոր անտառը դրնգում էր խավարի մեջ, ու դրա հետ միաժամանակ քամին ծղրտում հալածական դևի նման ծերերին թվում էր, թե ծառերի արանքում և թե պատերի տակ վխտում են հազար չար, հազար ավազակ։ Անկողնի մեջ, համակ լսողություն դարձած, ականջ էին դնում փոթորկի ձայնին և մինչև լույս քուն չէր գալիս նրանց աչքերին։ Նրանց անհանգստությունն աճում էր ավելի ձմեռ ժամանակ։ Երբ ձյունն սպիտակ շուրջառ էր գցում ծառերի վրա, և հավքերը, նույնիսկ ագռավները հեռանում էին նրանց բնակարանի մոտից, ծեր ամուսինները փակվում էին իրենց սենյակում։ Պառավը նստում և բրդե գուլպա էր գործում, իսկ ծերունին շուտ-շուտ փայտ էր ավելացնում վառարանի կրակին։ Ախորժելի ջերմությունր ձմեռ ժամանակ զարթեցնում է հին–հին հուշեր, և նրանք պատմում էին իրար անցած դեպքեր, մոռացված զրույցներ. երբեմն պառավը երանի էր տալիս գյուղում ապրողներին, որ տեղյակ են մնում աշխարհի բանին և շուտ-շուտ ժամ են գնում։

Ոչինչ, ա՛յ տո, Զատիկը գա, ճամփեն բացվի, դու էլ կերթաս, մխիթարում էր ծերունին այդպիսի դեպքերում։

Բայց հաճախ պառավին պաշարում էր մի անորոշ տխրություն և նա դառնում էր ծերունուն.

Ա՛յ տո, ի՞նչ պիտի անենք, եթե հանկարծ էստեղ մի բան պատահի մեզ։

Ի՞նչ կարող է պատահել, միամիտ հարցնում էր ծերունին։

Ո՛վ է իմանում, ա՛յ տո, հանկարծ հիվանդացա՜նք, ո՞նց պիտի տերտեր կանչենք ճաշակելու։

Էհ, խնդում էր ծերունին, տերտերն ի՜նչ ենք անում, ա՛յ տո, առանց տերտերի էլ յոլա կերթանք։

Ո՜նց թե... առանց ճաշակելու մեռնե՜լ, զարմանում էր պառավը, և փոքր–ինչ լռելուց հետո ավելացնում. չէ, ա՛յ տո, ես առանց ճաշակի չեմ կարող մեռնել... Էսօրվանից ասում եմ հենց որ ծանր հիվանդանամ՝ տերտեր կկանչես։

Է՜հ, ա՛յ տո, ինչի՞ ես տխուր բաներ ասում, նկատում էր ծերունին ակնհայտ դժգոհությամբ։ Ուրախ բաներից խոսի...

Պառավը լռում էր մի փոքր՝ մտքի ետևից ընկած, և կրկին դառնում ծերունուն.

Ի՞նչ լավ կլիներ, ա՛յ տո, եթե գեղում ապրեինք։

Իհարկե, պատասխանում էր ծերունին, իհարկե, լավ կլիներ. իսկ եթե մի զավակ էլ ունենայինք, որ մեզ պահեր...

Եվ նրանք, երկուսը միասին, հառաչում էին առանց իրար երեսի նայելու։

Հառաչում էին ու լռում...

Երևի այսպես երկար կշարունակվեր նրանց կյանքը, եթե չպատահեր մի տխուր դեպք։

* * *

Ծերունին ազատ ժամերին սիրում էր պտտել անտառում։ Ամառվա և աշնան օրերին նա երկար տարածություններ էր անցնում չոր փայտ ու պտուղներ հավաքելու։ Այդպիսի դեպքերում ծեր, բրդոտ շունը զառամ քայլերով միշտ հետևում էր տիրոջը, իսկ պառավը շեմքում՝ ձեռը ճակատին, նայում էր նրանց ետևից։

Մի անգամ՝ գարնանը, այդպիսի շրջագայությունների ժամանակ, ծերունին շան շնորհիվ գտավ եղնիկի մի փոքրիկ ձագ՝ սուր–սուր ականջներով, որն այնուհետև դարձավ ծերերի հոգատարության ամենասիրելի առարկան։ Սկզբում փոքրիկ կենդանուն նրանք կերակրում էին գյուղից բերած կաթով, ապա երբ նա սկսեց իրեն հավաքել, նրան ուտեցնում էին թրջած հաց, սառը կերակուր, կանաչ խոտ և ծառի տերև։

Պետք էր տեսնել, թե ինչպես ծերերը խնամքով, փոխեփոխ խոտ էին մոտեցնում փոքրիկ եղնիկի դնչին, ինչպես էին գուրգուրում նրան և սովորեցնում ման գալու եղանակը։ Պառավը նրա համար փափուկ խոտերից շինել էր մի անկողին, ուր միշտ հանգիստ մշշոցով հանգստանում էր փոքրիկ կենդանին։ Քնած տեղը նա այնքան անօգնական ու թույլ էր երևում, որ պառավը երկյուղով մտածում էր, թե չլինի մի բան պատահի նրան։

Ա՛յ տո, վախենում եմ, թե մի բան պատահի սրան, երբեմն կասկած էր հայտնում պառավը։ Ի՞նչ ուտեցնենք, որ լավ ըլի։

Ծերունին մի փոքր միտք էր անում և ասում.

Ինչ որ իրա մերն է ուտում. խոտ, տերև, ջուր։

Բայց պառավը դրանով չէր գոհանում. պահանջում էր, որ ծերունին շուտ-շուտ կաթ բերի գյուղից։ Եղնիկի ձագը նրան թվում էր իբրև մի որբ երեխա, որին պետք է լավ ուտեցնել, խնամել, գուրգուրել. և նա շա՜տ ափսոսում էր, որ չի կարող իմանալ փոքրիկ կենդանու սրտի ուզածը, ուստի հաճախ գրկում էր նրան ու հարցնում.

Ի՞նչ կուզես, բիժո ջան։

Փոքրիկ անասունը միամիտ, մոլոր հայացքով նայում էր պառավին և տրտում խոնարհում թախծոտ աչքերը։ Այդ տեսնելով՝ պառավը սեղմում էր նրան գրկին և համբուրում նրա գլուխը, աչքերը, ականջները։

Բիժո ջա՜ն, բիժո ջա՜ն...

Կարճ ժամանակում ծերերը, մանավանդ պառավը, այնպես ընտելացան եղնիկի ձագին, որ երբ նա մի րոպե չէր երևում, երկյուղով հարցնում էին իրար.

Բիժոն ու՞ր է, ա՛յ տո։ Չըլի թե...

Ու տագնապով այս ու այն կողմն էին ընկնում «բիժոյին» որոնելու։ Հաճախ գտնում էին շան մոտ նստած կամ նրա հետ խաղալիս։ Ինչպես որդին կորցրած ծնողը գտնի զավակին, այդպիսի դեպքերում մե՜ծ էր լինում ծերերի ուրախությունը, փոխեփոխ համբուրում էին եղնիկին և գրկած տանում տուն՝ ժպտալով, հանդիսավոր, ինչպես մի նորակնունքի։ Մի անգամ, սակայն, աշնան առաջին օրերին, փոքրիկ եղնիկն անհայտացավ հանկարծ։

Այդ օրը ծերունին տանը չէր. գնացել էր գյուղն ալյուրի։ Ուստի պառավը մենակ դուրս ելավ որոնելու։ Երկար փնտրեց եղնիկին տան շուրջը, պատերի տակ, հավանոցում, շան մոտ, ու ոչ մի տեղ չգտավ։

Բիժո՛, բիժո՛, կանչում էր նա և ինքն իր հետ խոսում. «Տեսնես ի՞նչ եղավ, տեսնես ո՞ւր գնաց»։

Ինքն իրեն խոսելով՝ մի առ մի նայեց մասրի թփերը, մտավ մացառների մեջ, կանչեց, որոնեց, բայց եղնիկը չերևաց։

Այդ տեսնելով, նա տան դուռը կողպեց, շանը վերցրեց և մտավ անտառ։ Նրան թվում էր, թե եղնիկը տեսել է իր նման մեկին ու հետևել նրան, թե չէ, մտածում էր նա, ի՞նչ պետք է պատահած լիներ։

Մի չոր ճղափայտ ձեռին, շունն ետևից, քայլում էր պառավը նեղ արահետով և շուտ-շուտ կանչում.

Բիժո՛, բիժո...

Նրա ձայնը կորչում էր շառաչող ծառերի աղմուկի մեջ։

Բարձրացած խուլ փոթորիկն ալեկոծում էր անտառը, և հողմահար տերևները, ինչպես դեղնագույն թիթեռների անհամար խմբեր, պտտվում էին ծառերի արանքում, ասես մի չար ձեռքից հալածված։

Չնայելով վատ եղանակին, պառավը շարունակում էր առաջ գնալ և խրախուսել շանը։ Անցնելով սայթաքուն–սարի տեղերից, չոր ճղափայտերի կույտերի վրայից, անելով անսովոր վերելք ու վայրէջք, նա թեև սաստիկ հոգնել էր, քրտինքը թափվում էր քունքերից, բայց և այնպես չէր դադարում որոնել ու կանչել։ Շունը լեզուն հանած, հոտոտելով վազում էր այս ու այն արահետով և շուտ-շուտ տիրուհուն նայում, ըստ երևույթին իմանալու, թե բավական չէ՞ արդյոք որքան փնտրեցին։

Երբ հասան մի փոքրիկ բացատի, շունը հանկարծ կանգ առավ և ականջները սրեց։ Մոտիկից, շատ մոտիկից լսեց ինչ-որ մնչոց, որ նման էր անասունի ձայնի։

Բողա՛ր, նա՛ է, բիժո՜ն, ճչաց պառավն ուրախացած։

Շունն իսկույն հասկացավ տիրուհու միտքը և առաջ վազեց։ Պառավն ուրախությունից դողացող քայլերով հետևեց նրան։

Նա՛ է, նա՜... Բիժո՜, բիժո՜...

Նրանք անցան բացատը և նորից մտան ծառերի մեջ, դիմելով ձայնի կողմը։ Սակայն այնտեղ, ուսկից լսվեց մնչոցը, ոչինչ չերևաց. վերևից միայն, մի ծառի կատարից, ինչ-որ թռչուն թռավ թևերը թափահարելով։

Մի քանի րոպե պառավը մնաց կանգնած՝ խաբվածի պես շուրջը նայելով։ Ապա դարձավ շանը.

Չէ, Բողար, բիժոն չէր, բիժոն չէր...

Իրիկնաժամ էր արդեն, երբ պառավը ձեռնունայն ու հուսահատ տուն վերադարձավ։ Փոքրիկ եղնիկը չերևաց ոչ մի տեղ։ Տուն դառնալով, նա զգաց մի խոր դատարկություն տան մեջ ու իր սրտում։ Նրան թվում էր, որ մի հարազատ բան պակաս է, և ամեն բան այնպես չէ, ինչպես կարգն է։ Եվ նրան վշտացնում էր ոչ այնքան կորուստը, որքան անօգնական վիճակը փոքրիկ կենդանու։ Ու մտածում էր, թե ինչ պիտի պատահած լիներ նրան. տեսնես գե՞լ պատահեց, թե մի ուրիշ գազան, իմ խեղճ բիժո...

Ծերունին գյուղից եկավ մի փոքրիկ տոպրակ ալյուրով։ Պառավի տխրությունը տեսնելով՝ նա անհանգստացավ.

Ի՞նչ է պատահել, ա՛յ տո։

Պառավն իր մոլոր հայացքր հառեց ծերունու դեմքին։

Բիժոն չկա, ա՛յ տո... Ման եկա. չկա... չգտա...

Ծերունին զարմացավ։

Պառավը մանրամասն պատմեց եղելությունը։

Այդ գիշեր նրանց քունը չտարավ։ Երկար մտածում էին, խոսում, թե արդյոք ի՞նչ պատահած կլինի փոքրիկ կենդանուն, արդյոք ո՞ղջ է։

Ա՛յ տո, տեսնես ո՞րտեղ կլինի հիմի, շուտ-շուտ հարցնում էր պառավը։

Եսիմ, ա՛յ տո, ո՛վ է իմանում...

Չըլի՞ որսկան մարդիկ բռնեցին։

Դժվար թե... Շատ կարելի է մոլորվել է մի տեղ։

Կամ ո՛վ գիտի ոտքերն ընկել է պատատուկների մեջ, չի կարում դուրս գա...

Էդ էլ կպատահի, ա՛յ տո...

Առավոտը գնամ ման գալու։

Հա՛, ա՛յ տո, հա, գնանք. ես էլ կգամ... Իմ խե՜ղճ բիժո.... իմ խե՜ղճ բիժո....

* * *

Առավոտյան վաղ ծերերը ելան կորած եղնիկին որոնելու։ Ծերությունից կքած ուսերով՝ նախ անցան տան շուրջը, նայեցին բոլոր անկյունները, փոսերը, խոռոչները, և ոչինչ չգտնելով, տունը փակեցին ու մի–մի փայտ ձեռներին մտան անտառ։ Շունը հետևեց նրանց։

Արևը նոր ծագում էր։ Խոտերի և ծառերի վրա փայլում էր ցողը, աշնանային այն առատ ցողը, որ երբեմն հիշեցնում է գիշերը տեղացած անձրև։ Հազիվ մի քանի քայլ էին արել, բայց նրանց ոտքերն ու փեշերը շաղից թրջվել էին արդեն։ Նրանք այժմ գնում էին այն կողմը, ուր պառավը չէր եղել առաջին օրը։ Ծառերի կախ ընկած ճղները թաց տերևներով շուտ-շուտ դիպչում էին նրանց գլխին, երեսին, երբեմն էլ ճյուղերին հյուսված ոստայնը կպչում էր նրանց դեմքին, բայց այդ ամենին անուշադիր առաջ էին գնում նրանք չորս կողմն աչք ածելով։

Ա՛յ տո, ով գիտի մի տեղ քնել է, կասկած հայտնեց պառավը։

Շատ կարելի է, գիտես, այ տո, կանգ առավ ծերունին։ Լավ կանեմ մի կանչեմ։

Եվ նա մի քանի անգամ իրար վրա կանչեց.

Բիժո՛, բիժո՜... բիժո՜...

Ձայն չկար։ Անտառի մեջ շարժում չէր լսվում։ Միայն ծառերից կաթում էր ցողը՝ հատ-հատ, ծանր կաթիլներով։

Մի փոքր տեղ գնալուց հետո ծերերը բաժանվեցին իրարից՝ առանձին որոնելու։ Շունը գնաց պառավի հետ, իսկ ծերունին մնաց մենակ։ Նա գիտեր, որ եղնիկները սովորաբար նստում են ծառերի բների մոտ ու թփերի մեջ, ուստի և շուտ-շուտ նայում էր ծառերի բներին ու թփերին։ Իսկ պառավը հետևում էր միայն շան գնացած ուղղություններին։

Ցողը շարունակում էր կաթել անտառում, ինչպես խախուտ տանիք ունեցող բնակարանը անձրև ժամանակ։

Առանձին–առանձին որոնում էին նրանք և շուտ-շուտ ծառերի խորքից կանչում իրար.

Ա՛յ տո, հե՜յ... գտա՞ր։

Չէ՜... ա՛յ տո, չէ՜... Դու գտա՞ր։

Չէ՜... չէ՞...

Եվ արձագանքը, կարծես նրանց ծաղրելու համար, կրկնում էր. «Չէ՜, չէ՜...»։

Երկար ու ապարդյուն որոնելուց հետո նրանք, վերջապես, նորից գտան իրար և վերադարձան տուն։ Պառավը չէր ուզում դատարկ ձեռքով տուն դառնալ և կամենում էր շարունակել որոնումը. բայց ծերունին համոզեց նրան, որ դա զուր է։ Այժմ պառավի ուսերն ավելի էին կքել, քրտինքը ծածկել էր նրա դեմքը, և նա դժվարանում էր խոսել։ Ծերունին նույնպես լուռ էր։

Ես ախր երազը տեսա, ա՛յ տո... Տեսա, որ էսպես բան պտի պատահի, ասաց պառավը խորհրդավոր, հազիվհազ շնչելով։ Հիմի դու ինձանից վախեցիր, ա՛յ տո, ավելացրեց նա ավելի խորհրդավոր։

Ինչե՜ր ես ասում, ա՛յ տո...

Է՜հ, հառաչեց պառավը և լռեց։

Երբեք նա այնքան հուզված չէր եղել, որքան այդ երկու օրը, մանավանդ այդ րոպեին... Փոքրիկ եղնիկի անհետացումը վրդովել էր նրա հանգիստը և նա մի վայրկյան չէր կարողանում մոռանալ նրան։

Հետևյալ ամբողջ օրը պառավն անցրեց տխուր։ Մի օրվա մեջ կարծես նիհարեց, իսկ երկրորդ օրը մնաց անկողնում պառկած։ Նա թեթև հազում էր։

Ի՞նչդ է ցավում, ա՛յ տո, ասում էր ծերունին, նայելով պառավի պղտոր աչքերին։ Դու բիժոյի համար իսկի մի մտածի. եկող տարի մի ուրիշը կգտնեմ... Փառք աստծու, անտառում շատ կան...

Պատասխանի փոխարեն՝ պառավը խզզացնում էր միայն և թաց աչքերով նայում ամուսնուն։ Մյուս օրր նա ծերունուն կանչեց իր մոտ և ասաց.

Ա՛յ տո, լավ կլիներ, որ ես ճաշակվեի։

Ծերունին լուռ նրան նայեց։

Տխուր բաներ մի խոսա, ա՛յ տո, ասաց նա։

Չէ, ա՛յ տո, չէ՜... Տեսնում եմ, որ չէ՜...

Պառավի աչքերում փայլեցին արցունքներ։ Քիչ լռելուց հետո, նա շարունակեց.

Դու քեզ լավ կպահես, այ տո... Շորերդ չթողես կեղտոտ, շանը սոված չպահես, խեղճ կենդանի է... Հավերին էլ լավ մտիկ արա...

Ծերունին ջանում էր արցունքները զսպել։

Ինչի՞ ես տխուր բաներ ասում, ա՛յ տո։

Չէ, ա՛յ տո, շարունակեց պառավը, Լավ կըլի, որ ճաշակվեմ։ Բայց ամենից լավ կլիներ, այ տո, եթե մի անգամ էլ ժամ գնայի, խորանը համբուրեի՜... էլ բան հարկավոր չէր։ Կամ թե չէ՝ մի՛ն էլ տեսնեի իմ հերանց տունը...

Դու կտեսնե՛ս, այ տո, կտեսնե՜ս, հույս տվեց ծերունին։ Օրերը չհատան։ Եթե կուզես, մի շաբթից հետո կերթանք։

Պատասխանի փոխարեն՝ պառավի բերանից մի խոր հառաչանք թռավ, և նա լռեց։

Ծերունին կռացավ դեպի նա։

Ա՛յ տո, ի՞նչ եղավ քեզ։ Ա՛յ տո, կանչեց ծերունին։

Ա՛յ տո, կուզե՞ս գնամ տերտեր կանչեմ...

Պառավը չէր պատասխանում։

Նա արդեն մեռել էր։

Հաջորդ օրը ծերունին իջավ գյուղ և մի սայլ տարավ սպիտակ տուն՝ պառավի մարմինը փոխադրելու։

Թաղեցին նրան գյուղի գերեզմանատան ծայրում։ Թաղումից առաջ ծերունին խնդրեց տերտերին, որ նա պառավին ճաշակի։ Եվ երբ քահանան կատարեց նրա խնդիրքը, նշխարքի մի փոքրիկ կտոր դնելով մեռելի սառած շրթունքների արանքը, ծերունին շատ գոհ մնաց, որ անկատար չթողեց իր պառավի փափագը։

* * *

Այժմ սպիտակ տան մեջ ծերունին ապրում է մենակ՝ իր շան հետ միասին։ Շուտ–շուտ նա իջնում է գյուղ և այցելում պառավի գերեզմանը։ Առաջվա պես դարձյալ հսկում է իրեն պահպանությանը հանձնված տունը և նրա մեջ եղած իրերին, սպասելով կրկին, թե տերերը կգան մի օր և հանքը նորից կսկսի գործել։ Հաճախ նստում է նա իր կացարանի շեմքին և, հայացքը հեռուն նետած, հիշում իր պառավին ու ինչ-որ լուռ դնդնում ինքն իրեն։ Երբեմն էլ այս լինում է առանձնապես երեկոները, երբ մութն իջնում է անտառի վրա նա դառնում է ոտքերի մոտ պառկած շանը և խոսում նրա հետ.

Էդպես, Բողար, այ տոն էլ չկա՜, ասում է նա մեղմ, մտերիմ ձայնով։ Նա մեզ մենակ թողեց ու գնա՜ց։ Նա էլ չի՛ գա, Բողար, էլ չի գա։ Անխի՜ղճ այ տո, խե՜ղճ այ տո...

Շունը, դունչը թաթերի վրա դրած, լուռ նայում է տիրոջ դեմքին ու աչքերը խոնարհում։ Նա հասկանում է, թե խոսքն այն պառավի մասին է, ո՛րն իր համար լափ էր պատրաստում և ո՛րը հիմա գնացել է ուր–որ...

Տեսնելով շան կարեկից լռությունը, ծերունին ոգևորվում է ավելի և շարունակում է իր զրույցը։

Մինչ այդ մութն ավելի ու ավելի թանձրանում է անտառում, և նրանք երկա՜ր–երկա՜ր մնում են միևնույն տեղը նստած...

1916

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Старый дом Кахала
Старый дом Кахала
Играть онлайн