Сипил
Երկինք
Երկինք անբավ, ո՛վ էություն վեհ, անճառ,
Գաղտնիք անհաս, տեսիլ վըսեմ, սուրբ տաճար,
Այն խորհուրդն ես դուն, զոր հոգիս դեռ մատաղ՝
Միշտ կը պաշտեր թե՛ ալեկոծ, թե՛ խաղաղ:
Դուն այն առանցքն ես, որուն շուրջ վազվզուն՝
Կը թևերին իմ ցընորքներս օդասուն,
Եվ գըեմբեթիդ վերև պայծառ ու շըքեղ
Կը ժպտեր ինձ լույսերու բույլ մը բյուրեղ:
Անուշ պատկերդ ու դեմքդ աղվոր լուսավառ
Ճառագայթներ կուտար սըրտիս իմ խավար,
Ինչպես արփվույն լուսաճաճանչ կարմիր շող
Կը փարատև հոծ ամպերուն սև ամբոխ,
Որոնց ծոցեն խիտ-խիտ շանթեր ու փայլակ
Կը խոյանան ժայթքելով թոն ու կայլակ:
Ավա՜ղ, երբեք իմ ըղձանքիս չեղար խուլ:
Օրորեցիր միշտ հույսերով զիս խարխուլ,
Արծարծելու համար տենչերս ու երազ,
Ինչպես կին մը որ պըչրի հեղանազ,
Միշտ ցույց տալով նոր հըմայքներ ու հրապույր,
Դուն գերեցիր նույնիսկ միտքերն անհամբույր:
Ո՜հ, ի՞նչ ես դուն, ծո՛վ անմատույց ու խորին,
Ո՞ւր է արդյոք ըսկիզբդ ու ծայրըդ քուկին.
Էա՞կ մըն ես արդյոք կամ սին պատկեր,
Պատրա՞նք վաղանց, ինչպես բոլոր վայելքներ:
Միթե սուտ չէ՞ ինչ որ խորհուրդ կը կոչեն.
Բոլոր բույրերն ու սերերը պատրանք չե՞ն:
Եվ մեր սիրտը՝ հիմար մեղու, հեք մանկիկ,
Ծաղիկներու շուրջ կը հածի թափառիկ,
Կամ լուսատարփ օդասլացիկ խոլ թիթեռ՝
Միշտ կը զոհվի բոցին, որ զինք կը դյութեր:
Իսկ թե էակ ես կամ ոգի, ո՛վ երկինք,
Ունիս անշուշտ կիրքեր որով կը մըրկինք,
Գիտես ինչպես մութին մեջ խեղճ միջատներ
Կը փափաքին թևել մինչև գագաթներ,
Գիտես ինչպես կ՚անձկան քեզի հասնեելու,
Թեև խոնարհ, թեև կամքիդ միշտ հըլու:
Թե լուսեղեն էակներու սիրույն լոկ
Բաց են սըրտիդ դըռներն ամուր անողոք,
Եվ մեր աղոթքն ու պաղատանք եթե պիղծ
Քեզ կը թվին, նախ փարատե՛ մեր թախիծ,
Եվ հետո տե՛ս թե լուսինդ ալ աղվոր
Չե՞ն շողշողար մեր ճակատներ սըգավոր:
Այլ... կը ճանչնա՞ս ըզմեզ արդյոք, թե դուն ալ
Բուռըն տենչով կ՚ըղձաս մեզի մոտենալ,
Եվ օրենքին անաչառ ձեռքին երկաթե
Ըզքեզ ամուր ցանցերու մեջ կը պատե,
Կը ճանչնա՞ս զիս, թե կ՚երևամ քեզ անշունչ,
Ինչպես շյուղերն ու ցորեններն ոսկեձունջ,
Որոնց շըյուղերնն ու ձայներուն նուրբ սարսուռ
Մեզի համար հավերժություն մըն են լուռ:
Այս խոհն, ավա՜ղ, կը մթագնե կայծն հոգվույս,
Կ՚ուզեմ ըլլալ ես քու քերթվածդ արշալույս,
Կ՚ուզեմ կյաքիս բոլոր ժամերն ու վայրկյան
Քու ձեռքովդ իսկ կազմեմ անհուն, սուրբ մատյան,
Ուր տենչանքներս քեզի համար վառվառին,
Ինչպես խունկը ծոցն ոսկեշող բուրվառին:
Թո՛ղ, ո՛վ երկինք, թո՛ղ, կապուտա՜կ դուն կամար,
Ըղքեղ հոգույս հուզված ձայնով կոչեմ մայր,
Եվ լուսնակդ ալ քույր մ՚ըլլա ինձ կարեկից,
Որուն պատմեմ բոլոր հոգերս ու կըսկիծ:
Թո՛ղ որ նայիմ աղվոր դեմքիդ հրաշափառ,
Եվ հիացման խոր ըզգացմամբն անբարբառ
Ծունգի գալով աղաչեմ քեզ որ պարզես
Խորհուրդներուդ անհաս, անբավ ասպարեզ:
Եթե ժըպիրհ զիս համարիս սակայն միշտ,
Բաղձանքս եթե քեզ երևա ամբարիշտ.
Հիշե՛ թե դուն մայր եղար ինձ, և թե դուն
Ըստեղծեցիր այս գըձուձ կավն եռանդուն:
Ի՜նչ մեծ իղձեր տըվիր նյութին այս չընչին
Որ անոնցմով եղավ էակն առաջին.
Դուն ես որ միտքս անդադար քեզ կը ձըգես,
Մարդն անդունդին հըրայրք չուներ առանց քեզ:
Ծովուն ալքը, ծըմակին մեջ, վիհին խոր
Ժայռին ծայրն իսկ կը հետևիս դուն անոր:
Անպարագիր տեսարանեդ ազդըված,
Ան ալ կ՚ըղձա անհուն ըլլալ, ո՜վ Աստված,
Եվ հանցա՞նք է միթե սուրալ ամպին հետ,
Թըռչիլ մինչև արևներուն արահետ,
Խընդրելու թև հրեշտակներեն, այգին հուր,
Ոգրներեն գոնե բառ մը հեշտալուր,
Որուն ճաշակն երազներու մեջ անցավ՝
Իրեն ոսկի բաժակներով տրվեցավ:
Սակայն, եթե մեր աշխարհին չես դուն տեր
Ու շանթարձակ ամպերեդ վար չես իջներ,
Թե չես տեսներ մեր կիրքերուն խոլ ալիք,
Թե մեր տենչեր քեզ կ՚երևան խաղալիք.
Փըշրե՛, ապա, մեր ըղձանքին խոլ թևեր,
Դեմքիդ վըրա ձըգե քողեր ու ըստվեր,
Եվ աշխարհի ցած իրարուն մեջ ևեթ
Թող ցընորքներս, տենչ ու հոգիս թաղվին գեթ,
Իսկ դուն, երկի՛նք, տարրերու մեջ անըզգա,
Իշխե՛ հավետ, ուր ո՛չ քրնար, ո՛չ սիրտ կա:
1885