Сергей Довлатов

Վերելքի ուղիով

Խմբագիր Տուրոնոկի շալվարը հետևից պայթեց: Առանց լարման ու ճռթոցի: Ավելի շուտ` կարը քանդվեց: Արտասահմանյան փափուկ խավակտորի տհաճ առանձնահատկությունն է…
Տասներկուսին մոտ Տուրոնոկը մոտեցավ հիմնարկի բարի վաճառասեղանին: Խմբագրի վարտիքի վառ երկնագույնն այլևս սեփականությունն էր բոլոր պնակալեզների, որոնք հաճկատարությամբ նրան անհերթ առաջ էին թողել:
Աշխատակիցներն իրար նայեցին…
Այսքան մանրամասն եմ պատմում երկու պատճառով: Նախ` ղեկավարության ցանկացած նվաստացում մեծ ուրախություն է ինձ համար: Եվ երկրորդ: Տուրոնոկի շալվարի պատռվածքը որոշակի դեր խաղաց իմ կյանքում…
Սակայն վերադառնանք վաճառասեղանի մոտի դրվագին:
Աշխատակիցներն իրար նայեցինլ: Մեկը` չարախնդալով, մյուսը՝ ցավակցաբար: Չարախնդացողներն` անկեղծ, ցավակցողները` երեսպաշտորեն:
Եվ այստեղ, ինչպես միշտ, հայտնվում է գլխավոր պնակալեզը՝ անշահախնդիր ու ոգեշունչ: Սույն պնակալեզն այն աստիճան է պաշտում ղեկավարությանը, որ նրան շփոթում է հայրենիքի հետ…
Կարճ ասած, հայտնվեց Էդիկ Վագինը:
Ցանկացած իրեն հարգող խմբագրությունում կա մեկը, որ չի ուզում, չի կարող և չպետք է գրի: Ու տարիներով չի գրում: Բոլորը դրան վարժվել են ու չեն զարմանում: Առավել ևս, որ Վագինի կարգի ժուռնալիստները մշտապես հոգնաբեկ ու տենդագին մտահոգ են: Սրախոս Շաբլինսկին այդ վիճակը կոչում էր «վագինային»:
Վագինը միշտ շտապում էր, բարևում էր կցկտուր ու ջղային: Սկզբում պարզամտորեն կարծում էի, թե հարբեցող է: Խումհարի անհամար տարատեսակների մեջ այդպիսին էլ կա: Յուրօրինակ տառապագին փախուստ ցերեկվա լույսից: Փախստակի թրթռուն շարժունակություն, ում հալածում են խղճի խայթոցները…
Հետո իմացա, որ Վագինը չի խմում: Իսկ եթե մարդը չի խմում ու չի աշխատում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս:
– Խորհրդավոր մարդ է,- ասում էի ես:
– Վագինը գործ տվող է,- բացատրեց Բըկովերը,- էդտեղ ի՞նչ խորհրդավորություն կա…
«Սովետական Էստոնիան» այն ժամանակ Պիկկի փողոցում էր: Ուղիղ պետանվտանգության շենքի դիմաց (Պագարի փ.,տուն N 1): Վագինն այնտեղ ամեն օր էր լինում: Կամ համարյա ամեն օր: Պատուհաններից տեսնում էինք` ոնց է հատում փողոցը:
– Վագինը արտաժամյա աշխատանքի գնաց,- գոռում էր Շաբլինսկին…
Ասենք, նորից շեղվեցինք:
…Աշխատակիցներն սկսեցին իրար նայել: Վագինը մեղմ հպվեց խմբագրի ուսին.
– Շե՛ֆ… Հագուստը շարքից դուրս է եկել:
Եվ այստեղ խմբագիրը խուճապի մատնվեց: Երկու ձեռքով արագ բռնեց շալվարի ձագը: Ավելի ճիշտ… Մի խոսքով, էն տեղը… Շարժում արեց, որին երաժիշտները գլիսանդո են ասում: (Մատների թեթև վազք ստեղնաշարի վրայով): Համոզվեց, որ սահմանն անառիկ է: Կարմրատակեց.
– Ձեր հումորի համար, Էդուարդ Գրիգորևիչ, ավելի լավ կիրառություն գտեք:
Շրջվեց ու դուրս եկավ` ստորադրյալների վրա սփռելով վարտիքի նեոնային փայլը:
Հետո մի կարճ ու չափազանց խորհրդավոր երկխոսություն եղավ: Շփոթահար Վագինին մոտեցավ Շաբլինսկին.
– Իզուր առաջ ընկար,- ասաց նա,- ախր էդպես ավելի հարմար է…
– Ո՞ւմ է հարմար,- ծուռ նայեց Վագինը:
– Բնականաբար` քեզ…
– Ի՞նչն է հարմար:
– Էն, էլի՜…
– Չէ, ի՞նչն է հարմար…
– Ասում եմ, էլի, է՛ն…
– Չէ, ի՞նչն է հարմար: Ի՞նչն է հարմար,- գոռոցը դրեց Վագինը:- Թող ասի:
– Կորի էստեղից,- մի պահ լռելով` ասաց Շաբլինսկին:
– Այ էդպես,- հաղթական գոչեց ծախողը…
Վագինը շարքային, անճարակ մատնիչ էր, էն թափը չուներ…
Չէի հասցրել նրան խղճալ, երբ խմբագիրը կանչեց: Մի քիչ տագնապեցի: Նոր էի երկու հարյուր տողանոց նյութ պատրաստել: Վերնագիրը` «Հայրիկը արևից բարձր է»: Մանկական նկարների ցուցահանդեսի մասին: Հարց է ծագում` ի՞նչ է ուզում: Էդ չարաբաստիկ պատռվածքն էլ իր հերթին: Գուցե մտածում է` ե՞ս եմ արել: Էդպիսի դեպք եղել էր: Ծավալուն նյութ էի պատրաստում շների ցուցահանդեսի մասին: Խմբագիրը, որ կենդանիների սիրահար էր, եկավ պետական մեքենայով: Եվ այստեղ սկսվեց տեղատարափը: Տուրոնոկի տրամադրությունն ընկավ, ասում է.
– Ձեզ հետ անհնար է գործ ունենալ…
– Այսինքն ինչպե՞ս:
– Շարունակ ինչ-որ չնախատեսված հանգամանքներ…
Կարծես թե ես Զևսն եմ ու դիտմամբ ամպրոպ եմ կազմակերպել…
…Մտնում եմ առանձնասենյակ: Խմբագիրը հետուառաջ է անում գիպսե Լենինի ու «Էստոնիա» ստերեոկայանքի միջև:
Լենինի պատկերը ցանկացած նոմենկլատուրային առանձնասենյակի պարտադիր պիտույքն է: Միայն մի բացառություն գիտեմ, այն էլ` մասնակի: Մի ընկեր ունեի՝ Ավդեևը: Երիտասարդական թերթի պատասխանատու քարտուղար էր: Հայրը՝ գավառական դերասան, Լուգանսկից: Տարիներ շարունակ Լենին էր խաղում իր դրամատիկական թատրոնում: Եվ ահա Ավդեևը ճարպկորեն լուծել էր խնդիրը: Սեղանի գլխին հսկա լուսանկար էր կախել` հայրիկը Իլյիչի դերում: Կարծես թե կպնելու տեղ չկա. մի կողմից` Լենինն է, բայց, համենայնդեպս` հայրիկը…
…Տուրոնոկը անդադար գնում-գալիս էր կիսանդրու ու ռադիոլայի արանքում: Նայեմ` պատռվածքը տեղում է: Եթե կարելի է այսպես արտահայտվել… Եթե խայտառակությունն օրինական տեղ ունի…
Վերջապես խմբագիրը սկսեց.
– Գիտե՞ք, Դովլա՛թով, լավ գրիչ ունեք:
Լուռ եմ, գովեստից չեմ վարդագունում…
– Տեսնելու, նկատելու կարողություն ունեք… Անկեղծ լինենք, ռուս ժուռնալիստների կուլտուրական մակարդակը Էստոնիայում, այսպես ասած, հեռու է բավարար լինելուց: Գաղափարական աճի արագությունը, ես կասեի, զգալիորեն գերազանցում է կուլտուրական աճին: Հիշեք նախորդ ակտիվի ժողովը: Կլենսկին չգիտի ինչ է հոմանիշը: Տոլստիկովը առաջնորդողում, նկատեք` առաջնորդողո՜ւմ, նշում է. «…Ֆաբրիկայի ղեկավաությունը պարտավոր են վերացնել այդ անթույլատրելի ստատուս-քվոն…»: Ռեպեցկին գյուղատնտեսական առաջնորդողը վերնագրել է. «Դո՛ւրս հանենք ձվերը»… Ի՞նչ կասեք սրան:
– Մի քիչ ինտիմ է…
– Մի խոսքով: Դուք կարդացած մարդ եք, հումորի զգացում ունեք, ինքնատիպ ոճ: Ներքին զսպվածությունը, կարգապահությունն է մի քիչ պակասում… Ինչևէ, ժամանակն է, որ գործի անցնեք: Դուրս գաք, ինչպես ասում են, մեծ ժուռնալիստիկայի ասպարեզ: Մի հետաքրքիր նկատառում ունենք: Պայդեի շրջանից տեղեկացնում են, որ տառացիորեն այս օրերին… Մի խոսքով, ոմն Պեյպս ռեկորդային քանակի կաթ է տվել:
– Պեյպսը կո՞վն է:
– Պեյպսը կթվորուհին է: Ավելին` գերագույն խորհրդի պատգամավոր: Ռեկորդային ցուցանիշներ ունի: Երկու հարյուր լիտր, թե` երկու հազար, չեմ հիշում… Կարճ ասած, շատ է: Կճշտեք շրջկոմում: Հետևյալ գործողությունն ենք մտածել: Կթվորուհին զեկույցով դիմում է ընկեր Բրեժնևին: Ընկեր Բրեժնևը պատասխանում է. դա կհամաձայնեցնենք: Պետք է պատրաստել ընկեր Բրեժնևին ուղարկվելիք նամակը: Մասնակցություն ունենալ միջոցառումներին: Դրանք լուսաբանել մամուլում…
– Բայց էդ ամենը,- ասում եմ,- գյուղատնտեսական բաժնի գծով է:
– Կարևոր չէ: Կգնաք որպես հատուկ թղթակից: Այդպիսի հանձնարարությունն ամեն պատահածի վստահել չենք կարող: Սովորական թերթային կաղապարներն այստեղ անհարկի են: Մարդը պիտի երևա, հասկանո՞ւմ եք… Մի խոսքով, պետք է գործել: Գործուղում կստանաք, և՝ Աստված ձեզ հետ… Հեռագիր կտանք շրջկոմ… Հա՜, այսպիսի մի նկատառում էլ: Խմբագրական մրցույթի արդյունքներն ամփոփելիս ժյուրին նախապատվությունը տալու է սոցիալական առումով արժեքավոր նյութերին:
– Այսինքն:
– Այսինքն այն նյութերին, որոնք հասարակական նշանակություն ունեն:
– Մի՞թե թերթի բոլոր նյութերը հասարակական նշանակություն չունեն:
Տուրոնոկը աննկատելի գրգռվածությամբ նայեց ինձ:
– Ինչ-որ չափով` այո: Բայց դա կարող է ավելի կամ պակաս արտահայտվել:
– Ասում են` Լենինի դերը կատարելու համար ավելի շատ են վճարում, քան Օթելլոյի…
– Հնարավոր է: Եվ համոզված եմ, որ արդարացի է: Չէ՞ որ դերասանը հսկայական պատասխանատվություն է ստանձնում…
Ամբողջ խոսակցության ընթացքում տարօրինակ զգացում ունեի: Խմբագրի պահվածքում ինչ-որ անսովոր բան կար: Ու հանկարծ հասկացա՝ պատճառը պատռվածքն է, որ կարծես հավասարեցնում էր մեզ: Վերացնում էր նրա նոմենկլատուրային գերազանցությունը: Մեզ նույն հարթության վրա էր դնում… Ես համոզվեցի, որ մենք նման ենք: Ոչ երիտասարդ, հավաքագրված տղամարդիկ, միանման (պետք է բացեմ այդ փոքրիկ գաղտնիքը) երկնագույն վարտիքներով: Առաջին անգամ համակրանք զգացի Տուրոնոկի հանդեպ: Ասացի.
– Հենրի՛խ Ֆրանցևիչ, ձեր շալվարը ճղվել է:
Տուրոնոկը հանգիստ մոտեցավ հսկա հայելուն, կռացավ, հավաստիացավ ու ասում է.
– Աղավնյա՛կս, բարի եղեք… Թելը սեյֆում է… Ընկերական… Մի կերպ կարենք… Հո Պլյուխինային չե՞մ խնդրելու…
Վալյան խմբագրության սեքս-պրիման էր: Օպերային երգչուհու անգիր արած գեղգեղանքներով: Ու կծելու ապուշ սովորությամբ… Ասենք, նորից շեղվեցինք…
… Հո Պլյուխինային չե՞մ խնդրելու,- ասաց խմբագիրը:
Ահա, մտածում եմ, քո չարաճճի ենթագիտակցությունը:
– Արե՛ք, աղավնյա՛կս:
– Կարելո՞ւ իմաստով:
– Մի կերպ…
– Ճիշտն ասած, վարժ չեմ…
– Ոնց կստացվի: Ես պճնամոլ չեմ…
Կարճ ասած, կարեցի շալվարը: Ի՞նչ անեի…
Հետո մտա լաբորատորիա, Ժբանկովի մոտ:
– Հավաքվի՛,- ասում եմ- գնացի՛նք:
– Մի րոպե,- աշխուժացավ Ժբանկովը,- եկա: Մենակ թե` ունեցածս քառասուն կոպեկ է… Մեկ էլ Ժորան պարտք է յոթանասուն…
– Էդ չեմ ասում: Գործ կա:
– Գո՜րծ,- ծոր տվեց Ժբանկովը:
– Ի՞նչ է, քեզ փող պետք չի՞:
– Պետք է: Չորս ռուբլի` մինչև ավանս:
– Խմբագիրը երեք օրով գործուղում է առաջարկում:
– Ո՞ւր:
– Պայդե:
– Լա՜վ է, տառեխ կառնենք:
– Ասում եմ, չէ՞, գնացինք: Մենք թե խմբագիրը բաց թողի էս կազմով:
Ներքինով զանգում եմ Տուրոնոկին:
– Կարո՞ղ եմ Ժբանկովին վերցնել:
Խմբագիրը մտքի մեջ ընկավ:
– Դուք ու Ժբանկովը, ճիշտն ասած, վտանգավոր միացություն եք:
Հետո ինչ-որ բան հիշեց ու ասում է.
– Լա՛վ, ձեր պատասխանատվությամբ: Ու չմոռանաք` առաջադրանքը լուրջ է…

… Այդպես սկսվեց իմ վերելքը: Մինչ այդ սովետական ռուբլու պես էի: Բոլորը սիրում են, բայց էլ ընկնելու տեղ չկա: Դոլարը լրիվ ուրիշ է: Էնպիսի բարձրության է հասել ու ընկնո՜ւմ է, ընկնո՜ւմ է…
Ճամփորդությունը յուրօրինակ սկսվեց: Այն է` Ժբանկովը կատարելապես սթափ ժամանեց կայարան: Նույնիսկ միանգամից չճանաչեցի: Կոստյումով, մի տեսակ տրտո՜ւմ…
Նստեցինք, ծխեցինք:
– Կեցցե՛ս,- ասում եմ,- տեսքդ լավ է:
– Հասկանո՞ւմ ես, որոշել եմ թարգեմ: Թե չէ, ամեն ինչ քանդուքարափ է եղել: Ընտանիք կա, երեխաներ կան… Մեծս արդեն չորս տարեկան է: Լերան մանկապարտեզ էր գնացել, վարիչը մի գլուխ նրան է գովում: Զարգացած է, ասում է, գլուխն աշխատում է, աշխույժ տղա է, ձեռնաշարժությամբ է զբաղվում… Հորն է քաշել… Ոջիլի չափ բան է, իմացա՜ր, բայց խելքը կտրում է…
Ժբանկովի գլխավերևում զնգաց թղթակցական պայուսակը. գնացքը շարժվեց:
– Ի՞նչ ես կարծում,- հարցրեց Ժբանկովը,- բուֆետըդեռ բաց կլինի՞:
– Բայց մոտդ կա:
– Ինչի՞ց իմացար:
– Հենց նոր զնգաց:
– Կարող է` քիմիկատնե՞ր են:
– Հո չասի՜ր…
– Ճիշտն ասած, իհարկե` կա: Բայց պատկերացրու. առավոտվա վեցին ենք հասնելու: Խումհարից կուզե՞նք դուրս գանք: Ո՞նց: Խանութները փակ են: Վակուո՜ւմ: Ձայն բարբառո…
– Բայց շրջկոմի քարտուղարը պիտի դիմավորի:
– Կեսլիտրանոցով, հա՞: Չգիտի, չէ՞, ո՜վ ենք, ի՜նչ ենք:
– Էն ո՞վ էր ասում՝ թողելու եմ…
– Ժամանակավոր էի ուզում: Արդեն համարյա մի օր է անցել: Դարաշրջա՜ն…
– Բուֆետը հո՛ աշխատում է,- ասում եմ:
Անցնում էինք վագոններով: Կուպեներում խաղաղ էր: Գորշ գորգուղյակները խլացնում էին ոտնաձայները: Ընդհանուր վագոններում ստիպված էինք մի գլուխ ներողություն խնդրել` լոնքելով պարկերի, արկղերի մրգով զամբյուղների վրայով:
Երկու անգամ ճանապարհեցին առանց չարության մայր հայհոյելով: Ժբանկովն ասաց.
– Իսկ ուշունց տալն, ի դեպ, պարտադիր չի:
Փակ հարթակները գվվում էին ցուրտ քամուց: Անցատեղերում, ցածրադիր ալյումինե բռնակներով ծանր դռների արանքում, դղրդոցն ուժեղանում էր:
Ռեստորանում հաճախորդները քիչ էին: Պատուհանի տակ երկու կարմրտակած լեյտենանտ էին նստել: Գլխարկները սեղանին էին: Մեկը բորբոքված ասում էր մյուսին.
– Ո՞ւր է հաշվարկի գիծը, Վի՛տյա: Հաշվարկի գիծ է պետք: Առանց հաշվարկի գծի, դու էլ գիտես…
Զրուցակիցն առարկում էր.
– Փաստը կա՞ր: Կա՛ր… Իսկ փաստը… փաստ է… Փաստի դեմ, ոնց որ ասած, ընիքը…
Անկյունում մի հրեական ընտանիք էր տեղավորվել: Գեղեցիկ թմբլիկ աղջնակը գդալը փաթաթում էր սփռոցի ծայրով: Տղան, որ մի քիչ մեծ էր նրանից, շուտ-շուտ նայում էր ժամացույցին: Հայրն ու մայրը կամացուկ զրուցում էին:
Տեղավորվեցինք վաճառասեղանի մոտ: Ժբանկովը լուռ էր, հետո արտահայտիչ շշուկով ասում է.
– Սե՛րժ, բացատրի, ինչի՞ են ատում հրեաներին: Ասենք` Քրիստոսին խաչել են: Իհարկե, իզուր են արել: Բայց քանի՜ տարի է անցել… Համ էլ տես… Ասում են` հրեանե՜ր, հրեանե՜ր… Վագինը ռուս է, Տոլստիկովը ռուս է: Ու Քրիստոսին էլ չէին խաչի, է՜: Ողջ-ողջ կուտեին… Այ թե ուր է պետք ուղղել հակասեմիտիզմը: Տոլստիկովի ու Վագինի դեմ: Ես դրանց նմանների հանդեպ ահավոր հակասեմիտիզմ ունեմ: Իսկ դո՞ւ:
– Բնականաբա՛ր:
– Այ թե մարդ հակասեմիտիզմով Տոլստիկովի վրա գնար: Եվ ընդհանրապես… Բոլոր կուսակցականների…
– Հա՜,- ասում եմ,- վատ չէր լինի… Բայց մի գոռա:
– Ընդ որում, ուշադրություն դարձրու… Տեսնո՞ւմ ես, չորս հոգի նստած են: Մի՛ շրջվի: Ոնց որ թե` նստած են, էլի՜, բայց ինչ-որ բան ինձ կատաղացնում է: Մերոնք սիրտ կթափեին, կնստեին մեջը ու՝ ոչինչ, օ’քեյ: Էն էրկու ապուշը պատուհանի մոտ իրանց կոտորում են` նորմալ է: Իսկ սրանք հանգիստ նստել են, բայց, չգիտես ինչի, չարանում եմ: Գուցե նրանից է, որ լա՞վ են ապրում: Բայց ախր ես էլ վատ չէի ապրի: Թե որ էդ անիծված արաղը չըլներ: Հա՜, բայց տանտերե՞րն ուր են կորել…
Մեկը ասում էր.
– Արժեքների սանդղակ է պետք, Վի՛տյա: Իսկական արժեքների սանդղակ: Գումարած` հաշվարկի կետը: Իսկ առանց արժեքների սանդղակի ու հաշվարկի կետի, ինքդ մտածիր…
Մյուսը առաջվա պես առարկում էր.
– Կա՞ փաստը, Կո՛լյա: Իսկ փաստը, ոնց էլ նայես, փաստ է: Փաստը իրականությունն է, Կո՛լյա: Այսինքն` փաստացին…
Աղջնակը զնգոցով գցեց թեյի գդալը: Ծնողները ցածրաձայն հանդիմանեցին: Տղան նայեց ժամացույցին…
Հայտնվեց բուֆետապանուհին` հատակի մածուկի գույնի խոպոպներով: Հետևից` մատուցողը` սկուտեղը ձեռքին: Սպասարկեց հրեական ընտանիքին:
– Բա ո՜նց,- նեղացավ Ժբանկովը,- հրեաները միշտ առաջինն են…
Հետո մոտեցավ վաճառասեղանին:
– Մի շիշ օղի, իհարկե… Ու թեթև մի բան, բրուդերշաֆտի կարգի…
Մենք բաժակներն իրար խփեցինք, խմեցինք: Գնացքը ժամանակ առ ժամանակ արգելակում էր: Ժբանկովը բռնում էր շիշը: Հետո` երկրորդը:
Վերջապես նա բորբոքվեց, վարդագունեց ու բավական անտանելի դարձավ.
– Ծերո՜ւկ,- գոռում էր,- ես, ախր, հեռուստաօբյեկտիվով եմ աշխատում: Հասկանո՞ւմ ես` հեռուստաօբյեկտիվով: Ես բնատուր գեղանկարիչ եմ: Բայց նկարածս ապուշություն է: Մռութները օբյեկտիվում չեն տեղավորվում… Էս քանի օրը մեկին նկարեցի: Մի ութ կիլո շքանշան կունենար: Փայլում են, լույս են տալիս, ոնց որ արևի տակ… Հոգիս դուրս էկավ, չես պատկերացնի: Ու ընդամենը վեց ռուբլի` նկարի համար: Վե՜ց ռուբլի: Կխնդրեին, չէ՜, Այվազովսկուն` վեց ռուբլով բուռլակներ նկարի… Ես ախր նկարի՜չ եմ…
Արդեն ժամը մեկն էր: Ժբանկովին դժվարությամբ հասցրի կուպե: Մի կերպ պառկեցրի: Ասպիրինի հաբ տվի:
– Թո՞ւյն է,- հարցրեց Ժբանկովն ու լաց եղավ:
Ես պառկեցի ու շրջվեցի դեպի պատը:
Ուղեկցորդը մեզ արթնացրեց կանգառից տասը րոպե առաջ:
– Քնե՜լ եք, իսկ մենք Ըխյան անցանք,- դժգոհ ասաց նա:
Ժբանկովն անշարժում ու երկար նայում էր տարածության մեջ: Հետո ասաց.
– Ուղեկցորդները որ հավաքվում են, մեկը մյուսին երևի ասում է. «Մարդուն ամեն ինչ կարող եմ ներել: Բայց եթե մեկը քնել-մնացել է, ու Ըխյան ենք անցնում, կյանքում չեմ ների…»:
– Վեր կաց,- ասում եմ,- ախր մեզ դիմավորելու են: Արի գոնե մռութներիս ջուր տանք:
– Մի տաք բա՜ն լիներ,- երազանքի գիրկն ընկավ Ժբանկովը:
Ես վերցրի սրբիչը, ատամի խոզանակն ու օճառը: Հանեցի ածելին:
– Ո՞ւր:
– Ոչխարը մորթեմ,- ասում եմ,- տաք բան էիր ուզում, չէ՞…
Երբ վերադարձա, Ժբանկովը կոշիկներն էր հագնում: Այն է` փիլիսոփայական խոսակցություն էր սկսելու. «Էրեկ էդ ինչքա՜ն խմեցինք…»: Բայց ընդհատեցի:
Արդեն մոտենում էինք: Պատուհանից այն կողմ գծագրվեց կայարանային բնապատկերը: Նախապատերազմական շինություն, ձանձրալի պատուհաններ, լույսով լեցուն ժամացույց…
Իջանք կառամատույց, խոնավ էր ու մութ:
– Կարծես թե շեփորներ չեն հնչում,- ասում է Ժբանկովը:
Բայց ձեռքերը բարեկամաբար թափահարելով` արդեն մեր կողմն էր շտապում մի բարձրահասակ, գործնական տեսքով տղամարդ:
– Ընկերները խմբագրությունի՞ց են,- ժպտալով հետաքրքրվեց նա:
Ասացինք մեր ազգանունները:
– Շնորհ արեք:
Զուգարանի մոտ,- հետաքրքիր է, կայարանային արտաքնոցների ճարտարապետությունն ինչո՞ւ է այդքան հիշեցնում Ռաստրելիի գլուխգործոցները,- կանգնած էր մեքենան: Կողքին դոփդոփում էր մի թիկնեղ ու թիկնոցավոր տղամարդ:
– Շրջկոմի քարտուղար Լիիյվակ,- ներկայացավ նա:
Մեզ դիմավորողը, պարզվեց, վարորդն էր: Երկուսն էլ համարյա առանց առոգանության էին խոսում: Հավանաբար վոլոսովյան էստոնացիներից էին…
– Նախևառաջ նախաճաշել,- հայտարարեց Լիիյվակը:
Ժբանկովը նկատելի աշխուժացավ:
– Բայց ախր փակ է,- կեղծավոր-համեստ ասաց նա:
– Մի բան կմտածենք,- հավաստիացրեց շրջկոմի քարտուղարը:
Էստոնական ոչ մեծ քաղաքները հարմարավետ ու բարեհամբույր են: Վաղ առավոտյան Պայդեն կատարելապես մեռյալ էր թվում, ասես նկարած լիներ: Աղջամուղջի մեջ թրթռում էին երկնագույն նեոնային տառերը:
– Ինչպե՞ս հասաք,- հարցրեց Լիիյվակը:
– Առանց արկածների,- ասում եմ:
– Հոգնե՞լ եք:
– Բոլորովին:
– Ոչինչ, կհանգստանաք, կնախաճաշեք…
Անցանք կենտրոնը, որտեղ տուբերկուլյոզային հիվանդանոցն ու շրջկոմի դեղին շենքն էին: Հետո նորից հայտնվեցինք նեղլիկ մերձքաղաքային փողոցների հորիզոնական լաբիրինթոսում: Երկու-երեք կտրուկ շրջադարձ, և կրկին խճուղում ենք: Ձախից` անտառ: Աջից` հարթ ափն ու ջրի առկայծող հայելին:
– Էս ո՞ւր ենք գնում,- շշնջաց Ժբանկովը,- կարող է դրանց սթափարա՞նն է էդտեղ:
– Հասնում ենք,- կարծես նրա մտքերը գուշակեց Լիիյվակը,- էստեղ հանգստյան տան պես մի բան ունենք: Այցելուների սահմանափակ շրջանակով: Հյուրերի համար…
– Էդ եմ ասում, էլի՜,- ուրախացավ Ժբանկովը:
Մեքենան արգելակեց ափին, միհարկանի շինության մոտ: Սպիտակ տախտակե պատեր, արդեն ձանձրացրած ակոսավոր տանիք, ավտոկայանատեղի… Ծխնելույզից, պատկերն ամբողջացնելով, ծույլ-ծույլ բարձրանում էր ծուխը: Դռներից դեպի փոքրիկ նավամատույցը տանող ցեմենտե աստիճաններ: Կառանատեղի մոտ, փոքր-ինչ թեքված, ճերմակին է տալիս առագաստանավի շեղբը:
– Ահա՛,- ասաց Լիիյվակը,- Ծանոթացե՛ք:
Շեմին կանգնած էր բրեզենտե բաճկոնով ու ջինսով երեսնամյա երիտասարդ մի կին: Շարժուն, բարեհամբույր, փոքր-ինչ կապկանման դեմք ուներ, մթին աչքեր ու համաչափ, խոշոր ատամներ:
– Բելլա Տկաչենկո,- ներկայացավ նա,- կոմերիտմիության շրջկոմի երկրորդ քարտուղար:
Ես ասացի ազգանունս:
– Լուսանկարիչ Ժբանկով Միխայիլ,- ցածրաձայն վրա բերեց Ժբանկովն ու շխկացրեց մաշված կրունկները:
– Բելլա Կոնստանտինովնան ձեր տանտիրուհին է,- քնքշաձայն ասաց Լիիյվակը,- հենց այստեղ էլ կհանգստանաք… Երկու ննջարան, աշխատասենյակ, ֆիննական բաղնիք, հյուրասենյակ… Մարզագույք ունենք, փոքրիկ գրադարան… Ամեն ինչ նախատեսված է, ինքներդ կտեսնեք…
Հետո ինչ-որ բան ասաց էստոներեն:
Բելլան գլխով արեց ու կանչեց.
– Է՛վի, տուլե սիննե:
Անմիջապես հայտնվեց շառագունած, շատ ջահել մի աղջիկ` անթև շապիկով ու կարճ շալվարով: Ձեռքերը մրոտ էին:
– Էվի Սաքսոն,- ներկայացրեց Լիիյվակը,- շրջանային երիտասարդական թերթի թղթակից:
Էվին ձեռքերը թաքցրեց հետևը:
– Ձեզ չեմ խանգարի,- ժպտաց քարտուղարը:- Ծրագիրն ընդհանուր առմամբ այսպիսին է: Կհանգստանաք, կնախաճաշեք: Երեքին սպասում եմ շրջկոմում: Կկնքեմ ձեր գործուղման թերթիկները: Կծանոթանաք հերոսուհու հետ: Անհրաժեշտ տվյալները կտանք: Առավոտյան նյութը պիտի պատրաստ լինի: Իսկ հիմա խնդրում եմ ներեք, գործե՜ր…
Շրջկոմի քարտուղարն առույգ ցած վազեց աստիճաններով: Վայրկյան անց աշխատեց շարժիչը: Անհարմար լռություն տիրեց:
– Ներս անցեք, ինչի՞ եք կանգնել,- սթափվեց Բելլան:
Մտանք հյուրասենյակ: Պատուհանի դիմաց կրակն էր առկայծում կանաչ հախճապակե սալիկներով զարդարված բուխարու մեջ: Անկյուններում ցածր ու խոր բազկաթոռներ էին:
Մեզ ուղեկցեցին ննջարան: Երկու ընդարձակ անկողինները ծածկված էին ուղտաբրդի վանդականախշ ծածկոցներով: Պահարանիկի վրա, առաստաղին անհաստատուն վարդագույն լույս գցելով, վառվում էր ծանր, շառագույն աշտանակը:
– Ձեր օթևանը,- աաց Բելլան:- Քսան րոպեից եկեք նախաճաշելու:
Ժբանկովը զգույշ նստեց մահճակալին: Չգիտես ինչու` հանեց կոշիկները: Վախեցած ասաց.
– Սե՛րժ, էս ո՞ւր ենք ընկել:
– Ինչ կա որ: Պարզապես առաջադիմում ենք:
– Ո՞ր իմաստով:
– Պատասխանատու առաջադրանք ենք ստացել:
– Տեսա՞ր ինչ աղջիկներ են: Շշմելու աղջիկներ են: Սրանց նմանը ԳՈՒՄ-ում էլ չեմ տեսել: Քեզ ո՞րն է դուր գալիս:
– Երկուսն էլ` ոչինչ…
– Իսկ գուցե սադրա՞նք է:
– Այսի՞նքն…
– Դու դրան, իմացա՛ր, հոպ…
– Հետո՞:
– Իսկ քեզ դրա համար` մենթանոց:
– Բայց ինչի՞ միանգամից` հոպ:
– Բա ո՞նց:
– Հանգստացի, զրուցիր…
– Ի՞նչ է նշանակում` զրուցիր…
– Զրույցն էն է, որ խոսում են:
– Հա՜-ա՜,- ասաց Ժբանկովը:
Նա հանկարծ չորեքթաթ կանգնեց ու նայեց մահճակալի տակ: Հետո երկար ու կասկածամտորեն զննում էր խրոցի վարդակը: Հարցնում եմ.
– Ի՞նչ ես անում:
– Խոսափող եմ փնտրում: Էստեղ հաստատ խոսափող պիտի լինի: Լսող սարք: Մի ծանոթ հարբեցող է պատմել:
– Հետո կգտնես: Նախաճաշի ժամանակն է:
Արագ լվացվեցինք: Ժբանկովը նոր վերնաշապիկ հագավ:
– Ի՞նչ ես կարծում,- հարցրեց,- կես լիտր դնե՞նք:
– Մի՛ վռազի,- ասում եմ,- Կարծես ունեն: Համ էլ շրջկոմ ենք գնալու:
– Չեմ ասում` խմենք-ցխվենք: Էնպես, բրուդերշաֆտ…
– Մի՛ վռազի,- ասում եմ:
– Մի բան էլ,- խնդրեց Ժբանկովը,- շատ խելոք զրույցներ չսկսես: Պատահում է` Շաբլինսկու հետ խմելիս ամբողջ իրիկունը մի գլուխ` «Եռակերպությո՜ւն, եռակերպությո՜ւն…»: Արի կլինի` մի թեթև բան ասա… Սերգեյ Եսենին, հայկական ռադիո… Թերթերից որևէ բան…
– Լա՛վ,- ասում եմ,- գնացինք:
Սեղանը հյուրասենյակում էին բացել: Կենտկոմի բաշխիչի ստանդարտ տեսականի. թանկարժեք երշիկ, խավիար, թյունոս, շոկոլադով զեֆիր:
Աղջիկները շորերը փոխել` բացգույն կոֆտաներով ու նորաձև կիսակոշիկներով էին:
– Նստեք,- աաց Բելլան:
Էվին վերցրեց մատուցարանը;
– Խմել ուզո՞ւմ եք:
– Բա ո՞նց,- ասաց ընկերս:- Թե չէ մարդավարի չի:
Էվին մի քանի շիշ բերեց:
– Կոնյակ, ջին` տոնիկով, գինի,- առաջարկեց Բելլան:
Ժբանկովը հանկարծ լարվեց ու ասում է.
– Պարդո՛ն, ես էս կոնյակը գիտեմ… Կոչվում է ԿՎՆ… Թե՞ ՆԿՎԴ…
– ԿՎՎԿ,- ուղղեց Բելլան:
– Նույն զիբիլն է… Գինը` տասնվեց ու քսան… Էդքանով երեք շիշ արաղ կառնես:
– Մի՛ անհանգստացեք,- հորդորեց Բելլան:
Իսկ Էվին հարցրեց.
– Դուք հարբեցո՞ղ եք:
– Հա,- հստակ պատասխանեց Ժբանկովը,- բայց` չափավոր…
Ես կոնյակ լցրի:
– Հանդիպման կենացը,- ասում եմ:
– Հաճելի հանդիպման կենացը,- ավելացրեց Բելլան:
– Գնացի՛նք,- ասաց Ժբանկովը:
Լռություն տիրեց, որն ընդմիջվում էր դանակ-պատառաքաղի զնգոցով…
– Որևէ հետաքրքիր բան պատմեք,- խնդրեց Էվին:
Ժբանկովը ծխախոտ վառեց ու սկսեց.
– Կյանքն, աղջիկնե՛ր, ըստ էության գեղադիտակ է: Էսօր` մի բան, վաղը` ուրիշ: Էսօր խմում ես, վաղը մեկ էլ ոտերդ տնկեցիր… Հիշո՞ւմ ես, Սե՛րժ, դիակների պատմությունը:
Բելլան առաջ մղվեց.
– Պատմե՛ք:
– Հեռուստատեսության տնտեսվարն էր մեռել` Իլվեսը: Թե՞ տնօրենն էր, չեմ հիշում: Դե, մեռել է` մեռել է… Ճիշտ էլ արել է, մի խոսքով… Թաղում ենք ոնց որ կարգն է… Հեռուստատեսության տղերքն են եկել: Հեռարձակում է… Ճառեր, բնականաբար… Սկսեցին հրաժեշտ տալ: Ես էլ եմ մոտենում ու տեսնեմ` Իլվեսը չի… Ի՞նչ է, Իլվեսին չե՞մ ճանաչում… Մի հարյուր անգամ նկարել եմ: Իսկ դագաղում կողմնակի մարդ է պառկած:
– Կենդանի՞,- հարցրեց Բելլան:
– Ինչի՞ կենդանի: Իսկականից մեռած, ոնց որ պետքն է: Մենակ թե` Իլվեսը չի: Պարզվում է` դիարանում փոխս են գցել:
– Իսկ ինչո՞վ վերջացավ ,- հարցրեց Բելլան:
– Դրանով էլ վերջացավ: Թաղեցին օտար մարդուն: Հո հեռարձակումը չէի՞ն ընդհատելու: Իսկ գիշերը դագաղները փոխեցին… Եվ ընդհանրապես, ի՞նչ տարբերություն: Էությունը մեկն է, մենակ թե տարբեր… ո՞նց ասեմ…
– Եռակերպությամբ,- հուշեցի ես:
Ժբանկովը բռունցքով սպառնաց:
– Սարսափելի՜ է,- ասաց Բելլան:
– Էդպիսի՞ բաներ են պատահում,- ոգևորվեց Ժբանկովը:- Այ հիմա պատմեմ, թե ոնց էր մեկը կախվել… Բայց նախ խմենք:
Ես լցրեցի կոնյակի մնացորդը: Էվին ափով փակեց իր ըմպանակը:
– Արդեն հարբել եմ:
– Ոչ մի արդեն,- ասաց Ժբանկովը:
Աղջիկներն էլ ծխախոտ վառեցին: Ժբանկովը սպասեց, որ լռություն տիրի ու շարունակեց.
– Իսկ թե ոնց մեկը կախվեց, մաքուր անեկդոտ է: Մարդը խմելուց աչք չէր բացում: Կնիկը, բնականաբար, առավոտից իրիկուն սղոցում էր: Եվ ահա մարդը որոշեց կախվել: Լրի՛վ չէ, ձևական: Կարճ ասած, թատրոն էր: Կինը գնաց գործի: Իսկ նա տաբատակալներով կախ ընկավ ջահից ու մնաց: Լսում է` ոտնաձայներ են: Կինն է գործից գալիս: Աչքերը գցեց ճակատը: Ձևի համար, բնականաբար: Բայց եկողը կինը չէր: Ութսուն տարեկան հարևանուհին էր, գործով: Մտնում է. մարդը` կախված…
– Սարսափելի՜ է,- աաց Բելլան:
– Պարզվեց` պինդ պառավ է: Ի՜՞նչ ուշաթափություն… Հակառակը, մոտեցավ, սկսեց գրպանները թափ տալ: Մարդը խուտուտ առավ: Ու մի ծիծա՜ղ է բռնել: Էստեղ պառավը հոպ ու` անջատվեց: Վերջը եկավ: Իսկ սա կախված է: Չի կարողանում իջնի: Գալիս է կինը: Տեսնում է` ինչ կատարվում: Տատին` հոգոց հանգուցելոց, մարդը` կախված: Կինը վերցնում է խոսափողը, զանգում. «Վա՛սյա, մեր տանը հազար ու մի գիշերն է… Բայց հո՛ արդեն ազատ եմ… Արի՛…»: Իսկ ամուսինն ասում է. «Ես դրան հիմա նե՜նց կգամ… Ես էդ պիդառածի աչքերը կհանեմ…»: Էստեղ կինն էլ է անջատվում: Ու էլի` հոգոց հանգուցելոց…
– Ահավո՜ր է:
– Էդպիսի՞ բաներ են պատահում,- ասաց Ժբանկովը,- եկեք խմենք:
– Բաղնիքը պատրաստ է,- ասաց Էվին:
– Էդ ի՞նչ է, պիտի հանվե՞նք,- փողկապը շտկելով` տագնապեց Ժբանկովը:
– Իհարկե,- ասաց Բելլան:
– Ոտըդ,- ասում եմ,- կարող ես արձակել:
– Ի՞նչ ոտ:
– Փայտե:
– Ի՞նչ,- ճչաց Ժբանկովը:
Հետո կռացավ ու քշտեց փողքերը: Նրա զորեղ, կապտավուն սրնքամկանները պրկված էին խայտաղղետ, հնաոճ ռետինե կապիչներով:
– Ես մինչև հիմա ֆուտբոլ եմ խաղում,- չէր հանդարտվում Ժբանկովը:- Մի պարապուտ ունենք… Էրեխեքը գնդակ են տշում… Պատահում է, խումհար ես, դուրս ես գալիս…
– Բաղնիքը պատրաստ է,- ասաց Էվին:
Հայտնվեցինք նախաբաղնիքում: Աղջիկներն անհետացան վարագույրի հետևը: Ժբանկովը քրթմնջաց.
– Դե, Սե՛րժ, հոգիներս թռան դրախտ:
Արագ հանվեց` զինվորավարի: Մնաց լայնարձակ սատինե վարտիքով: Կրծքին կապտին էր տալիս վառոդի դաջվածքը: Շիշ, բաժակ, կանացի կիսադեմ ու սրտի մեկնոց: Իսկ կենտրոնում` սլավոնական զարդագրով մակագրություն.
«Ահա թե ինչը ինձ կործանեց»:
– Գնացի՛նք,- ասում եմ:
Նեղլիկ, որպես խրճիթ ոճավորված արկղում անտանելի շոգ էր: Ջերմաչափը ցույց էր տալիս իննսուն աստիճան: Ստիպված էինք ջուր շփել շիկացած տախտակներին:
Աղջիկների հագին երկուական ժամանակակից, վառ, նեղլիկ ու հուզիչ լաթի կտոր էր:
– Կանոնները գիտե՞ք,- ժպտաց Բելլան:- Մետաղյա իրերը հանեք: Կարող է վառել…
– Ի՞նչ իրեր,- հարցրեց Ժբանկովը:
– Հերակալներ, սեղմակներ, քորոցներ…
– Իսկ ատամնե՞րը,- հարցրեց Ժբանկովը:
– Ատամները կարելի է թողնել,- ժպտաց Բելլան:
Հետո խնդրեց.
– Էլի որևէ բան կպատմե՞ք:
– Էս վայրկյանիս: Կպատմեմ, թե ոնց մեկը մի ամբողջ հարսանիք կեղտախեղդ արեց…
Աղջիկները վախեցած սսկվեցին:
– Ընկերս կոյուղազտիչ բեռնատար էր քշում: Մի խոսքով, էդ զիբիլն էր մաքրում… Ու մի հույժ գրագետ ընկերուհի ուներ: Քեզանից, ասում է, գեշ հոտ է գալիս: Իսկ նա, թե` ուրիշ ճար չկա: Բայց հո՛, ասում է, լավ են վճարում: Գնայիր տաքսի քշելու` աղջիկն է ասում: Իսկ էնտեղ ինչքա՞ն փող կաշխատես: Ծտի քամակի չա՞փ… Անցավ մի տարի: Աղջիկն ընկեր գտավ: Անհո՛տ: Իսկ ընկերոջս ասում է` Վերջ: Էլ քեզ չեմ սիրում: Պը՛րծ… Իհարկե, ծանր է տանում ընկերս: Իսկ նրանք` հարսանիք են անում: Վարձել են հասարակական ճաշարանը, քեֆ է… Արդեն գիշերվա կողմն է… Էստեղ ընկերս մոտենում է իր քաքատարով, պարդո՛ն… Բացում է օդանցքը, խողովակը խցկում ներս ու պոմպը միացնում… Ցիստեռնի մեջ էդ բարիքից մի չորս տոննա կա… Հյուրերը մինչև ծնկները էդ բանի մեջ են: Աղմուկ, աղաղակ, էս էլ քեզ՝ համբո՜ւյր… Միլիցիան եկավ… Հասարակական ճաշարանը ստիպված փակեցին: Իսկ ընկերս օրինական յոթնոց ստացավ… Էսպիսի բաներ…
Աղջիկները լուռ էին ու շփոթված: Ես անտանելի տառապում էի շոգից: Ժբանկովը երանության գագաթին էր:
Այդ ամենը սկսեց ձանձրացնել: Ալկոհոլը կամաց-կամաց ցնդում էր: Նկատեցի, որ Էվին ինձ է նայում: Պարզ չէր` վախո՞վ, թե՞ հարգանքով: Ժբանկովը տաք-տաք ինչ-որ բան էր շշնջում Բելլա Կոնստանտինովնային:
– Վաղուց ե՞ս թերթում:
– Վաղուց,- ասաց Էվին,- չորս ամիս:
– Դուրըդ գալի՞ս է:
– Հա, շատ է դուր գալիս:
– Իսկ մինչև է՞դ:
– Ի՞նչը:
– Մինչև էդ որտե՞ղ էիր աշխատում:
– Չէի աշխատում: Դպրոցում էի սովորում:
Մանկական բերան ու աղվամազի խոպոպիկ: Արագ էր խոսում, բարեխիղճ, մի քիչ շնչակտուր: Կոշտ էստոնական առոգանությամբ: Երբեմն միայն մի փոքր աղճատում էր ռուսերեն բառերը:
– Քեզ ի՞նչն է տարել թերթ:
– Ինչի՞ որ:
– Ստիպված շատ ես ստում:
– Չէ: Սրբագրություն եմ անում: Ինքս դեռ չեմ գրում: Մի հոդված էի գրել, ասեցին` վատ է…
– Ինչի՞ մասին:
– Սեքսի:
– Ինչի՞:
– Սեքսի: Կարևոր թեմա է: Հատուկ ամսագրեր ու թերթեր են պետք: Մարդիկ, մեկ է, սեքս անում են, մենակ թե լիքը բան ճիշտ չի…
– Իսկ դու ճիշտը գիտե՞ս:
– Հա՛: Հա հատուկ ամուսնացել էի:
– Իսկ ո՞ւր է ամուսինդ:
– Խեղդվեց: Կոնյակ խմեց ու խեղդվեց: Տարտուումէր սովորում, քիմիայի գծով:
– Կներե՛ս,- ասում եմ:
– Ես քո շատ հոդվածներ կարդացել: Շատ ծիծաղելի բան կա: Ու շատ են բազմակետերը… Լրիվ բազմակետ… Կուզեի Տալլինում աշխատեմ: Էստեղինը շատ փոքրիկ թերթ…
– Ամեն ինչ դեռ առջում է:
– Ես գիտեմ` ինչ ասեցիր թերթի մասին: Շատերը էն չեն գրում, որ կա: Ես էդպես չեմ սիրում:
– Իսկ ի՞նչ ես սիրում:
– Բանաստեղծություն եմ սիրում, բիթլզ եմ սիրում… Ասե՞մ` էլ ինչ:
– Ասա՛:
– Մի քիչ քեզ եմ սիրում:
Թվաց` սխալ լսեցի: Չափազանց անսպասելի էր: Մտքովս չէր անցնի, որ այդքան հեշտ է ինձ շփոթեցնել…
– Դու շատ գեղեցիկ ես:
– Ո՞ր իմաստով:
– Տեղով Օմար Շարիֆ:
– Օմար Շարի՞ֆն ով է:
– Օ՜, Շարիֆը: Շարիֆը վերջն է…
Ժբանկովը հանկարծ վեր կացավ: Իրեն քաշեց դուռը: Ցեմենտե աստիճաններով դժվարությամբ, բայց արագ նետվեց դեպի գետը: Մի պահ կանգ առավ: Թափահարեց ձեռքերը: Գազանային, անվայելուչ ոռնոց արձակեց ու փլվեց ջրի մեջ…
Փայլփլուն ցայտերի շատրվան բարձրացավ: Խռովված գետի հատակից ինչ-որ աղբ ելավ` տուփեր, ծուռտիկ կոճղեր…
Երեք վայրկյանի չափ չէր երևում: Հետո դուրս լողաց սև, խելառ գլուխը` մի ամսական շան լակոտի անմիտ աչքերով: Ժբանկովն օրորվելով ափ ելավ: Նիհար ազդրերին քանդակեն ծեփվել էր երկար բանակային վարտիքը:
Վազքով ու «Լա՜վ է, ախպերնե՛ր, լավ է…» երգելով երկու պտույտ արեց քոթեջի շուրջը, ապա նստեց թարեքին ու ծխախոտ վառեց:
– Հը, ո՞նց էր,- հարցրեց Բելլան:
– Նորմալ,- պատասխանեց լուսանկարիչը` վարտիքի ռեզինը խուլ թպպացնելով փորին:
– Իսկ դո՞ւք,- դառնալով ինձ` հարցրեց Բելլան:
– Նախընտրում եմ ցնցուղը:
Հարևան շենքում ցնցուղարան կար: Ցայվեցի ու սկսեցի հագնվել:
«Տասնյոթամյա գավառական հիմարի՜կ,- կրկնում էի ես,- երեք բաժակ կոնյակ է խմել ու խելքը թռցրել…»:
Գնացի հյուրասենյակ, ջին-տոնիկ լցրի:
Դրսից աղաղակներ ու ջրի ճողփյուն էր լսվում:
Շուտով հայտնվեց Էվին` շառագունած, թաց լողազգեստով:
– Դու չա՞ր ես իմ վրա:
– Բոլորովի՛ն:
– Տեսնում եմ… Արի քեզ համբուրեմ…
Ես նորից շփոթվեցի: Այն էլ իմ կենսափորձո՜վ…
– Վատ խաղ ես սկսել,- ասում եմ:
– Ես քեզ չեմ խաբում:
– Բայց մենք վաղը գնում ենք:
– Նորից կգաս…
Մոտեցա նրան: Փորձեք ողջամիտ մնալ, երբ ձեր կողքին տասնյոթամյա աղջնակ է, որ հենց նոր է ելել ծովից: Ավելի ճիշտ` գետից…
– Էդ ի՞նչ ես անում: Ի՞նչ ես անում,- հարցնում եմ:
– Էսպես միշտ համբուրվում է Ջուդի Հարլանդը,- ասաց Էվին:- Մեկ էլ` էսպես…
Հետաքրքիր արարած է մարդը: Թե՞ մենակ ես եմ էդպիսին: Գիտես, որ ստախոսություն է, պարզունակ շրջկոմական փչոց ու կեղծիք, այն էլ` հոլիվուդյան նստվածքով. ամեն ինչ գիտես ու երջանիկ ես, տղեկի պես…
Էվին սուր թիակներ ուներ, ողնաշարը` պաղ ծովաքարեր… Կամացուկ ծկլթում ու դողում էր… Փխրուն խայտաբղետ թիթեռնիկ` կիսափակ բռունցքի մեջ…
Այստեղ գոռոց լսվեց.
– Պարդո՜ն:
Դռան մեջ տնկվել էր Ժբանկովը: Ես բաց թողեցի Էվիին:
Ժբանկովը մի շիշ օղի դրեց սեղանին: Ըստ երևույթին, արդեն իր պաշարներն էր ծախսում:
– Արդեն ժամը մեկն է,- ասացի,- մեզ սպասում են շրջկոմում:
– Ինչ գիտակի՜ցն ես,- քմծիծաղեց Ժբանկովը:
Էվին գնաց հագնվի: Բելլա Կոնստանտինովնան նույնպես փոխել էր հագուստը: Հիմա հագին անպաճույճ, հաշվետու-ընտրական կոստյում էր:
Եվ այստեղ ես մտածեցի. ա՜խ, եթե չլիներ էդ շրջկոմը, էդ կատաղած կովը չլիներ… Ապրե՜ր մարդ էստեղ ու` ոչ մի պատասխանատու առաջադրանք… Առագաստանավ, գետակ, օրիորդներ… Թող խաբեն, թող սեթևեթեն, զեղչած հոլիվուդյան աստղեր ձևանան… Ի՜նչ երջանկություն է կանացի ձևացումը… Գուցե ես հենց այդպիսի բաների համա՞ր եմ աշխարհ եկել… Երեսունչորս տարեկան եմ ու՝ ո՛չ մի, ո՛չ մի անհոգ օր… Գոնե մի օր ապրես առանց մտքերի, հոգսերի ու տխրության… Չէ՜, պատրաստվի, որ գնաս շրջկոմ… Որտեղ ժամացույց կա, դիմանկարներ, միջանցքներ, լրջության անվերջ խաղ…
– Մարդի՜կ, երկրորդ շնչառությունս է բացվել,- հայտարարեց Ժբանկովը:
Օղի լցրի: Ինձ` լիքը: Էվին հպվեց թևիս.
– Հիմա մի խմի… Հետո…
– Բան չկա՜:
– Քեզ Լիիյվակն է սպասում:
– Ամեն ինչ լավ կլինի:
– Ի՞նչ է նշանակում` կլինի,- զայրացավ Ժբանկովը:- Ամեն ինչ արդեն լավ է: Երկրորդ շնչառությունս է բացվել: Առա՛ջ:
Բելլան միացրեց ռադիոընդունիչը: Ցածր բարիտոնն ինչ-որ անտանելի արդիական բաներ էր բղավում.

Ճշմարտություն չես գտնի այս աշխարհում փոթորկոտ,
Ակնթարթը միայն կա. պահիր վայրկյանը մի պահ:
Լույսի մի շող` անցյալի ու գալիքի արանքում:-
Հենց դա ենք մենք կոչում կյանք:

Խմեցինք ու նորից խմեցինք: Էվին նստել էր հատակին` իմ բազկաթոռի մոտ: Ժբանկովը շատախոսում էր ու շուտ-շուտ գնում զուգարան: Ամեն գնալիս նրբանկատ հարցնում էր. «Կարո՞ղ եմ ծանոթանալ ներքին դասավորությանը»: Անպայման ավելացնելով` «Ջուր թափելու իմաստով…»:
Ու հանկարծ հասկացա, որ բաց եմ թողել պահը, երբ պիտի կանգ առնեի: Խաբուսիկ թեթևություն ու անկաշկանդություն հայտնվեց: Ուժի ու անպատժելիության զգացում:
– Հերն էլ անիծած էդ շրջկոմի: Մի՛շկա, լցրո՛ւ:
Այստեղ նախաձեռնությունը վերցրեց Բելլա Կոնստանտինովնան.
– Տղանե՛ր, վերջացնենք, հետո… Հիմա մեքենա կկանչեմ:
Ու գնաց զանգելու:
Ես գլուխս խոթեցի ծորակի տակ: Էվին հանեց դիմափոշու տուփն ու ասում է. «Նայել ոչ կարելի»:
Քսան րոպեից մեր տաքսին մոտեցավ շրջկոմի շենքին: Ժբանկովն ամբողջ ճանապարհին երգում էր.

Չեմ ուզում լսեմ խոսքդ անհեթեթ,
Ցնդած բաներ ես, Մա՛նյա, ասում…
Ավելի լավ է` տղերքի հետ,
Ա՜խ, կիսեմ նրանց մտքերը հասուն…

Ըստ երևույթին, հանելուկային Մանյան մարմնավորում էր շրջկոմն ու կուսակցական ոլորտները…
Էվին շոյում էր ձեռքս և առոգանությամբ հուզիչ լկտիություններ շշնջում: Բելլա Կոնստանտինովնան խիստ տեսք ուներ:
Մեզ տարավ շրջկոմական լայն սանդուղքներով: Աջ ու ձախից բարևում էին նրան:
Առաջին հարկում վեր էր խոյանում բրոնզե Լենինը: Երկրորդում` նույնպես բրոնզե Լենինը, բայց` ավելի փոքր: Երրորդում` Կարլ Մարքսը` մորուքի սգո պսակով:
– Հետաքրքիր է` չորրորդո՞ւմ ով է հերթապահում,- քմծիծաղ տվեց Ժբանկովը:
Այնտեղ նորից Լենինն էր, բայց արդեն գիպսից…
– Մի րոպե սպասեք,- ասաց Բելլա Կոնստանտինովնան:
Մենք նստեցինք: Ժբանկովը թաղվեց խոր բազկաթոռի մեջ: Մաշված էժանագին կոշիկներով ոտքերը ձգվել էին մինչև ընդունարանի կենտրոնը: Էվին մի փոքր չափավորել էր խանդավառությունը: Նրա կոչերն արդեն չափազանց կհակասեին ցուցադրական ագիտացիայի նյութերին:
Բելլան կիսաբաց արեց դուռը.
– Մտե՛ք:
Լիիյվակը խոսում էր հեռախոսով: Ազատ ձեռքը հրավերի ու հավանության շարժումներ էր անում:
Վերջապես կախեց խոսափողը:
– Հանգստացա՞ք:
– Անձամբ ես` այո,- ծանրումեծ ասաց Ժբանկովը:- Երկրորդ շնչառությունս է բացվել…
– Ուրեմն հրաշալի է: Կգնաք ֆերմա:
– Է՞դ ինչի,- գոչեց Ժբանկովը:- Հա՜, հա՜…
– Ահա Լինդա Պեյպսի տվյալները… Աշխատանքային ցուցանիշները… Համառոտ ինքնակենսագրություն… Տեղեկանք խրախուսանքների մասին… Ո՞ւր են ձեր գործուղման թերթիկները: Կնքել ներքևում… Հիմա, եթե երեկոն ազատ է, կարող եք որևէ տեղ գնալ… Չնայած դրամթատրոնը էստոներեն է… Հանգստի այգի… Ինտուրիստում բարը մինչև մեկը բաց է…. Բե՛լլա Կոնստանտինովնա, ընկերների համար մի փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեք…
– Կարելի՞ է` անկեղծ,- Ժբանկովը բարձրացրեց ձեռքը:
– Խնդրեմ,- գլխով արեց Լիիյվակը:
– Էստեղ լրիվ մերոնք են:
– Իհարկե, բնականաբար:
– Ուրեմն` սրտանց, տղավարի՛:
– Լսում եմ:
Ժբանկովը առաջ եկավ ու անցավ գաղտնապահ շշուկի.
– Որ խմելիքով ստանայի՜նք…
– Այսի՞նքն,- չհասկացավ Լիիյվակը:
– Ծախսելունը, ասում եմ, խմիչքով տայիք:
Լիիյվակը շփոթված նայեց ինձ: Ես ձգեցի Ժբանկովի թևից: Նա մի կողմ քաշվեց ու շարունակեց.
– Էն իմաստով, որ նույն քանակի արաղ` դրամթատրոնի փոխարեն: Իհարկե, շա՜տ ներողություն…
Ապշահար Լիիյվակը շրջվեց Բելլայի կողմը: Բելլա Կոնստանտինովնան կտրուկ զեկուցեց.
– Ընկեր Ժբանկովն ու ընկեր Դովլաթովը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով:
– Շա՜տ-շա՜տ գինի,- միամտորեն ավելացրեց Էվին:
– Ի՞նչ է նշանակում` շատ,- առարկեց Ժբանկովը:- շատը հարաբերական հասկացություն է:
– Բե՛լլա Կոնստանտինովնա, տնօրինե՛ք,- հանձնարարեց քարտուղարը:
– Այ էս տղավարի է,- ուրախացավ Ժբանկովը,- ա՜յ էս գործ է:
Ես որոշեցի միջամտել:
– Ամեն ինչ պարզ է,- ասում եմ,- տվյալներն ինձ մոտ են: Ընկեր Ժբանկովը կլուսանկարի: Առավոտվա տասին նյութը պատրաստ կլինի:
– Նկատի ունեցեք, նամակը պետք է անձնական լինի…
Ես գլխով արեցի:
– Բայց, դրա հետ միասին, ամբողջ երկիրն է կարդալու:
Նորից գլխով արեցի:
– Դա պետք է զեկույց լինի…
Երրորդ անգամ գլխով արեցի:
– Բայց զեկույց` ամենահարազատ մարդուն…
Գլխի ևս մեկ թափահարում: Լիիյվակը կողքիս էր կանգնած. վախենում էի խմիչքի հոտն առնի: Թվում է` համենայնդեպս առավ…
– Եվ մի՛ հրապուրվեք, ընկերնե՛ր,- խնդրեց նա,- մի՛ հրապուրվեք: Շատ լուրջ գործ է: Այնպես որ, չափավոր…
– Ուզո՞ւմ եք ձեզ անմահացնեմ Դովլաթովի հետ,- հանկարծ առաջարկեց Ժբանկովը: – Էրկուսդ էլ տեսքով տղերք եք…
– Եթե կարելի է` հաջորդ անգամ,- անհամբեր արձագանքեց Լիիյվակը,- վաղը հանդիպելու ենք, չէ՞:
– Լա՛վ,- համաձայնեց Ժբանկովը,- ուրեմն ավելի պատշաճ պայմաններում կանմահացնեմ…
Լիիյվակը լուռ էր:
Ներքևում մեզ սպասում էր մեքենան` առավոտվա վարորդով:
– Կմտնենք ֆերմա ու` վերջ,- ասաց Բելլան:
– Հեռո՞ւ է,- հարցնում եմ:
– Տասը րոպեի ճամփա,- պատասխանեց վարորդը,- էստեղ ամեն ինչ մոտիկ է:
– Լավ կլիներ ճամփին ավելացնեինք.- շշնջաց Ժբանկովը,- վառելիքը պրծնելու վրա է:
Հետո` դառնալով վարորդին.
– Շե՛ֆ, հենց մթերային տեսնես, պահի: Համ էլ նայի` չծախես:
– Ի՞նձ ինչ,- նեղացավ վարորդը,- էրեկ ես էլ էդ գործով էի…
– Կարող է՞ միանաս…
– Չէ, գործի վրա եմ… Տանը կազմուպատրաստ սպասում է…
– Լա՛վ: Դո՛ւ գիտես: Ամանից-բանի՜ց…
– Բա ո՜նց: Հո միամիտ չեմ…
Մեքենան կանգնեց գյուղի խանութի առաջ: Վաճառասեղանի մոտ ահագին ժողովուրդ էր հավաքվել: Ժբանկովը վեց ռուբլի սեղմած բռունցքով եռանդուն ճամփա էր հարթում:
– Ինքնաթիռից ուշանում եմ, տղե՛րք… Տաքսին, իմացա՛ր, սպասում է… Կինս, լիրբը, ծննդաբերում է…
Մի րոպեից դուրս լողաց` երկու շիշ կագոր ձեռքին: Վարորդը նրան պարզեց անլվա բաժակը:
– Դե, որ ամեն ինչ օ’քեյ լինի:
– Ինձ էլ լցրու,- ասում եմ:- Ինչ որ է…
– Բա ո՞վ պիտի նկարի,- հարցրեց Էվին:
– Մայքլն ամեն ինչ կանի:
Եվ իսկապես, Ժբանկովը փառահեղ էր աշխատում: Ինչքան էլ խմած լիներ: Չնայած նրա սարքավորումն ամենապարզունակն էր:
Ֆոտոթղթակիցներին ճապոնական խցիկներ էին բաժանել, համարյա հինգ հազարանոց: Ժբանկովին ճապոնական խցիկ չհասավ: Մեկ է, խմելու կտա` հայտարարեց խմբագիրը:
Ժբանկովը նկարում էր ինը ռուբլանոց «Սմենա» ապարատով, որը պահում էր գրպանում, քանի որ պատյանը կորել էր: Երևակիչը շաբաթներով օգտագործում էր: Մեջը ծխախոտի քնթուկներ էին լողում: Իսկ լուսանկարները ստացվում էին հստակ, անկեղծ, թերթի ներածին չափ ցայտուն: Երևում էր, որ առանձնահատուկ շնորհ ունի…
Վերջապես մոտեցանք տնօրինության շենքին, որի պատերին անհամար ցուցավահանակներ էին կախկխված: Դռան գլխին կարմրին էր տալիս պաստառը. «Ոսկորն արժեքավոր արդյունաբերական հումք է»: Սանդղամուտին մարդիկ էին հավաքվել: Վարորդն էստոներեն ինչ-որ բան հարցրեց: Նրանք ցույց տվին ճանապարհը…
Կովանոցը բավական խղճուկ շինություն էր: Մուտքի գլխին վառվող փոշոտ լամպը լուսավորում էր թրիքոտ աստիճանները:
Բելլա Կոնստանտինովնան, Ժբանկովն ու ես դուրս եկանք մեքենայից: Վարորդը ծխում էր: Էվին ննջում էր հետևի նստիքին:
Հանկարծ մի կաղլիկ մարդ հայտնվեց` սպայական կաշվե պայուսակը ուսին:
– Գլխավոր գյուղատնտես Սավկին,- ներկայացավ նա,- ներս անցեք:
Մտանք ներս: Տախտակապատ միջնորմից այն կողմ դոփդոփում էին կովերը: Բոժոժիկները զնգում էին, ծանր թառանչ ու խոտի տնավարի խշշոց էր լսվում: Ծույլ կենդանիները թախծագորով նայում էին մեզ:
Ինչ-որ խղճուկ բան կա կովի մեջ, նվաստ ու վանող: Նրա հլու անխափանության, շատակերության ու անտարբերության մեջ: Չնայած թվում է` չափսերն էլ են տեղը, պոզերն էլ… Շարքային հավը իրեն ավելի անկախ է պահում: Իսկ սա պարզապես ճամպրուկ է` մեջը միս ու աղիք… Ասենք, ես կովերին բոլորովին չեմ ճանաչում…
– Անցե՛ք, անցե՛ք…
Հայտնվեցինք մի նեղլիկ սենյակում: Թթված կաթի ու գոմաղբի հոտ էր գալիս: Սեղանը ծածկված էր կապույտ մոմլաթով: Ոլորված լարից կախ էր ընկել լամպը: Պատերի երկայնքով հագուստի դեղին, նրբատախտակե պահարաններն էին: Անկյունում պսպղում էր կթի սարքը:
Տեղից ելավ ու մեզ ընդառաջ եկավ միջին տարիքի, կանաչ կոֆտայով մի կին: Թեք կրծքին առկայծում էին շքանշաններն ու կրծքանշանները:
– Լինդա Պեյպս,- ներկայացրեց Սավկինը:
Մենք բարևեցինք:
– Ես գնում եմ,- ասաց գլխավոր գյուղատնտեսը,- եթե բան պետք լինի` ներքինով զանգեք երեք, երկու, վեց…
Մի կերպ տեղավորվեցինք: Ժբանկովը գրպանից հանեց ֆոտոխցիկը:
Լինդա Պեյպսը փոքր-ինչ շփոթված էր երևում:
– Նա միայն էստոներեն է խոսում,- ասաց Բելլան:
– Կարևոր չի:
– Կթարգմանեմ:
– Ձևի համար մի բան հարցրու,- ինձ շշնջաց Ժբանկովը:
– Հենց դու էլ հարցրու,- ասում եմ:
Ժբանկովը կռացավ Լինդա Պեյպսի կողմն ու խոժոռված հարցրեց.
– Ժամը քանի՞սն է:
– Թարգմանե՛ք,- նրան հետ մղեցի ես,- ինչպե՞ս է Լինդան հասել նման բարձր արդյունքների:
Բելլան թարգմանեց:
Կթվորուհին վախվխելով ինչ-որ բան մրմնջաց:
– Գրե՛ք,- ասաց Բելլան:- Կոմունիստական կուսակցությունը և նրա Կենտրոնական կոմիտեն…
– Ամեն ինչ պարզ է,- ասում եմ,- հարցրեք` կուսակցության անդա՞մ է:
– Անդամ է,- պատասխանեց Բելլան:
– Վաղո՞ւց:
– Երեկվանից:
– Մի վայրկյան,- ասաց Ժբանկովը` ֆոտոխցիկով նշան բռնելով:
Լինդան, աչքերը տարածությանը հառելով, քարացավ:
– Եղա՛վ,- ասաց Ժբանկովը,- մեկ արծաթ գրպանս է:
– Բա կո՞վը,- զարմացավ Բելլան:
– Կովը ի՞նչ:
– Կարծում եմ` կողքին նրանց էլ է պետք նկարել:
– Կովը տեղ չի անի,- բացատրեց Ժբանկովը:
– Իսկ էնտե՞ղ՜
-Լուսավորությունը վատն է:
– Բա ո՞նց անենք:
Ժբանկովը ֆոտոխցիկը խոթեց գրպանը:
– Խմբագրությունում,- ասում է,- լիքը կով կա:
– Այսի՞նքն,- զարմացավ Բելլան:
– Ասում եմ` արխիվում լիքը կով ունենք: Կկտրեմ քո քաքոտ Լինդային, կկպցնեմ հետները:
Ես դիպա Բելլայի թևքին.
– Հարցրեք` ընտանիքը մե՞ծ է:
Նա խոսեց էստոներեն: Մի րոպեից թարգմանեց.
– Մեծ ընտանիք է, համերաշխ, երեք երեխա: Մեծ աղջիկը դպրոցն է ավարտում: Փոքր տղան չորս տարեկան է:
– Իսկ ամուսի՞նը,- հարցնում եմ:
Բելլան անցավ շշուկի.
– Մի՛ գրեք…Ամուսինը լքել է նրանց;
– Մերոնքակա՜ն է,- չգիտես ինչու ուրախացավ Ժբանկովը:
– Լա՛վ,- ասում եմ,- գնացինք:
Հրաժեշտ տվինք: Լինդան մեզ ուղեկցում էր փոքր-ինչ հիասթափված հայացքով: Խնամքով հարդարված մազերը լաքից փայլում էին:
Դուրս եկանք: Վարորդը հասցրել էր շրջել մեքենայի քիթը: Էվին, զամշե բաճկոնը հագին, կանգնել էր հովացուցչի մոտ:
Հանկարծ Ժբանկովն իրար անցավ:
– Կը՜յիկ,- էստոներեն գոռաց նա,- վե՛րջ: Առա՛ջ, ընկերնե՛ր: Դեպի նոր եզերքնե՛ր: Դեպի նոր սխրանքնե՛ր:
Կես ժամից գետափին էինք: Վարորդը զուսպ հրաժեշտ տվեց ու մեկնեց: Բելլա Կոնստանտինովնան ստորագրել էր նրա ուղեգիրը:
Տաք ու պայծառ երեկո էր: Գետից այն կողմ շառագունել էր երկնքի մարմրող եզրը: Ջրի երեսին վարդագույն բծեր էին դողդողում:
Տուն մտնել չէինք ուզում: Իջանք նավամատույց: Առժամանակ լուռ էինք: Հետո Էվին ինձ հարցրեց.
– Ինչի՞ եկել Էստոնիա:
Ի՞նչ պատասխանեմ: Բացատրեմ, որ տո՞ւն չունեմ, հայրենիք, կացարան, բնակատեղ… Որ միշտ փնտրել եմ այս խաղաղ կայա՞նը… Որ կյանքից միայն մի՞ բան եմ խնդրում` նստել ահա այսպես, լռել, չմտածել…
– Մատակարարումն,- ասում եմ,- ձեզ մոտ լավ է: Գիշերային բարեր:
– Իսկ դո՞ւք,- ժբանկովին հարցրեց Բելլան…
– Ես էստեղ կռվել եմ,- ասաց Ժբանկովը,- ու մնացի… Մի խոսքով` օկուպանտ եմ…
– Իսկ քանի՞ տարեկան եք:
– Էնքան էլ մեծ չեմ, քառասունհինգ: Պատերազմի ամենավերջին հասա, երեխա էի: Գնդապետ Ադերի սպասյակն էի: Վիրավորվեցի…
– Պատմեք,- խնդրեց Բելլան,- այնքան լավ եք պատմում:
– Ի՞նչ պատմեմ: Բեկորը կպավ, պրծավ-գնաց… Հը, գնացի՞նք:
Տանը զնգաց հեռախոսը:
– Մի րոպե,- ասաց Բելլան, հանեց բանալիներն ու վազեց:
Շուտով վերադարձավ:
– Յուխան Օսկարովիչը խնդրում է մոտենաք հեռախոսին:
– Ո՞վ,- հարցնում եմ:
– Լիիյվակը…
Մտանք տուն: Շխկաց անջատիչը: Պատուհանները մթնեցին: Ես վերցրի լսափողը:
– Պատասխանը ստացանք,- ասաց Լիիյվակը:
– Ումի՞ց,- չհասկացա ես:
– Ընկեր Բրեժնևից:
– Ո՞նց թե: Ախր նամակը դեռ չի ուղարկվել:
– Հետո՞ ինչ: Ուրեմն Բրեժնևի ռեֆերենտները մի քիչ օպերատիվ են ձեզնից… Մեզնից,- նրբանկատորեն ուղղեց Լիիյվակը:
– Եվ ի՞նչ է գրում ընկեր Բրեժնևը:
– Շնորհավորում է, շնորհակալություն հայտնում ձեռք բերված հաջողությունների համար… Անձնական երջանկություն է մաղթում…
– Հիմա ո՞նց անենք,- հարցնում եմ:- Զեկույցը պիտի գրվի՞, թե` ոչ:
– Անպայմա՛ն: Ախր դա փաստաթուղթ է: Հուսամ` ընկեր Բրեժնևի գրասենյակն այն հետին թվով կձևակերպի:
– Առավոտյան ամեն ինչ պատրաստ կլինի:
– Սպասում եմ…

Աղջիկները սկսեցին վերակենդանացնել սեղանը: Ժբանկովն ու ես առանձնացանք ննջարանում:
– Մի՛շկա,- ասում եմ,- էնպիսի զգացում չունե՞ս, որ էս ամենը ուրիշի հետ է կատարվում… Որ դու դու չես… Ու ես չեմ… Որ ինչ-որ ապուշ ներկայացում է: Իսկ դու պարզապես հանդիսատես ես…
– Գիտե՞ս քեզ ինչ կասեմ,- արձագանքեց Ժբանկովը,- մի՛ մտածի: Մի մտածի ու` վերջ: Ես արդեն տասնհինգ տարի է` չեմ մտածում: Մտածեցիր` ապրելդ չի գա: Բոլոր շատ մտածողները դժբախտ են…
– Իսկ դու երջանի՞կ ես:
– Ե՜՞ս: Հենց էս րոպեիս կկախվեի: Ես վերջին պահի ցավից եմ վախենում: Այ որ մարդ քներ ու չզարթնե՜ր…
– Բա ի՞նչ անենք:
– Հանկարծ ու` էնպիսի ցավ է, որ անհնար է դիմանալ…
– Ի՞նչ անենք:
– Չմտածենք: Օղի խմենք:
Ժբանկովը հանեց շիշը:
– Կարծես թե հարբելու եմ,- ասում եմ:
– Բա ո՜նց,- աչքով արեց Ժբանկովը:- Ուզում ե՞ս` շշից:
– Բայց բաժակ կա:
– Կայֆը էն չի:
Հերթով խմեցինք; Ծամելու բան չկար: Հաճույքով զգում էի` ինչպես է մոտենում հարբած թմբիրը: Կյանքի եզրագծերն արդեն այնքան հստակ ու ցայտուն չէին…

Հետագա իրադարձությունները վերարտադրելու համար որոշակի լարում է պահանջվում:
Հիշում եմ` շրջկոմական չճարվող ուտեստը վերականգնվեց: Ասենք, նաև դդմիկի խավիար էր հայտնվել` անկման ակնհայտ նշան: Խմիչքն էլ մի կարգ ցածր էր` Միշկայի նվիրական շիշը, հարավսլավական «Սլիվովիցա», կագոր…
Տասներորդ րոպեին Ժբանկովը, սպառնալից վեր կենալով, գոռաց.
– Ես արվեստագետ եմ, պա՞րզ է: Ազատ արվեստագե՛տ: Ես Խրուշչովի կնոջն եմ նկարել: Անձամբ Ժիսկար, դրա մե՜րը, դ’Էստենին: Հաշմանդամների տանը ցուցահանդես բացեցի: Իսկ դու կով ես դեմ անում…
– Խելա՜ռս, խելա՜ռս,- նրանով զմայլվում էր Բելլան,- գնանք, փիսո՛, քեզ պառկացնեմ քնելու…
– Շատ տխուր ես,- ասաց Էվին,- որևէ վատ բա՞ն կա:
– Ամեն ինչ,- ասում եմ,- հրաշալի է: Սովորական շան կյանք:
– Պիտի քիչ մտածել: Ուրախանալ լավը, որ կա:
– Այ Միշկան էլ է ասում` խմի՛:
– Խմին` հերիք: Մենք հիմա գնանք: Ես քեզ դուր գամ…
– Ինչը դժվար չէ,- ասում եմ:
– Դու շատ գեղեցիկ:
– Հին երգ է, բայց լավ է հնչում:
Ինձ մի լիքը գավաթ լցրի: Պետք է, չէ՞, ինչ-որ կերպ ավարտել էս ապուշ օրը: Դեռ էդպիսի քանի՜սը կա առջևում…
Էվին նստեց հատակին, իմ բազկաթոռի մոտ:
– Դու նման չես ոնց մյուսները,- ասաց նա:- Լավ կարիերա ունես: Գեղեցիկ ես: Բայց շուտ-շուտ ես տխրում: Ինչի՞:
– Որովհետև կյանքը մեկն է, ուրիշը չի լինի:
– Մի՛ մտածի: Մեկ-մեկ լավ է լինել հիմար:
– Ուշ է,- ասում եմ:- Ավելի լավ է խմեմ:
– Մենակ` մի լինի տխուր:
– Դրան վերջ է տրված: Գնում եմ վերելքի ուղիով: Պատասխանատու առաջադրանք եմ ստացել: Մտնում եմ մեծ ժուռնալիստիկայի ոլորտ…
– Մեքենա ունե՞ս:
– Հարցրու` անծակ գուլպա ունե՞մ:
– Էնքան եմ ուզում մեքենա:
– Կլինի: Հարստանամ` կառնենք:
Խմեցի ու նորից լցրի: Բելլան Ժբանկովին քաշ տվեց ննջարան: Նրա ոտքերը ոլորվում էին թոշնած գլադիոլուսների պես:
– Մենք էլ գնանք,- ասաց Էվին,- արդեն քնում ես:
– Ձև եմ թափում… Հիմա կգամ:
Խմեցի ու նորից լցրի:
– Գնանք,- ասաց Էվին:
– Այ կգնամ վաղը, ուրիշին կգտնես` մեքենայով:
Էվին, գլուխը ծնկիս, մտքի մեջ ընկավ:
– Երբ որ էլի պսակվեմ` մենակ հրեայի հետ,- հայտարարեց նա:
– Ինչի՞: Կարծում ես` բոլոր հրեաները հարո՞ւստ են:
– Քեզ բացատրեմ: Հրեաները թլպատվում են:
– Հետո՞:
– Մյուսները չեն անում:
– Հետո՞:
– Կարևոր խնդիր է: Թլպատում չկա` ստացվում է սմեգմա…
– Ի՞նչ:
– Սմեգմա: Վատ նյութեր, կանցեռոգեններ: Այ էնտեղ: Ուզո՞ւմ ես ցույց տամ:
– Չէ, ավելի լավ է` հեռակա…
– Երբ կա թլպատում, սմեգմա չլինի: Ու արգանդի վզիկի քաղցկեղ չլինի: Գիտե՞ս արգանդի վզիկը:
– Ենթադրենք… Մոտավորապես…
– Վիճակագրությունը ցույց տա` երբ թլպատում չկա, արգանդի վզիկի քաղցկեղը հաճախ է: Իսկ Իսրայելում ընդհանրապես չկա…
– Ի՞նչ չկա…
– Արգանդի վզիկ… Արգանդի վզիկի քաղցկեղ… Կա կոկորդի քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ…
– Էդ էլ մի բան չի,- ասում եմ:
– Ճիշտ է,- համաձայնեց Էվին…
Լռեցինք:
– Գնանք,- ասաց նա,- արդեն քնում ես:
– Սպասի՛: Պետք է թլպատում անել…
Խմեցի մի լիքը գավաթ ու նորից լցրի:
– Դու շատ խմած, գնանք…
– Պիտի թլպատեմ: Իսկ ավելի լավ է` կտրել էդ վզիկը, գրողի ծոցը:
– Դու շատ հարբած ես ու չար իմ վրա:
– Չար չեմ: Մենք տարբեր սերունդների մարդիկ ենք: Իմ սերունդն աղբ է: Իսկ քոնը` մի ֆանտաստիկ բան…
– Ինչո՞ւ չարանաս:
– Որովհետև կյանքը մեկն է: Ակնթարթն անցավ ու` վերջ: Ուրիշը չի լինի…
– Արդեն գիշերվա մեկն է,- ասաց Էվին:
Ես խմեցի ու նորից լցրի: Եվ անմիջապես գլորվեցի ինչ-որ տեղ: Այնպիսի զգացում էր, ասես ակվարիումի հատակին լինեի: Ամեն ինչ ճոճվում էր, լողում, ինչ-որ լուսավոր բծեր էին առկայծում… Հետո ամբողջը չքացավ…

Արթնացա թխկոցից: Մտավ Ժբանկովը: Հագին մարզական խալաթ էր:
Լայնքով ընկած էի մահճակալին: Ժբանկովը նստեց կողքիս.
– Հը, ո՞նց ես,- հարցրեց նա:
– Մի՛ հարցրու:
– Երբ որ պառավեմ,- հայտարարեց Ժբանկովը,- թոռներիս ու ծոռներիս կտակ եմ թողելու: Ավելի ճիշտ` հրահանգ: Մի՛, ընդամենը մի՛ նախադասություն: Գիտե՞ս ինչ նախադասություն:
– Հը՞:
– Ընդամենը մի նախադասություն կլինի. «Խումհարի մեջ սեր չանեք»: Ու երեք բացականչական նշան:
– Վա՛տ եմ,- ասում եմ:- Շա՜տ վատ եմ:
– Բուժվելու բան էլ չկա: Ախր լրիվ մուտք ես արել:
– Բա մեր տիկնա՞յք ուր են:
– Նախաճաշ են պատրաստում: Վեր կաց, Լիիյվակը սպասում է…
Ժբանկովը գնաց հագնվի: Ես գլուխս խոթեցի ծորակի տակ: Հետո նստեցի գրամեքենայի առաջ: Հինգ րոպեից տեքստը պատրաստ էր:
«Թանկագին և մեծարգո Լեոնիդ Իլյիչ: Ցանկանում եմ կիսվել ուրախ իրադարձության առթիվ: Ընթացիկ տարում ինձ վիճակվեց հասնել աննախադեպ աշխատանքային ցուցանիշների: Ես մեկ կովից կթել եմ…» (միտումնավոր էի գրել «…մեկ կովից»: Այդ դարձվածքում կենսական հավաստիություն և հուզիչ գեղջկական սրտաբացություն էր հնչում):
Վերջը այսպես էր.
«…Եվ էլի մի ուրախալի իրադարձություն կատարվեց իմ կյանքում: Մեր ֆերմայի կոմունիստները ինձ միահամուռ իրենց անդամ ընտրեցին…»:
Այստեղ արդեն ոճն ակնհայտորեն կաղում էր: Բայց փոխելու ուժ չկար…
– Նախաճաշելո՜ւ,- կանչեց Բելլան:
Էվին հաց էր կտրատում: Մեղավոր-մեղավոր բարևեցի: Ի պատասխան` շողշողուն ժպիտ ու սրտանց` «Ո՞նց ես»:
– Ավելի վատ չի լինում,- ասում եմ:
Ժբանկովը բարեխղճորեն ուսումնասիրում էր դատարկ շշերը:
– Դափ-դատարկ է,- արձանագրեց նա:
– Սուրճ խմեք,- համոզում էր Բելլան,- մի րոպեից տաքսի ենք նստում:
Սուրճն էլ չթեթևացրեց: Ուտելիքի մասին անհնար էր, աշխատելու մասին` առավել ևս:
– Դեռ քիչումիչ փող կա,- ասաց Ժբանկովը` գրպանից մանրադրամ հանելով:
Հետո նայեց Բելլա Կոնստանտինովնային.
– Մերի՛կ, մեկուհիսուն կավելացնե՞ս:
Բելլան հանեց դրամապանակը:
– Տալլինից կուղարկեմ,- հավաստիացրեց Ժբանկովը:
– Լա՜վ, վաստակել ես,- ցինիկ խնդմնդաց Բելլան:
Լսվեց մեքենայի ազդանշանի ձայնը:
Վերցրինք պորտֆելներն ու մեքենա նստեցինք: Շուտով Լիիյվակը մեր ձեռքերն էր սեղմում: Անվերապահորեն հավանություն տվեց իմ կազմած տեքստին: Ավելին, կարճ ճառ արտասանեց.
– Գոհ եմ, ընկերնե՛ր: Վատ չաշխատեցիք, կանոնավոր հանգստացաք: Ուրախ եմ ծանոթանալու համար: Հուսամ` մեր բարեկամությունն ավանդական կդառնա: Չէ՞ որ կուսակցական աշխատողն ու լրագրողը ինչ-որ տեղ, ես կասեի, գործընկերներ են… Հաջողություն ձեզ ծանր գաղափարական ճակատում: Գուցե հարցե՞ր կան:
– Ձեր բուֆետը որտե՞ղ է, – հարցրեց Ժբանկովը:- Մի քիչ բուժվեինք…
Լիիյվակը խոժոռվեց.
– Կներեք ռուսերեն կոպիտ արտահայտությանս համար…
Նա կշտամբալից դադար տվեց.
– …Բայց ձեզ երեխայի պես եք պահում:
– Ի՞նչ է, գարեջուր է՞լ չի կարելի,- հարցրեց Ժբանկովը:
– Ձեզ կարող են տեսնել,- ձայնն իջեցրեց քարտուղարը,- Ինչ մարդ ասես՝ կա… Գիտե շրջկոմի իրավիճակը…
– Բայց գո՜րծ ես գտել, հա՜,- ցավակցեց Ժբանկովը:
– Ես կրթությամբ ինժեներ եմ,- անսպասելի ասաց Լիիյվակը:
Մենք լուռ էինք: Հետո սկսեցինք հրաժեշտ տալ: Քարտուղարն արդեն ինչ-որ թղթեր էր հավաքում:
– Մեքենան սպասում է,- ասաց նա:- Կայարան՝ կզանգեմ: Դիմեք չորրորդ տոմսարկղ: Կասեք` ես եմ ուղարկել…
– Չա՛ո,- նրան ձեռքով արեց Ժբանկովը:
Իջանք ներքև: Նստեցինք մեքենա: Բրոնզե Լենինը նայում էր մեր հետևից: Աղջիկները եկան հետներս…
Կառամատույցում Ժբանկովն ու Բելլան առանձնացան:
– Էլի կգա՞ս,- հարցրեց Էվին:
– Իհարկե:
– Ես էլ գամ Տալլին: Կզանգեմ խմբագրություն: Որ քո կինը չջղայնանա:
– Կին չունեմ,- ասում եմ:- Մնաս բարով, Է՛վի: Մի՛ բարկանա, խնդրում եմ…
– Էդքան շատ մի խմի:
Ես գլխով արեցի:
– Թե չէ չկարողանաս սեքս անես:
Ես գրկեցի ու համբուրեցի նրան: Մեզ էին մոտենում Բելլան ու Ժբանկովը: Նրա շարժումներից երևում էր, որ լկտիաբար ստում է:
Մենք բարձրացանք կուպե: Աղջիկները տաք-տաք խոսելով` գնում էին դեպի մեքենան: Այդպես էլ հետ չնայեցին…
– Տալլինում խումհարաթող կլինենք,- ասաց Ժբանկովը,- համարյա վեց ռուբլի ունենք: Ուզո՞ւմ ես մի լավ բան ասեմ:
Ժբանկովն աչքով արեց: Ուրախ, հաղթական ժպիտը փոխակերպեց նրա դեմքը.
– Ասե՞մ: Ժորան էլ դեռ յոթանասուն կոպեկ պարտք է…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для скрипки ре минор
Арам Хачатрян

Концерт для скрипки ре минор

Разговор, 1969
Разговор, 1969
Играть онлайн