Рубен Севак

Մարդերգություն

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՄԵՋ
(Ծնունդը)
Ա
Անցյալ տարի էր: Հոգնած ապաքեն
Շատ քաղաքակիրթ այս Արևմուտքեն՝
Ուր խիղճը բառ մ’է, մարդը՝ մեքենա,
Աշխարհ գործարան մ’անխոնջ, անխընա,
Սերը հաշիվ մ’է. կրոնքը՝ դրամ.
Երջանկությունը՝ ձանձրալի մի տռամ.
Մահն՝ անմտություն. կյանքն՝ անհաշտ կռիվ.
Ուր ժամանակն իսկ վատ մ’է ալեխռիվ
Որ ամեն րոպեն իր մանրակրկիտ
Մուրճի հարվածով կը զարնե մտքիդ...
Այսպե՜ս, հև ի հև՜, հոգնա՜ծ, հուսահա՜տ,
Անմի՜տ այս վազքեն անդո՜ւլ, անընդհա՜տ,
Կարոտն ունեցա հին հին դարերու.
Եվ հիվանդ հոգիս տարի ես հեռո՜ւ,
Հեռո՜ւ, խնկավետ, լո՜ւռ, մշտնջենի՜,
Արևելքի իմ գյուղըս հայրենի...
Բ
Կիրակի մըն էր, քայլերս ուղղեցի
Իմ ալևոր մորս հետ եկեղեցի:
_ Պիտի ծիծաղի՞ք, կարծրացած սրտեր,
Կարդացիք Լյուքրես, Էպիկուր, Վոլթեր,
Մի քանի ուրիշ մութ գիրքեր ալ դեռ,
Բայց անհավատի այդ տժգույն թուղթեր
Իրավունք չեն տար որ ամբարտավան
Ձեր թույնը փչեք՝ կըրոնադավան
Հոգվույն ալևոր մոր մը ծերունի,
Որ ապրելու դեռ հազիվ օր մ’ունի,
Որ ծովուն վրա շյուղի մը նման,
Մեկ ոտքը մատուռ, մյուսը՝ գերեզման,
Գերագույն, անհաս, անսկիզբ, բարի,
Մթին Աստուծո մ’անվան կը փարի.
Ու անիրավվա՜ծ, տառապա՜ծ, հուսա,
Մեծ Արդարության վճռին կը հուսա...
Գ
Ու դո՛ւք, ո՜վ Հորաս, Զենոն ու Վոլթեր,
Ինչ որ ալ ըլլաք՝ երեկինն եք դեռ.
Մինչ հիսուն հազար այս տարի է որ
Անդուլ կը դառնա աշխարհն ալևոր՝
Հավատացեր են մարդերը բոլոր:
- Բաբե՜, հակառակ հավատքիս մոլոր,
Ծաղրել չի գիտցա՜վ բնավ իմ հոգին
Տաճա՜ր մ’ըլլա այն, հեթանոս բագին,
Քար-քար ավերակ սյուներ Քառնաքին,
Հըրապաշտ Պարսիկ բըլուր բոցագին,
Բոցը Սիպիլի, Հնդիկ Էլլորան,
Ասորյան հարյուր-զոհյան մին խորան,
Կամ Քրիստոնյա պերճ եկեղեցին...
Հոն մարդերը Մեծ-Հույսը դարբնեցին...
Ու հոն գլխարկնիդ բացեք՝ վեհերուն
Գերեզմաննոցն է կենդանիներուն...
Դ
Եկեղեցվույն մեջ մտա լռելյայն:
Շենքը փոքրիկ էր, բայց բավական լա՜յն՝
Աստվածն ու դարե՛րը ամփոփելու...
Քար քարի վրա. ծներ էր, հըլո՜ւ,
Առանց արվեստի, առանց մեծ ոճի,
Պարզ, ինչպես ծառ մը որ հողեն կ’աճի,
Ու քար, ու բազմոց, ու կերոն, ու խաչ,
Հոն, հին դարերու բույրն ունեին գաղջ...
Ու առաստաղի աղքատ ջահերեն
Կախված՝ ժամանակը մեռելորեն
Կը ննջեր անշա՜րժ, դարե՜ր քնեած,
Քշոցին ձայնեն երբեմն շոյված..
Հոն ո՛չ հևք, ո՛չ վազք, ո՛չ ժամ, ո՛չ վայրկյան,
Անսահմա՜ն, անխռո՜վ, անծա՜լ, հավիտյա՜ն:
Չորս պատերու մեջ՝ Անհո՜ւն մը խորին,
Ուր մեր գեղջուկներ մեռնի՜լ կը սորվին...
Ե
Բայց բացառիկ տոն մ'էր այդ կիրակին.
Կնո՛ւնքն էր ջոջի նորեկ որդյակին,
Ինչ որ գյուղին նույնքան է կարևոր,
Որքան Ծնունդի տոնը դարավոր
Նազարեթի հին քաղաքացիին:
Ուստի ծեր, մանուկ, հավաքված էին:
Ու քահանան այդ մե՜ծ օրվան համար,
Պատրաստեր էր փոքր քարոզ մը հարմար:
Պերճ խոսքի տաղանդ չուներ բնածին,
Բայց զայն ընտրեր էր Հովիվ՝ գյուղացին,
Զի հասակով բարձր էր, վարքով արդար,
Հայերեն գիտեր, նույնիսկ կը կարդար,
Կյանքի պայքարեն հոգնած հյուսն մը հեզ,
Կույս Մարիամին կո՛ւյս նշանածին պես
Այնքան վայլեր էր մորուքն ու շուրջառ,
Որ կարծես ան այնպես ծնած ըլլար...
Զ
Զույգ կերոնի մեջ՝ կը խոսեր բեմեն,
Ու կ'ունկնդրեին գեղջուկներն ամեն,
Խո՜ր երանությամբ սուզվա՜ծ անհընար.
Թեև հայերեն մա՛րդ չի հասկնար
Հին Աճեցարուքն առած բնաբան,
Կը գտներ Տեր-Հայրը շատ բնական
Որ տղերք աշիսարհ գան անհամար լուրջ
Ինչպես բյուր շյուղեր ձիթենիին շուրջ:
Հանկարծ շլացին աչքերս քննա՜ծ,
Նաբոլեոնին անունն էր տված։
Նաբոլեոն... ի՞նչ քաոս անհատակ՝
Աշխարհքեն քշված այդ մատուռին տակ,
Չէ՞ որ ըսեր է այդ մարդն ահագին,
«Մայրե՛ր, զավակնե՜ր շինեցեք ազգին...»:
- Ա՜խ, զո՜րք էր պետք այդ ամբարտավանին՝
Որ թնդանոթներ գյուղե գյուղ տանին...
Է
Պատարագեն վերջ, քով քովի անձայն,
Երկու թափորներ իրար քսվեցան:
Ան չէր դասական հանդիպումը հին՝
Կնունքի թափորն՝ Մահվան թափորին.
Մեկ կողմ ծնո՜ւնդ, խի՜նդ, մյուս կողմ մա՜հ ու լալ.
Ու եկեղեցին կ'օրհնե երկո՜ւքն ալ...
Ո՛չ: Երկու թափոր, երկո՛ւքն ալ ժպտուն .
Մե՛կը նորածին որդին մեծատուն,
Մյո՜ւսը աղքատի ծնունդը անտուն.
Մե՛կը բեհեզով քնած, մյուսն արթուն.
Մեկուն ժանյակներ, մետաքսի հյուսկեն,
Մյուսին ձորձ մը խեղճ՝ հորը շապիկեն.
Առաջնույն ոսկի, ժանյակ բյուր տեսակ,
Երկրորդին ճակտին փուշի սև պսակ.
Մեկը Տե՛ր արդեն, մյուսը գրա՜ստ։
Ճակատագի՜ր, վա՜խ, տղաքները փաս . . . .
Ը
Բայց այս ի՜նչ արդար օրենք մ'է խորին
Որ հղփացա՛ծ, ճո՛խ Մեծերը երկրին
Իրե՜նց արգանդին մեջ կը հարվածե:
Հավասարության խո՜ւլ պետք մ’է գուցե,
Որ վրիժածընունդ սերմերը Մեծին
Ի՛ր որովայնին իսկ գո՛գը հյուծին,
Որ հաշիվներե վերջ, երբ ի հարկե
Ոսկին ա՜լ պատրաստ է, հա՛յրը գրկե,
Խանձարուրներու մեջ մետաքս գեղերփ,
Անժպի՜տ, տժգո՜ւյն հրեշ մը մարդակերպ...
Մինչ քանի՜ թշվառ խեղճեր է՛գ, արո՜ւ,
Որ հեղակարծ սեր մ’ունին իրարու,
Կայծակներու պես իրարու կուգան,
Առանց հաշվելու վաղն ու ապագան,
Ու կ՝ երկնեն խորշի մը մեջ անծանոթ
Ի՜նչ հսկա կյանքեր, անեծքի անոթ...
Թ
Ապշա՜ծ, սարսափած խորհեցա անխոս,
Սպարթական հի՜ն բարքին բարբարոս,
Որ խեղդելե վերջ կը հանձներ գետին
Մարդկային տժգույն տզրուկներն հետին...
Բայց քառսուն դարեր անցեր են արդեն,
Ու սովրեցանք որ հրեշներն ալ մարդ են.
Անոնք ալ ունին զգացո՛ւմ, հոգի՛,
Անո՛նք ալ ունին իրավունք կյանքի,
Հոգ չէ թե ապրին բյուրերու մահով.
Օրենքը՝ իրենց վահան ապահով...
Չե՛մ համարձակիր վերցնել մեկդի,
Կարմիր վարագույրն որ օրենք կ՝ըսվի,
Դիտելու ըմբոստ այն կյանքե՛րն հսկա,
Որ բանտերու մեջ, կառափնատի վրա,
Կախաղաններո՜վ մեռան անհամար,
«Կյանքի իրավո՜ւնք»... պոռալնուն համար:

Ժ
Երկուքն ալ երկա՜ր, երկա՜ր դիտեցի:
Այլևս բնա՛վ մի խոսիք ինծի
Արժանիքին վրա, ու տարբերության,
Ու ազնվական զարմին վրա արյան:
Ահա երկուքն ալ. անկերպ բզեզներ.
Շյուղ մը իսկ զիրենք պիտի մեռցներ:
Կ'ուզեն անուն տալ. ի՞նչ պետք անունի...
Յուրաքանչյուրն ալ իր անունն ունի.
Մին Ո՜ւյժն է անգութ, մյուսն Ստրկությո՜ւն:
Ույժ չունի, կ'ըսեք, խլեզն անարյուն.
Ի՜նչ պետք արյունի ― անհագ բորենի՜,
Հացի մը փոխան, կարմիր, ծիրանի,
Ան պիտի ծըծե արյունը մյուսին,
Ու պիտի մըխե ժանիքն իր միսին.
- Օրե՛նքը՝ իրեն անքույթ օթևան:
Ողջունեցեք զայն, Իշխանն է վաղվան...
ԺԱ
Ծնրադրած դողդոջ, աչքերըս ձեռքիս,
Կուրծքիս տակ զսպել կ'ուզեի հոգիս:
Հազա՜ր նկարներ կ'անցնեին մտքես:
Արյան շոգվույն պես, նոճիներու պես
Բյո՜ւր կախաղաններ անգութ մեծերու...
Ու հրդեհներու մեջ հեռվե հեռու,
Ստրուկներու կո՛ւռ, բարբարո՜ս գունտեր,
Որ տաճա՛ր, աստվա՛ծ, կո՛ւռք, իշխա՛ն ու տե՛ր,
Տապալելով վար, կ'երթային հեռո՜ւ
Հավասարության սե՛րմը ցանելու,
Ու լա՜յն բաշխելու Արդարությո՜ւն, Հա՜ց...
Այտիս վրա հրաշեկ արցունք մը դողաց.
Աչքերըս բացի, տեսիլք էր միայն.
Ամենքն ալ գացա՛ծ, ժամն էր լռելյայն...
Ու ես ալ գացի՝ իմ սուգիս դարման՝
Հավասարության դաշտը գերեզման...

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱ
(Կյանքը)
Ա
Եկեղեցիեն մինչև գերեզման
Տանող ճամբուն վրա, քարի մը վրան,
Նստեցա տրտում, ու լո՜ւռ դիտեցի
Հոգվույս ծարավովը արևելքցի
Հեռուներն հանդարտ, հեռուները լա՜յն,
Հեռուները ջի՜նջ, միսթի՜ք, լռելյա՜յն:
Հո՛ն երկինքներու տակ հավետ ծավի՜.
Առանց ժպիտի ու առա՛նց ցավի,
Կ'ապրեին մարդե՜ր, մրջյուննե՜ր, բույսե՜ր...
Հոն չէին ճանչնար ո՛չ կռիվ, ո՛չ սեր:
Հոն Անշարժության օրենքին հըլու,
Առանց աճելու, առանց նվաղելու,
Հազար դարերու ու անհուններու
Մտերմության մեջ կ'ապրեին, հեռո՜ւ
Սե՛գ Արևմուտքեն ու հեգնելով զայն...
Հեռուները ջի՜նջ, միսթի՜ք, լռելյա՜յն...
Բ
Ու հո՛ն, անուրջի մը մեջ անսահման,
Երկիրը իբրև անհո՜ւն խնկաման,
Իր ձանձրույթը լայն աղոթքի մը պես
Անշտա՛պ, անխռո՛վ կը մխար կարծես...
Ու հո՛ն, հեռավոր հորիզոններու
Անծալ երկինքնե՛րը հեռվե հեռու,
Կը տեղային վար՝ օրհնության մը պես՝
Ոսկեփոշի լայն անձրև մը կարծես...
Ու հոն արևուն գունտին մեջ անշեջ,
Ու ծածա՜ն-ծածա՜ն ցորեններուն մեջ,
Ու խրճիթներու բույնին մեջ համակ,
Ավերակներու սուգին մեջ ճերմակ,
Բան մը կար Կյանքեն անջատ, Կյանքեն վե՛ր,
Բա՛ն մը որ Կյանքեն բնա՛վ չէր ազդվեր,
Որ կը նմաներ Երեկին, Վաղվան...
Այդ՝ Մահվա՛ն իսկ մեջ ժխտումն էր Մահվան...
Գ
Ասոր համար երբ միտքն Արևմուտքին՝
Կյանք բառին առջևը զարմացագին
Հարցական նըշան մը կը դնե նենգ...
Մենք կախման երեք կետեր կը դնենք...
Ու երբ կվազեն անոնք տենդագին,
Թըվանշաններով կը լուծեն հոգին,
Կը քննեն Երկինքն ու Աստվածը, մենք
Մեր կախման երեք կետը կ'երազենք...
Ու երբ կը խրոխտան անոնք, մենք կուլանք,
Ա՜խ, որովհետև ինչ որ ալ ըլլանք,
Գլուխնիս երկինք, ոտքերնուս տակ հող,
Այգին ու ցայգին միջև տատանող
Օրորոցներ ենք... Ու ինչ որ անշե՛ջ
է, պիտի շիջի շիրմին մութին մեջ...
Լացը վերհիշում մըն է լռելյայն,
Թե ինչ ալ ըլլանք, մարդեր ենք միա՜յն...
Դ
Այսպես ապրեցան, ու այսպես կ'ապրին
Բոլո՛ր որդիները Արևելքին:
Խունկի, կնդրուկի՛ ծոցը լռակյաց,
Իրենց հոգիին անծանոթ մընաց
Պոռոտ գիտությանց շեփորը սոփեստ,
Ու սուս փառքերու ծածկույթն հաստաբեստ...
Անոնք ստացան, առա՛նց ուզելու...
Ու Կյանքեն անցան՝ առանց հուզելու
Անոր մութ հատակը աչքե անտես,
Ծովուն վրա սահող լո՜ւռ թևճակին պես...
Անոնք գինովցան, առանց քննելու...
Ու լացի՜ն՝ սրտի պետքի մը հլո՜ւ․․․
սո Անոնք խոկացին Եդեմն. ու ծնան
Անէության մեծ հսկան Նիրվանան,
Ու երազատես Նազովրեցին հեզ...
Ու երկունքը հեշտ էր Մահվան մը պես...
Ե
Անոնք նայեցան հեռվե՜ն՝ մարդկային
Հառաջադիմության կուռ մեքենային,
Ինչպես անտառին ծո՛ցը ամայի,
Ծերունի եղնիկն հանդա՛րտ կը նայի
Տքացո՛ղ, շաչո՛ղ սև շոգեկառքին՝
Լայն «Ինչո՞ւ համար» մը զարմացագին
Թարթելով աչքին մեջ երազահալ...
Ինչո՞ւ շտապիլ. չէ՞ որ ամե՛նքս ալ,
Ոմանք և ի հև, ու ոմանք դանդաղ,
Անվրի՛ պորեն պիտի հասնեինք Մահ...
Կյանքն է այս, միշտ սուտ սուտի ետևե.
Մեկը հազի՜վ թե մյուսին չափ տևե...
Շառաչող ծովուն ալիքներուն պես,
Կը ծնինք ամենքս, կը բարձրանանք վես,
Բայց հազի՜վ ատեն մը կա փրփրելո՜ւ...
Պետք է կորսվիլ. կորսըվի՛նք հլո՜ւ...
Զ
Ու այսպե՜ս պիտի կորչի ամեն բան...
Ժայռին վրա նստած՝ դիտեցի ճամբան,
Դեղին Փոշիի հուսահատ ճամբան,
Խո՜ւլ «երեկ»-ներու պատմի՛չը անբան...
Ա՜խ, այդ գալարվո՜ղ, չի հատնո՜ղ, խոպա՜ն,
Արևուն ծագեն ի մուտքն՝ անխափա՜ն
Երկարող վտի՜տ, բարեկամ ճամբան,
Ծընող Մարդկության առաջին օրրա՜ն,
Որուն ապալեր իրանին վըրան,
Հիմալայայի սարեն մինչ Իրան,
Ու Արարատեն մինչև Վոսփորոս,
Մինչև Դանուբի ակերն մշտահո՜ս.
Ու մինչև չորս ծագը Արևմտյան,
Գացին առաջին հայերն Մարդկության,
Այրող Արևուն գունտին տակ, խաղա՜ղ,
Ճռացընելով կառքերնին դանդա՜ղ..
Է
Առաջին անգամ ըլլալով հառա՜չ
Մը արձակեցի այդ ճամբուն առաջ...
Սոսկացի՛ իրմեն. ու ափ մը փոշի
Առի, մարդու մը նըման որ կ'ապշի...
Բայց ի՜նչ կիկլոպներ, իբրև թե անշեջ
Ի՜նչ ազգեր, կյանքե՛ր այդ փոշիին մեջ:
Ի՛նչ արյան լիճեր, քանի՛ ոսկորներ
Դարերու մեջ հոն փոշի են դարձեր...
Դիտեցի ուշով. զի՛ս ճանչցա հոն շուտ.
Նախ քարայրներու բնակիչ մազուտ,
Հետո ասպազեն նետաձիգ մը սեգ,
Հետո թագավոր մը եթե կ'ուզեք,
Հետո ածիլված գլխով մեկ գերի,
Հետո թրուպատոր մ’որ կը դեգերի...
Ու հիմա տժգույն խե՛ղճ մը դող ի դող,
Ո՛չ մարդ, ո՛չ աստված, ու ո՛չ իսկ քերթող...
Ը
Հոն ճանչցա նաև ծեր Սողոմոնին
Հալվե բեռցըված կարավաններն հին...
Գանգեսեն բույրի, թանկագին քարի,
Ու Կարմիր ծովեն ալ ամեն տարի
Ուղտերով կրված պերճանքները բուստ,
Դամասկի մետաքս բեհեզն ալ հագուստ,
Արքաներու ձոն՝ Քլեոբաթրային...
Ու վերապրեցա հոն եդեմային
Ու գինովցընող հըրաշքը չքնաղ
Շաքիրամին պերճ պարտեզին առկախ...
Հո՛ն. այդ փոշիին մեջ խոսեցուցի
Տարաբախտ Անդուանն Հռովմայեցի
Որ Վահանն իրեն ծախեց Տռփանքին...
Հո՛ն, խոսեցուցի նաև տխրագին
Ժողովուրդներ որ մեռա՜ն անհամար:
Չեմ գիտեր, ո՛ր մեկ Արքային համար...
Թ
.․․ Հանկարծ ծանը՛ր թև մը զարկավ ուսիս:
Հին երազներեն արթնցավ հոգիս.
Ու տեսավ տարեց մշակ մը տժգույն:
«Ո՞վ ես դուն»։ «Անունս է Աշխատություն...»:
«Ի՞նչ կ'ընես այսպես»: «Կը մուրամ...» հեծծեց.
Ու լո՜ւռ հեռացավ, մինչ ես դառնահեծ
Գացի հետևեն մինչև իրեն տուն...
Գետնի անկողնի մը վըրա, արթո՛ւն
Երկարած նիհա՜ր իր կինն հոգեվար,
Ծեծված անասնի մը պես կը հևար...
Ու մինչ գնաց հինգ խլեզներին մին,
Աթոռի մը պես բա՛ն մը ճարելու հին,
«Հաց չի կա, կ'ըսեր հայրիկը ինձի,
Մի քանի օր է չեմ երթար գործի,
Կը տեսնես, վերջին օրերն են գուցե...
Առանց ինձ, աչքերն ո՞վ պիտի գոցե...»
Ժ
Ու կինը բարի կը նայեր իրեն,
Ինչպես կը նայի մարդ անասնորե՛ն
Իրեն Աստծուն... Ախ, որովհետև
Իր կենակցության ժամը կարճատև
Սիրալի՜ր եղավ, կռիվ չունեցան
Ոչ դրամ օժիտի, ոչ ժառանգության…
Ժըրաջան տիկին, միշտ իր հարկին տակ..․
Թանը առատ էր, անկողինը տաք...
Ու քիչ օրեն երբ Տիրոջ հրամանով,
Հողին տակ պիտի թաղվե՜ր ապահով,
Կը խրատեր էրկան՝ առնել գյուղակին
Այսինչ ժրաջան աղջիկն իբրև կին,
Որովհետև խեղճ կինը կը հուսար
Թե ան կը նայեր աչքով հավասար
Թե՛ իր ամուսնույն, թե՛ իր խորթերուն
Եվ թե՛ գոմի իր փոքրիկ հորթերուն..․
ԺԱ
Դուրս ելա տունեն, մարմինս փուշ-փուշ.
Խորհեցա կյանքին իմաստին ապո՛ւշ,
Թե ինչպե՛ս ստրուկ կիրքերու հըլո՜ւ,
Մարդս ավելի՛ վարժ է մուրալու,
Քան պապենական օրհնած դանակով,
Քի՜չ մը վախցնել գոնե՜ կատակով
Մեր ոսկեձույլ նո՛ր Աստվածները կո՜վ...
Խորհեցա թե Դրամ միապետին քով՝
Ի՜նչ տժգույն ըմբիշ մ'է Աշխատություն...
Խորհեցա անգամ մըն ալ անարյուն
Այն բո՛ւռ մը «Նորին Վսեմությանց» վըրա՝
Որոնց շնորհիվ երկիր կը դառնա...
Խորհեցա Ույժին վրա մըտովի,
Ու այն հտպիտին որ օրենք կ'ըսվի...
Ու գացի ես լուռ, իմ սուգիս դարմա՜ն,
Հավասարության դաշտը Գերեզմա՜ն...

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵՋ
(Մահը)
Ա
Սկեպտիկ ժպիտով մը դանդաղագին
Երբ մարդ ըմպած է մրո՛ւրը Կյանքին,
Երբ ծառայած է կամքով կորովի՝
Այն մեծ վարպետին որ Վիշտ կը կոչվի.
Ճանչցած է դողդոջ դշխույն որ Սերն է.
Ազգաց, անհատին Պատմության դժնե
Նայած է անգամ մը մյուս երեսին,
Ճանչցած է մարդուն Գիտությունը սին,
Արվեստն հավակնոտ, սիրտն ամբարտավան,
Սո՛ւգը Երեկին, երկյո՛ւղը Վաղվան…
Ու ճշմարտության հոգին ծարավի՜
Զննած է երկնից պարպը ծավի.
Հի՜ն աստվածներու վիհն այն մշտակա,
Այդ մարդուն համար ուրիշ վայր չի կա՜
Ավելի՛ քաղցրիկ հեշտանքով հըղի,
Քան գերեզմաննոց մ’աղքատիկ գյուղի...
Բ
Լո՜ւռւ նստած քարի մը վըրա տապան,
Դիտեցի լռի՜ն այդ վայրը խոպան,
Ու զո՜ւր խորհեցա թե այս այն վայրն է
Ուր վաճառական Աստված մը դժնե
Չարը կը պատժե անսահման վախով,
Բարվույն շնորհելով դրախտ մ'ապահով...
Ընկղմած ծոցն այդ Մահվան Քաղաքին,
Զուր խորհեցա թե անմա՜հ էր հոգին...
Անմա՜հ, բայց չէ՞ որ երկնից մեջ գարնան
Բյուր գիսավորներ մոխիր կը դառնան.
Աստղեր կը վառին, աստղեր կը սառչին.
Կը լռե ցայգին պլպուլը վերջին,
Բույս ու կենդանի կ'իյնան անկենդան.
Ամեն, ամեն բան մահվան զոհ կ'երթան...
Ու երկնքին հյուր՝ լոկ մա՛րդն է տըխուր...
Անմա՜հ, մինչև ե՞րբ, և ինչպե՞ս, և ո՞ւր...
Գ
Բայց ուսկե՞ կուգա՜ այն Հույսը մարդուն,
Որ մեծ ցայգին մեջ միայնա՜կ, արթուն
Կ'ուզե հսկել՝ երբ իր ոսկորոտին
Երկու ափ հողին ներքև կ'անհետին:
Ու ինչպես դիակը փտելե վերջ,
Մարդ համառորե՛ն, Մահվա՛ն ծոցին մեջ,
Անմահության Հո՛ւյս մըն է դիուցեր...
Անշո՛ւշտ սարերու երբ եղնիկը ծեր
Կը նայի անդունդն ի վար անհատակ...
Երբ գայլը փոքրիկ՝ մացառներու տակ՝
Կը դիտե մա՛հն իր գնդակահար հոր...
Երբ օվկիանին վրա անդնդախոր՝
Շնագայլն հսկա՜ կը թավալի լո՜ւռ...
Վերջալույսին դեմ Առյուծը տխուր՝
Երբ կը մռնչե դաշտին մեջ խոպան...
Անմահությա՜ն վրա չէ՛ որ կը խոկան...
Դ
Նո՛ւյնիսկ Մարդուն մո՜ւթ նախահայրն Ադամ,
Անզե՛ն, անպաշտպա՜ն այդ խեղճն հաշմանդամ,
Նետված ուժերո՛ւ միջև ահագին,
Շա՜տ քիչ հաշիվի կ'առներ իր հոգին,
Երբ պտուղի՜ մը համար, անվեհե՜ր,
Անմահութենեն կը հրաժարեր...
Բայց ահա անբա՜վ միջոց մ'է անցեր.
Հիսուն ծանրածանր դարով՝ Մարդը ծե՜ր,
Որ իր ուղեղին դրդումին հըլու,
Հասեր է ամե՛ն ինչ գըրավելու,
Ստրուկներ գտեր է անասնոց մեջ,
Մնացածը զարկեր, հալածեր անվե՜րջ,
Աստվածնե՜ր շիներ է նախ անհամար,
Հետո ամե՛նքն ալ այրելու համար..
Տիրե՛ր է Բնության Ույժին ահագին,
Կը տենչա իշխել արդ Ժամանակին...
Ե
Ա՜խ, անմա՜հ ըլլալ... Ապրի՜լ հավիտյան.
Իսպա՜ռ չունենալ ո՛չ դար, ո՛չ վայրկյան.
Ժամանակի՛ն պես, Ժամանակին մեջ,
Տքա՜լ, տառապի՜լ, բայց ապրի՜լ անվերջ...
Սիրտը արյունոտ, մարմինը հիվանդ,
Հոգնաբե՛կ, ի՜նչ փույթ, ապրիլ մանավանդ...
Շյուղ մ'ըլլալ մարգի, ի՛ր մը լռելյայն,
Բայց հավիտենին մեջ ապրի՜լ միայն...
Քար մ'ըլլալ անարգ, ապառաժ մ'անխոս,
Գեթ նիհար առվակ մ'ըլլալ մշտահոս,
Ծա՜ռ մը դարավոր, մետա՛ղ մը միայն
Անմի՛տ, անզգա՜. չի մեռնի՜լ սակայն...
Աստվածացյալդ Մա՛րդ, ամո՛թ քեզ, ամո՛թ,
Մութ, ամբարտավան, խրոխտությանց անո՜թ,
Դեռ ամե՛ն գինով կը կառչիս հողին...
Նայեիր աշնան տերևին դեղին...
Զ
Ու երբ ըսեն թե գիտությունը նոր
Այրեց հի՜ն, փոշո՛տ գիրքերը բոլոր,
Թե Նյութ կա միայն, Հոգին չէ՛ անմահ,
Հոգին չի կա իսկ. Մի հավատաք, ա՜հ,
Վճիտ մոմյաներն հին Եգիպտոսին,
Դարերու գաղտնի՛քը թող ձեզի խոսին...
Նայվածք մ'ուղղեցեք դեպի Պարթենոն,
Նոր Անմահնե՜րն են որ կը խրոխտան հոն:
Ու է՛ն չոր գիտունն իսկ՝ կրոնքին օտար՝
Քարե արձանի մը հոգին կուտար...
Ա՜խ, կյանքի, մահվան կռիվն անզգամ...
Ու անշուշտ՝ մենե է՛ն խելոքն անգամ
Երբ տեսներ Մահն որ պաշտոնին հըլու
Կուգար սիրելին մենե խլելու,
Թե Աստվա՛ծ ըլլար ան, թե Սատանա,
Շան մը պես պիտի խեղդեր անխընա...
Է
Շա՛ն մը պես... ա՛խ, շատ չի պիտի ըլլար...
Բաբե՜, կը հիշեմ թե ինչպե՜ս կուլար,
Ինչպե՜ս կը խածներ սնար ու սավան,
Ինչպե՜ս կը կանչեր արևը վաղվան
Որ ա՛լ չի պիտի գար երբեք իրեն,
Ու ինչպե՜ս կ'ուզեր խելահեղորեն
Մարմինն անկողնեն քաշել անհընա՜ր,
Ու ինչպե՜ս պատեն մագլիլ կը ջանա՜ր,
Սարսափած աչքերն ուղղելով ինծի...
«Ես եմ, բարեկա՛մդ, ավա՜ղ...» գոչեցի,
Բայց ան աչքերուս խրեց իր մատներ,
Զի ես կ'ապրեի, մինչ ինք կը մեռներ...
Հասկըցա՛, ընկեր, լեզուդ վերջնագույն:
Բայց մահեն փախչող վատ մ'էի տժգույն,
Զի Սերն իսկ սուտ է, մարդերը մա՛րդ են...
Ու մեր երկունքին մեջ մա՛հն էր արդեն...
Ը
Ինչպես նետահար թռչուն մ'որ հետին
Ճիգերն իր կ'ընե կառչելու օդին...
Ծովամույնն ինչպես կը փարի վետվետ
Խլյակի մը որ կ'ընկղմի իր հետ...
Ինչպես սարի հեք արծիվն հոգեվար
Կը կառչի ժայռին որ չի սահի վա՜ր...
Այնպես մատներու ճիգովը հետին
Կ'ուզեր բռնվիլ սնարին պատին...
Անկողին գամված, փտիլ, ցավիլ, լալ,
Դարերով, ի՛նչ լավ... Բայց մեռնի՜լ, չըլլա՜լ...
Ահե՛ղ կը մղեր պայքարն անիրավ
Երբ բերնեն արյան ուղխ մը զայն տարավ...
Այդ շքեղ սրտեն, կյանքեն ի՞նչ մընաց.
«Ե՛Ս» կ'ըսե աճյունն, «Ե՛Ս» կ'ըսե Աստված:
Ու ե՛ս, իր գեղջուկ քարին վրա կուգամ
Հանգի զարնելու տաղերս անզգամ...

Թ
Դիտեցի գողտրիկ այդ վայրը բողբոջ,
Ու ես ակամա խորհեցա դողդոջ
Ծերուկ Դանթեի ահեղ դժոխքին,
Ու հիմար վազքի մը մեջ մոլեգին,
Այրող խավարին, փրփրող արյան մեջ,
Երախնին բացած, անբարբա՜ռ, անվե՜ րջ,
Տժգույն հերոսներ պար կը դառնային...
Խորհեցա նաև սեգ Սատանային,
Զոր Միլթոն, աչքով կույր, հոգվով արթուն,
Իշխա՜ն հռչակեց հաղթված Մարդուն,
Որ երեքժանի ցուպով կզբոսներ
Անհանգիստ ընել դատարկ գլուխներ...
Չմոռցա նաև մտածել ահեղ
Օրվան՝ երբ փողին ձայնեն խելահեղ,
Կմախքներ երկի՛նք կը թռչին արդեն...
Ինչ որ քիչ մը շատ խնդրել է մարդեն...
Ժ
Մարդուն տանջըված խղճմտանքը վա՜տ
Ի՜նչ մղձավանջներ երկնեց հուսահատ,
Ի՜նչ սադայելյան ցավեր անհամար,
Ի՜նչ եդեմ՝ մեր գարշ դիակին համար...
Հո՛ն, ոչի՛նչ կա մութ, ոչի՛նչ կա դժնե:
Ան դանդա՜ղ խմված պարապ գավաթն է,
Առա՛նց քանդակի, առա՛նց սուտ զարդի,
Առա՛նց նորագյուտ հնարքներու արդի,
Որ տիտղոս, տարիք կ'անմահացընեն...
Վարդի թուփ մը հոն կ'իյնա ծարավեն...
Ու եթե երբեմն ողբեր կ'ողողին
Քարի մը տակեն. Ծե՜ր բուն է գյուղին...
Թե արշալույսին ստվեր մը հածի.
Իմաստասեր կո՜վ մ'է որ կ'արածի...
Ու թե շիրիմներ պեղվին անընդհատ.
Բորենի մըն է, կամ քերթող մը վատ...
ԺԱ
... Ինկա ու մտիկ ըրի սգահար,
Ձայնի մ'որ քարին ներքև կը դողար.
Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս, քեզ եղբա՛յր, քեզ քո՛ւյր․
Ե՛ս տիեզերքին հսկա ա՛չքը կո՜ւյր,
Ե՛ս սկիզբը և վերջ, երա՛խ ու արգանդ,
Ե՛ս վի՜հ անհատակ` ու ծոց արգավանդ.
Ե՛ս ա՛յն եմ որ քեզ ծընավ, նաև ա՛յն
Զոր պիտի ծընիս: Ե՛ս ձայն լռելյայն:
Ե՛ս օրհնությունն եմ, բարիքը վերջին.
Ե՛ս այն եմ որմե ամենք կը փախչին
Եվ որմե փախչիլ չի՛ կա: Հավասա՜ր
Ներո՛ւմն եմ անոր որ ինձ կը հուսար,
Անո՛ր որ հեգնեց զիս առանց խղճի:
Ամենո՛ւն ալ վըրա իմ մարգըս կ'աճի...
Մանգաղս ո՞վ պիտի համբուրեր անա՜հ...
Ինձ Աստված ըսին, իմ անունս է ՄԱ՛Հ․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

Давид Бек
Давид Бек
Играть онлайн