Рубен Севак

Եկո՜ւր

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,
Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ'դեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի․․․

Քու տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ.
Ու դուն մարմինն ես անմարմին երգերուս,
Խենթեցընող հավերժահարսը բողբոջ,
Ցող մահացնող սրտի հազար վերքերուս.
Սուրբ տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ․․․

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս,
Քեզ երգելեն արյունեցան, խենթեցան
Յոթը վերքերն իմ բարունակ սրինգիս,
Սրտիդ ճամփուն վրա մերկ ոտներս այրեցան,
Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս․․․

Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ կարմիր վերքի պես.
Բա՛ց ինձ թևերդ, հավերժական բա՜նտ անուշ,
Բա՛ց ինձ հոգուդ հրաշքներուն մուտքն անտես
Ու տո՜ւր ինձ հոն անէանալ, լուռ, անհուշ,
Բա՛ց ինձ կարմիր շրթներըդ լայն վերքի պես․․․

Ահա թոշնած շուշաններով քեզ կուգամ,
Ահա ոտքիդ տակ փառքիս խեղճ Սարդենին.
Ահա սրտիս խոպան դաշտն, ուր մի՛ անգամ
Չըծաղկելով սիրո նիհար վարդենին,
Ահա իմ սև շուշաններովս քեզ կուգամ․․․

Եկո՜ւր, եկո՜ւր, եկուր սիրե՜նք կաթոգին,
Ով չի սիրեր պիտի մեռնի առհավետ.
Սերը պե՛տքն է, երազն է կյանքը կյանքին.
Սերը մահվան մեջ անուրջն է արփավետ.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя