Раффи

Խրատ

Մեռանո՛ւմ եմ ես, սիրելի որդյակ,
Ա՛խ, շատ օրերի եմ արդեն հիվանդ,
Եվ քեզ, աչքի լույս, իմ վերջին կտակ`
Հայրական խրատը թողնում եմ ավանդ:

Թե կամենում ես լինել բախտավոր,
Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,
Եվ այս րոպեից եղի՜ր ուխտավոր,
Կատարել իմ խրատ յուր ժամանակին:

Ուղիղ, անմոլոր քո հայրենական՝
Ընտրե քեզ համար՝ կյանքի ճանապար,
Չըլինես հպարտ, երբեք, սիրական,
Ծըռե՛ գլուխդ, եղի՜ր միշտ խոնար:

Հեռո՜ւ պահիր քեզ աղքատ մարդերից,
Քսվի՜ր բոլորտիքը դու միշտ հարստին,
Եվ միշտ խնայե քո բարեկամներից
Դու մեկ սև փողիդ իզուր կորստին:

Խելացի մեղվեն ա՜ռ դու օրինակ,
Դիմել դեպ ծաղկունք և կազմել խորիսխ,
Այդ մեղրն է արծաթ, լսիր, իմ որդյակ,
Մարդկային կյանքի հաստատուն խարիսխ:

Թե որ շահերիդ կըբերե օգուտ,
Ներելի է միշտ ասել թեթև սուտ,
Կեղծել փոքր ինչ, մրոտել պատիվ,
Դոցանով երբեք չես վնասի հոգուդ:

Թե լինես ներքո դու ծառայության,
Խոնարհի՜ր սրտով քո մեծավորին,
(Բայց զանց մի՜ արա յուղալի ընծան...
Մի խնայե եղբոր, քո մերձավորին: )

Թե որ դու լինես մի օր սովդաքար,
Թո՜ղ կարճ լինի քո արշին և կանգուն,
Թո՜ղ թեթև լինի քո կշիռքի քար,
Թո՜ղ փոքր լինի սոմարիդ մեծություն:

Իսկ երբ պարապվիլ պետք էր կապալով,
Օրինակ, զորքի տալ գինի, արաղ,
Երբեմն լավ է խառնելը ջրով…
Ի՛նչ կըհասկանա սալդաթը սարսաղ:

Թե վնասվեցար դու առևտրում,
Էլ մի՜ վճարե քո պարտատերին,
(Այդպիսի դեպքում չեն մեղադրում...(
Պահի՜ր ունեցածդ ապրուստ սև օրին:

Ուսման, կրթության, այդպիսի դարտակ
Բաներին չըտաս քո սիրտը, որդյակ,
Հեռու պահի՜ր քեզ ազգասերներից,
Չըբացես նոցա առջև քո քսակ:

Հարուստ աղջկա հետ դու կապե պսակ,
Փույթ չէ թե լինե տգեղ կամ ախտավոր,
Կըլեցնի ոսկով քո դարտակ քսակ,
Կըլինես երջանիկ, գոհ և բախտավոր:

Դու կատարե այդ խրատները անգին,
Դոցանով շատերն երջանիկ եղան.
Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,
Կունենաս առատ, լի հացով սեղան:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн

Сообщение
Сообщение
Играть онлайн