Раффи

Թաթոսներ

Ա

Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունել:

Աշնան գեղեցիկ առավոտներից մինն էր: Թիֆլիսի գերմանական գաղթաշենքից դուրս մեծ ճանապարհի վրա, կարգով շարված էին մի քանի ֆայտոններ և մի կողմում կանգնած էր ուղևորի կառքը: Հայր, մայր, քույր, եղբայր և ազգականներ, լի բարենպատակ հույսերով, ճանապարհ էին դնում պատանի Միշային դեպի Մոսկվա, որը ավարտելով տեղային գիմնազիոնում, դիմում էր դեպի մայրաքաղաքը բարձր ուսում ստանալու: Բոլորի դեմքերի վրա փայլում էր ուրախություն, բաժակները դատարկվում էին և ամեն մինը բարեմաղթում էր ուղևորին բախտ և հաջողություն:

Շուտ արեք, աղա՜, շտապեցնում էր կառավարը, պղնձի նման կարմիր դեմքով, չնայելով որ նա ստացել էր մի քանի բաժակ արաղ համբերելու համար:

Պատանին համբուվեցավ բոլորի հետ և պատրաստվում էր նստել կառքը: Նրան մոտեցավ հայրը լի ծնողական զգացմունքով:

Աշխատի՜ր, Միշա ջան, լավ սորվե, որ մարդ դառնաս... կարդում էր նա յուր վերջին խրատը:

Պատանին բազմախորհուրդ կերպով ժպտաց, այդ ժպիտի մեջ արտահայտվում էր մանկական եռանդի բոլոր ինքնավստահ հաստատամտությունը դեպի հառաջադիմություն:

Նա մոտեցավ մորը:

Շարֆդ լավ կապիր, բաշլիկդ ծածկե, կմրսես, Միշա ջան, ասաց մայրը դողդոջուն ձայնով, և արտասուքը մանրիկ կաթիլներով ցայտեց նրա բազմահոգ աչքերից:

Տե՜ս, չմոռանաս, Միշա ջան, ասում էր քույրը, մի գեղեցիկ նորավարտ օրիորդ: Շուտ-շուտ նամակ գրե՜, չմոռանաս...

Ինձ համար իկրուսկի բեր, ասաց փոքրիկ եղբայրը, Միշան այդ բոլոր պատվերներին պատասխանում էր միայն գլխի շարժումով և երեխայական անմեղ ժպիտով: Նրա սիրտը հուզված էր, նա հրապուրված էր յուր ապագա հույսերի երազներով...

Վերջապես պատանին նստեց կառքը: Նրա մոտ տեղավորվեցավ մի հաստլիկ հայ վաճառական, որ նույնպես Մոսկվա էր գնում յուր գործերի համար: Կառքը շարժվեցավ:

Մնաք բարով, դեդի ջան, մամի ջան, մնաք բարով Ելեն ջան, Նիկոլ ջան... ձայն տվեց պատանին:

Կառքը բավականին հեռացավ: Մայրը տակավին չէր դադարում հետևից կանչել, Օսե՜փ, Օսե՜փ, մուղայիթ կաց Միշայիս, քնած ժամանակը ծածկի՜ր, չթողնես որ մրսի... Միշա ջան, շարֆդ լավ կապիր...

Հաստլիկ վաճառականը շարժեց գլխով: Սրընթաց կառքը կորավ փոշու: ամպերի մեջ…

Բ

Անցավ երեք տարի:

Գարնան թարմ և հովասուն առավոտներից մինն էր:

Մոսկվայի Տվերսկի փողոցի Շաբլուկինի նոմերների մինի մեջ պատի ժամացույցը զարկեց տասն և երկու ժամը: Մահճակալի վրա կիսաբաց պառկած էր մի նորահաս պատանի հոգնած և նվազած դեմքով: Կարծես թե յուր գիշերվա անքնությունը կամենում էր նա լրացնել ցերեկվա հանգստությունով: Սեղանի վրա թշշում էր սամովարը: Մի ռուս օրիորդ, սպիտակ, որպես ձյուն, բավականին քնքուշ, բայց գունաթափ դեմքով, շեկ մազերով, պարզ կապտագույն աչիկներով, հոգս էր տանում թեյի պատրաստությանը: Նա երբեմն յուր լի զգացմունքով քաղցրիկ հայացքը դարձնում էր քնած պատանու վրա, ժպտում էր, թռվռում էր և կրկին դառնում էր դեպի յուր գործը: Նա այնպես հանդարտ և այնպես զգույշ էր շարժվում, որպես մի թեթև հրեշտակ, կարծես յուր դեռ նոր զարգացած կուրծքի ջերմ շնչառությամբն անգամ չէր կամենում վրդովել քնողի հանգստությունը:

Սենյակի մեջ մի քանի աթոռներ անկանոն կերպով ընկած էին այս և այն անկյուններում: Պատուհանի հանդեպ կանգնած էր գրասեղանը, որի վրա դրած էին մի քանի տետրակներ, դեղնած մռոտած, փոշիներում թաթախված, երևում էր, երկար ամիսներով ուսանողի ձեռքը չէր դիպել նրանց: Այնտեղ կային և մի քանի հատորներ Դոբրոլյուբովի, Տուրգենևի, Չերնիշևսկու և այլ ռուս հեղինակների ռոմաններից, որոնցից շատերը դեռ կտրված չէին: Գրասեղանի վրա երևում էր և մի կաղամար, որի մեջ մելանը վաղուց ցամաքել էր: Անբախտ ճանճերի չորացած կմախքները միայն, որոնք մի ժամանակ անզգուշությունից ընկել խեղդվել էիե սև հեղուկի մեջ, ձևացնում էին այնտեղ այդ չար միջատների տխուր դամբարանը: Գրասեղանի վրա ընկած էր և մի քրքրված ալբոմ, որի մեջ զետեղված էին Գյոթեի, Շիլլերի, Շեքսպիրի և այլ մեծ մարդերի պատկերներ խառն գեղեցիկ աղջիկների պատկերների հետ, սկսյալ իրանց սիրունությունով երևելի դերասանուհիներից մինչև հաստաթշիկ բելոշվեյկաները, որոնք բախտ էին ունեցել այցելություն գործել այդ կացարանին, որոնց մեջ վերջին տեղը բռնում էր Նատաշայի պատկերը, այդպես էր կոչվում օրիորդը, որ նույն ժամուն գտնվում էր պատանու սենյակում:

Բացի վերոհիշյալ պարագայքը, գրասեղանի վրա քարշ էր ընկած կանացի յուբկա, որ պատկանում էր նույն օրիորդին, իսկ պատուհանում դրած էր լարերը կտրած մի ջութակ: Ահա այդ բոլորը կացուցանում էին այդ աղքատիկ, և միևնույն ժամանակ կիսաբանաստեղծական սենյակի զարդարանքը: Դա մի ուսանողի կացարան էր, մի ուսանողի, որին ծնողքը երեք տարի առաջ այնպես քնքշությամբ ճանապարհ դրին դեպի Մոսկվա:

Միքայել Բաքոսյանը. այդպես էր նրա անունը գալով Մոսկվա, առաջին տարին բնակվեց մի պաշտոնից հրաժարված պրոֆեսորի տանը թե՜ լավ պատրաստվելու և թե նրանից օգտվելու մտքով: Պարոն պրոֆեսորը, որ մի բարեսիրտ ծերունի էր, ազատ ժամերում մեծ բավականությամբ պարապում էր նրա հետ: Այնտեղ Բաքոսյանը շուտով կապվեցավ ծերունու դստեր հետ, որ ուներ մի առանձին սեր դեպի սև աչքերն և թուխ մազերը: Նրանց սերը վերջացավ նրանով, որ Բաքոսյանը իսպառ ձգեց պրոֆեսորի տունը, թողնելով խեղճ օրիորդի սրտում մի դառն զզվանք, թե բոլոր կովկասցիները անխիղճ են...

Մտնելով համալսարան, Բաքոսյանը գտավ հայ ուսանողների մի մեծ շրջան, որոնք բոլորր սիրում էին նրան, սիրում էին, որովհետև Բաքոսյանը հարուստ էր, ստանում էր հորից առատ արծաթ և շատ անգամ հյուրասիրում էր ընկերներին ռոմի պունշով և ֆրանսիական երշիկներով:

Նատաշան, որպես երևում էր, այն առավոտ շտապում էր, նրա անհանգստությունը հասնում էր մինչև անհամբերության:

Բաքոսյանը դեռ քնած էր. զարթեցնել նրան օրիորդը չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ամբողջ գիշերը չէր քնած: Իսկ սպասել նրան չէր կարող, որովհետև նա պիտի գնար յուր մադամի խանութը կար կարելու:

Վերջապես նա վճռեց, առանց մնաք բարով ասելու, գնալ յուր գործին, զգույշ քայլերով մոտեցավ դռանը, կանգնեց, մտածեց և մի միտք կրկին ետ դարձրեց նրան: Նա ոտքի մատիկների վրա ուշիկ-ուշիկ մոտեցավ մահճակալին: Նրա նուրբ շրթունքը շոշափեցին պատանու թշերը, և առանց ձայն հանելու ետ քաշվեցավ, կամենում էր հեռանալ, բայց յուր հոգեկան խռովության մեջ, հանկարծ դիպավ բոլորակ սեղանիկին, որ դրած էր մահճակալի մոտ. սեղանը գլորվեցավ հատակի վրա, պատանին զարթնեց այդ անզգույշ դղրդումից:

Այդ ի՞նչ է, եղավ նրա առաջին խոսքը:

Ա՛խ, ներե՜, Միխայել Արտեմիչ, ես անհանգիստ արեցի քեզ, շառագունելով ձայն տվեց Նատաշան և մոտեցավ չոքեց մահճակալի առջևը, ինչպես մի հանցավոր աշակերտ:

Բաքոսյանը ծույլ կերպով շարժվեցավ, մերկ թևքը նեցուկ տվեց ծանրացած գլխին և նրա պղտոր, նվազած աչքերը դարձան դեպի օրիորդը:

Դու ուզում էիր գնա՞լ, հարցրեց նրանից:

Այո՜, Միխայել Արտեմիչ, պատասխանեց օրիորդը քաղցրիկ ձայնով. ես շատ ուշացա, արդեն տասներկու ժամն է, դու խո գիտես մադամը ի՞նչ պտուղ է…

Մի փոքր ևս սպասի՜ր:

Չէ՜, Միխայել Արտեմիչ, մադամը կբարկանա…

Ա՛խ, սատանան տանե այդ քո մադամին... տհաճությամբ ձայն ավեց պատանին և կրկին գլուխը վեր թողեց բարձի վրա:

Դու խո գիտես, Միխայել Արտեմիչ, որքա՞ն չար է նա...: Եթե մի քանի րոպե ուշանում ես, վարձից կտրում է, պատասխանեց օրիորդը, յուր վարդագույն մատիկներով շոյելով պատանու գլուխը և ետ քաշելով նրա ուսանողական երկայն մազերը լայն ճակատից:

Ես գիտեմ... Նատաշա: Ես գիտեմ... կրկնեց նա դողդոջուն ձայնով, որ դու այն անիծված ասեղից հեռանալ չես կարող: Բայց դու չգիտես, որ ես ուզում եմ միշտ ինձ մոտ լինես, միշտ քեզ վրա նայեմ, միշտ քեզանով ուրախանամ:

Խո ես քեզ մենակ չեմ թողնում, ասաց օրիորդը և անկեղծ Ժպիտը խաղաց նրա շառագունած թշերի վրա:

Չէ՜, այդ բավական չէ՜, ես կցանկանայի, որ դու մի րոպե անգամ ինձանից չհեռանայիր:

Ես ինչպե՞ս թողնեմ մագազինը... ասաց օրիորդը անվճռական ձայնով:

Թո՜ղ, եթե սիրում ես ինձ:

Սիրում եմ... պատասխանեց օրիորդը և փոքրիկ գլուխը վեր թողեց պատանու նույն ժամին բացված կրծքի վրա:

Քառորդ ժամից հետո Նատաշան գլխին դրեց փոքրիկ հարդյա գլխարկը, զարդարված սպիտակ շուշաններով, առավ հովանին և թիթեռնիկի արագությամբ դուրս վազեց Բաքոսյանի սենյակից, խոստանալով, որ այն օր կվերջացնե յուր բոլոր հաշիվը մադամի հետ:

Գ

Հեռանալով հայրենական տնից՝ երեք տարվա ընթացքում Բաքոսյանը բավական փոխվել էր: Լիքը թշերի առողջ կարմրությունը տեղի էր տվել դալկացած գունատության: Պայծառ աչքերի կրակոտ փայլր նսեմացել էր: Նրա պատանեկան դեմքի թարմ և կենդանի զվարթությունը ստացել էր թախծալի, թմրած և հիվանդոտ արտահայտություն: Աշխատությունը չէր, որ այդքան մաշել էր նրան, նա ամիսը մի անգամ հազիվ էր գնում դասախոսություն լսելու և տանը խիստ սակավ էր պարապում: Միայն հորից ստացած առատ փողերը և մայրաքաղաքի կյանքի փոթորիկը մի րոպե հանգստություն չէին տալիս նրան...

Երբ Նատաշան հեռացավ, նրան կոչում էին Նատալիա Պավլովնա, Բաքոսյանի կացարանին կից մի այլ սենյակում գիշերային անքնությունից զարթեցավ մի այլ հայ ուսանող, լղարիկ կազմվածքով, փոքրիկ հասակով և արյունով լիքը աչքերով, նա շապկի վրա հագավ ամառվա պալտոն, մոտեցավ բազկաթոռին և մարմինը ծուլորեն վեր թողեց նրա վրա, և երկու ձեռքով բռնելով աչքերը, խորասուզվեցավ ինչ-որ մտածությունների մեջ: Դա Գրիգոր Կապիկյանն էր, բավականին ընդունակ, բայց սաստիկ անաշխատասեր մի ֆիզիկոս: Պարոնը նույն գիշեր խաղի մեջ տանել էր տվել մինչև վերջին կոպեկը, իսկ առավոտյան շաքարի փող չուներ:

Ա՛խ, սատանան տանեմերթժմերթ լսելի էր լինում նրա բերանից մի այդպիսի հուսհատական հառաչանք:

Հանկարծ նրա սենյակը մտավ մի այլ ուսանող, նույնպես հայ, բարձրահասակ, սև գանգուրներով զարդարված գլխով, ուրախ դեմքով, վառվռուն աչքերով:

Այդ երիտասարդը կոչվում է Սամվել Լաբլաբով:

Թեյ ունե՞ս, Գրիշա, հարցրեց նա, առանց ողջունելու:

Ոչինչ չունեմ, եղավ Կապիկյանի պատասխանը: Բայց դո՞ւ, հարցրեց նորեկից:

Իմ ջիբումս էլ մկներ են խաղում, պատասխանեց Լաբլաբովը, ձեռքերը տրորելով և պտտվելով աջ ոտքի կրունկի վրա:

Գնանք Բաքոսյանի մոտ, այնտեղ փորներս կտաքացնենք:

Գնանք, կրկնեց Կապիկյանը և վեր կացավ:

Նա երեսսրբիչը թրջեց, նրանով թառամած երեսը զովացրեց (այդ նրա լվացվելու ձևն էր), մազերը մատներով սանդրեց, և նույն գիշերվա շապիկով և նրա վրա հագած ամառվա պալտոյով, Լաբլաբովի հետ միասին դիմեցին Բաքոսյանի սենյակը: Այնտեղ նրանք գտան և մի քանի ուրիշ հայ ուսանողներ՝ Ռափայել Ջամալյանցին, մի կենդանի և աշխույժ դեմքով երիտասարդ, որի խարտյաշ մազերը, ճերմակ երեսը ավելի նմանություն էր բերում արևմտյան տիպերի: Այնտեղ էր և Եզիկյանը, յուր թթված երեսով, քիթը և ճակատը նախշված կարմիր պզուկներով: Այնտեղ էր և Նուլյանը, յուր կատվանման փոքրիկ երեսով, կարճահասակ և մկան աչքերի պես նեղ, փայլուն բիբերով:

Քաղցածները հավաքվել են, ասաց Լաբլաբովը յուր սովորական կատակով և այս անգամ երկու անգամ պտտվեցավ յուր աջ ոտքի կրունկի վրա: հետո նա սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ, կարծես մի բան որոնում էր: Բոլոր աթոռները բռնված լինելով, նա նստեց Բաքոսյանի քնաշորերի վրա:

Կապիկյանը ոչինչ չխոսեց, միայն թեթև կերպով ժպտաց, մի քանիսին ձեռք տվեց և նստեց Ջամալյանի մոտ:

Ինչո՞վ կարող եմ հյուրասիրել ձեզ, դարձավ Բաքոսյանը դեպի ընկերները:

Կազդուրի՛չ և զովացուցի՛չ... ձայն տվեցին ամեն կողմից: Սաստիկ ջարդված ենք, պետք է ամրացնեք ուժերը:

Այդ սովորական խոսքերի իմաստը վաղուց ծանոթ լինելով Բաքոսյանին՝ նա զանգը քաշեց և ներս մտնող սպասավորին հրամայեց բերել արաղ, երշիկ, պանիր և հաց նախաճաշիկի համար

Իսկ թեյի բաժակները Նատաշան մաքրել և պատրաստ դրել էր սամովարի մոտ, սեղանի վրա:

Ամեն մեկը յուր ձեռքով լցնում էր թեյ և մի րոպեում խմում էր: Շուտով սեղանի վրա դրվեցավ կազդուրիչ և զովացուցիչ ըմպելին՝ արաղը յուր պարագաներով:

Նրանք սկսեցին խմել և նախաճաշել: Արաղի շիշը երրորդ անգամ ուղարկվեցավ գինետունը: Նրանց անընդհատ ծխելուց շուտով փոքրիկ սենյակը լցվեցավ թանձր մխով, այնպես որ մինը մյուսին հազիվ էր տեսնում: Երբ նրանք բավական տաքացրել էին իրանց ուղեղը, սկսվեցավ նրանց մեջ սաստիկ վիճաբանություն: Ամեն կողմից խոսում էին, մինը մյուսին ժամանակ չէր տալիս պատասխանելու: Կատարյալ բաբելոնյան խառնակություն էր: Միայն Բաքոսյանը բոլոր ժամանակ լուռ էր, և համարյա չէր լսում, թե ի՜նչ է խոսվում յուր շուրջը: Նա միայն մտածում էր յուր Նատաշայի վրա: Ուսանողներից երկուսը վիճում էին երկու դերասանուհիների մասին, որոնք այն ժամանակ մեծ ֆուրոր էին անում Մոսկվայի վրա: Լաբլաբովը վերադասում էր Լեբեդևային, որպես երևելի կաքավող և գտնում էր նրա մեջ շատ ինչ բանաստեղծական և սքանչելի: Իսկ Եզիկյանը նրանցից գերադասում էր Պոզնյակովային, որպես տաղանդավոր դրամատիկական դերասանուհի:

Չնայելով, որ մի կաքավող օրիորդի և մի դրամատիկական դերասանուհու մեջ ոչինչ առանձին համեմատություն անել չէր կարելի այսուամենայնիվ վեճը տևեց շատ երկար: Մինչև մի այլ ուսանող՝ կարճլիկ հասակով, մտահույզ դեմքով, որ բոլոր ժամանակը մի անկյունում, Բաքոսյանի չեմոդանի վրա լուռ նստած և ցուցամատը քթին դրած Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջ մտավ և ընդհատեց վիճաբանությունը.

Պարոններ, ես այդ երկուսի մեջ էլ չեմ գտնում գեղարվեստական ճաշակ: Միայն Լեբեդևան լավ է նրանով, որ ունի լիքը սրունքներ և գեղեցիկ, փոքրիկ ոտիկներ, իսկ Պոզնյակովան՝ փառավոր ուսեր և անտիկային կուրծ, որ արժան է Կանովայի քերիչին:

Նրանք բոլոր ժամանակ խոսում էին ռուսերեն:

Աթթարյանի նկատողությունը այդպես էր պարոնի անունը չափից դուրս զայրացրեց թե Լաբլաբովին և թե Եզիկյանին: Նրանք միաձայն գոռացին.

Դու հիմար ես, ոչինչ չես հասկանում... դու մեղանչում ես արվեստի սրբության դեմ:

Այդ իմ կարծիքն է, սառն կերպով պատասխանեց Աթթարյանը, և մատը քթին դնելով, աչքերը ձգեց դեպի առաստաղը և շարունակեց մտածել Օֆենբախի վրա:

Վիճաբանությունը անցավ ավելի ծանրակշիռ առարկաների: Կապիկյանը պաշտպանում էր քաղաքական ամուսնության գաղափարը: Բաքոսյանը հակառակում էր նրան, և հիմնվելով Ֆուրիեի վարդապետության վրա հերքում էր ամուսնությունը, պնդելով, թե կանացի սեռը պետք է բոլորովին ազատ լինի, և օրինակներ էր բերում Չերնիշևսկու գրվածքներից:

Սկսելով իրանց վիճաբանությունը Լեբեդևայի բեմի վրա թռչկոտելուց, մեր ֆիլոսոֆները վերջացրին նրանով, թե Բարսով, Սարատով, Կրիմ և Էրմիտաժ հյուրանոցներից ո՜րն ավելի հարմար էր ճաշելու համար: Էրմիտաժը նրանք գտան ավելի արիստոկրատական և վճռեցին գնալ Կրիմ ճաշելու, ի նկատի ունենալով, որ այնտեղ կհանդիպեին գեղեցիկ աղջիկների...

Արդեն երեք ժամն էր:

Դ

Գիշերը «Թաթոսները» այդ անունով նրանք կոչում էին իրանց խումբը զվարճախոսության համար դարձյալ հավաքվեցան Բաքոսյանի մոտ: Թեյից հետո նրանք սկսեցին ծխել և դատարկախոսություններ անել: Իսկ լուրջ վիճաբանություն տեղի չունեցավ:

Բայց Եզիկյանը, «լռության պրոֆեսորը» այդպես էին կոչում նրան որ ոչինչ այլ առարկայի վրա խոսելու ընդունակ չէր բացի բամբասելուց՝ հանկարծ կանգնեցավ և հայտնեց, թե նա խոսելիք ունի: Բոլորի ուշադրությունը դարձավ դեպի նա. անհամբերությամբ սպասում էին, արդյոք ի՜նչ հիմարություն պիտի հայտնի:

Պարոններ, ասաց նա ճառական ոճով, մարդկային լուսավորության և նրա հառաջադիմության պատմագրությունը մեզ սովորեցրեց, թե ոչ մի հասարակական հիմնարկություն չէ կարող յուր իսկական նպատակին հասնել, եթե նույն հիմնարկության կազմակերպությոլնը չէ կանոնավորվում պաշտոնական ձևերի մեջ: Ի նկատի ունենալով այդ ճշմարտությունը, ես պատիվ եմ համարում այս ժողովի մեջ բարձրացնել մի հարց, որի հետ կապակից են մեր «Եղբայրության» բարեկամությունը, նրա շահերը և ապագա հառաջադիմությունը: (Բարձրացավ ընդհանուր ծափահարություն, և նա շարունակեց) «թաթոսականությունը» եղել է ոչ է՜ մեր «եղբայրության» եթե կներվի ինձ այդպես կոչել նպատակը: Մինչև այսօր այդ «եղբայրությունը» կապված էր միայն բարոյական կապերով: Արդարև, անհերքելի է այն փաստը, թե որքա՜ն ամուր և որքա՜ն անխզելի էին այդ կապերը: Իբր ապացույց բավական է հիշել միայն, որ «եղբայրությունը» օրըստօրե լայն շրջան ստացավ և բարի գործին (այդ բառերի վրա առանձին հանգով շեշտեց նա) հետևողների թիվն օրըստօրե ավելացավ: (Դարձյալ ծափահարություն): Նա շարունակեց. ժամանակ է, պարոններ, «եղբայրությունը» մարմնացնել, այլ խոսքով, նրան կազմակերպել և պաշտոնական ձև տալ: Եթե ժողովը թույլ կտա՝ ես կկարդամ այդ մասին պատրաստած իմ ծրագիրը:

Լսելի եղավ ընդհանուր հռհռոց և ծիծաղ:

Խնդրեմ, խնդրեմ, ձայն տվեցին ամեն կողմից:

Եզիկյանը, առանց շփոթվելու, ծանր կերպով, դուրս հանեց ծոցի գրպանից մի թուղթ, հազաց, կոկորդը իստակեց և սկսավ կարդալ (թղթի ճակատին, խոշոր տառերով գրված էր «Թաթոսականություն»):

§ I. Եղբայրության նպատակն է գործ դնել ամեն հնարք՝ ուրախ և զվարճալի ժամանակ վարելու համար:

§ II. Եղբայրությունը բաղկանում է Ա. Նախագահից, Բ. նրա Օգնականից, Գ. Ատենադպրից, Դ. Պատվավոր և մշտական անդամներից:

§ III. Ամեն մի ուսանող պատվավոր և մշտական անդամ լինելու համար պետք է ունենա հետևյալ հատկությունները, Ա. Սիրե բոլոր այն ըմպելիքները, որոնք մեծն Բաքոս շնորհել է մարդկության բարօրության համար: Բ. Սիրե թղթախաղը, որ պարունակում է յուր մեջ թե նյութական և թե բարոյական սկիզբներ: Գ. Սիրե կանայք՝ որպես մարդկային երջանկության միակ աղբյուրը:

§ IV. Եղբայրության ժողովները կազմվում են համարյա ամեն գիշեր:

Չորրորդ հոդվածին իբրև ծանոթություն ավելացված է: հառաջ տարավ Եզիկյանր, թե «ժողովները» դադարում են երկու ամիս միայն, քննություններից առաջ, երբ անդամները զբաղված լինելով առարկաների պատրաստությամբ՝ չեն կարող իրանց նվիրել բարի գործին:

Եզիկյանը կարդաց և մի քանի այլ հոդվածներ, որոնք վերաբերում էին «եղբայրության» վարչությանը, անդամների իրավունքներին և նրանց պարտավորությանը և այլն... Նա նստեց:

Տիրեց ընդհանուր լռություն: Բոլորի դեմքի վրա նկարված էր բազմահոգ խորհրդածություն: Մինչև Բաքոսյանը խոսք խնդրեց և կանգնելով ասաց.

Ես բոլոր սրտով համակրում եմ ծրագրին, որ այս րոպեիս կարդացվեցավ. միայն թույլ եմ տալիս ինձ անել մի մասնավոր նկատողություն. ծրագրի մեջ ասված է, թե ի՜նչ հատկություններ պետք է ունենա մի ուսանող, որ պատվավոր անդամ լինելու շնորհը վայելե, բայց նախագահի հատկությունների մասին ոչինչ հիշված չէ:

Լաբլաբովը խոսք խնդրեց, և բոլորովին համակրելով Բաքոսյանի նկատողությանը՝ ավելացրեց.

Իմ կարծիքով, պարոններ, նախագահ կարող է լինել այն «փղշտացին» միայն, որ միանգամով կարող է խմել մի ամբողջ շիշ արաղ:

Լաբլաբով առաջարկությունը թեև բարձրացրեց ընդհանուր ծիծաղ՝ բայց հերքվեցավ Բաքոսյանից:

Պարոն Լաբլաբովի կարծիքը, ասաց նա, որպես մասնավոր բնավորություն ունեցող՝ չէ կարող ուշադրության արժանի լինել: Իմ կարծիքով, պարոններ, «բարի գործի» հառաջադիմության համար պետք է ընտրել այնպիսի մի նախագահ, որ ավելի հիմար և բթամիտ է:

Բոլորը ծափահարեցին:

Ուրեմն ավելացրեք, պարոն Եզրկյան, երկրորդ հոդվածի առաջին պարագրաֆին որպես ծանոթություն, պարոն Բաքոսյանի նկատողությունը:

Նա հանեց ծոցի գրպանից մատիտը և սկսեց գրել:

Աթթարյանը, որ բոլոր ժամանակ Բաքոսյանի քնաշորերի վրա պառկած, երևի դարձյալ Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջ մտավ.

Պարոններ, թեև ես շատ համակրում եմ պարոն Բաքոսյանի հայտնած կարծիքին, այսուամենայնիվ՝ իզուր է մի այդպիսի ծանոթություն ավելացնելը, որովհետև այստեղ գտնվածներից և ոչ մինը բացառություն չէ՜ կազմում...

Ուզում եք ասել, թե բոլորը հիմարներ և բթամիտներ են և նախագահ լինելու հատկությո՞ւն ունին, լսելի եղան մի քանի ձայներ:

Աթթարյանը դրական կերպով գլուխը շարժեց: Բայց նրան շվացրին:

Եզիկյանը վերջացնելով յուր գրելը, դարձավ դեպի հանդիսականները:

Պարոններ, իմ կարծիքով հարցը բավականին պարզված է. այժմ կարելի է ուղղակի դիմել ընտրություններին:

Այո՜, ձայն տվեցին ամեն կողմից:

Ուրեմն քվեարկեք առաջ նախագահին: Ով կամենում է ձայն տալ` ձեռքը բարձրացնել:

Նշանակվեցան երեք կանտիդատներ, մինը՝ նույնիսկ Եզիկյանը, մյուսը՝ Լաբլաբովը, երրորդը՝ Նուլյանը: Ձայների բազմությունը ստացավ Եզիկյանը: Իսկ Լաբլաբովը ընտրվեցավ նախագահի օգնական, Նուլյանը՝ ատենադպիր, մնացածները՝ եղան պատվավոր և շտական անդամներ:

Կարող են լինել և կամավոր անդամներ, ասաց Թաթոսներից մինը, մենք այսուհետև այդպես կոչելու ենք նրանց:

Այդ վարչությանն է վերաբերում, պատասխանեց Եզիկյանը, որ կամենում էր իսկույն գործ դնել յուր իշխանությունը: Կամավոր անդամ լինել ցանկացողները, այսինքն նրանք, որ երբեմնակի ուզում են ներկայանալ նիստերին, առաջ պետք է նախագահին դիմեն և նրանից թույլտվություն խնդրեն: Այդ միտքը հայտնված է տասներորդ հոդվածի մեջ: Ավելացրեց նա, խիստ լուրջ կերպով:

Բոլորը համաձայնվեցան:

Ուրեմն այժմ կարող ենք բանալ առաջին պաշտոնական նիստը, ասաց նախագահը:

Նույն ժամուն Թաթոսները խմեցին մի-մի բաժակ արաղ, ամեն մինը կարդալով երկար ճառ «եղբայրության» և «բարի գործի» հարատևության մասին, և բաց արին թղթախաղի առաջին պաշտոնական նիստը:

Բոլոր ժամանակը նրանք վիճում էին հաշիվների մասին և աղմուկ էին բարձրացնում, չնայելով որ նախագահը միշտ զգուշացնում էր, որ կարգ ու կանոն պահպանեն: Գիշերային երկու ժամին վերջացավ խաղը: Կես ժամ նրանք վիճեցին հաշիվների վրա, մինչև նախագահը մեջ մտավ և ուղղեց հաշիվները, թե ով որքա՜ն էր տարված, և ո՜վ ի՜նչ էր տարել:

Պարոններ, այժմ դեպի արշավանք ձայն տվեց նախագահը, զորապետի կերպով:

Դեպի արշավա՛նք, կրկնեցին մյուսները և դուրս եկան...: Նույն ժամուն մի մուժիկ, բարձած սայլակով, տարաժամ քաղաքը ներս էր բերում յուր ագարակային բերքը: Տեսնելով նրան, Լաբլաբովի գլխին փլեց մի միտք. նա ուզեցավ կատակ անել խեղճ գյուղացու հետ:

Նա, բարձր շլյապան յուր գավազանի գլուխը տնկելով, կուզեկուզ մոտեցավ սայլակին, մի զարմանալի ձայն հանեց, թռչկոտեց: Եզները խրտնեցան, սայլակը շուռ եկավ, մուժիկը կատաղեցավ:

Ի՞նչ է... գոռաց գյուղացին խռպոտ ձայնով:

Եզների հետ են խաղում... Եվ աղաշներ էլ են...

Թաթոսները ոչինչ չպատասխանեցին, հռհռացին և հեռացան: Բայց գյուղացին չէր դադարում քթի տակից անեծքներ կարդալուց:

Բաքոսյանը մնալով միայնակ յուր կացարանում՝ խիստ անհանգիստ էր:

Նա, խորին վրդովմունքի մեջ, ձեռքերը տրորելով, անցուդարձ էր անում յուր սենյակում, որովհետև նա սաստիկ տարված էր: Նրա զայրացած դեմքը իսկույն մեղմացավ, երբ մյուս սենյակից երևաց Նատաշայի սիրուն գլուխը:

Ես բոլորը վերջացրի մադամի հետ, ասաց նա ուրախ ժպիտը երեսին և թեթև քայլիկներով վազեց դեպի Բաքոսյանը:

Այդ լա՛վ է … պատասխանեց պատանին և գրկեց նրան:

Ե

Ապրիլ ամիսն էր: Մոտեցավ Թաթոսների ճգնաժամը. շուտով սկսվելու էին քննությունները: Թղթախաղի պաշտոնական նիստերը ետ ձգվեցան:

Այժմ հարկավոր էր փոքրիշատե պատրաստվել: Մեր ուսանողները առանձնացած էին իրաց խուցերում և պարապում էին: Նրանք պարապում էին գիշեր և ցերեկ անդադար, նրանց աշխատասիրությունը հասնում էր մինչև անձնամաշության: Ամենքի աչքերի լույսը աղոտացավ, երեսների գույնը չքացավ, թույլ և դանդաղկոտ քայլերով, որպես հիվանդության մահճից նոր բարձրացած էակներ, նրանք դիմում էին դեպի համալսարան, իրանց մի ամբողջ տարվա անգործության համարը տալու: Մի քանիսին հաջողվեցավ քննություն տալ, մի քանիսը կտրվեցան (Բաքոսյանը նրանց թվումն էր), իսկ մայիսի վերջին ազատվեցան այդ տանջանքներից:

Արձակուրդները եկան: Այնուհետև պետք էր հանգստանալ, սպառված ուժերը զորացնել և «եղբայրության» գործը հառաջ տանել…

Բաքոսյանը, առնելով յուր հետ Նատաշային, թողեց Մոսկվան և տեղափոխվեցավ Սակոլնիկ գյուղը, ամառը անցկացնելու համար: Այնտեղ նա վարձեց փոքրիկ տան մի թևքը, նույնպես փոքրիկ, բայց մաքուր և պայծառ սենյակներով, որոնց լուսամուտները բացվում էին գեղեցիկ պարտիզի մեջ, որ հովանավորված էր վայրենի ծառերով: Նատաշան շատ ուրախ էր յուր նոր բնակարանով, նա առաջին օրը անդադար աշխատում էր սենյակները կարգի գցել:

Երեկոյան թեյի սեղանը նա սփռեց պարտեզի մեջ, որ բոլորած էր մացառներով հյուսած ցանկապատով: Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի յուր գիշերային մուտքը, ծառերի տերևները փայլում էին նրա վերջալույսով: Օդը արբված էր եղևնիների անուշահոտությամբ:

Բաքոսյանը, թեք ընկած փայտյա նստարանի վրա, յուր հոգու հանգիստ բերկրության մեջ, նայում էր Նատաշայի վրա: Իսկ օրիորդը, նույնպես անդորը, նույնպես ուրախ թեյ էր լցնում:

Ահա՜, այստեղ լա՛վ է... ասաց նա ոգևորված կերպով և երեխայական անմեղ ժպիտը վազեց նրա դեմքի վրա:

Դու կարծո՞ւմ ես, հարցրեց Բաքոսյանը ուղիղ օրիորդի երեսին նայելով, որ նույն րոպեին ավելի պայծառացել էր երեկոյան վերջալույսով:

Այո՜, շա՛տ լավ է... կրկնեց Նատաշան, իսկ նրա դեմքը ակամա կերպով մռայլվեց: Այստեղ ինձ հիշեցնում է մեր գյուղը, մեր տունը և բոլորը, ինչ որ թողեցի այնտեղ...

Վերջին խոսքերը օրիորդը արտասանեց այնպիսի մի ցավալի ձայնով, որ իսկույն գրավեց Բաքոսյանի ուշադրությունը:

Ի՞նչ թողեցիր այնտեղ:

Ամեն ինչ... պատասխանեց օրիորդը նույն ձայնով. և գերեզմանները իմ հոր, իմ մոր... և բարեկամներիս... ամե՛նը... ամե՛նը...

Բաքոսյանը, որ մինչև այն օր չգիտեր օրիորդի ով, կամ որտեղացի լինելը, հետաքրքրվեցավ հարցնել.

Որպե՛ս հայտնվեցար դու Մոսկվայում, Նատաշա Պավլովնա:

Ա՛խ, մի՜ հարցնեք այդ, Միխայել Արտեմիչ, խնդրում եմ, մի՜ հարցնեք...

Բաքոսյանը կրկին թախանձեց, որ պատմե: Օրիորդը կարճ, բայց խիստ վշտալի կերպով հայտնեց, թե ինքը միակ զավակն էր պաշտոնից հրաժարեցրած նադվորնի սովետնիկի, թե նա վատնեց արքունի փողերը և տեղափոխվեցավ յուր փոքրիկ ագարակում Ն... գավառի մեջ: Այնտեղ այդ հին աստիճանավորը սրտի կսկիծից անձնատուր է լինում արաղի և թղթախաղի, յուր կայքը բոլորովին սպառվելուց հետո գերեզմանի մեջ հանգստություն է գտնում: Օրիորդի մայրը շատ չէ ապրում ամուսնի մահից հետո, Նատաշան մնում է անտեր և որբ: Մի հեռու ազգական նրան բերում է Մոսկվա ուսումնարան տալու նպատակով:

Բայց նա յուր աղքատության պատճառով չէ կարողանում լցնել յուր ցանկությունը, և Նատաշան խիստ չնչին վարձով հանձնվում է մադամի մոտ կար կտրելու:

Այդ խոսքերը պատմելու միջոցին Նատաշայի սիրուն աչքերը թաց եղան արտասուքով, և նա յուր երկար թերթերունքները վայր թողեց և լուռ կացավ: Բաքոսյանի վրա շատ ազդեց այդ նազելի, իսկ նույն րոպեում վշտահար դեմքը:

Ուրեմն քու երակների մեջ ազնվական արյուն է վազում... ասաց նա:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն խորին կերպով հոգոց անեց:

Մի՜ տխրիր, սիրելիս, հառաջ տարավ Բաքոսյանը, ես կփոխարինեմ այն բոլորը, ինչ որ դու կորցրիր քո հայրենիքում:

Դու շատ բարի ես, Միխայել Արտեմիչ, դու սիրում ես ինձ, պատասխանեց օրիորդը, մի փոքր մխիթարվելով:

Սույն միջոցին պարտիզի ցանկապատի մոտից, շվացնելով և ձեռքի եղեգնիկը շարժելով, անցավ մի բարձրահասակ երիտասարդ, լղարիկ կազմվածքով, գետնախնձորի գույնով երկայն մազերով և դուրս ցցված, սրածայր քթով: Նրա մանրիկ, մոխրագույն աչքերը խիստ անհանգիստ կերպով դուրս էին նայում հազիվ նշմարելի թերթերունքների միջից,

Մեդվեդովսկի, Մեդվեդովսկի, ձայն տվեց Բաքոսյանը, տեսնելով յուր համալսարանական ընկերին:

Երիտասարդը ռուս էր, շինական ծագումից, լսելով այդ ձայնը` շուռ եկավ, տեսավ Բաքոսյանին և վազեց դեպի պարտեզը:

Նա շատ անգամ պարտք էր վեր առնում Բաքոսյանից, բայց վերադարձնելու սովորություն չուներ, որովհետև սեփականության գաղափարը նա հերքում էր: Առհասարակ այդպես են մտածում այն ուսանողները, որոնց ջեբերը գլխից ավելի դատարկ են:

Նատաշան տեսնելով, որ երիտասարդը մոտենում է, հեռացավ:

Ա՛խ, դուք այստե՞ղ եք, ես չէի գիտում, ասաց Մեդվեդովսկին ձեռք տալով: Ո՞վ է այդ սիրունիկը, ցույց տվեց Նատաշայի վրա, որ դեռ չէր դուրս եկել պարտիզից:

Աղախինս է… պատասխանեց Բաքոսյանը շփոթվելով: Ինչո՞ւ դուք չեք նստում, երևի մի տեղ շտապում եք, խոսքը փոխեց նա:

Մեդվեդովսկին, որպես թե չլսելով վերջին խոսքերը՝ դարձյալ պահպանեց յուր դիրքը, կրկին ակնարկելով Նատաշայի վրա.

Այո՜, լավ ընտրություն է... վատ ապրանք չէ՜...

Չե՞ք կամենում թեյ խմել, հարցրեց Բաքոսյանը:

Ես շտապում եմ:

Դեպի ո՞ւր:

Կոչերովների մոտ:

Երևի մի բան ձեզ հրապուրում է դեպի այնտեղ: Մեդվեդովսկին մի պտույտ տվեց Բաքոսյանի նստարանի շուրջը, ինքը չգիտենալով թե ինչու, և կանգնեց նրա առջև:

Ա՛խ, ի՜նչ հիանալի աղջիկ ունին նրանք, Միխայել Արտեմիչ, մի խոսքով եղ ու մեղր...: Որպիսի՛ գեղեցիկ աչիկներ, որպիսի փոքրիկ ոտիկներ, որպիսի նրբիկ մատիկներ, բոլո՛րը, բոլորը սքանչելի են...

Մեդվեդովսկին սովորություն ուներ ամեն մի սիրած բառը արտասանել նվազական ձևով:

Արտահայտությունը նրա դեմքի, հառաջ տարավ երիտասարդը, ունե յուր մեջ ինչ-որ կախարդիչ մի զորություն, մինչև այն աստիճան անբացատրելի և ազդու, որ իսպառ գժվեցնում է նայողին...

Դրա համար էլ ձեր ուղեղը բնական դրության մեջ չէ՜, ասաց Բաքոսյանը ժպտալով:

Առանց կատակի, Միխայել Արտեմիչ, եթե դուք նրան տեսնելու բախտը կունենաք բոլորովին կհամաձայնվեք ինձ հետ:

Իրա՞վ, հարցրեց Բաքոսյանը կիսահեգնական կերպով:

Երդվում եմ պատվովս, շարունակեց Մեդվեդովսկին նույն ոգևորությամբ: Ա՛խ, նրա սրտի՛կը, կատարյալ դրախտ է, որքա՜ն բարություններ կան նրա մեջ...

Թեև Մեդվեդովսկին սիրում էր երբեմն ստախոսել, բայց Բաքոսյանը չկասկածեց, թե նրա ասածների մեջ կար գոնյա նշույլ ճշմարտության:

Կուզե՞ս ես քեզ ծանոթացնեմ նրա հետ: Ծերուկ այրիկը, մայորո, կրում է թագազարդ Աննա, է չինովնիկ հոգով և սրտով: Նա սիրում է կարտ և հերոսների ըմպելին, ծխում է յուր տաճկական չիբուխը և շատախոսում է Կրիմի և 56 թվի մասին, ուր ստացել է գնդակ աջ թևքում. այդ նրա միակ պարծանքն է: Հարկավոր է միայն ձևացնես, թե լսում ես նրան և երբեք չընդհատես: Նա պսակվել է կնոջ կայքի հետ, ապրում է նրանով և ստրկանում է նրա առջև: Իսկ կինը, հին «առյուծուհի» է, վատնել է յուր կյանքը արտասահմանում, և մինչև այսօր անդադար խոսում է Բադենի և րուլետկի վրա: Նա չափից դուրս ինքնասեր է, և հրապուրվում է երբ ակնարկում ես, թե նա դեռ պահպանել է վաղեմի գեղեցկության գծերը:

Իսկ աղջի՞կը, հարցրեց Բաքոսյանը ավելի հետաքրքրվելով:

Աղջիկը բավականին անթափանցելի էակ է, չես կարող տեսնել, թե ի՜նչ է նստած նրա գետնածածուկ սրտի մեջ: Նա միշտ մտահույզ է և անմռունչ, խիստ հազիվ է Ժպտում և դժվարությամբ է հայտնում յուր մտքերը: Սիրում է լսել տարապայման, անսովոր և մինչև անգամ անբնական երևույթների մասին: Կարծես թե նա ախորժում է յուր ուղեղը մշտական գրգռման մեջ պահել: Ես էլ դուրս եմ տալիս սրան Ամերիկայի կարմրակաշիների մասին, Սպանիայի ինկվիզիցիայի մասին, Վենետիկի ստորերկրյա բանտերի մասին, Ալպերի ճանապարհորդների մասին… սատանան է խաբար ի՜նչ դատարկ բաների մասին չեմ խոսում... Բաքոսյանը, որ հետաքրքրությամբ լսում էր ընկերին՝ հարցրեց.

Ղո՞րդ սա գեղեցիկ է:

Մեդվեդովսկին կրկին արտասանեց բառս «սքանչելի»: Ես այս րոպեիս նրանց մոտ եմ գնում: Ցտեսություն: Կաշխատեմ ձեզ մոտեցնել այդ ընտանիքին, Բարի մարդիկ են: Կարելի է զվարճանալ:

Նա հեռացավ:

Զ

Բաքոսյանի վրա խորին ազդեցություն ունեցան Մեդվեդովսկու խոսքերը, մի գաղտնի, իրան ևս անբացատրելի ցանկություն հետաքրքրում էր նրան՝ մոտենալ այդ ընտանիքին, տեսնել, որպես նա ասում էր՝ «ի՞նչ թռչնիկ» է այդ աղջիկը: Նա առավ ձեռքի եղեգնափայտը, դուրս եկավ պարտիզից և սկսավ թափառել գյուղի շրջակայքում: Նատաշան եկավ հավաքելու թեյի պարագայքը:

Արեգակը բոլորովին մայր մտավ: Երեկոյան վերջալույսը դեռ շողշողում էր զառեկի գույնով, թափանցիկ ամպերը երկնակամարի վրա ընդունել էին շքեղ կերպարանք:

Քանի րոպեից հետո Մեդվեդովսկին հասավ մի ոչ այնքան մեծ, բայց բավականին ճաշակով շինված տան դռանը: Նրա առջև դուրս եկան երկու կանայք ամառվա թեթև հագուստով: Դրանք Կոչերովներն էին` մայր և դուստր:

Դուք սպասել տվիք, Նիկոլայ Պետրովիլ, ասաց օրիորդը երիտասարդին՝ թեթև դժգոհական ժպիտով:

Ներեցեք, Սոֆի Իվանովնա այդպես էր օրիորդի անունը ներեցե՜ք, որ այդպես պատահեցավ:

Մեդվեդովսկին խոսք էր տվել նրանց՝ միասին գնալ երեկոյան զբոսանքի:

Նա միշտ խաբել գիտե, ավելացրեց օրիորդի մայրն ընտանեկան հանդիմանությամբ:

Ներեցե՜ք, Մարիա Վասիլևնա, դարձավ երիտասարդը դեպի մայրը, ես այստեղ ուշացա մի ընկերի մոտ:

Նրանք շարունակեցին գնալ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Карс
Тигран Амасян

Карс

Натюрморт с бутылками
Натюрморт с бутылками
Играть онлайн