Петрос Дурян

Սև՜, սև՜

Երբեմն հոգիս աստղի մը բոց
Եվ թիթեռնի մ՚ուներ թևեր.
Վերջալույսի նըման ամպոց
Երազներ հո՜ւր ճակատս վառեր:

Արդ սառույցներ դառն արտոսրի
Կը քարանան կուրծիս ներքև,
Եվ բարդք ամպոց սևաթորմի
Կ՚ուզեն խեղդել սիրտս ու արև:

Հազիվ քանի մ՚օրերն կյանքիս
Ոսկեզօծեց իմ բախտը վատ,
Որո՛նք եղան լոկ օվասիս
Մեղմող կյանքիս դառն անապատ

Մենանայի օրեր ցըվերջ
Երբեմն՝ հովտի ծաղկանց ւ՚երկնի
Ձյունափըթիթ ամպերուն մեջ,
Կյանքի մրրուրն ես թափեի:

Ծըծեի սե՜ր, ծըծեի կյա՜նք,
Մինչ վերջալույսն կը հըրահրեր,
«Մնաս բարովի» սա կարմրորակ՝
Տըխուր կըրակ ւ՚երկնի բոցեր:

Ունեի ես երբեմն առատ
Վարդեր, առատ աստղեր նույնպես,
Ճակատագիրս սև տեսավ շա՜տ,
Բրցուց, քաղեց զ՚անոնք սրտես:

Ունեի ես իմ սիրուհին,
Որո թեպետ աչքն էին սև,
Սակայն սըգալ չը գիտեին…
Հրեշտակ մ՚էր նե, հրեշտակ անթև:

Սև երազ մը օր մը դողդոջ
Մըղեց զ՚իս սև՛ փոսի մ՚առջին,
Ուր քար կտրած՝ սիրտ ի թընդոջ՝
Դագաղի մ՚աչքս հառած էին:

Ավա՜ղ ներա վարդքն ու աստղերն
Լուռ պիտի տար կուլ այն սև փոս,
Ցուրտ համբույր մը առի ճակտեն,
Ներա վերջին ձոնն էր ափսո՛ս:

Եվ լըսեցի յայնժամ՝ թի թի
Սև սև հողեր կոշտ թնդեցին
Տըխուր քողքին վըրա փայտի…
Դըժոխք մ՚անեծք այն սև՛ օրին:

Այն ցուրտ հողերն յ՚իմ դատարկ սիրտ
Լըցուցին, փոսն գոցելնուն հետ՝
Եվ այս աշխարհն ալ անժըպիտ
Գոցեցին իմ առջև հավե՜տ…:

1871

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн