Паруйр Севак
Կոմիտասի դիմանկարի առջը
Քո աչքե՜րը…
Այս աչքերը՝
Վանա ծովի մութ հատակ,
Նարեկացու հոգու պես խոր ու անտակ:
Այս աչքերը՝
Բուրգի ակնատ ու դղյակի լուսամուտ,
Սեվանի պես երերածուփ,
Արաքսի պես հոսանուտ:
Այս աչքերը՝
Դեռ կենդանի նահատակ,
Այս աչքերը՝
Մարմին առած պաղատանք:
Այս աչքերը՝
Պոռթկուն երա՜զ, դժվար կարո՜տ,
Ծանըր ե՜լք,
Մորմոքուն վե՜րք,
Ծովացած խե՜լք,
Ծորուն ե՜րգ...
Ու բերա՜նը...
Անբառ-անխոս այս բերանին նայելիս
Մեր տաճարներն ես վերհիշում,
Անին՝ թափուր գահերից,
Եվ ծյուրումն է կարծես հոսում
Կերոնների, ջահերի,
Ու սարսափն է կարծես խոսում
Կորուստների, ահերի:
Մեր կարոտի՛, մորմոքների՛, մահերի՛,
Ուրախության, սիրո, հույսի՝
Ամե՜ն տեսակ պահերի
Վառված խոսքն է այս բերանին միշտ թառել:
Այս բերանն է վաղակատա՛ր,
անկատա՛ր
և ապառնի՛՝
Ամե՜ն տեսակ բայերի
Խոնարհումը հույս-հավատով կատարել...
Իսկ ճակա՜տը...
Քո ճակատը
Մագաղաթի հին պատառիկ է ասես,
Մարմարոնյա մի ափ բեկոր-հուշարձան,
Կնճիռներըդ՝ հնադարյան հին խաղեր՝
Քեզնից առաջ - քեզնից հետո անվերծան:
Քո ճակա՜տը...
Սրբի ճակատ և հերոսի ասպարեզ,
Հարսանքատան ուրախ տանիք,
Ուր հնչում են նազպարեր:
Քո ճակա՜տը՝
Քրտնող մշակ ու գիտունի զինարան,
Մասունքների խորունկ խորան
Եվ ճգնողի մենարան:
Քո ճակա՜տը՝
Համբուրելի սուրբ խաչքար,
Թոնրի տաք խուփ
Եվ գեղջուկի թեղած կալ...
Եվ ակա՜նջը...
Քո ակա՜նջը՝
Մեղեդու դեմ՝ դըռնբաց,
Աղմուկի դեմ՝ միշտ կայուն.
Մեր նունուֆար ծաղկի պես
Բացվող-փակվող՝ զգայուն...
Քո ակա՜նջը՝
Կախարդական ձայնամաղ,
Եվ դրանով դու մեր հոգին,
Մեր դարերը մաղեցիր,
Թեփ-ժխորը անջատելով թողեցիր,
Իսկ մեղեդին՝
Նմո՜ւշ-նմո՜ւշ, մատնընտի՜ր,
Քո տաք հույզով ցողեցիր,
Անտակ հույսով հողեցիր,
Որ մենք քաղենք մեկին տաս:
Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս,
Քո ակա՛նջը՝
Պատարագվող եկեղեցի՜ սրբազան.
Քո ակա՛նջը՝
Շքեղ խեցի՜ ձայնալուր...
Ինչ վսեմ էր ու գեղեցիկ հայաբար,
Թե չարքերը խոր թաղեցին մինչևիսկ,
Աստծու նման դու պեղեցիր մեր հոգում,
Դու պեղեցիր ու զեղեցիր աշխարհում...
Անթեղեցիր դու մեր հուրը ցիրուցան,
Կանթեղեցիր մեր կրակը մթան մեջ...
Ինչ խեղեցին օտարները դարեդար՝
Դարմանեցիր ու դեղեցիր հրաշքով...
Թե նեղեցին ու շեղեցին մեր ուղուց՝
Ուղիղ ճամփի դո՛ւ մղեցիր մեզ անվերջ...
Դո՛ւ դարավոր երգի ցանքը քաղեցիր,
Մեր ծով բերքը դո՛ւ թեղեցիր մեր սրտում
Ու թխեցիր՝ հա՜ց դարձըրիր հոգևոր...
Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս,
Քո ականջը - մագնիսի պես -
Եղանակ էր հավաքում:
Ինչ ականջըդ հավաքում՝
Մատներդ էին նվագում:
Քո մատնե՜րը...
Քո մատնե՛րը՝
Դարմանի մեջ սարսուռ ցորեն ջոկջկող,
Կարճատես ու թույլ աչքերից
Վարագույր ու փառ պոկող,
Մթնած մտքի ու փակ հոգու դուռ թակող,
Տնավերին ու պանդուխտին ողոքող,
Սիրած յարին սիրած յարից
Զատողի դեմ բողոքող,
Ցավ ու կսկիծ ամոքող,
Սեր ու կարոտ նվագող,
Բեկված շողեր,
Վճիտ ցողեր,
Սրտի դաղեր
Ու դողեր,
Գեղգեղանքի թրթիռներ,
Ելևէջի հրթիռներ,-
Հոսուն բոցեր
Ու տաք մոխիր հավաքող...
Քո մատները, Կոմիտա՛ս,
Վառվող ծոցին՝ զովարար,
Խորունկ խոցին՝ դեղատուր,
Լաց ու կոծին՝ սփոփանք,
Մանկան ճոճին՝ օրորում:
Քո մատների զարկի տակ
Մեր սրտերը՝ պաղ ստեղ,
Մեր սրտերը՝ անգիտակ,
Քո մատները՝ տաղաստեղծ:
Քո մատները՝ երգահան,
Տասնահատո՜ր երգարան...
12,15.IX.1957թ.
Մոսկվա
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Лазарос Сарьян
Серенада
Бездомный - Комитас
Играть онлайн