Паруйр Севак

Աշխարհագրության դասին

I
Ետ ես գնում մի պահ երկու տասնյակ տարի,
Նորից քեզ զգում ես աշակերտ ու մանուկ:
Թվում է, թե նույնն է տեսքը դասարանի՝
Նույն նստարանները, գրատախտակը նույն:
Եվ նույն ուսուցիչը - բարի՜, ամենիմա՛ց՝
Փխրուն ճերմակ կավճից մատները միշտ փոշոտ,
Որ ինչպես քեզ մի օր՝ այս պատանուն հիմա
Օրվա դասն է հարցնում քարտեզի մոտ:
Սակայն շատ բան այսօր այլ է դասարանում,
Եվ ամենից առաջ՝ քարտեզը աշխարհի...
Այս պատանին իբրև դաս է պատասխանում
Ա՛յն, ինչ որ մեզ համար երազանք էր բարի:
...Մեր օրերի բոլո՜ր քարտեզների վրա
Արևմուտքն էր նայում մեզ մոլուցքով ահեղ՝
Ֆինլանդիայից մինչև Բրիտանիան զառամ,
Իսպանիայից մինչև Բոսֆոր ու Դարդանել:
Մեր օրերի բոլոր քարտեզների վրա
Դեռ մեզ օտար, դեղին Չինաստանն էր գծվում,
Եվ նրա դեմ՝ հսկա շնաձկան նման,
Ճապոնիան էր ծովից սպառնալից ցցվում...
Բայց պատմության դասը մենք լավ էինք սերտել.
Գիտեինք, որ մերն է գալիքը հաղթական,
Գիտեինք, որ երբեք մեզ չեն կարող հաղթել,
Ոչ բուրվա՛ռը պապի, և ոչ սվաստիկան:
Գիտեի՛նք, որ երկար միայնակ չե՛նք մնա,
Գիտեի՛նք, որ կուլին չի՜ մնալու կուլի...
Եվ ա՛յն, ինչ մեզ համար երազանք էր միայն
Իբրև դաս է սերտել այս պատանին:
II
Մեկ ուրիշն է հիմա դասը պատասխանում:
Ծովի կապույտի մեջ ասես թանաքոտած՝
Նա իր փափլիկ մատը երկրից երկիր տանում,
Ծովից ելնում է լեռ, լեռից իջնում է ցած:
Ցույց է տալիս գետեր ու քաղաքներ անթիվ,
Ինչ որ ուսուցիչն է հարցնում նրան:
Ահա Կերչը...
Այդտեղ մեր հետևակ գնդից
Քանի՜-քանիսները հերոսաբար մեռան:
Ահա և Դնեպրը: Այս պատանին գիտի՞
Քանի՜ խրամատ ու խորշ եմ փորել այնտեղ,
Թրջվել իմ քրտինքով ու ջրերով գետի
Եվ չորացել մոլի հրդեհի դեմ:
Լվո՜վն է ցույց տալիս: Իսկ ես հիշում եմ պարզ,
Թե ինչ ավաններ են նրան շրջապատում,
Որտե՛ղ թփուտ կա մի, որտեղ՝ քանդված մի պատ,
Որի ճեղքից էր իմ հրանոթը թնդում:
Նա սահմանն է անցնում հիմա հե՜շտ ու հանգիստ,
Չի էլ ուրախանում այս պատանին կարծես,
Մինչդեռ պարզ հիշում եմ, որ մի տարեց տանկիստ
Հրճվո՜ւմ էր այդ պահին մանուկի պես:
Հիմա շրջում է նա Եվրոպայում մատով,
Մայր քաղաքներ մտնում, անցնում վարար գետեր.
Ահա Բուխարե՛ստը, Սո՛ֆիան գեղեցկաթով,
Ահա Դանո՛ւբը, Վի՛լսա, Է՛լբա, Օդե՛ր:
Ծանո՜թ անուններ են, բայց ո՛չ դասագրքից,
Ո՛չ քարտեզից տափակ, գլոբուսից կլոր...
Իմ սերունդը ինձ հետ գիտի այսօր անգիր
Կիսագունդը՝ նրա բոլո՜ր մանրուքներով:
Կիսագունդը՝ նրա բոլո՜ր մանրուքներով:
Գիտի իր ոտքերո՜վ, որ դոփելով անցան
Ամբողջ կիսագնդով, որ մանուկն այս պայծառ
Խաղաղորեն այսօր իր դասերը սերտի:
III
Ժամը վերջանում է: Եվ դասատուն անցել՝
Հիմա վաղվա համար մի նոր դաս է տալիս:
Իսկ ես մտածում եմ.
վաղո՜ւց է վերջացել
Այն դասը, որ տվինք մենք մեր ոսոխներին:
Իսկ թե մոռացել է, վատ չէր լինի գուցե
Հիշեցընել նրան՝ ամերիկյան քեռուն.
-Թե հանդգնեք նորից, եթե նորից փորձեք
Պատերազմ ու հրդեհ սփռել ողջ աշխարհում:
Այն ժամանակ... նաև մեր այն սերունդը նոր,
Որ աշխարհը գիտի միայն իր գրքերո՛վ,
Լոկ քարտեզո՛վ տափակ, գլոբուսո՛վ կլոր,-
Մյուս կիսագունդն էլ այնպե՛ս անգիր կանի,
Ինչպես մենք այս մեկը -
իր ոտքերո՜վ:


Երևան
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная для мамы
Элен Йолчян

Колыбельная для мамы

Вид на гору Арарат из Еревана
Вид на гору Арарат из Еревана
Играть онлайн