Нарек Саргсян
Խորամանկ աղվեսը
Գայլը տեսնում է Աղվեսին, որն ինքն իրենից գոհ՝ հպարտ քայլում էր։
-Աղվե՛ս քույրիկ, այնպես ես քայլում, ասես դու՛ ես կենդանիների թագավորը,-ասաց Գայլն Աղվեսին։
-Եթե կենդանիները խելք ունենային, ապա ինձ կճանաչեին որպես իրենց թագուհի ու կընդունեին իմ գերազանցությունը։ Բայց բոլորը հարգում ու պաշտում են Առյուծին, թեև Առյուծը կենդանիների համար ի՞նչ է արել, նրանց ի՞նչ օգուտ է տվել։ Այ որ Առյուծի փոխարեն ընդունեին իմ հեղինակությունը, ճանաչեին ինձ որպես իրենց ղեկավար, ապա նրանց կյանքում շատ բաներ կփոխվեին դեպի լավ։ Ես արմատական ռեֆորմներ կանեմ կենդանական աշխարհում, ու բոլորի համար լավ կլինի,-ինքնավստահ ասաց Աղվեսը։
-Ճի՞շտ ես ասում, Աղվե՛ս քույրիկ,-զարմացած հարցրեց Գայլը։
-Իհարկե, Գա՛յլ եղբայր,-պատասխանեց Աղվեսը։
-Բայց Առյուծը քեզանից ուժեղ է, ազնիվ ու համարձակ,-նկատեց Գայլը։
-Բայց Առյուծը չունի ամենակարևորը՝ խելքը։ Առանց խելքի՝ ուժն ու համարձակությունն արժեք չունեն,-արհամարհանքով ու սեթևեթալով ասաց Աղվեսը։
Գայլը գնում ու Աղվեսի խոսքերը տարածում է կենդանիների շրջանում։ Լուրը հասնում է Առյուծի ականջին։ Վերջինս շատ է բարկանում Աղվեսի խոսքերի վրա ու հրամայում է նրան շտապ իր մոտ կանչել։
***
Աղվեսը գալիս է Առյուծի մոտ։
-Ողջու՜յն, արքա՛, ինչո՞վ եմ արժանացել Ձեր հրավերի պատվին։
-Բավական է, շողոքորթես, Աղվե՛ս, կենդանիներն ինձ ամեն ինչ պատմել են,-բարկացած ասաց Առյուծը։
-Ի՞նչ են պատմել, Ձե՛րդ գերազանցություն, մեր բոլորիս հպարտության աղբյուր,-զարմացած ձևանալով՝ հարցրեց Աղվեսը՝ ցույց տալով, որ ոչնչից տեղյակ չէ։
-Դու՞ չես գլուխ գովացել Գայլի մոտ, թե կենդանիները քո հեղինակությունը պիտի ընդունեն, և որ դու ռեֆորմներ կանես կենդանական աշխարհում։ Բացի այդ էլ ասել ես, թե առանց խելքի ուժն ու համարձակությունն արժեք չունեն,-ասաց Առյուծը։
-Ա՜, հասկացա, այդ ամենը Գայլ եղբոր բերանից է դուրս եկել։ Այդ սրիկան մեր զրույցը գլխիվայր է ներկայացրել,-հանգիստ ու ինքնավստահ ասաց Աղվեսը։
-Այդ ինչպե՞ս,-զարմացած հարցրեց Առյուծը։
-Առյուծ արքա՛, իրականում այսպես է եղել։ Մի քանի օր առաջ տեսնում եմ Գայլին հպարտ ու իրենից գոհ քայլելիս, կատակով հարցնում եմ․<<Գա՛յլ,
եղբայր, ինչու՞ ես այդպես հպարտ ու ինքնագոհ քայլում, քեզ դրել ես մեր Առյուծ արքայի տեղը>>։ Վերջինս էլ ի՞նչ պատասխանի, որ լավ լինի, Առյու՛ծ արքա։ Ասում է․ <<ես Առյուծից ինչո՞վ եմ պակաս որ։ Չեմ
հասկանում, թե կենդանիները ինչու՞ են նրան թագավոր կարգել, ո՞ր արժանիքների համար։ Ես ավելի շատ օգուտ եմ տալիս կենդանիներին ու բնությանը, քան Առյուծը>>։ Պատկերացնու՞մ եք , տե՛ր արքա, դրա անամոթության ու անպատկառության վրա։ Ես էլ հարցնում եմ
դրան․<<Գա՛յլ եղբայր, այդ ի՞նչ օգուտ ես տալիս կենդանիներին ու բնությանը, կարո՞ղ եմ իմանալ>>։ Սա իմ հարցից բարկացավ ու ինձ սկսեց վիրավորել՝ ասելով․<<հիմար, չգիտե՞ս ինչ է, որ ես բնության մեջ
կատարում եմ սանիտարի դեր՝ ուտելով հիվանդ կենդանիներին, որպեսզի նրանց հիվանդությունները չտարածվեն մյուս կենդանիների շրջանում։ Եթե ես չլինեի, բոլոր կենդանիները հիվանդություններից սատկած կլինեին։ Բացի այդ էլ ես հետևում եմ, որ խոտակեր կենդանինների թիվը կտրուկ չմեծանա, թե չէ նրանք կոչնչացնեն բնության բուսական ծածկը։ Դե ասա, հիմա՛ր Աղվես, ո՞ր կենդանին է այսքան օգուտ տալիս բնությանը և
կենդանական աշխարհին։ Առյուծն իմ չափ օգուտ տված կա՞ կենդանիներին>>։
Տե՛ր արքա,-շարունակեց Աղվեսը՝ բարկացած ձևանալով,- այս ամենը լսելով, ես զարմանքից քար կտրեցի։ Ինքս ինձ հարցնում էի, թե այդ անամոթին որտեղի՞ց այդքան լկտիություն, որ այդպես է արտահայտվում մեր արքայի մասին։ Հետո երևի վախենալով, որ ես մեր զրույցի մասին տեղյակ կպահեմ Ձեզ, ինձանից առաջ է ընկել՝ մեր զրույցը նենգափոխել ու կենդանիների շրջանում տարածել, թե իբր ես եմ այդ ամենն ասել, որպեսզի լուրը Ձեզ նման ձևով տեղ հասնի։
Աղվեսն այնքան համոզիչ էր խոսում, որ Առյուծն սկսեց հավատալ նրան։
-Ճի՞շտ ես ասում, Աղվե՛ս քույրիկ,-տարակուսած հարցրեց առյուծը։
-Իհարկե, տե՛ր արքա։ Դրան կանչեք այստեղ առերեսման, թող իմ ներկայությամբ ասի, որ ես այդպիսի բաներ եմ ասել։
Առյուծը կանչում է Գայլին՝ աղվեսի հետ առերեսման։
***
Գայլը սաստիկ վախենում է, որ Առյուծն կանչել էր իր մոտ։ Բայց ճար չունենալով՝ ներկայանում է։
Նկատելով Գայլի շփոթվածությունն ու վախը՝ Աղվեսը բացականչում է․
-Անամոթ, այդ ի՞նչ ստեր ես տարածել։ Դու ամոթ ունե՞ս։
Գայլն Աղվեսի խոսքերից ավելի է շփոթվում, սառը քրտինքը հոսում է ճակատից։
-Տեսնու՞մ եք, արքա՛, թե այս անամոթը ինչպե՞ս է վախից դողում, եթե արդար է, ապա ինչու՞ պետք է այսպես վախենա,-դիմեց Առյուծին Աղվեսը։
-Գայլ, Աղվեսը ճի՞շտ է ասում,-բարկացած հարցրեց Առյուծը։
-Տե՛ր արքա,-սկսեց դողալ ու կմկմալ Գայլը,- Աղվեսին մի՛ հավատացեք։ Նա խաբում է․․․
Առյուծի առջև կանգնած էր Աղվեսը՝ հանգիստ, ինքնավստահ շարժուձևով, ու Գայլը՝ սարսափած ու դողալով։ Առյուծը որոշեց, որ Աղվեսն է ճիշտն ասում, քանի որ նա շատ հանգիստ էր, ինքնավստահ ու համոզիչ էր խոսում։
-Լսիր, Գա՛յլ,- ասաց Առյուծը,- ես քեզ հիմա այստեղ կարող եմ սատկացնել, բայց չեմ անում, որովհետև քեզ խղճում եմ։ Կորի՛ր այստեղից ու այլևս աչքիս չերևաս, առավել ևս՝ չհամարձակվես նման բաներ ասել։
Գայլը սարսափած փախավ անտառի խորքը, Աղվեսն էլ, քմծիծաղ տալով, վերադարձավ իր բույնը։
Арам Хачатрян
Гаяне - Колыбельная