Нарек Саргсян

Օրինաչափությունը

Վեպում տեղի ունեցող իրադարձություններն իրական կյանքում տեղի չեն ունեցել, իսկ հերոսների անուն ազգանունների հնարավոր համընկումը պատահականություն է։

Նոյեմբեր ամիսն էր։ Սիմոնյանների ընտանիքը պատրաստվում էր ընթրելու։ Մայրը՝ Աստղիկը, ով քառասունհինգ տարեկան, կապույտ աչքերով, փոքր-ինչ գեր կին էր, սպասում էր դստերը՝ Մարինեին, որ միասին ընթրեն։ Հայրը՝ Արսենը, ով հիսուներկու տարեկան փոքրամարմին, նիհար, միջահասակ, ճաղատ տղամարդ էր, հեռուստացույց էր դիտում՝ օրվա լրահոսին ծանոթանալու համար։

Սիմոնյանների ընտանիքն աղքատ էր։ Աստղիկը բուժքույր էր, իսկ Արսենն էլ, թեև մասնագիտությամբ ինժեներ էր, բայց հանապազօրյա հացը վաստակելու համար տաքսի էր վարում։ Մարինեն նրանց միակ երեխան էր։ Վերջինս քսան տարեկան, գեղեցկադեմ, շիկահեր, գեղեցիկ կազմվածով, կապուտաչյա օրիորդ էր։ Սովորում էր մանկավարժական համալսարանում։

-Աստղի՛կ, զանգիր Մարինեին, ոնց որ ուշանում ա,-դիմեց Արսենը կնոջը։

-Չե՞ս տեսնում՝ իմ ձեռքին գործ կա, զբաղված եմ, դու՛ զանգիր,-ագրեսիվ տոնով պատասխանեց Աստղիկը։

Հենց այդ պահին լսվեց Աստղիկի հեռախոսի զանգը։ Մարինեն էր։

-Հա, աղջիկս։

-Մամ, ես մի տասնհինգ րոպեից տանը կլինեմ, հիմա տրանսպորտում եմ։ Խանութից բերելու բան կա՞,-հարցրեց Մարինեն։

-Չէ, Մարին, ամեն ինչ ունենք, արի՛ տուն։

-Գալի՞ս է,-հարցրեց Արսենն Աստղիկին։

-Հա, ասաց՝ տասնհինգ րոպեից տանը կլինեմ,-պատասխանեց Աստղիկը։ Անցնում է մեկ ժամ, բայց Մարինեն դեռևս տուն չէր եկել։

Աստղիկը զանգահարում է դստերը, բայց հեռախոսն անհասանելի էր։

-Արսեն, էրեխես ուշացավ, իրա ասած տասնհինգ րոպեից արդեն ժամ ա անցել, բայց չկա, հեռախոսն էլ անջատած ա,-անհանգիստ ձայնով ասաց Աստղիկը։

-Կարող ա ընկերուհի կամ ծանոթ ա տեսել, հանդիպել, զրույց ա անում, դե հեռախոսի զարյադկան էլ նստել ա,-նկատեց Արսենը։

-Ա՛յ մարդ, էդ ու՞մ պետք է տեսներ էս ժամին, որ հետն էդքան ժամ զրույց անի, հեռախոսն էլ անջատած։ Համ էլ էրեխեն սոված ա, ինքն էլ գիտի, որ մենք իրեն ենք սպասում, որ հաց ուտենք,-անհանգիստ ասած Աստղիկը։

-Կարո՞ղ ա ընկերուհու՝ Արևիկի տուն ա մտել, հլա զանգի՛ր։ Աստղիկը զանգահարում է Արևիկին։

-Ալո, Արևի՞կ․․․

-Հա, Աստղի՛կ մորքուր։

-Կարո՞ղ ա Մարինեն Ձեր տանն ա։

-Չէ, ես էսօր իրեն չեմ տեսել,-պատասխանեց Արևիկը։

-Կարո՞ղ ա իմանաս, ու՞ր ա, զանգում եմ հեռախոսն անջատած ա։

-Կարող ա կուրսի աղջիկներով տեղ են գնացել։

-Չէ էդ բացառվում ա, մի ժամ առաջ զանգեց, ասաց, որ տրանսպորտի մեջ ա ու տասնհինգ րոպեից տանը կլինի։

-Դե չգիտեմ, կարող ա դրանից հետո ավտոբուսը պրոբկի մեջ ա ընկել,-նկատեց Արևիկը։

-Դե լավ, բալես, կներես։

-Աստղիկ մորքուր, խնդիր չկա, Մարինեն իմ մոտ ընկերուհին ա։ Եթե գա տուն, ինձ խաբար արեք, որ հանգիստ լինեմ։

-Հը, ի՞նչ ասեց,-անհամբեր հարցրեց Արսենը։

-Չէ, ինքը խաբար չի, էսօր ընդհանրապես իրան չի տեսել։

-Ա՜յ քեզ բան։ Բա էդ աղջիկ ու՞ր կորավ։ Կուրսի աղջիկներին զանգի՛ր։

-Կուրսի աղջիկներից ինքը Անահիտի հետ ա մոտիկ, բայց ես իրա ձեռքի համարը չգիտեմ։ Հետո էլ զանգեմ որ ի՞նչ։ Ախր չլսեցի՞ր, որ ասաց տրանսպորտի մեջ ա, գալիս ա, էլ կուրսի աղջիկներին խի զանգեմ,-բարկացած ու դողացող ձայնով ասաց Աստղիկը։

-Ես դուրս գամ, կարող ա մի բան իմանամ,-ասաց Արսենը, արագ հագնվեց ու տանից դուրս եկավ։

Արսենն իջավ բակ։ Գնաց շենքի հարակից խանութները՝ աշխատողներից հարցուփորձ անելու, թե Մարինեին տեսե՞լ են։ Խանութների վաճառողուհիներն ասացին, որ Մարինեին չեն տեսել։ Դրանից հետո Արսենը գնաց մոտակա կանգառը՝ հույս ունենալով, որ այնտեղ կարող է տեսնել աղջկան։ Բայց այնտեղ էլ չէր։ Կանգառում սպասող մարդկանցից Արսենը հարցրեց, թե 13 համարի ավտոբուսը եկե՞լ է, թե՝ ոչ։ Այնտեղ նրան ասացին, որ այդ համարի ավտոբուսն արդեն մի քանի անգամ եկել-գնացել էր։

Արսենն արդեն սկսեց լրջորեն անհանգստանալ, մարմնով սարսուռ անցավ։ Չգիտեր՝ ինչ աներ։

Զանգում է հեռախոսը, Աստղիկն էր։

-Արսեն, հ՜ը, խաբար ունե՞ս,-հարցրեց Աստղիկը։

-Չէ, չգիտեմ ուր ա։ Հարցրեցի խանութի աղջիկներին, իրան չեն տեսել, կանգառում էլ ինձ ասացին, որ 13 համարի ավտոբուսից արդեն մի քանի հատ եկել ա։ Ոչ մի պրոբկա էլ չկա։

-Տեր Աստված, ի՞նչ եղավ էրեխես,-սկսեց արտասվել Աստղիկը։

-Աստղի՛կ, մի՛ լացիր, բան չկա, ուր որ ա, հեսա տուն կգա, տենաս ուր ա գնացել,-հանգստացրեց կնոջն Արսենը, թեև ինքն Աստղիկից ավելի շատ էր անհանգիստ, բայց փորձում էր կնոջը ցույց չտալ։

-Արսեն, արի՛ տուն, տեսնանք ինչ ենք անում։

-Լավ, գալիս եմ։

Տուն մտնելով՝ Արսենը տեսավ, որ կինը բարձրաձայն արտասվում էր։

-Աղջի, քեզ հավաքի, ինչ ա եղել, որ լացում ես,-բարկացավ Արսենը, թեև հասկանում էր կնոջ հոգեվիճակը։

Արսենը գնաց պատշգամբ, զանգահարեց իր եղբորը՝ Մհերին, մանրամասն ներկայացրեց իրավիճակը։

-Արսե՛ն, չեմ ուզում քեզ վախեցնել, բայց լավ չի, չգիտեմ` ինչ ասեմ,-հեռախոսով պատասխանեց Մհերը։

-Տուպիկի մեջ եմ, Մհե՛ր, չգիտեմ, ի՛նչ անեմ, մտքովս հազար բան ա անցնում։

-Ապեր, մի քանի ժամ էլ սպասեք, եթե չգա, պետք ա միլիցիա դիմեք,-խորհուրդ տվեց Մհերը։

Հեռախոսազրույցն ավարտելուց հետո Արսենը նորից փորձեց զանգահարել աղջկան, բայց ապարդյուն․կրկին անհասանելի էր։

***

Տեսնելով, որ աղջիկը տուն չի գալիս, Աստղիկն ու Արսենը գնում են իրենց տանից ոչ հեռու գտնվող ոստիկանության մոտակա բաժինը։ Երեկոյան ժամը 23։30-ն էր։ Մտնելով բաժին՝ տեսան հերթապահ ոստիկանին, ով սմարթֆոնով ֆիլմ էր դիտում։

-Բարև Ձեզ․․․

-Բարև, ի՞նչ ա պատահել,-դժկամությամբ հարցրեց ոստիկանը, որին դուր չէր եկել, որ խանգարել էին իր՝ ֆիլմի դիտումը։

-Արդեն մի քանի ժամ ա, ինչ մեր աղջիկը չկա, հեռախոսն անջատած ա, իրա հետ չենք կարողանում կապ հաստատել,-ասաց Աստղիկը։

-Ի՞նչ եք ուզում, որ ես անեմ, Ձեր աղջիկը կորել ա, գնացեք ման եկեք, ես ի՞նչ անեմ,-պատասխանեց ոստիկանը։

-Ընկե՛ր ջան, ձևն էդպես չի, քաղաքացին եկել ա, Ձեզ ասում ա, որ իր աղջիկը կորել ա, դու էսպե՞ս ես պատասխանում։ Հիմա մենք ի՞նչ անենք, ու՞ր գնանք։ Ըստ օրենքի՝ նման դեպքերում ոստիկանություն են դիմում,-բարկացած ասաց Արսենը։

Արսենի բարկացած ձայնից ոստիկանը փոքր-ինչ սթափվեց ու հարցրեց․

-Երբվանի՞ց ա Ձեր աղջիկը կորել։

-Ասացինք, մի քանի ժամ ա, ինչ չենք կարողանում հետը կապ հաստատել, վերջին անգամ զանգեց ասաց, որ ավտոբուսում ա ու տասնհինգ րոպեից տուն կհասնի, բայց մինչ էս պահը չկա,-պատասխանեց Արսենը։

-Ժողովու՛րդ, դուք ասացիք, որ մի քանի ժամ ա անցել։ Մի քանի ժամ ա շատ քիչ ա մարդուն կորած համարելու համար։ Աղջիկ ա, կարող ա ծանոթ կամ ընկերուհի ա տեսել, ու որոշել են տեղ գնալ՝ հեռախոսի զարյադկան էլ նստել ա,-անտարբեր ասաց ոստիկանը։

-Ըտենց բան չէր կարա լինի, ես իմ աղջկան լավ եմ ճանաչում։ Հետո էլ եթե ծանոթի կամ ընկերուհու տեսած լիներ, նրա հեռախոսով կզանգեր ու մեզ տեղյակ կպահեր։ Դա բացառվում ա,-բարկացած ասաց Աստղիկը։

-Մի՛ անհանգստացեք, գնացեք տուն, շատ հնարավոր ա՝ ցանկացած պահի Ձեր աղջիկը կարող ա տուն գալ։ Եթե մինչև առավոտ տուն չգա կամ չզանգի, եկեք էստեղ ու հայտարարություն տվեք՝ քաղաքացու անհետացման մասին։

-Իսկ ինչի՞ վաղը։ Էսօր էդ հայտարարությունը չե՞նք կարող տալ,-հարցրեց Արսենը։

-Աղպե՛ր, էն մարդիկ, ովքեր նման գործերով զբաղվում են, հիմա տանն են, վաղ առավոտն են գալու։ Բան չունեմ ասելու, հիմա էլ կարող եք հայտարարությունը գրել, բայց իմաստ չունի, որովհետև էդ գործով վաղվանից են սկսելու զբաղվել։ Բացի էդ էլ, Ձեր աղջիկը կարող ա էս գիշերվա ընթացքում գա տուն ու վաղվա հայտարարության կարիքը չլինի։

-Աստղի՛կ, գնանք տուն, սպասենք։ Եթե նորություն չլինի, վաղը կգանք ու դիմումը կտանք,-ասաց Արսենը կնոջը ու բռնելով նրա ձեռքը՝ դուրս հանես ոստիկանության բաժնից։

<<Էս ժողովուրդն իրանց երեխաներին չի դաստիարակում, հետո պարզվում ա, որ մենք ենք մեղավոր>>,-մտածեց ոստիկանը, հետո վերցրեց սմարթֆոնն ու շարունակեց դիտել կիսատ մնացած ֆիլմը։

***

Արսենը ողջ գիշեր իր տաքսիով շրջում է Երևանի փողոցներում՝ հույս ունենալով գտնել աղջկան, բայց ապարդյուն։

Առավոտյան ամուսինները կրկին գալիս են ոստիկանության բաժին, որտեղ իրենց աղջկա անհետանալու վերաբերյալ հայտարարություն են տալիս։

Ոստիկանության բաժնի պետը, ով հիսուներկու տարեկան, կլորիկ դեմքով, ճաղատ, փոքր-ինչ գեր տղամարդ էր, նստած իր հարմարավետ աթոռին, համակարգչով

փաստաթղթեր էր նայում։ Ներս է մտնում ոստիկաններից մեկը․

-Կարելի՞ է պարոն Հարությունյան։

-Արի, տենամ ինչ ես ասում,-ձեռքով իր մոտ կանչելով՝ ասաց Հարությունյանը։

-Պարո՛ն Հարությունյան, երեկ երիտասարդ աղջիկ է անհետացել, ծնողներն եկել են ու դիմում գրել,-փոքր ինչ անվստահ ու լարված ասաց ոստիկանը։

-Հլա, տուր,-ասելով վերցրեց հայտարարությունն ու դժգոհեց,-էս որտեղից էկավ, ես էլ հազիվ լավ կատարողական ունեի, էսի կարող ա վիճակագրությունս փչացնի։ Լավ, ազատ ես, գնա՛։

Ոստիկանի դուրս գալուց հետո Հարությունյանը զանգահարեց․

-Գրիգորյա՛ն, ինձ մոտ արի։

Գրիգորյանը ներս է մտնում բաժնի պետի մոտ։

-Բարև Ձեզ, պարո՛ն Հարությունյան, կանչե՞լ եք։

-Հա, արի՛։ Լսիր, էսօր դիմում ենք ստացել, որ ջահել աղջիկ ա էրեգ կորել։ Էս էլ դիմումը, վերցրու և զբաղվի։ Ընթացքում արդյունքների մասին ինձ տեղյակ կպահես։

-Բարի։

-Դե գնա գործով զբաղվիր։

Ավետիք Գրիգորյանը բաժնի քրեական հետախուզության պետն էր։ Միջահասակ էր, արագ քայլվածքով, զննող հայացքով։ Վերջինս գնում է օպերլիազորների աշխատասենյակը, որտեղ միասին նստում էին երեք հոգի։

-Վահան, վերցրու էս դիմումն ու զբաղվիր։ Աղջիկ ա կորել,-դիմեց Գրիգորյանն իր օպերլիազորներից մեկին։

Վահանը մոտ երեսունհինգ տարեկան, գեր, մեծ գլխով և փոքր դիմագծերով օպերլիազոր էր։

-Գրիգորյան, ախր ես շատ զբաղված եմ։ Սաղ օրը ավտոների գողությունների գործերով եմ զբաղված, երկու օր առաջ էն տնից երկու միլիոն դրամի գողությունն էլ են ինձ հանձնարարել։ Ես էդքան ժամանակ չունեմ, մեկ ուրիշին տուր,-դժգոհ տոնով ասաց Վահանը։

-Քեզ թվում ա մենք էլ էստեղ պարապ ենք, հա՞։ Էդ ուզում ես ասել, որ քո գործերը մեր գործերից շա՞տ են,-նրան կոպիտ տոնով դիմեց մյուս օպերլիազորը՝ Հայկը, ով Վահանի հետ նույն աշխատասենյակում էր աշխատում։

-Խի տենց չի՞․․․

-Բավական է,- բղավեց Գրիգորյանը,- Վահա՛ն, էստեղ ես եմ որոշում, ում ինչ գործ հանձնարարեմ։ Եթե ես քեզ ասում եմ, որ էս գործով դու պիտի զբաղվես, ուրեմն դու պիտի զբաղվես, էղա՞վ։

-Հասկացա, Գրիգորյան,-դժգոհ ձայնով ասաց Վահանը։

-Դե ավելի լավ։ Ծնողները միջանցքում են։ Տա՛ր նրանց իմ աշխատասենյակն ու հետները զրուցիր,-ասաց Գրիգորյանը Վահանին։

Վահանը, դուրս գալով միջանցք, ծնողներին տանում է Գրիգորյանի աշխատասենյակ։

-Իմ անունը Վահան է, ես օպերլիազոր եմ։ Ինձ են հանձնարարել ձեր աղջկա գործը։ Նստեք, ես ձեզ հարցեր ունեմ տալու։

Արսենն ու Աստղիկը նստում են Վահանի դիմաց։

-Ձեր աղջկա հետ դուք կոնֆլիկտներ ունեցե՞լ եք,-հարցրեց Վահանը։

-Չէ, մենք հաշտ ու խաղաղ ընտանիք ենք։ Մեր տանը նման բաներ չեն լինում,-պատասխանեց Աստղիկը։

-Իսկ վերջին օրերին Ձեր աղջկա պահվածքում տարօրինակություններ կամ անսովոր վարքագիծ նկատե՞լ եք։

-Հարգելի՛ ոստիկան, ի՞նչ կապ ունի էս հարցերը իմ աղջկա անհետացման հետ։ Փոխանակ աղջկաս փնտրեք, նստել եք ու անիմաստ հարցեր եք տալիս,-բարկացած բացականչեց Արսենը։

-Հարգելիս, հանգստացեք։ Ես ձեր աղջկան փնտրելու եմ, բայց դուք պետք է ինձ օգնեք էդ հարցում՝ պատասխանելով իմ բոլոր հարցերին։ Ինձ համար ամեն մանրուք կարևոր է։ Միգուցե ձեզ իմ հարցերը հաճելի չլինեն, բայց պիտի պատասխանեք, եթե ուզում եք, որ շուտ գտնենք ձեր աղջկան։

-Չէ, հարգելի՛ ոստիկան, նման բաներ չենք նկատել,-ասաց Աստղիկը։

-Կարո՞ղ եք ինձ ասել , -դիմեց ծնողներին Վահանն ու շարունակեց,-ձեր աղջիկն ընկեր ունի՞։

-Չէ, չունի,-վստահ պատասխանեց Աստղիկը։

-Իսկ հնարավո՞ր է, որ ունի, պարզապես դուք տեղյակ չեք։

-Չէ, ըտենց բան հնարավոր չի։ Իմ աղջիկը միշտ ինձ հետ կիսվում ա,-պատասխանեց Աստղիկը։

-Շատ լավ։ Մարինեի անձնագիրը հիմա որտե՞ղ է, տա՞նն է։

Վահանի այս հարցից Աստղիկն ու Արսենն զարմացած իրար նայեցին։

-Պիտի որ տանը լինի։ Ճիշտ ասած, խելքներս չի կտրել էրեգ նայեինք,-ասաց Արսենը։

-Խնդիր չկա։ Հեսա մեր զրույցն ավարտենք, միասին կգնանք ձեր տուն ու դա էլ կնայենք։ Մարինեն մոտիկ ընկերուհի ունի՞։

-Հա, ունի։ Արևիկն է, որը հենց մեր պադեզդում ա ապրում, իսկ համալսարանում իր ամենամոտ ընկերուհին Անահիտն է։

-Լավ, դուք էդ աղջիկների հեռախոսահամարներն ունե՞ք, կարո՞ղ եք, ինձ տալ։

Աստղիկը Վահանին փոխանցեց Արևիկի հեռախոսահամարը, իսկ Անահիտի հեռախոսահամարը չգիտեր։

-Մարինեն, բացի ձեր նշած էս համարից, ուրիշ համար օգտագործու՞մ է,-հարցրեց Վահանը։

-Չէ, ուրիշ համար չունի,-միասին ասացին Աստղիկն ու Արսենը։

-Դու՞ք կարող ա իմանաք իր ֆեյսբուքի, ինստագրամի կամ այլ սոցիալական էջի պարոլը։

-Աղջիկս ֆեյսբուքում գրանցված ա, բայց իրա պարոլը ես չգիտեմ։ Ինքը միշտ իր հեռախոսով էր մտնում, մենք տանը կամպյուտեր չունենք,-ասաց Աստղիկը։

-Շատ լավ, դուք հիմա միջանցքում ինձ սպասեք, ես կգամ ու միասին կգնանք ձեր տուն,-ասաց Վահանը ծնողներին։

Արսենի ու Աստղիկի՝ աշխատասենյակից դուրս գալուց հետո, Վահանը գրպանից հանեց սմարթֆոնն ու զանգահարեց։

-Ալո, Գևոր․․

-Բարև, աղպեր, ի՞նչ կա, որ ինձ էլի հիշել ես։ Մեր թաղում երևի չեպա ա եղել, որ ինձ զանգում ես։ Դու մենակ ինձ էդ ժամանակ ես հիշում,-հեռախոսով պատասխանեց Գևորգը։

-Լսիր, ժամանակ չկա։ Ձեր թաղում աղջիկ ա կորել։ Տեղյա՞կ ես,-հարցրեց Վահանը։

-Ապեր կարող ա գիտես, թե մեր թաղում ինչ կատարվում ա, ես կուրսի եմ։ Չէ, չգիտեմ, որտեղի՞ց պիտի իմանամ։

-Աղջկա անունը Մարինե ա, ծնողներին էլ՝ Արսեն ու Աստղիկ։

-Ինչի՞ ա քեզ թվում, թե ես բոլորին ճանաչում եմ։ Լավ, աղջկա նկարն ինձ ուղարկիր, կարող ա դեմքով ճանաչեմ։

-Լսիր, կարող ա՞ թաղի տղերքի մատը խառն ա։

-Ապեր, չէ, հարյուր տոկոսով եմ ասում, տենց բան չկա, թե չէ ես կիմանայի։ Թաղի տղերքը էս գործում չկան։ Ես քեզ հաստատ բան եմ ասում։

-Լավ, հավատում եմ։ Հիմա քեզ աղջկա նկարը կուղարկեմ։ Դու ամբողջ թաղի տղերքին ոտի հանիր։ Ես պետք ա էդ ընտանիքի մասին ամեն ինչ իմանամ։ Հետաքրքրվում ես ու ինձ զանգում, եղա՞վ։

-Եղավ, աղպե՛ր։ Աղջկա նկարն ուղարկիր, ես տենամ՝ ինչ կարամ իմանամ։

***

Արսենն ու Աստղիկը Վահանի ավտոմեքենայով վերադառնում են տուն։ Վահանը նայում է Մարինեի սենյակը, բայց արտասովոր ոչինչ չի գտնում։

-Վահա՛ն, սա էլ Մարինեի անձնագիրը,-ասաց Արսենը՝ անձնագիրը ցույց տալով։

-Դա նշանակում է, որ Մարինեն Հայաստանից դուրս չի եկել և արտերկիր փախնելու մտադրություն չի ունեցել,-ասաց Վահանը։

-Ախր ասում եմ՝ իմ աղջիկը նման պատճառ չուներ էդ քայլին գնալու համար, Դուք էլի նույն բաներն եք կրկնում,-դժգոհեց Աստղիկը։

-Կարո՞ղ եք ինձ ցույց տալ Արևիկի բնակարանը, ես իրեն մի քանի հարց ունեմ տալու,-դիմեց Վահանն Աստղիկին ու Արսենին։

-Եկե՛ք ինձ հետ, ես ցույց կտամ,-ասաց Արսենը։

***

Վահանը գնում է Արևիկի տուն։ Դուռը բացում է մայրը և զարմանալով, որ ոստիկանությունից է, շփոթված ներս է հրավիրում։

-Ա՛րև, ոստիկանությունից են եկել, տես՝ ի՞նչ են ուզում,-դիմեց մայրն աղջկան։

-Հեսա եկա, մա՛մ,-հետևեց պատասխանը։

Արևիկն իր սենյակից եկավ ընդունարան, որտեղ նրան նստած սպասում էր Վահանը։

-Բարև Ձեզ,-տեսնելով Վահանին՝ ողջունեց Արևիկը։

-Բարև Արևի՛կ, ես Վահան Անտոնյանն եմ՝ ոստիկանության օպերլիազոր։ Ուզում եմ քեզ Մարինեի վերաբերյալ մի քանի հարց տալ։ Գիտե՞ս չէ, որ Մարինեն անհետացել է։

-Հա, գիտեմ, տեղս չեմ գտնում, Մարինեն իմ ամենամոտիկ ընկերուհին ա։ Դեռ չե՞ն գտել։

-Ոչ, ներկա պահին ոչ մի նորություն չկա, բայց դու կարող ես ինձ օգնել, որ շուտ գտնենք ընկերուհուդ։

-Այո, իհարկե, ի՞նչ պետք ա անեմ,-զարմացած հարցրեց Արևիկը։

-Առանձնապես ոչինչ։ Քեզանից պահանջվում ա անկեղծորեն պատասխանել իմ հարցերին ու ոչինչ չթաքցնել,-ասաց Վահանը։

-Ես թաքցնելու բան չունեմ, տվեք Ձեր հարցերը։

-Շատ լավ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու և Մարինեն ընկերուհիներ եք։

-Դե դպրոցական տարիներից։

-Արևի՛կ կարո՞ղ ես ինձ ասել, Մարինեյենց տանն անախորժություններ լինու՞մ են, ինչպիսի՞ն են նրա հարաբերությունները ծնողների հետ,-հարցրեց Վահանը։

-Շատ նորմալ։ Մարինեն ինձ իր ծնողներից չի բողոքել, իսկ երբ իրենց տանն եմ եղել, անախորժություն կամ լարված վիճակ չեմ նկատել,- պատասխանեց Արևիկը։

-Իսկ Մարինեն ընկեր ունի՞։

-Ընկեր չունի, բայց մեկը կա, որ իրեն անհագստացնում ա, մի քանի ամիս ա ընկել ա իր հետևից։

-Ահա, հիմա արդեն այդ մասին մանրամասն ասա։ Ճանաչու՞մ ես էդ տղային,-հետաքրքությամբ հարցրեց Վահանը։

-Էդպես չէ, գիտեմ, որ անունը Հովոյա ու իրենց մանկավարժականի հենց նույն շենքում ա սովորում։

-Կուրսեցիներ ե՞ն։

-Չէ, էդ տղան ուրիշ բաժնում ա սովորում, պարզապես նույն շենքում են սովորում։

-Իսկ էդ Հովոյի հեռախոսի համարը գիտե՞ս,-անհամբեր հարցրեց Վահանը։

-Չէ, ես իր համարը որտեղի՞ց պիտի իմանամ։

-Իսկ Մարինեն ասե՞լ ա ծնողներին, որ էդ տղան իրան անհանգստացնում ա։

-Չէ, չի ասել։

-Ինչի՞։

-Չգիտեմ։

-Լավ, Արևիկ ջան, շատ շնորհակալ եմ հարցերիս պատասխանելու համար։ Ես գնում եմ, քեզ թողնում եմ իմ այցեքարտը, եթե մի կարևոր բան իմանաս կամ հիշես, զանգիր ինձ,-ասաց Վահանը՝ այցեքարտը տալով Արևիկին։

-Շատ լավ,-ասաց Արևիկը՝ Վահանին ճանապարհելով։

***

Անցնում է մեկ օր։ Առավոտյան ոստիկանության ավագ օպերլիազոր Հայկն ու օպերլիազոր Վարդանը բակում ծխում էին։ Հայկը բարձրահասակ, երեսուն տարեկան, սպիտակամորթ տղամարդ էր, իսկ Վարդանն էլ կարճահասակ էր ու գեր։

-Հայկ, տե՞սար թե էրեգ էդ կրիսը ոնց էր ուզում գործը վրից քցի։ Ասում ա՝ շատ զբաղված եմ․․․,-ասաց Վարդանը Հայկին։

-Էդ միշտ էլ տենց ա եղել։ Ուզում ա ամեն ինչ իր վրայից քցի։ Խելքս բան չի կտրում, որ դա աղջկան կգտնի,-ասաց Հայկը։

Ավտոմեքենայով բաժին է գալիս Գրիգորյանը։ Իջնելով ավտոմեքենայից՝ ձեռքով բարևում է՝ ասելով․

-Հը, տղերք ի՞նչ կա։

-Բան չկա, Գրիգորյան, սենց։

-Վահանը էկե՞լ ա, բաժնու՞մ ա,-հարցրեց Գրիգորյանն իր օպերներին։

-Հա, էկել ա,-պատասխանեց Վարդանը։

-Դե ես գնամ, տենամ էդ աղջկա անհետացման գործով էրեգ ի՞նչ ա արել,-ասաց Գրիգորյանը։

-Էղավ,-պատասխանեցին Հայկն ու Վարդանը։

Գրիգորյանը ներս է մտնում օպերլիազորների աշխատասենյակը, որտեղ Վահանն աշխատում էր։

-Բարի լույս, Վահա՛ն։

-Բարի լույս, Գրիգորյա՛ն,-պատասխանեց Վահանը Գրիգորյանի ողջույնին։

-Հը, ասա՝ կորած աղջկա գործից ի՞նչ նորություն ունես։ Ճանապարհին ինձ քննիչն էր զանգել ու ասաց, որ արագացնենք։ Ինքը էս էրկու օրվա ընթացքում պետք ա լուծի քրեական գործ հարուցելու հարցը։

-Գրիգորյան, էրեգ ամբողջ օրն էդ գործով եմ զբաղվել՝ իմ մյուս գործերը կիսատ թողնելով։ Քննիչին ասել եմ, որ հարցում ուղարկի բջջային օպերատորին, պահանջի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մարինեի ելքային ու մուտքային հեռախոսազանգերի ցանկը, ինչպես նաև պահանջի Մարինեի հեռախոսի բիլինգը, թե անհետանալու օրը հեռախոսը որտեղ ա եղել։ Քննիչն ասաց՝ խոստացել են, որ կաշխատեն, որ էսօր մինչև օրվա վերջը տան։ Դրանից հետո զանգել եմ հիվանդանոցներ, ինձ ասել են, որ նման աղջիկ իրենց մոտ չեն բերել։ Աղջկա լուսանկարն ուղարկել եմ ոստիկանության լրատվական բաժին, որ <<1-02>> հաղորդումով ցույց տան։ Հետո էրեգ գնացել եմ աղջկա տուն, նայել իր սենյակը, խոսել իր ամենամոտ ընկերուհու հետ։ Ընկերուհին ինձ ասաց, որ աղջկան Հովո անունով մի տղա ա անհանգստացնում։

-Պարզե՞լ ես, թե ով ա էդ տղան,-հետաքրքրությամբ հարցրեց Գրիգորյանը։

-Ոչ միայն պարզել եմ, այլև հետը խոսացել։ Իմ կարծիքով ինքը ոչ մի առնչություն չունի էս գործում։ Իրենց թաղի տղերքն էլ ինձ ասացին, որ ինքը նորմալ տղա ա, տենց բան չէր անի։

-Աղջկա անհետանալու պահին էդ տղան որտե՞ղ ա եղել, հարցրե՞լ ես։

-Հարցրել եմ, տանն ա եղել , ասաց, որ իր ծնողները կարող են դա հաստատել։

-Լսիր, պարզե՞լ ես, թե էն կանգառում, որտեղ Մարինեն սովորաբար ավտոբուսից իջնում ա ու տուն վերադառնում, կամերաներ կա՞ն, նայե՞լ ես դրանք,-հարցրեց Գրիգորյանը։

-Չհասցրի էդ հարցով զբաղվել։

-Վահա՛ն, դա ամենակարևորն ա էս պահին։ Տենց էլ դու մինչ օրս չկարողացար առաջնայինն ու երկրորդականն իրարից տարբերել։ Քո ամենաառաջինը գործը պիտի լիներ կամերաները նայելը,-բարկացած բացականչեց Գրիգորյանը,-հենց հիմա գնա՛ էդ հարցով զբաղվի։ Դրանից հետո ստուգում ես էդ տղայի՝ Հովոյի խոսքերի իսկությունը։

Խոսքն ավարտելուց հետո Գրիգորյանն աշխատասենյակից դուրս եկավ ու միջանցքում հանդիպեց բաժնի պետին՝ Հարությունյանին։

-Գրիգորյան, հ՜ը, ի՞նչ նորություն ունես կորած աղջկա գործով,-հարցրեց Հարությունը՝ առանց բարևելու։

-Բարև Ձեզ, պարո՛ն Հարությունյան, աշխատում ենք,-շողոքորթաբար ժպտալով պատասխանեց Գրիգորյանը։

-Դե նենց աշխատեք, որ ձեր աշխատանքի արդյունքը տենանք, թե չէ, երբ հարցնում եմ՝ աշխատում եք, բայց արդյունք չկա,-դժգոհ տոնով ասաց Հարությունյանը՝ մտնելով իր աշխատասենյակը։

Արսենն ու Աստղիկը գալիս են ոստիկանություն՝ աղջկա մասին մի լուր իմանալու։ Նրանց է ընդունում Գրիգորյանը։

-Բարև Ձեզ, եկել ենք տեսնանք, մեր աղջկանից նորություն կա՞, գտա՞ք,-անհամբեր ու դողացող ձայնով հարցրեց Աստղիկը, ով հոգնած տեսք ուներ, քանի որ ողջ գիշերն աչք չէր կպցել։

-Մենք աշխատում ենք էդ ուղղությամբ։

-Բայց ոնց որ թե լավ չեք աշխատում,- դժգոհ տոնով ասաց Արսենը։

-Նստեք խնդրում եմ,-դիմեց Գրիգորյանը ծնողներին՝ ցույց տալով աթոռները, հետո շարունակեց,-հավատացնում եմ, մենք ամեն ինչ անում ենք ձեր աղջկան հնարավորինս շուտ գտնելու համար։ Ուղղակի, հասկացեք, մեծ Երևան ա, կորած մարդուն էստեղ այդքան էլ հեշտ չի գտնելը։

-Պարո՛ն ոստիկան, մենք մի օրից ավել ա տեղներս չենք գտնում, ոչ նորմալ ուտում ենք, ոչ էլ քնում, մտքներովս հազար բան ա անցնում։ Ի՞նչ կարար եղած լիներ, որ աղջիկս չկա,-հարցրեց Արսենը։

-Մենք ամեն ինչ անում ենք՝ պարզելու, թե ինչ ա եղել։ Ես էլ երեխաներ ունեմ, հասկանում եմ Ձեզ, բայց ներկա պահին ամենաճիշտ որոշումը ձեր կողմից սպասելն է։ Եթե նորություն լինի, մենք ձեզ կզանգահարենք։ Էնպես որ էստեղ սպասելն իմաստ չունի,-ծնողերին հանգստացրեց Գրիգորյանը։

Արսենն ու Աստղիկը տխուր և տարակուսած դուրս եկան ոստիկանության բաժնից՝ առանց որևէ կոնկրետ պատասխան ստանալու։

***

Անցնում է երկու օր։ Մարինեի որոնումներն արդյունք չեն տալիս։ Հարությունյանն իր մոտ է կանչում Ավետիք Գրիգորյանին ու Վահանին, որպեսզի վերջիններս զեկուցեն որոնողական աշխատանքերի ընթացքի մասին։

-Պարո՛ն Հարությունյան,-ասաց Գրիգորյանը,-մինչ էս պահը մենք պարզել ենք հետևյալը։ Վերջին անգամ աղջկա հեռախոսը միացված ա եղել իրենց տնից երկու կանգառ հեռավարության վրա։ Հենց էդ տեղից էլ նա ծնողներին զանգահարել ա։ Զանգից երկուսուկես րոպե անց հեռախոսն անջատվել ա ու կորել ազդանշանը։ Մենք ծնողներից հարցրել ենք, աղջկա մոտ մեծ գումար չի եղել, քարտում էլ մի յոթ հազար դրամի կարգի գումար ա եղել։ Մենք բանկից հարցում ենք արել։ Մարինեն իր անհետանալուց հետո քարտից չի օգտվել։ Անձնագիրը տանն ա։ Իրան ուզող տղայի հետ խոսել ենք ու ստուգելով իր ասածը՝ գտնում ենք, որ էդ տղան ոչ մի կապ չունի Մարինեի անհետացման մեջ։ Թե՛ ծնողները, թե՛ աղջկա ընկերուհիները

պնդել են, որ Մարինեն ընկեր չունի, թե չէ նրանք կիմանային էդ մասին․․․

-Բայց հնարավո՞ր չի, որ ունեցել ա, բայց բոլորից գաղտնի ա պահել,-ընդհատեց Գրիգորյանի խոսքը Հարությունյանը։

-Չի բացառվում, բայց ամեն դեպքում մեզ համար պարզ ա, որ աղջիկը տնից փախնելու մտադրություն չի ունեցել, քանի որ անձնագիրը թողել ա տանը, հետն իր իրերն ու հագուստը չի վերցրել։ Հետո էլ եթե որոշել էր տնից փախնել, ի՞նչ իմաստ ուներ փախնելուց առաջ զանգեր մորն ու ասեր, որ հեսա գալիս ա տուն։ Էստեղ ոչ մի տրամաբանություն չկա,-պատասխանեց Գրիգորյանը։

-Գրիգորյա՛ն, կամերաների մասով ի՞նչ կասես,-հարցրեց Հարությունյանը։

-Կամերաները նայել ենք, բայց արդյունքում ավելի շատ հարցեր են առաջացել։ Մարինեն չի իջել ո՛չ իրանց տան մոտի կանգառում, որտեղ միշտ իջնում ա տուն վերադառնալիս, ո՛չ էլ իջել ա էն կանգառում, որտեղ վերջին անգամ ֆիքսվել ա իր հեռախոսի ազդանշանը։

- Բա որտե՞ղ ա իջել,-հետաքրքրությամբ հարցրեց Հարությունյանը։

-Կամերանները էդպես էլ չեն ֆիքսել իր իջնելու պահը,-ասաց Գրիգորյանը։

-Ո՞նց թե չեն ֆիքսել, բա էդ աղջիկը հո ավտոբուսի մեջ հօդս չի ցնդել,-զարմացած հարցրեց Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, մենք կամերաներով ֆիքսել ենք աղջկա՝ ավտոբուս նստելու պահը, բայց իջնելու պահը կամերանները չեն ֆիքսել։ Բանն էն ա, որ էն կանգառից, որտեղ վերջին անգամ միացված ա եղել աղջկա հեռախոսը, մինչև ավտոբուսի երթուղու ավարտը կա վեց կանգառ։ Էդ վեց կանգառներից երկուսում կամերաններ չկան։ Ենթադրում եմ, որ էդ երկու կանգառներից մեկում էլ իջել ա Մարինեն։

-Գրիգորյա՛ն, էդ երկու կանգառներում առևտրի կետեր, խանութներ կամ փոքր կրպակներ կա՞ն, գնացե՞լ եք, մարդկանց հարցուփո՞րձ եք արել, միգուցե գտնվեն

մարդիկ, որ տեսել են աղջկան․․Հետո էլ ավտոբուսի վարորդի հետ խոսե՞լ եք, ի՞նչ ա ասում,-հարցրեց Հարությունյանը։

-Ավտոբուսի վարորդի հետ չենք խոսացել, քանի որ անիմաստ ենք համարում։ Վարորդն ուղևորներին չի հետևում, հետո էլ ժամանակ չենք ունեցել, քանի որ ավելի կարևոր գործեր ենք արել դրա փոխարեն՝ աղջկան գտնելու համար,-պատասխանեց Գրիգորյանը։

-Գրիգորյան, ամեն դեպքում, վարորդի հետ խոսացեք, բացի էդ, գնացեք էն երկու կանգառը, որտեղ կամերաններ չկան, էնտեղ գտնվող խանութի կամ այլ առևտրի

կետերի աշխատողներից հարց ու փորձ արեք։ Ինձ արդյունք ա պետք․․․ Երբ Հարությունյանը խոսքը չէր ավարտել, նրան զանգահարում են։

-Լսում եմ, պարո՛ն Արամյան,-պաշտոնական տոնով, փոքր-ինչ վախենալով՝ ասաց

Հարությունյանը։

Հարությունյանին հեռախոսով Արամյանը երկար բան էր ասում, իսկ Հարությունյանն էլ պատախանում էր միայն <<հա>> կրկնելով։

Հեռախոսազրույցն ավարտելուց հետո Հարությունյանի տրամադրությունը կտրուկ ընկավ։ Դա նկատեցին Գրիգորյանը և Վահանը։

-Ո՞վ էր Հարությունյան,-փոքր-ինչ երկնչելով՝ հարցրեց Գրիգորյանը։

-Վերևներից էին։ Մեր գործերը լավ չեն։ Աղջկա ծնողները գնացել են ոստիկանապետի տեղակալի մոտ ու մեզնից բողոքել։ ՆԳՆ նախարարն էլ հատուկ հանձնարարական ա իջեցրել, որ աղջկան հնարավորինս արագ պետք ա գտնենք։ Հիմա էսօր մեզ մոտ են ուղարկում օպերատիվ-փնտրողական վարչության մի ավագ օպերլիազորի, ով պետք ա էստեղ գա որոշ ժամանակ աշխատի, մեզ օգնի,

մինչև աղջկան գտնենք․․․ Պատկերացնու՞մ ես՝ ինչ խայտառակություն ա։ Էդ նշանակում ա, որ մենք աշխատել չենք կարողանում, դրսից մարդ են բերում, որ մեզ օգնի,-դժգոհ բացականչեց Հարությունյանը։

-Բայց պարոն Հարությունյան, մենք մեզանից կախված ամեն հնարավոր բան արել եք, չի ստացվում գտնել, հանցա էդ նոր մարդը, որ գա ի՞նչ ա անելու,-նկատեց Գրիգորյանը։

Զանգահարում են Հարությունյանին, քննիչն էր։

-Ալո,-վերցրեց հեռախոսը Հարությունյանը։

-Ալո, բարև Ձեզ, պարոն Հարությունյան։

-Բարև Ձեզ, տիկի՛ն Մակարյան։

-Պարոն Հարությունյան, մինչ էս պահը ձեր ծառայողները ինձ գրավոր եզրակացություն չեն ուղարկել քրեական վարույթի նախաձեռնման կապակցությամբ։ Աղջկա անհետացումից արդեն մի քանի օր ա անցել, բայց ես դեռ չեմ լուծել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Հասկացեք, այսպես աշխատել չի կարելի,-դժգոհեց քննիչը։

-Կասեմ, հենց էսօր կուղարկեն, տիկի՛ն Մակարյան,-ասաց Հարությունյանը։

-Թող չուղարկեն, թող գործող զբաղվող օպերը ներկայանա ինձ մոտ, էս գործի հետ կապված հանձնարարություններ ունեմ նրան տալու, բացի էդ էլ շատ հարցեր ունեմ նրան տալու։

-Բարի, տիկի՛ն Մակարյան,-ասաց Հարությունյանը, հետո անջատելով հեռախոսը՝ դժգոհեց,-էս էլ մի կողմից ա զզվացնում։

-Վահա՛ն, թղթերը պատրաստիր ու գնա ներկայացիր քննիչին,-դիմեց Գրիգորյանը Վահանին։

-Գրիգորյա՛ն, դու էլ պատրաստվիր, որ էդ նոր մարդուն ընդունեց ոնց պետքն ա, հասկացա՞ր։

-Շատ լավ, պարոն Հարությունյան,-պատասխանեց Գրիգորյանը։

-Դե գնացեք, գործով զբաղվեք,- դիմեց Հարությունյանը Գրիգորյանին և Վահանին։ Վահանն ու Գրիգորյանը դուրս են գալիս Հարությունյանի աշխատասենյակից։

***

Ավագը, ով քառասուն տարեկան, միջահասակ, շագանակագույն աչքերով, սպիտակամորթ, նուրբ դիմագծերով նիհար տղամարդ էր, աշխատում էր իր աշխատասենյակում։ Վերջինս ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր էր, կոչումով՝ կապիտան։ Ավագն աչքի էր ընկնում բարձր ինտելեկտուալ կարողություններով, վերլուծական մտքով և զարգացած տրամաբանությամբ։ Ուներ բարձր աշխատանքային արդյունավետություն։ Նա գտել էր բազմաթիվ անհայտ կորած ու հետախուզվող անձանց, սակայն վերջին տարիներին պաշտոնի բարձրացում չէր ունենում, թեև արժանի էր։

Վեր կացավ՝ իր համար սուրճ պատրաստելու։ Զանգահարեցին․վարչության պետի քարտուղարուհին էր։

-Ալո։

-Ալո, բարև Ձեզ, պարոն Մարտիրոսյան,-լսվեց հեռախոսից քարտուղարուհու ձայնը։

-Բարև Ձեզ։

-Պարոն Մարտիրոսյան, վարչության պետը Ձեզ կանչում է։

-Լավ, գալիս եմ-պատասխանեց քարտուղարուհուն Ավագը՝ անջատելով հեռախոսը։

Ավագը թակում է վարչության պետի աշխատասենյակի դուռը։

-Նե՛րս մտիր, Ավա՛գ,-ասաց վարչության պետը՝ Սիմոնյանը՝ ներս հրավիրելով։

Ավագը մտնում է վարչության պետի աշխատասենյակը, բարևում ինչպես կարգն է, հետո նստում Սիմոնյանի կողքի աթոռին։

-Ինչպե՞ս ես Ավա՛գ, ինչպե՞ս են գործերդ,-հարցրեց Սիմոնյանն Ավագին։

-Լավ եմ, պարոն գնդապետ, Դուք ինչպե՞ս եք։

-Չեմ բողոքում․․․Ավագ երևի գիտես, որ Երևանում մի քանի օր առաջ երիտասարդ աղջիկ ա անհետացել տուն վերադառնալու ճանապարհին։

-Այո, լսել եմ։

-Ուրեմն էսպես։ Որոշում է կայացվել քեզ մի քանի օրով գործուղել էն ոստիկանության բաժին, որն անմիջականորեն զբաղվում է որոնողական աշխատանքներով, որպեսզի այնտեղ բաժնի օպերներին օգնես հնարավորինս արագ գտնել աղջկան։ Դե գործուղում ասածը հարաբերական ա։ Բաժինը մեզանից մի տասներեք կիլոմետր հեռավորության վրա ա, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ տրանսպորտով այստեղ կգաս, թե այնտեղ կգնաս։

-Խնդիր չկա, պարոն գնդապետ, ե՞րբ պետք է գնամ,-պատրաստակամ հարցրեց Ավագը։

-Հենց էսօրվանից։ Ես իրենց արդեն ասել եմ, քեզ կընդունեն ինչպես հարկն ա, կապահովեն աշխատանքիդ համար անհրաժեշտ պայմաններով։

-Մի ճշտող հարց կարո՞ղ եմ տալ։

-Ասա։

-Ես էնտեղ ի՞նչ կարգավիճակով եմ գնում՝ որպես խորհրդատու, թե՞ որպես որոնողական խմբի ղեկավար,-հարցրեց Ավագը։

-Ըստ պաշտոնական գրության՝ խորհրդատու, բայց ես գտնում եմ, որ դու պետք է ղեկավարես էդ գործող զբաղվող օպերներին, որովհետև նրանք քո խելքն ու փորձը չունեն։ Հարկ եղած դեպքում դու պետք ա նրանց հանձնարարականներ տաս, եթե էդպես ա պահանջում իրադրությունը։ Մի խոսքով՝ ինչ ուզում ես արա, միայն թե աղջկան գտիր։ Ես էսօր կզանգեմ իրենց բաժնի պետին՝ Հարությունյանին, կասեմ ինչ պետք ա։ Եթե ընդեղ խնդիրներ ծագեն, ասենք՝ չենթարկվեն կամ հակաճառեն, դիմիր ինձ, ես էդ հարցերը կլուծեմ։

-Հասկանալի է, պարոն գնդապետ,-ասաց Ավագը։

-Դե Ավագ ջան, գնա ու էնտեղի տղերքին օգնիր։

Ավագը, ձեռքսեղմումով հրաժեշտ տալով Սիմոնյանին, դուրս եկավ վերջինիս աշխատասենյակից։

***

Երկու ժամ անց Ավագն արդեն ոստիկանության բաժնում էր։ Նրան ընդունում է բաժնի պետը՝ Հարությունյանը, հետը զրուցում, տեղեկացնում գործի մանրամասներին՝ հանձնելով մինչ այդ պահն անհետացման գործով հավաքված

նյութերը։ Ավագը մեկ ժամ առանձին աշխատասենյակում գործի նյութերին ծանոթանալուց, տեսախցիկների նկարահանումներն ուշադիր ուսումնասիրելուց հետո, քրեական հետախուզության բաժնի պետին՝ Գրիգորյանին և բոլոր օպերլիազորներին հրավիրում է խորհրդակցության, որը տեղի է ունենում այն աշխատասենյակում, որտեղ աշխատում էին օպերները։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է իրականում կատարվել, ո՞րն է ձեր հիմնական վարկածը,-հարցրեց Ավագը Գրիգորյանին և օպերներին։

-Ճիշտ ա, ի սկզբանե գործով ես չեմ զբաղվել, այլ մեր մյուս օպերը՝ Վահանը,-ասաց ավագ օպերլիազոր Հայկը՝ ձեռքով ցույց տալով Վահանին, հետո շարունակեց,-ամեն ինչ պարզ ա։ Էստեղ մտածելու շատ բան չկա։ Աղջիկն ամենայն հավանականությամբ բռնաբարված ու սպանված ա։ Իմ կարծիքով սենց ա եղել։ Տուն հասնելուց առաջ աղջկան վայբերով, վոտցապով կամ այլ սոցիալական ցանցով զանգել ա իր ծանոթներից մեկը ինչ-որ շտապ գործի հետ կապված՝ տեղ հրավիրելով, աղջիկն իջել ա ավտոբուսից, որ տաքսի նստի։ Հետո էդ ծանոթն աղջկան մոլորեցնելով տարել ա ուրիշ տեղ ու մնացածը պատկերացնում եք՝ ինչ ա եղել։ Էս պահին ռեալն էն ա, որ պետք է կենտրոնանք աղջկա մարմինը գտնելու վրա։ Գնանք փնտրենք Երևանի էն տեղերը, որտեղ կարելի ա մարմինը թաքցնել։

-Ոչի՞նչ, որ քո ասածը հնարավոր չի,-հեգնելով ասաց Վահանն ու շարունակեց,-Հա՛յկ, դու ճիշտ ասցիր, որ գործով դու չես զբաղվել, այլ՝ ես։ Աղջկա հեռախոսն ինտերնետին միացված ա եղել ծնողներին զանգելուց մեկ ժամ առաջ, դրանից հետո հեռախոսի ինտերնետը միացված չի եղել, հետևաբար սոցիալական ցանցով նրան չէին կարող զանգել։ Հետո էլ աղջկա հեռախոսի ազդանշանը կորել է ծնողներին զանգելուց երկուսուկես րոպե անց, հետևաբար ծանոթի կողմից ինչ-որ տեղ կանչելը խելքի մոտ վերսիա չի։

-Դե եթե էդքան խելոք ես, բա գտնեի՞ր աղջկան,-բարկացած բացականչեց Հայկը, որին դուր չեկավ Վահանի խոսքերը։

-Հարգելիներս, մի՛ վիճեք, մենք էստեղ չենք հավաքվել վիճելու կամ իրար մեղադրելու համար, մեր խնդիրն է հնարավորինս արագ գտնել աղջկան,-ասաց

Ավագը և շարունակեց,-իսկ եթե աղջիկը ավտոբուսում չի եղել․․․ Ավագի խոսքերից ներկաները զարմացած իրար նայեցին։

-Ո՞նց թե ավտոբուսում չի եղել,-հարցրեց Գրիգորյանը։

-Նկատի ունեմ էն, որ աղջիկն ավտոբուս չի նստել,-պատասխանեց Ավագը։ Հայկն ու Վարդանը մի կերպ զսպեցին իրենց ծիծաղը։

-Բայց, պարո՛ն Մարտիրոսյան,-դիմեց Գրիգորյանն Ավագին,-կամերաները ֆիքսել են աղջկա ավտոբուս նստելու պահը, հետո աղջկա հեռախոսը գտնվել ա ավտոբուսի մեջ, ու ծնողներին Մարինեն զանգել ա, երբ գտնվում էր ավտոբուսում։

-Հարգելի՛ Գրիգորյան,- ասաց Ավագը,- ես նայել եմ կամերաները։ Հարցն էլ հենց էն ա, որ կամերաները չեն ֆիքսել աղջկա՝ ավտոբուս նստելու պահը։ Կամերան ընդամենը ցույց ա տվել, որ աղջիկը գնում է ավտոբուսի կողմը ու քանի որ շատ մարդ ա նստում ավտոբուսը, հստակ չի երևում՝ ի վերջո նստում ա, թե՝ ոչ։ Այսինքն՝ կոնկրետ նստելու պահը չի երևում, այլ միայն երևում ա, որ Մարինեն գնում ա, որ նստի ավտոբուս։ Դուք սխալ եզրահանգում եք արել։ Հավանականություն կա, որ Մարինեն ավտոբուս չի նստել, իսկ ավտոբուսում նրա հեռախոսից ծնողներին զանգել ա մեկ ուրիշը։ Դե գիտեք, որ հիմա արհեստական բանականության միջոցով ձայնը կարելի ա փոխել։ Իմ ասածն ավելի ա ամրապնդում էն, որ կամերաները չեն ֆիքսել Մարինեի՝ ավտոբուսից իջնելու պահը, իսկ Մարինեն կամ նրա անհետացման մեջ կապ ունեցող անձը չէր կարող իմանալ, որ ավտոբուսի երթուղում կա երկու կանգառ , որտեղ կամերա չկա։

-Բան չունեմ ասելու, տեսականորեն ձեր ասածը հնարավոր ա, բայց ես չեմ կարծում, որ տենց ա եղել,-ասաց Գրիգորյանը։

-Ապեր, էս Երևան ա, ու էս պատմությունն էլ ամերիկյան դետեկտիվ ֆիլմի սցենար չի,-ծաղրեց Հայկն Ավագին։

Ավագին Հայկի՝ իր հետ խոսելու տոնը դուր չեկավ, խեթ նայեց Հայկին։

-Հա՛յկ, քեզ հավաքի՛ր,-սաստեց Գրիգորյանը։

-Շատ լավ, հարգելիս, էդ դեպքում դու զբաղվիր աղջկա մարմինը փնտրելով։ Քարտեզում նշիր էն տեղերը, որտեղ կարող էին թաքցրած լինել աղջկա մարմինը ու գնա հատ առ հատ ստուգիր։ Հենց հիմա էդ գործով զբաղվիր, գնա ու գտիր,-ասաց Ավագը Հայկին։

Հայկն ապշեց Ավագի խոսքերից։

-Կներեք, բայց Դուք իմ վերադասը չեք, որ նման հանձնարարականներ տաք, Դուք էստեղ ընդամենը խորհրդատու եք ու ձեր գործն ա խորհուրդ տալը, ոչ թե հրամաններ արձակելը,-բարձր ու ագրեսիվ տոնով բացականչեց Հայկը։

-Հա՛յկ, պարոն Մարտիրոսյանը ճիշտ ա ասում, գնա ու էդ գործով զբաղվիր,-դիմեց Հայկին Գրիգորյանը,- ես եմ քեզ հանձնարարում։

-Գրիգորյա՛ն, ես պարապ չեմ, որ ընկնեմ փողոցներով էդ կորած աղջկա մարմինը ման գամ։ Էդ իմ գործը չի։ Բա իմ գործերը ո՞վ ա անելու,-դժկամորեն ասաց Հայկը։

-Հա՛յկ, հիմա բողոքելու ժամանակը չի, քո մյուս գործերը կսպասեն։ Մեզ համար հիմա ամենակարևորը պարզելն ա, թե ինչ ա տեղի ունեցել աղջկա հետ,-խիստ տոնով ասաց Գրիգորյանը։

Հայկը բարկացած դուրս եկավ աշխատասենյակից։ Խորհրդակցությունը շարունակվեց առանց Հայկի։

-Իսկ ինչու՞ կապի օպերատորից չեք պահանջել էն հեռախոսների ցանկը, որոնք գտնվել են Մարինեի հեռախոսի կողքին, երբ վերջինս ավտոբուսում էր։ Հենց հիմա պետք ա հարցում անել կապի օպերատորին էդ մասին։ Դրանից հետո պետք ա գտնել էդ հեռախոսահամարների տերերին ու նրանցից բացատրություն վերցնել։

-Քննիչը պիտի հարցում աներ,-նկատեց Վահանը։

-Ի դեպ, քննիչը քրեական գործ հարուցե՞լ է, թե դեռ սպասում է,-հարցրեց Ավագը Գրիգորյանին։

-Ինչքան գիտեմ, էսօր քննիչը քրեական գործ կհարուցի, բայց ո՞ր հոդվածով չգիտեմ,-պատասխանեց Գրիգորյանը և հարցրեց,- իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչ ա տեղի ունեցել, ո՞րն ա Ձեր վարկածը։

-Նախ ես պետք ա իմանամ, Մարինեի վերջին գտնվելու վայրը՝ մինչև անհետանալը։ Երբ կլինի կապի օպերատորի պատասխանը, մենք կհարցաքննեք էդ մարդկանց ու կիմանանք՝ Մարինեն եղե՞լ է ավտոբուսում, թե՝ ոչ։ Կամ եթե եղել է, ապա որտե՞ղ ա իջել։ Ի դեպ, ի՞նչ կասեք ընտանիքի, հատկապես հոր մասին։ Նրա անցյալում մութ կետեր կա՞ն, ինչ-որ մեկին ժամանակին վատություն արած կա՞,-հարցրեց Ավագը։

-Պարո՛ն Մարտիրոսյան,-խոսեց Վահանը,- ես հետաքրքրվել եմ Մարինեի հորով, նորմալ մարդ ա։ Ճիշտ ա, խորությամբ չեմ ուսումնասիրել նրա անցյալը, բայց չեմ կարծում, թե անհետացումը նրա հետ կապված լինի։

-Ամեն դեպքում պետք ա ստուգել այս վարկածը ևս,-նկատեց Ավագն ու շարունակեց,-ուրեմն էսպես․ես կասեմ քննիչին, որ կապի օպերատորին իմ ասած

հարցումն անի, հետո կգնամ Մարինեի տուն, ծնողների հետ կխոսեմ, դե Հայկն էլ կզբաղվի մարմինը փնտրելու աշխատանքներով։ Երբ կապի օպերատորից պատասխանը գա, ինձ անհապաղ տեղյակ կպահես, Վահա՛ն։

-Շատ լավ, պարո՛ն Մարտիրոսյան,-ասաց Վահանը։

-Վարդա՛ն, գնա Հայկին օգնիր մարմինը փնտրելու համար,-դիմեց Գրիգորյանը մյուս օպերլիազորին։

-Լավ, պարոն Գրիգորյան,-ասաց Վարդանը, թեև այդ հանձնարարությունը նրա սրտով չէր։

Խորհրդակցությունն ավարտվեց։ Վարդանը զանգահարեց Հայկին․

-Հա, ապեր,-հեռախոսազանգին պատասխանելով՝ ասաց Հայկը։

-Հայկ, դու հիմա որտե՞ղ ես,-հարցրեց Վարդանը։

- Խ՞ի ես հարցնում ։

-Ինձ հանձնարարել են, որ քեզ օգնեմ։

-Ես հիմա բաժնից ոչ հեռու գտնվող ճաշարանում եմ, ուզում եմ մի կտոր հաց ուտեմ, արի տենանք ի՛նչ ենք անում,-ասաց Հայկը։

-Լավ, սպասիր, գալիս եմ։

***

Հայկը ճաշարանում նստած հնդկաձավարով շիլա էր ուտում, հետն էլ օղի խմում։ Ներս է մտնում Վարդանն ու տեսնելով Հայկին՝ գալիս նստում նրա սեղանին։

-Ի՞նչ ես ուտում, ապեր,-հարցրեց Հայկը։

-Մենյուն տուր, տենամ ի՞նչ կա։

Մոտենում է մատուցողուհին ու հարցնում Վարդանին․

-Ի՞նչ եք պատվիրում։

-Ինձ մսով ապուր․․․

-Շատ լավ։

-Հայկ, էդ գրեչկա սիրու՞մ ես,-հարցրեց Վարդանը։

-Չէ, ապեր, մեջներից դա էր էժանը։ Վարդանը Հայկի խոսքի վրա ծիծաղեց։

-Հետո էլ հարցնում են՝ ինչի՞ չեք բացահայտում։ Բա որ ավագ օպերը գրեչկա ուտի, էլ նրանից ի՞նչ եք ուզում, նա գործ բացահայտո՞ղ ա,-կատակով ասաց Հայկը։

-Հա՛յկ ինչի՞ ես խմում, աշխատանքի մեջ ենք։

-Մնում էր դու գլխիս քարոզ կարդայիր։ Լսիր, արա՛, պիտի մի քանի բաժակ խմենք, որ կարողանանք մարմինը գտնել,-ասաց Հայկը՝ օղու հերթական բաժակը կոնծելով։

-Ապեր, հերիք ա, էլ մի խմիր, պիտի էսօր երկար աշխատենք,-ասաց Վարդանը։

-Ի՞նչ աշխատել, արա, հո դու վա՞տ չես։

-Բա աղջկա մարմինը մե՞զ չեն հանձնարարել, որ ման գանք,-զարմացավ Վարդանը։

-Հա ի՞նչ։

-Էն որ պիտի սաղ օրը պախատ լինենք,-ասաց Վարդանը։

-Ոնց տենում եմ, ապեր, քո ուղեղը հեչ չի աշխատում։

-Էդ խի՞ որ,-նեղացավ Վարդանը։

-Ապեր, մեզ ասել են, որ ման գանք աղջկա մարմինը, մենք էլ ման կգանք,-ասաց Հայկը՝ ձեռքերով չակերտների նշան ցույց տալով։

-Ջոգի, ապեր,-ծիծաղելով նկատեց Վարդանը։

-Տենու՞մ ես ապեր՝ խելքս ո՛նց ա աշխատում։ Էսի լավ առիթ ա, ամբողջ օրը մեր հավեսով դրսերում կայֆավատ կլինենք, իրանց էլ կասեք, որ աղջկա մարմինն եք ման գալիս։

-Բա որ իմանա՞ն,-հարցրեց Վարդանը։

-Ո՞վ պիտի իմանա։ Ապեր, նենց ես հարցնում, ոնց որ առաջին անգամ ենք տենց բան անում։ Թե կասես, նման բան չենք արել։

-Ապեր, ախր աղջկա ծնողները մեղք են։

- Իա՜, էս երբվանից ա սիրտդ փափկել․․․․Լսիր, ապեր, էդ աղջիկն արդեն չկա․սպանել են։ Մենք ո՛չ նրան կարող ենք օգնել, ո՛չ էլ նրա ծնողներին։ Եթե ես իմանայի, որ գոնե չնչին հույս կա, ես հիմա էստեղ չէի լինի։ Չկարծես, թե անսիրտ տղա եմ, խիղճ

չունեմ։ Էդ գյադեն ամենաբարդ գործը մեզ ա հանձնարարել։ Իրան ի՞նչ կա։

Նստելու ա իր տաք կաբինետում, հրամաններ տա։ Թող ինքն էլ Վահանի ու Ավետիքի հետ միասին գնան մարմինը ման գան․․․Մի րոպե, ես էդ վարչությունում ընկեր ունեմ, կզանգեմ ու էդ գյադուց կհետաքրքվեմ, տենամ, ո՞վ ա, ինչացու՞ ա, ո՞րն ա նրա թույլ կողմերը։

-Ինչի՞դ ա պետք, Հայկ։

-Էդ գյադուն ես իրա տեղը պիտի ցույց տամ։ Դա չի մարսի ինձ հետ տենց վարվելու համար,-վրդովված ասաց Հայկը։

-Պետք չի ապեր․․․

-Ահա ձեր մսով ապուրը,- ասաց մատուցողուհին՝ բերելով ապուրով լի ափսեն։

-Ապեր, ճաշիկդ կեր, էդ հարցերի հետ դու գործ չունես,-ծաղրելով ասաց Հայկը Վարդանին։

***

Ավագը երեկոյան վերադարձավ տուն։ Նա ապրում էր երկու սենյականոց բնակարանում ծնողների հետ։ Մայրը՝ Նվարդը, միշտ տրտնջում էր առողջականից, բողոքում ամեն ինչից, հայրն էլ՝ Գուրգենը, մտավոր խնդիրներ ուներ։

-Ավագ, հլա ինտերնետով նայիր, տես՝ դեղս ո՞նց պետք է խմեմ՝ շատ ջրով, թե քիչ ջրով,-հարցրեց մայրը։

-Մամ, թող գոնե շորերս փոխեմ, հետո կնայեմ, կասեմ։

Ավագն ընթրելուց և դեղի հետ կապված մոր հարցերին պատասխանելուց հետո որոշեց պառկել ու հանգստանալ, բայց հանկարծ հնչում է սմարթֆոնի ձայնը՝ Գրիգորյանն էր։

-Լսում եմ, Գրիգորյա՛ն, ի՞նչ է պատահել։

-Պարո՛ն Մարտիրոսյան, կապի օպերատորից հարցման պատասխանը եկել ա, արդեն գիտենք, թե ովքեր են գտնվել Մարինեի հեռախոսի կողքին,-ասաց Գրիգորյանը։

-Շատ լավ, վաղ առավոտից կզբաղվենք էդ հարցով։ Ես եմ կմիանամ ձեզ։ Ժամանակ շահելու համար ամեն մեկս մի հոգու հետ զրույց կանենք։ Դրանից հետո արդեն կորոշենք մեր հետագա քայլերը։

-Շատ բարի, պարո՛ն Մարտիրոսյան․․․

-Ի դեպ, ձեր այն օպերները, որոնք պետք է մարմինը փնտրելու որոնողական աշխատանքներ տանեին, ինչ-որ նորություն ունե՞ն,-ընդհատելով Գրիգորյանին՝ հարցրեց Ավագը։

-Չէ, ես խոսացել եմ Հայկի ու Վարդանի հետ, տղերքը սաղ օրը ման են եկել, բայց դեռ արդյունք չկա։

-Կասես թող վաղը ևս շարունակեն մարմնի որոնողական աշխատանքերը, քանի որ վաթսունհինգ տոկոս հավանականությամբ աղջիկը ողջ չէ,-ասաց Ավագը։

-Բարի, կասեմ․․․դե պարոն Մարտիրոսյան, բարի գիշեր։

-Բարի գիշեր։

Հեռախոսազրույցի ավարտից հետո Ավագը բացեց նոութբուքը՝ Մարինեի սոցիալական ցանցերի գրառումներն ու տեղադրած նկարներն ուսումնասիրելու համար։

***

Հաջորդ օրը հարցաքննվում են այն մարդիկ, ովքեր գտնվել են ավտոբուսում և որոնց հեռախոսը շատ մոտ է եղել Մարինեի հեռախոսին։ Բոլոր վկանները պնդում էին, որ Մարինեի լուսանկարով աղջիկ չեն տեսել ավտոբուսում, այլ տեսել են մոտ 35-40 տարեկան բարձրահասակ կնոջ՝ սպիտակ սվիտերով, ով գտնվել է իրենց կողքին։ Վկաներից երկուսը հիշեցին, որ այդ կինը զանգել է մորն ու ասել, որ տասնհինգ րոպեից գալիս է տուն և հարցրել, թե խանութից ի՞նչ պետք է բերի։

Փաստորեն ստացվում է, որ Մարինեն ավտոբուսում չի եղել, այլ նրա հեռախոսով Աստղիկին է զանգահարել անծանոթ մի կին։ Կազմվում է այդ անծանոթ կնոջ ֆոտոռոբոտը։ Տեսախցիկների միջոցով հաջողվում է պարզել, թե այդ կինը ո՛ր կանգառում է իջել և ո՛ր ուղղությամբ գնացել։ Տեսախցիկներից մեկը հստակ ֆիքսել էր այդ կնոջ դեմքը, հետևաբար դեմքը ճանաչող ծրագրի օգնությամբ շատ հեշտ պարզվում է այդ կնոջ ինքնությունը։ Գրիգորյանը զանգահարում է քննիչին, տեղեկացնում այդ ամենի մասին ու խնդրում է կնոջը ձերբակալելու թույլտվություն տալ։

Սակայն քննիչն ասում է, որ մինչև ձերբակալման որոշում կայացնելն ինքը պետք է անձամբ զրուցի այդ կնոջ հետ։

Քննիչ Մակարյանը, Գրիգորյանը և Ավագը գնում են այդ կնոջ աշխատավայրը և նրան կանչում առանձնազրույցի։

-Նելլի Քարամյանը Դու՞ք եք,- հարցրեց քննիչն այն կնոջը, ով Մարինեի հեռախոսից զանգահարել էր Աստղիկին։

-Այո, ես եմ, ի՞նչ է պատահել,-վախեցած ու շփոթված հարցրեց Նելլին։

-Մի քանի օր առաջ Մարինե Սիմոնյանի հեռախոսը ինչպե՞ս է հայտնվել Ձեզ մոտ,-հարցրեց քննիչը։

-Ի՞նչ Մարինե, ես Մարինե Սիմոնյան անունով մարդ չեմ ճանաչում,-ցածր երկնչող ձայնով պատասխանեց Նելլին։

-Աղջիկ ջան, ես չգիտեմ, թե դու Մարինե Սիմոնյանին ճանաչում ես, թե ՝ ոչ, բայց փաստն այն է, որ դու մի քանի օր առաջ 13 համարի ավտոբուսից իր հեռախոսով զանգահարել ես նրա մորը և ներկայացել որպես Մարինե Սիմոնյան,-խիստ տոնով ասաց Մակարյանը։

-Ա՜,-շփոթված բացականչեց Նելլին,-ես իմ պատվիրատուի հանձնարարականն եմ կատարել։

-Ո՞վ է այդ պատվիրատուն,-չհամբերելով միջամտեց Ավագը։

-Դե սայթ կա, որտեղ աշխատանքներ ու հանձնարարություններ են տեղադրում, դու էլ կատարում ես, ու հայտարարություն տեղադրողը վերջում գործն անելուց հետո քարտիդ վրա փող ա փոխանցում։

-Հիմա մանրամասն պատմիր,-ասաց քննիչը։

-Սրանից մի քանի օր առաջ հայտարարություն կարդացա, որ հանձնարարություն կա, ու կատարողին կտրվի հիսուն հազար դրամ գումար։ Ես էլ գրեցի ու ինձ ասացին, որ էսինչ օրը էսինչ ժամին գնամ մանկավարժականի շենքի մոտի աղբարկղում ցելոֆանով փաթաթված հեռախոս կա, վերցնեմ, հետո նստեմ 13 համարի ավտոբուսը, էսինչ կանգառից զանգեմ էսինչ համարին ու սենց բաներ ասեմ։

-Մի րոպե, բա Ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչի՞ համար են ուզում, որ նման բան անենք, մի բան էլ հիսուն հազար դրամ են վճարում,-զարմացած հարցրեց քննիչը։

-Սայթում կանոն կա, որ պատվերը կամ հանձնարարությունը վերցնելիս ավելորդ հարցեր չպետք է տան։ Դե ես էլ չտվեցի, վախեցա, որ պատվերը մեկ ուրիշին կտային, իսկ ինձ շտապ գումար էր պետք։ Բայց ի՞նչ ա եղել, ո՞րն ա պրոբլեմը,-զարմացած հարցրեց Նելլին։

-Լսե՞լ եք, որ վերջին օրերին Մարինե Սիմոնյան անունով աղջիկ է անհետ կորել՝ տուն վերադառնալու ճանապարհին,-հարցրեց Գրիգորյանը Նելլին։

-Հա, տենց բան լսել եմ։

-Դե եթե լսել ես, ուրեմն իմացիր, որ դու էն օրը աղբամանի միջից վերցրել ես Մարինեի հեռախոսն ու ավտոբուսից զանգել նրա մորը, եթե իհարկե ամեն ինչ էնպես ա, ինչպես դու ես ասում։ Դա դեռ պետք ա պարզենք,-ասաց Գրիգորյանը։

Նելլի դեմքը գունատվեց, այլայլվեց, սկսեց հուզվել։

-Ուրեմն էսպես, Նելլի,- ասաց քննիչ Մակարյանը,- Դուք հիմա մեզ հետ կգաք ոստիկանության բաժին, Ձեր խոսքերը գրավոր կշարադրեք։ Մենք կստուգենք Ձեր ասածները, եթե եղել է այնպես, ինչպես Դուք եք ասում, ապա անհանգստանալու կարիք չկա։

-Նելլի, մի հարց,-դարձավ Ավագը,-Դուք ասացիք, որ Ձեզ պետք է վճարեին 50 հազար դրամ։ Ի վերջո Ձեզ այդ գումարը փոխանցե՞լ են, եթե՝ այո, ապա ի՞նչ եղանակով։

-Քարտիս վրա են փոխանցել, տերմինալից,-պատասխանեց Նելլին։ Նելլին տանում են ոստիկանության բաժին։

***

Ոստիկանության բաժնում Նելլից գրավոր բացատրություն են վերցնում։ Վահանը շատ արագ պարզում է, որ Նելլին իսկապես ճիշտ է ասում։ Նման հայտարարություն եղել է այդ կայքում, հետո պարզում են այն տերմինալը, որից գումարը փոխանցվել է։ Տեսախցիկը ֆիքսել էր գումար փոխանցողին, բայց այդ տղամարդը սև ակնոցով էր, գլխին էլ գլխարկ կար, հետևաբար դեմքը ֆիքսել չի հաջողվում։ Փորձում են տեսախցիկներով հետևել, թե ո՞ր ուղղությամբ է գնում, բայց կարճ ժամանակ անց նրան կորցնում են ու չեն կարողանում մինչև վերջ հետևել։

Գրիգորյանը, Վահանը և Ավագը, նստած քննիչի աշխատասենյակում, վերջինիս հետ վերլուծում են իրավիճակը։

-Ի՞նչ եք մտածում, պարոն Մարտիրոսյան,-դիմեց քննիչն Ավագին։

-Ամեն ինչ նախօրոք պլանավորված է եղել։ Այստեղ ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք առևանգման հետ, բայց չի կարելի բացառել նաև այն, որ այս ամենը Մարինեն է կազմակերպել՝ ծնողներին պատժելու կամ ինչ-որ այլ պատճառով թաքնվելու նպատակով, չնայած այս վարկածը ես քիչ հավանական եմ համարում,-պատասխանեց Ավագը։

-Նա, ով այս ամենն արել ա, Մարինեին լավ ճանաչում ա։ Անծանոթը չէր կարող իմանալ Մարինեի տան տեղը, չէր զանգի ծնողներին,-նկատեց Գրիգորյանը։

-Մի րոպե,-ասաց Մակարյանը,- եթե Մարինեին առևանգել են, ապա իմաստը ո՞րն էր հայտարարություն տալ, հեռախոսով մի ուրիշը զանգեր ծնողներին․․․

-Իմաստն էն ա, որ երբ սկսեն փնտրել Մարինեին, սխալ ուղղությամբ աշխատեն ոստիկաններն, ու իրենք էդ ժամանակահատվածում իրենց հետքերը կարողանան մաքրել,-պատասխանեց Վահանը։

-Բայց Մարտիրոսյան, շատ հավանական է, որ Ձեր վերջին վերսիան իրական լինի։ Անհետանալուց առաջ զանգել ծնողներին ու ասել, որ հիմա տուն եմ հասնում։ Սա ավելի հուզիչ ու ողբերգական երանգ է տալիս այս պատմությանը։ Սա շատ նման է դեռահաս աղջկա գործելակերպի։

-Ամեն դեպքում ես այդ վարկածի հավանականությունը շատ ցածր եմ գնահատում,-ասաց Ավագը։

-Հիմա ի՞նչ պետք է անենք, ո՞ր վարկածի ուղղությամբ գնանք, ի՞նչ ես մտածում,-հարցրեց քննիչն Ավագին։

-Նախ՝ կխնդրեմ Ձեզ, որ կապի օպերատորին նոր հարցում անեք։ Ինձ պետք են Մարինեի ընկերուհիների՝ Արևիկի ու Անահիտի՝ վերջին մեկ ամսվա մուտքային ու ելքային հեռախոսազանգերի ցանկը։ Բացի այդ, տիկի՛ն Մակարյան, ես առաջարկում եմ դատարան միջնորդություն ներկայացնել, որ վերջինս թույլատրի գաղտնալսել Արևիկի ու Անահիտի, ինչպես նաև Մարինեի ծնողների հեռախոսազանգերը,-ասաց Ավագը։

-Դա չլինող բան ա։ Ես իմ ձեռքի տակ ներկա պահին ոչ մի հիմք չունեմ այդ միջնորդությունը ներկայացնելու համար,-ասաց Մակարյանը։

-Բայց դա շատ կօգնի գործին,-փորձեց համոզել Ավագը։

-Հարգելիս, դատարան միջնորդություն ներկայացնելիս պետք է հստակ հիմնավորել, թե ինչի՞ է անհրաժեշտ այն բավարարել, իսկ ես էդ հիմնավորումը ներկա պահին չունեմ։ Ես հո դատարանին չեմ կարող ասել, թե միջնորդությունը բավարարեք, որովհետև դա գործի բացահայտմանը կօգնի,-դժգոհ տոնով ասաց քննիչը։

Գրիգորյանը զանգահարում է Հայկին։

-Հա, Գրիգորյան,-պատասխանեց Հայկը։

-Հայկ, նորություն կա՞, մա՞ն եք գալիս։

-Գրիգորյան ջան, ամբողջ քաղաքը սանրում եք, մեր բոլոր գործակալներին ոտի ենք հանել, բայց հլա որ չենք կարում գտնել,-պատասխանեց Հայկը Գրիգորյանին։

-Վարդանը հե՞տդ ա։

-Հա, երկուսով ենք, Գրիգորյան ջան, աշխատում ենք։

-Դե շարունակեք աշխատել, նորություն լինելու պես ինձ անմիջապես տեղյակ պահեք,-ասաց Գրիգորյանը՝ անջատելով հեռախոսը։

-Պարո՛ն, Գրիգորյան, նորություն կա՞ մարմնի որոնողական աշխատանքերից,-հարցրեց Ավագը։

-Տղերքը ջանք ու եռանդ չեն խնայում, ման են գալիս, բայց դեռ նորություն չունեն,-պատասխանեց Գրիգորյանը։

-Կզարմանայի, որ նորություն ունենային,-հեգնեց Վահանը։

-Վահա՛ն, դու գնա քո գործերով զբաղվիր։ Շուտ․․,-խիստ տոնով ասաց Գրիգորյանը, որին դուր չեկավ, որ Վահանը քննիչի ու Ավագի ներկայությամբ ծաղրեց իր գործընկերներին։

***

Երեկոյան Ավագը տուն էր վերադառնում։ Օդում արդեն զգացվում էր ձմռան շունչը։ Մարդիկ, աշխատանքից վերադառնալով, շտապում էին կատարել իրենց առօրյա առևտուրը։

Հանկարծ մի միտք ծագեց։ Սկզբում Ավագը փորձեց վանել այդ միտքը, սակայն ինչքան փորձում էր այդ մասին չմտածել, այդքան դա ավելի էր սկսում անհանգստացնել իրեն։ Երկար տատանվելուց հետո գրպանից հանեց սմարթֆոնն ու զանգահարեց։

-Ալո, բարի երեկո, Գարի՛կ։

-Բարի երեկո, Ավագ, ջան, ո՞նց ես, ի՞նչ կա։

-Լավ եմ , դու ո՞նց ես։

-Լավ։

-Գարիկ, քեզ մի խնդրանք ունեմ, ինձ պետք ա, որ դու նայես երկու հոգու գեոլոկացիան ու արդյունքերը հեռախոսիս ուղարկես,-ասաց Ավագը՝ փոքր-ինչ ամաչելով։

-Ո՞վքեր են,-հարցրեց Գարիկը։

-Օպերներ են։

-Ավագ ջան, դու գիտես, որ ես առանց պաշտոնական գրության իրավունք չունեմ դա անեմ։ Ինչի՞ համար ա էդ տվյալը քեզ պետք,-հետաքրքությամբ հարցրեց Գարիկը։

-Գարիկ, եթե կարևոր չլիներ, ես էդ մասին քեզ չէի խնդրի, ուղղակի արա ու հարցեր մի տուր։

-Ավագ ջան, դու պրոբլեմ չունես, դու ինձ ժամանակին շատ լավություններ ես արել, ես չեմ կարող դրանք մոռանալ։Կանեմ, միայն թե խնդրում եմ, թող ոչ ոք չիմանա, թե չէ վերադասը կաշիս կքերթի։

-Իհարկե, Գարիկ ջան, ես քեզ չեմ մատնի ու վտանգի տակ չեմ դնի։ Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ պատճառով խնդիրներ ունենա։ Էնպես որ էդ հարցով հանգիստ եղիր,-ասաց Ավագը։

-Լավ, դե ասա, ովքե՞ր են,-հարցրեց Գարիկը։

Ավագը փոխանցում է Հայկի և Վարդանի հեռախոսահամարները, որպեսզի նրանց հեռախոսների գեոլոկացիայի տվյալների միջոցով պարզի, թե նրանք վերջին երկու օրերին որտե՞ղ են եղել։ Ավագը կասկածում էր, որ Հայկն ու Վարդանը Մարինեի մարմինը փնտրելով են զբաղված։

Հեռախոսազրույցի ավարտից երկու րոպե անց, երբ Ավագն արդեն հասնում էր իրենց տան շքամուտքին, զանգահարում են․Վահանն էր։

-Լսում եմ, Վահան։

-Պարոն Մարտիրոսյան, հենց նոր ինձ քննիչն էր զանգել, ասաց, որ հարցման պատասխանը եկել ա,-արագ ու անհամբեր ասաց Վահանը։

-Ինչ-որ կասկածելի կամ տարօրինակ բան նկատե՞լ եք,-հարցրեց Ավագը։

-Անահիտի հեռախոսազանգերի մասով ոչ մի կասկածելի բան չեմ տեսնում, բայց ա՛յ Արևիկի մասով մի հետաքրքիր բան կա։

-Դե ասա։

-Ուրեմն,-շարունակեց խոսքը Վահանը,-Մարինեի անհետանալուց մի քանի օր առաջ և անհետացման օրն Արևիկը հեռախոսային կապի մեջ ա եղել մի անձնավորության հետ, ով նախկինում դատված ա կողոպուտի համար։

-Այ դա արդեն հետաքրքիր է։ Ո՞վ է․․․

-Սամվել Հովհաննիսյան։

-Վահան, տես ինչ ես անում,-ասաց Ավագը,- պարզում ես, թե էդ Սամվելը Մարինեի անհետացման օրը որտեղ ա եղել, հետո նայիր կամերաները, տես, թե էն օրը կամերաները իրեն մանկավարժականի մոտ ֆիքսե՞լ են։

-Հասկացա, պարոն Մարտիրոսյան,-ասաց Վահանը։

-Վահան ջան, գիտեմ, որ հիմա աշխատանքային ժամը վերջացել ա, բայց մենք այդքան ժամանակ չունենք, պետք է աղջկան շուտ գտնենք, հետևաբար հենց հիմա զբաղվիր իմ ասածով, ես էլ հասնեմ տուն, նորից կշարունակեմ աշխատել աղջկան գտնելու ուղղությամբ։

-Շատ բարի, դե կապի մեջ կլինենք,-ասաց Վահանը։

-Առայժմ։

***

Ավագը տուն հասնելուց հետո ընթրեց, մի փոքր հանգստացավ ու սկսեց աշխատել։ Նորից նայեց գործի նյութերը, բացեց իր նոութբուքը, սկսեց ուսումնասիրել Արևիկի ու Անահիտի սոցիալական ցանցերը։ Արտասովոր ու աչքի ընկնող ոչինչ չգտնելով՝ որոշեց նորից դիտել Մարինեի անհետացման օրը տեսախցիկների

նկարահանումները․մի գուցե ինչ-որ բան բաց էր թողել կամ եղել է մի բան, որի վրա ուշադրություն չի դարձրել։ Սկսեց շատ ուշադիր դիտել տեսախցիկների նկարահանումները։ Հանկարծ մի պահ քարացավ․<<Չհասկացա, էսի խի

էսպես>>,-մտածեց ու ավելի ուշադիր սկսեց համեմատել երկու տարբեր տեսախցիկների տեսագրությունները, որոնք արվել էին այն պահին, երբ Մարինեն գնում է ավտոբուս նստելու։

<<Ես ո՜նց սա շուտ չէի նկատել>>,-ափսոսանքով բացականչեց Ավագը,-նախ՝ տեսախցիկների ժամերը չեն համընկնում՝ երեք րոպեի տարբերություն կա, հետո էլ տեսագրություններից մեկում երևում է մի կարմիր ավտոմեքենա, իսկ մյուս տեսագրության մեջ ճիշտ նույն ժամանակին ու նույն տեղում ոչ մի ավտոմեքենա էլ չկա։ Սա նշանակում ա, որ տեսագրություններից մեկը կեղծ ա, երևի սարքած ա արհեստական բանականության միջոցով։ Պետք ա էս երկու տեսագրությունները փորձաքննության ենթարկել՝ պարզելու, թե ո՞րն ա կեղծ և որը՝ իրական>>։

***

Առավոտյան Ավագը, նոութբուքի պայուսակը ձեռքին, թակեց քննիչի աշխատասենյակի դուռը, ներս մտավ ու դիմեց Մակարյանին․

-Բարև Ձեզ, տիկի՛ն Մակարյան։

-Բարև Ձեզ, նե՛րս համեցեք, նստե՛ք,-ասաց Մակարյանը ու հարցրեց,-ինչ-որ նորությու՞ն կա, որ առավոտը շուտ եկել եք ինձ մոտ։

-Նորություն չկա, բայց կարևոր հանգամանք է բացահայտվել,-պատասխանեց Ավագը։

-Լսում եմ, ասեք։

-Երկու տեսագրություն փորձաքննության պետք ա ենթարկել։ Դրանցից մեկը սարքած ա, հավանաբար արհեստական բանականության միջոցով,-ասաց Ավագը։

-Այդ ո՞նց,-զարմացավ քննիչը,-ո՞ր տեսագրությունների մասին ա խոսքը, ինչի՞ց ենթադրեցիք, որ դրանցից մեկը կեղծ է։

Ավագը պայուսակից հանեց նոութբուքն ու տեսագրությունները ցույց տվեց քննիչին՝ բացատրելով, թե ինչու է այդպես կարծում։

-Շատ ճիշտ ես նկատել, ապրե՛ս,-ասաց քննիչն ու շարունակեց,-ես զարմանում եմ, թե Վահանն ու Գրիգորյանը ո՞նց սա չեն նկատել։

-Տիկի՛ն Մակարյան, առաջին անգամ նայելով՝ ես էլ, չգիտես ինչու, դա չէի նկատել, բայց երեկ տանն ուշադիր նայեցի ու նկատեցի տեսագրությունների անհամապատասխանությունները։

-Ես հենց հիմա տեսագրությունները կուղարկեմ փորձաքննության, որպեսզի պարզեն, թե դրանցից ո՛րն է սարքած արհեստական բանականության միջոցով,-ասաց քննիչը։

***

Հարությունյանը Գրիգորյանին կանչել էր իր աշխատասենյակ, որպեսզի վերջինս մանրամասն ներկայացնի իր և ենթականների կատարած աշխատանքը՝ Մարինեին գտնելու ուղղությամբ։ Գրիգորյանը ներակայացնում էր կատարված աշխատանքը։

-Գրիգորյա՛ն, քո ներկայացրածից երևում ա, որ ամեն ինչ ճիշտ եք արել, բայց որ արդյունք չկա, դա շատ վատ է,-դժգոհ տոնով ասաց Հարությունյանը։

-Արդյունքը կլինի, պարո՛ն Հարությունյան,-ասաց Գրիգորյանը։

-Հա, լսիր Գրիգորյան, քո օպերները՝ Հայկն ու Վարդանը, ինչո՞վ են զբաղված։ Դու ասացիր, որ աղջկա մարմինը գտնելն իրենց եք հանձնարարել, բայց ականջիս ուրիշ բաներ են հասել։

-Ի՞նչ եք լսել, պարո՛ն Հարությունյան,-վախեցավ Գրիգորյանը։

-Դե հեչ, ինձ ասել են, որ նրանք իրենց համար փողոցներով թրև են գալիս։ Ոչ մի մարմին էլ չեն փնտրում։

-Չի կարող պատահել, պարո՛ն Հարությունյան,-ապշած ու զարմացած ասաց Գրիգորյանը,-ես տղերքի հետ միշտ կապի մեջ եմ։ Հայկն ու Վարդանը սաղ օրը էդ

գործով են զբաղվում։ Տղերքը ամեն ինչ անում են․․․

-Լսիր, Գրիգորյա՛ն, եթե ես համոզված չլինեի, ապա նման բան չէի ասի։ Ես էս բաժնի պետ պատահաբար չեմ դառել, ես իմ ծառայության մեջ մեծ փորձ եմ

կուտակել․․․ Կա երկու տարբերակ՝ կա՛մ դու գիտես ու նրանց պաշտպանում ես, ինչին ես չեմ ուզում հավատամ, կա՛մ էլ տեղյակ չես։

Գրիգորյանը շփոթված էր ու զարմացած։ Ասես սառը ջուր էին լցրել գլխին։

-Պարո՛ն Հարությունյան, ես կպարզեմ ու Ձեզ կզեկուցեմ,-կմկմալով ասաց Գրիգորյանը։

-Դե գնա ու օպերներիդ հետ լուրջ զրույց ունեցիր, թե չէ ես եմ երեքիդ հետ լուրջ զրուցելու,-կոպիտ տոնով ասաց Հարությունյանը։

Գրիգորյանը բաժնի պետի աշխատասենյակից դուրս գալուց հետո զայրույթից տեղը չէր գտնում։ Գրպանից հանեց հեռախոսն ու զանգահարեց Հայկին․

-Հա, Գրիգորյա՛ն,-պատասխանեց հեռախոսազանգին Հայկը։

-Հա՛յկ, հիմա որտե՞ղ եք,-բարկացած ու կոպիտ տոնով հարցրեց Գրիգորյանը։

-Գրիգորյան, խի՞ ես տենց ջղայնացած, դու չգիտե՞ս, որ մենք որոնողական աշխատանքով ենք զբաղված,-զարմացած հարցրեց Հայկը։

-Ուրեմն, լսիր ա՛յ տղա, հենց հիմա բոլոր գործերդ թող, Վարդանին էլ հետդ վերցրու ու շտապ եկեք ինձ մոտ։ Ձեզ հետ լուրջ խոսելու բան ունեմ,-այս ասելուց հետո Գրիգորյանն անջատեց հեռախոսը՝ առանց սպասելու Հայկի արձագանքին։

***

Հայկն ու Վարդանն ավտոմեքենայով գալիս են բաժին։ Ճանապարհին Վարդանը վախեցած ու խուճապահար ասում է․

-Տեսա՞ր, որ քեզ ասում էի, էս ամեն ինչը լավ ավարտ չի ունենա, ինձ չէիր լսում։ Հաստատ իմացել են, որ մենք մարմինը փնտրելու գործով չենք զբաղվել։

-Արա, ես գիտեի, որ վախկոտ ես, բայց էդքան․․․Լսիր, արա, հեչ օպերի նման չես։ Օպերը պետք ա կարողանա ցանկացած իրավիճակից պատվով դուրս գա, բոլոր հարցերի պատասխանները կարողանա տա։

-Բա հիմա ի՞նչ պատասխան ենք տալու։

-Դու գործ չունես, քեզանից ընդամենը պահանջվում ա սսկվել ու տենալ, թե ես ինչ մաստեր կլաս եմ ցույց տալիս։ Գրիգորյանի պատասխանը ես կտամ, մենակ թե, արա՛, ամբաղ-զամբաղ դուրս չտաս, բերանդ ջուր կառնես ու կլսես։ Եթե քեզ բան հարցնեն, դու մի՛ պատասխանիր, ես քո փոխարեն կպատասխանեմ։

-Լավ ապեր,-Հայկի խոսքերից փոքր-ինչ հանգստացած՝ ասաց Վարդանը։

-Ապրես, դե հիմա խորը շնչիր ու արտաշնչիր,-ծաղրեց Հայկը Վարդանին։

-Լսիր, Հա՛յկ, հավեսդ չունեմ։

Շուտով հասնում են բաժին։ Ավտոմեքենան հարմար տեղ կանգնեցնելուց հետո իջնում են, մտնում շենք ու գնում Գրիգորյանի աշխատասենյակ։

Գրիգորյանը բարկացած նստել էր իր աշխատասենյակում։ Հայկն ու Վարդանը ներս են մտնում։

-Էկեք հետախույզներ ջան, տենամ ի՞նչ արիք,-մի կերպ իրեն զսպելով՝ ասաց Գրիգորյանը։

-Գրիգորյան, ի՞նչ ա պատահել, մի տեսակ քեզ նման չես,-վստահ տոնով հարցրեց Հայկը, որի ձայնի մեջ տագնապ և անվստահություն չկար։

-Ի՞նչ ա պատահել։ Էդ ես եմ ուզում ձեզանից իմանալ, թե ինչ ա պատահել, որտեղ եք դուք թրև գալիս՝ աղջկա մարմինը փնտրելու փոխարեն,-գոռաց Գրիգորյանը։

-Գրիգորյան, տոնդ իջեցրու ու հանգստացիր, մենք քո համար լակոտ չենք։ Մենք լուրջ օպերատիվ-որոնողական աշխատանքով ենք զբաղվել էս օրերին,-ասաց Հայկը հանգիստ ու ինքնավստահ տոնով։

-Էդ երբվանի՞ց ա որոնողական աշխատանքներն արվում կաֆեներում ու ճաշարաններում, հ՞ը։

<<Տենա՞ս սրան ո՞վ ա խաբար տվել։ Հաստատ էն գյադան ա՝ Ավագը։ Ախ ես դրա․․․>>,-մտածեց Հայկն ու ասաց․

-Գրիգորյան, ճիշտ ես, մենք կաֆեներում էլ ենք եղել, ճաշարաններում, անգամ գիշերային ակումբներում։ Մենք էդ տեղերից ենք ղեկավարել մեր օպերատիվ-

որոնողական աշխատանքերը։ Իսկ մարմինը մեր նշած վայրերում փնտրել են մեր գործակալները, ովքեր անձամբ ինձնից են ցուցում ստացել, ինչպես գործել ու որտեղ ման գալ։

-Լսիր, այ տղա, դու ինձ ձե՞ռ ես առնում, ի՞նչ գործակալներ, ի՞նչ բան։ Էդ երբվանի՞ց են գործակալներն սկսել օպերատիվ-որոնողական աշխատանքերով զբաղվել, որտե՞ղ ա տենց բան գրած, վերջապես ո՞վ ա քեզ տենց բան թույլ տվել։

-Գրիգորյա՛ն, հանգստացիր։ Լսիր, մենք երկուսով ֆիզիկապես չենք կարող այդքան մեծ ծավալի որոնողական աշխատանքեր կատարել, դրա համար ես որոշել եմ ներգրավել իմ գործակալներին,-ասաց Հայկը համոզիչ տոնով։

-Հենց հիմա երկուսդ կորեք իմ աչքից, ու ես այլևս արգելում եմ ձեզ զբաղվել էս գործով։ Գնացեք գոնե ձեզ հանձնարարված մյուս գործերն արեք,-նորից գոռաց Գրիգորյանը։

Հայկն ու Վարդանը Գրիգորյանի աշխատասենայկից դուրս եկան ու իջան բակ, որ առանձին զրուցեն։

-Տենաս, ո՞վ ա խաբար տվել,-ծխախոտ կպցնելով՝ ասաց Վարդանը։

-Էդ արդեն կարևոր չի։ Փաստն էն ա, որ գիտեն, բայց ոչինչ, ապացուցել չեն կարող․․․մի հատ էլ տուր ես ծխամ, արա՛։

-Վերցրու,-ծխախոտի տուփը մեկնելով՝ ասաց Վարդանը։

Հայկը, մի գլանակ ծխախոտ վերցնելով, մտազբաղ սկսեց ծխել։ Զանգահարում են Հայկին։ Հայկը նայեց սմարթֆոնին, անծանոթ հեռախոսահամար էր։

-Լսում եմ,-պատասխանեց Հայկը։

-Բարև, Հայկ աղպեր։

-Բարև, էդ ո՞վ ա,-հարցրեց Հայկը՝ չճանաչելով իրեն զանգահարողի ձայնը։

-Հա՛յկ, Գրիգորն ա, Նաիրի համայնքի ոստիկանության տեսուչը, հիշու՞մ ես, որ մենք անցած տարի միասին վերապատրաստում ենք անցել։

-Հա, Գրիգոր, ասա,-հիշողությունը լարելով ու մտաբերելով՝ ասաց Հայկը։

-Ապեր, լսիր, ես ինֆորմացիա ունեմ։ Արագյուղում հիմա մի քանի ջահել տղերք կան, հետներն էլ երկու աղջիկ։ Էդ աղջիկներից մեկը շատ նման ա էն կորած

աղջկան, որի նկարը նաև մեր բաժին են ուղարկել։ Ի՞նչ էր անունը․․․հա՝ Մարինե Սիմոնյան։

-Լու՞րջ ես ասում,-զարմացած բացականչեց Հայկը։

- Հա ապեր, ես հո անլուրջ հարցրերով քեզ չեմ զանգի։

-Լսիր, էդ մասին քանի՞ հոգի գիտի,-անհամբեր հարցրեց Հայկը։

-Ինձանից բացի ոչ ոք,-պատասխանեց Գրիգորը։

-Բա ինչի՞ ձեր բաժնի տղերքին չես ասել ու ինձ ես զանգել,-հետաքրքությամբ հարցրեց Հայկը։

-Դե ապեր, ես բաժնի տղերքի հետ էս պահին չունեմ։ Սաղ իմ արածները իրանցով են անում։ Վերջում էլ անշնորքը ես եմ դուրս գալիս։ Ասացի քեզ զանգեմ, գաս միասին գնանք բռնենք։ Ուզում եմ, որ էս անգամ իմ անունն էլ երևա, կոչում բարձրացնեն, թե չէ մերոնք օպերացիային ինձ մասնակից չեն դարձնելու ու հետո իրենք լավն են դուրս գալու, իսկ ես՝ վատը։ Առաջին անգամ չի, որ տենց ա լինում։

-Ապեր, հիմի լսիր, թե քեզ ինչ եմ ասում,- ոգևորված ասաց Հայկը,-դու էդ մասին ոչ ոքի չես ասում, լսում ես ոչ ոքի, ես հենց հիմա վերցնում եմ իմ ընկերոջն ու գալիս Արագյուղ։ Երեքով մենք օպերացիան կանենք, ու շուտով ամբողջ Հայաստանը մեր մասին կխոսա։

-Հիմա ես գնամ Արագյուղ ու Ձեզ սպասե՞մ,-հարցրեց Գրիգորը։

-Չէ, սպասիր մեզ, մենք կգանք ու քեզ կվերցնենք,-պատասխանեց Հայկը։

-Դե լավ, սպասում եմ,-ասաց Գրիգորը։

-Հա, Գրիգոր ջան, հեսա մենք Երևանից դուրս կգանք։ Հենց հասնենք, քեզ կզանգենք, որ մեզ հետ գաս, էղա՞վ։

-Հա, ախպերս, դե սպասում եմ ձեր զանգին,-ուրախ ասաց Գրիգորը, որը շատ էր ոգևորվել, որ մասնակցելու էր այդ օպերացիային։

Հայկը սմարթֆոնը դրեց գրպանն ու մատներով բռնելով Վարդանի այտն՝ ասաց․

-Տենու՞մ ես պոնչ, օպերն այ սենց պիտի լինի, ոչ թե էն հարիֆ Ավագի կամ Վահանի նման, որ ոչ մի բանի պետք չեն։

-Ապեր, ո՞վ էր զանգողը,-ոգևորված ու հետաքրքված հարցրեց Վարդանը։

-Հեչ, իմ հարիֆ ծանոթներից մեկը՝ գեղի մի սուտի տեսուչ։ Ինքն ինֆորմացիա ունի, որ Մարինեն գտնվում ա Արագյուղում՝ մի աղջկա ու մի քանի ջահել տղերքի հետ։

-Դե գնանք Գրիգորյանին ասենք,-ասաց Վարդանը։

Վարդանի այս խոսքերը Հայկին հունից հանեցին։ Նա, իրեն չտիրապետելով, երկու ձեռքով բռեց Վարդանի օձիքից ու թափ տալով՝ ասաց․

-Արա, գժվե՞լ ես։ Ես մտածում եմ, ոնց անենք մեզ համար լավ լինի, դու Վահանի ու էն գյադու աչքն ես լույս անում։ Լրիվ ես գժվել։ Ապեր չէ, դու անհույս քյալ ես։

Տեսնելով, որ Հայկը զայրացած բռնել է Վարդանի օձիքից՝ բակում գտնվող մյուս ոտիկանները վազեցին նրանց ուղղությամբ, որ բաժանեն։

-Տղերք, ամեն ինչ նորմալ ա, գնացե՛ք, Վարդանն իմ աղպերն ա, բան չկա, կատակ ենք անում,-իրենց մոտեցած ոստիկաներին ասաց Հայկը։

-Ճիշտ ա ասում Հայկը, տղերք, կատակ ենք անում,-ասաց Վարդանը, ու ոստիկանները հեռացան։

Հայկը բռնեց Վարդանի ձեռքից, տարավ հեռու տեղ, որ ոչ ոք իրենց չլսի։

- Լսիր, թե քեզ ի՛նչ եմ ասում։ Հիմա գնում ենք բաժին, հագնում բրոնեժիլետը, վերցնում զենքերն ու գաղտնի ճանապարհվում Արագյուղ։

-Ապեր, բա գաղտնի ո՞նց կլինի, հետո մենք լուրջ խնդիրներ կունենաք,-կմկմալով ասաց Վարդանը։

-Արա, որ մենք աղջկան գտնենք, մեզ բան ասող չի լինի, ընդահակառակը, ծառայողական առաջխաղացում կունենաք, պարգևատրում կտան, մեզ կսկսեն հարգել։ Էս մեր շանսն ա, նման շանս մենք էլ դժվար ունենաք, լսու՞մ ես։

-Ապեր, արի մենք էն գեղցուն հետներս չվերցնենք,-առաջարկեց Վարդանը։

-Չէ, ապեր, էդ գեղցին մեզ պետք ա։ Մեկը պետք ա, որ մեր գործողությունները հեռախոսով նկարահանի, դա կլինի օպերատիվ նկարահանում, որի գլխավոր հերոսները ես ու դու կլինենք,-ոգևորված ասաց Հայկը՝ բռունցքով թույլ հարվածելով Վարդանի կրծքավանդակին՝ որպես մտերմության ժեստ։

Ոգևորված՝ Հայկն ու Վարդանը գնացին բաժին, հագան իրենց զրահաբաճկոնները, հետները վերցրեցին իրենց հատկացված տաբելային ատրճանակն ու բոլորից գաղտնի ճանապարհվեցին Արագյուղ։

***

Աշոտն անհագիստ ու լարված ծխում էր Երևանից ոչ շատ հեռու գտնվող մի ամառանոցի բակում։ Վերջինս միջահասակ, սև աչքերով, թուխ մաշկով քսանհինգ տարեկան երիտասարդ էր, ով հարուստի որդի էր։ Ցոփ ու շվայտ կյանքը նրան դարձրել էին լկտի և ցինիկ։ Աշոտը գտնում էր, որ կյանքում ամեն ինչ կարելի էր գնել ու վաճառել։ Հայրը նրան ապահովել էր ամեն ինչով՝ թանկարժեք ավտոմեքենա, առանձնատուն, մի քանի բնակարան Երևանում և այլն։

Նրան է մոտենում մորուքավոր մի երիտասարդ, ով կլիներ 23-25 տարեկան։

-Աշոտ, էսպես արդեն չի կարելի, մենք մեզ վտանգի ենք ենթարկում։ Էդ աղջկա հետ արա էն, ինչ մտադրվել ես, հետո սպանիր, մարմինը թաքցրու ու գնանք տներով։ Ախր սենց չի լինի։ Մի քանի օր ա բերել ես էստեղ, բայց դեռ մատով չես կպել։

-Վզգո, շտապելու պատճառ չեմ տենում։ Թող մի էրկու օր էլ անցի։ Էս պահը ինձ հաճույք ա պատճառում։ Հետո ես իմ ուզածն ինչքան սիրտս ուզի, կանեմ, աղջկան կսպանենք, մարմինն էլ կթաքցնենք նենց տեղ, որ ոչ ոք կյանքում չի գտնի,-անվրդով ծխելով ասաց Աշոտը։

-Լսիր, այ աղպեր, միլիցեքը էդ աղջկան ման են գալիս։ Արդեն էդ աղջկա նկարը ֆեյսբուքում կա, տիլիվիզրով էլ են ցույց տվե`լ 1-02-ով։ Էնպես որ, ուշ թե շուտ, եթե էստեղ լռվենք, միլիցեքը մեր տեղը կիմանան։

-Մի վախենա, ոչ մի բան էլ չեն իմանա։ Ես ամեն ինչ մաքուր անելու համար ահագին փող եմ ծախսել։ Էն կնոջը փող եմ տվել, որ մլիցեքին սխալ հետքի վրա գցի, հետո Դարքնեթով խակեր եմ վարձել, որ էն սուտ վիդեոն սարքի, որ միլիցեքը կարծեն, թե Մարինեն ավտոբուս ա նստել։ Եթե անգամ գտնեն էն ավտոմեքենան, որով նրան տարել եք, մեկ ա, դա նրանց չի օգնի, որովհետև էդ մեքենան պաշտոնապես առևանգված ա համարվում։ Էնպես որ, ոչ մի հետք չկա, որ մեզ վրա դուրս կգան։ Ես ամեն ինչ մաքուր եմ արել։

-Ապեր, համաձայն եմ քո հետ։ Դու ամեն ինչ մաքուր ես արել, բայց հարյուր տոկոս գարանտիա չկա, որ մեզ չեն բացահայտի, էնպես որ էդ աղջկանից շտապ պետք ա ազատվենք։

-Հանգիստ եղիր, Հայաստանի միլիցեքը էդքան խելոք չեն, որ կարողանան մեզ բացահայտել,-նկատեց Աշոտը։

-Բայց ախր պետք չէր ապեր, որ դու մի աղջկա տիրանալու համար էդքան մեծ ռիսկի գնայիր,-ասաց Վազգենը։

-Ապեր, հարցը տիրանալը չի, հարց էն ա, որ մի աղքատ ինձ մերժում ա ու վիրավորում ծանոթ մարդկանց ներկայությամբ։ Հասկանու՞մ ես, որ դա ինձ համար ինչ ա։ Գիտե՞ս ինչքան աղջիկ ա երազում, որ ես իրեն մոտիկանամ։ Ու մեկ էլ մի քյասիբ ընտանիքից մեկն իրեն էդպես ա պահում։ Դե արի ու դրան մի պատժիր։

Զանգահարում եմ Աշոտին՝ հայր էր։

-Հա, պապ։

-Որտե՞ղ ես Աշոտ,-հարցրեց Աշոտի հայրը, ով մեծահարուստ ու ազդեցիկ մարդ էր Հայաստանում, բացի այդ էլ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ։

-Հեչ, պապ, տղերքի հետ եմ, քաղաքից դուրս հանգստանում եմ։

-Դե նայիր, նորից չեպե չանես, արա, թե չէ ես արդեն հոգնել եմ քո էդ հիմարությունները կոծկելուց, մեռա սրա-նրան փող տալով։

-Չէ, պապ, հանգիստ եղիր, չեպե չեմ անի, տղերքի հետ լռված ենք։

-Դե լավ։

Հոր հետ հեռախոսով զրուցելուց հետո Աշոտը դիմեց Վազգենին․

-Ապեր, ես գնում եմ Երևան, դու ուշադիր կլինես։ Հացն ու ջուրը ժամանակի կտաս, հետո էն քնաբերը տուր, որ քնի։

-Եղավ, ապեր։

-Դե ես իրիգունը կերևամ,-ասաց Աշոտը, հետո նստեց ավտոմեքենան ու վերադարձավ Երևան։

***

Մթնշաղ էր։ Հայկը, Վարդանը և Գրիգորն ավտոմեքենայով հասնում էին Արագյուղ։

-Ապեր, դու տան տեղը գիտե՞ս,-հարցրեց Հայկը Գրիգորին։

-Հա, ասել են։

-Դե ավտոն պետք ա տնից մի 200 մետր հեռու կանգնացնենք։ Հետո կիջնենք ու ոտով կգնանք,-ասաց Հայկը։

-Ապեր, էս ցրտով էդքան պիտի քայլե՞նք,-դժգոհեց Վարդանը։

-Բի ի՞նչ էիր կարծում արա, հո ավտոյով տանը չեք մոտիկանալու։ Էդպես գլխի կընկնեն ու կփախնեն։ Է՜, Վարդան, Վարդան, տենց էլ օպեր դու չդառար,-խոր հոգոց արձակելով՝ ասաց Հայկը։

-Հայկ, ավտոն ստեղ կանգնացրու, իջնենք ոտով շարունակենք, կակրազ մի 200 մետր ա մնում,-ասաց Գրիգորը։

Հայկն ավտոմեքենան հարմար տեղ կանգնեցնելուց հետո անջատեց շարժիչն ու ասաց․

-Հիմի ուշադիր ինձ լսեք։ Ավտոյից դուրս ենք գալիս, Գրիգո՛ր, դու քայլում ես մեր հետևից՝ մի 3 մետր դիստանցիա պահելով ու քո հեռախոսով ողջ պրոցեսը նկարում, եղա՞վ։

-Եղավ, աղպեր ջան,-ոգևորված պատասխանեց Գրիգորը։

-Հա, աղպե՛ր, հեռախոսդ լա՞վ որակի ա,-հարցրեց Հայկն ու շարունակեց,- մեզ պետք ա որ որակյալ վիդեո անի։

-Դե ապեր, սա ա, նայիր,-ասաց Գրիգորը՝ սմարթֆոնը ցույց տալով Հայկին։

-Աղպեր, էս ի՞նչ ա, քեզ թվում ա սա նորմալ վիդեո պետք ա անի, էս կարևոր գործի համար էժանանոց հեռախոսը վեր ես կալել եկել, որ ի՞նչ,-բարկացավ Հայկը։

-Դե աղպեր, իմ հեռախոսն էլ էդ ա,-նեղացած ձայնով ասաց Գրիգորը։

-Լավ, վերցրու իմ հեռախոսը ու վիդեոն իմ հեռախոսով կանես, իմը թանկանոց ա ու լավ որակի վիդեոներ ա անում,-ասաց Հայկը՝ իր սմարթֆոնը տալով Գրիգորին։

Ավտոմեքենայից իջան։ Հայկն ու Վարդանը առջևից էին քայլում, իսկ Գրիգորը հետևից։ Երկու րոպե քայլելուց հետո Գրիգորը ցույց տվեց մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող անհատական բնակելի տունը։

-Հիմա տուն ո՞նց եք մտնելու,-շշուկով հարցրեց Վարդանը Հայկին։

-Ապեր, քանի որ էսի նկարահանվում ա, ամեն ինչ շատ գեղեցիկ պիտի լինի, կինոների նման։ Անաղմուկ մոտենում ենք տանը, պատրաստում զենքերը, հետո մտնում ենք տուն, ես տղերքին պառկացնում եմ, դու էլ աղջկան կվերցնես ու տնից կհանես,-ցածր ձայնով պատասխանեց Հայկը։

-Տղերք, ճիշտ չի։ Մենք էդ մարդկանց չենք ճանաչում։ Ավելի ճի՞շտ չի լինի, որ գեղեցիկ դուռը թակենք ու զրուցենք,-ասաց Գրիգորը։

-Էստեղ ես եմ որոշում ինչն ա ճիշտ, ինչը սխալ, հետո էլ քո գործը նկարելն ա, ոչ թե կարծիք հայտնելը,-ասաց Հայկը։

Անաղմուկ մոտենալով տանը՝ Հայկն ու Վարդանը մի պահ իրար նայեցին, հետո, երբ Հայկը Վարդանին գլխով արեց, երկուսով, ոտքով հարվածելով, դուռը բացեցին։

-Բոլորդ պառկեք գետնին, ոստիկանությունն է,-գոռաց Հայկը։

Տանը գտնվում էին երեք տղա ու երկու աղջիկ, բոլորն էլ երիտասարդ տարիքի՝ 18-

22 տարեկան։ Վերջիններս սարսափար եղան այդ անսպասելի ներխուժումից։ Աղջիկները սկսեցին ճչալ ու պառկել գետնին, իսկ տղաներից երկուսն ապշած ձեռքերը վերև պարզեցին, երրորդն էլ իրեն չկորցրեց ու պատահունից դուրս փախավ։

Տեսնելով, որ տղաներից մեկը պատուհանից դուրս եկավ, Հայկը գոռաց․

-Վարդան, հետևից ընկիր ու բռնիր դրան։

Վարդանը սկսեց վազելով հետապնդել փախչող երիտասարդին։

Սակայն Հայկին մեծ հիասթափություն էր սպասում։ Երբ տեսավ աղջիկներին, հասկացավ, որ այնտեղ Մարինեն չկար։ Պարզապես աղջիկներից մեկը նման էր Մարինեին, ու դա էր պատճառը, որ գյուղացիներից մեկը շփոթվել էր և կարծել, թե աղջիկներից մեկն անհետացած Մարինեն է՝ այդ մասին հայտնելով Գրիգորին։

-Ապեր, փախավ, չկարողա բռնել,- շնչակտուր հետ դառնալով՝ ասաց Վարդանը Հայկին։

Հայկը ոչինչ չասաց։ Չէր հասկանում, թե ի՛նչ է կատարվում, իր վրա էր զայրացել, թե ինչպես հավատաց Գրիգորին։

-Կարո՞ղ եք բացատրել, թե ի՛նչ ա կատարվում։ Խի՞ եք ներխուժել մեր տուն,-ասաց երիտասարդ տղաներից մեկը։

Ոչինչ չպատասխանելով, անգամ ներողություն չխնդրելով՝ Հայկը, Վարդանը և Գրիգորը դուրս եկան տանից։

-Տղերք, ներող, չգիտեի,- գլուխը կախ, ամաչելով ասաց Գրիգորը։

-Արա, դու որոշել ես գեղցի հալով մեզ պաստավիտ անել,-գոռաց Հայկը ու փորձեց հարվածել Գրիգորին, սակայն Վարդանը ժամանակին բռնեց նրա ձեռքերն ու թույլ չտվեց։

-Կորիր, արա՛, աչքիս չերևաս,-շարունակում էր գոռալ Հայկը։

-Տղերք բա հիմի ես ո՞նց եմ տուն գնալու, կտանե՞ք ձեր ավտոյով,-մեղավոր ձայնով խնդրեց Գրիգորը։

-Արա՛, դու չե՞ս հասկանում, թող գնա ստուց։ Ոնց ուզում ես հետ դառ, էդ քո պրոբլեմն ա,-ասաց Վարդանը՝ ձեռքերով հեռու հրելով Գրիգորին։

Հայկն ու Վարդանը ոտքով վերադարձան ավտոմեքենան, նստեցին ու ճանապարհվեցին Երևան՝ գյուղում թողնելով Գրիգորին։

***

Ավագը, Գրիգորյանը, Վահանը քննիչ Մակարյանի աշխատասենյակում էին․ հերթական խորհրդակցությունն էին անում։

-Եվ այսպես, ներկա պահին ունենք հետևյալը,-ասաց Ավագը և շարունակեց,-տեսագրությունների փորձաքննության պատասխանը եկել ա ու պարզվում է, որ էն տեսանյութը, որտեղ երևում է, որ Մարինեն գնում է, որ նստի ավտոբուսը, կեղծ է։ Առևտրի օբյեկտի տերն էստեղ մեղք չունի, որովհետև փորձագետներն ասում են, որ խակերը կոտրել է այդ խանութի տեսախցիկն ու էդտեղ տեղադրել էս սարքած տեսանյութը։ Արևիկի ծանոթը՝ Սամվել Հովհաննիսյանը, ինչպես պարզվեց, այս պատմության հետ ընդհանրապես կապ չունի։ Ստացվում է, որ ամեն ինչ կարծես թե պրոֆեսիոնալ մակարդակով է արվել։ Այստեղ մենք գործ ունենք նախօրոք լավ պլանավորված ու կազմակերպված հանցագործության հետ։ Մեզ հայտնի է, թե ո՛ր ժամին է Մարինեի դասն ավարտվել, բայց ե՞րբ է դուրս եկել նա համալսարանից ու ո՞ր ուղղությամբ շարժվել, մենք չգիտենք։ Փորձել ենք վկաններ գտնել, բայց

անարդյունք․բոլորն ասում են, թե ո՛չ տեսել են, ո՛չ էլ լսել։

-Մի րոպե, համալսարանի մեջ վերջին անգամ ո՞վ է տեսել Մարինեին, ու՞մ հետ է եղել վերջին անգամ,-հարցրեց քննիչը։

-Տիկի՛ն Մակարյան, մենք հարցրել ենք կուրսեցիներին, բոլորն ասում են, թե վերջին անգամ Մարինեին տեսել են վերջին դասախոսության ժամանակ,-պատասխանեց Վահանն Ավագյանի փոխարեն։

-Իսկ համալսարանի ելքի դռան մոտ պահակ կամ կամերա չկա՞,-հարցրեց քննիչը։

-Կամերա կա, բայց ասացին, որ մի ամիս է, ինչ չի աշխատում, իսկ պահակն էլ ասաց, որ էդ ժամին հանգստի սենյակում ինքը սուրճ էր խմում,-պատասխանեց Վահանը։

-Ես ուղղակի չեմ հասկանում, դուք էսքան օր ո՞նց չեք կարողանում մի կորած աղջիկ գտնել։ Ախր Երևանում կորած մարդուն ամենահեշտն ա գտնելը կամերաների միջոցով, էս էլ հո գյուղ չի, որ կամերա չլինի։ Չեմ հասկանում, անհետացումից հետո Երևանի ոչ մի կամերա չի՞ ֆիքսել Մարինեին, ախր արդեն վաղուց է, ինչ մենք ունենք դեմքը ճանաչող ծրագիրը,-դժգոհեց քննիչը։

-Ստացվում ա, որ չեն ֆիքսել,-իր հերթին ասաց Գրիգորյանը։

-Ոնց տեսնում եմ, տղանե՛ր, ձեր որոնումները տուպիկի մեջ են հայտնվել, ոչ մի հետք ոնց որ թե չկա։ Հիմա չգիտեմ, թե ինչ ենք անելու։ Ավա՛գ, ի՞նչ ես առաջարկում, քեզ հենց դրա համար են գործուղել էս բաժին, որ օգնես գտնել,-դիմեց Ավագին Մակարյանը։

-Ես այսպես եմ կարծում,- պատասխանեց քննիչին Ավագը,-մենք հստակ ունենք դասախոսության ավարտի ժամը։ Ըստ իմ հաշվարկների՝ առնվազն երկու րոպե անհրաժեշտ էր Մարինեին, որ դուրս գա համալսարանի ելքի դռնից, հետևաբար առաջարկում եմ, որ այդ պահից սկսած դրան հաջորդող քսան րոպեների ընթացքում պարզել, թե ի՞նչ ավտոմեքենաներ են անցել, որոնք կնայեին դեպի համալասարանի ելքի դուռը։ Պետք է այդ ժամանակահատվածում անցած

տրանսպորտային միջոցների վարորդներին հարցնել, թե նրանք ունե՞ն արդյոք վիդեոռեգիստրատոր։ Համոզված եմ, որ շատ մեքենաներ պիտի, որ դա ունենան։

-Էդ քսան րոպեի ընթացքում հարյուրավոր ավտոներ են անցել։ Էդքանին հնարավոր չի լինի հարցնել։ Դա շատ հսկայակածավալ աշխատանք ա, հետո էլ ոչ մի գարանտիա չկա, որ մենք ինչ-որ արդյունքի կհասնենք,-դժգոհեց Վահանը, որին դուր չեկավ այդ գաղափարը, քանի որ գիտեր, որ այդ հսկայածավալ աշխատանքն իր վրա էր ընկնելու։

-Հասկանում եմ քեզ Վահան, բայց ոչ ոք քեզ չի ասում, թե բոլոր վարորդներին պետք ա հարցնես։ Ընտրում ես Tesla մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև BMW-ի բարձր դասի մոդելները, քանի որ էդ ավտոներում վիդեոռեգիստրատորը գործարանային լինում է, ու դրանց վարորդներին հարցնում,-ասաց Ավագը։

-Շատ լավ գաղափար է։ Գրիգորյա՛ն, հենց հիմա տղաներիդ հանձնարարիր, որ գործի անցնեն,-ասաց քննիչը։

<<Ի՞նչ դժվար գործ կա իմ վրա են դնում։ Գիտեն՝ հեշտ ա, ժամերով կամերաները նայելը, հերթով ավտոների համարները հանելը, վարորդներին զանգելն ու հարցնելը։ Արդար չի, էն Հայկն ու Վարդանը սաղ օրը պարապ ման են գալիս, էս Գրիգորյանն էլ ամեն ինչն ինձ վրա ա բարդում։ Բոլորը ճառ են ասում, բայց զանգ կախող չկա>>,-մտածում էր Վահանը՝ քննիչի աշխատասենյակից դուրս գալով։

***

Վահանն սկսում է ուսումնասիրել տեսանյութերը, որպեսզի պարզի, թե իրեն հետաքրքրող ժամանակահատվածում ինչ ավտոմեքենաներ են անցել համալսարանի ելքի դռան դիմացով։ Հետևելով Ավագի խորհրդին՝ Վահանն ընտրում է Tesla մակնիշի և BMW-ի բարձր դասի մոդելներն ու կապ հաստատում դրանց վարորդների հետ՝ պարզելու, թե վերջիններս տեսաձայնագրիչ ունեն, թե՝ ոչ։ 19 հարցված վարորդներից տեսաձայնագրիչ ունենում է 16-ը։ Վարորդներից ձեռք բերելով տեսանյութերը՝ Վահանն սկսում է մանրամասն ուսումնասիրել դրանք։ Այդ տեսանյութերից մեկում նա տեսնում է Մարինեին, ինչ-որ անծանոթ երիտասարդի հետ զրուցելիս, համալսարանից փոքր-ինչ հեռու։ Երիտասարդը տեսախցիկի առջև մեջքով է կանգնած լինում, հետևաբար չի երևում նրա դեմքը։ Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես է Մարինեն կամավոր նստում

սպիտակ գույնի ավտոմեքենան։ Պարզվում է, որ այդ ավտոմեքենան առևանգված է, ու դրա սեփականատերը, ով ապրում է Վարդենիսում, տասն օր առաջ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել իր ավտոմեքենայի առևանգման մասին։ Փորձում են տեսախցիկների միջոցով հետևել ավտոմեքենային, սակայն ավտոմեքենայի՝ Երևանից դուրս գալուց հետո նրան կորցնում են, քանի որ որոշ հատվածներում տեսախցիկներ չկային, իսկ եղածներից էլ ոչ բոլորն էին աշխատում։ Կարծես թե որոնողական աշխատանքերը փակուղու մեջ էին հայտնվել, ու այլևս ոչ մի հետք չկար այդ առեղծվածային անհետացումը բացահայտելու համար, սակայն Ավագ Մարտիրոսյանը չէր պատրաստվում այդքան շուտ հանձնվել ու որոշել էր ամեն գնով բացահայտել ճշմարտությունը։

***

Ոստիկանության բաժին են գալիս Մարինեի ծնողները՝ Աստղիկն ու Արսենը։ Նրանց է ընդունում Ավագը, ով վերջիններիս տանում է առանձին սենյակ, որպեսզի անկաշկանդ զրուցեն։

Աստղիկն անզորությունից ու հուսահատությունից տեղը չէր գտնում, իսկ Արսենն էլ շատ դժգոհ էր ոստիկանության աշխատանքից։

-Ես չգիտեմ, թե դուք էսքան օր ինչով եք զբաղվել, որ ոչինչ չեք կարողացել պարզել,-ձայնի դժգոհ տոնով ասաց Արսենն ու շարունակեց,-եթե գեղում մի էրեխա ա կորում, ամբողջ ոստիկանությունը, էմչեէսը, կամավորները տարբեր մարզերից գալիս են ու փնտրում, իսկ իմ էրեխուն ոչ մեկը մատը մատին չի տալիս՝ գտնելու համար։ Մենակ ձևական գալիս եք, թղթեր լրացնում ու գնում, բայց գործ չեք անում։

-Ես հասկանում եմ Ձեզ, բայց հավատացեք, որ ոստիկանությունն ամեն հնարավոր բան անում է Ձեր աղջկան գտնելու համար,-ասաց Ավագը։

-Պարոն ոստիկան, ասեք, իմ աղջիկը ո՞ղջ է, ու՞ր է, ինչու՞ չեք կարողանում գտնել, ի՞նչ եք կարողացել մինչ էս պահը պարզել,-հեկեկալով ասաց Աստղիկը։

Ավագն Աստղիկին հանգստացնելու համար ջուր տվեց, հետո ասաց․

-Ես Ձեզ խոսք եմ տալիս, որ առնվազն 3-4 օրից կգտնեմ Ձեր աղջկան։ Ես անձամբ եմ Ձեզ խոստանում։

Այս խոսքերն Ավագն ասաց այնպիսի վստահությամբ, որ Աստղիկը հավատաց ու մի փոքր հանգստացավ։

-Խնդրում եմ, շատ եմ խնդրում․․․

-Պետք չէ խնդրել, տիկի՛ն, մենք մեր աշխատանք ենք կատարում,-ասաց Ավագն Աստղիկին։

-Կարա՞ք ասեք, թե մինչ էս պահը ի՞նչ եք պարզել,-հարցրեց Արսենը, ով ի տարբերություն իր կնոջ, չէր հավատում Ավագի և ոչ մի խոսքին։

-Մարինեի անհետացման որոշ հանգամանքներ պարզվել են, բայց ես իրավասու չեմ առանց քննիչի համաձայնության, դրանք Ձեզ հայտնելու։ Բացի այդ էլ, մեր հավաքած տեղեկությունները ձեզ ոչինչ չեն տա,-ասաց Ավագը։

-Էդ ինչի՞ որ չես կարա ասես, թե՞ ձեռ չի տալիս,-ագրեսիվ տոնով հարցրեց Արսենը։

-Եթե Դուք ցանկանում եմ որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալ, դիմեք քննիչին։ Եթե քննիչը

նպատակահարմար կհամարի, Ձեզ կասի։ Ես իրավասու չեմ․․․

-Հոգնեցրիք ձեր լոլոներով,-ասաց Արսենն ու դիմելով կնոջը՝ ասաց,-Աստղի՛կ, արի գնանք, սրանք միտք չունեն մեր էրեխուն գտնել։

Անսալով ամուսնուն՝ Աստղիկը Արսենի հետ դուրս եկավ սենյակից։

-Արսեն, հիմի ի՞նչ ենք անելու,-հուսահատ հարցրեց Աստղիկն ամուսնուն։

-Արի դուրս գանք էստեղից, ճանապարհին կասեմ։

Աստղիկն ու Արսենը դուրս եկան ոստիկանության բաժնից ու նստեցին ավտոմեքենան։

-Լսիր, հիմա ինչ եմ ասում,- դիմեց կնոջն Արսենը,-ես հետաքրքվել եմ, ու ինձ ասել են, որ մի մասնավոր դետեկտիվ կա, ով զբաղվում ա նման հարցերով։ Ընկերներիցս մեկը խոստացալ ա էսօր իմանալ իր համարն ու ինձ ասել։ Կզանգեմ, հետը կխոսեմ, կասեմ թող էս գործով զբաղվի։

-Ահագին փող կուզի դա,-նկատեց Աստղիկը՝ թաշկինակով մաքրելով աչքերի արցունքները։

-Աղչի, մեր էրեխուց թանկ ոչ մի բան չկա։ Պետք լինի, ավտոս կծախեմ, պարտք կվերցնեմ, մենակ թե աղջկաս գտնեմ։

***

Հայկն աշխատավայրում համակարգչով աշխատում էր։ Նրան զանգահարում են։

-Հա, աղպերս։

-Բարև Հայկ, քո էն օրվա ասածի պահով նորություն ունեմ․․․

-Աղպեր հիմա զբաղված եմ, ես քեզ հետո կզանգեմ։

Հեռախոսազանգից հետո Հայկը, գործը կիսատ թողնելով, գնաց զուգարան, դուռը փակեց ու հետ զանգեց։

-Հա Հայկ,-պատասխանեց հեռախոսազանգին զրուցակիցը։

-Ապեր ներող, էդ պահին չէի կարա հետդ խոսայի։ Մենք մի կլյաուզնիկ ունենք Վահան անունով, էդ կողս նստած էր։ Դու էն ասա, ինչ որ բան իմացե՞լ ես էն գյադու մասին։

-Բա ոնց չէ ապեր, իմացել եմ, էն ի՞նչ բաներ եմ իմացել, բայց ասա, թե ի՞նչ մաղարիչ ես անելու։

-Ապեր, սիրտդ ինչ կուզի, կանեմ, դու մենակ ինձ արժեքավոր ինֆորմացիա տուր։

-Ուրեմն լսիր, քո ասած մարդը՝ Ավագ Մարտիրոսյանը, վատ մանկություն ա ունեցել, դպրոցում հալածանքների ա ենթարկվել։ Հայրը հոգեկան խնդիրներ ունի, մայրն էլ կռվարար կին ա, ամբողջ թաղը զզվել ա դրանից։

-Ասում ես՝ հերը հոգեկա՞ն ա,-զարմացած ու հետաքրքված հարցրեց Հայկը։

-Ապեր, նենց չի, որ գիժ ա, բայց մեջը կա էլի։ Ավագի հորեղբոր տղան էլ ա խախտված։ Մի խոսքով՝ դրանց ցեղում հոգեկան խախտվածություն կա։

Հայկի աչքերն ուրախությունից առկայծեցին, երբ լսեց այս ամենը։ Նա արդեն գիտեր, թե ինչ հարված պետք է հասցներ Ավագին։

-Աղպեր, չես պատկերացնում, թե դու ինձ ինչ մեծ լավություն արեցիր։ Մեծ մաղարիչ քեզ ունեմ անելու։

-Ուրախ եմ, որ քեզ օգատակար եղա, աղպեր։

-Էն էլ ո՛նց։ Դե լավ, ապեր, քեզ հետո կզանգեմ, հիմա հարմար չի։

Ավարտելով հեռախոսազրույցը՝ Հայկն ուրախ զանգահարեց իր լրագրող ընկերուհուն, ում հետ նախկինում արտաամուսնական կապերի մեջ է եղել։

-Բարև, կյանքս,-սկսեց հեռախոսազրույցը Հայկը։

-Բարև, Հայկ, ի՞նչ ա պատահել, ինձ հիշել ես։ Վաղուց ա, ինձ չես զանգել, տեղ չես տարել։

-Ծիտս, ախր չի ստացվում, կինս դետեկտիվի նման հետում ա ինձ․․․

-Հայկ, ճիշտ ասա, ինչի՞ ես զանգել,-ընդհատելով հարցրեց զրուցակիցը։

-Կյանքս պիտի ինձ օգնես։ Արի էսօր հանդիպենք, քեզ մի նորություն կասեմ, ու դրա վերաբերյալ դու պիտի հոդված գրես, որը մեծ դիտումներ կապահովի ձեր լրատվականին։

-Կանեմ, բայց մի պայմանով․․․․

-Ի՞նչ պայմանով, կյանքս։

-Հայկ, մենք վաղուց ա, ինչ․․․

-Հասկացա, հյուրանոցի համար կվարձեմ ու միասին գիշեր կանցկացնենք,-ոգևորված ասաց Հայկը։

-Մենակ թե վերջին անգամվա նման էժան հյուրանոց չտանես։

Այդ պահին զուգարանի դուռը փորձեցին բացել ու տեսնելով, որ փակ է, սկսեցին այն ծեծել։

Հայկն անմիջապես անջատեց հեռախոսը, ջուրը քաշեց ու բացեց դուռը։

-Հայկ, դու՞ էիր էսքան ժամանակ զուգարանում,-հարցրեց ոստիկաներից մեկը։

-Հա ես էի ապեր, ի՞նչ կա որ։

-Ոչ մի բան, ապեր։

-Դե որ ոչ մի բան, մտիր զուգարանդ արա։

***

Ավագի վրա շատ էին ազդել Աստղիկի աղիողորմ արցունքները։ <<Ես էդ կնոջը խոստացել եմ գտնել իր աղջկան ու ես դա կանեմ, ինչ գնով էլ որ լինի, միայն թե չգիտեմ ինչպես։ Առաջին հայացքից թվում ա, թե ոչ մի թել չկա, որը կտանի ճշմարտության բացահայտմանը։ Բայց իմ փորձը ցույց ա տալիս, որ նման դեպքերում անգամ աննշան մանրուքներն օգնում են բացահայտել եղելությունը։ Բայց հարցն էն ա, թե ո՞նց գտնել էդ մանրուքները, ինչի՞ն ավելի շատ ուշադրություն դարձնել>>,-մտքերի մեջ խորասուզվել էր Ավագը։

Անշարժ մոտ երեք րոպե մտածեց, հետո դեմքը ոգևորությունից սկսել շողալ։

<<Մարինեի առևանգումը նախապես լավ պլանավորված ա եղել։ Էդ նշանակում ա, որ հանցագործը կամ հանցագործները մի քանի օր առաջ պետք ա ուսումնասիրած լինեին էն տարածքը, որտեղից Մարինեին պետք ա առևանգեին։

Ուրեմն պետք ա նայել դեպքին նախորդած վերջին տասն օրերի տեսագրությունները։ Նրանցում հաստատ պետք ա, որ կարևոր բաներ նկատեմ>>,-մտածեց Ավագը, հետո նստած տեղից արագ վերկացավ ու գնաց Վահանի մոտ։

-Վահան, ինձ պետք ա Մարինեի անհետացմանը նախորդած վերջին տասն օրերի տեսագրությունները,-ասաց Ավագը։

-Համալասարանի շրջակայքի՞, թե կոնկրետ որևէ հատվածի,-հարցրեց Վահանը։

-Համալսարանի ողջ շրջակայքի,-պատասխանեց Ավագն ու գրպանից հանելով կրիչը և տալով Վահանին՝ շարունակեց,-վերցրու էս ֆլեշկան, տեսագրությունները կգցես սրա մեջ ու հետո ինձ կտաս, ես կտանեմ, տանը մանրամասն կուսումնասիրեմ։ Մենակ թե հնարավորինս արագ արա։

-Հարց չկա, պարո՛ն Մարտիրոսյան, մինչև օրվա վերջը պատրաստ կլինի,-փոքր-ինչ շունչ քաշած պատասխանեց Վահանը՝ ուրախանալով, որ այդ ծանր գործն ինքը չի անելու։

-Դե Վահան ջան, հիմա բոլոր գործերդ թող, առաջին հերթին դրանով զբաղվիր։ Հետո արդեն էս գործով էլ քեզ շատ չեմ անհանգստացնի։

-Շատ, բարի։

***

Վահանն աշխատանքային օրվա ավարտին Ավագին է տալիս կրիչը, որի մեջ պատճենահանել էր տեսագրությունները։ Ավագը տուն վերադառնալուց ու ընթրելուց հետո անմիջապես գործի անցավ։ Որոշել էր ողջ գիշերն աշխատել։

<<Վիդեոռեգիստրատորի ֆիքսած երիտասարդը 170-175սմ հասակ ուներ, քաշը՝ 60-70 կգ, կրծքավանդակի չափսը՝ 95-105 սմ։ Պետք ա նայել, թե դեպքի օրվան նախորդած օրերի վիդեոներում նման մարդ հետևու՞մ է Մարինեին>>,-աշխատանքը սկսելուց առաջ մտածում էր նա։

Ավագն սկսեց ուշադիր նայել տեսագրությունները՝ համապատասխան նշումներ անելով իր տետրակում։ Ողջ գիշեր չքնեց, համառորեն աշխատեց։ Առավոտյան արդեն հոգնածությունից ուժասպառ էր եղել։ Օրգանիզմը քուն և հանգիստ էր ուզում, բայց նա իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ։ Այլ պետք է շտապեր քննիչի մոտ։

Մեկ գավաթ սուրճ խմելուց հետո լվացվեց, արագ հագնվեց, որ տանից դուրս գա։

-Ավա՛գ, ամբողջ գիշեր չես քնել, հիմա էլ գործի՞ ես գնում։ Էնտեղ բացի քեզնից էլ ուրիշ աշխատող մարդ չկա՞,-զարմացած հարցրեց մայրը։

-Մամ, չեմ կարող չգնալ, մինչև աղջկան չգտնենք, ես հանգիստ լինել չեմ կարող,-ասաց Ավագն ու դուրս եկավ տանից։

***

Քննիչ Մակարյանը, գալով աշխատավայր, տեսավ միջանցքում աթոռի վրա նստած իրեն սպասող Ավագին։

-Ավա՛գ, ի՞նչ ա պատահել, որ առավոտ շուտ էստեղ ես, կարևոր նորությու՞ն ունես,-զարմացած ու հետաքրքրությամբ հարցրեց Մակարյանը։

-Այո՛, տիկին Մակարյան։

-Դե արի, տեսնամ ի՞նչ ես բացահայտել,-ասաց Մակարյանը՝ դուռը բացելով ու Ավագին ներս հրավիրելով։

-Ավագ, դու նստիր, ես մինչև վերարկուս կհանեմ ու համակարգիչը կմիացնեմ։ Սուրճ կխմե՞ս։

-Ոչ, շնորհակալ եմ, տանը խմել եմ։

Վերարկուն զգեստապահարանում կախելուց, համակարգիչը միացնելուց հետո քննիչ Մակարյանը նստեց ու ասաց․

-Դե պատմիր, Ավագ։ Ուշադրությամբ քեզ լսում եմ։

-Տիկին Մակարյան, ես այսօր ողջ գիշեր մանրամասն նայել եմ անհետացման դեպքին նախորդած վերջին տասն օրերի՝ համալսարանի շրջակայքի տեսագրությունները։ Էդ տեսագրություններում ես վիդեոռեգիստրատորի ֆիքսած երիտասարդին չտեսա, բայց մի շատ կարևոր բան նկատեցի, որն ամբողջովին լույս է սփռում այս գործի վրա։ Բանն այն է, որ երբ դեպքին նախորդած օրերին Մարինեն համալսարանից ավտոբուսով տուն է վերադարձել, այն կանգառում, որտեղ Մարինեն միշտ ավտոբուս էր նստում, դրանից քիչ հեռու նրան է հետևել երկու երիտասարդ։ Ես նկատել եմ հետևյալ օրինաչափությունը։ Էդ տղաները միշտ էդտեղ էին հայտնվում Մարինեի՝ կանգառ գալուց 3-5 րոպե առաջ, իսկ երբ Մարինեն նստում էր ավտոբուս ու տուն գնում, նրանք անմիջապես էդտեղից հեռանում էին՝ նստելով մոտակայքում գտնվող իրենց ավտոմեքենան։

-Սա արդեն շատ հետաքրքիր է։ Խնդրում եմ այդ պահերը ցույց տուր,-անհամբեր ասաց Մակարյանը։

-Ահա խնդրեմ։

Ավագը քննիչին ցույց տվեց տեսանյութերի կարևոր հատվածները, որոնք գրավել էին իր ուշադրությունը։

-Ավագ, կեցցե՜ս, դու փայլուն հետաքննություն ես արել։ Ստացվում ա, որ աղջկա անհետացմանը նախորդած վերջին 10 օրերից 8-ում այդ երիտասարդները միշտ այդտեղից հետևել են Մարինեին, ու երբ նա նստել է ավտոբուս, նրանք նստել են իրենց ավտոմեքենան ու հեռացել։ Միայն դեպքին նախորդող վերջին երկու օրերին այնտեղ չեն եղել։ Երևի մտածել են, որ անհետացումից 1-2 օր առաջ պետք չէ ուշադրություն գրավել։ Էս ամենը զուգադիպություն կամ պատահականություն չի կարող լինել։ Լավն էն ա, որ մեքենայի պետհամարանիշը տեսախցիկը ֆիքսել ա, ու բացի դրանից երիտասարդներից մեկի դեմքը պարզ երևում ա։ Ես հենց հիմա Գրիգորյանին կհանձնարարեմ պարզել էդ երիտասարդների ու ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

***

Աշխատանքային օրվա ավարտին Ավագը, Գրիգորյանը և Վահանը գալիս են քննիչ Մակարյանի աշխատասենյակ՝ խորհրդակցության։

-Գրիգորյան, լսում եմ, ասա, թե ի՞նչ եք պարզել,-հարցրեց քննիչը։

-Տիկին Մակարյան, պարզել ենք հետևյալը։ Տեսանյութում երևացող երիտասարդներից մեկը Աշոտ Ահարոնյանն է՝ գործարար Գուրգեն Ահարոնյանի որդին։ Ավտոմեքենան էլ հենց իրեն է պատկանում։

-Ի՞նչ կասեք էդ տղայի մասին,-հարցրեց քննիչը։

-Լրթված ու հղփացած երիտասարդ ա, քսանհինգ տարեկան ա, սովորում ա տնտեագիտական համալսարանում․․․ Վահա՛ն, դու էսօր գնացել էիր

տնտեսագիտական համալսարան, ի՞նչ ես պարզել այդ երիտասարդի մասին,-խոսքը կիսատ թողնելով՝ դիմեց Վահանին Գրիգորյանը։

-Դասերին նորմալ չի հաճախում, իրեն շատ վատ է պահում, դասախոսներին չի հարգում։ Բայց ես մի կարևոր բան եմ պարզել։ Իրենց կուրսի աղջիկներից մեկը գաղտնի մնալու պայմանով ինձ ասաց, որ մի քանի ամիս առաջ Աշոտը մանկավարժականի ուսանողուհիներից մեկին սիրո խոստովանություն է արել, բայց մերժում ստացել, ինչը շատ էր բարկացրել նրան։

-Սա արդեն շարժառիթ է ու հաշվի առնելով, որ Աշոտի նմանները տառապում են սեփական անձի գերակայության մոլուցքով՝ կարելի է ենթադրել, որ նա կարող էր

վնասել աղջկան, բայց որ սպաներ․․․

-Իսկ միգուցե չի սպանել,-նկատեց Գրիգորյանը։

-Գրիգորյան, եթե չի սպանել, բա աղջիկն էսքան օր ու՞ր ա, մենակ, թե չասես, որ տարել ա ու իրենց տանը պահում ա,-ասաց Մակարյանը։

-Իրենց տանը չէ, բայց միգուցե ուրիշ տեղ անազատության մեջ պահում է,-ասաց Ավագը։

-Լավ, հիմա շտապ պետք ա էդ երիտասարդին հարցաքննել,-ասաց քննիչը։

-Դա կոպիտ սխալ կլինի մեր կողմից,-ասաց Ավագը։

-Ինչի՞,-հարցրեց Մակարյանը։

-Եթե մենք հարցաքննենք Աշոտին, նա, բնականաբար, ամեն ինչ կհերքի, ու դա մեզ մեծ հաշվով ոչինչ չի տա։ Ներկա պահին մենք իր դեմ ոչինչ չունենք։ Տեսանյութն ուղղակի ապացույց չէ։ Այսպես նա գոնե չգիտի, որ մենք իր վրա դուրս ենք եկել, բայց եթե հարցաքննենք իրեն, նա իրեն ավելի զգուշ կպահի ու միգուցե փախնի հանրապետությունից։

-Ի՞նչ եք առաջարկում, պարո՛ն Մարտիրոսյան,-հարցրեց քննիչը։

-Առաջարկում եմ հետևյալը։ Նախ՝ պետք է դատարան միջնորդություն ներկայացնել, որ վերջինս համաձայնություն տա գաղտնալսել Աշոտի հեռախոսազանգերը և ամենակարևորը՝ պետք է հսկել Աշոտին 24 ժամյա ռեժիմով՝

տեսնել՝ ուր է գնում, ու՞մ հետ է հանդիպում, ի՞նչ է անում․․․

-Կներեք, որ ընդհատում եմ, պարոն Մարտիրոսյան,-խոսեց Գրիգորյանը,-բայց եթե Աշոտը սպանել ա Մարինեին, ապա էդ քայլերը օգուտ չեն տա։ Նա էդքան հիմար չի, որ հեռախոսով նման զրույցներ անի կամ որոշի գնալ էն տեղը, որտեղ թաքցրել ա մարմինը։

-Եթե սպանել է․․․, բայց հավանականություն կա, որ չի սպանել, այլ ինչ-որ մի տեղ պահում ա։ Հավատացեք, իմ ասածը ներկա պահին ամենառացիոնալ տարբերակն ա, բայց եթե ավելի լավ առաջարկություն Դուք ունեք, պարո՛ն Գրիգորյան, ես

հաճույքով դա կլսեմ,-պատասխանեց Ավագը։

-Գրիգորյան, եթե Դուք պարոն Մարտիրոսյանի ասածի հետ համամիտ չեք, ապա Ձեր տարբերակը պետք ա ներկայացնեք։ Դուք ուրիշ ավելի լավ տարբերակ ունե՞ք,-հարցրեց Մակարյանը։

-Ես կարծում եմ, որ Աշոտին պետք ա հարցաքննել, նրա վրա հոգեբանական ճնշում գործադրել, որ խոստովանի։

-Պարոն Գրիգորյան, Աշոտը հայտնի գործարարի տղա ա։ Հենց որ մենք սկսենք նրան ինչ -որ բանում մեղադրել, նրա հայրը մի քանի փաստաբան կվարձի ու էդ դեպքում էլ ի՜նչ խոստովանություն, ի՜նչ հոգեբանական ճնշում։ Աշոտին հարցաքննելիս մենք պետք ա մեր ձեռքի տակ ծանրակշիռ ապացույցներ ունենաք, իսկ այդ ապացույցները մենք էս պահին չունենք,-բարկացած ու փոքր-ինչ բարձր տոնով ասաց Ավագը։

-Ես համամիտ եմ Ավագի հետ,-ասաց քննիչն ու շարունակեց,-ներկա պահին մենք պետք ա ապացույցներ հավաքենք։ Ես դատարան միջնորդություն ներկայացնելու հարցը կլուծեմ, իսկ Գրիգորյա՛ն քեզ ու քո տղաներին հանձնարարում եմ հետևել Աշոտի ամեն մի քայլին։

-Լավ, տիկի՛ն Մակարյան, ինչպես կասեք,-համաձայնվեց Գրիգորյանը։

***

Երևանյան հերթական ցուրտ գիշերն էր։ Ավագը կանգառում ավտոբուսին էր սպասում, որ տուն վերադառնա։ Զանգահարում են։ Անծանոթ հեռախոսահամար էր։

-Ալո։

-Բարև Ձեզ, ես օպերլիազոր Ավագ Մարտիրոսյանի հե՞տ եմ խոսում։

-Այո, իսկ Դուք ո՞վ եք,-զարմացած հարցրեց Ավագը։

-Ես լրագրող եմ։ Այսօր հայաստանյան հայտնի էլեկտրոնային լրատվականներից մեկը հոդված էր հրապարակել Ձեր մասին, կխնդրեի լսել Ձեր մեկնաբանությունը։

-Ի՞նչ հոդված, ի՞մ մասին։ Ես տեղյակ չեմ, Ձեզանից եմ իմանում այդ մասին։

-Փաստորեն չգիտեիք։

-Իսկ կներեք այդ հոդվածում իմ մասին ի՞նչ է գրված, եթե դժվար չէ, խնդրում եմ ասել,-հարցրեց Ավագը։

-Գրված է, որ ուսանող Մարինե Սիմոնյանի անհետացման գործով զբաղվող օպերլիազորի հայրը հոգեկան խնդիրներ ունի, իսկ ընտանիքում էլ անառողջ մթնոլորտ է։ Հիմա հանրության մեջ հարց է ծագել, Դուք ևս ունե՞ք հոգեկան

խնդիրներ։ Ինչպե՞ս ոստիկանությունը կարող էր այդ գործը վստահել Ձեր նման մարդուն։

-Չե՞ք զգում, որ էթիկայի ու կոռեկտության բոլոր սահմաններն անցնում եք,-բարկացավ Ավագը։

-Իսկ Դուք չե՞ք զգում, որ իրավունք չունեք ոստիկանությունում աշխատելու, առավել ևս չպետք է որոնողական աշխատանքներով զբաղվեք,-ագրեսիվ տոնով ասաց լրագրողը։

-Լսեք, ես ոչ ժամանակ ու ոչ էլ ցանկություն ունեմ Ձեր սադրիչ հարցերին պատասխանելու։ Պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցում ուղարկեք ոստիկանություն, և Ձեզ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում կպատասխանեն,-ասաց Ավագն ու անջատեց հեռախոսը։

Միացրեց սմարթֆոնի ինտերնետը, մտավ իր սոցիալական ցանցը, տեսավ հրապարակումը, կարդաց։

<<Սա հաստատ Հայկի արածն ա։ Սրիկան փորձում ա պատժի ինձ՝ էն օրն իր հետ էդպես խոսալու համար։ Ես Գարիկին խոսք եմ տվել, չեմ կարող որևէ մեկին ասել, որ դա իր ընկերոջ հետ մարմինը փնտրելու աշխատանքով ընդհանրապես չի զբաղվել։ Չէ, ես հիմա ժամանակ չունեմ էդ խեղկատակով զբաղվելու, պետք է գտնեմ աղջկան, իսկ էդ լրատվականներում էլ ինչ ուզում են, թող գրեն, դա ինձ չպետք է շեղի>>,-մտածեց Ավագն ու հետո նկատեց, որ մտքերի մեջ խորասուզված լինելու հետևանքով, բաց է թողել իրենց տուն գնացող ավտոբուսը։ Հաջորդ ավտոբուսին երկար պիտի սպասեր, հետևաբար տաքսի նստեց ու գնաց տուն։

***

Ավագը հոգնած ու անտրամադիր տուն վերադարձավ։ Տեսավ, որ մայրը տրամադրություն չունի ու չի ցանկանում խոսել, հայրն էլ լուռ նստել էր՝ վախենալով բառ անգամ ասել։

-Մամ, ի՞նչ ա պատահել, ի՞նչի ես մի տեսակ,-հարցրեց Ավագը։

-Դու չգիտե՞ս ինչ ա եղել։ Ամբողջ ինտերնետը մեր մասին ա խոսում ու մեր ընտանիքը քննարկում,-բարկացած ասաց Նվարդը։

-Մամ, ուշադրություն մի՛ դարձրու, էդ լրագրողներն իրենց փողի համար ամեն ինչի ընդունակ են։

-Հարցն էդ հոդվածը չի։

-Բա հարցն ի՞նչն ա։

-Ավագ, դու քո կյանքի երիտասարդ տարիները նվիրել ես ոստիկանությանը։ Նվիրված աշխատել ես, բայց արդյունք չես ստացել։ Մեր թաղի Սիրուշի տղան հասարակ օպեր ա, քեզնից կոչումով ցածր, բայց դու նայիր, թե ինչ ավտո ա քշում, վերջերս էլ հիփոթեքով նորակառույցում բնակարան ա առել։ Իսկ դու ինչի՞ ես հասել էս կյանքում։ Ո՛չ մեքենա ունես, ո՛չ տուն ես առել, անգամ ընտանիք չունես։

-Մամ, վերջացրու․․․

-Բայց խի վերջացնեմ, սխա՞լ եմ ասում։ Ինչի՞ մյուսների մոտ ստացվում ա հասնել հաջողությունների, իսկ քեզ մոտ չէ, ինչի՞ անգամ հասարակ ոստիկանները քեզանից շատ ավելի բարվոք կյանքով են ապրում։ Նրանց ավելի շատ են հարգում, քան քեզ։

-Մամ, սխալ բաներ ես ասում․․․ես հոգնած եմ, արի էս թեման փակենք։ Ես ուզում եմ մի կտոր հաց ուտեմ։

-Ասելս էն ա, որ մյուսները կարողանում են բաշարել, իսկ դու բացի էն, որ ոչինչ չես բաշարում, մի հատ էլ քո մասին հոդված են գրում, բա ինչի՞ մյուս ոստիկանների մասին հոդված չեն գրում, ասա՛։

-Մամ, վերջացրու, բավական է,-բարկացավ Ավագը։

-Դե իհարկե, իմ ճիշտ խոսքերը քո դուրը չեն գալիս։ Թու՛յլ ես Ավագ, շա՛տ թույլ։ Դրա համար էլ քո հետ էսպես են վարվում։

Ավագին զանգահարում են։ Մտնելով իր սենյակ՝ Ավագը պատասխանում է հեռախոսազանգին․

-Լսում եմ, Գրիգորյան։

-Պարոն Մարտիրոսյան, Աշոտին հետևող տղերքը հենց նոր ինձ զանգեցին ու ասացին, որ տեսել են, որ նա կանացի ներքնազգեսներ ու հագուստ է գնել ու ավտոմեքենայով Երևանից դուրս է գալիս։

-Տղաները շարունակու՞մ են նրան հետևել։

-Իհարկե, նրանք Աշոտին բաց չեն թողնի։ Ես քննիչին տեղյակ եմ պահել։ Պետք ա շտապ գործենք։

-Լավ։ Դու հենց հիմա կարո՞ղ ես գալ մեր տուն, ինձ վերցնել ու գնանք Աշոտին հետևող տղաների հետևից։

-Հենց հիմա գալիս եմ, հասցեդ ուղարկիր։

-Լավ, հիմա sms կանեմ։

***

Վարդանը կնոջ ու երեխաների հետ ընթրում էր։ Հնչում է Վարդանի սմարթֆոնի հեռախոսազանգը․Հայկն էր։

-Հա, Հայկ,-պատասխանեց Վարդանը՝ սեղանից վեր կենալով ու ննջասենյակ գնալով, որպեսզի կինն ու երեխաներն իր հեռախոսազրույցը չլսեն։

-Ի՞նչ ես անում ապեր։

-Հաց եմ ընտրում։

-Արա, հիմա հաց ուտելու ժամանակը չի։ Գրիգորյանն ու էն գյադեն հանձարարել են մեր բաժնի տղերքին, որ հսկեն ինչ-որ Աշոտ Ահարոնյանի, որին կասկածում են էն կորած աղջկա անհետացման մեջ։ Տղերքից մեկը հենց նոր ինձ զանգեց ու ասաց, որ էս պահին Երևանից դուրս են գալիս, Գրիգորյանն էլ կմիանա նրանց։

-Աղպեր, ինձ ինչ։ Ինչ ուզում են անեն, իրանց գործն ա, թող իրենք էլ զբաղվեն, մեզ ինչ։

-Ո՞նց թե մեզ ինչ, արա՛։ Դու չե՞ս հասկանում, ասում եմ Գրիգորյանն ու էն գյադան շատ մոտ են գործի բացահատմանը։ Իրենց հաջողությունը մեր անհաջողությունն ա, այ տուպոյ։ Ի՞նչ ա, ուզում ես, որ էդ Ավագի վարկանիշը բարձրանա։

-Լավ, բա հիմա դու ի՞նչ ես առաջարկում,-դժգոհ ձայնով հարցրեց Վարդանը։

Ես քեզ հիմա Աշոտ Ահարոնյանի ձեռքի համարը կուղարկեմ, դու տնից դուրս կգաս, անծանոթ համարով իրեն կզանգես ու կզգուշացնես, որ ոստիկանությունը գիտի իր մասին և հետևում ա իրա ամեն քայլին, թող զգուշ լինի։

-Աղպեր ջոգու՞մ ես, թե ինչ ես ասում։ Աշոտը ոչ իմ քեռու, ոչ էլ հորքուրիս տղան ա, որ ես իրեն տենց զգուշացնեմ։ Եթե հանցանք ա գործել, թող իր պատիժը կրի,-զարմացած նկատեց Վարդանը։

-Վարդան տղա,-սկսեց գոռալ Հայկը,-արա էն, ինչ ես եմ քեզ ասում։ Էդ ամենը ինձ ա պետք, լսում ես, ի՛նձ։ Մոռացե՞լ ես, որ ես միշտ քեզ պահել եմ, եթե ես չլինեմ դու մի օր էլ մեր բաժնում չես ձգի։ Դու ոչնչի պիտանի չես։ Էսքան ժամանակ իմ շվաքի տակ ես ապրել, արա՛։ Մի խոսքով, արա՛ էն, ինչ ես եմ քեզ ասում, թե չէ գիտես, թե քո հետ ես ինչ կարամ անեմ։

-Բայց խի՞ չես դու զանգում, ինչի՞ ես ինձ ասում,-հետաքրքությամբ հարցրեց Վարդանը։

-Արա՛, ես կարամ զանգեմ, էդ ինձ համար պրոբլեմ չի։ Ուղղակի ուզում եմ, որ մի օգտակար բան էլ դու անես, որ մաքուր խղճով շարունակեմ քեզ պադերժկա անել բաժնում։

-Լավ, ապեր, մի բարկացիր, հենց հիմա տնից դուրս եմ գալիս, դու էդ տղու համարը sms արա։

-Հիմա ուղարկում եմ։ Էդ գործը արագի մեջ արա։

Հեռախոսազրույցից հետո Վարդանի դեմքը գունատվեց։

<<Սա արդեն բոլոր կարմիր գծերն անցնում ա։ Սրան պետք ա կանգնեցնել․․Մի դրան նայիր, ուզում ա իմ ձեռքով իր համար կրակից շագանակ հանի։ Գիտի ես էլ իր փայ հարիֆն եմ>>,-մտածեց Վարդանն ու զանգահարեց․

-Ասա Վարդան։ Կարևո՞ր բան ա պատահել, որ էս ժամին ինձ զանգում ես։ Ախր ասել եմ, որ ինձ կարող ես զանգել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

-Բարի երեկո, պարոն Հարությունյան։ Այո, ես հիշում եմ մեր պայմանավորվածության մասին։ Զանգեցի, քանի որ հրատապ բան ունեմ Ձեզ ասելու Հայկի պահով։

-Հիմա՞ ինչ ա մոգոնել էդ տղեն,-հետաքրքությամբ հարցրեց Հարությունյանը։

-Հենց նոր զանգեց ինձ ու ասաց, որ ես տեղյակ պահեմ Աշոտ Ահարոնյանին, որ իրեն հետևում են ու կասկածում Մարինե Սիմոնյանի անհետացման մեջ։

-Էդ տղեն լրիվ ա գժվել,-բարկացած ու միաժամանակ զարմացած բացականչեց Հարությունյանն ու շարունակեց․

-Մի տասը րոպեից կզանգես իրան, կասես, որ դու տեղյակ ես պահել էդ տղուն, մնացածն արդեն քո գործը չի։

-Պարոն Հարությունյան, մի հարց կարո՞ղ եմ տալ։

-Ասա՛, Վարդան։

-Ես Ձեզ պատմել եմ, որ Հայկը մարմինը փնտրելու գործով չի զբաղվել՝ խաբելով բոլորին, ես Ձեզ ասել եմ, որ Ավագ Մարտիրոսյանի ընտանիքի վերաբերյալ տեղեկությունները իրանից ա դուրս եկել, տեղյակ եմ պահել, որ նա բոլորից գաղտնի գնացել ա Արագյուղ, որ գտնի աղջկան, բայց Դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկել Հայկին պատժելու համար։ Ինձ ճիշտ հասկացեք։ Ես Հայկի ամեն քայլի մասին Ձեզ ասել եմ, քանի որ չեմ ուզում, որ Հայկի նմանները ոստիկանությունում ծառայեն։

-Վարդան, ես գիտեմ, որ դու էդ ամենն անում ես հանուն ոստիկանության շահի, ես շատ գոհ եմ քեզանից։ Հավատա, շատ շուտով ես Հայկին կվռնդեմ ոչ միայն բաժնից, այլև ոստիկանական համակարգից։ Քիչ մնաց, համբերի՛ր։

-Լավ, հասկացա, պարո՛ն Հարությունյան։

-Վարդան, դու հանգիստ տեղդ նստիր, ապրես, որ ինձ զգուշացրիր։ Մնացածը ես ինքս կանեմ․․․բարի գիշեր։

-Բարի գիշեր, պարոն Հարությունյան։

***

Աշոտը երեկոյան վերադառնում է ամառանոց, որտեղ անազատության մեջ էր պահում Մարինեին։

-Վզգո, ո՞նց են գործերը։

-Ապեր, քնաբեր եմ տվել, քնել ա։ Բայց սենց չի կարելի։ Էդ աղջկանից պետք ա հնարավորինս շուտ ազատվենք,-ասաց Վազգենը։

-Համբերիր, ապեր, քիչ մնաց։ Էս երկու օրվա մեջ ես բոլոր հարցերը կլուծեմ։ Հա, Մարինեի համար նոր հագուստ եմ բերել, հետն էլ՝ ուտելիք։

Դուռը ծեծում են։ Աշոտն ու Վազգենը զարմացած ու վախեցած իրար են նայում։

-Աշոտ, ո՞վ կլինի էս ժամին, չլինի՞ քեզ հետևել են ու հետքի վրա դուրս եկել։ Ախր շրջակայքում հարևաններ էլ չկան,-շշնջալով ասաց Վազգենը։

-Հանգիստ եղիր, ինձ ոչ ոք չի կասկածում։ Երևի բոմժ ա։ Դու էստեղ մնա, ես գնամ տենամ ով ա,-ասաց Աշոտը։

-Ապեր, մի բացիր, թող ծեծեն, տեսնեն բացող չկա, գնան։

-Այ հիմար, կարող ա մեզ ստուգում են։ Եթե էդպես ա, ապա իրանք գիտեն, որ տանն եմ։ Եթե չբացեմ, կսկսեն կասկածել, որ էստեղ մի բան էն չի,-ասաց Աշոտն ու գնաց դուռը բացելու։

Դուռը բացեց ու տեսավ մոտ երեսուն տարեկան մի կնոջ, ով շփոթված դեմքի արտահայտությամբ ասաց․

-Կներեք, որ Ձեզ անհանգստացնում եմ։ Ավտոմեքենաս փչացել ա, հեռախոսիս զարյադկան էլ՝ նստել։ Կարո՞ղ եմ ձեր տնից զանգել, որ գան տանեն։

Անծանոթ կինը փորձեց ներս մտնել, բայց Աշոտը թույլ չտվեց․

-Քուրս, իմ հեռախոսով զանգիր,-ասաց Աշոտը՝ կնոջը մեկնելով իր սմարթֆոնը։

-Շնորհակալ եմ, բայց իմ ամուսինը անծանոթ բջջային հեռախոսահամարների զանգերին չի պատասխանում, կարո՞ղ եմ ներս մտնել ու քաղաքային հեռախոսից զանգել։

-Մենք քաղաքային հեռախոս չունենք,-ասաց Աշոտը։

-Դրսում ցուրտ ա, կարո՞ղ եմ ներս մտնել, գոնե տաքանամ, հետո տեսնենք, թե ինչ կարելի ա անել,-խնդրեց անծանոթ կինը։

Աշոտը չէր ուզում տուն ներս թողնել անծանոթ կնոջը, բայց տեղի տալով նրա աղերսանքներին՝ ներս հրավիրեց։

-Կներեք, դեղս ընդունելու ժամն ա, կարո՞ղ եք ինձ ջուր տալ, ախր առանց ջրի չի թույլատրվում այն խմել,-ասաց կինը։

Աշոտը գնաց խոհանոց ջուր բերելու։

Վազգենը թաքնվել էր ննջասենյակում, բայց լսում էր նրանց զրույցը։

<<Էս գյադեն լրիվ խելքը թռցրել ա։ Ասա այ հիմար, խի ներս թողեցիր։ Չէ, սիրտս վկայում ա, որ էս կնոջը ուղարկել են միլիցեքը, որովհետև հալա էսքան ժամանակ սենց բան չի եղել, որ ինչ-որ անծանոթ կին գա էս տուն ու ուզի զանգել, ջուր ուզի․․․ Չէ, պիտի շտապ թռնել ստեղից․․․․>>,-մտածում էր նա։

Աշոտը խոհանոցից ջուր բերեց կնոջ համար, վերջինս դրանով խմեց իր դեղն ու ասաց․

-Ինձ կներեք, ես պիտի գնամ։

Բա ո՞նց եք տուն հասնելու,-զարմացած հարցրեց Աշոտը։

-Դուրս կգամ ճանապարհ, տաքսի կկանգնացնեմ։

-Բա որտե՞ղ եք կանգնացրել ձեր ավտոն։

-Ճանապարհին։

Աշոտը կնոջ հետ դուրս եկավ տանից, ճանապարհեց նրան ու հետ վերադարձավ։

-Աշոտ, էս ի՞նչ էր։

-Լսեցիր, կնոջ ավտոն փչացել ա, հեռախոսի զարյադկան էլ նստել։ Էկել էր, որ զանգի։

-Զանգե՞ց,-հարցրեց Վազգենը։

-Չէ, չզանգեց, որոշեց, որ տաքսի բռնի ու գնա։

-Աշոտ, քեզ տարօրինակ չթվա՞ց, որ երբ տվեցիր քո հեռախոսը, որ զանգի, ասաց՝ իբր իր ամուսինն անծանոթ զանգերին չի պատասխանում։ Իրա ասածը խելքի մո՞տ քեզ թվաց։

-Ապեր, մի վախեցիր, մեզ ոչ ոք չի հետևում, ես դուրս եկա ու տան շրջակայքը նայեցի։ Ոչ ոք չկա,-հանգստացրեց Աշոտը։

-Ինչի՞ ա քեզ թվում, որ եթե դու ոչինչ չես տեսել, ապա էդ նշանակում ա, որ մեզ չեն հետևում։ Կարող ա գաղտնի դիրքավորվել են ու էս տան անցուդարձին են հետևում,-նկատեց Վազգենը։

-Վզգո, քիչ դետեկտիվ կինո նայիր։ Ոչ մեկը չի կարա կասկածի, որ մենք ենք առևանգել Մարինեին։

***

Ամառանոց ներս մտած կինը՝ Աննան, իրականում ոստիկանության պարեկային ծառայող էր, որին ուղարկել էին Գրիգորյանն ու Ավագը։

Վերջիններս, նստած ավտոմեքենայի մեջ, հեռևից հետևում էին ամառանոցին։ Աննան նստում է ավտոմեքենան։

-Դե պատմիր, Աննա, ի՞նչ տեսար։

-Սկզբում չէր ուզում ինձ ներս թողներ, հետո համոզեցի։ Էդ տղան լարված էր իրեն պահում։ Սեղանին տեսա սքոճ ու մկրատ, մի տուփ դեղ, որի վրա գրված էր

<<Զոլպիդեմ>>։

-Հիմա ես ստուգեմ, թե դա ինչ դեղ ա,-ասաց Ավագն ու սմարթֆոնով մուտք գործեց համացանց, գրեց այդ անվանումն ու կարդալուց հետո՝ ասաց․

-Էս դեղն ուժեղ քնաբեր ա․․․Լավ, պարզ ա։ 95 տոկոս հավանականությամբ աղջիկն էնտեղ ա։ Գրիգորյան, զանգիր տղերքին, թող սկսեն։

Գրիգորյանը զանգահարեց ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանմանը, որը մոտակայքում հերթապահում էր ու պատրաստ էր ցանկացած պահի միջամտել։ Զանգից մոտ երկու րոպե անց սպիտակ միկրոավտոբուսը, սլանալով բարձր արագությամբ, եկավ կանգնեց ամառանոցի դիմաց, այնտեղից իջան դիմակավոր ոստիկաները, արագ մտան տուն։

Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ Աշոտն ու Վազգենը չհասցրին անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերջիններիս ձերբակալեցին, իսկ Մարինեին, որին գտան նկուղում, տեղափոխեցին հիվանադանոց՝ բժշկական զննության։

***

Վահանը զանգահարում է Մարինեի ծնողներին, տեղյակ պահում, որ ոստիկանությունը գտել է իրենց դստերը։ Արսենն ու Աստղիկը լուրը լսելուն պես անմիջապես գնում են այն հիվանդանոց, որտեղ տարել էին Մարինեին։ Պարզվում է, որ Մարինեի մոտ ամեն ինչ կարգին է։ Նրան մարմնական վնասվածքներ չէին հասցրել ու հետը սեռական հարաբերություն չէին ունեցել։

Առավոտյան Արսենն ու Աստղիկը հիվանդասենյակում էին՝ Մարինեի մոտ։

-Աղջիկս, չես պատկերացնի, թե ինչքա՛ն էինք վախեցել,-շոյելով աղջկա ձեռքն՝ ասաց Աստղիկը։

-Մամ, չեմ հավատում, որ էս մղձավանջն ավարտվեց։ Էդ մի քանի օրը ես երբեք չեմ մոռանա։ Կյանքումս էդպիսի դժոխային օրեր չեմ ունեցել,-ասաց Մարինեն ու սկսեց հեկեկալ։

-Հանգստացիր, աղջիկս, ամեն ինչ վերջացել ա։ Էդ այլանդակը էլ քեզ ոչինչ անել չի կարող։ Ոստիկանները նրան ձերբակալել են։

-Մարինե ջան, չեմ հասկանում, դրանք ո՞նց են կարողացել օրը ցերեկով էդքան մարդկանց ներկայությամբ քեզ տանեն,-հարցրեց Արսենը։

-Պապ, ջան, երբ գնում էի կանգառ, ինձ մոտեցավ մի անծանոթ տղա ու ասաց, որ իր եղբայրն ավտոմեքենայի մեջ իրեն շատ վատ ա զգում։ Ասեց, որ շտապօգնության ա կանչել, բայց քանի որ պրոբկայա, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ, այլ մի 100 մետր հեռու ա, պռոբկայի մեջ ա։ Ասաց, որ ինքը գնում ա բժիշկներին դիմավորի, խնդրեց, որ նստեմ մեքենան, եղբորը մենակ չթողնեմ, մինչև ինքը կգնա ու բժիշկներին կբերի։ Դե ես էլ նստեցի մեքենան ու էլ բան չեմ հիշում,-պատասխանեց Մարինեն ու նորից սկսեց արտասավել։

-Դե լավ, մի լացիր, աղջիկս։

Ներս է մտնում բժիշկն ու դիմում ծնողներին․

-Մարինեն մեծ սթրես է տարել, հիմա նրան հանգիստ է պետք։ Խնդրում եմ դուրս գալ հիվանդասենյակից։

Աստղիկն ու Արսեն, անսալով բժշկին, դուրս եկան հիվանդասենյակից ու սկսեցին միջանցքում սպասել։

***

Հայկը, դուռը ծեծելով, ներս է մտնում Հարությունյանի աշխատասենյակ․

-Բարև Ձեզ, պարոն Հարությունյան, կանչե՞լ եք։

-Արի,-անտարբեր ասաց Հարությունյանը։

<<Տենաս սա ինչի՞ համար ա ինձ կանչել>>,-մտածում էր Հայկը։

-Հայկ, ես էդքան ժամանակ չունեմ հեռվից գալու։ Կանչել եմ՝ ասեմ, որ դու պետք է ազատման դիմում գրես,-կոկորդը մաքրելով ասաց Հարությունյանը։

-Ազատման դիմու՞մ,-զարմացած ու ապշած հարցրեց Հայկը։

-Հա, դու ճիշտ լսեցիր, ազատման դիմում։

-Կարող եմ իմանալ՝ ինչի՞ համար։

-Դեռ հարցնու՞մ ես։ Ես գիտեմ, որ դու անհետացած աղջկա մարմինը փնտրելու փոխարեն Վարդանի հետ փողոցներում թրև էիր գալիս։ Գիտեմ, որ քո սիրուհու միջոցով հոդված ես տպել տվել Ավագի դեմ էն դեպքում, երբ էդ տղան քեզ ոչ մի վատ բան չէր արել։ Վերջապես, Հայկ դու քանի՞ գլխանի ես, որ օպերատիվ տեղեկություն ստանալով անհետացած աղջկա գտնվելու հնարավոր վայրի մասին, էդ մասին ո՛չ ինձ ես հայտնում, ո՛չ էլ քո անմիջական ղեկավարին՝ Գրիգորյանին, փոխարենը Վարդանին հետդ վերցնելով, որոշում ես գաղտնի գնալ Արագյուղ՝ օպերատիվ տվյալներն իրացնելու։ Դու գոնե հասկանու՞մ ես, թե ինչ ես արել։

<<Վայ ես քու․․․բայց տենաս սա որտեղից գիտի էս ամենը։ Էս երեք բաների մասին միայն Վարդանը գիտեր։ Վա՜յ, Վարդան, ես քո․․․։ Փաստորեն էդ կռիսը ինձ ծախել ա>>,-մտածեց Հայկը։

-Պարոն Հարությունյան, Ձեզ սխալ տեղեկություններ են տրամադրել։ Էդ ամենն իրականության հետ ոչ մի կապ չունի։

-Դե լավ, Հայկ, բավական ա, ես քո հավեսը չունեմ։ Գոնե տղամարդ եղիր ու խոստովանիր։

-Պարոն, Հարությունյան, ամենայն հարգանքով, բայց ես խոստովանելու բան չունեմ, քանի որ Ձեր ասածը, նորից եմ կրկնում, իրականության հետ կապ չունի, ու ես չեմ պատրաստվում ծառայությունից հեռանալու դիմում գրել։ Ես խոնարհ ծառայել եմ իմ ժողովրդին ու ոստիկանությանը։ Եթե փաստեր ունեք, ներկայացրեք,-ինքնավստահ ձայնով ասաց Հայկը։

-Դու երևի տեղը չես բերում, թե ով ա դիմացդ նստած։ Այ, տղա դու ո՞վ ես, որ ես քեզ ապացույցներ ներակայացնեմ։ Մի խոսքով, կա՛մ դու կամավոր ազատման դիմում ես գրում ու հեռանում, կա՛մ էլ ես իմ ձեռքի տակ եղած ապացույցներն ուղարկում եմ դատախազին։ Իսկ հիմա կորիր աչքիցս, չեմ ուզում երեսդ տեսնել,-կոպիտ տոնով ասաց Հարությունյանը։

Հայկը բարկացած դուրս եկավ Հարությունյանի աշխատասենյակից։

Աշխատանքային օրվա վերջում Հարությունյանը, մտնելով կադրերի բաժին, իմացավ, որ Հայկը ծառայությունից ազատման դիմում է գրել։

***

Կիրակի էր։ Ավագը դուրս էր եկել տանից՝ գնումներ անելու համար։ Երևանյան փողոցներում աշխուժություն էր տիրում։ Մի քանի օրից Ամանոր էր, ու շատերը դուրս էին եկել գնումներ կատարելու։ Ամենուրեք Նոր Տարին ավետող պաստառներ կարելի էր տեսնել։

Ձմռան սառը քամին ասես սղոցում էր դեմքը։ Որոշել էր գնալ իրենց տանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող սուպերմարկետը։ Լավ առիթ էր քայլելու ու մաքուր սառը օդը վայելելու համար։ Զանգահարում են․ Կարենն էր՝ Ավագի գործընկերը, որը նույնպես օպերատիվ-փնտրողական վարչությունում էր աշխատում։

-Հա, Կարեն։

-Բարև Ավագ ջան։

-Բարև Կարեն, հո բան չի՞ պատահել, որ կիրակի օրով զանգես ես ինձ,-հարցրեց Ավագը։

-Չէ, բան չի պատահել։ Ուրբաթ օրը մոռացա քեզ հարցնել, շաբաթ օրն էլ զբաղված էի․․․

-Հարցրու Կարեն, շատ մի երկարացրու,-ընդհատելով Կարենին՝ ասաց Ավագը։ –Ավագ, լսիր, դու տարեվերջին ինչքա՞ն պարգևատրում ստացար։

-Ստացա էնքան, ինչքան դու ես ստացել՝ աշխատավարձիս կրկնապատիկի չափով։

-Փաստորեն քեզ էլ են էդքան տվել։

-Բա ինչքա՞ն պիտի տային,-հետաքրքությամբ հարցրեց Ավագը։

-Ապեր, ես լսեմ եմ, որ մեր վարչության պետը՝ Սիմոնյանը, մեկ ու կես միլիոն դրամ պարգևատրում ա ստացել։

-Դե եթե ստացել ա, թող ուրախությամբ ծախսի, ինձ ինչի՞ ես դրա մասին ասում։

-Ապեր, բայց չե՞ս գտնում, որ անարդար ա։

-Ի՞նչն ա անարդար։

-Անարդար ա էն, որ մենք աշխատում ենք, իսկ իրենք, տեղները նստած, մեզ կարգադրություններ տալով, էդպիսի գումարներ են ստանում։

-Կարեն ջան, ի՞նչ ես առաջարկում։

-Ոչ մի բան։ Ուղղակի մտածեցի, որ միգուցե քեզ բարձր պարգևատրում են տվել։ Ախր քո շնորհիվ գտնվեց էն կորած աղջիկը։

-Ես իմ աշխատանքն եմ անում․․․ Կարեն, մի խորհուրդ կարո՞ղ եմ քեզ տալ,-հարցրեց Ավագը։

-Հա, իհարկե։

-Կենտրոնացիր նրա վրա, ինչը կարող ես փոխել։ Էդ թեմայի քննարկումը մեզ ոչինչ չի տա։ Միևնույնն է, պարգևատրման հարցով որոշումների կայացման գործընթացի վրա մենք ազդեցություն չունենք։ Էնպես որ, իմաստ չունի էդ թեման քննարկել։

-Էղավ, ապեր։ Բա ուրիշ ո՞նց ես, ի՞նչ ես անում։

-Լավ եմ։ Գնում եմ տան համար գնումներ կատարելու։

-Դե լավ, չզբաղեցնեմ քեզ։

-Եղավ, եղբայր։

Ավարտելով հեռախոսազրույցը՝ Ավագը ժպտաց, գլուխը մեղմ աջ ու ձախ շարժեց, սմարթֆոնը դրեց գրպանը և շարունակեց ճանապարհը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио

Натюрморт с подсолнухом
Натюрморт с подсолнухом
Играть онлайн

Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.