Нарек Саргсян
Մտազբաղը
Հնչեց զարթուցիչի զանգը։ Առավոտյան ժամը 08։00-ն էր։ Անկողնուց վեր կենալ չէր ուզում․քնել
էր ուզում։ Արդեն մոտ 20 տարի էր, ինչ նման տաղտկալի առօրյայով էր ապրում․ ամեն աշխատանքային օրվա առավոտ վեր կենալ, լվացվել, մեկ գավաթ սուրճ խմել ու գնալ աշխատանքի։ Աշխատանքն էր նրա սրտով չէր, քանի որ նախ՝ աշխատավարձը ցածր էր, երկրորդն էլ՝ առաջխաղացման ոչ մի հեռանկար չկար։ Ընտանիք ու երեխաներ չուներ։ Պատճառն այն էր, որ երբեք չէր մտածել այդ ուղղությամբ՝ ցածր եկամուտների պատճառով։
Անկողնուց վեր կացավ, լվացվեց, պատրաստեց իր համար մեկ գավաթ սուրճ ու սկսեց խորհել։
<<Այսօր ի՞նչ կարող եմ անել իմ կյանքում փոփոխություն մտցնելու համար>>,-հարցրեց ինքն իրեն։ Այս հարցը շատ երկար ժամանակ էր, ինչ տալիս էր ինքն իրեն, բայց պատասխան չէր ստանում։
Նստած տեղից վեր կենալով՝ գնաց բաց պատշգամբից նայելու։ Տեսարանը միօրինակ էր՝ մարդիկ շտապում էին նստել իրենց ավտոմեքենաներն ու գնալ աշխատանքի, աշակերտներն էլ, իրար հետ խոսելով ու կատակելով, դպրոց էին գնում։
<<Բայց խի՞ իմ հասակակիցները ունեն ամեն ինչ՝ սեփական բնակարան, ավտոմեքենա, ընտանիք, իսկ ես՝ ոչինչ, չնայած նրանք ոչնչով ինձնից առավել չեն>>,-խորհում էր նա՝ փորձելով գտնել պատասխաններ, բայց պատասխաններ գտնել փորձելուց մտքերը խճճվում էին, ու դա նրան ավելի էր զայրացնում։
Սովորականի պես դուրս եկավ տանից՝ շտապելով աշխատանքի։ Աշխատավայրը տնից մոտ էր գտնվում, հետևաբար միշտ ոտքով էր գնում։
Աշուն էր։ Ծառերի տերևները, հագած իրենց դեղին զգեստները, մեղմորեն խշշում էին։ Քայլում էր արագ ու մտազբաղ՝ չնկատելով այն գեղեցիկ պատկերը, որ նկարել էր
աշունն իր կախարդական վրձնով։
Հնչում է սմարթֆոնի զանգը։ Տեսնելով էկրանին զանգահարողի հեռախոսահամարը՝ խոժոռվեց։
<<Էս հիմարն առավոտը շուտ ինձնից ինչ ա ուզում, հոգնեցրեց թողեց>>։
Զանգահարողը գործընկերն էր՝ Մարինեն, ով պաշտոնով իրենից բարձր էր ու երկու անգամ իրենից շատ աշխատավարձ էր ստանում, թեև անգամ համակարգչով տեքստ հավաքել չգիտեր։ Նա հիսունհինգ տարեկան, ինքնահավան, չոր բնավորությամբ կին էր, ով սիրում էր իր սխալներն ուրիշների վրա բարդել։
-Ալո։
-Ալո, Սամվե՛լ, բարի լույս,-ասաց Մարինեն։
-Բարի լույս, Մարինե, ի՞նչ ա պատահել։
-Սամվել, գալի՞ս ես։
-Հա, ճանապարհին եմ։
-Դե արի, որ գրություն ենք ստացել, տեսնենք ի՞նչ ենք անում։
-Լավ,-դժկամությամբ ասաց Սամվելը՝ անջատելով հեռախոսը։
<<Առավոտը շուտ որ չզզվացնի, չի լինի։ Էդ հիմարն էդպես էլ աշխատել չսովորեց, չնայած ինչի՞ պետք ա սովորի, մեկ ա, աշխատի, թե չաշխատի, իր աշխատավարձը ստանալու ա, իսկ իր գործերն էլ ուրիշին վզին կփաթաթի։ Էս երկրի պետական հիմնարկներում խայտառակություն ա։ Բարձր պաշտոնների են նստած ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք էդ աթոռին նստել են պատահականության կամ ծանոթ-բարեկամի շնորհիվ, իսկ իմ նմաններն էլ էդ կիսաանգրագետների ձեռքը կրակն են ընկել>>,- խորհում էր՝ քայլելով։
Երբ հետիոտային անցումով անցնում էր ճանապարհի մյուս մայթը, մի ավտոմեքենա, որից լսվում էր բարձ երաժշտության ձայներ, արագ սլանալով, չզիջեց ճանապարհը, թեև պարտավոր էր զիջել։
<<Տեսնես էս հիմարին ո՞վ ա պրավա տվել։ Էդ պարեկներն էլ շատ թույլ են, չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել ոնց որ պետք ա>>,-մտածեց՝ շարունակելով ճանապարհը։
Քայլելիս Սամվելը չնկատեց շենքերից մեկի պատին փակցված հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ բարձր վարձատրվող թափուր աշխատատեղի համար հայտարարվել է մրցույթ։
Ախր ի՞նչպես նկատեր, որ ողջ միտքն ու ուշադրությունը կենտրոնացրել էր բացասական երևույթների ու տհաճ մարդկանց վրա։ Անգամ աշնան գեղեցկությունը չնկատեց։
Սեփական կյանքը փոխելու հնարավորությունները պետք է նկատել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ուշադրությունդ ու միտքդ ճիշտ ուղղությամբ կենտրոնացած լինեն։
Лазарос Сарьян
Серенада