Нарек Саргсян
Իմաստուն ծերունին ու բարկացած թագավորը
Լինում է, չի լինում, մի փառասեր թագավոր է լինում: Նա ոչինչ չէր խնայում այն մարդկանց, ովքեր մեծարում և գովերգում էին իրեն:
Երբ մոտենում է թագավորի ծննդյան տարեդարձը, նա որոշում է այդ օրն իրեն լավագույն բարեմաղթանքն ասողին նվիրել մի փոքրիկ պարկ ոսկի: Նախապես մունետիկների միջոցով իր մտադրության մասին տարածում է ողջ թագավորությունով մեկ:
Ծննդյան օրը` դեռ առավոտը չբացված, հսկայական հերթեր էին գոյացել թագավորի պալատի մոտ: Բոլորն իրենց բարեմաղթանքն էին ուղղում թագավորին․ մեկը նրա մասին բանաստեղծություն էր ասմունքում, մյուսը` մաղթում առողջություն, երջանկություն և թագավորության ընդարձակում, իսկ մեկ ուրիշն էլ`հարստության ավելացում:
Թագավորին ոչ ոք իր բարեմաղթանքով չզարմացրեց, քանի որ դրանք բոլորը միանման էին ու անհետաքրքիր:
Երբ արդեն ուշ էր, և թագավորն այդպես էլ չէր կողմնորոշվում, թե ու՛մ բարեմաղթանքն էր ամենալավը, իր մոտ է գալիս մի ծերունի և դիմում արքային.
-Թագավո'րն ապրած կենա, այսօր ինչպես Ձեր, այնպես էլ իմ ծննդյան օրն է, և ես եկել եմ Ձեզ մոտ, որ Դուք ինձ Ձեր բարեմաղթանքն ասեք և դրա դիմաց կստանաք այս
փոքր պարկ ոսկին: Բայց եթե Ձեր խոսքերն ինձ դուր չգան, ապա Ձեզ չեմ տա ոսկով լի ձեռքիս պարկը:
-Ա'յ խելառ ծերուկ, ամբողջ թագավորությունն այսօր իմ ծնունդն է շնորհավորում, իր բարեմաղթանքի ջերմ խոսքն ասում, իսկ դու եկել ես, այսպիսի բան ես ասում, հետն էլ պայման դնում, թե եթե չհավանես իմ շնորհավորանքը, այդ դեպքում ինձ քո ոսկին չես տա: Ինձ քո խղճուկ ոսկին պետք չէ, ես դրանից շատ ունեմ,- զայրացած բղավեց թագավորը:
-Թագավո'րն ապրած կենա, իրականում Ձեր շնորհավորանքն ու բարեմաղթանքն ինձ հարկավոր չէ:
-Բա այդ դեպքում ինչու՞ ես ինձ մոտ եկել,- զարմացած հարցրեց թագավորը: Ծերունին անվրդով շարունակեց.
-Ի՞նչ եք կարծում, ըստ Ձեզ` ո՞րը կլինի լավագույն բարեմաղթանքը, որի համար Դուք Ձեր խոստացած փոքրիկ պարկ ոսկին կտաք նրա հեղինակին,-հարցրեց ծերունին:
-Դե չգիտեմ, այնպիսի բարեմաղթանք եմ ուզում լսել, որ ինձ շատ դուր գա,-ոգևորված պատասխանեց թագավորը:
-Լավ, ենթադրենք` Դուք լսեցիք Ձեզ ուղղված աշխարհի ամենալավ բարեմաղթանքը`համեմված գեղեցիկ, պատկերով բառերով ու նախադասություններով: Բայց չե՞ք կարծում, որ իրականում այդ <<բարի խոսքերը>> Ձեր ծնունդը շնորհավորելու նպատակով չեն ասվում, այլ բարեմաղթանքներ անողները դրանք ասում են խոստացած ոսկուն տիրանալու նպատակով: Ամենալավ բարեմաղթանքը սրտից ու հոգուց բխող ջերմ խոսքն է, իսկ կարո՞ղ եք ասել, թե այս ողջ օրվա ընթացքում եղել է գոնե մեկը, ով Ձեր ծնունդը սրտանց շնորհավորել է` առանց ոսկուն տիրանալու հետին նպատակի:
Ծերունու իմաստությունը շփոթեցրեց թագավորին, վերջինս սկսեց ամոթից շիկնել և կմկմալով` ասաց.
-Դե չէ, բոլորն էլ ուզում են ոսկուն տիրանալ: Դրա համար են այդպես իրար խառնվել, թե չէ դրանք առանց շահի ոչինչ չեն անի:
-Իսկ ու՞մ են պետք այն շնորհավորանքները և կեղծ բարեմաղթանքները, եթե դրանք ասվում են ոչ թե սրտանց, այլ շահադիտական նպատակով:
Թագավորին այլ բան չէր մնում, քան ամբողջովին ընդունել ծերունու խոսքերի ճշմարիտ լինելը:
Այնուհետև ծերունին դուրս եկավ թագավորի պալատից և դիմեց դրսում հերթ կանգնածներին.
-Այսօր իմ ծննդյան օրն էլ է, չե՞ք ուզում ինձ շնորհավորել:
-Բայց դու ո՞վ ես, որ մենք քո ծնունդը շնորհավորենք,-պատասխանեցին այս ու այն կողմից:
-Ես լավագույն բարեմաղթանքն ասողին կտամ իմ ձեռքի փոքր պարկ ոսկին,- ասաց ծերունին՝ ցույց տալով և թափահարելով ոսկով լի պարկը:
Սա տեսնելով`մարդիկ սկսեցին իրար հետ կռիվ անել, թե ով առաջինը շնորհավորական խոսք կասի ծերունուն, սակայն վերջինս ծիծաղելով ասաց.
-Վե'րջ տվեք, ողորմելինե'ր, ինձ ձեր քստմնելի շնորհավորանքները հարկավոր չեն: Այդ ասելուն պես ծերունին, ոսկով լի պարկը նետելով ամբոխի վրա, հեռացավ:
Тигран Амасян
Карс