Нарек Саргсян

Հոգու ամրոցը

Երևանում ժամը 15։40 էր։ Արմենն իր աշխատասենյակում այցելուի հետ աշխատում էր։ Աշխատասենյակը վերանորոգված էր ժամանակակից եվրոպական չափանիշներով, ու այնտեղ հաճելի էր աշխատելը թե՛ Արմենի և թե՛ նրա այցելուների համար։

Արմենը Հայաստանի ամենահայտնի հոգեթերապևտներից ու կլինիկական հոգեբաններից մեկն էր։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ էր անցել՝ բարձրացնելով որակավորումը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։ Ուներ անձնական յութուբյան ալիք, որտեղ տեղադրում էր իր մասնագիտական տեսանյութերը, իսկ սոցիալական ցանցերով էլ կիսվում էր իր հոդվածներով։ Ուներ հազարավոր հետևորդներ։ Նա 41 տարեկան, միջահասակ, փոքրամարմին, սպիտակ մաշկով, դեմքի նուրբ դիմագծերով տղամարդ էր։ Իր ողջ կյանքի 41 տարիները նվիրել էր մասնագիտական աճին, ամուսնացած չէր, անձնական կյանք չուներ։ Ապրում էր Երևանում, հիփոթեքային վարկով ձեռք բերած թանկարժեք նորակառույց բնակարանում՝ ծնողների հետ։ Իր աշխատասենյակն էլ վարձակալել էր։

-Արմեն ջան, շատ շնորհակալ եմ, քո սեանսներն ինձ շատ մեծ օգուտ տվեցին։ Ես արդեն ազատվել եմ իմ վախերից ու տագնապներից,-ասաց այցելուն, ով մոտ հիսուն տարեկան տղամարդ էր։

-Տեսնու՞մ ես, ես ասում էի, որ կօգնեմ, իսկ դու թերահավատ էիր,-ժպտալով ասաց Արմենը։

-Քեզ ասե՞լ էի, որ մինչ քեզ մոտ գալը էն կնոջ մոտ էի գնում։

-Քնար Պետրոսյանի՞։

-Հա, իրա մոտ։ Մի ամիս տարավ-բերավ, ահագին փող ուզավ, բայց ինձ ոչ մի օգուտ էլ չտվավ,-նկատեց այցելուն։

-Լավ, կարևորը, որ մենք միասին հաղթահարեցինք քո տագնապներն ու վախերը։

-Հա, ճիշտ ես Արմեն ջան։

Արմենն այցելուին ճանապարհելուց հետո իր համար սուրճ պատրաստեց, դուրս եկավ բաց պատշգամբ՝ սուրճը մաքուր օդում վայելելու համար։ Չէր հասցրել սուրճն ամբողջովին խմել, երբ հնչում է դռան զանգը։

<<Էս Կարենը ինչի՞ շուտ եկավ։ Ախր պայմանավորվել էինք, որ 16։30-ին պիտի գար։ Չթողավ գոնե մի քիչ հանգստանամ>>,-մտածեց Արմենն ու գնաց դուռը բացելու։

Կարենը չէր, այլ 25-30 տարեկան մի երիտասարդ կին էր՝ միջահասակ, թուխ մաշկով, նշաձև աչքերով, ուսերին թափված սև վարսերով։ Դիմագծերն ու կառուցվածքը շատ համաչափ էին։ Հագել էր կիսաշրջազգեստով կոստյում։ Կիսաշրջազգեստը ծնկներից մի փոքր վերև էր՝ ընդգծելով գեղեցիկ ոտքերը։

-Բարև Ձեզ,-մեղմ ու հանգիստ ձայնով ասաց այդ կինը։

-Բարև Ձեզ, համեցեք,-շլացած այդ կնոջ գեղեցկությունից՝ մեխանիկորեն ասաց Արմենը։

Ներս հրավիրելով՝ Արմենը կնոջը խնդրեց նստել։

-Լսում եմ Ձեզ, ասացեք՝ ի՞նչ խնդրով եք եկել։

-Ես եկել եմ անձնական խնդրով։ Տեսել եմ Ձեր վիդեոները, կարդացել Ձեր գրածները Ֆեյսբուքում։ Ես Ձեզանով հիացած եմ,-մեղմ ու ցածր ձայնով, բայց և արտահայտչական ու գրավիչ միմիկայով և շարժուձևով ասաց այդ կինը։

-Դե ասեք, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում,-անհամբեր հարցրեց Արմենը։

-Խնդիրն իմ մայրն է։ Ես արդեն երկար ժամանակ է, ինչ կոնֆլիկտ ունեմ նրա հետ․․․

Հնչում է Արմենի սմարթֆոնի զանգը, Կարենն էր՝ իր այցելուն, որի հետ պայմանավորված էր։

-Հա Կարեն ջան,-պատասխանելով հեռախոսազանգին՝ ասաց Արմենը։

-Բարև Ձեզ, Արմեն ջան։

-Բարև Կարեն։

-Արմեն ջան, ես մի 5 րոպեից Ձեզ մոտ կլինեմ,-ասաց Կարենը։

-Եղավ, արի։

Հեռախոսազրույցն ավարտելուց հետո Արմենը հարցրեց․

-Ի՞նչ է Ձեր անունը։

-Աննա։

-Աննա ջան, ընդհանուր առմամբ ինձ մոտ գալու համար՝ այցելուներս նախօրոք հերթագրվում են, ես ժամ եմ նշանակում։ Դուք ինձ մոտ եկել եք առանց հերթագրման։ Ես սիրով Ձեզ հետ կաշխատեի, բայց հիմա ինձ մոտ մարդ պետք է գա, որի հետ նախօրոք ժամ եմ պայմանավորվել։ Արի Ձեզ ժամ նշանակեմ,-ասաց Արմենը՝ վեր կենալով ու մոտենալով համակարգչին,-վաղը՝ ժամը 17։00-ին, ես ազատ ժամ ունեմ, Ձեզ հարմա՞ր է այդ ժամին գալ ինձ մոտ։

-Այո, իհարկե,-ժպտալով շշնջաց Աննան։

-Շատ լավ։ Դե ուրեմն, պայմանավորվեցինք։

Արմենը վեր կացավ ու բարձր տրամադրությամբ ճանապարհեց Աննային։

***

Աննան, դուրս գալով Արմենի մոտից, հանեց սմարթֆոնն ու հավելվածով տաքսի պատվիրեց։ Մինչ տաքսին կմոտենար, նա որոշեց զանգահարել։

-Ալո, ես եմ,-ասաց Աննան։

-Հ՜ը, ի՞նչ արիր,-լսափողի մյուս կողմից անհամբեր ձայնով հարցրեց մի կին։

-Արեցի էնպես, ոնց որ Դուք էիք ասել։ Նա վաղը՝ ժամը 5-ին, ինձ այցի ժամ է նշանակել։

-Շատ լավ։ Դու քո գործն արեցիր։ Գնա՛ տուն։ Ընթացքում կապի մեջ կլինենք։

-Դե լավ, կապի մեջ,-պատասխանեց Աննան։

***

Հաջորդ օրը՝ նախատեսված ժամին, Արմենը անհամբեր սպասում էր Աննայի ժամանելուն։ Ինչքան ժամը մոտենում էր 17։00-ին, այնքան նրա սիրտը սկսում էր ավելի արագ բաբախել։ Պայմանավորված ժամից անցել էր 20 րոպե, բայց Աննան չկար։ Արմենին համակել էր տագնապը և սպասումը։

<<Ինչու՞ է ուշանում։ Պետք ա արդեն էստեղ լիներ։ Կարո՞ղ ա պրոպկաների մեջ ա>>,-մտածում էր՝ անհանգիստ այս ու այն կողմ գնալով։

Ժամն արդեն 17։45 էր։ Արմենը, թեև հասկանում էր, որ Աննան էլ չի գա, բայց շարունակում էր սպասել ու հուսալ։

<<Տեսնես ինչի՞ չեկավ։ Փոշմանե՞ց, թե՞ չկարողացավ գալ ինչ-ինչ պատճառներով։ Ախր ես պետք ա երեկ հետն աշխատեի, իսկ Կարենին հետ ուղարկեի։ Մեկ ա Կարենն ինձնից չէր նեղանալու, իսկ նա կարող ա նեղացել ա, որ իրեն հետ ուղարկեցի։ Պարզապես ցույց չտվեց>>,-մտքերի մեջ խորասուզվել էր Արմենը՝ շարունակ վերլուծելով ու փորձելով հասկանալ, թե ինչու Աննան չեկավ։

***

Անցավ երեք օր։ Արմենը, թեև առավոտից երեկո լարված աշխատում էր այցելուների հետ, բայց և այնպես Աննան նրա մտքից դուրս չէր գալիս։

Երեկոյան ժամը 22։00 էր, Արմենը տան էր։ Մտավ իր ֆեսյբուքյան էջը՝ փոքր-ինչ ցրվելու համար։ Եվ հանկարծ իր՝ Ֆեյսբուքում տեղադրած պատմության դիտողների թվում տեսավ Աննային։ Անհամբերությամբ մտավ Աննայի օգտահաշիվն ու տեսավ նրա հրապարակած նկարները։ Այդ պահին նրա ուղեղում ասես «քիմիական պայթյուն» տեղի ունեցավ․ ակտիվացան հաճույքի և պարգևատրման համակարգերը, ուղեղում ուժեղացավ դոֆամինային ակտիվությունը, իսկ ադրենալինի ու նորադրենալինի ազդեցությամբ նա զգաց հուզմունքի և էներգիայի անսովոր ալիք ։

Ուզեց ընկերության հայտ ուղարկել, բայց մի պահ կանգ առավ․

<<Մի րոպե, բայց ճի՞շտ է, որ ես նրան ընկերության առաջարկ ներկայացնեմ։ Էդպես ճիշտ չի, բոլորն ինձ են ընկերության հայտ ուղարկում, իսկ ես պետք է զիջե՞մ իմ դիրքերն այս աղջկա առաջ>>,-մտածեց ու որոշեց չուղարկել հայտը։ Բայց դրանից հետո սկսեց տանջվել, ընկավ լարվածության ու տագնապի մեջ։ Գիտակցությունն ու արժանապատվությունը թույլ չէին տալիս ընկերության հայտն ուղարկել, իսկ սիրտն ասես աղաղակում էր․<<Հայտն ուղարկի՛ր նրան, շու՛տ արա>>։

Վեր կացավ տեղից, դուրս եկավ պատշգամբ, մի քանի անգամ խորը շունչ քաշեց, ջուր խմեց, որպեսզի իր մեջ մարի րոպեական ցանկությունը։

<<Իսկ եթե գրեմ ու հարցնեմ, թե այն օրն ինչու՞ չեկավ։ Չէ՜, ստացվում ա, որ ես խնդրում եմ իրան, որ գա ինձ մոտ, այնինչ ինքը պիտի ինձ հետ կապվեր ու բացատրեր, թե ինչի չի եկել։ Բայց ինքը տենց բան չի արել։ Էդ նշանակում ա, որ փոշմանել ա ու ինձ մոտ չի գա>>,-մտածում էր Արմենը։

Որոշեց պառկել՝ քնելու։ Չկարողացավ քնել, զգաց, որ հետզհետե կրծքավանդակում ինչ-որ մի բան էր ծանրանում։ Դա Աննային գրելու հիվանդագին ցանկություն էր, որը րոպե առ րոպե ավելի էր ուժգնանում։

<<Էս հետս ի՞նչ ա կատարվում, ինչի՞ եմ ես տարվել էդ կնոջով։ Ախր նրան չեմ էլ ճանաչում։ Մի անգամ եմ տեսել ու շփվել, էն էլ շատ կարճ ժամանակով։ Էսպիսի բան երբեք ինձ հետ չի եղել։ Հա, ես նրան սիրահարվել եմ, բայց դա չպիտի էս ձևով արտահայտվեր>>։

Անցավ երկու ժամ, բայց Արմենն այդպես էլ չկարողացավ քնով անցնել։ Ի վերջո հիվանդագին ցանկությունը հաղթեց բանականությանը, ու նա արթնացավ, վերցրեց սմարթֆոնն ու սկսեց գրել․

<<Բարև Ձեզ Աննա։ Ես այն օրը Ձեզ սպասեցի, բայց Դուք չեկաք։ Ինչ-որ բա՞ն էր պատահել>>։

Գրեց ու ուղարկեց հաղորդագրությունը։

<<Արդեն ուշ գիշեր ա, ու ինքն էլ երևի քնած ա։ Առավոտը կտեսնի ու կպատասխանի, և ես դուրս կգամ էս անորոշությունից>>,-մտածեց ու թեթևացած պառկեց քնելու։ Անկողնում արդեն շատ հանգիստ էր զգում։ Տագնապը, վախը և անորոշության զգացումը անհետացել էին։

***

Արմենն արթնանալուն պես արագ վերցրեց սմարթֆոնը՝ ստուգելու, թե Աննան իր նամակին պատասխանե՞լ է։ Մտավ նամակների բաժինն ու երբ տեսավ, որ ստացել է պատասխանը, սիրտը բերկրանքից ու երանությունից կծկվեց։ Մի պահ վախենում էր բացել նամակն ու կարդալ, բայց ի վերջո սիրտ առավ, բացեց ու կարդաց։ Աննան նամակին պատասխանել էր հետևյալ կերպ․

<<Բարև Ձեզ, կներեք ես պետք է Ձեզ տեղյակ պահեի, որ չեմ գալու։ Այդ օրն անսպասելի գործեր ծագեցին, ու ես չկարողացա գալ։ Հիմա խառն եմ։ Էս երկու օրս գործերս կավարտեմ ու Ձեզ մոտ կգամ>>։

Նամակը կարդալուց հետո Արմենը վերջին տարիներին այդքան ուժեղ դրական էմոցիա չէր ունեցել, ինչպես հիմա ունեցավ։

<<Փաստորեն նա ոչ թե փոշմանել ա, այլ չի կարողացել գալ։ Դե բոլորիս մոտ էլ էդպես պատահում ա։ Շուտով նա կգա ինձ մոտ>>։

Դրանից հետո Արմենը լվացվեց, նախաճաշեց ու շատ բարձր տրամադրությամբ գնաց աշխատանքի։

***

Անցավ չորս օր։ Աննան չեկավ ու չգրեց։ Արմենը կրկին ակամայից ընկավ տագնապային հոգեհուզական վիճակի մեջ և տեղի տալով լարվածությանն ու հոգնածությանը՝ սկսեց գրել Աննային՝ հարցնելով նրա որպիսությունը և այն, որ սպասում է իրեն։ Աննան պատասխանում է, որ կարևոր գործով արտասահման է գնացել ու երբ վերադառնա, անպայման կգա Արմենի մոտ։ Դրանից հետո Արմենը կախվածություն է ձեռք բերում Աննային հաղորդագրություններ ուղարկելուց։ Ամեն անգամ նա առիթ ու պատճառ էր հորինում նրան գրելու համար՝ իբր անհանգստացած է նրա հոգեկան վիճակով ու խորհուրդներ տալիս։

Աննան Արմենի նամակներին միշտ պատասխանում էր ուշացումով, այն էլ այն ժամանակ, երբ վերջինս քնած էր լինում, որպեսզի իրենց մեջ ակտիվ նամակագրական երկխոսություն չսկսի։ Բացի այդ Աննան Արմենի երկարաշունչ նամակներին պատասխանում էր շատ կարճ ու սառը։

Բայց Արմենն այդ ամենը չէր նկատում, չէր վերլուծում։

Անցնում է մոտ մեկ ամիս։ Աննան սկսում է աստիճանաբար ավելի ջերմ պատասխանել Արմենի նամակներին ու ասում, որ շուտով կվերադառնա արտասահմանից ու անմիջապես կգա նրա մոտ։

Մի օր՝ հերթական նամակը գրելիս, Արմենը, տեղի տալով իր զգացմունքներին, ակնարկում է, որ զգացմունքներ ունի նրա հանդեպ։ Այդ պահից սկսած՝ Աննան այլևս նրա նամակներին սկսում է չպատասխանել՝ փակվելով ինքն իր մեջ։

Արմենն սկսեց իրեն մեղադրել այն նամակի համար, որով անուղղակի սեր էր խոստովանել Աննային։ Նա համոզված էր, որ ավելորդ շտապողականություն էր դրսևորել։

Տեսնելով, որ Աննան չի պատասխանում իր նամակներին, Արմենը որոշում է այլևս նրան չգրել։

Բայց հայտնվում է հոգեբանական ծանր ու անելանելի իրավիճակում։ Դա տագնապային-էմոցիոնալ կախվածություն էր, որն Արմենին հանգիստ չէր տալիս։ Ասես մեկը դանակով քերում էր հոգին, կորցրել էր հանգիստը։ Սկսել էր միշտ մտածել այդ կնոջ մասին։ Նրան գրելու ու փնտրելու հիվանդագին ցանկությունը չէր թողնում, որ նորմալ աշխատի ու զբաղվի իր առօրյա գործերով։

***

Հերթական աշնանային մռայլ ու դեպրեսիվ օրն էր Արմենի համար։ Աշխատանքից տուն վերադառնալով՝ փակվել էր իր սենյակում, մտածում էր Աննայի մասին ու տխրում։

Հնչում է սմարթֆոնի զանգը․ անծանոթ հեռահոսահամար էր։

-Ալո,-հոգնած ձայնով պատասխանեց Արմենը հեռախոսազանգին։

-Ալո, Արմեն, բարև,-լսափողի մյուս կողմից լսվեց մի անծանոթ կնոջ ձայն։

-Բարձ Ձեզ, ո՞վ է,-զարմացած հարցրեց Արմենը։

-Ես էդպես էլ գիտեի, որ տեղը չես բերի։ Արմեն, ես եմ՝ Քնարը։

Արմենն անսպասելիի եկավ։ Չէր պատկերացնում, որ այդ կինն իրեն կզանգահարի։ Քնարը նույնպես մեծ համբավ ունեցող հոգեթերապևտ էր Հայաստանում ու Արմենի հետ մրցակցում էր։ Նրանք լարված հարաբերություններ ունեին միմյանց հետ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Քնարը իր հարցազրույցներից մեկում քննադատեց Արմենի հոգեթերապևտիկ մեթոդները։ Դրանից հետո հետևեց Արմենի հրապարակավ պատասխանը, և այդ պահից սկսած նրանք ոխերիմ հակառակորդներ էին դարձել։

-Քնար, ինչի՞ ես զանգել, ի՞նչ ես ուզում,-կոպիտ տոնով հարցրեց Արմենը։

-Արմեն ջան, վերջիվերջո կին եմ, կարո՞ղ ես չէ մի փոքր մեղմ խոսել։

-Ասա, ի՞նչ ես ուզում, ես ժամանակ չունեմ․․․

-Լավ, ասեմ։ Արմեն, քեզ մոտ մի ամիս առաջ մի կին չի՞ եկել Աննա անունով,-հարցրեց Քնարը։

Արմենը զարմանքից քարացավ ու ապշեց այդ հարցից։ Մի պահ լեզուն կապ ընկավ ու չէր կարողանում խոսել։

-Հ՜ը, Արմեն, քեզ հարց տվի, կպատասխանե՞ս։

-Դու այդ կնոջը ճանաչու՞մ ես։

-Եթե չճանաչեի, չէի հարցնի իր մասին։ Ասա եկե՞լ ա քեզ մոտ, թե չէ։

-Ասենք թե եկել ա, հետո՞․․․

-Արմեն ջան, խնդրում եմ հարցիս կոնկրետ պատասխանիր՝ եկել ա, թե՝ ոչ,-համառեց Քնարը։

-Այո, եկել ա, բայց դու որտեղի՞ց գիտես, որ նա եկել ա ինձ մոտ։ Դու՞ ես նրան ուղարկել ինձ մոտ,-զարմացած ու միաժամանակ բարկացած հարցրեց Արմենը։

-Արմեն, սա հեռախոսի զրույց չի։ Կարա՞ս վաղը գաս ինձ մոտ խոսենք։

-Բայց էդ ի՞նչ գաղտնի բան կա, որ հեռախոսով չես կարող ասել։

-Գաղտնի բան չկա, պարզապես երբ որ քեզ ասեմ ճշմարտությունը, քեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջանալու։ Ճիշտը դեմ առ դեմ զրուցելն ա։ Արի՛ ինձ մոտ, ես քո բոլոր հարցերին կպատասպանեմ։ Նորից եմ կրկնում, էս հեռախոսի զրույց չի։

-Լավ, վաղը ո՞ր ժամին գամ,-հարցրեց Արմենը։

-Երբ քեզ հարմար է։

-Լավ, կգամ։

-Դե կսպասեմ։

-Լավ,-ասաց Արմենն ու ավարտելով հեռախոսազրույցը՝ մտքերի մեջ ընկավ․

<<Չհասկացա։ Սա որտեղի՞ց գիտի Աննայի մասին։ Չլինի հենց նա էր Աննային ուղարկել ինձ մոտ, ու էս ամենի հետևում էդ կեղտոտ ու վտանգավոր կին ա կանգնած։ Ախր ես ո՞նց Աննային նամակներ գրեցի։ Հիմա կարող ա Քնարը դրանք հրապարակել մամուլում ու սոցցանցերում։ Աննան երևի գործել ա Քնարի կարգադրությամբ, բայց հարցն էն ա, թե ի՞նչն ա ստիպել, որ նա խաղա Քնարի խաղը՝ փո՞ղը, հոգեբանական կախվածությու՞նը, թե շանտաժը․․․>>։

***

Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, Արմենը գնում է Քնարի գրասենյակը։ Մտնելով ներս՝ նրան դիմավորում է Քնարի օգնականը՝ Սոֆյան, ասելով․

-Բարև Ձեզ, պարո՛ն Կարապետյան, տիկին Քնարն ինձ ասել է, որ Դուք գալու եք, բայց ներկա պահին ինքը զբաղված է ու Ձեզ ընդունել չի կարող։ Խնդրում եմ մի փոքր սպասել, երբ որ ազատվի, ես Ձեզ կուղեկցեմ իր մոտ։

-Լավ,-դժգոհ տոնով ասաց Արմենը։

<<Սա հատուկ ա էսպես անում։ Իր դիշովի հոգեբանական պրիոմներից ա։ Իր մոտ մտնելուց առաջ փորձում ա ազդել իմ ենթագիտակցության վրա՝ իբր թե ինքն ինձնից կարևոր ա ու ես կախում ունեմ իրենից>>։

Քնար Պետրոսյանը, ով 44 տարեկան, կարճահասակ, փոքր-ինչ գեր, մազերը դեղին գույնով ներկած կին էր, իր աշխատասենյակում մենակ էր ու լարված սպասում էր։

Ներս է մտնում Սոֆյան, ով արդեն դիմավորել էր Արմենին՝ խնդրելով փոքր-ինչ սպասել։

Սոֆյան 30 տարեկան գեղեցիկ օրիորդ էր՝ միջահասակ, փոքր-ինչ նիհար, բայց սլացիկ կազմվածով, սպիտակ ու հարթ մաշկով, սև ու ալիքաձև մազերով ու նուրբ և համաչափ դիմագծերով։

-Քնա՛ր, նա եկել ա ու քեզ ա սպասում,-ոգևորված ու ուրախ տոնով ասաց Սոֆյան։

-Շատ լավ ա։ Թող հլա սպասի,-ինքնագոհ նստած ու աթոռով դանդաղ այս ու այն կողմ թեքվելով՝ ասաց Քնարը։

-Հատու՞կ ես անում, որ հունից դուրս գա ու ջղայնանա,-հետաքրքությամբ հարցրեց Սոֆյան։

-Սոֆյա, տենց հարցեր մի՛ տուր։ Մեկ ա էդ քո խելքի բանը չի։ Դու ավելի լավ ա գնա ու նրան ժպտալով սուրճ առաջարկիր։ Հա, չմոռանաս ներողություն խնդրել իրեն սպասեցնելու համար։

-Բայց ե՞րբ ես պատրաստվում ընդունել, քանի՞ րոպեից,-հարցրեց Սոֆյան։

-Աղջիկ ջան, էդ քո գործը չի։ Դու էստեղ գտնվում ես ոչ թե ինձ հարցեր տալու, այլ իմ ասածներն անելու համար։ Երբ պետք լինի, քեզ կասեմ։ Հիմա

ստեղից դուրս արիր,-բարկացավ Քնարը՝ ձայնը բարձրացնելով Սոֆյայի վրա։

Սոֆյան վախեցած դուրս եկավ։

Մոտ 30 րոպե էր, ինչ Արմենը սպասում էր։ Վեր կացավ նստած տեղից ու որոշեց գնալ, բայց հենց այդ պահին իրեն մոտեցավ Սոֆյան, ներողություն խնդրեց սպասեցնելու համար ու ասաց, որ Քնարը շուտով իրեն կընդունի։

Անցավ ևս 20 րոպե, բայց Արմենը դեռ նստած սպասում էր։ Բարկացավ ու որոշեց հեռանալ, բայց այդ պահին նրան մոտեցավ Սոֆյան ու աղերսագին տոնով ասաց․

-Պարո՛ն Կարապետյան, ներողություն եմ խնդրում, գիտեմ, որ շատ սպասեցիք։ Մի քանի րոպեից տիկին Քնարը Ձեզ կընդունի։

-Լսեք, ես ժամանակ չունեմ, հենց հիմա Ձեր ղեկավարին փոխանցեք, որ եթե հենց հիմա ինձ չընդունի, ես կգնամ,-բարկացած ասաց Արմենը։

-Խնդրում եմ սպասեք, ես հիմա մտնեմ իր մոտ, գամ։

Սոֆյան շտապում է Քնարի մոտ ու քիչ անց դուրս գալով նրա մոտից՝ Արմենին ուղեկցում է վերջինիս աշխատասենյակը։

Արմենը Սոֆյայի հետ ներս է մտնում։

-Սոֆյա, դու ազատ ես, դուրս արի,-ասաց Քնարը՝ դեմքով ցույց տալով դռան կողմը։

Սոֆյան արագ դուրս եկավ Քնարի աշխատասենյակից։

Մի պահ լռություն տիրեց, բայց դա սովորական լռություն չէր։ Ասես հակառակորդները մի պահ դադար էին վերցրել՝ միմյանց ուսումնասիրելու ու հոգեբանական մարտ սկսելու համար։

-Նստի՛ր, Արմե՛ն,-խախտեց լռությունը Քնարը։

Արմենը նստեց Քնարի սեղանի կողքին գտնվող աթոռին։

-Օգնականս քեզ սուրճ առաջարկե՞լ ա,-հարցրեց Քնարը։

-Հա, առաջարկել ա, բայց ես հրաժարվեցի, որովհետև ես չեմ եկել էստեղ սուրճ խմելու համար։ Ասա, ինչի՞ համար ես ինձ կանչել։

-Ես քեզ չեմ կանչել, այլ հրավիրել եմ, որ դեմ առ դեմ զրուցենք քեզ համար կարևոր ու նուրբ հարցի շուրջ,-ասաց Քնարը՝ հայացքով ուշադիր զննելով Արմենին։

Արմենը շատ հանգիստ էր պահում իրեն։ Շարժուձևի, հայացքի մեջ ոչ մի տագնապի կամ անհագստության նշաններ չկային, թեև սիրտն այդ պահին այնքան արագ էր աշխատում, որ թվում էր, թե հիմա դուրս կպայթի կրծքավանդակից։ Բայց այդ ամենը Քնարի համար տեսանելի չէր, քանի որ Արմենը գիտեր քողարկել իր հույզերը։

-Ես քեզ ուշադիր լսում եմ, Քնա՛ր, ասա։

-Խոսքն իմ այցելուներից մեկի՝ Աննայի մասին է,-սկսեց խոսել Քնարը,-ես բավարար կասկածներ ունեմ ենթադրելու, որ ինքը քեզ մոտ եկել ա։

-Կարո՞ղ ես ավելի պարզ խոսել։ Ի՞նչ ա նշանակում <<ես բավարար կասկածներ ունեմ>>։ Լավ, ասենք թե եկել ա ինձ մոտ։ Քե՛զ ինձ։

-Արմեն ջան, ինչու՞ ես էդպես թշնամաբար տրամադրված իմ հանդեպ։ Ճիշտ ա, մեր հարաբերությունները հարթ չեն, բայց վերջիվերջո դու իմ կոլեգան ես, ու ես չեմ ցանկանում, որ դու հայտնվես վատ ու ծիծաղելի վիճակում։

-Քնար, կա՛մ հենց հիմա նորմալ բացատրում ես, կա՛մ էլ ես դուրս եմ գալիս քո մոտից։ Ես հավես չունեմ քո խորհրդավոր ու բազմիմաստ խոսքերը լսելու,-վճռական տոնով ասաց Արմենը։

-Շատ լավ։ Ասեմ։ Մի քանի ամիս առաջ ինձ մոտ էր եկել Աննան՝ այն աղջիկը, որին դու փնտրում ես․․․

-Բայց դու ի՞նչ գիտես, որ ես նրան փնտրում եմ,-հարցրեց Արմենը՝ ընդհատելով Քնարին։

-Արմեն թույլ կտա՞ս ես իմ խոսքն ավարտեմ։

-Լավ, ասա։

-Ուրեմն՝ Աննան մի քանի ամիս առաջ եկել էր ինձ մոտ՝ հոգեբանական շատ ծանր վիճակում։ Իրենից հեռացել էր իր սիրած տղամարդը։ Եկել էր ինձ մոտ, որ օգնեմ, թե ինչպես հետ բերի նրան։ Չէր դիմանում բաժանման ցավին։ Ախր խենթի պես սիրում է նրան ու հանուն նրա պատրաստ է ցանկացած զոհողության։ Դե ախր չեմ մեղադրում ես էդ աղջկան։ Իր սիրած տղամարդը բավականին գեղեցիկ է՝ սպորտային կազմվածքով, բարձրահասակ։ Բացի դա էլ շրջապատում ու ընդհանրապես գողական աշխարհում բավականին հարգված ա։ Կանայք խենթանում էդպիսի ուժեղ անհատականություն ունեցող տղամարդկանցով։ Ճիշտ ա, ասում են, որ նման տղաների չեն սիրում, բայց իմ մասնագիտական փորձը ցույց ա տալիս, որ կանայք միշտ ընտրում են տղամարդկանց էդ տեսակին՝ <<վատ տղաներին>>, քանի որ նրանք հետաքրքիր են, անկանխատեսելի, ուժեղ հոգեպես ու ֆիզիկապես։

Արմենին Քնարի խոսքերը ուժեղ ցավ պատճառեցին, ու նրա ինքնավստահ շարժուձևը և դեմքի արտահայտությունը հօդս ցնդեցին։ Դեմքը սկսեց կծկվել, խամրել, հայացքը սկսեց փախցնել։

Քնարն անմիջապես դա տեսավ ու հասկացավ, որ հասավ իր ուզածին։ Հիմա Արմենն իր ազդեցության տակ էր գտնվում։ Միայն նա կարող էր հանել իրեն այդ ծանր հոգեվիճակից։

-Հետո՞,-շփոթված հարցրեց Արմենը։

-Դե հետո էն,-ոգևորված շարունակեց Քնարը՝ տեսնելով Արմենի շփոթվածությունն ու իր խոսքերի ազդեցությունը նրա վրա,- ես նրա հետ աշխատեցի։ Բայց համառ աղջիկ էր։ Իմ առաջադրանքները չէր կատարում։ Մի քանի անգամ գնացել ու բառիս բուն իմաստով ծնկաչոք աղաչել էր էդ տղային վերադառնալ։ Հետո սկսեց ատել նրան, ինքնագնահատականն էլ կտրուկ ընկել էր։ Նա շարունակ ինձ ասում էր, որ իր ինքնագնահատականը կվերականգնվի էն ժամանակ, երբ իրեն խենթի պես սիրահարվի մի շատ հայտնի տղամարդ։ Ես ասացի, որ պետք է հրաժարվել էդ գաղափարից, քանի որ ուրիշի զգացմուքների հետ խաղալը լավ բան չէ։ Բայց դե համառ աղջիկ է։ Մի անգամ, երբ իր հետ աշխատում էի, քո անունը տվեց, ասեց, որ եթե դու իրեն սիրահարվես, իր

ինքնագնահատականը կբարձրանա, ու դրանով կշոյվի նրա խոցված էգոն, բայց ես արգելեցի նրան մտածել էդ մասին։ Ախր ինչքան էլ չլինի դու իմ կոլեգան ես։ Հետո նա էլ չեկավ ինձ մոտ, անհետացավ։ Դրա համար էլ ես քեզ էսքան բան ասում եմ, որ իմանաս։

-Քնար, ճի՛շտն ասա։ Ինչի՞ համար ես դու ինձ կանչել քեզ մոտ։ Չեմ կարծում, թե կանչել ես սա պատմելու համար։ Միայն թե չասես, որ քո սիրտը ցավում ա ինձ համար։

-Լավ, Արմեն, դեսուդեն չեմ ընկնի ու կասեմ։ Ես գիտեմ, որ դու սիրահարված ես Աննային ու ուզում ես, որ նա քո կինը դառնա․․․․

-Բայց մի րոպե,-կրկին ընդհատեց Արմենը,-քեզ ո՞վ ասաց, որ ես սիրահարվել եմ նրան ու ուզում եմ, որ նա իմ կինը դառնա։

-Արմեն ջան, դու մոռանում ես, որ ես Հայաստանի լավագույն հոգեթերապևտն եմ ու կարդում եմ ցանկացած մարդու։ Ո՜վ ասաց՝ քո դեմքն ասաց։ Մենք՝ կանայքս, ամեն ինչ զգում ու տեսնում ենք։ Կարող ես ոչինչ չասել․․․․ Ես կարող եմ էնպես անել, որ ինքը սիրահարվի քեզ ու մոռանա էդ տղային։

-Բայց դու էսքան ժամանակ չես կարողացել էնպես անել, որ նա մոռանա էդ տղամարդուն, հիմա ո՞նց ես կարողանալու դա անել,-հարցրեց Արմենը՝ քմծիծաղ տալով։

-Էդ թող ինձ վրա,-հաստատակամ ասաց Քնարը։

-Բայց դու հենց էնպես դա չես անի, փոխարենը շատ թանկ գին կպահանջես դրա դիմաց,-նկատեց Արմենը։

-Արմե՛ն, քեֆս գալիս ա խելոք մարդկանց հետ գործ ունենալուց։ Այո, ճիշտ ես։ Գինն էն ա, որ դու պիտի հրապարակավ հայտարարես, որ այլևս չես զբաղվելու հոգեթերապևտիկ աշխատանքով ու ընդհանրապես ոչ մի հոգեբանական ծառայություն չես մատուցելու մարդկանց։ Դու պիտի հեռանաս, մաքրես դաշտն ինձ համար։ Հավատա, կյանքում կինն ավելի թանկ ա ու կարևոր տղամարդու համար, քան իր կարիերան։ Տղամարդն իր մասնագիտական գործունեությունից չի կարա ստանա էն էներգիան,

ինչ ստանում ա սիրած կնոջից։ Էնպես որ ես քեզ շատ լավ առաջարկ եմ անում՝ քեզ շահավետ առաջարկ։

Այդ առաջարկը ցնցեց Արմենին։ Անմիջապես արթնացավ նրա սառը դատողությունը։

-Դու հասկանու՞մ ես, թե ի՞նչ ես առաջարկում։ Քեզ էլ թվում ա, որ ես պիտի համաձայնվե՞մ, ա՛յ հիմար կին,-գոռաց Արմենը, այնուհետև վեր կացավ, արագ դուրս եկավ Քնարի աշխատասենյակից և հեռացավ գրասենյակից։

-Արմեն տղա, ծնկաչոք գալու ես ինձ մոտ ու ասես, որ համաձայն ես։ Այ, հիշի՛ր իմ ասածները,-Արմենի հետևից բարկացած բացականչեց Քնարը։

***

Դուրս գալով Քնարի գրասենյակից՝ Արմենը շտապեց իր ավտոմեքենան։ Նստեց, բայց որոշեց չվարել ավտոմեքենան, քանի որ շատ զայրացած էր ու հոգեբանորեն ծանր վիճակում էր։

<<Հլա դրան նայի։ Կանչել ա ինձ ու տենց բան ա առաջարկում։ Չէ, էս կնիկը լրիվ ցնդել ա։ Իրեն թվում ա, թե իր մի երկու սուտի հոգեբանական հնարքները կարա աշխատացնի ինձ վրա։ Տո դու էլ, Աննան էլ․․․Ես Հայաստանի լավագույն մասնագետն եմ։ Բոլորի հոգիների ու նյարդային համակարգերի պուլտը ինձ մոտ ա․․․ Արմեն, ուշքի՛ արիր։ Քեզ մանիպուլացնում են։ Սա կեղտոտ կանացի խաղ ա։ Փաստորեն էս ամենի հետևում Քնարն ա կանգնած եղել։ Նա միտումնավոր էդ կնոջն ուղարկել ա ինձ մոտ․․․․Հետո նրա ուշացումով ու կարճ նամակները․․․․ Դա նախօրոք լավ ծրագրավորված դոֆամինային ծուղակ էր ինձ համար։ Լավ, ես հիմա առաջին հերթին պիտի հանգստանամ, ուշքի գամ այս հոգեբանական հարվածից։ Հենց հիմա կգնամ իմ օֆիս ու էսօրվա բոլոր այցերը կչեղարկեմ։ Դրա փոխարեն կնստեմ ու կաշխատեմ ինձ վրա՝ օգտագործելով իմ գիտելիքները հոգեթերապիայից։ Այսօր ժամանակակից

հոգեբանությունում ու հոգեթերապիայում կան բազմաթիվ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս հաշված րոպենների ընթացքում ազատվել կնոջ հանդեպ զգացմունքային կախվածությունից, իսկ ես այդ մեթոդների կիրառման լավագույն մասնագետն եմ>>,- մտածեց, հետո ամրագոտին կապելով՝ գործի դրեց ավտոմեքենայի շարժիչն ու շարժվեց դեպի իր աշխատատեղ։

***

Արմենի գնալուց հետո Սոֆյան, հետաքրքությունից այրվելով, մտնում է Քնարի մոտ։

-Վա՜խ, Քնար, ես լսում էի, թե ի՛նչ էիր նրան ասում,-հիացմունքով բացականչեց Սոֆյան։

-Ախ դու սատանա, փաստորեն դու մեր ամբողջ զրույցը լսել ես։ Քեզնից պիտի սկսեմ զգուշանալ,-կատակեց Քնարը։

-Ախր շատ հետաքրքիր էր,-ասաց Սոֆյան ու շարունակեց,-ինձ տպավորեց էն պահը, երբ դու հորինեցիր էն գողական տղամարդու պատմությունը։ Փաստորեն դու դրանով հասկացրիր, որ Աննան խելագարվում ա մեկի համար, ով ամբողջովին Արմենի հակապատկերն ա։ Էդ լուրջ հարված ա տղամարդու համար։ Հատկապես թույն էր էն պահը, որ ասցիր, որ աղջիկները սիրում են <<վատ տղաներին>>։

-Բայց աղջի, ճիշտ եմ ասել, տե՞նց չի։

-Չէ, օրինակ ես սիրում եմ խելոք տղաների, խուլիգան տղաներից զզվում եմ։

-Դե պարզ ա, որ տենց ես ասելու, բայց իրականում ուրիշ ձև ես մտածում։

-Չէ, ես ուրիշ ձև չեմ մտածում։ Ինձ դուր են գալիս խելոք տղաները։ Ես ուրիշ հիմար կանանց նման չեմ։

-Դե լավ, աղջի, գլուխդ մի՛ գովա,-նկատեց Քնարը։

-Բայց կարծու՞մ ես, որ նա կփոշմանի ու կգա քեզ մոտ,-հարցրեց Սոֆյան։

-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ,-վստահ ասաց Քնարն ու շարունակեց,-ես շատ լավ եմ ուսումնասիրել Արմենի հոգեբանական կերպարը, կռահում եմ, թե նա մանկության տարիներին ինչ հոգեբանական տրամվաներ ա ստացել։ Նա խառնվածքով մելանխոլիկ ա, ինտրովերտ, ունի թույլ նյարդային համակարգ։ Հենց դրա համար էլ նա ընտրել է հոգեթերապևտի մասնագիտությունը, որպեսզի կարողանա հաղթահարել իր բարդույթներն ու վախերը։

-Բայց դու որտեղի՞ց գիտես նրա վախերի ու տագնապների մասին,-հետաքրքրությամբ հարցրեց Սոֆյան։

-Դրա մասին ինձ պատմել ա իր դասախոսներից մեկը։

-Դե տարիներ ա անցել, հիմա նա կայացած տղամարդ ա ու երևի հաղթահարել ա իր վախերը,-նկատեց Սոֆյան։

-Իսկ ես հակառակումն եմ համոզված։

-Փաստորեն, ըստ քեզ, նա գալու ա ու ասի, որ համաձայն ա, որ ինքը հրաժարվի իր մասնագիտական գործունեությունից հանուն Աննայի՞,-ասաց Սոֆյան։

-Այո, հենց էդպես էլ լինելու ա։

-Բայց ինչքան էլ չլինի նա հոգեբան ա ու գիտի, թե նման դեպքերում ինչպես վարվել, ինչպես մոռանալ սիրած կնոջը,-նկատեց Սոֆյան։

-Աղջիկ ջան, քեզ թվում ա, թե ես էդքան բանը չեմ հասկանում,-բարկացավ Սոֆյայի վրա Քնարը,-կարծու՞մ ես ինձնից դու խելոք ես։

-Չէ, Քնար ջան․․․,-շփոթված ու կարկամած ասաց Սոֆյան։

-Այո, նա գիտի շատ հնարքներ կնոջ հուզական կախվածությունից ազատվելու համար ու նա դրանք կկիրառի, բայց ողջ հարցի նրբությունը նրանում ա, որ էդ հնարքները աշխատում են միայն զրո կոնտակտի դեպքում։

-Այսի՞նքն,-հետաքրքությամբ հարցրեց Սոֆյան։

-Այսինքն էն, որ եթե կնոջը մոռանալու համար հատուկ հոգեբանական ու հոգեթերապևտիկ մանիպուլացիաներ ես անում, այդ ժամանակահատվածում դու այդ կնոջը չպետք է տեսնես, հակառակ դեպքում ողջ աշխատանքը ջուրն ա թափվում, ու ամեն ինչ պետք ա սկսել նորից,-պատասխանեց Քնարը։

-Պարզ ա։ Այսինքն՝ եթե էդ ժամանակահատվածում նա տեսնի իր սիրած կնոջը, մեթոդները ոչ մի օգուտ չե՞ն տա։

-Այո, քանի որ եթե թեկուզ մի անգամ էլ նրան տեսնի, ուղեղը, այսպես ասած, կպարգևատրվի, դոֆամինի հսկայական չափաբաժին կարտազատվի։ Դրանից հետո կրկին կզգա ուժեղ դոֆամինային քաղց, իսկ նրա ուղեղը գիտի, որ միայն նրա մասին մտածելով, նրա նկարները տեսնելով, նրա հետ հանդիպելով ու զրուցելով կարող ա էդ քաղցը լրացնել։

-Ես էդ մասին չգիտեի,-զարմացած ասած Սոֆյան։

-Տեսնու՞մ ես աղջի, ինչքան բան ես անվճար սովորում ինձանից։ Հլա դրա փոխարեն էլ ես եմ քեզ աշխատավարձ եմ տալիս,-կատակեց Քնարը։

-Ստացվում ա, որ դու էս օրերս պիտի զանգես Աննային ու ասես, որ գնա Արմենի մոտ,-նկատեց Սոֆյան։

-Չէ, Աննան չի գնա Արմենի մոտ։ Դա շատ մեծ սխալ կլինի։ Տես, թե հիմա ինչ ա կատարվում։ Աննայի ձգողականության ուժի հիմնական գաղտնիքներից մեկը նրա անհասանելիությունն ա Արմենի համար։ Նա, երբ իմացավ, որ Արմենը զգացմուքներ ունի իր հանդեպ, հեռացավ։ Նա դարձավ անհասանելի։ Ես այսօր մի քանի անգամ մեծացրի Աննայի անհասանելիությունը՝ ասելով, որ նա սիրում է այլ տղամարդու, այն էլ՝

Արմենից շատ տարբերվող։ Պատկերացնու՞մ ես՝ էստեղ ի՞նչ հոգեբանական թակարդ կա։ Ես Աննային կասեմ, որ էս երկու օրս էնպես անի, որ Արմենն իրեն պատահաբար տեսնի։

-Բա եթե մոտենա ու զրուցի՞ հետը,-անհամբեր հարցրեց Սոֆյան։

-Չէ, չի մոտենա։ Արմենն ամաչկոտ տղամարդ ա, բացի դա էլ նա ուզում ա մոռանալ Աննային, հետևաբար ինչի՞ պիտի մոտենա նրան։ Նա այդքան հիմար չի, հասկանում ա, որ եթե մոտենա, կրկին կընկնի Աննայի ծուղակը։ Հետևաբար պետք ա էնպես անել, որ նա Աննային պատահաբար հանդիպի։

-Իսկ եթե Արմենը հետաքրքրվի Աննայի մասին ու իմանա նրա կյանքի վերաբերյալ ողջ ճշմարտությունը,-հարցրեց Սոֆյան։

-Չի իմանա, քանի որ Արմենը գիտի միայն նրա անունը, իսկ սոցցանցերում Աննան ջնջել ա իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները։ Դե Երևանն էլ մեծ քաղաք ա։

-Իսկ եթե, այնուամենայնիվ, իմանա,-հարցրեց Սոֆյան։

-Եթե իմանա ճշմարտությունը, մեր խաղն ավարտված ա, քանի որ Աննայի նկատմամբ հետաքրքրությունը կընկնի։ Մարդու ուղեղն այնպիսին է, որ իրեն հուզում, մտահոգում, հետաքրքրում են էն բաները, ինչը ինքը չգիտի, իր համար առեղծվածային ա, բայց երբ իմանում է ողջ ինֆորմացիան, դրանով օբյեկտը կորցնում ա իր հետաքրքությունը, ուղեղը դադարում է այլևս նրա մասին մտածելուց։

-Վա՜խ Քնար ջան, էդ ինչքան լավ բաներ գիտես։ Կուզենայի քո չափ բան իմանայի,-ասաց Սոֆյան՝ հիացած Քնարի գիտելիքներից։

-Էնպես որ աղջի, երբ ընկեր ունենաս, միանգամից ամբողջ ճշմարտությունը քո մասին չպատմես։ Ասա միայն դրա 10 տոկոսը, մնացածը թող ինքը փորձի պարզել։ Էդ ընթացքում ինքը կփորձի հասկանալ ողջ ճշմարտությունը քո մասին ու դա կլինի նրա ծուղակը, քանի որ ինչքան դու անհայտ լինես իրա համար, էնքան հետաքրքիր ու առեղծվածային կլինես։

***

Աշխատասենյակ վերադառնալուն պես Արմենը զանգահարում ու չեղյալ է համարում իր այդ օրվա ընդունելությունները։ Հետո բազմոցին մի քիչ պառկելուց ու մարմինը հանգստացնելուց հետո, վեր է կենում, նստում աթոռին՝ սեղանի շուրջը։ Վերցնում է թուղթ ու գրիչը և բարձրաձայն սկսում մտածել․

<<Էսպես, ես հիմա կհասկանամ, թե ինչու էսպես ստացվեց ինձ մոտ, ինչի՞ էմոցիոնալ կախվածություն առաջացավ ինձ մոտ դեպի էդ կինը։ Մինչև ես էդ չհասկանամ, չեմ կարող էս ամենը հաղթահարել։ Ուրեմն՝ նա խոսում էր ցածր ձայնով։ Նա ասաց, որ հիացած ա ինձանով ու դա ասաց ցածր և հաճելի ձայնով։ Ցածր և մեղմ ձայնը ուղեղի կողմից ընկալվում է որպես մտերմության և վստահության ազդանշան։ Ուղեղը ստանում է հաճույքի ազդակ, ինչը ստիպում ա տղամարդուն կրկին ու կրկին ցանկանալ լսել էդ ձայն։ Բացի էդ էլ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կնոջ ցածր ձայնն ակտիվացնում ա տղամարդու պարասիմպաթիկ համակարգը։ Տղամարդու ուղեղի համար կնոջ ցածր ու հաճելի ձայնը դառնում ա կենսաբանական ազդանշան, որն ասում ա՝ «դու անվտանգության մեջ ես, կարաս թուլանալ»։ Էս ուժեղագույն նևրոլոգիական խարիսխ ա։ Դրան գումարվում ա գեղեցիկ արտաքինն ու կարճ շրջազգեստը՝ ընդգծելով իրա գեղեցիկ ոտքերը։ Ստացվում ա, որ դրանից ակտիվացել ա իմ ուղեղի հաճույքի կենտրոնները։ Դրանից հետո նա հեռացավ՝ խոստանալով վաղը գալ, բայց չեկավ։ Առաջացավ սպասում ու լարվածություն, իսկ ուղեղս հաճույքի իր չափաբաժինն էր ուզում։ Սպասումն ու լարվածությունը կախվածություն են առաջացնում։ Հետո ես գրեցի նրան ու նա պատասխանեց։ Տեղի ունեցավ անսպասելի պարգևատրում, ինչու՞ անսպասելի, քանի որ ես կարծում էի, որ նա փոշմանել ա ու էլ ինձ մոտ չի գա։ Դրանից հետո սկսվեց

հաղորդագրությունների ուղարկումը նրան, որը տևեց մեկ ամիս։ Նա միտումնավոր ուշ էր պատասխանում, որպեսզի ինձ մոտ սպասում առաջանա, դե սպասումից էլ դոֆամին է արտադրվում։ Հետո սառնություն, իսկ վերջում անսպասելի ջերմություն ու հեռացում։ Նա արդեն դարձավ անհասանելի։ Սա մաքուր Քնարի ձեռագիրն ա։ Նա ամեն ինչ շատ լավ էր հաշվարկել, գիտեր իմ թույլ կողմերը, ուսումնասիրել էր իմ ներաշխարհը։ Հիմա ես պետք ա անեմ հետևյալ՝ ջնջեմ նամակները, սկսեմ օգտագործել հոգեթերապևտիկ մեթոդների իմ ողջ զինանոցը, էդ թվում ՆԼԾ պատկերային վարժությունները, մասնավորապես հուզական կապերի դիսոցիացիան և ռեկոնսոլիդացիան, արգելափակեմ նրա սոցիալական էջը, որպեսզի իմ մեջ մարի նրանից նամակ ստանալու հույսը, չնայեմ նրա նկարները, նրա հետ հանդիպում չփնտրեմ։ Չպետք ա վերլուծեմ նրա արարքներն ու էդպես վարվելու շարժառիթները։ Ամեն օր՝ 30 րոպե, պետք ա ժամանակ հատկացնեմ նրան կորցնելու ցավը զգալու ու վերապրելու համար։ Էդ ամենակարևորն ա։ Բացի էդ էլ պիտի սկսեմ սպորտով զբաղվել, շատ զբոսնեմ արևոտ եղանակին՝ սերոտոնինի մակարդակը բարձրացնելու համար։ Բայց ախր ամբողջ խնդիրն էն ա, որ էս ամենը անելու համար ես պետք ա իմ առօրյա գործերը վեր դնեմ 1-3 ամսով, բայց նման ճոխություն ինձ թույլ տալ չեմ կարող։ Ի՞նչ անեմ․․․․>>։

Հնչում է սմարթֆոնի հեռախոսազանգը․

-Ալո,-պատասխանեց Արմենը։

-Ալո, բարև Ձեզ, պարո՛ն Կարապետյան։ Ձեզ մոտ այսօր ընդունելության կար՞ող ենք գրանցվել,-հարցրեց անծանոթ երիտասարդ աղջկա մի ձայն։

-Ոչ, ես այսօր ընդունելություն չեմ անում։

-Իսկ ե՞րբ կարող եմ գալ Ձեզ մոտ։

-Վաղը զանգեք ինձ, ես օր ու ժամ կնշանակեմ։

-Դե լավ։

-Բարի,-պատասխանեց Արմենը՝ ավարտելով հեռախոսազրույցը։

***

Երևանում խորն աշուն էր։ Սոֆյան, նստած զբոսայգու նստարաններից մեկում, սպասում էր Աննային։ Վերջինիս հետ ժամ էր պայմանավորվել հանդիպման համար։

Նախատեսված ժամից անցել էր 10 րոպե, բայց դեռ Աննան չկար։

<<Սա ինչի՞ ա ուշանում։ Իրեն ինչի՞ տեղ ա դրել։ Հոգնել եմ էս ցնդած Քնարի հանձնարարությունները կատարելուց։ Էդ կինը քանի գնում, էնքան խելքը քցում ա։ Մարդ մի նորմալ գործ կարողանար գտնել, դրա մոտից դուրս գար։ Բայց ախր հիմա չեմ կարող դուրս գալ։ Խեղճ ծնողներս աղբորս պարտքերը փակելու համար վարկ են վերցրել։ Եթե ես չաշխատեմ, չենք կարա ապրենք>>,-մտածում էր Սոֆյան։

-Պրիվետ,-գալիս է Աննան՝ բարձր տրամադրությամբ ողջունելով Սոֆյային։

-Բարև, ինչի՞ ուշացար,-դժգոհ ասաց Սոֆյան։

-Դու չգիտե՞ս, թե էս քաղաքում ի՞նչ պռոբկայա։ Ավտոբուսն էլ մի ժամ ճանապարհ ա գալիս։

Սոֆյան պայուսակից մի ոսկեգույն ծրար հանեց ու տվեց Աննային։

-Վերցրու, էստեղ էնքան ա, ինչքան դու ու Քնարը պայմանավորվել եք։ Աննան ուրախ վերցնում է ծրարը, բացում, հաշվում գումարն ու ասում։

-Ամեն ինչ տոչնի ա։

-Քնարն ասում ա , որ մի 2-3 օրից դու պետք ա նենց անես, որ փողոցում կամ չգիտեմ մի ուրիշ տեղ Արմենը պատահաբար քեզ տեսնի,-տխուր ասաց Սոֆյան։

-Փողին մունաթ, Սոֆյա ջան։ Կանենք, ոնց պետք ա։

-Աննա, քեզ կարո՞ղ եմ մի հարց տալ, բայց մեր մեջ պիտի մնա, Քնարը չպիտի իմանա,-անսպասելիորեն հարցրեց Սոֆյան։

-Հարցրու,-զարմացած ու մի փոքր էլ վախեցած ասաց Աննան։

-Խիղճդ չի՞ տանջում, որ հանուն փողի էդ տղամարդու հետ տենց ես վարվում։

-Չհասկացա։ Բայց ես իրեն ի՞նչ եմ արել որ։ Ես իրեն հավատարմության, սիրո ու ոչ էլ ամուսնության խոստում չեմ տվել։ Ինքն ա ինձ կպել։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դա իմ վրա սիրահարվել ա։ Թող չսիրահարվեր։

-Հա, էդ հասկացանք, բայց դու գիտես, որ Քնարը ցանկանում ա իրեն վնաս տա քո միջոցով։

-Ես իմ փողի տերն եմ։ Էդ տղամարդու ու Քնարի հաշիվներն ինձ բացարձակապես հետաքրքիր չեն։ Ես չէի պատկերացնում, որ Արմենն էդքան հարիֆ տղամարդ ա։ Երբ հարցազրույցները տեսնում ես, ասում ես, էս ի՜նչ լուրջ ու հասուն ա, բայց պարզվում ա, որ իրական կյանքում ինքը թուլամորթ ու կին չտեսած տղամարդ ա։

<<Արմենը սրա մեջ ի՞նչ ա գտել, որ սիրահարվել ա։ Սա ո՛չ խելք ունի, ո՛չ մակարդակ, ո՛չ էլ հոգի։ Տղամարդիկ կույր են, չեն տեսնում, թե ում են սիրահարվում>>,-մտածեց Սոֆյան՝ զգալով, որ հետզհետե իր մեջ հակակրանք ու ատելություն է ձևավորվում Աննայի հանդեպ։

-Դե լավ, ես գնացի։ Քնարին ասա, որ ամեն ինչ կանեմ ոնց պետք ա,-ասաց Աննան՝ վեր կենալով տեղից ու Սոֆյայից հեռանալով։

Սոֆյան չէր շտապում հեռանալ։ Ընկել էր մտածմունքերի մեջ։ Հանկարծ զգաց, որ նախանձում է Աննային։ Նախանձում է նրա համար, որ իրեն սիրահարվել է Հայաստանի ամենահայտնի, խելացի ու կրթված տղամարդկանցից մեկը, թեև նա ոչ մի արժանիք չուներ։ Իսկ իրեն վաղուց է, ինչ ոչ ոք չէր նկատում։ Նա ընկեր չուներ, ամուսնացած չէր, քանի որ վերջին անգամ իրեն սեր խոստովանել էին հեռավոր ուսանողական տարիներին։ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նա ժամանակ չի ունեցել իր

կյանքը դասավորելու։ Լծվել էր իրենց ընտանեկան խնդիրները լուծելուն՝ հոգ տանելով ծնողների ու թեթևամիտ եղբոր մասին։

***

Ուշ երեկո էր։ Սոֆյան, պառկած իր անկողնում, սմարթֆոնն էր թերթում։ Քունը չէր տանում։ Մտավ Արմենի սոցիալական ցանցերի էջերը, մի պահ ուզեց հավանել նրա նկարները, բայց չարեց․ վախեցավ, որ Քնարը կարող է տեսնել։ Հետո մտավ նրա յութուբյան ալիքը, սկսեց դիտել Արմենի տեսանյութերը։ Մարմինը սկսեց թուլանալ, ու ջերմություն զգաց։ Շուտով նրան համակեց խաղաղության, անհոգության զգացումը, հետո դրան փոխարինելու եկավ հաճույքի ուժեղ զգացողությունը։

Սոֆյան երբեք իրեն այդպես լավ չէր զգացել, վերջին տարիներին այդպիսի ուժեղ դրական ու հաճելի էմոցիաներ չէր ապրել։

Առավոտյան արթնացավ։ Իրեն զգում էր գերազանց, բայց և նկատեց, որ իր միտքն արդեն զբաղված էր Արմենով։ Նրա պատկերն ասես գաղտագողի սողոսկել էր Սոֆյայի ուղեղի մեջ, ու դա հաճույք էր պատճառում նրան։

***

Երևանում կեսօր էր։ Արմենը, դուրս գալով իր գրասենյակից, գնաց խանութ՝ իր համար ուտելու բան գնելու։ Խանութից դուրս գալուց հետո հանկարծ դեմդիմաց տեսավ Աննային։ Քարացավ ու շփոթվեց։ Սրտի զարկերը միանգամից արագացան, զգաց ադրենալինի և դոֆամինի ուժեղ շարժ մարմնում։ Աննան, ձևացնելով իբր չի նկատում Արմենին, արագ հեռացավ։

<<Գրողը տանի, էս երկու օրվա ամբողջ աշխատանքս ջուրն ընկավ։ Սա լավ չէր, որ նրան տեսա։ Հիմա նորից պետք ա զրոյից սկսեմ։Բայց չեմ հավատում, որ ես իրան պատահական տեսա։Երևի Քնարն ա իրան սովորեցրել, որ միտումնավոր ինձ հանդիպի։ Քնարը գիտի, որ ես հիմա աշխատում եմ Աննային մոռանալու համար, հատուկ վարժություններ եմ անում։ Դրա համար էլ նա էնպես արեց, որ ես իրեն հանդիպեմ։ Քնարը շատ լավ գիտի, որ դա կզրոյացնի իմ ամբողջ աշխատանքը։ Չգիտեմ, թե ինչի ա էդ հիմար կնոջը թվում, թե ես պետք ա իր առաջարկն ընդունեմ։ Ես էդքան թուլամորթի նմա՞ն եմ>>,-ընկել էր մտածմունքերի մեջ Արմենը։

Վերադարձավ իր աշխատասենյակ, հաց կերավ, սուրճ խմեց, բայց միտքն արդեն ալեկոծված էր։ Ուղեղը դոֆամինի իր հսկայական չափաբաժինն էր ուզում ստանալ Աննայից։ Զգաց, որ հոգին ցավում է, ցավում է ատենալի ցավով։ Ասես մեկը թրով ծվատում էր մարմինը։ <<Բայց կարո՞ղ ա Աննան չգիտի Քնարի մտադրությունների մասին, կարո՞ղ ա Աննան նույնպես զոհ ա էս պատմության մեջ, կարո՞ղ ա էդ տղամարդու պատմությունը սուտ ա, ու Քնարը միտումնավոր ա հորինել։ Գրողը տանի ի՞նչ եմ ես անում։ Ախր հայտի հոգեբանները հստակ դիրքորոշում են արտահայտել, որ կյանքում մեկին մտքիցդ հանելու համար չպետք է վերլուծես, դրանով կրկին ընկնում ես հոգեբանական ծուղակի մեջ։ Չէ, ինձ հետաքրքիր չի, թե Աննան ինչ գիտի կամ ինչ չգիտի։ Ես չեմ մտածի ու չեմ վերլուծի։ Էդ իմ պրոբլեմը չի>>։

Արմենը նստեց ու կրկին սկսեց կիրառել իր հոգեթերապևտիկ հնարքները։ Մոտ 30-40 րոպե իր վրա աշխատելուց հետո ահագին թեթևացած զգաց։

Բայց դա ժամանակավոր թեթևություն էր։ Մինչև ուշ երեկո այցելուներ ընդունելով ու նրանց հետ աշխատելով, Արմենն ուժեղ հոգնածություն

զգաց։ Բացի այդ էլ մոտը տրամադրության կտրուկ անկում էր, քանի որ լսել էր իր այցելուներից մեկի տխուր ու դաժան պատմությունը, ապրումակցել նրան՝ բացասական էմոցիաները վերցնելով իր վրա։

Զգաց, որ էլ չի դիմանում բացասական հույզերին։ Աննան, և միայն Աննան կարող էր իրեն այդ ծանր հոգեվիճակից հաներ, բարձրացներ տրամադրությունը, կյանքը ներկեր վառ գույներով։

Վերցրեց սմարթֆոնը։ Էլ չէր դիմանում։ Ուզում էր զանգահարեր Քնարին ու ասեր, որ պատրաստ է ընդունել նրա պայմանները, միայն թե ստանա Աննային։

Մոտ մի րոպե սմարթֆոնը մնաց ձեռքում։ Հիվանդագին ցանկությունն ականջներում աղմկում էր․<<Զանգիր Քնարին, միայն նա կարող է էնպես անել, որ դու հասնես Աննային>>։

Բայց հենց այդ վճռական պահին իր մեջ անսպասելիորեն արթնացավ տղամարդկային արժանապատվությունն ու կարգապահությունը․<<Մի րոպե, ես ի՞նչ եմ անում։Ես չպիտի տեղի տամ ուղեղիս ցանկություններին։ Ուղեղս թքած ունի իմ վրա, ինքն ուզում ա իր դոֆամինի չափաբաժինը, մնացածն իրան հետաքրքիր չի։ Չէ, ես չեմ անի դա։ Ավելի լավ ա մեռնեմ, բայց էդ քայլին չեմ գնա>>։

***

Անցավ մեկ շաբաթ։ Այդ ընթացքում Արմենը մեկ անգամ ևս տեսավ Աննային, սակայն կարողացավ իրեն տիրապետել․ չմոտեցավ, նրան չգրեց ու չդիմեց Քնարին, թեև նա գերմարդկային ճիգեր էր գործադրում իրեն զսպելու համար։

Առավոտ էր։ Երևանում անձրևում էր։ Արմենը, տանից դուրս գալով, իր ավտոմեքենայով գնում էր գրասենյակ։ Խցանումների պատճառով որոշեց այլ ճանապարհով տեղ հասնել։ Անձրևը հետզհետե ուժեղանում էր։ Հանկարծ կանգնառներից մեկում տեսավ Սոֆյային, որը ցրտից կուչ էր եկել ու դողում էր։ Կանգնեց ու իջեցնելով դռան ապակին՝ ասաց․

-Եկեք Ձեզ տանեմ։

Սոֆյան զարմացավ, երբ տեսավ, որ Արմենն անձրևին կանգնեց ու իրեն հրավիրեց նստել ավտոմեքենան։

-Չէ, մերսի։ Ուր որ ա ավտոբուսը կգա,-մերժեց Սոֆյան։ Արմենն ավտոմեքենայից դուրս եկավ ու մոտեցավ Սոֆյային։

-Ավտոբուսը կարող ա ուշանա։ Ես տեսնում եմ, որ Դուք մրսում եք։ Եկեք տանեմ։ Մի՛ մտահոգվեք, Քնարը չի իմանա, որ իմ ավտոմեքենան եք նստել։

Տեսնելով, որ Արմենը համառում է, Սոֆյան համաձայնեց ու նստեց Արմենի ավտոմեքենան։

-Ես հիմա կմիացնեմ ավտոմեքենայի փեչը, ու Դուք կտաքանաք։

-Շատ շնորհակալ եմ,-ուրախ ասաց Սոֆյան։

-Ձեզ Քնարի օֆիս տանեմ, չէ՞։

-Հա, աշխատանքի եմ գնում․․․Իսկ Դուք որտե՞ղ եք գնում,-հետաքրքությամբ հարցեց Սոֆյան։

-Ես էլ եմ աշխատանքի գնում,-պատասխանեց Արմենը։

-Բայց ախր Ձեր գրասենյակը քաղաքի ուրիշ կողմում ա,-նկատեց Սոֆյան։

-Գիտեմ։ Պատահաբար Ձեզ ճանապարհին տեսա։ Որոշեցի Ձեզ աշխատանքի հասցնել։ Ձեզ հո չէի թողնելու էս անձրոտ եղանակին սպասել տրանսպորտին։ Էս քաղաքային իշխանություններն էլ անընդհատ խոսում են հանրային տրասնպորտի բարեփոխումների մասին, բայց միևնույն է, կարծես ոչինչ չի փոխվում։

-Ճիշտ եք,-ասաց Սոֆյան ու շարունակեց,-բայց ես ինձ վատ եմ զգում, որ իմ պատճառով նեղություն եք քաշում։

-Սոֆյա, նեղության հարց չկա։ Ես էդպես որոշեցի։ Համ էլ, որ աշխատանքիս տեղը գնայի, պիտի մասնագիտական գրականություն կարդայի, որովհետև մինչև ժամը 11-ը ընդունելություն չունեմ ինձ մոտ։

Ամբողջ ճանապարհին Սոֆյան մերթընդմերթ սիրահար կնոջ աչքերով հայացք էր նետում Արմենին։

Արմենը դա նկատեց, բայց ինքը վերագրեց նրան, որ Սոֆյան շատ երախտապարտ է իրեն, որ աշխատանքի տեղ է հասցնում։ Դա նա համարում էր շնորհակալության արտահայտման ձև, այլ բան նրան մտքով չէր անցնում։

Քնարի ու Աննայի մասին Արմենը ոչինչ չհարցրեց Սոֆյային, ասես նրանք գոյություն չունեին իր համար։

Երբ հասնում էին Քնարի գրասենյակ՝ Սոֆյան խնդրեց, որ Արմենն ավտոմեքենան կանգնեցնի մոտ 50 մետր հեռու, որպեսզի Քնարը պատահաբար չտեսնի, որ նա իջնում է Արմենի ավտոմեքենայից։

Արմենը կանգնեց Սոֆյայի նշած տեղում։

-Անչափ շնորհակալ ու զգացված եմ,-ասաց Սոֆյան։

-Հաջող աշխատանքային օր եմ Ձեզ մաղթում։

Սոֆյան դուրս գալով ավտոմեքենայից ու մի քանի քայլ անելով՝ շրջվեց ու ժպտալով նայեց Արմենի ավտոմեքենայի կողմը։

Արմենին Սոֆյայի այդ արարքը տարօրինակ, բայց և միևնույն ժամանակ խորհրդավոր թվաց։

***

Անցավ 3 օր։ Արմենը, թեև արժանապատվորեն դիմանում էր Աննայի հետ կապ հաստատելու մոլեգին ցանկությանը, բայց, այնուհանդերձ, հասկանում էր, որ եթե այսպես շարունակվեր, իր նյարդային համակարգը տեղի կտար, ու ինքն այլևս չէր կարող իրեն զսպել։ Որոշեց դիմել իր ամերիկացի գործընկերոջը՝ անվանի հոգեբան Օլիվերին, որը մասնագիտացած էր անձի կախվածությունների հաղթահարման ուղղությամբ։ Օլիվերի հետ նա ծանոթացել էր արտասահմանյան սեմինաներիներից մեկին մասնակցելու ժամանակ, ու այդ օրվանից ընկերացել էին և իրար հետ կապ էին պահպանում։

Ուշ երեկոյան աշխատասենյակից տեսակապով զանգահարեց Օլիվերին։ Արմենը Օլիվերին մանրամասն պատմեց ամեն ինչ։ Զրույցն ընթանում էր անգլերեն լեզվով, բայց, հարգելի ընթերցող, ես այն կներկայացնեմ հայերենով։

-Հասկացա, Արմեն, թե ինչ իրավիճակում ես հայտնվել։ Քո սխալն այն էր, որ ժամանակին կանգ չես առել, փոխարենը մեկ ամիս նամակագրական կապի մեջ ես եղել նրա հետ։ Դրանով քեզ մոտ առաջացել է կայուն տագնապային-զգացմունքային կախվածություն։ Դու պետք է հասկանայիր, որ նրա կողմից քո նամակներին ուշ ու հակիրճ պատասխանելը նշանակում է այսպես ասած, դոզավորված հասանելիություն, իսկ դա առաջացնում է կախվածություն,-ասաց Օլիվերը։

-Օլիվեր, ես այդ ամենն հասկանում եմ։ Խնդիրն այն է, որ արդեն տևական ժամանակ է աշխատում եմ ինձ վրա, բայց ժամանակակից մեթոդները չեն օգնում,-նկատեց Արմենը։

-Ինձ մանրամասն ասա, թե ինչ վարժություններ ու տեխնիկաներ ես գործադրել, որոնք չեն օգնել։

Արմենը սկսեց պատմել, թե ինչպես է աշխատել իր վրա ու ինչ վարժություններ է արել։ Օլիվերն ուշադիր լսելուց հետո ասաց․

-Արմեն, դու ասում ես, որ եթե Աննային երկու անգամ չտեսնեիր քո՝ վարժությունների կատարման ժամանակ, ապա հաստատ դու նրան

մոռացած կլինեիր։ Դու կարծում ես, որ դա է եղել պատճառը, որ քեզ մոտ չի ստացվում նրան <<բաց թողնել>>։ Բայց ես քեզ կասեմ, որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է։

-Ի՞նչ ես ուզում ասել դրանով,-հարցրեց Արմենը։

-Ես, ինչպես հասկացա, դու ամեն օր մշտական ժամանակ չես տրամադրել սգալու Աննայից մերժված լինելու ու նրան կորցնելու վիշտը։ Դու պետք է ամբողջովին ու ողջ ուժգնությամբ ապրես այդ ցավը։ Գիտեմ, շատ դժվար է։ Շատ տղամարդիկ, փոխանակ զգալու ու ապրելու ցավը, սկսում են զուր հույսեր փայփայել, որ նրանք կհասնեն իրենց սիրած էակին, միտքն ու երևակայությունը սկսում է պատկերացնել իրենց ապագա հանդիպումները, ջերմ խոսքերը։ Բայց սա ընդամենը ենթագիտակցականի խաղն է։ Սրանով ուղեղը պաշտպանվում է, որպեսզի ցավ չապրի։ Այսքան տարի ես աշխատում եմ, ու ինձ մոտ եկել են բազմաթիվ տղամարդիկ, որոնք մերժվել են կամ նրանցից կինը հեռացել է։ Ու հետաքրքիրը գիտե՞ս՝ ինչն է։ Բոլորն էլ վստահ են, որ իրենց սիրած կինը մտքափոխվելու է ու վերադառնալու։ Դե այդպես հեշտ է ուղեղի համար։ Ուղեղը չի ուզում ցավ զգալ։ Բայց եթե մարդը ցանկանում է բուժվել, պետք է զգա կորստի ու մերժման ցավը։ Սա է գաղտնիքը։ Այնպես որ, Արմեն, դու ամեն օր 30-40 րոպե տրամադրիր այդ ցավը ողջ հոգով ու մարմնով զգալու համար։

-Ճիշտ ես, Օլիվեր, բայց ախր իմ օրն այնքան հագեցած է, որ հետո հոգնում եմ ու հոգնած ժամանակ էլ ցավ վերապրեմ, արդեն հնարավոր չէ,-ասաց Արմենը։

-Հասկանում եմ Արմեն, դու շատ լավ ես արել, որ ջնջել ես ձեր նամակները, արգելափակել նրա սոցիալական էջերը, բայց վատն այն է, որ նրան երկու անգամ տեսել ես։ Դու այսուհետև պետք է այնպես անես, որ նրան չհանդիպես։

-Բայց ինչպե՞ս անեմ, եթե այդ կինը միտումնավոր այնպես է անում, որ ես իրեն հանդիպեմ,-հարցրեց Արմենը։

-Արմեն, դա հեշտ լուծելի հարց է։ Մի ամսով քաղաքից դուրս արիր։ Գնա արտասահման կամ Հայաստանի հեռավոր անկյուններից մեկը։ Այդպես նա քեզ հաստատ չի գտնի։

-Օլիվեր, դա հնարավոր չէ։ Ես հազար գործ ունեմ։ Եթե ես մի ամիս չաշխատեմ, ֆինանսական խնդիրների առջև կկանգնեմ։ Ես քեզ զանգահարել եմ, որպեսզի իմանամ, թե կա՞ արդյոք ավելի արդյունավետ ու արագ աշխատող վարժություն։ Չ՞է որ դու այդ ոլորտի լավագուն մասնագետներից մեկն ես։

-Արմեն, ներկա պահին լավագույնը Լյուսի Բրաունի և Հելեն Ֆիշերի, ինչպես նաև Ռոյ Բաումայստերի առաջարկած վարժություններն ու խորհուրդներն են։ Դրանք են՝ առաջինը՝ ամբողջովին դադարեցնել կոնտակտը՝ ոչ մի զանգ, ոչ մի նկարի դիտում, ոչ մի նամակ։ Երկրորդը՝ ամբողջովին վերապրել մերժման ու կորստի ցավը։ Երրորդ՝ գտնել ուղեղի համար նոր դոֆամինային աղբյուրներ, օրինակ, նոր նպատակներ դնել, նոր մասնագիտություն սովորել, մտածել կյանքդ ավելի հարմարավետ ու որակյալ դարձնելու մասին։ Չորրորդ՝ ընտրել քեզ առաջին հերթին։ Սա նշանակում է քեզ տալ այն ամենը, ինչի կարիքը դու ունես, կենտրոնանալ քո նվաճումների ու հաջողությունների վրա։

-Չգիտեմ, թե ինչու ինձ մոտ այդպես ուժեղ զգացմունքային կախվածություն առաջացավ դեպի այդ կինը։

-Բրիտանացի հոգեվերլուծաբան Ջոն Բոուլբին, ով բոլորիս քաջ հայտնի <<Կապվածության տեսության>> ստեղծողն է, ասում էր, որ եթե մանկության տարիներին մոր կամ խնամակալի հետ կապը եղել է անկայուն կամ անապահով, հասուն տարիքում մարդը հակված է ձևավորել տագնապային և զգացմունքային առումով խիստ կախյալ հարաբերություններ։ Եթե մայրը մեկ հոգատար է եղել, մեկ՝ սառը կամ անհասանելի, երեխան չի հասկացել, թե երբ կստանա սեր։ Նա սովորել է անդադար «կառչած» մնալ մորից, որպեսզի բաց չթողնի ուշադրության պահը։ Այս երեխաները մեծանալով դառնում են զուգընկերոջից խիստ կախյալ։ Նրանք ունենում են զուգընկերոջը կորցնելու մշտական, կպչուն վախ, պահանջում են սիրո անդադար

ապացույցներ, պատրաստ են զոհաբերել սեփական կարիքները, միայն թե իրենց չլքեն։ Նրանց թվում է, թե առանց զուգընկերոջ իրենք գոյություն ունենալ չեն կարող, ճիշտ այնպես, ինչպես մանկության տարիներին առանց մոր։

-Օլիվեր, քեզ հետ լիովին համամիտ եմ, բայց այստեղ մի ծուղակ էլ կա, որի հանդեպ պետք է շատ ուշադիր լինել։ Խոսքը Զեյգարնիկի էֆեկտի մասին է։ Ես չգիտեմ իրականությունն այդ կնոջ մասին, չգիտեմ նրա սիրտը զբաղվա՞ծ է, նախկինում ամուսանացա՞ծ է եղել, երեխա կամ երեխաներ ունի՞ կամ, թե ինչու՞ է նա մտել այդ խաղի մեջ, ի՞նչն է նրան ստիպել։ Այս բոլորը շարունակ պտտվում են իմ մտքում ու ինձ հանգիստ չեն տալիս։ Դու գիտես, որ երբ պատմությունը կյանքում կամ հարաբերություններում մնում է կիսատ ու անորոշ, Զեյգարնիկի էֆեկտն աշխատում է իր ամենացավոտ ու տանջալից ձևով։ Չէ՞ որ մարդու ուղեղը բնույթով ձգտում է ամբողջականության, կայունության և հստակության, ու ցանկացած անորոշություն ընկալվում է որպես ներքին տագնապի աղբյուր,-ասաց Արմենը։

-Գիտեմ, Արմեն։ Երբ հարաբերություններն ընդհատվում են առանց վերջնական խոսքի, ապա մարդու ուղեղում այդ պատմությունը մնում է «ակտիվ» կարգավիճակում: Ուղեղը շարունակում է ֆոնային ռեժիմով էներգիա և հոգեկան ռեսուրս ծախսել՝ փորձելով վերլուծել, հասկանալ պատճառները և գտնել տրամաբանական ավարտ: Սա նման է համակարգչի, որտեղ միաժամանակ բաց են տասնյակ ծանր ծրագրեր։ Արդյունքում համակարգիչը դանդաղում է, իսկ դու զգում ես քրոնիկ հոգնածություն:

-Ես այս դեպքում ունեմ երկու ճանապարհ։ Կա՛մ պարզել ճշմարտությունը, կա՛մ էլ երևակայության մեջ հորինել պատմության ավարտի սցենարը, բայց ես գտնում եմ, որ ամենաճիշտ տարբերակը պատմությունը երևակայության մեջ ավարտելն է, երբ դու ինքդ ես հորինում ավարտի սցենարը,-նկատեց Արմենը։

-Շատ ճիշտ ես կարծում, քանի որ եթե փորձես պարզել իրականությունը, այն կարող է շատ ցավոտ լինել ու նոր հոգեկան տրամվա առաջացնել, իսկ դու դեռ այս մեկից չես կարողացել ազատվել։ Դրա համար պետք է անես հետևյալը։ Եթե այդ կնոջը հարցեր ունես տալու կամ չասված խոսքեր ունես իրեն ասելու, ապա վերցրու թուղթ ու գրիչն ու նրան նամակ գրիր։ Բայց այդ նամակը նրան չես ուղարկում, այլ գրելուց հետո պատռում ու դեն ես նետում կամ այրում ես։ Ինչ վերաբերում է ճշմարտությունն իմանալուն, ապա երևակայությանդ մեջ հորինիր քո ուզած ճշմարտությունը, քո ուզած ավարտի սցենարը, այն պտտիր մտքումդ ամեն օր։ Եթե փակ աչքերով վիզուալիզացնես դա, շատ ավելի արագ ու լավ արդյունք կստանաս։

-Օլիվեր, շատ շնորհակալ եմ։ Էլի հարցեր ունեմ քեզ տալու, բայց շատ լավ հասկանում եմ, որ զբաղված մարդ ես ու երկար ինձ հետ խոսել չես կարող։ Շնորհակալ եմ, որ քո խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկում կարողացար ժամանակ գտնել ինձ համար,-գոհունակությամբ ասաց Արմենը։

-Արմեն, դու իմ ընկերն ես։ Ես միշտ պատրաստ եմ քեզ օգնել։ Վերջում մի բան էլ եմ ուզում ասել։ Փորձիր հասկանալ այն, որ եթե այդ կինը կողքիդ լինի, հետ վերադառնա, դու ի՞նչ էմոցիաներ կունենաս, ի՞նչ զգացում կապրես։ Ավելի պարզ ասած՝ փորձիր հասկանալ, թե այդ կինը ի՞նչ էմոցիա է ասոցացնում քեզ մոտ։ Երբ կստանաս այդ հարցի պատասխանը, դու ինքդ քո մեջ բացիր այդ էմոցիայի աղբյուրը, ինքդ քեզ տուր այդ էմոցիան,-ասաց Օլիվերը։

-Շատ շնորհակալ եմ, Օլիվե՛ր։ Անպայման կհետևեմ քո խորհուրդներին,-ասաց Արմենը։

-Արմեն, դու ինձ մի 20-30 օրից նորից զանգահարիր, տեսնեմ, թե ի՞նչ արդյունքի ես հասել։

-Շատ լավ, պայմանավորվեցինք։

-Դե լավ, ցտեսություն, Արմեն։

-Ցտեսություն, Օլիվեր։

Օլիվերի հետ զրուցելուց հետո Արմենը իրեն շատ լավ ու ինքնավստահ զգաց։ Կար մեկը, ով պատրաստ էր իրեն օգներ և թև ու թիկունք կանգներ նեղ պահին։ Դա ցանկացած մարդու համար խիստ կարևոր է։

Նստեց համակարգչի առաջ՝ մտնելով իր սոցիական ցանցերն ու յութուբյան ալիքը։

Տեսավ, որ ակնհայտ կեղծ ինչ-որ մի օգտատեր իրեն փառաբանող մեկնաբանություններ էր գրել իր գրառումների ու հրապարակումների, ինչպես նաև յութուբյան տեսանյութերի տակ։ Մեղմ ժպիտ անցավ Արմենի դեմքով։ Հասկացավ, թե դա ով է։

***

Առավոտյան ժամը 10։00 էր։ Քնարը եկել էր իր աշխատասենյակ, բայց տրամադրություն չուներ։ Նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Արմենը չէր հանձնվում, չէր գալիս իր մոտ՝ ընդունելու առաջարկը։

<<Բայց խի էսպես ստացվեց։ Արմենը պիտի որ չդիմանար։ Նա ուժեղ տղամարդ չի։ Էդ ես շատ լավ գիտեմ։ Բայց ո՞նց ա կարողանում նա դիմանա։ Ախր նա ոչինչ չգիտի Աննայի մասին, չիմացավ, թե Աննան խի ա իր հետ տենց վարվել, ի՞նչն ա նրան ստիպել, չգիտի, թե նրա սիրտը զբաղվա՞ծ ա, թե չէ։ Նա հիմար չի, հասկանում ա, որ ես իրեն էն տղամարդու հետ կապված պատմությունը հորինել եմ։ Ու ես դեպքում պիտի աշխատի Զեյգարնիկի էֆեկտն իր ողջ ուժով։ Զեյգարնիկի էֆեկտը հզոր մեխանիզմն ա։ Նա շատ տղամարդկանց ու կանանց ա ծնկի բերել, էս դեպքում դրան գումարվում ա Աննայի անհասանելիությունն ու նրա մերժումը։ Մերժում, որն արտահայտվում ա լռությամբ, իսկ նման մերժումն ավելի մեծ

հոգեբանական ազդեցություն ա թողնում։ Չէ, ես նրան ծնկի կբերեմ։ Նա երկար չի դիմանա։ Անգամ երկաթյա կամքի ուժը նրան չի փրկի>>,-մտքերի մեջ էր խորասուզվել Քնարը։

Ներս է մտնում Սոֆյան։

-Քնար, այցելուն եկել ա, ներս կանչե՞մ։

-Հիմի ես աշխատելու հավես չունեմ։ Լավ չեմ զգում։ Ուղարկիր տուն։ Ասա թող երկու օրից գա,-լարված ասաց Քնարը։

-Բայց Քնար։ Ախր այդ մարդը նախօրոք հերթագրված էր։ Հետո էլ ինքը լուրջ կին ա, կվիրավորվի,-ասաց Սոֆյան։

-Աղջի, քեզ էլ թվում ա ես էլ անլուրջն եմ, հա՜։ Ով ուզում ա լինի։ Քեզ չեմ ասել, որ ինձ համար հեղինակություններ չկան։ Էստեղ ես եմ հեղինակությունն ու որոշողը։ Պետք լինի այցելուներն օրերով էլ կսպասեն։ Դե ի՛նչ ես սառել, գնա, դրան տուն ուղարկիր,-գոռաց Քնարը։

Սոֆյան վախեցած դուրս եկավ Քնարի աշխատասենյակից։

<<Չէ, ես պետք ա վճռական հարված հասցնեմ։ Էս անգամ հաստատ չի դիմանա ու ծնկաչոք կգա ինձ մոտ։ Բայց ի՞նչ անեմ։ Շատ հզոր կոմբինացիա պիտի մտածեմ։ Նախ՝ պիտի էնպես անեմ, որ Արմենը հայտնվի ուժեղ դեպրեսիոն հոգեվիճակում, հետո պիտի օգտագործվի էնպիսի հզոր տրիգեր, որը կարթնացնի նրա մեջ որսորդին, կստիպի իր ինքագնահատականը բարձրացնելու համար նվաճել Աննայի սիրտը>>,-մտածեց Քնարը։

Հետո նրա գլխում մի միտք փայլատակեց, սկսեց ժպտալ ու բարձր ձայնով կանչեց․

-Սոֆյա, շտապ ինձ մոտ արի։

***

Ժամը 21։40 էր։ Արմենը տանն էր ու համակարգչով հաղորդում էր դիտում։ Զանգահարում են։

-Ալո,-պատասխանելով հեռախոսազանգին՝ ասաց Արմենը։

-Ալո բարև Ձեզ,- լսափողի մյուս կողմից լսվեց կնոջ մի ձայն։ Արմենը ձայնից իմացավ, թե ով էր իրեն զանգահարողը՝ Սոֆյան էր։

-Բարև Ձեզ, Սոֆյա։ Ինչ որ բա՞ն է պատահել։

-Չէ, Արմեն։ Բան չի պատահել։ Պարզապես ես պետք է Ձեզ կարևոր բան ասեմ,-ասաց Սոֆյան։

-Դե ասա Սոֆյա, լսում եմ։

-Չէ, դա հեռախոսի բան չի։

-Լավ, արի էսպես պայմանավորվենք։ Ես վաղը առավոտյան զբաղված եմ լինելու, բայց երեկոյան կողմը կարող եմ գալ Քնարի գրասենյակի կողմերը, Ձեզ վերցնել ու ավտոյով տուն տանել։ Էդ ընթացքում էլ կխոսնեք։ Հիմա ասեք, թե Ձեր աշխատանքը ո՞ր ժամին է ավարտվում, ո՞ր ժամին գամ,-հարցրեց Արմենը։

-Ես ժամը 17։50 սահմաններում արդեն դուրս եմ գալիս օֆիսից։ Դուք կարո՞ղ եք էդ ժամին ինձ սպասել քիչ հեռու գտնվող կանգառում։

-Այո, իհարկե կարող եմ։ Ես էդ ժամին Ձեր ասած տեղում կլինեմ։

-Շատ շնորհակալ եմ,- ուրախ ասաց Սոֆյան։

-Դե ուրեմն պայմանավորվեցինք, բարի գիշեր,-ասաց Արմենը։

-Բարի գիշեր։

***

Արմենն ավտոմեքենայի մեջ պայմանավորված ժամին սպասում էր Սոֆյային։ Շուտով գալիս է Սոֆյան ու նստում Արմենի ավտոմեքենան։ Այդ օրը Արմենի համար նա առանձնահատուկ գեղեցիկ էր դարձել․ գնացել էր գեղեցկության սրահ, հարդարել վարսերը, դիմափոշի քսել դեմքին, պճնվել։

-Բարձ Ձեզ, Արմեն, երկա՞ր սպասեցիք ինձ,-ուրախ ու ոգևորված նստելով Արմենի ավտոմեքենան՝ հարցրեց Սոֆյան։

-Չէ, Սոֆյա, ջան, նոր էի եկել,-պատասխանեց Արմենն ու դեմքով դառնալով Սոֆյան՝ հարցրեց,-ուզու՞մ ես մի տեղ գնանք, սուրճ խմենք։

-Չէ, չեմ կարող, ծնողներս ինձ են սպասում,-զարմացած, բայց և միևնույն ժամանակ երջանկացած այդ առաջարկից՝ պատասխանեց Սոֆյան։

-Դե լավ, ոնց կասես։ Կտանեմ Ձեզ տուն։

-Արմեն, ես ուզում եմ Ձեզ կարևոր բան ասել։

-Ասա, Սոֆյա, լսում եմ։

-Խոսքը Քնարի ու Աննայի մասին ա․․․

-Սոֆյա, խնդրում եմ ինձ մոտ դրանց անունները մի՛ տուր։ Իրենք ինձ հետաքրքիր չեն,-հաստատակամ ասաց Արմենը։

-Ախր Քնարը նոր թակարդ ա ուզում լարել Ձեր դեմ,-մտահոգված ասաց Սոֆյան։

-Ինչ ուզում ա իմ դեմ լարի, մեկ ա իր էժանագին տրյուկներն ինձ մոտ չեն անցնում։ Դու ավելի լավ ա պատմիր ինձ քո մասին մինչև տեղ կհասնենք։ Ես ոնց տեսնում եմ երկար ենք գնալու էս պռոբկաների պատճառով։

Սոֆյան ներքուստ ուրախ էր, որ այդ պահին խցանում էր, քանի որ դա նրան հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ լինել Արմենի հետ։

-Դե, ոչինչ Արմեն ջան, համբերատար եղիր։ Ես չեմ շտապում, բայց եթե Դուք շտապ գործեր ունեք, կարող եք ինձ իջեցնել, ես ավտոբուսով տուն կհասնեմ։

-Ի՞նչ եք ասում, Սոֆյա, ես ո՞նց կարող եմ Ձեզ իջեցնել ու թույլ տալ, որ ավտոբուսով գնաք։ Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ շտապում, երկրորդ՝ եթե անգամ շտապ գործեր էլ ունենայի, միևնույն է՝ Ձեզ տուն էի տանելու։

-Շատ շնորհակալ եմ Ձեզանից,-ժպտալով ու ակնդետ նայելով Արմենին՝ ասաց Սոֆյան։

-Սոֆյա, մի բան կարո՞ղ եմ խնդրել քեզանից։

-Այո, իհարկե։

-Ինձ հետ <<Դուք>>-ով մի խոսա։ Ուզում եմ, որ մենք անմիջական զրուցենք։

-Շատ լավ,-ամոթխած, բայց ներքուստ շատ գոհ ասաց Սոֆյան։

Խցանումն ավարտվեց, ու ճանապարհն արդեն ազատ էր։ Գիշերային Երևանը վառվել էր լույսերով։

-Սոֆյա մի հարց եմ ուզում տալ, բայց պետք է անկեղծ պատասխանես,-անսպասելի ասաց Արմենը։

-Հարցրեք,-ասաց Սոֆյան՝ միաժամանակ փոքր-ինչ վախենալով ու անսպասելիի գալով։

-Ինչու՞ ես ինձ օգնում։ Ախր դու Քնարի օգնականն ես։ Եթե Քնարն իմանա, քեզ աշխատանքից կազատի,-հետաքրքությամբ հարցրեց Արմենը։

Սոֆյան լռեց․չգիտեր՝ ինչ պատասխաներ։ Արմենի այդ հարցը նեղը գցեց նրան։ Սոֆյան չէր կարող Արմենին ասել, որ օգնում է, քանի որ զգացմունքներ ունի նրա հանդեպ։

Արմենը հասկացավ, որ իր հարցով նեղը գցեց Սոֆյային ու որպեսզի վերջինս իրեն վատ չզգա, ասաց․

-Ես գիտեմ, թե ինչու՞ ես ինձ օգնում։ Պատճառը շատ պարզ ա։ Դու շատ լավ անձնավորություն ես։ Դու չես հանդուրժում անարդարությունը, կեղծիքը, խարդավանքը, անգամ էն դեպքում, երբ դու Քնարից կախված ես։ Ուզու՞մ ես քեզ համար ես այլ աշխատանք գտնեմ։ Ինչքան էլ չլինի, ես մեծ կապեր ունեմ։ Ինձ մոտ շատ ազդեցիկ ու հզոր մարդիկ են գալիս, ու ես իրենց օգնում եմ հաղթահարել իրենց անձնական խնդիրները։

-Այո, ուզում եմ,-ժպտալով ասաց Սոֆյան։

-Ի՞նչ կրթություն ունեք, որտե՞ղ եք աշխատել,-հարցրեց Արմենը։

-Ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի

<<Հոգեբանություն>> բաժինը, բակալավր եմ։ Համալասարանն ավարտելուց հետո հոգեբան եմ աշխատել մանկապարտեզում մի քանի տարի, հետո կարդալով Քնարի հայտարարությունը, հարցազրույցի եմ եկել նրա մոտ։ Նա ինձ աշխատանքի վերցրեց ու լավ էլ վարձատրում է։

-Պարզ ա։

Լռություն տիրեց։ Մոտ հինգ րոպե ոչ ոք չէր ցանկանում խախտել լռությունը։ Լռություն,որն ավելի խոսուն էր, քան ցանկացած բառ։

<<Արմենին Աննան ոնց որ չի հետաքրքրում։ Բայց կարող ա ինձ մոտ ա տենց ցույց տալիս, բայց իրականում դեռ չի կարողացել դրան իր մտքից հանի։ Ո՞նց ստուգեմ, ո՞նց>>,-մտածում էր Սոֆյան։

<<Էս աղջիկը տարված ա ինձանով։ Դա տեսնելու համար պետք չի հոգեբան, առավել ևս հոգեթերապևտ լինել։ Ինքը լավ անձնավորություն ա ու անկեղծ ա ինձ հետ։ Իմ պատճառով մեծ

զոհողության ա գնում։ Չգիտեմ, ոնց անեմ, որ նրան չնեղացնեմ>>,-իր հերթին մտածում էր Արմենը։

-Սոֆյա, հասանք քո ասած հասցեն, ո՞ր շենքն ա, ցու՛յց տուր։

Սոֆյան ցույց տվեց իրենց շենքը։ Ավտոմեքենան հասավ ու կանգնեց շենքի մոտ։ Սոֆյան դուրս գալուց առաջ պայուսակից հանեց մի թղթի կտոր ու տալով Արմենին՝ ասաց․

-Էստեղ Աննայի հեռախոսի համարն ա։ Եթե ուզում ես նրա հետ խոսել, հարցեր տալ, պարզաբանումներ ստանալ, զանգիր իրեն։

Արմենը ցնցվեց Սոֆյայի այդ քայլից։

Սոֆյան իջավ ավտոմեքենայից ու հրաժեշտ տալով Արմենին՝ շտապեց տուն։

Արմենը, ձեռքում պահած Աննայի հեռախոսահամարը, ապշել էր Սոֆյայի արարքից։

<<Չեմ հասկանում, եթե ինքը զգացմունքներ ունի իմ հանդեպ, ինչի՞ Աննայի համարն ինձ տվեց։ Իր ձեռով ինձ հանձնեց Աննային։ Կարո՞ղ ա ես սխալվել եմ, ու Սոֆյան ոչ մի զգացմունք էլ չունի իմ հանդեպ, հակառակ դեպքում նա այդ քայլը երբեք չէր անի։ Բայց ախր նրա հայացքը, աչքերը․․․չէ, ես չէի կարող էդպես կոպիտ սխալվել։ Բայց ինչու՞ նա արեց այս քայլը․․․Է՜, էս կանանցից բան չեմ հասկանում>>։

Արմենը տարակուսած գնաց տուն։

***

Ուշ երեկո էր։ Արմենը, միայնակ իր սենյակում նստած, աշխատում էր իր վրա` առօրյա լարվածությունից ու սթրեսներից ազատվելու

համար։ Թուղթը, որի վրա գրված էր Աննայի հեռախոսահամարը, դրել էր սեղանին։

Ձեռքը տարավ այդ թուղթը, նորից տեսավ հեռախոսահամարն ու հենց այդ պահին զգաց, որ կարող է ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները՝ զանգահարելով Աննային։ Բայց, չգիտես ինչու, նա չէր ցանկանում զանգահարել։ Զգաց, որ այլևս Աննան նրան չի հետաքրքրում, նրա պատկերը սկսեց մարել իր գլխում։ Աննան այլևս անհասանելի չէր, Արմենը կարող էր ցանկացած պահին նրա հետ կապ հաստատել։ Արմենի բազմաթիվ հոգեբանական վարժություններն այդքան արդյունավետ չեղան, որքան այդ թղթի կտորը, որ տվել էր նրան Սոֆյան։ Նա այլևս ոչինչ չէր ուզում պարզել։ Աննան այլևս սկսեց նրան չհետաքրքրել։ Դրա փոխարեն նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչու Սոֆյան այդպես վարվեց։ Նա հոգու խորքում ցանկանում էր, որ Սոֆյան իր հանդեպ հետաքրքրված լիներ, քանի որ ցանկացած մարդու համար հաճելի է, որ կամ մեկը, ով անտարբեր չէ քո հանդեպ, կա մեկը, ով մտածում է քո մասին, կա մեկը, որի մտքերը զբաղված են միայն քեզանով։

Բայց Սոֆյայի այդ քայլը կասկած էր մտցրել նրա հոգու մեջ, կասկած, որը որդի պես հետզհետե սկսում էր կրծել հոգին։

***

Մինչ Արմենը մտատանջությունների մեջ էր, Սոֆյան իր տեղը չէր գտնում։

<<Բայց ճի՞շտ էր, որ ես էդ քայլն արեցի։ Բա որ զանգի Աննային ու նրա նկատմամբ զգացմունքերն ավելի խորանան։ Ո՞նց իմանամ զանգել ա, թե՝ չէ>>։

Վերցրեց սմարթֆոնն ու վերսկսեց իր զրույցը արհեստական բանականության հետ։ Բանն այն է, որ Սոֆյան այդ քայլին գնացել էր դրա խորհրդով։ Նա իր առօրյայի հետ կապված բոլոր հարցերը քննարկում էր իր թվային զրուցակցի հետ։ Նրան պատմել էր Քնարի արարքների, Արմենի և նրա հանդեպ տածած զգացմունքների մասին։

Նա երկար ժամանակ սմարթֆոնով գրում էր արհեստական բանականությանը։ Հարգելի՛ ընթերցող, ստորև կներկայացնենք նրա նամակագրությունից մի հատված։

<<Բարև։ Ես արեցի այդ քայլը, ինչպես դու էիր խորհուրդ տվել։ Բայց շատ անհանգիստ եմ, բա ո՞ր Արմենը զանգի Աննային>>,-ուղարկում է հաղորդագրությունը։

Ստացվում է պատասխանը․

<<Դու հերոսական քայլ ես կատարել։ Նախ՝ ապացուցեցիր ինքդ քեզ, որ քո համար կարևորը որոշակիություն է, երկրորդ՝ Արմենի համար Աննան այլևս անհասանելի չէ։ Աննայի անհասանելիությունն այն կեռիկներից մեկն էր, որ պահում էր հոգեբանորեն կախված Արմենին, և երրորդ՝ ամենակարևորը՝ Արմենը կսկսի կասկածել, որ դու զգացմունքներ ունես իր հանդեպ, քանի որ սիրող կինը այդ քայլին չէր գնա։ Մինչ այդ նա գլխի էր ընկել, որ դու հետաքրքրված ես իրենով։ Քո այս քայլով դու նրա մեջ մեծ կասկած գցեցիր։ Սա նրան կստիպի ակամայից մտածել քո մասին, իսկ ինչքան շատ մտածի նա քո մասին, այնքան լավ քեզ համար>>։

<<Ես ո՞նց իմանամ, թե նա Աննային զանգել է, թե՝ ոչ։ Ախր անորոշությունից մեռնում եմ։ Զանգե՞մ նրան ու հարցնեմ այդ մասին>>,-ուղարկեց նոր հաղորդագրություն Սոֆյան։

<<Ոչ, չի կարելի նման բան անել։ Դրանով դու ցույց կտաս քո թուլությունը։ Արմենն իսկույն գլխի կընկնի, որ քեզ այդ հարցն անհանգստացնում է։ Դու պետք է կատարյալ սառնասրտություն դրսևորես՝ ոչ մի զանգ ու ոչ մի նամակ։ Նա թող մտածի, թե քեզ համար միևնույնն է՝ ինքը կզանգահարի Աննային, թե՝ ոչ>>,-ստացվեց պատասխանը։

<<Իսկ դու ի՞նչ ես կարծում, նա կզանգահարի Աննային>>,-ուղարկեց հարցը Սոֆյան։

<<Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Չի զանգահարի։ Գիտակցական մակարդակում Արմենը չի հավանում այդ կնոջը, քանի որ նա համագործակցում է իր ախոյանի հետ ու փորձում է վնասել իրեն։ Աննայի հանդեպ Արմենն ունի հոգեբանական ու զգացմունքային կախվածություն ու դրա առաջացման պատճառներից մեկը Աննայի անհասանելիությունն էր։ Այժմ Արմենի ուղեղը ֆիքսեց, որ Աննան այլևս իր համար անհասանելի չէ, ու նման դեպքերում կատարվում է մի զարմանալի բան՝ հենց որ անհասանելիությունը վերանում է և այլևս ջանք գործադրելու կարիք չի լինում, կենսաբանական հետաքրքրությունը կտրուկ ընկնում է, քանի որ ուղեղը հաճույք է ստանում սպասումից, որոնումից և անհայտի բացահայտման պրոցեսից>>,-ստացվեց պատասխանը։

<<Դու ասում ես, որ իմ քայլով Արմենի մեջ կասկած ընկավ։ Մինչև այդ նա վստահ էր, որ ես զգացմունքներ ունեմ իր հանդեպ։ Հիմա արդեն նա կսկսի կասկածել ու կփորձի պարզել ճշմարտությունը>>։

<<Միանշանակ, դու պետք է այնպես անես, որ դա վերածվի Արմենի համար իսկական գլուխկոտրուկի։ Դրա համար այլևս ոչ մի զանգ, ոչ մի նամակ։ Թող ավելի խորանան նրա մեջ կասկածները>>,-ստացվեց պատասխանը։

***

Քնարը մտավ իր գրասենյակից ոչ հեռու գտնվող խանութը, որտեղից հաճախ գնումներ էր կատարում, որպեսզի սուրճ ու քաղցրավենիք գնի։

-Բարև, Արուս տոտա, ո՞նց ես,-ողջունեց վաճառողուհուն Քնարը, որին վաղուց ճանաչում էր ու հետը մտերմիկ զրուցում։

-Լավ եմ Քնար ջան, դու ո՞նց ես։

-Գերազանց,-ոգևորված պատասխանեց Քնարը։

-Բա խի՞ ես էսօր դու եկել, Սոֆյան ու՞ր ա,-հետաքրքրությամբ հարցրեց Արուսը։

-Մեր գեղեցկուհին էս պահին կարևոր գործի վրայա, չուզեցի գործից կտրել։

-Յա՜, վերջերս էդ մեր գեղեցկուհին կարևոր գործերի մեջ ա,-խորհրդավոր տոնով բացականչեց Արուսը։

-Ի՞նչ նկատի ունես, Արուս տոտա, բա՞ն կա, որ ես չգիտեմ,-զարմացած ու հետաքրքված հարցրեց Քնարը։

-Սոֆյան ընկե՞ր ունի,-հարցրեց Արուսը։

-Չէ, չունի, եթե ունենար, ես կիմանայի։

-Քնար, բա էն սպիտակ ջիպով տղամարդը ո՞վ ա։

-Ի՞նչ սպիտակ ջիպ, ի՞նչ տղամարդ։ Հլա պատմի՛ր, Արուս տոտա։

-Ուրեմն լսիր։ Մի քանի օր առաջ տեսնում եմ Սոֆյային՝ գեղեցիկ հագնված, զուգված։ Մեկ էլ տեսա, որ տուն գնալիս գնաց ու սուսուփուս կանգառի մոտ իրեն սպասող մի սպիտակ ջիպ

նստեց։Դե հո պատահական մարդու ավտո չէր նստելու։ Ուրեմն զանգել ու պայմանավորվել էին չէ՞ որ պիտի գա իրեն գործից տանի։ Բացի էդ ես Սոֆյային մի անգամ էլ եմ տեսել էդ նույն ավտոյի մեջ։ Էդ օրը անձրև էր գալիս։ Տեսա, որ էդ նույն ավտոն կանգեց ձեր օֆիսից մի 50-70 մետր հեռու։ Սոֆյան իջավ։ Հա, լավ եմ հիշում հենց էդ նույն ավտոն էր։

-Հաստատ Սոֆյա՞ն էր, Արուս տոտա,-չհավատալով ու կասկածելով հարցրեց Քնարը։

-Աղջի հա։ Ճիշտ ա, ես պառավ կնիկ եմ, բայց խելքս էլ ա տեղը, աչքերս էլ լավ են տեսնում,-փոքր-ինչ բարկացած ասաց Արուսը։

-Ավտոյի ռույլին կարող ա՞ կին էր նստած,-հարցրեց Քնարը։

-Չէ, տղամարդ էր, տղամարդ,-վստահ ասաց Արուսը։

-Արտաքինը կարո՞ղ ես նկարագրել։

-Ես հեռվից եմ տեսել, ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձրել դեմքին, միայն հաստատ գիտեմ, որ տղամարդ էր։

-Լավ, Արուս տոտա, մերսի ինֆոյի համար։ Զդաչին չեմ ուզում, քեզ պահիր,-ասաց Քնարը։

Արուսը շատ ուրախացավ, որ Քնարը հետ չվերցրեց 730 դրամ մանրը։

Գնումներն անել վերջացնելով՝ Քնարը մտահոգ դուրս եկավ խանութից։

<<Տենաս էդ տղամարդը սպիտակ ավտոյով ո՞վ ա։ Սոֆյան ընկեր չունի, թե չէ ես կիմանայի, նման ավտո ունեցող բարեկամ էլ չունի։ Իրա բարեկամները քյասիբ մարդիկ են, ինչպես ինքն ու իր ընտանիքը։ Մի րոպե․․․․Արմենի ավտոն էլ ա սպիտակ ջիպ․․․․ Չէ, էդ հնարավոր չի։ Սոֆյան չէր նստի Արմենի ավտոն, ինձնից կվախենար, հետո էլ Արմենը խի՞ պիտի գար իրեն գործից տաներ։ Բայց մի րոպե Քնար, պրիմիտիվ ես մտածում։ Հնարավոր ա, որ

Արմենը որոշել ա Սոֆյայի ուղեղը լվանա ու նրան որպես գործիք իմ դեմ օգտագործի։ Հա, սա հնարավոր տարբերակ ա ու լագիչնի ա։ Արմենին ինֆորմացիա ա պետք, թե՛ Աննայի, թե՛ իմ պլանների ու մտադրությունների մասին։ Ու էդ ամենը ինքը կարա ստանա Սոֆյայի միջոցով։ Ա՜խ, Սոֆյա աղջիկ, ումից, բայց քեզանից սենց դավաճանություն չէի սպասում․․․>>։

***

Քնարը Սոֆյայից ծածկուկ մտավ գրասենյակ, սմարթֆոնը դրեց միջանցքի պահարանի մեջ, հետո մտավ իր աշխատասենյակն ու կանչեց Սոֆյային․

-Սոֆյա, մի րոպեով կգա՞ս։

-Հա, Քնար, ի՞նչ ա պատահել,-ներս մտնելով Քնարի աշխատասենյակ՝ հարցրեց Սոֆյան։

-Սոֆյա ջան հեռախոսս չեմ հիշում որտեղ եմ դրել, մի հատ կզանգե՞ս, տենամ ուր ա։

Սոֆյան վերցրեց իր սմարթֆոնն ու զանգահարեց Քնարի հեռախոսահամարին։ Միջանցքում լսվեց Քնարի սմարթֆոնի հեռախոսազանգը։

-Հլա, հեռախոսդ տուր իմ ականջով լսեմ, թե զանգ գնու՞մ ա։

-Քնար, հեռախոսիդ զանգը միջանցքից ա գալիս,-ասաց ու ոչինչ չկասկածելով իր սմարթֆոնը տվեց Քնարին։

-Հա, զանգը գնում ա,-սմարթֆոնը ականջին պահելով՝ ասաց Քնարը։

-Մի րոպե գնամ բերեմ, ես լսում եմ թե զանգը որտեղից ա գալիս,-ասաց Սոֆյան ու դուրս եկավ սենյակից՝ սմարթֆոնը պահելով Քնարի ձեռքում։

Քնարը, տեսնելով, որ Սոֆյան դուրս եկավ, անմիջապես բացեց սմարթֆոնի ելքային ու մուտքային զանգերի բաժինը և այնտեղ ճանաչեց Արմենի հեռախոսահամարը․ Սոֆյան զանգահարել էր նրան։

Քնարը բարկությունից կարմրեց։ Նրա կասկածները հաստատվեցին։

-Քնար, ես գտա քո հեռախոսը։ Չգիտեմ խի, պահարանի մեջ էիր դրել,-ներս մտնելով՝ ասաց Սոֆյան՝ Քնարին տալով նրա սմարթֆոնը։

-Մերսի Սոֆյա ջան,-ասաց Քնարը՝ իրեն պահելով այնպես, ասես ոչինչ էլ չէր եղել։

Սոֆյան դուրս եկավ ու Քնարը, գլուխը դնելով սեղանին, մտածմունքների մեջ ընկավ։

<<Սոֆյա աղջիկ, էս խի՞ դու ինձ հետ սենց վարվեցիր։ Միակ մարդն էիր մնացել կյանքումս, որ ինձ չէր դավաճանել։ Ու հիմա․․․։ Չգիտեմ քեզ հետ ոնց վարվեմ։ Նենց եմ ուզում քեզ հիմա դուրս շպրտել իմ օֆիսից, բայց չեմ կարողանում, էդքան ուժեղ չեմ։ Եթե դու էլ գնաս, ես ամբողջովին մենակ կմնամ։ Ամուսինս սաղ օրը սիրուհիների հետ ֆռֆռում ա, ես էլ ստիպված իր փողերի համար աչք եմ փակում։ Ծնողներս մահացել են, ես երեխա ունենալ չեմ կարող։ Ամուսինս սաղ օրը էդ ա երեսովս տալիս։ Սոֆյան միակ մարդ ա, ով միշտ իմ կողքին ա եղել էս տարիներին, վատ ու լավ պահերին։ Նա միակ մարդն ա, ում վրա ես իշխանություն ունեմ, նա միշտ ինձ հնազանդ լսել ա, ու դա ինձ հաճույք ա պատճառել։ Եթե Սոֆյան իմ կյանքից հեռանա, ես չգիտեմ, թե ինչպես կապրեմ։ Ախր նրա հետ կապվել եմ։ Էս ամենի մեղավորը Արմենն ա։ Հերիք չի, կլենտներիս փախցնում ա, հիմա էլ աշխատողիս ա ուզում իմ ձեռքից տանի։ Արմեն, ես քեզ կոչնչացնեմ․․․>>։

***

Երեկոյան ժամը 19։30-ն էր։ Քնարը հոգնած վերադառնում է տուն։ Նա ապրում էր շքեղ ու հարմարավետ առանձնատանը, որը գնել էր ամուսինը՝ Արսենը, ով հիսուն տարեկան, միջահասակ, մորուքավոր տղամարդ էր։ Վերջինս գործարար էր ու մեծ կարողության տեր։

Մտնելով տուն՝ տեսնում է ամուսնուն՝ բազմած ընդունարանի բազմոցին։

-Էսօր ի՞նչ կա, որ շուտ ես եկել,-անտարբեր հարցրեց Քնարը։

-Էդ երբվանի՞ց ա քեզ հետաքրքում իմ շուտ տուն գալը,-արհամարհանքով հարցին հարցով պատասխանեց Արսենը։

-Հաց կերե՞լ ես։

-Բա հո սոված տուն չէի գալու։ Դու չգիտես՞, որ ես քո էփած ճաշերը չեմ ուտում։

-Դե իհարկե, դու հավանում ես քո սիրուհիների էփած ճաշերը,-բղավեց Քնարը։

-Լսիր աղջի,-հանգիստ տոնով ու սպառնալից հայացքով նայելով Քնարին՝ ասաց Արսենը,- մյուս անգամ չհամարձակվես ինձ վրա ձենդ բարձրացնես։ Էղա՞վ։ Հիշիր, առանց ինձ ու առանց իմ փողերի, դու ոչ մի բան ես, ոչնչություն։

-Հերիք ա քո փողերով երեսովս տաս։

-Երեսով չեմ տալիս։ Ճիշտն եմ ասում։ Մոռացե՞լ ես, թե լրագրողներին, հեռուստատեսություններին ինչքան փող եմ տվել, որ քեզ իրենց մոտ հյուր հարցազրույցի կանչեն, փիառ անեն քեզ։ Մոռացե՞լ ես, որ էդ քո հոգեբանական կենտրոնը պահելու ծախսերը ես եմ հոգում։ Քո կլետներից ստացած փողը ըսկի հերիք չի անում էդ օֆիսի վարձը, կոմունալներն ու աշխատողներիդ աշխատավարձը տալ։ Քո էդ հոգեբանական սուտի օֆիսը միշտ մինուսով ա աշխատել։ Ես որ չլինեի, դու վաղուց կորած էիր։ Էլ չեմ ասում, թե ինչքան փող եմ տալիս, որ դու արտասահամանում սեմինարների մասնակցես։ Բայց ոչ մի օգուտ։ Քո կլենտները ոնց քիչ եղել են, էնպես էլ քիչ կան հիմա։ Ոչ մի առաջընթաց։

-Արսեն, դու իմ ամուսինն ես ու պետք ա ինձ թև ու թիկունք կանգնես,-մեղմ ու հաշտվողական ձայնի տոնով ասաց Քնարը։

-Լսիր, ես կրակը չեմ ընգել, որ քո մարդն եմ։ Փողերս հերիք կերար,-բարկացած ասաց Արսենը։

Քնարը մոտեցավ ամուսնուն, գրկեց ուսերը, շոյեց գլուխը։

-Սիրելիս, հանգստացիր։

Արսենը, ազատվելով Քնարի գրկախառնությունից, ասաց․

-Աղջի, չլինի՞ էլի փող ա պետք, որ սենց բաներ ես անում։

-Ինչու՞ էդպես Արսեն ջան, ախր շատ կոպիտ ես։

-Աղջի, ես քո հավեսը չունեմ։ Թե փող ա պետք ասա, մեյմունություններ մի՛ արա։

-Էս պահին ոչինչ էլ պետք չի։ Արսենը ծիծաղելով ասաց․

-Ասածիդ մեջ բանալի բառը <<էս պահինն ա>>․․․ Լավ, ես գնացի ննջասենյակ հանգստանամ։ Ուզում եմ մենակ լինել։ Կգաս մոտս էն ժամանակ, երբ քնած կլինեմ։ Զահլա չունեմ ռոժդ տենալու։

Այս ամենն ասելով՝ Արսենը գնաց ննջասենյակ։

<<Ոնց եմ զզվում քեզանից, գիտես փող ունես, կնոջդ հետ ոնց ուզես տենց էլ կարաս վարվես։ Փողը չլինի, դու ոչինչ չես ներկայացնում քեզանից։ Վաղուց ա, ինչ քեզանից ամուսնական սեր, հոգատարություն, քնքշանք չեմ տեսել>>,-մտածեց Քնարն ու գնաց խոհանոց։

Նյարդերը թուլացնելու համար կոնյակ լցրեց բաժակն ու կում-կում խմեց։

Հետո վերցրեց սմարթֆոնն ու զանգահարեց Արմենին։

-Ալո, Արմեն, բարի երեկո։

-Բարև, Քնար,-պատասխանեց հեռախոսազանգին Արմենը՝ ասելով,-հիմա՛ ինչի ես զանգել, ի՞նչ ես ուզում։

-Զանգել եմ՝ տենամ կոլեգաս ո՞նց ա։

-Դու ինձ ի՞նչ կոլեգա։ Քնար, ասելիքդ ասա, ես ժամանակ չունեմ․․․

․

-Սոֆյայի հետ հանդիպումները ինչպե՞ս են անցնում,-հարցրեց Քնարը։

Արմենն անսպասելիի եկավ Քնարի հարցից։ Մի պահ շփոթվեց ու լռեց։

-Հ՜ը, Արմեն, խոսա, քեզ հարց տվի։

-Ոնց տեսնում եմ, դու լավ էլ տեղյակ ես։ Էլ ի՞նչ ես ուզում իմանալ։

-Իհարկե, ես ամեն ինչից տեղյակ եմ։ Ավելին՝ ես եմ նրան սովորեցրել, թե քեզ մոտ ոնց իրեն պահի ու ինչ քեզ ասի։

Արմենի գլխին ասես սառը ջուր լցրեցին։

<<Ուրեմն էս ամենը խաղ էր։ Սոֆյան ձևացնում էր, իսկ ես խաբնվեցի>>,մտածեց Արմենը։

-Արմեն, ինչի՞ ես լռում մի բան ասա,-ոգևորված Արմենի շփոթվածությունից՝ ասաց Քնարը։

-Քնար, նորից եմ կրկնում, ինչի՞ ես զանգել, ի՞նչ ես ուզում,-բարկացած հարցրեց Արսենը։

-Դու շատ լավ էլ գիտես, թե ես ինչ եմ ուզում։

-Հիմա էլ Սոֆյայի՞ն ես օգտագործում քո կեղտոտ խաղերի համար,-հարցրեց Արմենը։

-Արմեն, ինչու՞ ես էդպիսի բաներ ասում։ Ես էդքան էլ վատ կին չեմ, ինչքան դու ես մտածում։

Արմենը, չցանկանալով այլևս լսել Քնարին, անջատեց հեռախոսը։

Քնարը ժպտաց։ Նրան հաճույք պատճառեց Արմենի շփոթվածությունն ու բարկությունը։

***

Անցավ մի քանի օր։ Այդ ընթացքում Սոֆյան մի քանի անգամ զանգահարեց Արմենին, բայց Արմենն նրա հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Սոֆյան սկսում է մտածել, որ այդ ամենի պատճառը Աննան է։ Հավանաբար Արմենը զանգահարել է Աննային ու էլի տարվել նրանով։

Քնարը սկսել էր Սոֆյային այլևս չվստահել ու իր ծրագրերի մասին նրան ոչինչ չէր ասում։

Երևանում հերթական աշնանային առավոտն էր։ Քնարն աշխատում էր իր աշխատասենյակում։ Ներս է մտնում Սոֆյան․

-Բարի լույս, Քնար, ո՞նց ես։

-Լավ եմ, Սոֆյա, դու ո՞նց ես։ Լսիր աղջի, էս մի քանի օր ա հեչ տրամադրություն չունես, գունատվել ես, չլինի՞ հիվանդացել ես,-հարցրեց Քնարը՝ ձևացնելով իբր ոչինչ չգիտի։

-Չէ, Քնար, ամեն ինչ նորմալ ա։ Լսիր, Արմենից ի՞նչ կա։ Նա Աննայի հետ կապվե՞լ ա,-հետաքրքրությամբ հարցրեց Սոֆյան։

-Չէ, նա Աննայի հետ չի կապվել։ Էստեղ էլ չեկավ, որ ինձ խնդրի։ Ստացվում ա, որ ես սխալվել եմ Աննայի հարցում։ Պիտի ավելի գեղեցիկ աղջիկ ընտրեի։

Քնարի այս խոսքերից Սոֆյայի դեմքը պայծառացավ, մեղմ ժպտաց։

-Բա հիմա ի՞նչ ես մտադիր անել,-հարցրեց Սոֆյան։

-Չգիտեմ։ Միայն մի բան կասեմ, որ նրան հասարակ ու աղքատ ընտանիքից աղջիկը չի կարա հետաքրքի։

Քնարի այս խոսքերից Սոֆյան կարմրեց, դեմքի մկանները կծկվեցին։

Նկատելով Սոֆյայի դեմքի արտահայտությունը՝ Քնարը շարունակեց։

-Սոֆյա, Արմենի նման տղամարդիկ հետաքրքվում են էն կանանցով, որոնք ստատուսով կամ հավասար են իրեն, կամ բարձր են իրենից։ Դե դա մենակ Արմենին չի վերաբերում։ Բոլոր մարդիկ էլ տենց են։ Եթե դիմացինդ քեզնից ցածր ա, նա քեզ երբեք չի կարա հետաքրքի։ Ճի՞շտ չեմ։

-Ճիշտ ես, Քնար,-մի կերպ թաքցնելով հուզմունքն ու շփոթվածությունը՝ համաձայնեց Սոֆյան։

Քնարը վեր կացավ, մոտեցավ Սոֆյային ու բռնելով նրա ափերը՝ ասաց․

-Լսի, սիրելիս։ Լավ նորություն ունեմ քեզ համար։ Հունվարի 1-ից աշխատավարձդ հիսուն տոկոսով բարձրացնելու եմ։

-Լու՞րջ,-ուրախ բացականչեց Սոֆյան։

-Իհարկե, կյանքս։ Հիմա գնա պատրաստվիր՝ միասին դուրս ենք գալիս հագուստի խանութ քո համար նոր զգեստներ առնենք։ Փողը ես եմ տալիս։ Դա կլինի նվեր իմ կողմից։

Սոֆյան ուրախությունից գրկեց Քնարին։

Քնարը ձեռքի ափով շոյեց Սոֆյայի դեմքն ու ասաց․

-Դե գնա պատրաստվիր, հեսա դուրս կգանք։

Սոֆյան դուրս եկավ Քնարի աշխատասենյակից։ Քնարն ինքնագոհ ժպտալով մտածում էր․

<<Արմեն տղա, քեզ թվում ա, որ Սոֆյային կարաս ինձնից տանես։ Չէ, ես դա երբեք թույլ չեմ տա>>։

***

Երեկո էր։ Քնարը, նստած երևանյան սրճարաններից մեկում, մարդու էր սպասում։

Շուտով նրան է մոտենում ու կողքին նստում գլուխն ամբողջովին սափրած, մարմնի տարբեր մասերում դաջվածքներ ունեցող, նիհար կազմվածքով մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ։

-Բարև Ձեզ,-ողջունեց երիտասարդը՝ Քնարի կողքին նստելուց հետո։

-Բարև։ Ինձ ասել են, որ Դուք շատ լավ մասնագետ եք արհեստական բանականության միջոցով վիդեոներ սարքելու գործում։

-Հա, կա տենց բան,-գլուխը ոգևորված թափահարելով՝ պատասխանեց երիտասարդը։

-Ձեր անունն ի՞նչ է,-հարցրեց Քնարը։

-Իմ գործում անուններ չկան։ Ասեք ինձ Սերոբ։

-Շատ լավ, Սերոբ։ Ես պատվեր ունեմ քեզ տալու ու շատ փող կտամ, եթե իմ ուզածն անես։

-Ասա, թե կոնկրետ ի՛նչ պիտի անեմ։

-Պիտի արհեստական բանականության միջոցով սարքես մի էնպիսի վիդեո, որտեղ երևա, որ հոգեթերապևտն իր կին այցելուին հիպնոսի է ենթարկում ու այդ ժամանակ, երբ վերջինս ոչինչ չի հասկանում, նրա հետ սեռական հարաբերություն է ունենում։ Իսկ, երբ կինը հիպնոսից դուրս է գալիս, չի հիշում, թե իր հետ ինչ ա կատարվել։ Դրանից հետո էդ վիդեոն պետք ա դնես ինտերնետում։

-Ստոպ, ես էդպիսի գործեր չեմ անում։ Էդ շատ վտանգավոր ա։ Եթե ես էդ վիդեոն տարածեմ, էդ մարդու հանդեպ քրեական գործ կհարուցվի, միլիցեքը քննություն կսկսեն, փորձաքննություն ա, բան ա, ու էստեղ կպարզվի, որ էդ վիդեոն սարքած ա, կեղծ ա։ Հետո ման կգան էն մարդուն, ով վիդեոն տեղադրել ա ինտերնետում։ Եթե ճարեն էդ մարդուն, հաստատ կդատեն։ Կներես, բայց ես բերդ նստելու ցանկություն չունեմ։

-Դու էլ նենց արա, որ ոչ ոք չկարողանա պարզել, թե ով ա վիդեոն տեղադրել ինտերնետում։ Ախր ինձ ասել են, որ դու տենց գործերում Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն ես,-նկատեց Քնարը։

-Բայց էդ մարդուն կդատեն։ Ես չեմ ուզում, որ իմ պատճառով անմեղ մարդ գնա նստի,-ասաց Սերոբը։

-Լսիր, Սերոբ, ոչ մի անմեղ մարդ էլ չի նստի։ Դու չասացի՞ր, որ էդ վիդեոն փորձաքննության կենթարկեն, իսկ եթե փորձաքննության ենթարկեն, կպարզվի, որ էդ վիդեոն սարքած ա, ու էդ մարդուն ոչինչ էլ չի լինի,-ասաց Քնարը։

-Ճիշտ ես, բա էդ դեպքում քո օգուտը ո՞րն ա, դու ի՞նչ ես ստանում էս ամենից,-զարմացած հարցրեց Սերոբը։

-Իմ ուզածն էն ա, որ էդ վիդեոն ամբողջ Հայաստանում մեծ աղմուկ հանի ու էդ մարդն ամբողջ երկրով մեկ խայտառակվի։

-Պարզ ա, էդ կկազմակերպենք։ Հիմա ասա, թե ո՞վ ա էդ մարդը։ Քնարը Սերոբի ականջին շշնջաց Արմենի անունը։

-Պարզ ա։ Ուզում եք Ձեր մրցակցին հանել ասպարեզից։ Կկազմակերպենք, բայց էդ Ձեզ վրա շատ թանկ կնստի։

-Ինչքա՞ն։

Սերոբը սեղանից անձեռոցիկ վերցրեց, գրպանից գրիչ հանեց ու անձեռոցիկի վրա ինչ-որ բան գրելով՝ տվեց Քնարին։

Քնարը, տեսնելով գրվածը, բացականչեց․

-Տղա՛ ջան, էս ուզում ես միանգամից հարստանա՞լ։ Դու հասկանու՞մ ես, թե սա ինչ թիվ ա։

-Տիկին ջան, բա դու հասկանու՞մ ես, թե ես ի՞նչ ռիսկի տակ եմ դնում ինձ։ Բա որ իմանան, որ էս վիդեոն ես եմ ինտերնետ գցողը։

-Էդ քո պրոբլեմն ա,-դժգոհ ասաց Քնարը։

-Ես գիտեմ, որ դա իմ պրոբլեմն ա, դրա համար էլ էս գինն ա։ Եթե համաձայնես, կանեմ, եթե չէ՝ հաջողություն,-ասաց Սերոբը՝ վեր կենալով տեղից ու պատրաստվելով գնալ։

-Մի րոպե, սպասիր, համաձայն եմ, բայց փողը հետո կտամ։

-Փողի հարցում ռասկլադը սենց ա։ Կեսը նախօրոք եք տալու, որ գործը սկսեմ, կեսն էլ գործի ավարտից հետո։

-Համաձայն եմ,-ասաց Քնարը։

-Դե որ համաձայն ես, երբ փողի կեսը կտաս, գործը կսկսեմ անել, իսկ մյուս կեսն էլ կտաս գործի ավարտից հետո։

-Պայմանավորվեցինք։

-Դե որ պայմանավորվեցինք, վերցրու էս հեռախոսը։ Սրա մեջ հենց մի համար կա։ Երբ ուզենաս ինձ հետ կապնվել, էս հեռախոսով սրա մեջի համարին կզանգես,-ասաց Սերոբը գրպանից հանելով մի հասարակ ստեղներով, հին բջջային հեռախոս ու տվեց Քնարին։

***

Անցնում է քսանհինգ օր։ Այդ օրերի ընթացքում Քնարի պատվերով Սերոբը տեղադրում է տեսանյութը համացանցում։ Ողջ Հայաստանում մեծ աղմուկ է բարձրանում։ Սոցիալական ցանցերում պահանջում են կախաղան հանել Արմենին։ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում։ Փորձաքննությամբ պարզվում է, որ տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։ ՀՀ Քննչական կոմիտեն իր պաշտոնական համացանցային էջում հաղորդագրություն է տարածում այն մասին, որ տեսանյութն իրական չէ և ստեղծված է արհեստական բանականության միջոցով։ Միաժամանակ հայտնում է, որ միջոցներ են ձեռնարկվում տեսանյութը համացանցում տեղադրողի անձը պարզելու ուղղությամբ։ Սակայն այդ հաղորդագրությունը հասարակության համար աննկատ է մնում։ Հասարակությունը կայացրել էր իր որոշումը՝ Արմենը հրեշ է։

Արմենը գլխի է ընկնում, որ այդ գործում Քնարի մատը խառն է, բայց դա չէր կարող ապացուցել։ Քննիչին նա ասում է իր կասկածների մասին, բայց վարույթն իրականացնող մարմինը այդ վարկածը հաստատելու համար չի կարողանում բավարար ապացույցներ ձեռք բերել։ Ավելին՝ ՀՀ իրավապահ մարմիններն այդպես էլ չեն կարողանում պարզել համացանցում տեսանյութը տեղադրողի ինքնությունը։

Այդ ընթացքում Արմենի մասնագիտական գործունեությանը մեծ հարված է հասցվում։ Իր մոտ այցելող հաճախորդները հրաժարվում են Արմենի ծառայություններից։ Նոր այցելուներ էլ չեն գալիս։

Սոֆյան, հակառակ բոլորի, չի հավատում, որ Արմենը մեղավոր է ու շարունակում է մտածել նրա մասին։ Բայց միևնույն ժամանակ Սոֆյայի մտքով անգամ չէր անցնում, որ այդ ամենի հետևում Քնարն է կանգնած։

Արմենն սկսում է ողջ հոգով ատել Քնարին ու նրա հետ կապված ամեն ինչ, բացի Սոֆյայից։ Ինքն էլ չէր կարողանում բացատրել, թե ինչու է շարունակում մտածել նրա մասին։ Արմենի սիրտն ասում էր, որ Քնարն այդ ամենը Սոֆյայից թաքուն էր արել։ Զղջում էր, որ Սոֆյայի հեռախոսազանգերին չի պատասխանել այն ժամանակ, բայց և իր մեջ չէր կարողանում ուժ գտնել նրան զանգահարելու, որովհետև չգիտեր՝ ինչ ասեր, բացի այդ էլ շատ էր վախենում, որ Սոֆյան իրեն չի լսի։

***

Երեկո էր, Երևանում անձրև էր տեղում։ Սոֆյան, փակված իր սենյակում, պատուհանից դուրս էր նայում, ասես ուզում էր այնտեղ տեսնել Արմենի տեսլիքը։ Հոգին ցավում էր, սիրտը ծանրացել էր, կոկորդում խեղդոցի զգացողություն կար։ Նա ամեն ինչ անում էր Արմենին մոռանալու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Հասկանում էր, որ Արմենն իրեն էլ չի զանգահարի, բայց սիրտը համառ երեխայի պես սպասում էր։

Հեռացավ պատուհանից, վերցրեց սմարթֆոնն ու սկսեց թերթել սոցիալական ցանցի էջերը։ Հանկարծ այնտեղ մի հետաքրքիր տեսանյութ նրա ուշադրությունը գրավեց։ Դա հատուկ մեդիտացիա

էր, որն արվում էր, որպեսզի սիրած մարդը իր հետ կապ հաստատի։ Սոֆյան, իհարկե, նման բաների նախկինում չէր հավատում, բայց այս անգամ նա պատրաստ էր հավատալ ամեն ինչի, միայն թե իր սրտում վառ պահեր Արմենի վերադառնալու հույսը։

Տեսանյութն ուշադիր դիտելուց հետո, նա սմարթֆոնը մի կողմ դրեց, հարմար տեղավորվեց աթոռին, փակեց աչքերն ու սկսեց մեդիտացիա անել։ Նպատակն այն էր, որ մեդիտացիայից հետո Արմենն իրեն զանգահարեր։

Հարգելի՛ ընթերցող, այժմ տեղափոխվենք Արմենի մոտ։

Այդ պահին Արմենն ավտոմեքենայով աշխատավայրից տուն էր վերադառնում։ Չէր կարողանում կենտրոնանալ ավտոմեքենան վարելու վրա․ հասկանում էր, որ ուր որ է ինքնատիրապետումը կկորցնի։ Պատճառն այն էր, որ արդեն շաբաթից ավելի էր, ինչ նա չէր դադարում Սոֆյայի մասին մտածելուց։ Այդ ընթացքում նա չի էլ փորձել Սոֆյային մոռանալ, չի դիմել իր հոգեբանական ու հոգեթերապևտիկ վարժություններին ու հնարքներին։ Չէր ցանկանում մոռանալ Սոֆյային, քանի որ հենց միայն հիշողությունները Սոֆյայի մասին իր հոգին ու սիրտը ջերմացնում էին իր համար այդ ծանր իրավիճակում։ Իրավիճակ, որտեղ թվում էր, թե ամեն ինչ փուլ է գալիս, ու էլ ոչինչ հնարավոր չէ անել։ Հիշում էր Սոֆյայի հայացքը, երբ իրեն նայում էր ավտոմեքենայում, հիշում էր այն պահը, երբ Սոֆյան, իջնելով իր ավտոմեքենայից, հետ նայեց՝ երջանիկ ժպտալով։

Հարմար տեղ գտնելով՝ ավտոմեքենան կանգնեցրեց, բայց շարժիչը չանջատեց։ Անձրևը մեղմ թակում էր ավտոմեքենայի դռների ապակիները։ Արտասվում էր երկինքը, արտասվում էր նաև Արմենի հոգին։

Երկմտելով ձեռքը տարավ սմարթֆոնը։ Զգաց, որ վախենում էր։ Դա անսովոր ու անբացատրելի վախ էր։

<<Չէ, ինչ ուզում ա լինի, ես պիտի զանգեմ Սոֆյային։ Էլ չեմ դիմանում էսպես>>,-մտածեց ու հավաքեց Սոֆյայի հեռախոսահամարը։

Հարգելի ընթերցող, այժմ կրկին վերադառնանք Սոֆյայի մոտ ու տեսնենք, թե նա ինչ է անում։

Սոֆյան ավարտել էր մեդիտացիան ու անսովոր խաղաղություն էր զգում։ Հնչում է սմարթֆոնի հեռախոսանգը։ Սոֆյայի սրտում ասես պայթուն տեղի ունեցավ։ Տեսնելով սմարթֆոնի էկրանին տպված Արմենի հեռախոսահամարը՝ աչքերին չհավատաց, թվաց, թե երազում է, և ուր որ է՝ կարթնանար։ Բայց դա երազ չէր։ Հեռախոսազանգի ձայնը շարունակվում էր լսվել։ Սոֆյան պատասխանեց հեռախոսազանգին․

-Ալո։

Արմենը մի քանի վայրկյան լռեց։ Դա սովորական լռություն չէր, այլ լռություն, որն ավելի խոսուն էր, քան ցանկացած բառ։

-Ալո, Սոֆյա, բարի երեկո, Արմենն է,-կմկմալով մի կերպ ասաց Արմենը։

-Բարև Ձեզ, Արմեն, ինչու՞ եք զանգել։

Սոֆյայի կտրուկ ու հստակ հարցից Արմենն ավելի շփոթվեց, բայց հավաքելով իրեն՝ ասաց․

-Սոֆյա, ես զանգել եմ, որ ներողություն խնդրեմ էն բանի համար, որ քո հեռախոսազանգերին չեմ պատասխանել։ Քնարն ինձ ասել էր, որ դու ամեն ինչ արել ես իր ցուցումով։ Ես էլ զայրացած էի քո վրա։

-Քնարը շատ բան կարար ասեր, բայց Դուք տղամարդ եք, կարո՞ղ էիք չէ զանգել կամ գալ ինձ մոտ, ինձնից ճշտեիք, փոխարենը նախընտրել էիք վախկոտի պես հեռանալ։

-Ընդունում եմ իմ սխալը։ Սոֆյա՛, արի հանդիպենք, խնդրում եմ․․․

-Ինչի՞ համար,-հարցրեց Սոֆյան։

-Ուզում եմ Ձեր աչքերի մեջ նայելով՝ ներողություն խնդրել ու Ձեզ շատ կարևոր բան ասել,-ասաց Արմենը։

-Մենք խոսելու ոչինչ չունենք։

-Ոչ, ունենք։ Խնդրում եմ հնարավորություն տուր ինձ բացատրել։ Շատ եմ խնդրում, ընդամենը մեկ հնարավորություն։

-Լավ, Արմեն, ես կտամ Ձեզ այդ հնարավորությունը,-երկար հուզական լռություն պահելուց հետո ասաց Սոֆյան,-վաղը ինձ զանգիր ու ես կասեմ հանդիպման ժամն ու վայրը։

-Շատ շնորհակալ եմ,-ուրախ ասաց Արմենը։

-Ցտեսություն։

Սոֆյայի տրամադրությունը ակնթարթորեն կտրուկ բարձրացավ։ Չէր հիշում, թե մեկ էլ ե՛րբ էր իրեն այդպես երջանիկ զգացել։

<<Նա ինձ խնդրեց։ Անհավատալի ա։ Առաջ ինձ վերևից էր նայում, ուշադրություն չէր դարձնում, բայց էսօր նա ինձ անկեղծ խնդրեց, շատ խնդրեց>>։

Դա մտածելուց Սոֆյայի ուղեղը մեծ պարգևատրում ստացավ։ Դեռևս դոֆամինի այդպիսի հսկա չափաբաժին նա երբևէ չէր ստացել։

***

Արմենն ու Սոֆյան հանդիպում են։ Արմենը Սոֆյային սիրո խոստովանություն է անում և ասում, որ իր նպատակներն առավել քան լուրջ են։ Սոֆյան համաձայնվում է։

Անցնում է մի քանի օր։ Դեկտեմբեր ամսվա վերջին օրերն էին։ Երևանը, զարդարված Ամանորի գալուստն ավետող լույսերով, յուրահատուկ փայլ էր ստացել։

Սոֆյան ու Արմենը երեկոյան զբոսնում էին։

-Սոֆյա, դու Քնարի մոտից աշխատանքի ազատման դիմումը գրել ես, չէ՞,-հարցրեց Արմենը։

-Հա, բա ոնց։ Էրեգ եմ գրել։

-Ինքը դա ո՞նց ընդունեց,-հետաքրքրությամբ հարցրեց Արմենը։

-Ձևացրեց իբր իր համար մեկ ա, բայց ես հո գիտեմ, որ դա իր համար հարված էր։ Խղճում եմ իրեն։ Ինձ հետ շատ էր կապված։

-Դե ոչինչ։ Ինքն իրեն համարում ա Հայասատանի լավագույն հոգեթերապևտը, ուրեմն թող իր հարցերը լուծի։

Մի պահ երկուսն էլ լռեցին։

-Արմեն, ի՞նչ ես մտադիր անել, ո՞նց ես իրավիճակը շտկելու,-խախտեց լռությունը Սոֆյան։

-Ի՞նչ առումով ես հարցնում։

-Դե էն, որ հիմա քո մոտ մասնագիտական կրիզիս ա, էլ այցելուներ գրեթե չունես։

-Ես մտածել եմ էդ մասին։ Էլ ինձ մոտ այցելուներ չեմ ընդունելու։ Հիմա ես աշխատում եմ իմ հատուկ մեթոդի ստեղծման ուղղությամբ, որը որպես դասընթաց կվաճառեմ միջազգային լսարանին, բացի այդ էլ օնլայն հոգեբանական խորհրդատվություններ կմատուցեմ։ Ես գերազանց գիտեմ թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն։ Կարևորը դու իմ կողքին ես։ Քեզ հետ ես պատրաստ եմ անցնել ցանկացած դժվարության միջոցով, հաղթահարել ամենաբարդ խոչընդոտները։ Դու իմ ուժի աղբյուրն ես։

-Ճի՞շտ որ,-ուրախ ասաց Սոֆյան։

-Իհարկե։ Ի դեպ, ես երկու օր առաջ խոսում էի իմ ամերիկացի գործընկերոջ ու ինձ մտերիմ մարդու հետ։ Անունը Օլիվեր է։ Նրան պատմեցի քո մասին։

-Ի՞նչ ասացիր,-անհամբեր հարցրեց Սոֆյան։

-Ասացի, որ գտել եմ շատ հզոր ուժի աղբյուր ի դեմս քեզ։

-Վա՜յ,- բացակաչեց Սոֆյան։

-Բայց նա ինձ ասաց, որ ուժեղ տղամարդն իրեն հարկավոր բոլոր ռեսուրսներն ու անսահմանակ ուժը պետք ա գտնի իր մեջ ու չպետք ա նա էդ բոլորը պայմանավորի ուրիշով։

-Այսի՞նքն։

-Այսինքն, ուզում ա ասի, որ ես պիտի լինեմ երջանիկ և ուժեղ՝ անկախ նրանից կլինեմ միայնակ, թե կողքիս կլինի սիրածս կինը,-պատասխանեց Արմենը։

-Ստացվում ա՝ դու ուժե՞ղ չես։

-Էդպես ա ստացվում։ Բայց ես քեզ կասեմ հետևյալը․ միգուցե ես ամենաուժեղ տղամարդը չեմ, բայց ամենաերջանիկն եմ,-ասաց Արմենը՝ ձեռքով բռնելով Սոֆայի ուսը, գլուխը մոտեցնելով նրա գլխին։

Մեղրի 2026

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Сирень
Тигран Амасян

Сирень

Давай будем любить друг друга. 2021 год
Давай будем любить друг друга. 2021 год
Играть онлайн

Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.