Нар-Дос

Ճշմարիտ բարեկամը

Հայոց կյանքից

l

Սենյակն, ուր պիտի տանեմ ձեզ, ընթերցո՜ղ, բավականին ընդարձակ է և զարդարված եվրոպական ընտիր ճաշակով: Ավելորդ է նկարագրել ձեզ մի առ մի այդ սենյակի զարդարանքները և կահավորումը. դուք առանց այդ էլ, չկարծեմ, թե տեսած չլինեք այդպիսի սենյակներ, որոնցից ներկա ժամանակս շատ են գտնվում և՜ Թիֆլիսի գլխավոր փողոցների վերականգնած հոյակապ տներում և որոնց փայլը շլացնում է ամեն մի չքավորի աչքերը: Շատ կարելի է, որ դուք հենց այդպիսի սենյակներից մեկումն եք կարդում այս տողերը:

Առավոտ էր, ժամի տասը:

Սենյակի լուսամուտները բոլորովին բաց էին, և մայիսյան արևի կենսատու ճառագայթները, ներս թափանցելով սենյակը, նրա գեղեցիկ ներկած հատակի վրա նկարում էին լուսամուտների վայր թողած ասեղնագործ վարագույրների ծաղիկների ստվերները: Լուսամուտների առջև, ներքևը, բակի՝ մեջ գտնված կանաչազարդ պարտեզը յուր հազարավոր նորաբաց ծաղիկներով ու վարդերով, որոնք իրենց բազմագունով մի հրաշալի տեսարան էին ներկայացնում և որոնք լցրել էին օդը մի տեսակ թարմ ու անուշ բուրմունքով ծիծաղում, խնդում էր արևի ոսկեզօծ ճառագայթների տակ: Իսկ թռչունների գեղգեղանաց ուրախ ճռվողյունը ցույց էր տալիս, թե մինչև որ աստիճան սիրելի են նրանց մայիսյան այդպիսի օրերն և ազատ բնությունը:

Լուսամուտներից մեկի առջև, փափուկ բազկաթոռի մեջ նստած էր մի մանկահասակ կին: Նա կլիներ մոտ քսանևհինգ տարեկան, դեմքի ամենաճիշտ և գրավիչ գծագրությամբ, մի փոքր նիհար ու գունատ: Նրա ընտանեկան սպիտակ հանդերձն ու սև մազերը, որոնք գեղեցիկ սանրած և կարմիր ժապավենով թույլ կապված՝ ընկած էին նրա մեջքի վերա, ավելի գեղեցկություն էին տալիս նրա գունատ դեմքին: Բավական էր մի անգամ նայել այդ գեղեցկուհու վերա և իսկույն կասեիք, ահա մի գեղեցիկ, համեստ ու բարեսիրտ կին: Նա, գլուխը ձեռքի վերա կռթնած, տխուր նայում էր դեպի դուրս՝ ծառերի վերա ոստոստող թռչուններին և կարծես, նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի այդ անհոգ ու անվիշտ արարածների ուրախ ճռվողյունը: Եթե նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում չլիներ, նայողը կասեր, որ սա հեթանոսական աստվածուհու մի հրաշալի անդրի է:

Բավական ժամանակ անցավ, և սակայն նա տակավին յուր տեղում անշարժ նստած էր: Մի անգամ միայն նրա կրծքից մի հառաչանք դուրս թռավ, այն հառաչանքներից մեկը, որ դուրս է գալիս ակամայից այն անբախտների սրտի խորքերից, որոնք կռվում են անդադար մի անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունքի դեմ: Բայց այն ի՞նչ անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունք էր, որ մաշում էր նրա սիրտը, ի՞նչ հոգս, ի՞նչ վիշտ պիտի ունենար այդ մանկահասակ կինը, որին բնության ճարտարագործ ձեռքը վարձատրել էր այնպիսի առանձնահատկություններով, որոնցով կարելի էր միշտ ուրախ ու երջանիկ ապրել, միշտ ծիծաղել ու խնդալ... Արդյոք յուր աչքերի առջև այժմ ճախրող թռչունների անհոգ կյանքը հիշեցնո՞ւմ էր նրան յուր վաղուց արդեն վատնած նույնպես անհոգ կյանքի շրջանը– մանկությունը, թե նրա սիրտը մաշում էր այն անթիվ վշտերից մեկը, որոնցով վարակված է հասակավորներին շրջապատող մթնոլորտը: Դժվար էր գուշակել:

Հանկարծ դուռը բացվեցավ, և ներս մտավ մի միջահասակ մարդ: Նրա չեչոտ դեմքը միշտ ժպտում էր, որ և նրա ներքին բարեսրտության ու միամտության բացարձակ արտահայտիչն էր: Ինչպես երևում էր, նա ավելի ուշադրություն էր դարձնում յուր բոլորովին սև մազերի վերա, որոնք այդ րոպեին խնամքով սանրված ու բաժանված էին գլխի ձախ կողմի վերա, քան շորերի, որոնք ոտից գլուխ, կարծես, բան ուզովի լինեին: Չնայելով որ նրա մեծ, հսկայական քիթը թամբած էր ակնոցներով, բայց նա գրեթե միշտ նրանց վերևից էր նայում, այդ հանգամանքը ստիպում էր նրան անդադար խոնարհեցնելու ու բարձրացնելու յուր գլուխը: Նրա համազգեստը և ուսադիրները ցույց էին տալիս, որ նա արքունական ծառայության մեջ էր: Դժվար էր մինչև անգամ մոտավորապես որոշել, թե նա քանի տարեկան էր, որովհետև առաջին հայացքից նա ծեր էր երևում, բայց երբ մի փոքր երկար էիր նայում, նա հետզհետե երիտասարդանում էր:

Մանկահասակ կինն այն աստիճան անձնատուր էր եղել յուր մտածությանը, որ ամենևին չլքեց նրա մտնելը: Պ. Գարասիմ Զաքարյանը (այդպես էր ներս մտած մարդու անունը) մոտեցավ նրան, կանգնեց նրա մոտ և, ձեռքերը դարսելով հետևը, սկսեց ժպտալով նայել նրան, որը դարձյալ նրան չէր տեսնում:

Լի՞զա, վերջապես նույն ժպիտը երեսին և մի տեսակ զարմացական ու հարցական եղանակով արտասանեց նա և այս անգամ գլուխը բոլորովին առաջ բերելով, որպեսզի լավ նայի կնոջը ակնոցների վերևից:

Ախ, այդ դո՞ւք եք... գրեթե ճչաց ուրախությամբ մանկահասակ կինն և մի ակնթարթում նրա դեմքը պայծառացավ, նա իսկույն վեր թռավ տեղից, բայց յուր առաջ տեսնելով Գարասիմին, նա դեռ ապշեց, հետո այլայլվեց, շառագունվեցավ և դարձյալ նստեց յուր տեղը: Նրա դեմքը նորից առաջվա արտահայտությունն ստացավ, և նա ավելացրեց թույլ ձայնով.

Այդ դո՞ւ ես, Գարասիմ...

Բացի ինձանից ուրիշ ո՞վ կարող է լինել, հոգիս, ասաց Գ. Զաքարյանը առանց մի որևէ կասկած տանելու կնոջ (մանկահասակ կինը նրա ամուսինն էր) անսովոր այլայլմունքի վերա: Հապա դու ո՞ւմն էիր կարծում:

Ե՞ս... ես ո՞ւմը պիտի կարծեի... Ես ընկղմված էի մտածության մեջ:

Մի՞թե կարելի է մայիսյան մի այսպիսի սքանչելի օրին նստել և մտածությանը անձնատուր լինել, անմիտ, ասաց Գ. Զաքարյանը կես հանդիմանական և կես կատակի եղանակով և կամաց մատով խփելով կնոջ այտին, որին այդ բավականին զզվելի թվաց: Այսպիսի սքանչելի օրերին կամ գնում են զբոսանքի, կամ ուղղակի նստում են դաշնամուրի առաջ և երգում ու նվագում են:

Մանկահասակ կինն, ըստ երևույթին, չէր լսում նրան, նա միայն նայում էր դեպի դուրս:

Բայց Լի՜զա, ինչո՞ւ դու այդպես տխուր ես, հարցրեց հանկարծ լրջորեն Գարասիմը:

Ի՞նչ ես կամենում, Գարասիմ, հարցրեց յուր կողմից մանկահասակ կինն, առանց նրան նայելու:

Ասում եմ ինչո՞ւ դու այդպես տխուր ես այսօր:

Ե՞ս... Գլուխս ցավում է:

Գլուխդ ցավո՞ւմ է... բայց այս առաջին օրը չէ, դու այս վերջին շաբաթս գրեթե միշտ այդպե՛ս տխուր ես և մի ինչ-որ բանի մասին խիստ ես մտածում, ասաց Գարասիմը անհանգստությամբ և բոլորովին կռանալով դեպի նա: Հոգի՞ս չլինի թե դու մի ուրիշ ցավ ունիս, որ աշխատում ես ինձնից ծածկել, հըա՞, ավելացրեց նա բռնելով կնոջ ձեռքերը:

Ոչ, ոչ, իմ ընկեր, ասացի, որ միայն գլուխս է ցավում, ասաց մանկահասակ կինը ձեռքերը ետ քաշելով: Բ՞այց մի՞թե արժե այդպիսի հիմար բաների մասին այդպես անհանգստանալ, Գարասիմ, ավելացրեց նա աշխատելով, որ ժպտա: Իսկույն կանցնի ցավը:

Ա՛խ, հոգի՛ս. դու չգիտես, թե որպես կտրատվում է իմ սիրտս, երբ քեզ այդպես տխուր եմ տեսնում... Աղաչում եմ, Լի՜զա, սիրելիս, շատ մի մտածիր... կամ ի՞նչ ունիս այդպես խոր մտածելու, ես զարմանում եմ... Խաղա՜ Տիգրանիկի հետ, եթե չես կամենում դուրս գնալ զբոսնելու: Ես այժմ գնում եմ ծառայության և այսօր շուտով կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը մի համբույր դրոշմելով կնոջ ճակատին, գնաց դեպի դուռը, բայց դեռ դռանը չմոտեցած՝ նա նորից վերադարձավ և ավելացրեց.

Հա՛, Լիզա, դու այսօր մենակ չես մնալու, ես այժմ՝ փողոցից տուն դառնալիս պատահեցա պ. Սուրեն Արևելյանին (վերջին խոսքերը լսելուն պես մանկահասակ կինը դեմքն իսկույն դեպի նա դարձրեց), նա ուր որ շտապում էր, այդ պատճառով ես ժամանակ չունեցա նրանից իմանալու, թե ինչու այս ամբողջ մի շաբաթը նա մեզ չէր այցելում: Նա միայն ասաց, որ այսօր ժամի տասնևմեկին մեզ մոտ կլինի:

Իրա՞վ, հարցրեց մանկահասակ կինը շուտ և մի տեսակ ուրախ ձայնով ու հանգիստ շարժումով, որոնք սակայն աննկատելի մնացին Գ. Զաքարյանից:

Այո: Այսօր նա մեզ մոտ կճաշե:

Մանկահասակ կնոջ դեմքը պայծառացավ, բայց, որպեսզի ամուսինը չնկատի այդ հանկարծակի փոփոխությունը, նա դեմքը դարձրեց դեպի՝ դուրս:

Հուսով եմ, որ դու նրան լավ կընդունես, Լիզա, ավելացրեց Գ. Զաքարյանը, պատրաստվելով գնալու:

Ես այժմ գնամ: Մինչև իմ գալս կխոսեք, թուղթ կխաղաք, կամ դաշնամուրը կածես, կերգես և գլխիդ ցավն էլ կմոռանաս: Ուղիղ ժամի մեկին ես կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը դուրս գնաց:

Հենց դուռը փակվեցավ նրա հետևից, մանկահասակ կինն իսկույն գժվածի նման վեր թռավ տեղից և, ձեռքերը տարածելով դեպի՝ վեր բացականչեց շնչասպառ ձայնով.

Օ՛, ես այսօր կտեսնեմ նրան... կտեսնեմ նրան... Այն անսահման ուրախության արտահայտությունը, որ այդ րոպեին փայլում էր նրա գեղեցիկ դեմքի վերա, անշուշտ կզարմացներ մի փոքր առաջ նրան նայողին: Նրա մեծ աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ անհամբերության փայլ, մի փոքր առաջ նրա գունատ դեմքն այժմ շառագունվել էր, իսկ կուրծքը սաստիկ բաբախումից, կարծես, ուզում էր պատռվել:

Նույն րոպեին նախասենյակում երեխայի վազելու ոտի ձայն լսվեցավ և, դուռը բացվելով, մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ երեխա շնչասպառ ներս վազեց սենյակը:

Մայրի՛կ, մայրի՛կ, կանչեց նա յուր մանկական ծվող ձայնով և փաթաթվեցավ մոր ծնկներովը:

Տիգրանիկս… կանչեց յուր կողմից մայրն և, երկու ձեռքով բռնելով երեխայի գլուխը, սկսեց անհամար ջերմ համբույրներ թափել նրա վառվող լիք թշերին: Ո՞րտեղ էիր դու վազվզում, որ այդպես կարմրել ես:

Ես մեր պարտեզումն էի, մայրիկ, ես ուզում էի թիթեռնիկներ բռնել, բայց չէի կարողանում... Այնքան վազեցի, այնքան վազեցի նրանց հետևից, մայրիկ, որ հոգնեցա... նրանք չար են, մայրիկ, շատ չար. նրանք չեն ուզում, որ ես բռնեմ և խաղամ նրանց հետ. նրանք կարծում են, երևի, որ ես նրանց կսպանեմ, չէ , մայրիկ:

Իհարկե, նրանք ի՞նչ են հասկանում, որ դու ուրիշների նման չար չես:

Ա՜խ, մայրիկ, եթե նրանք այդ հասկանային... ես շատ, շատ եմ ցանկանում նրանց հետ խաղալ... Մայրի՜կ դու կբռնե՞ս ինձ համար թիթեռնիկ:

Այո՛, Տիգրանիկս, այո ...

Ա՛խ, որքան բարի ես, մայրիկ, ո՛րքան ես քեզ սիրում եմ, կանչեց ուրախությամբ երեխան և ավելի պինդ փաթաթվեցավ մոր ծնկներովը: Ես հայրիկին էլ շատ եմ սիրում, նա էլ կբռնի ինձ համար թիթեռնիկ... բայց, մայրիկ: Գիտե՞ս ինչու համար ես վազեցի այժմ քեզ մոտ, հանկարծ երեխային վայել լուրջ կերպարանք ստանալով և մի փոքր հեռանալով ավելացրեց նա:

Ինչո՞ւ համար, հարցրեց ժպտալով մայրը:

Հայրիկն այժմ գնալիս ինձ ասաց, որ դու տխուր ես, և որ ես գամ քեզ ուրախացնելու, ասաց երեխան ուղղակի նայելով մոր աչքերին, կարծես թե, կամենալով ստուգել հոր ասածը: Բայց դու տխուր չես, դու ժպտում ես...

Ոչ, իմ Տիգրանիկս, ո՛չ, ես, այժմ այլևս տխուր չեմ, որովհետև... հանկարծ նա լռեց և նայեց ուղղակի մանկան աչքերին, կարծես այն բառերը, որ պիտի արտասաներ նա, այրեցին նրա շրթունքները և, շուռ գալով երեխայից, նա դեմքը ծածկեց ձեռքով:

Երեխան զարմացավ այդ հանկարծակի փոփոխության վերա և, վազելով մոր առաջ, կանչեց նա վախեցած

Մա՛յրիկ, մա՛յրի՛կ...

Երեխային պատասխան եղան միա՜յն խուլ հեկեկանքները, որ դուրս թռան մոր կրծքից...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ճշմարիտ բարեկամը"

Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Александр и Анаит Топчян, 1972 г.
Александр и Анаит Топчян, 1972 г.
Играть онлайн