Нар-Дос

Մինաս Փափախչյան

1

Ես ու Հովհաննես Մարիսյանը դասընկեր էինք։ Սկսած պատրաստականից մինչև ավարտելն անբաժան էինք իրարից։ Ավարտելուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին։ Ես քաղաքացի էի, նա՝ գյուղացի։ Ես առմիշտ գամվեցի քաղաքին, նա իրեն տվավ գյուղատնտեսության, մասնավորապես ուսումնասիրելով մեղվաբուծական ճյուղը, և առմիշտ հաստատվեց գյուղում։

Գյուղատնտեսական ընկերության գործոն աշխատակիցներից մեկն էր. տարին մի քանի անգամ այդ ընկերության գործերով գալիս էր քաղաք և սովորաբար իջնում էր ինձ մոտ։ Անցյալ ամառ, երբ նորից եկել էր քաղաք, վերադարձին ինձ տարավ իր հետ իրենց գյուղը, որ մի քիչ հանգստանամ և ծանոթանամ իր տնտեսությանը։

Գյուղի բնակիչները պարապում էին գլխավորապես երկրագործությամբ և մասամբ՝ մեղվաբուծությամբ։ Մեղվաբուծությունը սակայն ոչ ոքի այնքան եկամուտ չէր տալիս, որքան Մարիսյանին, որովհետև ամբողջ գյուղում միայն նա էր, որ իր տնտեսությունը դրել էր գիտական հիմքերի վրա և ամբողջապես նվիրված էր այդ գործին։

Որպեսզի կարողանար հանգիստ աշխատել, իրենց ընդարձակ այգում շինել էր երկու սենյակից բաղկացած մի համեստ բնակարան լայն պատշգամբով և միանգամայն մեկուսացած իրենց հին տնից, ուր ապրում էին նրա ծնողները և ամուսնացած ավագ եղբայրն իր ընտանիքով։ Ինձ, իհարկե, տեղավորել էր իր մոտ և շրջապատել այնպիսի հարմարություններով, որ ոչ մի բանի կարիք չէի զգում. այնտեղ կարող էի և՛ հանգստանալ, և՛ աշխատել։

Կարելի է ասել, որ միակ ինտելիգենտ ուժն այդ գյուղում Մարիսյանն էր, և տեղական թե հարևան գյուղացիներից քչերը չէին օգտվում նրա տված խորհուրդներից և օրինակ վերցնում նրա տնտեսությունից։ Տեղական հարուստ գյուղացիների զավակներից, որոնք զանազան ժամանակներում գնացել էին քաղաք ուսում առնելու և «մարդ» դառնալու, համարյա ոչ ոք չէր վերադարձել. ոմանք մտել էին թեմական դպրոց ու ճեմարան տերտեր, վարդապետ կամ վարժապետ դառել, ոմանք գիմնազիոն ու համալսարան բժիշկ, փաստաբան կամ ինժեներ դառել, ոմանք էլ պարզապես մի-մի խանութ էին բաց արել, ամուսնացել, տուն ու տեղ դրել քաղաքում և առմիշտ կտրվել իրենց ծննդավայրից։ Միակ կապը, որը մնացել էր նրանց և գյուղում թողած իրենց հարազատների միջև, այդ այն էր, որ ամեն տարի բերքահավաքին գալիս էին գյուղ և քաղաք տանում իրենց ընտանիքի տարեկան պաշարը գյուղի ամեն տեսակ բարիքներից ալյուրից, ձավարից, յուղից, պանրից, գինուց, մեղրից, մրգից և այլն։ Կատարյալ տզրուկներ։

Շուտով ես առիթ ունեցա ծանոթանալու մի այլ տիպի տզրուկի հետ, որը երկար տարիների բացակայությունից հետո այդ ամառ բարեհաճել էր շնորհ բերել գյուղը։ Դա, ինչպես Մարիսյանը պատմեց ինձ հետո, տեղական միջակ գյուղացիներից մեկի ավագ որդին էր, որ գնացել էր քաղաք ուսում առնելու, ծխականից անցել էր թեմական, թեմականից ճեմարան, ճեմարանից ո՛ւր հայտնի չէ, բայց ամեն տեղ էլ ուսումը կիսատ էր թողել և այժմ ի՛նչ էր անում, ի՛նչ գործի էր ոչ ոք չգիտեր։

Բայց որդուց առաջ ծանոթացա հոր հետ։ Անունը Խեչան էր, սովորական մի գյուղացի, ծեր, բայց, ինչպես առհասարակ բոլոր հիսուն-վաթսուն տարեկան աշխատավոր գյուղացիները, շարժուն ու ժիր։ Մի կիրակի եկել էր Մարիսյանի մոտ՝ դիտելու նրա տնտեսությունը և, ի միջի այլոց, խորհուրդ հարցնելու իր փեթականոցում նկատած ինչ-որ հիվանդության մասին։ Այստեղ էր, որ խոսք բացեց իր որդու մասին։

Օհան ջան, Օհան, դարձավ նա Մարիսյանին, հլա մի ինձ ասա, քե մատաղ, դու ես շատ ուսում առե՞լ, թե՞ իմ Մինասը։

Ո՞նց թե շատ։

Ուզում եմ ասի՝ դու էլ ես քաղաք գնացել, ուսում առել, նա էլ, բա էդ ո՞նց ա, որ դու հրեդ եկել գեղում նստել, ըսհենց սարքին բաղ ես պահում, ճանճ ես պահում, իսկ նա հեչ բանի պետք չի գալիս։

Ի՞նչ բանի ես ուզում, որ պետք գա, Խեչան ապեր։ Գեղումը ի՞նչ կարա անի նա։

Ո՞նց թե ի՛նչ կարա անի։ Դու հրեդ ի՞նչ ես անում։ Ես հու չեմ ասում գա ինձ հմար տավարած դառնա, մեշին գնա, վարուցանք անի. փառք աստծու, մենք էլ բաղ ունենք, ճանճ ունենք, թող գա քեզ պես սարքին գցի, որ մենք էլ մի քիչ օգուտ ստանանք էդ բաղ ու ճանճից. թե չէ, հըմի ի՞նչ վազները տարվետարի որդակալում, չորանում են, քաշած գինին ըսկի մեզ էլ չի հերիքում, ճանճը սատկում ա, յա թե մեղրի մենձ փայը ինքն ա ուտում։ Դե մենք մեր վարուցանքի, մեր կալուկուտի, մեր տավարի հետևիցն ենք, ինքն էլ թող գա բաղին ու ճանճին մտիկ տա. կարա, չէ՞։

Չի կարա, Խեչան ապեր. դրա համար առանձին ուսում ա պետք, առանձին սեր ա պետք։ Ինձ ի՞նչ ես մտիկ անում. էս գործը ես սիրում եմ և դրա համար քաղաքում հատուկ կուրսեր եմ անցել, հատուկ ուսում եմ առել։ Ես ուրիշ ճամփով եմ գնացել, նա էլ երևի ուրիշ ճամփա ա ընտրել իր համար։

Ի՞նչ ճամփա, ա՛ քե մատաղ, չի ըլի՞ էդ ճամփեն մի ես էլ տեսնամ։ Ես միայն էն գիտամ, որ իրա քաշովը մին փող ա նստել ինձ վրա, հլա ուզում ա էլի խարջեմ։ Հրեն նամակ ա գրել. ասում ա, ուսումս հլա թմամել չեմ, ուզում եմ գնամ Գերմանի ուսումս շարունակեմ, գիտնական դառնամ, հինգ հարիր մանեթ փող ղարգի։

Հետո՞։

Ա՛, հինգ հարիր մանեթը աղբ ա՞ քուչումը թափած, հավաքեմ ղարգեմ իրա՞ն։ Ընչի՞ս ա պետք գիտնականը։ Ես հրես ծերացել եմ, ինձ քյոմագ ա հարկավոր։ Նրա գիտնականությունը ջուր անեմ խմե՞մ։

Խեչան ապեր, անպատճառ խո չպիտի՞ գա գեղում նստի, որ քեզ օգնի. գիտնական որ դառնա, էնքան փող կաշխատի, որ թագավորի պես կպահի քեզ։

Վա՛յ, արևիդ մատաղ ըլեմ, Օհան ջան, վրա բերեց ծերունին քմծիծաղով։ Էդ որ ուրիշն ասեր, է՜, կասեի խամ ա, դո՞ւ ոնց ես ասում։ Յանի թե էն մեկէլները, որ գնացել են մենձ-մենձ մարդիկ դառել, ի՞նչ խեր են տվել իրենց ծնողներին, որ իմը ի՜նչ խեր տա ինձ։ Այ, հեռու չգնամ. մեր հարևան Պետինին հու ճանանչում ես։ Մեզ պես մի խեղճ ռանչպար մարդ ա, հալից գնացած։ Որդին հրեն ինջիներ, ապրում ա թագավորի պես։ Էն գնացած տարին էս մեր Պետին վեր ա կենում գնում քաղաք՝ որդուն տես։ Օխտը տարի տեսած չի ըլում։ Հենց գնացած օրը, ոնց ա ըլում, սրա ինջիներ որդին ղոնաղներ ա ունենում ճաշին։ Սրան տանում են կուխնեն, ասում՝ ճաշդ ըստեղ կեր, դուրս չգաս, ամոթ ա։ Ա՛յ, Օհան ջան, ոնց են պատվում, թագավորի պես պահում իրենց հալևոր ծնողներին մենձ-մենձ մարդիկ դառած գյադեքը։

Մարիսյանը, ըստ երևույթին, ոչինչ չունեցավ առարկելու, որովհետև, ինչպես պատմեց ինձ հետո, ծերունու պատմած այս դեպքը իսկապես տեղի էր ունեցել և եզակի չէր։ Այնինչ շատախոս ծերունին դեռ երկար ժամանակ գանգատվում էր այս երևույթից, առանձնապես ծանրանալով իր որդու վրա։ Երևում էր, շատ էր դառնացած, որ ինձ պես մի օտար մարդու ներկայությունն անգամ չէր ստիպում նրան խնայելու իր որդուն գեթ հայրական անձնասիրությունից։ Վերջը այն եզրակացությանն եկավ, թե՝

Դուզը որ ասեմ, մեղավորը որդիս չի, մեղավորը ես եմ, որ նրան քաղաք ղարգեցի։ Ղարգեցի էլ, շատ չպիտի պահեի. մի տարի, երկու տարի, շատ-շատ՝ իրեք տարի, մինչև որ գրի սև ու սիպտակը ջոկեր, հետո ետ պտի բերեի, ասեի՝ հերիք ա, էլ ավելի պետք չի, կաց ինձ քյոմագ արա։ Թե չէ, ի՞նչ, օխտ-ութ տարեկան գնաց, օխտ-ութ անգամ գեղի երես չտեսավ, գնաց խորթացավ։ Իմ կարճ խելքովը, գեղի լակոտը ոտը դուրս չպիտի դնի գեղից, գնաց կորավ գեղի համար, ուզում ա՝ ուսումնական դառնա, ուզում ա՝ փեշաքյար։

Բա ես ինչի՞ չկորա, Խեչան ապեր, նկատեց Մարիսյանը ծիծաղելով։

Է՜, դու որ կաս, դու ուրիշ ես, Օհան ջան։ Հալալ ըլի կերածդ կաթը։ Ո՞ւր էր, թե իմ Մինասն էլ քեզ նման ըլեր. էլ իմ քեֆին քեֆ կհասնե՞ր։ Մախլաս։

Ծերունին գլուխը թափ տվեց, ներողություն խնդրեց իր «ավել-պակասի» համար և գնաց։

2

Անցավ մոտ երկու շաբաթ։ Մի օր Մարիսյանը հայտնեց ինձ, թե Խեչան ապոր որդին՝ Մինասը, եկել է քաղաքից։

Երևի հայրը հինգ հարյուր մանեթը չի ուղարկել, եկել է, որ տանի, ավելացրեց նա ծիծաղելով։ Պետք է ծանոթացնեմ քեզ։ Մի քիչ կզվարճանաս։ Հրավիրել եմ, վաղը կգա։

Եվ իսկ ապես հետևյալ օրը եկավ։

Խաղաղ երեկո էր։ Մարիսյանն իր վերջին աշխատանքն էր կատարում այգում և փեթականոցում։ Ես նստած էի պատշգամբում և գիրք էի կարդում։ Ներքևը հաստաբուն ու լայնասփյուռ ընկուզենու տակ փոքրիկ, կողքը ջարդված հեշտաեռը ժանգոտ խողովակը գլխին ցցած՝ վատ այրված ածուխի և նավթի հոտած ծուխ էր արձակում։ Արևը նոր էր մայր մտնում. երեկոյի զովը դեռ զգալ չէր տալիս իրեն։ Շուրջը կատարյալ հանգստություն էր տիրում։ Գյուղը դեռ չէր վերադարձել դաշտերից. հնձի ամենաեռուն ժամանակն էր։ Այգու պահապան գամփռ շունն ընկուզենու տակ չորեքթաթ նստած՝ իր ահագին խելացի աչքերով նայում էր ինձ և, կարմիր լեզուն հանած, հեթեթում. երբեմն էլ հանկարծ դադարում էր հեթեթալուց և իր ահագին ատամներով վրա ընկնում քթիթ անելու իր տեղ-տեղ բուրդը թափված մարմնի այս կամ այն մասում։

Այգու ցանկապատի դուռը ծեծեցին։ Շունը հանկարծ ծուլ ելավ նստած տեղից և ահագին ոստյուններով ու հաչոցով թռավ դռան կողմը։

Նա է անպատճառ, ասաց Մարիսյանը, շտապելով շան հետևից։

Շան հաչոցը երկար ժամանակ չէր դադարում, հետո սկսեց կամաց-կամաց խլանալ ընդարձակ այգու խորքերում։

Եկողն իսկապես Խեչան ապոր որդին էր մի թխադեմ երիտասարդ, շատ սև աչք-ունքով, նույնքան սև փոքրիկ բեղերով ու կարճ մորուքով և դեպի ետ սանրած երկայն փայլուն մազերով։ Մի ձեռքին մի կույտ տետրակներ կային, մյուս ձեռքին՝ մի հաստամարմին և հաստագլուխ ձեռնափայտ։ Հագին կապույտ բլուզ էր, ոլորած ղայթանի գոտիով, որի երկար ծոպերը կախ էին ընկած կողքից երկու ծանր փնջերով։ Ժամանակակից հավիտենական ուսանողի տիպ։

...գյուղի աղբը, մեկ էլ այս շները ամենևին չեմ սիրում, դեռ հեռվից լսեցի նրա խոսակցության շարունակությունը։

Կատարյալ կատաղի գազաններ. չորս կողմից այնպես են վրա տալիս, որ չպաշտպանվես, կուտեն։

Հերդ օրհնվի, այնպես ես խոսում, կարծես պորտդ գյուղում չեն կտրել, նկատեց Մարիսյանը։

Ինչպե՞ս թե պորտս կտրել... չեմ հասկանում։

Ժողովրդական դարձվածք է. պորտը կտրել կնշանակի ծնվել։

Ճիշտ է, գյուղում եմ ծնվել, բայց քանի՜ տարի է գյուղում չեմ եղել։ Բայց մի բան. ինչո՞ւ քաղաքի շներն այսպես չեն։

Այսինքն, ինչպե՞ս չեն։

Այսպես կատաղի։

Որովհետև քաղաքի շները քաղաքակրթված են, նկատեց Մարիսյանը ծիծաղելով և, նրա հետ թևանցուկ բարձրանալով պատշգամբը, ներկայացրեց ինձ.

Խնդրեմ ծանոթանաս, Խեչան ապոր տղան Մինաս Փափախչյան, գերմանական համալսարանի ապագա ուսանող։

Փափախչյանը շատ քաղաքավարի սեղմեց ձեռքս, ձեռնափայտը դրեց մի անկյունում, տետրակները՝ սեղանի վրա և նստեց։

Օհան, գիտե՞ս, որ շատ ճիշտ էր նկատողությունդ, թեև կատակով ասացիր, ասաց նա լրջորեն, դիմելով իրենց առաջվա խոսակցությանը։ Քաղաքի շներն, այո, քաղաքակրթված են, որովհետև հայտնի է, որ միջավայրն ազդում է նաև կենդանիների վրա։ Ես դիտել եմ, որ քաղաքի շունը գիտե տարբերել օրինավոր հագնված մարդուն աղքատ հագնված մարդուց։ Այն տան բակում, ուր ապրում եմ ես քաղաքում, մի շուն կա. հենց որ մի մուրացկան է մտնում, իսկույն կատաղի հաչոցով վրա է պրծնում, իսկ օրինավոր հագնված մարդու վրա ամենևին չի հաչում։

Իսկ այստեղ ընդհակառակը, չէ՞։

Երևակայիր, որ՝ այո։ Ձեր շունը տեսար, է՛լի, ինչ էր ուզում անել ինձ, իսկ մի տրեխավոր գյուղացի որ մտներ, երևի ձայն չէր հանի։

Շատ ճիշտ ես ասում, Մինաս ջան, նկատեց Մարիսյանը ծիծաղելով, բարեկամաբար երկու ձեռքով խտղտելով նրա կուրծքն ու մեջքը։ Եվ իզուր դու տրեխներով չես եկել գյուղ։ Իսկ առայժմ ես վազեմ կարգադրելու, որ այս երեկո մի լավ քեֆ անենք ի պատիվ քո այցելության։

Եվ իսկապես վազեց։

Ես ու Փափախչյանը մնացինք մենակ և, իբրև նոր ծանոթներ, առժամանակ խոսակցության նյութ չէինք գտնում։ Տեսա, որ Մարիսյանը հենց սկզբից ձեռք էր առել նրան, ես այդ հիման վրա աշխատում էի նրա բավականին կանոնավոր դիմագծերի մեջ ներքին դատարկության և հիմարության որևէ նշան գտնել, բայց նա շատ լուրջ էր պահում իրեն։

Եկել եք գյուղը հանգստանալո՞ւ, աոաջինը խոսեց Փափախչյանը։

Այո։

Շա՞տ ժամանակ է։

Մոտ մի ամիս։

Եվ դեռ չէ՞ք ձանձրացել։

Ինչո՞ւ։

Ես ի՞նչ գիտեմ։ Կուլտուրական մարդը, կուլտուրական կյանքի սովոր մարդը գյուղում մի ամիս ապրի և չձանձրանա, այդ մի քիչ զարմանալի է։

Զարմանալու ոչինչ չկա. ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։

Դա, իհարկե, այսպես ասած՝ խառնվածքի խնդիր է, նկատեց Փափախչյանը։ Իսկ ես ահա հինգերորդ օրն է այստեղ եմ և չեմ իմանում ի՛նչպես սպանեմ ժամանակս։ Գիշերները խո ամենևին չեմ կարողանում քնել գարշահոտությունից և փայտոջիլներից։ Ամբողջ գյուղն առհասարակ փտում է անմաքրության մեջ։ Գյուղացին ոչ մի գաղափար չունի մաքրության մասին։ Հետս ձեռքի սապոն եմ բերել, ամեն օր նրանով եմ լվացվում։ Հայրս ի՞նչ ասի, որ լավ լինի. սապոն գործածողն, ասում է, բան չի շինի։ Երևելի փիլիսոփայություն է, չէ՞ ։ Այս կլասիկ խոսքերով արդեն կարելի է դատել, թե ինչ աստիճանի վրա է գտնվում մեր գյուղացու կուլտուրական մակարդակը։ Իսկ անգլիացին գիտե՞ք ինչ է ասում։

Ի՞նչ։

Անգլիացին ասում է. մի ժողովրդի կուլտուրական զարգացման աստիճանը կարելի է չափել նրա գործածած սապոնի քանակով։ Այսինքն՝ մի ժողովուրդ որքան ավելի շատ սապոն է գործածում, այնքան ավելի կուլտուրապես զարգացած է, և որքան ավելի քիչ, այնքան ավելի հետամնաց է։ Հասկանալի է, չէ՞։

Շատ հասկանալի։

Ահա, հեռու չգնանք. վերցնենք իմ հոր տունն ու այգին և մեր բարեկամ Մարիսյանի այս սիրուն բնակարանն ու այգին. սա ուղղակի դրախտ է իմ հոր պահած տան ու այգու հետ համեմատած։ Ահա՛ թե ինչ է նշանակում կուլտուրական և անկուլտուրական մարդ լինել։ Եվ ես հիմա եմ հասկանում, թե ինչու ասացիք, թե դուք այստեղ շատ լավ եք զգում ձեզ։ Եվ իհարկե, այստեղ կարելի է ըստ ամենայնի հանգստանալ և պարապել. իսկ մեր տանը, չեմ ասում մի առանձին սենյակ, մի կարգին սեղան էլ չկա, որ նստեմ և շարունակեմ գրական աշխատանքներս։

Դուք գրո՞ւմ եք։

Այո։

Հետաքրքրական է։ Ի՞նչ եք գրում։

Առայժմ վեպեր և բանաստեղծություններ։ Ահավասիկ, բերել եմ կարդալու (նա ցույց տվեց հետը բերած տետրակների կույտը)։ Մտադիր եմ պիեսներ էլ գրել։

Ձեր գրվածքներից դեռ ոչ մի տեղ ոչինչ չի՞ լույս տեսել։

Գիտե՞ք ինչ, ասաց Փափախչյանը հապաղելով, մի քանի բան ուղարկել եմ (նա տվեց մի քանի պարբերականների անուններ), բայց չգիտեմ ինչու, չեն տպում, որովհետև, առանց պարծենալու կարող եմ ասել, եթե ուրիշներից անհամեմատ ավելի լավ չեմ գրում, վատ էլ չեմ գրում։ Սիրում եմ երբեմն ինքս ինձ կարդալ իմ գրվածքները և ուղղակի ապշում եմ, թե մի՞թե այդ ես եմ գրել այնքան ոգի, շունչ, եռանդ, թափ, ոճ ու գեղարվեստ կա։ Ահա այս երեկո կկարդամ, և ինքներդ կհամոզվեք, որ ես չեմ ասում, թե շատ մեծ տաղանդ ունեմ, բայց համենայն դեպս աչքի ընկնող տաղանդից էլ զուրկ չեմ։

Իսկ ի՞նչ է ձեր գրվածքների նյութը։

Ի՞նչ կարող է լինել սովորաբար վեպերի և բանաստեղծությունների նյութը սերը։

Սերը սովորը կուտի, թանը մոլորը, եղբայր Մինաս, լսվեց Մարիսյանի բարձր ձայնը ներքևից և շուտով երևաց նա ինքը՝ իրեն հատուկ շտապ քայլերով, իր տասը-տասներկու տարեկան փոքրիկ քրոջ հետ, որը սովորաբար տանտիկնություն էր անում մեզ համար։

Հեշտաեռն արդեն եռում էր, և քույր ու եղբայր սկսեցին թեյի պատրաստություն տեսնել։

Այդ ի՞նչ սիրո մասին էր խոսքդ, դիմեց Մարիսյանը Փափախչյանին։

Խոսքը վեպերիս և բանաստեղծություններիս նյութի մասին էր։ Պարոնը հարցնում էր, թե...

Մարիսյանը հանկարծակիի եկածի նման արտահայտություն տվեց դեմքին։

Ա՛խ, դու գրողությա՞մբ ես զբաղվում, բացականչեց նա։

Ինչպե՞ս թե գրողությամբ. հայերեն գրողություն բառ չկա։

Ներողություն, հանկարծ դուրս թռավ բերնիցս։ Ուզում էի ասել՝ ուրեմն դու վիպասանություն և բանաստեղծությո՞ւն ես անում։

Դարձյալ հայերեն չէ։

Փափախչյանի շատ լուրջ կերպով արած այս նկատողության վրա Մարիսյանի հետ իմ էլ ծիծաղը բռնեց ակամա։

Վայ, Մինաս ջան, հոգիդ սիրեմ, կատակ եմ անում, ասաց Մարիսյանը նորից երկու ձեռքով գուրգուրելով նրա կուրծքն ու մեջքը։ Շատ լավ, շատ հրաշալի գործ ես սկսել։ Վիպասան և բանաստեղծ լինելուց էլ լավ բա՞ն։ Իսկ հայրդ ուզում է, որ գաս և այգեպան ու ճանճապան դառնաս։

Քեզ մոտ էլ է եկել, հա՞, գանգատվել ինձնից։

Հա, անցյալ անգամ եկել էր, տակից գլխից դուրս էր տալիս։

Երևակայեցեք, դիմեց ինձ Փափախչյանը, այնքան տգետ է և այնքան ինքնասիրություն չունի, որ ծանոթ-անծանոթի մոտ նստում և շարունակ գանգատվում է ինձնից, փոխանակ պարծենալու, որ ինձ նման մի որդի ունի։ Ես ուզում եմ գնալ Գերմանիա, ուսումս շարունակեմ, աստվածաբանության կամ փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանամ, իսկ նա ասում է՝ արի նստի գյուղում, բաղս ու ճանճս պահի, կարծես այգեպան ու մեղվագործ լինեմ։ Հավատացնում եմ ձեզ, նրան որ մնա, չի ամաչի, փափախ ու տրեխ էլ կհագցնի ինձ։

Է՜, Մինաս ջան, դու քո բանը տես, ի՞նչ ես նայում նրան, ասաց Մարիսյանը, որ սեղանի վրա թեյի ամանեղենի տեղ էր պատրաստում. փափախավոր ու տրեխավոր շատ ունենք, բայց քանի՞ աստվածաբան ու փիլիսոփա, քանի՞ վիպասան ու բանաստեղծ ունենք։ Սրանք են, չէ՞, վեպերդ ու բանաստեղծություններդ։ Տուր տանեմ դնեմ էն կողմը։ Դեռ թեյ անուշ անենք, հետո կկարդանք ճրագով։ Տուր, մի՛ վախիլ, էնպես զգույշ տանեմ և էնպես տեղ դնեմ, որ միջի սերից մի կաթիլ էլ չթափվի։

Այս անգամ ինքը՝ Փափախչյանն էլ ծիծաղեց և բաց թողեց տետրակների կույտը, որ շարունակ պահում էր արմունկի տակ։

Արևն արդեն մայր էր մտել։ Երեկոն կամաց-կամաց մթնում էր։ Օդը սկսեց զովանալ։ Ցերեկով մեռած գյուղը մեկեն սկսեց շարժվել և աղմկել. լսվում էին դաշտերից ու արոտներից վերադարձող հնձվորների ձայները և ոչխարների ու տավարի բառաչը՝ խառը հաչոցի հետ։

Մարիսյանի փոքրիկ քույրը շուտով վառած լամպը բերեց դրեց սեղանի վրա։

Թեյը որ վերջացրինք, և փոքրիկ աղջիկը թեյի պարագաները հավաքեց տարավ, Փափախչյանը, որ, ըստ երևույթին, անհամբեր սպասում էր այդ րոպեին, ասաց.

Հիմա, կարծեմ, կարող եմ կարդալ։

Մարիսյանը նախքան նրան պատասխանելը այնպիսի մի աղերսալի հայացք ձգեց ինձ վրա, որով կարծես օգնություն էր հայցում, որ իրեն էլ, ինձ էլ ազատեմ Փափախչյանի այդ սպառնալիքից։

Չէ, Մինաս ջան, հոգուդ սատկեմ, ասաց նա, հիմա ուշ է, որ սկսես, ե՞րբ պիտի վերջացնես։ Ես էլ հոգնած եմ, վախենում եմ լսելիս քունս տանի։ Եկ հիմա թող. մի ուրիշ ազատ օր նշանակենք, ցերեկով։ Այ, եկող շաբաթ կարծեմ տոն է. առավոտից կգաս, կնստենք կկարդանք թարմ ուղեղով, ոչ դու կհոգնես կարդալով, ոչ էլ մենք՝ լսելով։ Այդպես լավ կլինի չէ՞, դիմեց ինձ Մարիսյանը նույն աղերսալի հայացքով։

Առանց այդ հայացքի էլ ես հասկանում էի նրա միտքը։

Իհարկե, այդպես ավելի լավ կլինի, պնդեցի ես։

Հա, հա, Մինաս ջան, չնեղանաս, եկող շաբաթ օրը, ցերեկով։ Իսկ հիմա գիտե՞ս ինչ կանենք, հիմա մի քիչ կշարունակենք մեր քաղցր զրույցը, մինչև որ ընթրիքը պատրաստ կլինի. հատուկ քո պատվին ասել եմ ճուտեր տապակեն. լավ էլ գինի ունեմ, կնստենք մի լավ քեֆ կանենք։

Փափախչյանը ձայն չհանեց. նկատեցի, որ սիրտը կոտրվեց, եկել էր մեզ զարմացնելու իր վիպասանի և բանաստեղծի տաղանդով, իսկ մենք ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում էինք այդ գեղարվեստական հաճույքից։

Բայց հետո, ընթրիքի ժամանակ, նրա սիրտը կամաց-կամաց տեղն ընկավ, քեֆը բացվեց, և գլուխը որ մի քիչ տաքացավ, սկսեց արիաներ երգել զանազան օպերաներից, օպերային արտիստի բոլոր շարժուձևերով։

Ա՜խ, հառաչեց նա, շատ եմ սիրում օպերաները, ձայն որ ունենայի, է՜, ինձ նման երգիչ չէր կարող լինել։

Դե, Մինաս ջան, նկատեց Մարիսյանը, համ վիպասան, համ բանաստեղծ, համ աստվածաբան, համ փիլիսոփա, համ էլ երգի՞չ, էդ ո՞նց կլինի։

Ոնց կլինի՞։ Ա՛յ ոնց կլինի, բացականչեց Փափախչյանը տեղից վեր թռչելով։ Ուզո՞ւմ ես, պարեմ էլ։ Թառից-մառից չունե՞ս։

Թառից-մառից ի՞նչ ես անում, ահա՛։

Ու Մարիսյանն սկսեց բերնով ինչ-որ պարերգ շվշվացնել և ձեռքերով թմբկահարել սեղանը։

Փափախչյանը մեջտեղ թռավ և սկսեց պարել։ Այնպիսի պտույտներ էր անում, ոտքերով ու ձեռքերով այնպիսի շարժումներ գործում, ծուլ-ծուլ լինում, ոտքերն այնպես պինդ թրխկացնում պատշգամբի տախտակյա հատակին, որ ես ու Մարիսյանի փոքրիկ քույրը, որը մի կողմ քաշված՝ դիտում էր այս բոլորը, ծիծաղից թուլանում էինք։

Մարիսյանը չկարողացավ երկար դիմանալ. ծիծաղի փռթկոցը հանկարծ դադարեցրեց նրա պարերգը, որով և վերջացավ Փափախչյանի այդ զվարճալի պարի տեսարանը։ Փափախչյանը ծանր հևոցով եկավ նստեց իր տեղը։

Վա՛յ, քու մուխը չմարի, Մինաս ջան, ասաց Մարիսյանը, այդ ինչ բազմակողմանի ընդունակությունների տեր մարդ ես եղել։ Եվ հայրդ իսկապես ինչքա՜ն տգետ մարդ պիտի լինի, որ քեզ պես մի գանձ գնահատել չի կարողանում։

Կերուխումը շարունակվեց։ Ես համարյա թե չէի խմում. Մարիսյանն էլ խմողներից չէր. բայց Փափախչյանը կոնծում էր փառավորապես, ամեն մի կենացի վրա մի արիա երգում այս կամ այն օպերայից կամ մի ոտանավոր արտասանում իր հեղինակություններից։ Վերջն այնպես հարբեց, որ գլուխը չէր կարողանում ուղիղ բռնել և խոսելիս լեզուն խառնում էր։

Արդեն բավական ուշ էր։ Գյուղը միանգամայն խաղաղվել էր. լսվում էր միայն շների հաչոցը։ Մեկ էլ հանկարծ այգու ցանկապատի դուռը ծեծեցին պինդ և միևնույն ժամանակ լսվեց Խեչան ապոր ձայնը դրսից.

Ա՛, Մինա՞ս։

Այդ ձայնի վրա պահապան շունը այգու խորքերից ահագին հաչոցով թռավ դռան կողմը։

Աղջի, գնա շունը ետ արա և Խեչան ապորը ասա գա, դիմեց Մարիսյանը փոքրիկ քրոջը։ Աղջիկը վազեց և մի քանի րոպեից վերադարձավ Խեչան ապոր հետ։

Բարրիգուն ձեզ, էս ի՞նչ բանի եք, ասաց ծերունին՝ աչք ածելով սեղանի վրա։

Լավ բանի ենք, Խեչան ապեր, համեցեք նստի, տեղ առաջարկեց Մարիսյանը իր կողքին, բայց ծերունին հրաժարվեց նստել։

Վախտը չի, ուշ ա, ըռավոտը քշերհանա գնալու ենք մեր բանին։

Բայց մյուս կողմից չհրաժարվեց Մարիսյանի պատվական գինուց մի-երկու բաժակ գլուխը քաշելուց։

Ա, տունդ չքանդվի, էդ ի՞նչ ա քու հալը, դիմեց ծերունին որդուն, տեսնելով, որ նա աթոռի մեջքին ետ ընած, շաղված աչքերը կիսախուփ, գլուխը տմբտմբացնում է կրծքի վրա և քթի տակ ինչ-որ մռմռում։ Վեր, բալա, վեր կաց գնանք։

Փափախչյանը վեր կացավ և անպատճառ կընկներ, եթե ես ու Մարիսյանը չբռնեինք։ Այդպես բռնած էլ ճամփու դրինք նրան հոր հետ մինչև դուռը, և երբ այստեղ նրա ձեռքը տվինք իր հաստագլուխ ձեռնափայտը՝

Բա վեպերս, բանաստեղծություններս, ասաց նա լեզուն շաղելով։

Մարիսյանը ձայն տվավ քրոջը, որ մոռացած տետրակները բերի։

Ու երբ տետրակներն էլ տվինք նրա ձեռքը, հայրը նկատեց որդուն.

Ա՛ բալամ, էրնեկ գիտենամ ի՞նչ կա էդ տետրակների միջին, որ տըհենց քշեր-ցերեկ ձեռքիցդ բաց չես թողնում։

Դու գիտում չես, ա՛ հեր, լսեցինք որդու պատասխանը արդեն հեռվից. սրանց միջին գանձ կա, գանձ։

Այդ գանձից մի գոհար՝ մի փոքրիկ տղայի ձեռքով հետևյալ առավոտյան ուղարկել էր մեզ հետևյալ մակագրությամբ. «Ի նշան շնորհակալության. 1886 թ. օգոստոսի 15-ի գիշերվա մեր կոնծաբանության».

Ահա այդ գոհարը.

Պարտեզում
Մայիսյան օր էր, սիրուն եղանակ.

Կանաչ պարտեզում ես աննպատակ
Զբոսնում էի և կարմիր վարդերից
Հոտ էի առնում սաստիկ ոգելից:

Ծառերի վրա, ճյուղերի միջում
Թռչուններն էին երգում, ճլվլում,
Իսկ տակը, գետնին առուն էր հոսում
Եվ մի շատ քաղցր խոխոջ բարձրացնում:

Հանկարծ ի՞նչ տեսնեմ, հենց այդ ժամանակ
Վարդի թուփի մոտ, որպես մի հրեշտակ,
Գլուխը խոնարհ ուսի վրա թեքած
Մի չքնաղ, սիրուն աղջիկ էր կանգնած:

Սև, կրակոտ աչեր, և կամար հոնքեր,
Սև սաթի մազեր, վարդագույն այտեր,
Չինարի հասակ, կարմրաթուշ բերան,
Փոքրիկ ոտիկներ և բարակ իրան...

Ո՜հ, ա՜խ, ես մեռա՜... Որպես արեգակ
Հանկարծ նա ժպտաց և իսկույն արագ
Չքացավ, որպես երևույթ, անհետ
Եվ սիրտս ու հոգիս, ո՜հ, տարավ իր հետ...

Եվ այնուհետև միտքս մոլորած,
Ձեռքերս խաչած և քունս կտրած՝
Միշտ թափառում եմ ես այն պարտեզում,

Բայց այն հրեշտակին, ո՜հ, էլ չեմ տեսնում...
Մինաս Փափախչյան

Կարդալով այս ոտանավորը, ես ու Մարիսյանը մի կուշտ ծիծաղեցինք: Հետո Մարիսյանը լուրջ դեմք առավ և գլուխը դառնորեն շարժելով ասաց.

Հիմա որ իսկապես պետք է խղճալ Խեչան ապորը։ Սպասիր, մի շաբաթ օրը գա, այնպես զուգեմ քո այս բանաստեղծին, որ ասի թե հա՜...

Բայց ես չսպասեցի շաբաթ օրվան, երբ Փափախչյանը պետք է գար իր գանձարանի գոհարները թափելու մեր առջև. գործը պահանջում էր, որ մի-երկու օրից վերադառնայի քաղաք, և վերադարձա։

1887

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

Печаль, 1961 год.
Печаль, 1961 год.
Играть онлайн