Нар-Дос

Հենակներով մարդը

Դրամա 1 գործ.

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԱՐԱՄ
ՖԼՈՐԱ
ՌՈՒԲԵՆ
ՍՈՒՐԻԿ
աղախին
ԴԱՅԱԿ

Հյուրասենյակ շքեղորեն զարդարված։ Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով։ Աջ կողմը դարձյալ դուռ՝ դեպի ներքին սենյակները։ Ձախ կողմը պատուհաններ դեպի հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները։

Գարնանային վճիտ օր, կեսօրից քիչ անց։ Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի դուռը բանալու։ Դրսից մտնում է դայակը՝ աոջևից գլորելով մանկական մի փոքրիկ սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը։ Նրան հետևում է Ֆլորան շատ գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի։ Նրանք վերադառնում են պարտեզից։

I
Ֆլորա, դայակ և աղախին:

ՖԼՈՐԱ. Սուրիկը դեռ չի՞ եկել։

ԱՂԱԽԻՆ. Ոչ։

ՖԼՈՐԱ. Ոչ էլ պարո՞նը։

ԱՂԱԽԻՆ. Ոչ էլ պարոնը։

ՖԼՈՐԱ. Իսկ սուրճը պատրա՞ստ է։

ԱՂԱԽԻՆ. Այո։

ՖԼՈՐԱ. Զարմանալի է, ինչու Սուրիկն այսքան ուշացավ։

Բոլորը դուրս են գնում աջ դռնից։ Քիչ հետո աղախինը նորից մտնում է և գնում է մուտքի դուռը բանալու։ Մտնում է Արամը՝ 30 35 տարեկան բարձրահասակ մի զինվորական մաշված արևվառ երեսով, հնամաշ մոխրագույն շինելով, առանց ուսադիրների և մոխրագույն մորթե փափախով՝ սպայական կոկարդով։ Նա ոտքի մեկը չունի և թևերի տակ կրում է հենակներ։ Մի հատիկ ոտին հագած երկարաճիտ կոշիկ։

II
Արամ և աղախին (նախասենյակում)։

ԱՂԱԽԻՆ. Ո՞ւմ եք կամենում։

ԱՐԱՄ.- Ես կուզեի տեսնել տիկին... տիկին Ֆլորային։

ԱՂԱԽԻՆ. Ձեր անո՞ւնը։

ԱՐԱՄ. Անունս պետք չէ։ Ասացեք՝ մի մարդ շինելով և հենակներով, ինչպես տեսնում եք։

ԱՂԱԽԻՆ. Դուք օֆիցե՞ր եք, թե...

ԱՐԱՄ. Ինձ հարցաքննելու կարիք չկա, սիրելիս։

ԱՂԱԽԻՆ. Ոչ, ես նրա համար եմ հարցնում, որ գուցե դուք պարոնին եք ուզում։ Նա ծառայում է Կարմիր Խաչի մեջ, և դուք կարող եք...

ԱՐԱՄ. Ոչ, սիրելիս, ես, կարծեմ, պարզ ասացի, ես ուզում եմ տեսնել տիկին Ֆլորային։

ԱՂԱԽԻՆ. Շատ բարի։ Սպասեցեք այստեղ։ (Գնում է)։

Արամը մտնում է և կանգնում է դռան մոտ սպասողական դրության մեջ։ Քիչ հետո մտնում է Ֆլորան։ Արամին տեսնելուն պես նա հանկարծ մի թույլ ճիչ է արձակում, մեկ ուզում է ետ փախչել սարսափահար, բայց մեկ էլ մնում է ծայրահեղ զարմանքից տեղն ու տեղը գամված։

III
Արամ և Ֆլորա:

ՖԼՈՐԱ (չհավատալով իր աչքերին). Արա՜մ...

ԱՐԱՄ (կամաց, սիրով և կարոտով). Այո, այս ես եմ։ Ֆլորա։

ՖԼՈՐԱ. Մի՜թե... մի՜թե... (Երերվում է և չընկնելու համար նստում է մոտը դրած աթոռի վրա, սարսափից և զարմանքից չռած աչքերը միշտ հառած Արամի աչքերին):

ԱՐԱՄ. Այո, մեռելները հարություն չեն առնում. բայց եթե պատահի, որ հարություն առնեն, անշուշտ այսպիսի ահ ու սարսափ կազդեն, որքան էլ ծով արցունք լինի թափված նրանց համար։ Ես քեզ տեսա այնտեղ, պարտեզում, բայց չմոտեցա, վախենալով այս վայրկյանից և մեկ էլ այն պատճառով, որ դու... (Խուլ ձայնով) մենակ չէիր... (Լռություն: Կամաց մոտենում է Ֆլորային):

ՖԼՈՐԱ (աչքերը փակում է և վախից կուչ գալիս):

ԱՐԱՄ. Մի վախենար։ Վրեժը չէ, որ ինձ բերել է քեզ մոտ, այլ կարոտը, անձկությունը, որից այսքան ժամանակ տառապել եմ հեռավոր մենությանս մեջ։ Թեև դու իմը չես այլևս, բայց թույլ տուր մեր տեսակցության գեթ այս առաջին վայրկյանին իմս համարեմ քեզ և առնեմ քեզանից իմ այսքան տարվա կարոտը (համբույրներ է դրոշմում նրա ձեռքին և գլխին):

ՖԼՈՐԱ. Մի՞թե այս երազ չէ...

ԱՐԱՄ. Երա՞զ... Ո՞ր երազը կարող է այնքան հնարամիտ լինել, որքան իրականությունը, մանավանդ այս իրականությունը։ Ո՞վ կարող էր երևակայել, թե ես քեզ պիտի հանդիպեի ա՛յսպես և ա՛յստեղ, այս օտար տան մեջ, ուր մտա սիրտս սեղմելով...

ՖԼՈՐԱ (լալիս է). Ես մեղավոր չեմ։ Արամ։ Հարցրու մորդ, քրոջդ, նրանք էլ կվկայեն, որ ես միշտ հուսացել եմ և սպասել...

ԱՐԱՄ. Մի լա։ Ես արդեն հարցրել եմ և ամեն բան գիտեմ։

ՖԼՈՐԱ (զսպելով իրեն). Քո անունը մեզ ցույց տվին անհետ կորածների ցուցակի մեջ և բացատրեցին, թե դու կամ սպանված ես և դիակդ մնացե՜լ է կռվի դաշտում, կամ թե, լավագույն դեպքում, գերի ես ընկել։ Եվ որովհետև դրանից հետո համարյա ամբողջ չորս տարի ոչ մի տեղեկություն չունեինք քեզնից, մեզ ուրիշ բան չէր մնում եզրակացնելու, եթե ոչ այն, որ պատահել է՝ ամենավատ դեպքը, այսինքն՝ որ դու սպանվել ես, այլապես, եթե գերի լինեիր ընկած, մի՞թե գոնե մի հատիկ նամակ չէինք ստանալ քեզնից ամբողջ չորս տարվա ընթացքում։

ԱՐԱՄ (որ նստել է). Իսկ ես սկզբում շարունակ գրում էի և որովհետև պատասխան չէի ստանում, վերջը դադարեցի գրել։ Հազար ու մի կասկածներ էի անում, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից հուսահատական։ Մտածում էի թշնամի՞ն է արդյոք ներս խուժել և սրի անցրել, փախստակա՞ն են դարձել, թե՞ զոհ են գնացել որևէ համաճարակ հիվանդության։ Մեզ փակել էին կոնցենտրացիոն լագերի մեջ, ինչպես անասունները գոմի մեջ, և թե ինչ էր կատարվում աշխարհիս երեսին, մենք՝ գերիներս, ոչինչ չգիտեինք։

ՖԼՈՐԱ. Ուրեմն դու գերի էիր ընկել։

ԱՐԱՄ. Այո։ Մերոնք փախան և ինձ թողին ընկած՝ փշրված ոտով։ Ինչու ոտիս տեղ գանգս չփշրվեց, այս սոսկալի անոթը, որի մեջ ամբարված են բոլոր տանջանքների սաղմերը։ Ի՞նչ տառապանքներ էին, որ ես կրում էի այնտեղ... Ֆիզիկականը չեմ ասում, այլ հոգեկանը... Եվ որ մտածում եմ, թե այս բոլորը չէր լինի, եթե նամակներիցս գեթ մեկը հասներ ձեզ և ձեզնից մի լուր ունենայի...

ՖԼՈՐԱ. Դու քոնն ես ասում։ Հապա ի՜մ հոգեկան տանջանքները... Սկզբում շարունակ դողալ թանկագին մարդու կյանքի համար և ապա համարյա չորս տարի ապրել անստուգության, սպասումի և հուսալքումի մեջ... Հապա նյութական զրկանքները, առօրյա ապրուստի հոգսը։ Ի՞նչ պիտի աներ մեզ այն չնչին նպաստը, որ ստանում էինք մենք։ Մայրդ պառավ և շարունակ հիվանդ, քույրդ՝ դասերի ետևից և վերցրածը իր անձնական պետքերին էլ հազիվ էր բավականանում, ես՝ փոքրիկ երեխան ձեռքիս։ Սկզբում, քանի մայրդ շատ չէր հիվանդ և այսպես թե այնպես կարողանում էր նայել երեխային, ես ինձ համար մի փոքրիկ պաշտոն գտա Կարմիր Խաչի մեջ. բայց հետո ստիպված էի թողնել, որովհետև մայրդ ինքն արդեն խնամքի կարոտ դարձավ, և երեխան մնացել էր բոլորովին անտեր։ Վերջը քույրդ ամուսնացավ, մորը տարավ իր մոտ։ Մնացել էի մեն-մենակ, ապրուստի միջոցներից միանգամայն զուրկ, տանը բան չմնաց, որ չծախեի։

ԱՐԱՄ (Սառն ու բազմախորհուրդ կերպով). Ինչո՞ւ, մի՞թե ոչ ոք չէր օգնում...

ՖԼՈՐԱ. Ո՞վ պիտի օգներ։

ԱՐԱՄ (հանգիստ): Կարմիր Խաչի պարոնը...

ՖԼՈՐԱ (առանց շփոթվելու, վիրավորված ինքնասիրությամբ): Ի՞նչ ես ուզում ասել ղրանով։ Որ ես ամուսնացա՞ նրա հետ։

ԱՐԱՄ. Ոչ, ա՛յդ չեմ ուզում ասել...

ՖԼՈՐԱ. Հապա ուրիշ ի՞նչ։

ԱՐԱՄ (հապաղելով և չի նայում նրան). Ուրիշ այն, որ ինձ... ուրիշ բան ասացին...

ՖԼՈՐԱ. Ուրիշ բա՞ն։ Ի՞նչ։ Ո՞վ։

ԱՐԱՄ. Ովոր...

ՖԼՈՐԱ (զսպված վրդովմունքով). կիսաբերան մի խոսիր, Արա՛մ։ Ասա ուղղակի, որ քույրդ է ասել։

ԱՐԱՄ (լռում է մռայլ հանգստությամբ և շարունակում է չնայել նրան):

ՖԼՈՐԱ. Ինչո՞ւ ես լռում և ինչո՞ւ չես նայում ինձ։ Տեսնում ես ես չեմ վախենում, որովհետև զզվելի բամբասանքի և զրպարտության դեմ ես ուրիշ զգացում չեմ կարող ունենալ, բացի նողկանքից։ Իսկ գիտե՞ս ինչու է նա բամբասել և զրպարտել ինձ. որովհետև ես այլևս չկամեցա, որ նա իմ աղջիկպարոնը լիներ, իսկ ես՝ նրա աղախինը։

ԱՐԱՄ. Այդ նորություն է ինձ համար։

ՖԼՈՐԱ. Օ՜, իհարկե, այս բանը խո չէր ասի քեզ։ Եվ, լավ իմացիր, այս նորությունը ես այնուամենայնիվ չէի հայտնի քեզ, եթե դու հավատացած չլինեիր նրա զզվելի բամբասանքներին։

ԱՐԱՄ. Նախ՝ ես չասացի, թե ինչ է ասել նա, և երկրորդ...

ՖԼՈՐԱ. Ինչի՞ս պետք է, որ ասես։ Քո խոսակցության եղանակը և քո ակնարկներն արդեն իրենք աղաղակում են, թե չարամտությունը, չկամությունն ու նախանձն ինչեր են փսփսացել ականջիդ։ Իմ ամենամեծ դժբախտությունն այն էր, որ ես հնարավորություն չունեի իմ ձեռքի աշխատանքով ապրելու և ուզեի-չուզեի՝ պետք է նայեի նրա ձեռքին։ Եվ որովհետև նա մի կտոր հաց էր շպրտում ինձ, իր իրավունքն էր համարում ամեն կերպ ստորացնեւու ինձ, վիրավորելու ինքնասիրությունս։ Շարունակ գանգատ ու քրթմնջոց, շարունակ երեսովս էր տալիս իմ ու երեխայիս կերած մի կտոր հացը, ում մոտ ասես գանգատվում էր, թե մենք մի-մի ծանր բեռ ենք դարձել իր վրա։ Իսկ այն, որ տան ամբողջ հոգսն ինձ վրա էր, որ եփող-թափողն ես էի, որ լվացող-կարկատողն ես էի, որ իր հիվանդ մոր խնամողն ես էի, այդ բոլորը ոչինչ, այդ բոլորը չէր երևում նրա աչքին։ Իմ տեղ մի վարձկան աղախին լիներ, ավելի հարգանք ու պատիվ կվայելեր, քան թե ես, որ իր ընտանիքի անգամն էի, իր դժբախտ եղբոր դժբախտ կինը, նրա զավակի թշվառ մայրը։ Իմ վիշտը, իմ տառապանքները հերիք չէին և նա էլ մյուս կողմից էր թունավորում իմ կյանքը։ Մի անգամ նույնիսկ այնպիսի դրության հասցրեց ինձ, որ քիչ մնաց առնեի երեխաս և գնայի գետը նետեի ինձ, որպեսզի միանգամից ազատվեի այդ դժոխքից։ Ասե՞լ է նա քեզ այս։ Իհարկե, չէ։ Նա կարող էր միայն ուրիշ բան ասել, որպեսզի ամբողջ մեղքն ինձ վրա ձգե։ Ամո՛թ նրան։

ԱՐԱՄ. Ես նրա ասածներին ոչ մի կարևորություն չեմ տվել և քո գանգատներն էլ միանգամայն ավելորդ են։

ՖԼՈՐԱ. Ինչպե՜ս թե ավելորդ են։ Ուրեմն դու չես ուզում իմանալ, թե ինչից ստիպված ես այս քայլն արեցի։

ԱՐԱՄ. Չեմ ուզում, որովհետև դրանով ոչինչ չի ուղղվի։ Դու ես մեղավորը, թե քույրս, չարաբաստիկ անհետ կորածների ցուցակն է եղել պատճառը, թե այն հանգամանքը, որ իմ գրած նամակներից ոչ մեկը չի հասել ձեզ, այդ բոլորն այժմ մեկ չէ՞ ինձ համար։ Եթե ես մանրակրկիտ կերպով պրպտեմ և գտնեմ դժբախտությանս իսկական պատճառը, դրանով գեթ մի մազաչափ կփոխվի՞ իմ վիճակը։ Առանց քո ասելու էլ ես շատ լավ գիտեմ, որ իմ գնալուց հետո քո դրությունը նախանձելի չպիտի լիներ։ Մի կողմից այդ, մյուս կողմից էլ այն, որ քեղ ու քեզ վճռել ես, թե ես այլևս չկամ, բավական է եղել, որ միանգամ այն ազատ համարես քեզ և...

ՖԼՈՐԱ (շանթահար). Ի՞նչպես թե ինձ ու ինձ վճռել եմ...

ԱՐԱՄ (շարունակելով անողոք հանգստությամբ). Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրի կին, մինչև որ...

ՖԼՈՐԱ (գրեթե ճչալով). Արա՛մ... ԱՐԱՄ. ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց է արել մի նոր կյանքի դուռ, ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմ այստեղ, քո շուրջը և քեզ վրա։ Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեզ այսպիսի շքեղությամբ, և դու...

ՖԼՈՐԱ (ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով). Լռի՛ր, Արամ, լռի՛ր, բավակա՛ն է։ Ո՞վ է իրավունք տվել քեզ ինձ վիրավորելու։ Ի՞նչ է նշանակում՝ ինձ ու ինձ վճռել եմ։ Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին։ Ի՞նչես ուզում ասել դրանով։

ԱՐԱՄ (նույն հանգստությամբ). Ոչինչ ավելի, քան այն, ինչ որ ասացի։

ՖԼՈՐԱ. Ես քո լեզուն չեմ հասկանում։ Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով։

ԱՐԱՄ (շեշտակի նայում է նրա աչքերին զսպված, ներքին զայրույթով): Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում (շեշտելով յուրաքանչյուր բառը). դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու...

ՖԼՈՐԱ (զարմացած). Ինչպե՞ս...

ԱՐԱՄ (շարունակելով). Որովհետև ես դեռ կայի դեռ գոյություն ունեի։

ՖԼՈՐԱ (վրդովմունքով). Ես գիտեի՞ այդ։

ԱՐԱՄ (ավելի հանգիստ). Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ։ Համոզվա՞ծ էիր, որևէ հաստատ ապացու՞յց ունեիր ձեռքիդ։

ՖԼՈՐԱ. Ցուցակը...

ԱՐԱՄ. Այո, անհետ կորածների, բայց ո՛չ սպանվածների։ (Սպանիչ հայացքով): Այնպես չէ՞։

ՖԼՈՐԱ (կարճ ժամանակ չի իմանում ինչ ասի, հետո հանկարծ սկսում է լալ). Անխի՛ղճ, անաստված... Նրա՞ համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դու վերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները։ Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն, լալով քեզ համար, ամբողջ տարիներ ականջս ձենի է եղել, որ քո մասին մի լուր առնեմ. քրոջդ թուք ու մուրը կրել եմ անտրտունջ քո խաթեր, և դու ասում ես, թե շա՞տ եմ շտապել։ Ամբողջ չորս տարի վշտի և հուսահատության մեջ սպասելը շատ շտապել է նշանակում, հա՞։ Լավ, մինչև ե՞րբ սպասեի։ Եվ ուրիշ ի՞նչ ապացույց կարող էի ունենալ, եթե ոչ այն, ինչ որ ինձ տվին և ասացին պաշտոնապես։ Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանն ես արեցի գլխավորապես քո զավակի համար, նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես մենակ, անօգնական, հասկանո՞ւմ ես դու։ Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե ես օգտվել եմ առիթից և աշխատել եմ կարելույն չափ շուտ ազատվել քեզնից։ Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ։ Եվ դու ասում ես, թե վրեժը չէ, որ քեզ բերել է ինձ մոտ։ Ահա՛ թե որտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե որ աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին։ (Շարունակում է լալ)։

ԱՐԱՄ (կարճ լռությունից հետո). Ֆլորա, հանգստացիր և խնդրում եմ ներիր ինձ։ Երկինքը վկա, ես ոչ մի վատ զգացումով չեմ եկել քեզ մոտ և բնավ միտք չունեի որևէ հանդիմանություն անելու քեզ հենց թեկուզ միայն նրա համար, որ այդ ավելորդ կլիներ և դրանով չէր դառնա անցյալը։ Բայց եթե, այնուամենայնիվ, անախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ զղջում եմ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (լացագին): Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք, թե ինչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ։ Չէ՞ որ դու իմն էիր, իմ հարազատը, իմ պաշտելին և թվում էր թե՝ իմ անբաժանելին։ Մինչդեռ ահա դու նստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ, այդքան ցանկալի ու ըղձալի ինձ համար, և ես իրավունք չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ, ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ։ Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՛ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով։ Ու միևնույն ժամանակ երբե՛ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, ինչպես այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ինչ իբրև օտարակա՞ն, իբրև անկոչ հյուր, թե՞ իբրև մի մուրացկան։ Չէ՞ որ իմ հինգ տարվա տաժանակիր խաչակրությունից ես վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ պիտի թաղեմ ու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի վերապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար։ Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը... (լռում է լացակումած):

ՖԼՈՐԱ (ծայր աստիճան հուսահատությամբ). Ա՜խ, այս ի՜նչ դրություն է, տե՛ր իմ աստված...

ԱՐԱՄ. Այո, հասկանում եմ, քեզ համար ևս ծանր է։ Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ և դու... Բայց ներիր, ես պարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս։ Դու մեղավոր չես։ Բա՞խտը, ճակատագի՞րը։ Ոչ, այստեղ վերացականն էլ մեղ չունի։ Այստեղ մարդկային չարագործությունն է եկել իր դիվային խաղը խաղալու ինձ և ինձպես տասնյակ ու հարյուր հազարավորների հետ։ Ո՞ր սատանան կարող էր հնարել այն դժոխքը, որ ես տեսա, որի մեջ ապրեցի և որի հետևանքն ահա նստած եմ առջևդ։ Եվ իմ դժբախտությունը խո մենակ այն չէ, որ ես խեղանդամվել, անպետք ու անօգուտ մի կիսամարդ եմ դարձել և զրկվել եմ իմ բնից, իմ օջախից, իմ երջանկությունից։ Իմ թերևս ամենամեծ դժբախտությունն այն է, որ ես անզոր եմ միանգամայն, որ ես մի մոծակի չափ անգամ կարողություն չունիմ խայթելու նրանց, որոնք իմ այսքան դժբախտության պատճառը դարձան, մինչդեռ հոգուս մեջ այնպիսի մի կրակ է բորբոքվում, որ կարող է լափել ամբողջ աշխարհը։ Այդ կրակի ուժը առաջին անգամ ես զգացի այստեղ մտնելուց առաջ, այնտեղ, պարտեզում, երբ հեռվից տեսա քեզ գուրգուրելիս այն մանուկը... սայլակի մեջ... Ու չմոտեցա, որպեսզի ակամա... ոճրագործ չդառնամ...

ՖԼՈՐԱ (բնազդական սարսափով). Արա՜մ... ես վախենում եմ քեզնից...

ԱՐԱՄ. Անհոգ մնա։ Ես դեռ ևս խելքս չեմ կորցրել։ Ճիշտ է, ես գիտեմ, որ այդ տեսարանը մի անտանելի ծանր ու անվանելի մեղձավանջ պիտի դառնա ինձ համար, բայց և այնպես որոշել եմ պինդ պահել գիտակցությանս սանձը, և քանի այդ սանձը իմ ձեռքին կլինի, իմ ցասման զոհը չեն կարող լինել նրանք, որոնք մեղ չունին դժբախտությանս մեջ։ Բարեբախտաբար, ես դեռ ամեն բան չեմ կորցրել. դեռ ևս պահպանում եմ մի բան, որը ոչ ոք չի կարող խլել ինձնից. իմ զավակը։ Եվ եթե կա մեկը, որ այսուհետև պիտի կապի և հաշտեցնի ինձ այս աշխարհի և մարդկանց հետ, այդ միայն նա պիտի լինի, և ես ուրիշ ոչ մի հույս ու սպասելիքներ չունիմ։

ՖԼՈՐԱ (ուրախացած, որ առիթ ունի խոսակցությունը փոխելու). Ի դեպ. դու գիտե՞ս, որ Սուրիկն արդեն դպրոց է հաճախում։

ԱՐԱՄ. Այո, ասացին։ Եվ ես սպասում եմ, թե երբ պիտի կանչես նրան, որ տեսնեմ։

ՖԼՈՐԱ. Այս րոպեին նա տանը չէ։ Առավոտյան դպրոց գնաց։ Երեկվանից արձակել են ամառվա համար։ Այսօր վկայականները պիտի բաժանեին։ Երևի շուտով կգա։

ԱՐԱՄ. Լա՞վ է սովորում։

ՖԼՈՐԱ. Շատ։ Դեռ դպրոց չտված՝ արդեն գրում ու կարդում էր։

ԱՐԱՄ. Մեծացել, փոխվել է, իհարկե։

ՖԼՈՐԱ.- Որ տեսնես, չես ճանաչի։ Ով տեսնում է, չի հավատում, թե ութ տարեկան է այնքան է բարձրացել։ Իսկ քո գնացած ժամանակ ինչքա՜ն փոքրիկ էր և թմբլիկ։

ԱՐԱՄ. Երևակայիր, մոռացել եմ նրա պատկերը, որքան աշխատում եմ մտաբերել չեմ կարողանում։ Լուսանկարը, քոնն էլ հետը, շարունակ ծոցումս էի ման ածում, երկուսն էլ կորցրի։ Կարծում եմ, որ վիրավորվածս ժամանակ կամ ընկել են ծոցիցս կամ հանել են հուշատետրիս և մյուս թղթերիս հետ։ Ոչինչ այնքան չէի սիրում, որքան նրա ձեռքի այս մասը (ցույց է տալիս իր ձեռքի և դաստակի միացման տեղը), ուր մսերը ծալ-ծալ դրված էին իրար վրա։ Հիշո՞ւմ ես. երբեմն որ սերս հանկարծ բռնում էր, այնպես պինդ հուպ էի տալիս կրծքիս, որ սկսում էր լաց լինել, և դու էլ միշտ կռվում էիր հետս այդ բանի համար. «Ինչ ես արջ ու քոթոթ խաղում» ասում էիր դու և երեխան ձեռքիցս խլում։ Մենք այդպես էլ անվանում էինք նրան Քոթոթ. (Խոր հոգոց քաշելով): Ա՜խ, ի՜նչ երջանիկ ժամանակներ էին։ Եվ այդ բոլորը գնաց, կորավ հավիտյան։ Խա՜չ բոլոր ցնորքների վրա...

Երկարատև ծանր լռություն։ Ներքին սենյակներից լսվում է Սուրիկի ձայնը, որ կանչում է՝ «Մամա՜, մամա»։

ՖԼՈՐԱ. Ահա նա։ (Արագ դիմում է դեպի աջ դուռը և կանչում է դեպի դուրս): Սուրի՛կ այստեղ եմ, եկ այստեղ։

Ներս է վազում Սուրիկը մի թուղթ ձեռքին։ Նրա աչքերը վառվում են ուրախությունից։

IV
Արամ, Ֆլորա և Սուրիկ:

ՍՈՒՐԻԿ. Մամա՛, մամա՛ ջան, փոխվո՜ւմ եմ։ Տեսե՛ք։ (Տալիս է ձեռքի թուղթը):

ՖԼՈՐԱ. Նախ ինձ ասա՝ որտեղ էիր մինչև այժմ։

ՍՈՒՐԻԿ. Գնացի հայրիկի մոտ, որ վելոսիպեդն առնել տամ, այնտեղ չէր. մոռացել էի, որ այսօր տոն է։ Հետո ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի եկա տուն։ Մամա ջան, մամա, տեսե՛ք բոլորը 4 և 5 ունեմ։ Իսկ իմ զույգը մնաց։

ՖԼՈՐԱ (նայելով վկայականը). Լավ է, շատ լավ է։ Եկ համբուրեմ։

ՍՈՒՐԻԿ (այն միջոցին, երբ մայրը համբուրում է, փսփսում է նրա ականջին). Մամա, ո՞վ է այդ զինվորը։

ՖԼՈՐԱ (ծիծաղում է Արամին). Կարծում է, թե զինվոր ես, (Երեխային): Եկ այստեղ։ (Նրա ձեռքից բռնած՝ մոտեցնում է Արամին) Գիտե՞ս ով է սա։ Սա այն հայրիկն է, որ պատերազմ էր գնացել, որի մասին, հիշո՞ւմ ես, շատ եմ պատմել քեզ։

ՍՈՒՐԻԿ (զարմացած նայում է Արամի աչքերին). Այն հայրի՞կը...

ԱՐԱՄ (կծու հեգնանքով). Այո, այն հայրիկը, ջանիկս, և ոչ նոր հայրիկը...

ՖԼՈՐԱ (շփոթվում է և շառագունում):

ՍՈՒՐԻԿ. Բայց մաման ասում էր, թե դուք սպանված եք։

ԱՐԱՄ. Մաման սխալվել է. ես միայն վիրավորված եմ եղել. այ տես (ցույց է տալիս կտրած ոտը):

ՍՈՒՐԻԿ. Հիմա մի ոտով եք ման գալի՞ս։

ԱՐԱՄ. Չէ, երեք ոտով։ Այ տես, այս մեկ (ցույց է տալիս իր մի հատիկ ոտը), այս էլ երկու (ցույց է տալիս հենակները): Մեկ և երկու, կլինի երեք։ (Ծիծաղում է):

ՍՈՒՐԻԿ. Ի՞նչպես եք ման գալիս։

ԱՐԱՄ. Այ ինչպես։ (Առնում է հենակները և մի երկու անգամ ժպտալով անց ու դարձ անելուց հետո նստում նորից): Տեսա՞ր։

ՍՈՒՐԻԿ. Առանց այդ փայտերի չեք կարո՞ղ ման գալ։

ԱՐԱՄ. Մի ոտո՞վ։

ՍՈՒՐԻԿ. Այո։

ՖԼՈՐԱ. Խելոք, մի ոտով ի՞նչպես կարելի է ման գալ։

ՍՈՒՐԻԿ. Վա՜յ։ Ինչո՞ւ չի կարելի։ (Արամին): Ուզո՞ւմ եք ես ման գամ։

ԱՐԱՄ. Հապա։

ՍՈՒՐԻԿ (մի ոտը բարձրացնում է և սկսում է մյուսով թռչկոտալ: Արամը և Ֆլորան ծիծաղում են):

ՖԼՈՐԱ. Դա ման գալ եղա՞վ։ Դու միայն թռչկոտում ես։ Եվ այդպես թռչկոտելով մինչև ո՞ւր կգնաս։

ՍՈՒՐԻԿ. Մինչև ուր ուզում եք։ (Շարունակում է թռչկոտալ):

ՖԼՈՐԱ. Դե, բավական է, հիմար, կհոգնես։

ԱՐԱՄ. Բավական է, ջանիկս, բավական է։ Եկ ինձ մոտ։

ՍՈԻՐԻԿ (թոչկոտալով գնում է կանգնում Արամի առջև):

ԱՐԱՄ. Այ տեսնում ես՝ ինչպես հեթեթում ես։ Եկ ականջ դնեմ սրտիդ։ (Ականջը կպցնում է նրա կրծքին): Օ՜, ինչպես խփում է... (Հանկարծ պինդ գրկելով երեխային սկսում է կաթոգին համբույրներ դրոշմել նրա ձեռքերին, գլխին, երեսին և մի րոպե ինքնամոռացության մեջ ընկնում):

ՍՈՒՐԻԿ (որ նրա համբույրների միջոցին տհաճության նշաններ էր ցույց տալիս, աշխատում է ազատվել նրա գրկից). Թողեք. ծակում է։

ԱՐԱՄ. Թողնե՞մ... Ոչ, չեմ թողնի։ Եթե կարելի լինի, ես կուրծքս կճղեմ և քեզ մեջը կնստեցնեմ, և դու ասում ես թողնե՞մ։ (Շարունակում է համբույրները):

ՍՈՒՐԻԿ. Վա՜յ, թողեք, է՜, ցավեցնում եք... Ո՛ւֆ, մամա...

ԱՐԱՄ. Լավ։ (Թողնում է): Է, ուզում ես փախչե՞լ։ Այդ չեղավ։ Կաց։ (Պահում է իր մոտ): Այնքա՜ն բաներ ունիմ խոսելու քեզ հետ... Ամենից առաջ մեկ տեսնեմ վկայականդ։

ՖԼՈՐԱ (վկայականը տալիս է նրան):

ԱՐԱՄ. Վա՛հ, ճիշտ որ բոլորը չորսեր ու հինգեր են. մեկ հատ երեք չունի։ Բռավո՜, կեցցե՜։ Այ, որ միշտ այդպես լավ սովորես և ամեն տարի փոխվես, վերջը կգնաս համալսարան, կավարտես, մեծ մարդ կդառնաս։ (Վկայականը ուզում է վերադարձնել Ֆլորային, բայց հանկարծ մի բան հիշելով, նորից նայում է և կարդում) «... բաժանմունքի աշակերտ Սուրեն Բալյանի»։ (Ըստ երևույթին գոհացած՝ վկայականը վերադարձնում է Ֆլորային): Սուրեն Բալյան...

ՍՈՒՐԵՆ. Իսկ իմ հայրիկի ազգանունը գիտե՞ք ինչ է. Նուրյան։ Ինչո՞ւ է այդպես։

ԱՐԱՄ. Որովհետև նա քո հայրիկը չէ։ Քո հայրիկը ես եմ և իմ ազգանունն էլ նույնն է, ինչ որ քոնը Բալյան։

ՍՈՒՐԻԿ. Իսկ ինչո՞ւ մաման էլ Նուրյան է գրվում տիկին Ֆլորա Նուրյան։

ՖԼՈՐԱ. Ա՜խ, ինչեր է խոսում այս անպիտան երեխան։

ԱՐԱՄ (Սուրիկին). Այդ հետո կիմանաս, ջանիկս, երբոր մեծանաս։ Իսկ հիմա լսիր ինչ եմ ասում։ Ես իսկապես քո հայրիկն եմ։ Մի՞թե ինձ չես հիշում։

ՍՈՒՐԻԿ. Ոչ։

ԱՐԱՄ. Այդ անկարելի է. պետք է որ հիշես, դու այն ժամանակ շատ էլ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավորներ էիր ասում, երգում։ Ես քեզ հեքիաթներ էի պատմում, խաղալիքներ էի բերում քեզ համար երկաթուղի, ավտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ։ Դեռ կենում ե՞ն, թե կոտրատել ես։

ՖԼՈՐԱ. Ոչինչ չի պահել։

ՍՈՒՐԻԿ. Ձին պահել եմ։

ՖԼՈՐԱ. Հա, ոտները կոտրած և գլուխը ջարդած։

ԱՐԱՄ. Հետո... Ես քեզ տանում էի ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կանֆետ, շոկոլադ։ Մի՞թե ոչինչ չես հիշում։

ՍՈՒՐԻԿ (գլխով բացասական շարժում է անում):

ԱՐԱՄ. Զարմանալի է։ Հապա մաման ասում է, թե շատ է պատմել քեզ իմ մասին։

ՍՈՒՐԻԿ. Պատմել է, բայց ձեզ չեմ հիշում։ (Հանկարծ ուրախ): Իսկ հայրիկս խոստացել է, որ եթե փոխվեմ, վելոսիպեդ կառնի ինձ համար։

ԱՐԱՄ (ծանր հիասթափությամբ). Հաա՞... (Կամաց հեռացնում է իրենից երեխային և ընկնում մռայլ մտախոհության մեջ):

ՍՈՒՐԻԿ. Մամա՛, տվեք վկայականս, տանեմ պահեմ, որ հայրիկը գա, ցույց տամ, վելոսիպեդն առնի։ (Խլում է մոր ձեռքից վկայականը և դուրս վազում):

Երկարատև ծանր լռություն:

V
Արամ և Ֆլորա:

ԱՐԱՄ (միշտ նույն մռայլ մտախոհության մեջ). Հայրիկը... միշտ հայրիկը և... վելոսիպեդ... Իսկ ես, խե՜ղճ, միամի՜տ, կարծում էի, թե ամեն բան կորցնելուց հետո պահպանել եմ գեթ այդ մեկը, ամենագլխավորը և ամենաթանկագինը, որը ոչ ոք լի կարող խլել ինձնից և որով միայն այսուհետև պիտի արդարանար իմ գոյության իմաստը, բայց ահա այդ էլ չկա. այդ մեկը, այդ վերջինն էլ են խլել ինձնից... (Տարակուսանքով նայում է Ֆլորայի աչքերին)։ Է, հետո՞...

ՖԼՈՐԱ. Իզուր ես այդպես հուսահատվում։ Չգիտե՞ս, որ երեխան առհասարակ շուտ է մոռանում։ Թեև ես շարունակ պատմել եմ քո մասին, բայց ախր հինգ տարի է, որ չի տեսել քեզ։

ԱՐԱՄ. Եվ կապվել է նրա հետ, որին շարունակ տեսել է իր աչքի առջև և որին սովորել է հայրիկ անվանել։

ՖԼՈՐԱ. Ես զարմանում եմ քեզ վրա, Արամ. ինչո՞ւ ես նեղանում, չէ՞ որ դա բնական է մի երեխայի համար, որ դեռ ոչինչ չի հասկանում։ Երբ որ մենք կհասկացնենք նրան, որ իր իսկական հայրը դու ես, նա, իհարկե, կկապվի քեզ հետ։

ԱՐԱՄ. Դու կարծո՞ւմ ես։

ՖԼՈՐԱ. Հապա ուրիշ կերպ ի՞նչպես կարող է լինել։

ԱՐԱՄ. Ես չգիտեմ, թե ուրիշ կերպ ինչպես կլինի, ես միայն գիտեմ և տեսնում եմ, որ երեխան կապված է և կապված էլ կմնա նրա հետ, ով կարող է իր համար... վելոսիպեդ առնել... (Ծանր լռություն):

Դիմացի դռնից մտնում է Ռուբենը՝ 40 տարեկան մի գեղեցիկ տղամարդ, պարարտ մարմնով, պենսնեով։

VI
Արամ, Ֆլորա և Ռուբեն:

ՖԼՈՐԱ (ծայրահեղորեն շփոթված՝ չի իմանում ինչ ասի):

ԱՐԱՄ (նայում է Ռուբենին սկզբում հետաքրքրությամբ, հետո ըստ երևույթին կռահելով թե ով է, մռայլ հանգստությամբ):

ՌՈՒԲԵՆ (զարմացած մերթ նայում է կնոջը, մերթ հյուրին, հետո հանկարծ դիմելով երկուսին էլ)... Սպառեցեք... ես կարծես թե գուշակում եմ... (Արամին): Դուք...

ԱՐԱՄ (Հանկարծ վեր է կենում, պարզորեն ցույց տալով, որ ոչ մի խոսակցություն ու ծանոթություն չի ուզում ունենալ նրա հետ: Ֆլորային). Ես կկամենայի մեկ էլ տեսնել երեխային։

ՖԼՈՐԱ. Կանչեմ...

ԱՐԱՄ. Ոչ, այստեղ չէ. առանձին, եթե կարելի է։

ՖԼՈՐԱ. Շատ բարի։ (Զանգահարում է):

Մտնում է աղախինը:

VII
Արամ, Ֆլորա, Ռուբեն և աղախին:

ՖԼՈՐԱ. Ո՞րտեղ է Սուրիկը, կանչիր այստեղ։

ԱՂԱԽԻՆ. Պարտեզ գնաց։

ԱՐԱՄ (ցույց տալով պատուհանից դուրս). Այնտեղ դիմա՞ցը։

ԱՂԱԽԻՆ. Այո։

ՖԼՈՐԱ. Ի՞նչ է շինում այնտեղ։

ԱՂԱԽԻՆ. Երևի խաղում է երեխանց հետ։

ՖԼՈՐԱ. Գնա կանչիր։

ԱՐԱՄ. Ոչ, հարկավոր չէ, ես ինքս կգնամ նրա մոտ։

ՖԼՈՐԱ. Ինչո՞ւ։ Մենք...

ԱՐԱՄ. Ոչ, ոչ։ (Դիմում է դեպի մուտքի դուռը):

ՖԼՈՐԱ (աղախնին). Առաջնորդիր պարոնին։

ԱՐԱՄ. Պետք չէ, պետք չէ։ (Առանց բարևելու արագ դուրս է գնում):

ԱՂԱԽԻՆ (առաջնորդում է նրան մինչև նախասենյակ և վերադառնում):

VIII
Ֆլորա, Ռուբեն և աղախին:

ԱՂԱԽԻՆ. Սուրիկն ասաց՝ հայրիկը որ գա, իմաց տամ իրեն։

ՖԼՈՐԱ (արագ). Ոչ, ոչ. չգնաս չասես, թե հայրիկն եկել է։ Լսո՞ւմ ես։

ԱՂԱԽԻՆ. Լսում եմ։ (Դուրս է գնում):

IX
Ֆլորա և Ռուբեն:

ՌՈՒԲԵՆ (որ մինչև այժմ կանգնած էր կատարյայ շվարման մեջ). Ֆլորա՞... այս ի՞նչ բան էր... Մի՞թե...

ՖԼՈՐԱ. Հիշո՞ւմ ես ինչ էի ասում քեզ, երբ դու խնդրում էիր ձեռքս և ես դժվարանում էի համաձայնել։ Ասում էի, չէ՞, թե նա անշուշտ կենդանի է և վաղ թե ուշ կերևա։ Եվ ահա՛։

ՌՈՒԲԵՆ. Մի՞թե այդ իսկապես նա էր։ Ես նրան չեմ ճանաչում և երբեք չեմ էլ տեսել, բայց որ մտա և տեսա նրա շինելն ու հենակները և մանավանդ քո շփոթմունքը, իսկույն գլխի ընկա, որ այդ նա պիտի լիներ։ Ա՛յ քեզ զարմանալի բան։ Չորս-հինգ տարի անհետ կորած լինելուց հետո հանկարծ... Լա՜վ սյուրպրիզ է... Բայց ի՞նչպես է եղել այդ, շատ հետաքրքրական է։

ՖԼՈՐԱ. Շատ հասարակ կերպով. մարդը վիրավորվել գերի է ընկել և հիմա վերադարձել է տուն։

ՌՈՒԲԵՆ. Հետո՞։

ՖԼՈՐԱ. Հետո ի՞նչ։ Հետո, ա՛յ, տեսնում ես, ես ոչ կենդանի եմ, ոչ մեռած։

ՌՈՒԲԵՆ. Ինչո՞ւ։

ՖԼՈՐԱ. Ի՞նչպես թե ինչու։ Մեկ մտածիր, թե ինչ դրություն է ստեղծվել ինձ համար... և քեզ համար նույնպես։

ՌՈՒԲԵՆ. Գիտեմ շատ հիմար դրություն։ Բայց ի՞նչ մեղավոր ես դու կամ ես։

ՖԼՈՐԱ. Ես մեղավորության մասին չեմ խոսում։ Իհարկե, ոչ ես և ոչ էլ դու մանավանդ մեղք չունինք բախտի այս տարօրինակ խաղի մեջ։ Բայց որքան էլ ես ինձ անմեղ համարեմ, այնուամենայնիվ խո չեմ կարող չմտածել և չտեսնել, որ նա դժբախտացել է իմ պատճառով։ Չէ՞ որ ինձմով նա կորցրել է կին, զավակ, տուն-տեղ մի ամբողջ օջախ, որի հիմքը նոր էր դրել այնքան սիրով, այնքան վառ հույսերով։

ՌՈՒԲԵՆ. Սպասիր։ Ի՛նչ էիք խոսում իմ գալուց առաջ: Ի՞նչ էր ասում։

ՖԼՈՐԱ. Ի՞նչ պիտի ասեր։ Իր դժբախտությունից էր խոսում, մեղադրում էր ինձ, թե շտապել եմ, չեմ սպասել։

ՌՈՒԲԵՆ. Եվ դու չբացատրեցի՞ր, թե բանն ինչպես էր:

ՖԼՈՐԱ. Բացատրեցի, իհարկե, բայց ի՞նչ օգուտ։

ՌՈՒԲԵՆ. Խո չպահանջե՞ց, որ վերադառնաս իր մոտ։

ՖԼՈՐԱ. Այդքան էլ անմիտ մի կարծիր նրան։ Նա շատ լավ հասկանում է, որ դրութունն այլևս անուղղելի է:

ՌՈԻԲԵՆ. Ուրեմն էլ ի՞նչ։

ՖԼՈՐԱ. Ուրեմն ա՛յն, որ դրանով դեռ ոչինչ չի պարզվում։ Ստեղծվել է մի մոգական շրջան, որի մեջ ինչքան ուզում ես պտտվիր, ելնելու հնար չկա։ Ճիշտ է, նա արդեն հաշտվել է իր դրության հետ, բայց այդ չի նշանակում, թե ես էլ, նա էլ մեր հաշիվներն արդեն վերջացած պիտի համարենք իրար հետ, մանավանդ որ մեր միջև կա մեր անցյալի կենդանի կապը մեր զավակը։

ՌՈՒԲԵՆ (անհանգստացած). Ես քեզ չեմ հասկանում, Ֆլորա։ Դու ինչ որ ուրիշ տեսակ ես խոսում։ Պարզ ասա, սա շատ լուրջ բան է, դու դարձյա՞լ... սիրում ես նրան։

ՖԼՈՐԱ. Եթե միայն կարելի է սիրել մի... ուրվականի։

ՌՈՒԲԵՆ. Բայց նա ուրվական չէ. նա ինքը կենդանի կանգնած է քո առջև։

ՖԼՈՐԱ. Այն օրից, որ հանգամանքները հարկադրեցին ինձ երկար սպասումից հետո նրան մեռածների կարգը դասելու, ես նրան հավիտենապես կորած համարեցի ինձ համար, և այժմ նա՛ չէ, որ վերադարձել է, այլ նրա ստվերը, նրա ուրվականը, որպեսզի իր խղճալի տեսքով, իր անհուն դժբախտությամբ քայքայի իմ խիղճը, վրդովի իմ հանգիստը, թունավորի իմ նոր կյանքը...

ՌՈՒԲԵՆ. Ֆլորա, որքա՜ն լավն ես, որքա՜ն բարի։ (Համբուրում է նրա ձեռքերը): Եվ քո այդ լավության, քո այդ բարի սրտի համար է, որ այսքան սիրում եմ քեզ։ Ես հասկանում եմ քեզ. քո մեջ խոսում է խիղճը։ Բայց իզուր ես այդքան մտածում։ Ես ինքս չափազանց խղճում եմ նրան, մանավանդ որ ֆիզիկապես էլ դժբախտացել է։ Եվ եթե նա որևէ կարիք ունի, մենք կհոգանք այդ կարիքը. եթե կուզենա բարեկամ լինել մեզ, մեր դուռը միշտ բաց կլինի նրա առջև, ես ուրախությամբ մի հարմար պաշտոն կտամ նրան մեր գրասենյակում, եթե կընդունի։ Մի խոսքով՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի նա չզգա իր դժբախտությունը, և ես կարծում եմ, որ նա ժամանակի ընթացքում կմոռանա ամեն բան և ամեն բան լավ կգնա։

ՖԼՈՐԱ. Ի՜նչ հեշտ ես վճռում...

ՌՈՒԲԵՆ. Հապա ի՞նչպես։

ՖԼՈՐԱ. Մի րոպե ինքդ քեզ դիր նրա դրության մեջ. մի րոպե երևակայիր, որ դու երկարատև բացակայությունից հետո վերադառնում ես տուն և տեսնում ես, որ այլևս տուն չունիս, ընտանիքդ քայքայվել է, սիրածդ կինը ուրիշի կինն է դարձել, միակ զավակդ մեծացել չի ճանաչում քեզ, ինքդ ամեն բանից զրկված և հաշմանդամ՝ դարձել ես արգահատանքի և խղճահարության առարկա։ Եվ եթե այդ բոլորից հետո նա, որ տիրացել է քո կնոջը, և ինքը այդ կինը, որ այլևս քո կինը չէ, գան քեզ մոտ և ասեն. «Մենք բարի ենք, մենք խղճում ենք քեզ, ես մենք կպահենք քեզ», ի՞նչ կանես դու, եթե մի քիչ ինքնասիրության, մի քիչ պատվասիրության զգացում ունիս...

ՌՈՒԲԵՆ (քայլելով մտախոհության մեջ). Ճիշտ է, ճիշտ է... Ասածս անհեթեթ բան էր...

ՖԼՈՐԱ. Հեշտ բա՞ն է, ինչ է, մինչև հոգու խորքը խոցոտվտծ մարդու զգացումների հետ խաղալը։ Նա մինչև անգամ չկամեցավ տեսնել քո երեսը, և դու ուզում ես քո օգնությո՞ւնը առաջարկել նրան։

ՌՈՒԲԵՆ. Ճշմարիտ է, իրավունք ունիս։ Ասածս հիմարություն էր։ (Հանկարծ կանգ առնելով): Բայց մի բան պիտի արվի՞ թե ոչ, ես, քանի գնում, տեսնում եմ, որ սա հանաք բան չէ, և այսպես թե այնպես վերջ պետք է տալ այս դրությանը։ Դու ասա ի՞նչ անենք կամ ի՞նչ կարող ենք անել։

ՖԼՈՐԱ (հուսահատորեն). Ա՜խ, ես գիտե՞մ որ... Ուղեղս դառնում է այս մասին մտածելուց։

ՌՈՒԲԵՆ. Ես մի բանից եմ միայն վախենում. որ նա որքան էլ, ինչպես դու ես ասում, հաշտված լինի ստեղծված դրության հետ, այնուամենայնիվ իրավապես չի դադարում քո ամուսինը լինելուց և երբ ուզենա, կարող է պահանջել, որ վերադառնաս իր մոտ։

ՖԼՈՐԱ. Այո՛...

ՌՈՒԲԵՆ. Եվ եթե իսկապես պահանջի... Ասենք, ի՞նչ կարող է անել, քանի որ ես էլ նույնքան իրավունքներ ունիմ, որքան և նա։ Նա քո օրինավոր ամուսինն է, ես էլ. նա քեզնից զավակ ունի՝ ես էլ։ Թեև այս էլ պետք է ասած, որ այս բոլորը միայն խնդրի ձևական կողմն է, որը գրոշի արժեք չունի այս գործում, գոնե ինձ համար։ Գլխավորն այստեղ խնդրի բարոյական կողմն է, որ ամբողջովին կախված է քեզնից, այսինքն՝ քո կամքից, քո ցանկությունից, քո ընտրությունից։

ՖԼՈՐԱ. Եվ դրա համար էլ ես եմ, որ մեջտեղը պիտի ճխլվեմ:

ՌՈՒԲԵՆ. Ոչ, ինչո՞ւ։ Ես իմ կողմից պատրաստ եմ քեզ կատարյալ ազատություն տալու, որքան էլ այդ ծանր լինի ինձ համար։

ՖԼՈՐԱ. Որովհետև գիտես, որ ես քեզ չեմ թողնիլ մանավանդ որ, ինչո՞ւ պարզ չասեմ, ես սոսկում եմ այն խեղճությունից, որ արդեն բավականաչափ քաշեցի։

ՌՈՒԲԵՆ. Ուրեմ ինչո՞ւ պետք է մեջտեղը ճխլվես։

ՖԼՈՐԱ. Որովհետև ես չեմ կարող քեզ թողնել և միևնույն ժամանակ չեմ կարող ձգել նրան մենակ իր դժբախտության հետ։ Միայն այն միտքը, որ նա այնտեղ մենակ, հաշմանդամ, իր նախկին ընտանեկան երջանիկ կյանքի կարոտը պիտի քաշի իմ պատճառով, միայն այդ միտքը բավական է, որ ես երբեք հանգիստ կյանք չունենամ:

ՌՈՒԲԵՆ. Ուրեմն տեսնում ես, որ լավագույն միջոցն էլի իմ ասածն էր, այսինքն՝ որ նա չմերժի մեր բարեկամությունն ու օգնությունը։ Ինքնասիրությունը ու պատվասիրությունը բնավ հիմք չունին այստեղ, քանի որ ոչ իմ, ոչ էլ քո կողմից ոչ մի դիտավորություն չի եղել նրան դժբախտացնելու, այլ նա զոհ է միայն հանգամանքների դժբախտ բերման։ Դու այս բանը պետք է հասկացնես նրան, և ես կարծում եմ, որ նա անընդունելի չպիտի համարի մեր առաջարկը, եթե չի ուզում մեզ ևս դժբախտացնել իր հետ։ Եվ լավ կլինի, որ այդ մասին նրա հետ խոսես հենց հիմա։ Նա էլ չի՞ մտնի այստեղ։ (Մոտենում է պատուհանին): Ահա նստած է պարտեզում Սուրիկին ծնկների մեջ առած և ինչ-որ խոսում է նրա հետ։

ՖԼՈՐԱ (որ քայլում էր մտախոհության մեջ, հանկարծ տեսնելով նրան պատուհանի մոտ). Վա՛յ, Ռուբեն, այդ ի՞նչ ես անում։ Շուտ հեռացիր պատուհանից։

ՌՈՒԲԵՆ (զայրացած). Ինչո՞ւ։

ՖԼՈՐԱ. Սուրիկը կտեսնի քեզ և...

ՌՈՒԲԵՆ. Արդեն տեսավ։

ՖԼՈՐԱ. Ճի՞շտ...

ՌՈՒԲԵՆ. Հորը թողեց և վազում է այս կողմը։

ՖԼՈՐԱ. Օ՜հ, Ռուբեն, այդ ի՞նչ արիր... Օ՛հ, այդ ի՜նչ արիր... (Ընկնում է աթոռի վրա հուսահատ):

ՌՈՒԲԵՆ (զարմացած և վախեցած). Ի՞նչ է որ։ Ի՞նչ պատահեց։

ՖԼՈՐԱ. Ախր դու չգիաես. իմ կորուստը այնքան մեծ ցավ չէ նրա համար, որքան որդու կորուստը։

ՌՈՒԲԵՆ. Ի՞նչպես թե կորուստը, ի՞նչ ես ասում։

ՖԼՈՐԱ. Սուրիկն ախր չճանաչեց նրան և այնպիսի խորթություն ցույց տվավ, որ ես սարսափեցի։

ՌՈՒԲԵՆ. Հապա ի՞նչպես էիր ուզում, որ լիներ հինգ տարի հորը չտեսնելուց հետո։

ՖԼՈՐԱ. Բայց ես վախենում եմ, որ նա միշտ էլ խորթ կմնա հորից։

ՌՈՒԲԵՆ. Ինչո՞ւ։

ՖԼՈՐԱ. Որովհետև քեզ է համարում իր հայրը և քեզ հետ է կապվել։ Ես նկատում էի, թե ինչպես այլայլվում էր նա, երբ Սուրիկն իր երեխայական միամտությամբ քո անունն էր տալիս։ Եվ ես կարծում եմ, որ նա չուզեց քեզ հետ ծանոթանալ և իսկույն դուրս գնաց գլխավորապես այդ պատճառով։

ՌՈՒԲԵՆ. Լավ, ես խո չեմ խլում նրա որդին և արդեն հո չեմ էլ կարող խլել։

ՖԼՈՐԱ. Արդեն խլել ես։ Ահա, ասում ես, քեզ տեսավ թե չէ, թողեց հորը և վազում է քեզ մոտ։ Սուրիկն անհամբեր քեզ էր սպասում, որովհետև ինչ որ վելոսիպեդ ես խոստացել, և ես աղախնին հատկապես պատվիրեցի, որ չգնա իմաց չտա նրան, թե դու եկել ես, իսկ դու հանկարծ ինքդ ես երևում նրա աչքին։ Այժմ երևակայո՞ւմ ես նրա հոր դրությունը։

ՌՈՒԲԵՆ. Դե ես ի՞նչ գիտեի։ Ինչո՞ւ չնախազգուշացրիր։ Տեսնում ես, այդ էլ մի ուրիշ առիթ, որ դու պետք է անհրաժեշտորեն խոսես նրա հետ։ Պետք է մի անգամ առ միշտ վերջ տալ բոլոր թյուրիմացություներին։ Եվ որքան շուտ, այնքան լավ թե քո, թե իմ և թե իր հանգստության համար։ Կանչենք նրան, նա կարող է գնալ։

ՖԼՈՐԱ (հուսահատ և անվճռականորեն). Ա՜խ, տեր իմ աստված, այս ինչ դրություն է...

ՌՈՒԲԵՆ. Կանչում եմ։ (Զանգահարում է):

Մտնում է աղախինը:

X

Ֆլորա, Ռուբեն և աղախին

ՌՈՒԲԵՆ. Վազիր իսկույն պարտեզ և հրավիրիր այն պարոնին, որ մի քիչ առաջ այստեղ էր։ Իմ կողմից չէ, լսո՞ւմ ես, հրավիրիր տիկնոջ կողմից։

ԱՂԱԽԻՆ. Լսում եմ։ (Դուրս է գնում մուտքի դռնից)։

XI

Ֆլորա և Ռուբեն։

ՌՈՒԲԵՆ. Եթե քեզ համար ծանր է մենակ դեմ առ դեմ խոսելը նրա հետ, ուզում ես, ես էլ...

ՖԼՈՐԱ. Ոչ, ոչ, ավելի լավ է, որ դու ներկա չլինիս։ Դու միայն Սուրիկին առ և տար քեզ մոտ առանձնասենյակ։

ՌՈՒԲԵՆ. Շատ լավ։

Աջ դռնից ներս է վազում Սուրիկը վկայականը ձեռքին։

XII

Ֆլորա, Ռուբեն և Սուրիկ:

ՍՈՒՐԻԿ. Վելոսիպե՜դը, հայրիկ, վելոսիպե՜դը... առեք հա՜։ Տեսե՛ք, փոխվո՜ւմ եմ։

ՌՈՒԲԵՆ (ձեռքից առնում է վկայականը). Փոխվում ե՞ս։ Վա՜հ, ճիշտ է՜։ Այն էլ ի՜նչպիսի հրաշալի թվանշաններով։ Ա՛յ, չէի սպասում։ Բռա՜վո։ Որ այդպես է, վելոսիպեդը, իհարկե, կառնեմ։

ՍՈՒՐԻԿ.- Այսօր։

ՌՈՒԲԵՆ. Այսօր տոն է, խանութները փակ են։

ՍՈՒՐԻԿ. Ուֆ, ճիշտ որ։ Դպրոցից, գիտե՞ք, ուղղակի վազեցի ձեզ մոտ, այնտեղ չէիք, մոռացել էի, որ տոն է։ Վաղը կառնեք, չէ՞։

ՌՈՒԲԵՆ. Անպատճառ։ Բայց լսիր ինչ եմ ասում։ Ինչո՞ւ դու այն պա... ինչո՞ւ հայրիկիդ թողիր և փախար եկար։

ՍՈՒՐԻԿ. Նա իմ ի՞նչ հայրիկն է։

ՌՈՒԲԵՆ. Ի՞նչպես թե քո հայրիկը չէ։ Նա քո իսկական հայրիկն է, պատերազմ էր գնացել և հիմա վերադարձել է։

ՍՈՒՐԻԿ. Չեմ ուզում։ Ես ուրիշ հայրիկ չեմ ուզում։ (Քսմսվելով Ռուբենին): Իմ հայրիկը միայն դուք եք։ Ես այդ էլ ասացի նրան։

ՖԼՈՐԱ (սարսափահար): Տե՛ր իմ աստված...

ՌՈՒԲԵՆ. Դու հիմար տղա ես, ոչինչ չես հասկանում:

ՍՈՒՐԻԿ. Հա՛, չե՜մ հասկանում... Ինչի՞ս պետք է։ Մի ոտը չունի, առանց փայտերի չի կարողանում ման գալ, կեղտոտ։ Երեսին կարծես ասեղներ ունի ցցած, ամբողջ երեսս ծակծկեց։ Շինելից էլ զզվելի հոտ է գալիս։ Ի՞նչ եմ անում զինվոր հայրիկ։

ՌՈՒԲԵՆ. Տեսնում ես, որ դու ոչինչ չես հասկանում։ Նա զինվոր չէ, նա օֆիցեր է։

ՍՈՒՐԻԿ. Հա՛, ինչպես չէ, օֆիցե՜ր է... Օֆիցերը թուր չի ունենա՞, օֆիցերը ուսադիրներ չի ունենա՞։ Եվ, վերջապես, ինչի՞ նման է մի ոտանի օֆիցերը։

ՌՈՒԲԵՆ (հազիվ զսպելով ժպիտը): Դե որ ասում եմ հիմար ե՜ս։ Եկ գնանք ինձ մոտ, ես քեզ կբացատրեմ, թե ինչու նա թուր և ուսադիրներ չունի և ինչու նրա մի ոտը կտրված է։

Սուրիկի ձեռքից բռնած՝ դիմում է դեպի աջ կողմի դուռը։ Այդ միջոցին դրսից լսվում է ատրճանակի պայթյուն։

ՖԼՈՐԱ (ճչում է սաստիկ վախեցած):

ՌՈՒԲԵՆ. Այս ի՞նչ էր: (Սուրիկի ձեռքը թողնելով, վազում է դեպի պատուհանը):

Դուրսը իրարանցում, աղմուկ, վազվզոց, սուլոց:

XIII

Ֆլորա և Ռուբեն։

ՖԼՈՐԱ (գույնը նետած, երերվելով մոտենում է պատուհանին). Ի՞նչ էր, Ռուբեն... ի՞նչ էր...

ՌՈՒԲԵՆ (կանչում է պատուհանից դուրսը). Լսեցե՛ք... Չեք լսո՞ւմ... ի՞նչ պատահեց... ո՞վ էր... (Դրսից պատասխանում են, բայց ընդհանուր աղմուկի մեջ պարզ ոչինչ չի լսվում):

Աղախինը ներս է վազում գույնը նետած:

XIV

Ֆլորա, Ռուբեն և աղախին

ԱՂԱԽԻՆ (լեզուն սարսափից կապ ընկնելով). Ա... այն պա... րոնն էր...

ՖԼՈՐԱ (մի թույլ ճիչ է արձակում և թուլացած ընկնում աթոռի վրա):

ՌՈՒԲԵՆ. Անձնասպա՞ն եղավ։

ԱՂԱԽԻՆ. Ա... Այո։ Ա... ատրճանակը... ա... այստեղ.․. բե... երնումը։

ՌՈՒԲԵՆ. Հետո՞... մեռա՞վ...

ԱՂԱԽԻՆԱ. Ա... այո...

ՖԼՈՐԱ (դեմքը ծածկում է ձեռքերով և ծանր հեկեկում):

Դուրսը աղմուկ և իրարանցումը շարունակվում են:

Վարագույր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфонические образы
Лазарос Сарьян

Симфонические образы

Сыновья не вернулись. 1968 год
Сыновья не вернулись. 1968 год
Играть онлайн