Мурацан

Հանելուկը լուծվեցավ

I

Ինչպե՞ս է պատահել, չգիտեմ, մայրս էլ այդ մասին մի որոշ բան չէ ասել ինձ, բայց ես այսօր սապատող (կուզ) եմ:

Ասում են, որ այս սապատը շատ տգեղացնում է ինձ, հավատում եմ. բայց կցանկանայի, որ ոչ ոք չտեսներ նրան, կամ, գոնե, չհիշեցներ ինձ նրա գոյությունը։ Որովհետև ամենասիրելի բարեկամս անգամ, որ հիշեցնում է ինձ նրա մասին մի խոսք, դառնում է իմ աչքում կատարյալ սատանա:

Շատ է պատահել, որ ես ինձ վրա զայրացել, ինձ նախատել եմ դյուրագրգիռ լինելուս համար. աշխատել եմ սառնությամբ տանել իմ սապատի մասին եղած ակնարկությունները, բայց իզուր։ Ասում են, որ մսից և արյունից շինված մարդը ուրիշ կերպ լինել չէ կարող և ես հավատում եմ...

Բայց թողնենք այս անախորժ զրույցը։ Ես մի քանի խոսք պիտի ասեմ ձեզ՝ ամենիս ծանոթ Արդուկյանի մասին:

II

Իմ բարեկամները հաճախ հարցնում են ինձ, թե ինչո՞ւ ես այժմ այնքան ատում եմ նրան, իսկ ես գրեթե ոչ ոքի մի գոհացուցիչ պատասխան չեմ տվել։ Բայց այժմ, երբ դուք բոլորդ լսում եք ինձ, ես կխոստովանեմ ամեն ինչ՝ առանց մի նշանախեց անգամ ծածկելու։ Պ. Արդուկյանին ես, արդարև, ատում եմ այսօր, և իրավունք ունեմ. նախքան այդ իրավունքի մասին խոսելը, թույլ տվեք պատմել, թե առաջ ինչպես էի սիրում նրան:

Այո՛, այս դեռ իմ ուսանողության ժամանակն էր. իդեալների, սուրբ մտածությունների և ոգևորության ժամանակը... երբ հայ թերթերը բերում էին ինձ պոստից, ուրախությամբ խլում էի ես նրանց ծառայի ձեռքից, շտապով և գրեթե դողդողացող ձեռքով որոնում էի ա՛յն լրագիրը, որին Արդուկյանն էր աշխատակցում, և երբ տեսնում էի նրա ստորագրությունը, ուրախությունից մոռանում էի ամեն բան... ճաշո՞ւմ էի այդ ժամանակ, թե՞ խոսակցում, աշխատո՞ւմ էի, թե՞ զբոսնում, ամեն ինչ մնում էր անկատար: Վերցնում էի սիրածս թերթը, առանձնանում սովորական անկյունը և սիրապատար, ոգեկան ծարավով կարդում նրա հոդվածները։ Օ՜հ, ի՜նչ հաճույք, ի՜նչ զվարճություն և մանավանդ թե ի՜նչ ոգևորություն էին ներշնչում ինձ նրա խոսքերը, նրա մտքերը... Որքա՜ն բարձր և որքա՜ն ազնիվ էին թվում ինձ նրա զգացմունքները, որքա՜ն բանավոր նրա կարծիքները, որքա՜ն ուղիղ նրա հայացքները...

Շատ բան նրա գրածներից ես պահում էի իմ ծոցի մեջ, և երբ ուսանողներս հավաքվում էինք մի տեղ, երբ գարեջուրը թևեր էր տալիս մեր ուրախությանը և իմ ընկերները զգացված ճառեր էին խոսում, ես հանում և բարձրաձայն կարդում էի Արդուկյանի հոդվածները, ոգևորվում և ոգևորում էի իմ ընկերներին. մենք բաժակները լցնում էինք մինչև բերանը, շրխկացնում էինք միմյանց և անկեղծ սրտով ու անխաբ սիրով խմում մեր ամենիս սիրելի Արդուկյանի կենացը...

Այս գաղափարական կյանքի մեջ, երիտասարդական վսեմ զգացմունքների ժամանակ Արդուկյանը մեր ուսուցիչը և մեր առաջնորդն էր։ Եվ ինչպե՜ս ցանկանում էի ես նրան գեթ մի անգամ տեսնելու...

Այն օրը, երբ համալսարանն ավարտած պատրաստվում էի Կովկաս վերադառնալ, իմ ուրախությունն անսահման էր։ Ես չէի ուրախանում, իհարկե, իմ ծնողաց, եղբայրց, քույրերի և ազգականների համար, որոնց երկարամյա բացակայությունից ետ պիտի տեսնեի, ոչ. ես ուրախանում էի գլխավորապես նրա համար, որ Արդուկյանին պիտի տեսնեի, նրա հետ ծանոթանայի, նրա ձեռքը սեղմեի, նրա բարեկամությունը գրկեի... ես խոսքեր էի պատրաստում աոաջին անգամ հանդիպածս ժամանակ նրան ուղղելու համար, ես ճառեր էի հորինում... բայց...

III

Եվ ահա՝ ես Թիֆլիսումն եմ։ Առաջին մտածմունքս ա՛յն է, որ Արդուկյանին այցելեմ։ Կարևոր պատրաստությունները տեսել եմ. մի երկու փոքրիկ ճառեր արդեն պատրաստ են և ես շարունակ հեղեղում եմ նրանց, որպեսզի բարեկամիս հանդիպածս ժամանակ հանկարծակիի չգամ։ Այսուամենայնիվ միայնակ նրա մոտ գնալ չեմ վստահում։

Արի դիմեմ նախ Ամուլյանին. նա իմ հին ընկերս է. և մեր ազգայինների հետ, անշուշտ, լավ հարաբերության մեջ է. նա ինձ կառաջնորդե, մտածում եմ ինքս ինձ և ուրախանում։ Եվ անմիջապես ներկայանում եմ Ամուլյանին։

Ի՜նչ ուրախություն, ի՜նչ հրճվանք. քիչ էր մնում, որ ընկերս յուր գրկերի մեջ խեղդեր ինձ։ Բայց վերջապես ազատվեցա. խոսացինք մի փոքր չար ու բարի, գանգատվեցինք, բամբասեցինք և վերջապես հայտնեցի նրան իմ դիտավորությունը:

Արդուկյանի՞ն, մի՞թե կամենում ես նրան այցելել, այն ցած, այն ստոր արարածին, բացականչեց հանկարծ ընկերս՝ արջակատվի նման աչքերը չռելով ինձ վրա:

Ես մնացի զարմացած և չգիտեի, թե ի՛նչ պատասխանեմ:

Ի՞նչ եք խոսում, բարեկամ. արդյոք լավ հասկացա՞ք ինձ, թե՞ սխալ լսեցիք, հարցրի ես նրան վարանելով:

Շատ լավ հասկացա. ասում եք, որ մտադիր եք Արդուկյանին այցելելու և ես ասում եմ, որ այդպիսի ցանկություն ունենալն անպատվություն է ձեզ համար։ Ինչո՞ւ, բարեկամ, ընդհակառակը, ես ինձ ամենաբախտավոր մարդը կհամարեմ, եթե նա կբարեհաճե ինձ հետ ծանոթանալու։ Շա՞տ կան միթե ձեր մեջ Արդուկյանի նման հանճարներ, անաչառ գրողներ, ազնիվ հայրենասերներ...

Աստված մի՛ արասցե, որ նրա նմանները շատանան մեր մեջ, դուք անիծում եք մեզ, ընդհատեց ինձ բարեկամս և սկսավ հյուսել նորանոր հայհոյանքներ իմ սիրելի Արդուկյանի հասցեին:

Ինչպես երևում է պ. Արդուկյանը արդուկել է մի անգամ սրան, իզուր եմ այստեղ ուշանում, մտածեցի ինքս ինձ և գլխարկս առնելով հեռացա։

Հազիվ Ամուլյանի տնից մի քանի քայլ հեռացա և ահա իմ ուսանողության ընկերներից մինին պատահեցի, որը մի տարի առաջ էր ավարտել և մի տարի էր արդեն, ինչ գտնվում էր Թիֆլիսում։

Դուք, անշուշտ, ճանաչում եք Արդուկյանի տունը և ծանոթ եք նրան, շնորհ արեք, առաջնորդեցեք ինձ նրա մոտ, խնդրեցի ընկերիս։

Ի՞նչ ունիք նրա հետ, զարմացմամբ հարցրեց վերջինս։

Ոչինչ, կամենում եմ նրա հետ ծանոթանալ, դուք խո դիտեք, թե որքա՜ն ես պաշտում եմ նրան։

Ընկերս ժպտաց։

Ինչո՞ւ համար եք ծիծաղում, հարցրի նրան։

Նրա համար, որ քո մեջ տեսնում եմ ա՛յն անմեղությունը, ինչ որ ինքս ունեի Թիֆլիս վերադարձածս ժամանակ։

Ձեզ չեմ հասկանում։

Կամենում եմ ասել, թե ես էլ նույն սերը, նույն հարգանքն էի տածում դեպի Արդուկյանը, երբ մտա Թիֆլիս...

Իսկ այժմ մի՞թե դուք նրան այլևս չեք հարգում։

Բոլորովին։

Ինչպե՞ս, մի՞թե դուք էլ... զարմացմամբ բացականչեցի ես։ - Է՜, ի՞նչ եք խոսում, մենք՝ ուսանողներս, առհասարակ երեխաներ ենք. մարդկանց դատում կամ գնահատում ենք նրանց խոսքերից և այնքան փորձված չենք, որ կարողանանք զանազանել գրողից, որ գրում է այն, ինչ որ զգում և մտածում է, և գրողից, որ գրչով զգացումներ, մտքեր է կեղծում, որոնցից զուրկ է։

Բայց ի՞նչ վատություն եք տեսել, իսկապես, Արդուկյանի մեջ։

Է՜հ, թողեք, սիրելիս, արժե՞ միթե նրա մասին խոսել. բոլոր քաղաքը ատում է նրան։

Բայց պատճա՞ռը։

Զարմանալի մարդ եք, ի՞նչ պատճառ է հարկավոր. ես ձեզ ասում եմ, որ բոլոր քաղաքը ատում է նրան։

Այդ դեռ ապացույց չէ, որ նա վատ մարդ է, ամբոխի կարծիքը քանի՞ փող արժե․ ամբոխի կառավարողներն էլ դուք եք, որ նրա նման եք դատում։

Է՜հ, կորած մարդ եք, ձեզ համոզել չեմ կարող, նկատեց ընկերս անտարբերությամբ և հեռացավ։

Ես մնացի փողոցի մեջ կանգնած։ «Ի՞նչ էի սպասում և ինչի՞ եմ հանդիպում», մտածեցի ինքս ինձ. մի՞թե արդարև Արդուկյանը այնպիսի մի մարդ է, որ ամբողջ քաղաքը ատում է նրան․ սա մի հանելուկ է, պետք է նրան լուծել»։

Մի քանի օրից ետ ես պատահմամբ պ. Ճպուռյանի խանութը մտա։ Այստեղ, պետք է ասել, սովորություն ունեին ժողովվելու մեր հասկացող դասի անդամներից շատերը, ինչպես, օրինակ, իրավաբաններ, փաստաբաններ, բանկի ծառայողներ, գրագետներ, ուսուցիչներ և մինչև անգամ դերասաններ։ Ճպուռյանը ինքը մի առանձին խելք չունի և ոչ էլ խոսելու շնորհք, ուստի յուր անձնական արժանիքը չէ, որ մեր ինտելիգենտներին հավաքում է այստեղ, այլ ա՛յն, որ նրա խանութը գտնվում է քաղաքի կենտրոնում և ամենալավ փողոցի վրա։

Մեր ինտելիգենտները հավաքվելով այստեղ՝ հաղորդում են միմյանց քաղաքի նորությունները և երբ նորություն չի լինում, զբաղվում են բամբասանքով։ Եվ ահա՛ ես էլ այդտեղ եմ։

Բարով ձեզ, բարով ձեզ, այդ ե՞րբ շնորհ բերիք. ինչպե՞ս եք, առո՞ղջ եք, ուղղակի Պետերբուրգի՞ց եք գալիս, ուրիշ քաղաքներ չե՞ք այցելել, ինչպե՞ս անցաք ռազմավիրական ճանապարհը, և այլն, և այլն։

Երբ սովորական հարցերը վերջացան, անցանք հերթական խնդիրներին։

Ո՞ւմն եք առաջին անգամ այցելել,-հարցրեց փաստաբան Ելակյանը։

Ճպուռյանի խանութին, պատասխանեցի ես, և բոլորը հավատացին։

Ո՞ւմն է պատկանում երկրորդ այցելությունը, հարցրեց մի ուրիշը։

Արդուկյանին, պատասխանեցի ես։

Օ՜ հո՜...

Միթե՜...

Կատա՞կ եք անում...

Չե՞ք վախենում...

Ծիծաղո՞ւմ եք մեզ վրա...

Ո՞վ խորհուրդ տվավ ձեզ...

Իրար հետևից հաջորդեցին այս հարցերը, և ես զայրացա։

Ի՞նչ եք բացականչություններ անում, պարոններ, իհարկե Արդուկյանին պիտի այցելեմ, իմ ամենից ավելի հարգած և պաշտած մարդուն...

Հա՛, հա՛, հա՛...

Հա՛, հա՛, հա՛...

Հա՛, հա՛, հա՛...

Այս եղավ ժողովականների պատասխանը. բոլորն էլ սկսան ծիծաղել ինձ վրա։

Ինչո՞ւ համար եք ծիծաղում, զսպելով ինձ՝ հարցրի ես։

Ինչպես չծիծաղենք, պատասխանեց Ելակյանը, մայրաքաղաքից եկել եք այստեղ և մարդ չեք գտնում, որ հետը ծանոթանաք։ Արդուկյանի մոտ եք գնում: Որը ամենաանպատիվ մարդն է այս քաղաքի մեջ:

Եվ միևնույն ժամանակ ամենաստորը։

Ասացեք և ամենախայտառակը։

Որի հետ ծանոթանալ թույլ չի տալ իրեն վերջին գործակատարը։

Բայց պատճա՞ռը, պարոններ, պատճառը, ասացեք ինձ գոնե մի փաստ:

Ի՞նչ պատճառ, ի՞նչ բան, ինչե՞ր եք հարցնում, այսքան մարդիկ որ խոսում են ձեզ համար ոչինչ, էլի՞:

Բայց գուցե դուք մի ուրիշ Արդուկյանի մասին եք խոսում, ես հրապարակախոս Արդուկյանին եմ ասում, այն, որ աշխատակցում է լրագրին, որ զմայլեցնում է մեզ յուր հանճարեղ հոդվածներով, որ ոգևորում է մեզ...

Հա՛, հա՛, հա՛...

Հա՛, հա՛, հա՛...

Հա՛, հա՛, հա՛... Ճպուռյանի Ժողովականները դարձյալ սկսան ծիծաղել ինձ վրա:

Ես լուռ ու մունջ բարձրացա տեղիցս, վերցրի գլխարկս և առանց մի բառ արտասանելու, դուրս գնացի։

Բայց այնքան էի գրգռված, որ եթե Ճպուռյանը փողոցում հանդիպեր ինձ, մորուքը կփետտեի, թեպետ մեր բոլոր խոսակցության ժամանակ նա մի բառ անգամ չէր արտասանել ոչ թեր և ոչ դեմ։

Երբ սկսա մի փոքր սառնությամբ խորհել տեսած ու լսածներիս վրա, Շահ-Աբասի մի խելոք խոսքը հիշեցի, որ նա ասել էր յուր հպատակներից մեկի մասին, որի վրա յուր բոլոր մարդիկը գանգատվում են. «Այդ մարդը պետք է որ ամենից խելոք լինի, որ այսքան թշնամիներ ունիյ», ասել էր թագավորը. և իրավ, երբ նրան յուր առաջը հանեցին, հարցաքննեց և տեսավ, որ յուր գուշակությունը սխալ չէ եղած։

«Այժմ ես կերթամ Արդուկյանի մոտ միայնակ, առանց բարեկամի. կծանոթանամ նրա հետ և կաշխատեմ մոտիկից ճանաչել նրան, պետք է վերջապես այս հանելուկը լուծել», ասացի ինքս ինձ և գնացի։

IV

Այն օրից արդեն, որ Արդուկյանի հետ ծանոթացա, էլ նրանից չէի բաժանվում։ Ինչ որ երևակայել էի գտնել այդ մարդու մեջ՝ բարի, բարձր և ազնիվ, նրա կրկնապատիկը, եռապատիկը գտա։ Կարող եմ համարձակ ասել, որ յուր գրվածքները, որոնցով ես և իմ ընկերները ոգևորվում էինք, նրա կենդանի խոսածների ու քարոզածների կմախքներն էին։ Այդ իսկ պատճառով ես ժամերով նստած լռիկ-մնջիկ լսում էի նրան, հիանում էի և հափշտակվում։

Սկզբներում, արդարև, նրա թշնամիներից լսածներս մտաբերելով՝ ես խորամանկությամբ հետևում էի նրա քայլերին, գործերին, միտումներին. աշխատում էի գտնել այդ բոլորի մեջ մի կետ, որով նրա թշնամիների բարբաջանքը գեթ առվայրկյան կարողանայի արդարացնել. բայց իզուր. ոչինչ արատ, ոչինչ պակասություն չգտա այդ մարդու մեջ, գոնե այն չափով, որով կարելի լիներ դատել, թե թշնամիները հանգետն սխալված են։

Արդուկյանը արդարև ազնիվ, առաքինի և հանճարեղ մարդ էր. ես նրա ամենամտերիմ բարեկամը դարձա. և դրանով ինձ բախտավոր էի համարում։

V

Հա՛, քիչ էր մնում, որ այս միջադեպը մոռանայի։ Ահա՛ թե ինչպես լուծվեցավ հանելուկը։

Պետք է ասեմ, որ այն օրից ի վեր, ինչ ես Արդուկյանի հետ ծանոթացա, մենք գրեթե միշտ միասին էինք լինում:

Մի քանի օր էր, ինչ մենք ճաշերից հետո սովորություն էինք արել ոտքով ամբողջ Կոլոնիայի ճանապարհը անցնելու։ Այդ ճանապարհի վրա գտնվող մի շքեղ տան պարտիզում, անցնելու ժամանակ, հանդիպում էինք միշտ մի գեղեցիկ աղջկա, որ պարտիզի ծաղկածուները ջրելով էր զբաղվում։ Դա հարուստ տանտիրոջ աղջիկն էր։ Հագնվում էր միշտ գեղեցիկ և ճաշակով։ Տարիքը 17 հազիվ կլիներ. բայց հասակը բարձր էր և նազելի, դեմքը քնքուշ և գրավիչ, աչքերը սևորակ և կրակոտ, ժպիտը անուշ և կախարդող... Ամեն անգամ, երբ անցնում էինք պարտիզի առջևից, նա կարծես դիտմամբ երեսը դարձնում էր դեպի փողոց, և ապա փոքրիկ, արծաթափայլ ցնցուղը ձեռքին մոտենում էր ցանցառ վանդակապատին և նրա ուղղությամբ ծածանվող շահոքրամները ջրում ծանր և հանդարտ։ Այդ միջոցին նա մերթ ընդ մերթ յուր դիցական հայացքը ձգում էր մեզ վրա... օ՛հ, որքա՛ն կյանք, որքա՛ն կրակ կային այդ զույգ աստղերի նման վառվող աչքերի մեջ...

Եվ ես սիրահարվեցա այդ գեղեցկուհու վրա։ Այդ պատճառով էլ գրեթե ամեն օր, որոշյալ ժամում, անցնում էի Կոլինայով, բայց, իհարկե, միշտ Արդուկյանի հետ: Սովորաբար, երբ հասնում էի ինձ սիրելի դարձած պարտիզի վանդակապատին, քայլերս հարմարեցնում էի և սկսում անհագ աչքերով դիտել գեղեցիկ օրիորդի գեղեցկագույն շարժումները։

Զգում էի, որ սերը օրըստօրե բորբոքվում է. կարևոր պարապմունքի ժամանակ անգամ սկսում էի մտածել նրա վրա։ Այս դրությունը պետք չէր անուշադիր թողնել, ուստի մի օր, մինչև անգամ որոշեցի առաջարկություն անել գեղեցկուհու հորը՝ յուր դստեր հետ ամուսնանալու։ Բայց ամենից առաջ կարևոր համարեցի դիտավորությունս իմ՝ մտերիմ Արդուկյանին հայտնելու և նրա կարծիքն իմանալու։

Այդ աղջիկը չի համաձայնվիլ քեզ հետ ամուսնանալ, իզուր հույսերով մի պարարիր քեզ, պատասխանեց Արդուկյանը սառնությամբ։

Ինչո՞ւ չի համաձայնվիլ, զարմացմամբ հարցրի ես, չէ՞ որ ես դեռ երիտասարդ եմ, համալսարանական, հարուստ ծնողաց ժառանգ...

Այդ ես գիտեմ, բայց նա կմերժե քո առաջարկությունը:

Բայց ինչո՞ւ համար. պատճառն ասացեք։

Պատճա՞ռը, որովհետև դու սապատող ես, նկատեց Արդուկյանը միևնույն սառնությամբ։

Երկինքը կարծես փուլ եկավ գլխիս. այդպիսի խոսք լսել Արդուկյանից ես չէի սպասում. այդ րոպեից արդեն նա սատանայից ավելի զզվելի դարձավ իմ աչքում։

Սապատո՞ղ, բացականչեցի ես աչքերս նրա վրա հառելով և նրա հայացքի մեջ ներողություն խնդրոդ գեթ մի նշույլ որոնելով, բայց իզուր. նա նույն սառնությամբ կրկնեց միևնույն խոսքը։

Այո , սապատող։

Ես ինձ կորցրի։

Ցած, ստոր արարած, բացականչեցի կատաղած և երեսս դարձրի նրանից հավիտյան...

Այդ օրից սկսած ես էլ ուրիշների պես ատում եմ Արդուկյանին...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой