Мкртич Армен

Բեռնանավ

Տգիտության հետեւանքով տասնապետը փայտեղենի խորանարդ մետրերը հաշվեց մի զրոյով պակաս՝ տասն անգամ ավելի քիչ։ Խորամանկության հետեւանքով բրիգադիրը, ընդհակառակը, հաշվեց տասն անգամ ավելի շատ։ Տարբերությունը դարձավ մեկին հարյուր… Իրենք էլ խրտնեցին այդպիսի արդյունքից։ Համաձայնվեցին, որ նրանցից մեկը տասն անգամ բարձրացնի իր ստացած արդյունքը, իսկ մյուսը՝ տասն անգամ իջեցնի։ Ստացվեց այն թիվը, որը ճշտորեն համապատասխանում էր իրականությանը։ Տասնապետը ոչինչ չկորցրեց։ Բրիգադը ոչինչ չշահեց։ Կալանավորներն սկսեցին բարձել փայտեղենը բեռնանավի վրա։

Փայտեղենը՝ դա 1 մետր եւ 7 սանտիմետրանոց «բալանս»֊ներն էին՝ եղեւնափայտից կտրված։ Հում նյութ՝ թղթի գործարանների համար։ Գերանակները պետք է մաքրված լինեին ոչ միայն կեղեւից, այլեւ ենթակեղեւից։ Ուստի եւ, կալանավորների ամենաբարեխիղճ բրիգադը՝ քաղաքականներինը, զբաղված էր այդ աշխատանքի վրա։ Ի միջի այլոց, բարեխղճության համար տոկոսներ չեն տալիս։

Կալանավորները երկու կոթ ունեցող մանգաղաձեւ քերիչներով քերում մաքրում էին գերանակները եւ շարում վանդակաձեւ։ Վայ նրան, ով բաց թողած լիներ թեկուզ մի մատնաչափ ենթակեղեւ։ Բրիգադիրն իսկույն կնկատեր փայլող բիծը, կպահանջեր վերացնել, իսկ որոշ դեպքերում էլ խոտան կհամարեր նրա այդ օրվա ամբողջ աշխատանքը։ Ուստի եւ կամ հարկավոր էր լինել շատ բարեխիղճ, կամ, դրա բացակության դեպքում, շատ զգույշ ու խորամանկ, ցույց տալ ապրանքը երեսի կողմից։

1 մետր եւ 7 սանտիմետր… Երեխան անգամ կարող է բարձրացնել այդպիսի գերանակը։ Բայց երեխան կարող է բարձրացնել միայն մի հատը։ Իսկ կալանավորն այդ գործողությունը պետք է կրկներ հազարավոր անգամներ, ընդ որում՝ ոչ միայն բարձրացներ, այլեւ տաներ բեռնանավ, դասավորեր դրա նկուղում։

Բեռնանավը կանգնած էր գետի վրա։ Գետն ինչ֊որ հեռու տեղում թափվում էր մի այլ գետի մեջ։ Այդ երկրորդ գետը՝ Նեւայի մեջ։ Բեռնանավը գնալու էր Լենինգրադ։ Փայտեղենը՝ ավելի հեռու, այժմ արդեն՝ գնացքով։

Կալանավորները հարմարվեցին՝ ով ինչպես կարող էր։ Մեկը կրում էր՝ թեւերի վրա բարձած, մյուսը՝ թեւատակերում պահած, երրորդը՝ պարանով կապոտած եւ ուսի վրա դրած։ Բայց բոլորն էլ մինչեւ ընդմիջում բավական հոգնեցին։ Երբ պահակը սուլեց վերջապես՝ բոլորը թափթփվեցին ափի վրա, փայտեղենի կանգուն կամ կիսաքանդ վանդակների միջեւ, եւ տրվեցին պարապ հանգստությանը։

Եկավ մի այլ բրիգադիր՝ մի այլ պահակի ուղեկցությամբ։ Տասնապետը կարգադրել էր վերցնել այդտեղից ութ֊ինը կալանավորների՝ մի այլ աշխատանքի համար։ Մնացյալները բավական էին՝ մինչեւ երեկո բեռնանավը բարձելու համար։

Բրիգադիրն առանձնացրեց պահանջած թվով կալանավորների, ուղարկեց։ Մյուսները շարունակեցին հանգստանալ։

Բրիգադի հիմնական մասից մի քիչ հեռու նստած, փսփսոցի մեջ էին վեց քրեականներ։ Նրանցից մեկը՝ Լայնակոկորդ Վասյուկը, որոշել էր փախչել։ Այժմ մշակվում էին այդ գործողության մանրամասնությունները։

Ճիշտն ասած, նրա մտադրությունը հայտնի էր ամբողջ բրիգադին՝ ներառյալ նաեւ բրիգադիրը։ Անկախ նրանից, թե ով էր հավանություն տալիս եւ ով՝ ընդհակառակը, բոլորն էլ լուռ էին ձկան պես։ Առաջին օրենքը ճամբարային համակեցության՝ «դու ոչինչ չես տեսել, դու ոչինչ չես լսել, դու ոչինչ չգիտես»…

Փախուստը նախապատրաստված էր մի շաբաթից ավելի։ Վասյուկը հաց էր կուտակել, մի քիչ փող, իսկ այսօր ճամբարային հագուստի տակ հագել էր աատ քաղաքացու հագուստներ, որոնք նա շորթել էր մի նորեկ կալանավորից։

Երբ պահակը նորից սուլեց, եւ բրիգադը վեր կացավ աշխատանքի, Լայնակոկորդ Վասյուկը, տանելով իր հերթական բեռը նավ, այլեւս դուրս չեկավ այնտեղից։ Նրա համար բերեցին երկու կաթսայիկ՝ գետի ջրով լի, նաեւ երկու դատարկ կաթսայիկ՝ այլ պետքերի համար։ Վեց կալանավորները հանեցին իրենց մոտ պահ տված հացի կտորները, տվեցին նրան։

Լայնակոկորդ Վասյուկը տեղավորվեց նկուղի խորքում, նավակողերից մեկի մոտ, եւ նրա շուրջն ու վրան սկսեցին զգուշությամբ շարել ու դարսել գերանակները։

Կարգի՞ն է, հարցրին վերեւից։

Կարգին է, խուլ լսվեց թաղվածի ձայնը։ Օդն առատ է, միայն թե մութն է։

Չէ՜ մի, դրա մասին էլ մտածես, ծոր տվեց նրա մտերիմ մեկը։ Մի կերպ կհամբերես երկու օր։ Դե, մնաս բարով, Վասյուկ։ Հիմա վրադ նորից ենք փայտ դարսելու…

Երեկոյան կողմ աշխատանքն արդեն ավարտվելու վրա էր, երբ եկավ փոքրիկ շոգենավը։ Տեսնելով, որ բարձումը դեռ շարունակվում է, նավապետն սկսեց հայհոյել։ Բայց, եւս տասը րոպե, եւ հսկայական բեռնանավը, տանելով փայտեղենն ու դրա խորքում թաղված Վասյուկին, շարժվեց փոքրիկ շոգենավի ետեւից դեպի Լենինգրադ։

Բրիգադը պատրաստվեց վերադառնալ ճամբար։ Պահակը շարք կանգնեցրեց կալանավորներին, սկսեց հաշվել։

Մեկը պակաս է, ասաց նա անվստահ։

Պակաս չէ, ժխտեց բրիգադիրը, չէ՞ որ ինը հոգի ուղարկեցինք ուրիշ աշխատանքի։

Ի՞նը, թե ութ։

Ինը։

Իսկ ինչո՞ւ ինձ մոտ գրված է ութ։

Էդ արդեն՝ չգիտեմ, քաղաքացի պահակ։

Բայց, ազատվելու համար հետագա պատասխանատվությունից, նա կատարեց ակնհայտ վերապահություն․

Կարծես ինը… Կարծեմ։

Բեռնանավի վրա հո մնացող չեղա՞վ, անհանգստացավ պահակը։

Դուք ինքներդ ստուգեցիք, ես ի՞նչ գիտեմ, բարկացավ բրիգադիրը։ Դեռ նավապետն էլ բերեց իր շունը, հոտոտել տվեց։

Շո՜ւնը… ձեռքը թափ տվեց պահակը։ Եղեւնու հոտի մեջ ուրիշ ի՞նչ հոտ կարող էր առնել նա։ Իսկ եթե առներ էլ՝ դա ձեր բոլորի հոտը պիտի լիներ։ Ուրեմն, ասում ես, մենք ի՞նը հոգի ուղարկեցինք։

Այո։ Ինը։ Կարծեմ…

Բրիգադ, շարժվիր։

Դարպասի մոտ, որտեղ հանդիպեցին երկու բրիգադները, թյուրիմացությունը պարզվեց, կամ, ճիշտ կլինի ասել, ավելի խճճվեց։

Ի՞նչպես թե ութ, բարկացավ պահակը, դու վերցրիր ինը մարդ։

Ոչ, ութը, պնդեց մյուս պահակը։

Ութը կալանավորները, իրենց հերթին, պնդեցին, որ նրանք ինն էին։ Մյուս բրիգադիրը եւ բոլոր կալանավորները, նույնպես քրեականներ, հասկացան, թե ինչ էր կատարվել, հայտարարեցին՝ ինը…

Ցուցակով կանչելուց հետո պարզվեց, թե ով էր բացակայողը։ Իսկույն հետապնդում կազմակերպեցին նրա ետեւից։ Իհարկե, սխալ ճանապարհով։ Բեռնանավը դուրս էր կասկածից։ Լայնակոկորդ Վասյուկը փախել էր մյուս բրիգադի մոտից, ծառակտրում կատարելիս…

Երկու օր հետո պահակները վերադարձան ճամբար՝ իրենց շներով, բայց իհարկե, առանց Վասյուկի։

Երանի նրան, սկսեցին շշնջալ քրեականները, հիմա նա Լենինգրադումն է։

Ինչո՞ւ պիտի մնա էնտեղ, հակաճառում էր մի ուրիշը։ Համ վտանգավոր է, համ էլ, լսե՞լ եք, Մերձբալթյան երկրները միացել են մեզ։ Այ թե գործ անելու տեղ է, հա՜… Իսկ մենք նստել ենք էստեղ պարապ֊սարապ… Վասյուկը հիմա անշուշտ Ռիգայում է…

Եվ լռում էին բոլորը՝ պատկերացնելով, թե ինչպես անծանոթ ու մեծ Լենինգրադում կանգ է առնում բեռնանավը, մարդիկ սկսում են դատարկել այն եւ երբ մոտենում են Վասյուկի թաքնված տեղին, նա ինքն է քանդում իր թաքստոցը, վերցնում է ուսի վրա մի քանի գերան, ելնում է դուրս՝ բեռնակրի տեսքի տակ եւ…

Մի շաբաթ հետո, առավոտյն, ճամբարի պետը հայտնվեց աշխատանքի գնալու պատրաստվող կալանավորների առջեւ եւ ասաց զայրույթով․

Դուք բոլորդ արժանի եք տուգանային օրապահիկի, սրիկաներ։ Մի կերպ գլխից ռադ եք անում աշխատանքը։ Իսկ ձեր բրիգադիրներն ու տասնապետը, բերանները բաց արած, ընդունում են այն։ Բոլորին կհանեմ աշխատանքից, սրիկաներ։ Վերջին բեռնանավի «բալանսը» Լենինգրադում համարել են խոտան, չեն ընդունել եւ վերադարձնում են ետ։

Քրեականները նշանակալից նայեցին իրար…

Ո՞ր բրիգադն է մաքրել «բալանսը», հարցրեց պետը։

Ֆաշիստները։

Տասն օր տուգանային օրապահիկ։ Իսկ ո՞րվ բրիգադն է բարձել բեռնանավի վրա։ Նույնպես տասն օր տուգանային օրապահիկ, որ չբարձեն ամեն մի անպետքություն։ Խոտա՞ն է՝ կանչիր բրիգադիրին, ցույց տուր…

Բեռնանավը վերադարձավ հաջորդ օրը՝ ուղարկվելուց ութ օր հետո… Պետը որոշեց, որ բեռնաթափի նույն բրիգադը, եւ, որպես պատիժ, նրա աշխատանքը չենթարկվի հաշվառման։

Մի ուրիշ դեպքում կալանավորները, ի պատասխան դրա, կաշխատեին շատ դանդաղ եւ մի օրվա աշխատանքը կանեին երեք օրում։ Բայց այժմ…

Զուր ենք չարչարվում, ասաց գրպանահատներից մեկը բրիգադիրներին, հիմա նա մեռած կլինի։

Լռիր, գարշանք, ու ձեռնաթափ մի՛ անի ուրիշներին, թե չէ կհասցնեմ բալանսով…

Դեռ կեսօր չեղած, կալանավորները հանեցին փայտեղենի վերին շերտերը։ Սկսեցին ձայն տալ․

Վասյո՛ւկ…

Եվ ականջ դնել։

Մերթ նրանց թվում էր, թե լսում են նրա խուլ ձայնը, իսկ մերթ էլ թվում էր, թե դա թվում է։

Շարունակեցին դատարկել։

Վասյո՛ւկ…

Հասան մինչեւ հատակ։ Վասյուկը չկար։ Նոր միայն հասկացան, որ նա հակառակ կողմումն է։ Չէ՞ որ բեռնատարն այժմ կանգնած էր իր մյուս կողով դեպի ափը…

Վերջապես ետ արեցին նրա փայտե անձավը փակող վերջին գերանները։

Վասյո՛ւկ…

Ոչ, նա մեռած չէր, թեեւ պառկած էր հատակին։ Նրա շրթունքներին մոտեցրին ջրով լի կաթսայիկը, որը հեռատեսորեն բերել էր մեկը։ Առաջին կումերը զոռով լցրին նրա բերանը։ Մնացյալ ամբողջ կաթսան դատարկեց ինքը։

Հաց… արտասանեց նա։

Տվեցին։ Ոչ թե կերավ, այլ կուլ տվեց։ Միայն դրանից հետո նայեց շուրջը՝ չռված աչքերով։

Այս ի՞նչ բան է, տղաներ… Ո՞րտեղ եմ ես…

Ճամբարում։

Բա Լենինգրա՞դը… Այս ի՞նչպես պատահեց։

Համառոտ պատմեցին եղելությունը։

Իսկ հիմա՞… հարցրե նա՝ անելանելի վիճակից մոլորված։ Ի՞նչպես դուրս գամ ափ, ի՞նչ ասեմ…

Իսկ հիմա… բրիգադիրը կանգ առավ։

Վասյուկին կդատեն, հառաչեց մի տնային գող, կտան լրացուցիչ մի կամ երկու…

Փակիր հաչամանդ, թե չէ ես կփակեմ, սպառնաց բրիգադիրը։ Եվ, իսկույն, ընդունեց որոշումը։ Ապա, Լայնակոկորդ, հասցրու մի հատ իմ քիթ ու բերանին։ Այնպես, որ արյուն գա…

Դա՞ ինչի՞ համար է, թույլ ձայնով հարցրեց Վասյուկը։

Հասցրու՝ ասում եմ քեզ, տո՛ւր…

Ես էդքան ուժ չունեմ… արտասանեց փախստականը։

Ապա, տղաներ, մեկնումեկդ տվեք ինձ…

Ի՞նչպես թե տանք…

Տվեք՝ ասում եմ, գոռաց բրիգադիրը, բայց այդ րոպեին ամենաուժեղ կալանավորը մի ուժգին հարված հասցրեց նրա երեսին։

Սպանո՜ւմ են… գոռաց բրիգադիրը՝ բեռնանավից վազելով դուրս։ սպանո՜ւմ են…

Եվ կռացավ ջրի վրա՝ արյունը լվանալու։

Ի՞նչ է պատահել, ոտքի ցատկեց պահակը՝ չխչխկացնելով հրացանը։

Վասյուկը… կցկտուր սկսեց պատմել բրիգադիրը։ Նա, որին սխալմամբ համարում էինք փախուստ գործած… «Բալանսը» բարձելու օրը, ընդմիջումի ժամանակ, քնել է նավի նկուղում, իսկ ընդմիջումից հետո մեր տղաները չեն նկատել նրան ու փակել են չորս կողմից։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ հիմա ինձ է ծեծում…

Ոչ թե ծեծել, այլ կսպանեմ ես քեզ, բոլորովին էլ ոչ սպանողի ձայնով, հազիվ արտասանեց Վասյուկը՝ դուրս գալով ափ։ Դու էլ լավն ես, քաղաքացի պահակ։ Մարդ է պակասում, իսկ դու չես էլ հաշվում։ Գուցե մեռնում էի քաղցից ու ծարավից…

Դու իմ աչքերը մի փակիր, փախստական, մատը թափ տվեց պահակը։ Սպասիր, քեզ ցույց կտան ճամբարում…

Բայց ճամբարում նրան ոչինչ «ցույց չտվեցին»։ Վասյուկը գոռգոռում էր, պահանջում էր դատախազին, պահանջում էր, որ դատի տան բրիգադիրին ու պահակին։ Ու թեեւ ճամբարի պետն ու պահակապետը շատ լավ հասկանում էին, թե ինչ էր տեղի ունեցել, բայց ոչ մի հաստատ ապացույց չունեին՝ նրան փախուստի մեջ մեղադրելու համար։ Չունեին եւ չէին էլ ուզում ունենալ։ Փախուստի յուրաքանչյուր դեպքի համար ճամբարի ադմինիստրացիան ստանում էր խիստ նկատողություն։

Իսկ Վասյուկը շարունակում էր փոթորկվել ու պահանջել, որ մի ամսով աշխատանքից ազատեն իրեն, տան «մեծ պայոք» եւ այլն, եւ այլն։

Ճամբարի պետը կարգադրեց․ երկու շաբաթով աշխատանքից ազատել «անփութության զոհ խեղճ տղային», տալ նրան հիվանդանոցային օրապահիկ, որպեսզի կազդուրվի։ Նկատողություն անել պահակին եւ նախազգուշացնել բրիգադիրին, որ այդպիսի դեպք կրկնվելուց հետո նա անմիջապես կհանվի իր պաշտոնից…

Տհաճ պատմությունը հարթվեց թե կալանավորների համար եւ թե ճամբարի ադմինիստրացիայի։

Օհ, ի՜նչ լավ էր ազատության մեջ… սկսեց պատմել Վասյուկը կալանավորներին։ Անդադար սուլում էին շոգենավերը, կառամատույցով անցնում դառնում էին բեռնատարները, փողոցներից լսվում էին տրամվայների հնչյունները… Իսկ մի գիշեր, համարյա ամբողջ գիշերը, մի տղա ու աղջիկ շարունակ փսփսում էին իմ կողքին…

Ի՞նչ գիտես, որ գիշեր էր, Վասյուկ։

Ուրիշ ձայներ չկային։ Եվ հետո, նորից ցերեկ։ Նվագախումբ… Բայց դա հեռու էր։ Ես ամեն ինչ լսում էի։ Մինչեւ անգամ շշուկները…

Նկուղի հաստ պատի ետեւի՞ց… չհավատաց մեկը։

Մոտս դանակ կար, տաշեցի տախտակը, որ անցք բաց անեմ։ Բարակացրի, այն է՝ բաց անելու վրա էի, երբ շեղբը կոտրվեց, ընկավ փայտերի մեջ։ Դե եկ ու գտիր…

Լռեցին։ Վասյուկը երազկոտ կիսափակեց աչքերը եւ շշնջաց հիացմունքով․

Մեծ քաղաք է Լենինգրադը, տղաներ, ես լսում էի…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Мужчины в каноэ с выносными опорами направляются к берегу
Мужчины в каноэ с выносными опорами направляются к берегу
Играть онлайн