Михаил Налбандян

Աղցմիք

Ա

ՆԱԽԱՀՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

«yes, love indeed is light from heaven;
A spark of that immortal fire
With angels shared, by Alla given
To lift from earth our low desire...»
Byron The Giaour.

Կենաց կանաչ ծառի տակ
Հրեշտակներով շուրջպատված,
Տխուր՝ Ադամն էր նստել
Եվ տրտնջում էր հուզված․
«Ինչո՞ւ ստեղծեց տերն ինձի,
Է՞ր դրախտն այս փափկության,
Եվ ինչո՞ւ ես կարգվեցի
Արարածոց տեր, իշխան։
Ինչի՞ս են պետք ինձ պսակք,
Լուսապաճույճ, օդային,
Է՞ր հրեշտակաց այս բանակ
Եվ զորությունք երկնային․․․
Այնինչ փոքրիկ մի մակույկ,
Որ կրծքիս տակ նավում է,
Չունենալով անուշ սյուգ՝
Առագաստել անզոր է»։
Ասաց՝ աչքից ցողելով
Մարգարիտները տրտում․
Առաջին արցո՜ւնքն էր մարդու՝
Հոսում տխուր այս հովտում։
Եվ սերովբեն սրբելով
Արտասուքներ Ադամա՝
Գուրգուրում էր՝ լուսաթև
Ճախրելով շուրջը նրա․
Եվ բարբառով դրախտային
Խոսում նրա հետ տրտում,
Դրան երկինքն է վկա,
Որ սերովբեն չէ՛ր ստում։
«Մխիթարվի՛ր, տե՛ր Ադամ,
Որ չը տրվեց սրտիդ հեզ,
Ինչ կոչում ես շարժիչ հով․
Այն զլացավ տերը քեզ,
Զի թե սրտիդ մեջ փչեր
Շունչն այն բոցեղ, կիզանուտ,
Ապա իրո՛ք կը կորչեր
Անդորրությունը հոգուդ։
Եվ ո՞ւր դու կը թափեիր
Բորբ կայծերը նրա բարկ,
Կարո՞ղ էիր դու միթե
Ցոլքն այն կրել կրծքիդ տակ․
Եվ ո՞վ պետք է քեզ հոգար,
Ո՞ւր էակն այն ընդունակ,
Որ ժողովել կարենար
Քո շանթն, ամպրոպ ու փայլակ»։
«Ի՞նչ ես փչում, սերովբե,
Եվ զուր՝ ստեր հնարում,
Մարդուն, իսպառ, դու, ի՞նչ է,
Անզգա՞ ես համարում․
Եվ տիեզերքը, միթե,
Գործն աստուծո, այս ահա՛,
Իմ աչքերի առաջ չէ՞․
Եվ ինքն իսկ չէ՞ Եհովան,
Որ շրջում է, ժուռ գալիս
Այս դրախտում պատվական
Եվ ողջունում թշվառիս՝
Միթե չէ՞ ինձ բավական։
Զարմանում եմ անհանճար
Քո խոսքերին, սերովբե՛,
Ըստ քեզ, դեպի վսեմը
Սիրտն անզգա՞ է միթե։
Կարո՜ղ եմ ես աստըծուն
Սիրել սիրով վերամբարձ,
Արարածները համբուն
Նրա ձեռքով ստեղծված՝
Արև, լուսին և աստղեր,
Մեղմ երեկո, առավոտ,
Խաղաղ ու զով գիշերներ
Եվ ցերեկը լուսահորդ,
Ծառ, տո՛ւնկ դալար և աճող,
Ծաղիկ քնքուշ, գեղանի,
Վարդեր թփի վրա ճոխ,
Եվ շուշանը գարնայնի․
Ո՛չ կենդանյաց խայտուն խումբք
Ո՛չ սոխակի երգն անուշ,
Որով ամենքն են հրճվում
Բնությունք բիրտ և քնքուշ։
Նախ տո՛ւր ինձ սեր, իմ սրտի
Ամայությունը լցրու,
Ապա տես թե կը գայթի՞
Վես բնությունը մարդու․
Երբե՛ք ստոր կրքերի
Համար սիրտը չէ՛ թիրախ․
Իսկ դու ինչո՞ւ ես ժպտում,
Ուխտ չեմ անում ես խարդախ»։
«Քավ լիցի, տե՛ր իմ Ադամ»,
Կրկնում էր հեզ սերովբեն․
«Թող չըշնչե՜ս հավիտյան
Դու այն օդը բոցեղեն․
Չը տառապե՜ս թող՝ կամա
Անձըդ հրին մատնելով,
Որին մարդը, հավատա՛,
Տոկալ բնա՛վ չի կարող»։
Ադամը խիստ հեգնում է
Սերովբեին և ասում,
Եվ մի վայրկյան լոկ՝ դժնե՝
Դեմքին ժպիտն է փայլում․
«Դո՛ւ, որ մարդ չես հողանյութ,
Ինչպե՞ս բընույթը մարդու
Գիտես այդպես, օ՛, հմուտ,
Այդ որտեղի՞ց ուսար դու։
Զարմացնում են ինձ սաստիկ
Քո խոսքերը, հիրավի,
Եվ քանզի չեմ սերովբե՝
Չիմանալըս թող ներվի՜»։
Համբերում էր սերովբեն
Կամակորին այդ արու,
Զի պատվերն էր արարչի՝
Լինել նրան պատկառու․
Ուստի և նա անվրդով
Խստությունից Ադամա՝
Գուրգուրում էր՝ ճախրելով
Անդադար շուրջը նրա։
Եվ մինչ Ադամն զբաղված
Սիրո մասին չէր խոսում,
Սերովբեն, հո՜ւշ, նրա վրա
Թափեց խաղաղ ու խոր քուն։
Զեփյուռի զո՜վ շոյանքի
Տակ թմրում է ու ննջում,
Նրա շուրջը սոխակի
Թովիչ դայլա՜յլն է հնչում,
Եվ սերովբեն թևապար
Դեպ աստղերն է սլանում,
Անցնելով հուր այն կամար՝
Արագ վեր է բարձրանում․
Մինչ գահույքը աստղահուռ,
Քերովբեքով շուրջպատված,
Կանգնում գահի հանդեպ, ուր
Փառաբանվո՜ւմ էր աստված։
Անդ վեցթևյան երկուսով
Դեմքն է սքողում սարսափած,
Ոտքերն՝ ցածի թևերով,
Միջիններով մնացած
Ծխում արցունք մարդկային,
Իբր անուշ խունկ, առ աստված,
Ալելուներն են հնչում
Երկնային ողջ զորությանց։
Հոտոտո՜ւմ է լիառունգ
Տերը անհա՜գ, հեշտորե՜ն՝
Արցունքներն այն– իբր խունկ՝
Որ սփռում էր սերովբեն։
Եվ կարկառվում է ստեղծիչ
Աջն էությանց վա՛ր դեպի,
Բարեխոսներն շուրթերից
Այս են լսում– «թող տրվի՛»։
Սո՛ւրբ, սո՛ւրբ, սուրբ ես, Տեր որ Էն,
Լի՜ երկինք քո փառքով,
Օրհներգում է սերովբեն
Եվ վերցընում ունելով
Կայծը կիզիչ բոց-կրակ
Այն ծխացող սեղանից,
Եվ դեպ երկիրը՝ արագ
Ճանապարհվում է նորից․
Ադամն ոչինչ չգիտե,
Նա դեռ քնած է հանդարտ,
Զի այդ ամենն հազիվ թե
Տևում է մի ակնթարթ։
Կենաց ծառը մեղմօրոր
Հով էր անում հեշտորեն
Խաղաղ քնած նախահոր,
Երբ որ հասավ սերովբեն․
Նա մոտ գալով Ադամին՝
Նստում ձախ կողմը նրա
Եվ կիզիչ կայծը ջերմին
Դնում կրծքին․․․ Եվ ահա՛,
Ծխում է մորթը իսկույն
Եվ այրըվում սիրտն անփորձ,
Բարձրանո՜ւմ է գույնզգույն՝
Երկինքն ի վեր ծուխն ու բոց։
Շուրջ՝ կենդանիքն այն ամեն
Կրակի տեսքից խրտնելով,
Մասն են առնում ասում են
Սիրո հրից հոգեթով․
Եվ ամոլները զույգ-զույգ
Կրքով վառված, խայտ ի խայտ
Փախչում վայրեր դեպ ծածուկ,
Թե ինչո՞ւ․․․ չի՛ ասվում այդ։
Այն, ինչ պիտի կատարվեր՝
Գիտակ եղավ սերովբեն․
«Արդ շտապիր նավարկել,
Ո՛վ տեր Ադամ, հմտորեն,
Զի սրտերին առագաստ
Լցրեց սիրո բոց-մրրիկ,
Կը դիմանա՞ բոցին սաստ
Արդյոք մակույկըդ փոքրիկ»։
Արդ, այսպես էր սերովբեն
Կշռադատում և խոսում,
Մինչ Ադամը քնի մեջ՝
Ո՛չ զգում էր, ո՛չ լսում։



. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . the elements
So mix'd in him that Nature might stand up
And say to all the world «This was a man>.
Shakespeare,
Julius Caesar, Act V. Sc. 5

Չը ձգձգենք որպեսզի
Պատմությունն այս չափածո՝
Ինչո՞ւ խոսել ավելորդ
Ուստի պատմենք կարճառոտ։
Մարդը հենց որ սեր զգաց,
Գոչեց․ «Մեռնո՛ւմ եմ, աստվա՛ծ,
Չունե՜մ ընկեր կաթոգին»․
Տերը տվավ նրան կին․
Իսկ թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս,
Չի՞ սովրեցրել Գիրքը քեզ,
Թե չես լսել մինչ հիմա,
Ապա վեր առ և կարդա։
Իսկ այն մասին, թե նրան
Սիրե Ադամն պիտ մաքուր
Եվ մեղկ կրքին՝ սիրտը նա
Չը դարձնե կերակուր․
«Ինչո՞ւ տալիս էր պատվեր,
Ադամն ասում է հուզյալ,
Միթե միշտ չե՞մ խոստացել
Սիրել սիրով կատարյալ՝
Աստծուն և այն ամեն բան,
Որոնց ինքն է հեղինակ
Եվ սկիզբը գոյության․
Ուխտիս ես չեմ հակառակ»։
Եվ սերովբեն, որ գիտեր
Մարդու սրտի շինվածքը,
Եվ ամեն ինչ տեսնում էր
Նրա անվրեպ սուր աչքը՝
Դողդողում էր երդումից
Եվ ակնարկում Ադամին՝
Խնդրել ներումն նորից՝
Երդման համար դժվարին։
«Գնա՛, կորի՛ր, սերովբե,
Խոսքերդ անցնում են չափից,
Եվ ինչո՞ւ չես հեռանում,
Անզգա՞ ես կարծում ինձ․
Ես խառնվո՞ւմ եմ ձեր գործին,
Լսե՞լ եք մի խոսք ինձնից։
Թե՞ ասելիք չունեի
Ձեր անկայուն բարքերից»։
Եվ նա սաստում է այսպես
Խոժոռադեմ՝ հրեշտակին,
Որ խրատված խստապես՝
Դառնում է իր կրընկին․
Արտասվելով վշտագին
Թռչում իսկույն, հեռանում,
Իսկ հարսնաբերն Եվային
Ադամի մոտն է բերում։
Նախահայրը սիրավետ
Պինդ գրկում է իր էգին,
Սիրախառնվում նրա հետ
Ու վեր ճախրում միասին։
Հեշտանքներից սըրարբած
Ասում է նա տարփագին․
«Օ՜, չե՛մ երբեք ուխտազանց,
Ինչո՞ւ է ինձ տրվել կին։
Խոստացել եմ չլինել
Ես ուխտադրուժ այդ շա՛տ լավ,
Բայց թե սիրուց հրաժարվե՞լ,
Չը ճաշակե՞լ այն բնավ։
Ուրեմն ինչո՞ւ տվեց ինձ
Սեր, կին, ինչո՞ւ տերն օրհնեց,
Ակնարկում է խոսքն այն ի՞նչ՝
Թե՝ աճեցեք․․․» և լռեց։
Եվ կռվում են խիստ անհաշտ
Խենթ հրամանն ու բնությունն,
Ո՞ւմ կմնա մարտադաշտ,
Ո՞վ կը տանի հաղթություն,
Կար ժամանակ՝ այս հարցն էր,
Նույնիսկ կնճռոտ հույժ, ավա՜ղ,
Բայց գիտությունն լուսաբեր
Կնճիռը այդ լուծեց վա՛ղ։
Նրանց, որ չեն հավատում
Այս խոսքերիս անպաճույճ՝
Հայտնում ենք, որ չենք խաբում,
Ահավասիկ ապացույց։
Ադամն ուխտել էր անխաբ
Չը սխալվել մեղկորեն,
Ուստի հախուռն ընդվզմամբ՝
Մեջքի վրա տեղն ու տեղ
Կույսին զարկում է գետին
Հուժկու ուժով նժույգի
Եվ ձգտում է հարվածել
Իր եղջյուրով շեշտակի․
Ապա, ոտքի՛ քաջաբար
Կպչում է լավ ճմլված
Դրախտաբնակին գետնահար
Եվ քայլո՜ւմ է վեհընթաց։
Մեղկությո՞ւն է որևէ
Կամ թե ստոր կի՞րք է այն,
Երբ ձգտում է վայելել
Սանձակոծ սերն իր ընծան։
Կարո՞ղ է ոք բնության
Ճզմել կզակը սանձով,
Եվ կամ նրա զորության
Դեմ դնել իր թույլ կրծքով․
Բնությունն ինչո՞վ է շարժվում,
Ո՞վ է նրա հեղինակ,
Հիմարություն չէ՞ ստույգ
Կենալ նրան հակառակ։
Որք պաշտամունք բնության
Բռնադատել են ջանում,
Նրանց հրեշտակն բարձրաձայն՝
Խելագար է անվանում։
Իսկ մենք ջանանք, օ՜, փութով
Ավարտել վեպն այս մեկին,
Պատմենք ամենը հերթով,
Ինչ պատահեց մեր զույգին։
Երբ որ երկրում հարսնքույր
Եվ խորանի վարագույր
Պատառվում են անկարկատ՝
Նաև թել-թել, աննկատ՝
Կտրտվում են արնատար
Անոթները մազանման՝
Արդյոք հեղված առաջին
Արյունը չէ՞ սրբազան։
Կույս զույգերը թևիթև
Գլորվում են տագնապով,
Դատավճիռը պարզ է՝
«Անմեղություն, գնաս բարո՜վ»։
Իսկ հարսն ի՞նչպես, քույրն ի՞նչպես։
«Ցնցվո՜ւմ էին մկանունք,
Եվ խլրտում, գալարվում,
Շողում նրա վառ աչկունք․
Կույս գրկումը իր ջերմին
Մերթ պրկում էր ու թողնում,
Մերթ շոշափում Ադամին,
Մերթ հևում էր, մերթ ուռչո՜ւմ․
Թռչում էին հեշտանքի
Հառաչանքները․․․ ինչպես գետ՝
Կրծքից քրտինքն էր հոսում․․․»
Ադամն էլ չէր մնում ետ,
Մերթ մի համբույր էր դրոշմում
Կույսի շուշան շուրթերին,
Հուզմունքից շունչն սպառվում,
Եվ մերթ կրծքով իր ուժգին
Ճմլում փափուկ, ձյունափայլ
Նռների պես կաթնագեղ
Ստինքների լուսափայլ
Պտուկները վարդագեղ։
Երանությո՜ւն խելահեղ․․․
Զի այդ շարժման ժամանակ
Հեշտին՝ անոթն ընտրության
Եռ էր գալիս շնչի տակ
Վարդի մեծն բալասան․․․
Ամե՛ն․ եղավ հոտանո՜ւշ
Ընծայաբերումն բնության
Եվ դրախտից հեշտալի
Արտաքսվեցավ զույգն այն
Փշոց աշխարհն, ուր Եվան
Ծնում է ցավո՛վ մինչ այսօր,
Թեև եկել է Մեսիան։
Իսկ Ադա՞մը, «Դեռ քրտնո՜ւմ է»։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

Плодотворная осень
Плодотворная осень
Играть онлайн