Маро Маргарян

Մի կապույտ կարոտ

1
Թավիշանում է
Մի կապույտ կարոտ,
Մի մեղմություն է
Մշուշվում հանդարտ
Հողին ու քարին.
Ու տարածվում է
Գգվանք մի բարի
Քո տաք պատկերով:
Դու, որ պահում ես
Մի անհուն գորով
Եվ կարոտների
Լույս ես բաժանում,
Եվ այդ լույսով են
Այս բազմահոլով,
Այսքան լեռնացած
Հոգսերը տանում,
Դու ո՞ւր ես հիմա
Եվ ի՞նչ ես անում:
Դու, որ ըղձական
Քո գոյությունով
Գույն ու հմայք ես
Տայիս օրերին
Եվ երջանկության
Ալիքներ ես լուռ
Հաղորդում կամաց,
Եվ մի անանուն
Ուժով միգամած
Կարոտի ծովից
Սրտեր ես հանում,
Դու ո՞ւր ես հիմա
Եվ ի՞նչ ես անում:
Թավիշանում է
Մի կապույտ կարոտ,
Մի մեղմություն է
Մշուշվում հանդարտ
Հողին ու քարին:
Քեզ բարի համբավ,
Բարի առավոտ,
Դու այս ամենի
Հեղինակ անփույթ,
Անմասն, անտեղյակ
Քո մեծ հանճարին:

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
3
Հիմա դու ո՞ւր ես
Եվ ի՞նչ ես անում,
Նայում ես խորունկ այս պարզ երկնքին,
Եվ դրանից են աստղերը գուցե
Այսպես ցածրանում:
Եվ ո՞վ է այս տաք,
Խորն ու անհատակ
Մշուշը ցանում
Եվ երջանկության ալիքներ տալիս
Այս բարի օդին
Ու փռում կանաչ լույսը կարոտի:
Գարունն է գուցե
Արդեն շատ մոտիկ,
Դու ո՞ւր ես հիմա
Եվ ի՞նչ ես անում...
Դու ո՞ւր ես հիմա
Եվ ի՞նչ ես անում.
Դուրսը մթության ծովն է կարկամած,
Ուր շշուկներ են սայթաքում կամաց,
Ու կտրատում է ինչ-որ լուսարձակ
Այս գոլ մթության
Կտավը փափուկ...
Ինչ-որ կրակե ակունք է հորդել
Ու կանաչ-կապույտ
Կայծեր է թափում։
Ու չես հասկանում
Որտեղից, ինչպես
Ինչ-որ մորմոք է վերկացել տեղից
Ու լուսաթաթախ կարոտ է շաղում Ո՞վ է հոգեղեն կրակների հետ Այսքան անխոհեմ, Անզգույշ խաղում, Եվ ինչի՞ համար, Եվ ինչի՞ հանուն: Մեկ է գարունն է ափ տված գալիս,
Եվ միևնույն է
Գույներն են դալար միայն շատանում:
Հիմա դու ո՞ւր ես
Եվ ի՞նչ ես անում...
Չէ՞ որ ամեն կերպ
Եվ ամեն գնով
Լույսերի հեռուն պիտի սավառնել,
Եվ պիտի թռչող արևներ առնել,
Պահել հոգու մեջ
Եվ անհայտներում կորած աստղերի
Ճամփեքը գտնել,
Վառվել նրանց հետ
Ու լույսեր նետել մութ երկինքներին,
Հրկիզվել անափ
Ու չվերջանալ,
Երբեք չհատնել՝
Բոլոր անամոք սերերի հանուն,
Բոլոր անտեսված դերերի հանուն,
Եվ հանճարների
Խեղճ ու անանուն,
Եվ բոլոր-բոլոր
Անանուն կորած աստղերի հանուն:
Հիմա դու ո՞ւր ես,
Հիմա դու ո՞ւր ես,
Հիմա դու ո՞ւր ես և ի՞նչ ես անում:

ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ...
1
Ես ի՞նչ եմ խնդրում քեզանից հիմա՝
Գտնես դու մի ելք,
Գտնես մի հնար,
Որ մարդիկ լռին հասկանան իրար,
Ճառագայթումներ ունենան բարի,
Ու հաղորդումներ
Անհատույց սիրո ու նվիրումի,
Ու ոչ մի շշուկ,
Ոչ մի խոսք ու բառ.
Այսքան անիմաց կորուստի դիմաց
Ես ի՞նչ եմ խնդրում քեզանից հիմա:
2
Ես ի՞նչ եմ խնդրում քեզանից հիմա՝
Օդի մեջ հալչող
Մի գեղեցկություն,
Մանկան կարոտի
Նման լուսեղեն,
Մաքուր ու բարի
Եվ լուսաբացի նման անարատ
Մի արդարություն
Այսքան անիմաց
Կորուստի դիմաց
Ես ի՞նչ եմ խնդրում քեզանից հիմա...
Ինքս հալչելով,
Ինքս փլչելով,
Ոչինչ եմ խնդրում քեզանից հիմա:

«Թե սխալվել եմ, մի փարատիր ինձ...»
Թե սխալվել եմ, մի փարատիր ինձ,
Թող որ հավատամ ես իմ սխալին...
Հոգուս մեջ արդեն մխում է միայն
Անհետ կորածը ու անդառնալին:
Տե՛ս, երկնքում ջինջ,
Միակ ու վերջին,
Իմ թևը կոտրած
Երազն է չվում:
Ու թե հարցնես,
Այդ իմ երազին
Երկինքը անգամ
Սխալ է թվում։
Թե սխալվել եմ, մի փարատիր ինձ,
Թող որ հավատամ ես իմ սխալին:

«Աստծո նման շռայլ, շռայլ...»
Աստծո նման շռայլ, շռայլ
Երջանկություն ես բաժանում,
Աստծո նման շռայլ, շռայլ
Հազար սիրո բեռ ես տանում:
Աստծո նման, աստծո նման
Խենթացել ես կյանքով լցված,
Չես դիմացել սուտ սերերին,
Ու երկնքից իջել ես ցած:

«Նորից հագնեմ սիրուն շորեր...»
Նորից հագնեմ սիրուն շորեր,
Մայթեր չափեմ ջահելի պես,
Հագնեմ կանաչ-կարմիր օրեր,
Նվեր բերեմ գարունը քեզ:
Չհավատամ ինձ բամբասող,
Արագ վազող տարիներին,
Չհավատամ սիրտ ակոսող
Վշտերին ու կյանքի բեռին:
Եվ ընդմիջում, և ընդմիջում՝
Մեծ ու փոքրիկ խնդիրներին,
Անհոգ սիրուն մի օր զիջում,
Մի օր կյանքը թող ինձ ների:
Նորից հագնեմ սիրուն շորեր,
Մայթեր չափեմ ջահելի պես,
Հագնեմ կանաչ-կարմիր օրեր,
Նվեր բերեմ գարունը քեզ:

«Ինչպես էիր ուրախանում...»
Ինչպես էիր ուրախանում
Փշուր բախտով
Երջանկության
Օվկիանոս էր երբ հարկավոր,
Երբ որ հոգուդ
Գանձերն ամեն
Կլանում էր անդունդը խոր,
Հրճվում էիր
Կանաչ-կարմիր պղպջակով
Եվ գոհ էիր քո վիճակով։

«Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու...»
Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու
Համար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ՞ որ ամեն ինչ
Քեզ ունենալու համար էր միայն:

«Իմ հասկացող...»
Իմ հասկացող,
Խիստ ու խորունկ,
Իմ նրբամիտ,
Նրբակորով.
Իմ կարոտի
Լույս մտորում.
Իմ հոգու տապ,
Սրտի գորով.
Ամենատես,
Ամենիմաց,
Իմ լուսեղեն
Ընթացք բարի,
Նստիր մի օր
Դու իմ դիմաց,
Եվ աչքերիդ ես նայելով
Գուշակեմ բախտն աշխարհի:

ՄԻ ԱՆԾԱՆՈԹԻ
Մի շող մնաց այն
Սառած մայթերին,
Որոնցով անցար,
Անցար գնացիր,
Բայց ուր, չգիտեմ:
Ո՞վ է դարձել քո
Կարոտի գերին,
Ո՞վ է մշուշվում
Քո աչքերի դեմ:
Երբ լինում ես դու
Վհատ ու մոլոր,
Լուռ ու գլխահակ,
Դու ո՞ւր ես քայլում
Դավ ու դրժումից
Երբ խոցվում ես խոր,
Ում ես այդքան թանկ
Սիրտդ շռայլում:
Հոգու հենարան
Գտնելու համար,
Ո՞ր բախտավորի
Դուռն ես դու բախում..
Ո՞վ է քո ցավը
Առնում հոգու մեջ,
Ու բառ չգտած
Գլուխը կախում:
Եվ երջանիկ ե՞ս
Ուզածիդ նման,
Թե մեզ պես մի կերպ
Քաջում ես դու էլ,
Թե բախտավորի
Տեսք առած միայն
Այդ անգին կյանքդ
Մաջում ես դու էլ:

«Թե իմանայիր ինչպես պետք ես դու...»
Թե իմանայիր ինչպես պետք ես դու
Իմ կարոտ հոգուն, իմ հիվանդ հոգուն,
Ու բախտի ծանր հարվածների դեմ,
Թե իմանայիր ինչպես եմ չոքում,
Թե իմանայիր իմ հոգնած սրտում
Որքան հարցեր կան ու չասված բառեր,
Թե իմանայիր խոսքերն այդ չասված,
Ինչպես են խորունկ իմ սիրտը վառել,
Թե իմանայիր այս փոքր կյանքում
Որքան կսկիծներ ու վիշտ եմ տարել,
Բայց ով հասկանա փակ սիրտը մարդու
Գուցե ավելի հեռու. գնայիր,
Թե իմանայիր, թե իմանայիր...

«Մի հայացք է իմ հոգու մեջ...»
Մի հայացք է իմ հոգու մեջ
Հալվում խաղաղ.
Մի կարոտ է ինձ պարուրել,
Մի հիացմունք լուսաշաղախ.
Այս խստասիրտ ձմռան կիսին,
Այս որտեղից եկավ գարուն.
Շառաչում է սիրտս անգամ
Ծաղկաթերթի լուռ բացումից,
Ուրիշ ոչինչ հարկավոր չէ
Ինձ աշխարհում,
Դուռս փակեմ, նստեմ ու լամ
Երջանկության զգացումից:

«Նկարել եմ պատկերը քո...»
Նկարել եմ պատկերը քո
Ես՝ ավազին,
Ջուրն եկել է, սրբել է ու
Ողջը տարել:
Տվել եմ ես քեզ իմ երգին
Ու երազին,
Ջուրն եկել է, սրբել է ու
Ողջը տարել։
Թե աշխարհում ճամփա չկար
Կարոտներին՝
Ո՞վ է այսքան կրակները
Իզուր վառել,
Ո՞վ է այսքան աստղերն անհաս
Նետել երկինք
Ու կամարել,
Նկարել եմ պատկերը քո
Ես` ավազին,
Ջուրն եկել է, սրբել է ու
Ողջը տարել:

«Դեմքդ ուզում եմ հիշել...»
Դեմքդ ուզում եմ հիշել,
Ու չի հաջողում.
Ինչ-որ թախիծ է իջել,
Երազներս մշուշել,
Դեմքդ ուզում եմ հիշել,
Ու չի հաջողում:
Ի՞նչն է այդպես քեզ փակում
Իմ կարոտի լույսերից.
Արահետներ խուսափուկ,
Շփոթել եմ ձեզ նորից:
Ա՜խ, հոգնել եմ, ես հոգնել,
Եվ անհնար է օգնել:
Շատ կան ճամփին իմ թափած
Սառած քարեր ու փշեր,
Օրն անարև ակնթարթ
Համբերության չափ գիշեր...
Ինչ-որ թախիծ է իջել,
Երազներս մշուշել,
Դեմքդ ուզում եմ հիշել,
Ու չի հաջողում:

ԵՐԲ ՀԱՍԿԱՆԱՍ
Չես հասկանում, չես հասկանում,
Երբ հասկանաս, ուշ կլինի,
Կնայես դու սրտիդ խորքին՝
Ափսոսանքի փուշ կլինի:
Մի՛ կորցնի ոչինչ այդպես
Անհոգ, անփույթ ու անտարբեր,
Ինչ որ կյանք է կոչվում այսօր,
Վաղն անկրակ հուշ կլինի:
Չես հասկանում, չես հասկանում,
Երբ հասկանաս, ուշ կլինի:

«Չես հասկանում, չես հասկանում...» (տարբերակ 1)
Չես հասկանում, չես հասկանում,
Չես հասկանում ինչ ես արել,
Հանել ես ինձ մառախուղից,
Հանել, դեպի արև տարել:
Լցվել ես դու իմ կյանքի մեջ,
Գեղեցկացրել ինձ քեզ նման,
Ուր նայում եմ, երջանկաբեր
Քո պատկերն է շողում հիմա:
Այնքան կյանք ես տվել դու ինձ,
Այնքան կրակ, այնքան արև,
Հերիք է ինձ բախտն այս լուսե,
Եթե անգամ ապրեմ դարեր,
Չես հասկանում, չես հասկանում,
Չես հասկանում ինչ ես արել:

«Մոռացել ես դու ամեն ինչ...»
Մոռացել ես դու ամեն ինչ,
Միտք չունես մեր կողմը գալու,
Ասենք, չի էլ եղել ոչինչ՝
Հիշելու կամ մոռանալու,
Անկրկնելի կարոտ մի ջինջ,
Հանգչող ցնորք մի լուռ լալու...
Ասենք, չի էլ եղել ոչինչ
Հիշելու կամ մոռանալու։

«Չափսոսացիր դու, չխնայեցիր...»
Չափսոսացիր դու, չխնայեցիր,
Քո շուրջը խորունկ մի չնայեցիր,
Կհասկանաս դու որ սխալվել ես,
Ինքդ քո ձեռքով իզուր տարվել ես,
Երբ կայծ ու կրակ՝ պաղ մոխիր դառած,
Ողջը հիշատակ ու հուշ կլինի,
Եբ անդառնալի ամեն ինչ վառած,
Լաց լինելու չափ երբ ուշ կլինի:

«Կանցնեն օրեր, կանցնեն օրեր...»
Կանցնեն օրեր, կանցնեն օրեր,
Էլ չի խփի սիրտդ այդպես,
Էլ չի այրի կարոտը քեզ.
Կանցնեն օրեր, կանցնեն օրեր:
Եվ կհիշես ափսոսանքով,
Թե ինչո՞ւ դու ուզած կողմդ
Գեթ մի անգամ չնայեցիր,
Թե ինչո՞ւ լավ խոսքը շրթիդ՝
Ինձ ասելը խնայեցիր:

«Գուցե չկա այն, ինչ որ ես...»
Գուցե չկա այն, ինչ որ ես
Որոնում եմ քանի տարի.
Գուցե չկա:
Երազներ են գուցե անմիտ
Խենթ աղջկա,
Անիրական, անհնարին,
Գուցե չկա:
Ու թոշնում են գույները վառ,
Ճանապարհի...
Իսկ ես նման խենթ աղջկա
Որոնում եմ
Ինչ որ չկա...

«Հեղեղներում, կարկտի տակ...»
Հեղեղներում, կարկտի տակ,
Կրակներըս, կրակներըս,
Սառցակալած, դռները փակ
Կրակներըս, կրակներըս
Ինչո՞ւ եմ ձեզ այսքան պահել,
Ո՞ւր եմ հեղել, ինչ եմ շահել
Այսքան անհուն
Ու անհատակ,
Կրակներըս, կրակներըս

«Մի ողջ աշխարհ...»
Մի ողջ աշխարհ,
Մի տիեզերք
Ու մեկ էլ դու:
Անուշ մի բառ,
Չքնաղ մի երգ
Ու մեկ էլ դու:
Հոգնել եմ ես
Հոգի հանող
Ոլոր-մոլոր
Ուղիներից:
Չես իմանում,
Թե ո՞ւր տանող
Անդնդախոր
Ուղիներից:
Կարոտ մի լուռ,
Հայացք մի սուր,
Հզոր մի կամք,
Ամուր մի ձեռք,
Երջանկություն
Մի անեզերք
Ու մեկ էլ դու:

«Ինձ համար արևն այնտեղ է ծագում...»
Ինձ համար արևն այնտեղ է ծագում,
Որտեղից խաղաղ դու դուրս ես գալիս,
Որտեղ քո կարոտ անունն են տալիս
Ինձ համար արևն այնտեղ է ծագում:
Ու չկա ոչինչ աշխարհում թաքուն,
Ու չկա ոչինչ անհասկանալի,
Կարոտի լույսն է կյանքի բանալին՝
Որտեղ ես շիկնած գլուխս եմ հակում,
Ու սրտի ցավից աչքերս փակում,
Ինձ համար արևն այնտեղ է ծագում:

«Ո՞ւմ ես որոնում այդպես մտահույզ...»
Ո՞ւմ ես որոնում այդպես մտահույզ,
Ո՞վ է քո հոգու հանգիստը տարել։
Ո՞վ է քո հոգու կսկիծը վառել,
Ո՞ւմ ես որոնում այդպես մտահույզ:
Ասա՛, ես գնամ որոնեմ նրան,
Որոնեմ, գտնեմ, սիրտս տամ իրեն,
Որ սիրաշաղախ այս հողի վրա,
Քեզ ինձ պես՝ միայն, իմ սրտով սիրեն:

«Քամին ոռնում է մոլեգնած...»
Քամին ոռնում է մոլեգնած,
Ձմեռ է, ցուրտ, սառնամանիք,
Ձյունակոլոլ, սառցակալած,
Քարացել են դուռ ու տանիք։
Քայլում եմ ես ու սայթաքում
Մայթերին պաղ ու անարև.
Ու զարմանում, զարմանում, թե
Ո՞նց է աշխարհն այսպես սառել:
Երևում ես, բայց ահա դու,
Բարձրանում ես դեմից խաղաղ,
Ու հալչում է, հալչում իսկույն
Ողջ աշխարհի սառույցը պաղ:
Շուրջս այգի, ծաղկած ծառեր,
Ծաղկած աշխարհ մի անեզերք,
Շուրջս գարուն, շուրջս արև,
Թիթեռ անթիվ, թռչունի երգ:
Տրորում եմ աչքերս ես
Երջանկության այրող փայլից,
Ու դառնում է արևը կեզ,
Քո մոտեցող ամեն քայլից:
Բայց գնացիր, գնացիր դու,
Կույր էր հոգիդ, ինձ չտեսավ,
Կամ իմ սրտի կրակն էր թույլ,
Չառավ սիրտդ, քեզ չհասավ։
Քամին ոռնում է մոլեգնած՝
Ձմեռ է ցուրտ, սառնամանիք,
Ձյունակոլոլ սառցակալած
Քարացել են դուռ ու տանիք։
Քայլում եմ ես ու սայթաքում
Մայթերին պաղ ու անարև,
Ու զարմանում, զարմանում, թե
Ոնց է աշխարհն այսպես սառել:

«Դու ծանր օրերից քո դժվար կյանքի...»
Դու ծանր օրերից քո դժվար կյանքի
Ինձ հոգսի բաժին չուզեցիր հանել,
Վշտերին քո լուռ, քո տառապանքին
Չուզեցիր ինձ էլ բախտակից անել։
Ոչինչ չգտար դու ինձ ասելու
Պաղ վայելչանքի խոսքերից բացի,
Դու հեռուներից ժպտացիր միայն,
Եվ այդպես էլ ես քեզ օտար մնացի:
Ինչո՞վ կարող եմ ես քեզ առարկել,
Ոչինչ չճարվեց քո սիրտը գերող,
Միայն շատ ափսոս, ափսոս կյանքը մեր,
Որ շաղվեց օտար արահետներով,
Որ այսպես հեռվից այրվելով ես էլ
Չկարողացա քո այնքան խորունկ
Դառնությունների բաժինը կիսել:

«Աշուն է պաղ, ծաղկել ես դու...»
Աշուն է պաղ, ծաղկել ես դու
Ինչի՞ համար, իմ բալենի,
Սպասեցի գարնանն այնքան,
Որ մի հատիկ ծաղիկ լինի,
Սպասեցի գարնանն այնքան,
Որ մի ճերմակ թերթիկ լինի։
Հիմա շռայլ բացել ես դու
Ծաղիկներդ ձյունից մաքուր,
Հիմա շռայլ փռել ես դու
Ճերմակ հրդեհ ու ճերմակ հուր:
Կանգնել ես դու ձմռան շրթին
Կարոտներով ու կյանքով լի,
Աշուն է պաղ, ծաղկել ես դու
Ինչի՞ համար, իմ բալենի:

«Ուշ է, ասում ես...»
Ուշ է, ասում ես,
Ողջը կորցրած,
Էլ ի՞նչ սպասես
Այս հասակում.
Ու քեզ մատնող քո
Ծանոթ շարժումով,
Գիրքը բացում ես,
Նորից փակում։
Ես հասկանում եմ,
Ողջը տանում եմ,
Ես համրանում եմ՝
Գլուխ հակում.
Մի՞թե երջանիկ
Լինելու համար
Կյանքը ժամկետ է
Նշանակում:

«Հմայքների մեջ այս բազմահազար...»
Հմայքների մեջ այս բազմահազար
Ես միայն քե՜զ եմ, քե՜զ եմ ափսոսում,
Չկա քո թովքին ոչինչ հավասար,
Ես միայն քե՜զ եմ, քե՜զ եմ ափսոսում:
Մոռացել եմ ես ամեն հոգնություն
Ու վիրավորանք,
Մոռացել եմ ես կարոտներն ամեն,
Կորուստները թանկ.
Հաշտվել եմ բոլոր դաժան խոսքերի,
Խորհուրդների հետ,
Հաշտվել առհավետ:
Աշխարհում այս մեծ, այս խորունկ ու լայն,
Քո անունն է լոկ
Սիրտս ակոսում:
Այնքան ծաղիկ է կրակը վառել,
Այնքան կրակ է պաղ մոխիր դառել,
Ե՜վ կորուստների, և՛ կսկիծների
Այս անկրկնելի՝ լաբիրինթոսում:
Ջրապտույտի մեջ ընկած դեղին
Տերևի նման,
Որ դեպի վերջին անդունդն է հոսում,
Ամեն, ամեն ինչ կորցրած հիմա,
Ես միայն քեզ եմ, քեզ եմ ափսոսում:

«Մեկ է լեցուն կյանք ու երազ...»
Մեկ է լեցուն կյանք ու երազ,
Խոհեր խորունկ, հարց ու հուզում,
Ծով ծափերի, խինդ վերահաս,
Փառքի կատար ու փլուզում:
Թող ընթանա ողջն իր հունով,
Իր դարավոր պատմությունով,
Հազարամյա իր կրկնությամբ,
Իր ինքնախաբ՝ նորությունով,
Թող ընթանա ողջն իր հունով,
Աշխարհն ամբողջ
Քո անունով է սկսվում,
Աշխարհն ամբողջ
Վերջանում է քո անունով:

«Նորից անցավ ինչ-որ քամի...»
Նորից անցավ ինչ-որ քամի հոգուս միջով,
Ու վեր ելան երազներն իմ տերևաթափ.
Նորից անկում անհուն սիրուց, նորից զիջող,
Նորից անհետ կորցնում եմ կայան ու ափ:
Նորից ահա չոքել եմ ես իմ հոգու մեջ,
Ինչ-որ, ինչ-որ անարժանի ստվերի մոտ.
Նորից անհույս խենթանալու վտանգ անվերջ,
Նորից արթուն նստել, մխալ մինչ առավոտ:
Հազիվ էի հասել ինչ-որ սուտ պարզության,
Նորից ոչինչ չի երևում պարզ ու հստակ.
Հազիվ հիմքերն էի գցում ելնող իմ տան,
Նորից հողը տատանվում է ոտքերիս տակ:
Ո՞ւր հենվեմ ես, նորից ի՞նչով պահեմ ես ինձ,
Նորից ինչո՞վ կործանումի ճամփան կապեմ.
Էլ ինչպիսի երջանկություն ինձ խոստանամ,
Նորից ինչպե՞ս, նորից ինչո՞վ ես ինձ խաբեմ:

«Կույր էի ես և խլացած...»
Կույր էի ես և խլացած
Կարոտների անրջում,
Բայց ոչ մի բառ չեմ մոռացել,
Ոչ մի հայացք ու հնչյուն:
Մատղաշ, մատղաշ ու միամիտ
Քամուն տված ծաղկի պես,
Իսկ դու ինչու չօգնեցիր ինձ,
Չափսոսացիր դու ինչու:
Իմ երազներ ոսկետերև
Ու հատնումներ իմ անքուն.
Հոգում մնում է մշտավառ՝
Ինչ մոխրանում է կյանքում,
Ինչ մարում է ժամանակը,
Ինչ վառում է ու ջնջում:
Ես ոչ մի բառ չեմ մոռացել,
Ոչ մի հայացք ու հնչյուն,
Իսկ դու ինչու չօգնեցիր ինձ,
Չափսոսացիր դու ինչու:

«Բացվեց դուռս ու տուն եկար...»
Բացվեց դուռս ու տուն եկար,
Լցվեց տունս արեգակի տաք շողերով,
Մի՞թե իրոք կա աշխարհում անձրև ու ամպ,
Մի՞թե իրոք՞ վիշտ կա կյանքում, արցունք բերող:
Փակվեց դուռս, դու գնացիր,
Երբ է արև եղել այստեղ,
Ես անձրև եմ հիշում միայն
Եվ կարոտի տխուր հեղեղ:
Բայց մի շող է ընկել պատին,
Մի ճառագայթ փոքրիկ ու շեղ,
Ասես դու չես անցել անհետ,
Ասես դեռ կաս դու ինչ-որ տեղ:

«Հալչում է ձյունը...»
Հալչում է ձյունը,
Հալչում է ձյունը,
Սառցաշիթերից անձրև է կաթում.
Մանր ցոլանքով լցվել է տունս,
Եվ ես լավ ու վատ էլ չեմ նկատում
Շաղված աստղեր են հոսում իմ դիմաց,
Եվ լուսաբացը ջնջում է ճերմակ
Աստղերը մեկ-մեկ:
Ո՞վ է մոռացվում այսպես աննկատ,
Այսպես հուսաբեկ:
Ով է ճերմակով գույները հարթել,
Փռել թղթի պես լեռները պարթև:
Եվ ես չգիտեմ, չգիտեմ հիմա
Ինչ է աշխարհում երջանկությունը,
Միայն չի լսվում, չի լսվում արդեն
Այս լույս աշխարհում քո լույս անունը...
Հալչում է ձյունը,
Հալչում է ձյունը...

«Եվ ես, որ երկար...»
Եվ ես, որ երկար
Փորձեցի կարդալ
Էջերը հոգուդ,
Իզուր, անօգուտ:
Կարծում էի, թե
Անհունից անհուն
Խորունկ է հոգիդ,
Լույսն է իմ տկար.
Շատ ուշ հասկացա..
Որ դեմս թափուր՝
Էջեր չկային,
Կարդալիք չկար:

«Կծերանաս մի օր դու...»
Կծերանաս մի օր դու
Կծերանամ ես...
Կծերանաս մի օր դու,
Կծերանամ ես.
Պտույտներով անկայան,
Այս անել ու ահարկու,
Գուցե մի օր կանգ առնենք
Իրարու մոտիկ,
Երբ չի լինի էլ արդեն
Կույր մշուշը կարոտի,
Հալված լինի գուցե ողջ՝
Տագնապ ու կրակ,
Գրված լինի գուցե ողջ
Սառույցի վրա:
Կծերանաս մի օր դու,
Կծերանամ ես.
Պտույտներում այս անափ,
Այս անել ու ահարկու:
Գուցե մի օր կպատմեմ,
Թե որքան եմ փնտրել քեզ,
Ու խենթացող իմ հոգուն

Որքան պետք ես եղել դու,
Թե ինչպես ես քո հեռվից
Թափանցել իմ կյանքի մեջ,
Ողջը շրջել, ավերել,
Ողջը շեղել դու,
Որ աչքի լույս ու արև,
Որ ապրելու օդ ու ջուր
Դու ես եղել աշխարհում
Ու չես եղել դու:

«Խաղաղ է... գիշեր...»
Խաղաղ է... գիշեր...
Հուշերիս փակված մթին ամրոցում
Վառվել է մի մոմ, բացվել է մի դուռ,
Ես քեզ եմ հիշել:
Աչքերս գոցում
Ու խորհում եմ լուռ:
Խաղաղ է... գիշեր...
Եվ գուցե հիմա իմ շուրջն է թևում
Անքուն խոհերիդ ճերմակ աղավնին,
Երեկը մի պահ այսօր է թվում,
Լսում եմ ասես
Խոսքերը քո հին :
Սեր, ցնորք, երազ երգ, սրինգ ու շեր:
Խաղաղ է... գիշեր...
Բայց բախտի ոսկե սահնակը սառել,
Կյանքը մեզ տարբեր ճամփով է տարել,
Եվ անվայել է մեզ իրար հիշել...
Որպիսի՛ հեգնա՜նք...
Խաղաղ է... գիշեր...

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Որոնում է քամին ասես ինչ-որ մեկին,
Ներս է խուժում, դուռ-պատուհան
ջարդում է նա.
Բարդիները խշխշալով գլուխ թեքել,
Համոզում են, համոզում են, որ ետ գնա:
Հավաքվել են ճնճղուկները գյուղի ճամփին
Ու շարվել են հեռագրատան թելի վրա,
Աչք են դրել վեր բարձրացող մռայլ՝ ամպին,
Համոզում են, համոզում են, որ ետ գնա:
Կարմիր կոկոնն արթնանում է
դեղձենու պաղ ճյուղի վրա,
Դեպի նա են թեքվում բարակ ճյուղերն ուրիշ,
Շշնջում են, որ ցուրտ է դեռ,
որ բացվելը անօգուտ է ու անհնար,
Համոզում են, համոզում են, որ ետ գնա:
Լեռան տակից՝ աչք է բացում արևն արդեն,
Ու հազիվ է դեռ երևում շողը նրա,
Դիզվում են ամպ ու մառախուղ մռայլադեմ
Համոզում են, համոզում են, որ ետ գնա:
Հրկիզում է սիրտս անտես կարոտ մի խոր,
Բարձրանում է հոգուս խորքից
մի ջերմ ու թանկ դիմանկար,
Հայտնվում են չար քամու պես սառը խոհեր,
Համոզում են, համոզում են, որ ետ գնա:

«Ոչինչ չկա քեզ ասելու...»
Ոչինչ չկա քեզ ասելու,
Ոչ մի նորություն,
Առաջվա պես դուրս եմ գնում
Ու գալիս եմ տուն:
Առաջվա պես քամին այգուն
Երգում է օրոր,
Առաջվա պես տոթ է, փոշի
Ու ձանձրույթ է խոր:
Առաջվա պես պահում եմ ինձ
Երազի ուժով
Եվ սնում եմ, սնում հոգիս
Ցնորքի մուժով..
Թռչում եմ ես խոհերիս մեջ
Ու տանն իմ չոքում,
Հուսադրում, հորդորում ինձ
Փակված իմ հոգում:
Երազում եմ, ցնորում եմ,
Ապրում եմ քանի,
Եվ միշտ, և միշտ
Սպասում եմ
Ինչ-որ լավ բանի:

«Եվ կրակե գծերով...»
Եվ կրակե գծերով
Կայծակն է քեզ նկարում,
Երկնի կապույտ կտավին
Քո լույս գծերն է վառում.
Իսկ ես հեռու,
Ես մենակ...
Արդեն մթնած անտառում:

ԻԶՈՒՐ, ԻԶՈՒՐ
Դու ինձ սիրել ես
Եվ այդ գրել ես,
Իզուր, իզուր:
Խոսքդ դրժել ես,
Դու ինձ մերժել ես,
Իզուր, իզուր:
Հիմա ասում ես,
Թե ափսոսում ես,
Իզուր խոսում ես,
Իզուր, իզուր:
Այսպես թե այնպես,
Կյանքը հոսում է՝
Աղմուկով ապրես,
Թե համր ու լուռ:
Կյանքը հոսում է,
Ողջ ակոսում է.
Ու քամուն տալիս
Կսկիծ ու հուր:
Հիմա ասում ես,
Թե ափսոսում ես,
Իզուր խոսում ես,
Իզուր, իզուր:

«Իմ այգու մեջ կանաչաշող...»
Իմ այգու մեջ կանաչաշող
Թարմ ու դալար չինար ես դու.
Քեզ տեսնելու համար ես միշտ
Վեր եմ նայում:
Լուրթ երկնքից կյանքի մասին
Ինձ երգ հուշող քնար ես դու.
Քեզ տեսնելու համար ես միշտ
Վեր եմ նայում:
Չի ընկճում ինձ ո՛չ մի չարիք,
Կյանքի ո՛չ մի դժվար ճամփա..
Բոլոր տեսակ, նեղ տեղերից
Դուրս բերող ելք՝ հնար ես դու.
Քեզ տեսնելու համար ես միշտ
Վեր եմ նայում:

«Հիշեցի ես մի օր քեզ...»
Հիշեցի ես մի օր քեզ
Ներած մեղքերդ բոլոր,
Ա՜խ, տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Անհետացել էր անտես
Հոգուս վերքը ծանր ու խոր
Ա՜խ տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Փոթորիկն այն մոլեգին
Հոգուս էլ չի սպառնում,
Ա՜խ տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Տաք դառնությունն օրերի
Պաղ քաղցրություն է դառնում,
Ա՜խ տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:

«Երազ կա, որ մի կյանք արժե...»
Երազ կա, որ մի կյանք արժե,
Կյանք կա չարժե մի փուչ երազ,
Ախուվախով մի նայիր դու
Փառքերին փուչ արագավազ,
Հազար մի կյանք արժե, իմ սիրտ,
Քո մեջ վառվող ամեն երազ:

«Ամբողջ գիշերը երգեր է հյուսում...»
Ամբողջ գիշերը երգեր է հյուսում
Թռչունը փոքրիկ պատուհանիս տակ,
Ամբողջ գիշերը համերգ եմ լսում
Հավքերի լեզվով անեղծ ու հստակ:
Արևը քնկոտ կարթնանա տեղից,
Կհալվի մութը շողերի մեջ տաք,
Կթռչի փոքրիկ թռչունը ճյուղից
Ու էլ ո՛չ մի հետք, ո՛չ մի հիշատակ:
Ամբողջ գիշերը ես հիշում եմ քեզ,
Շաղախված լույսով քո դեմքը բարի,
Ամբողջ գիշերը զարմանում եմ ես
Բնության վրա ու ողջ աշխարհի:

ԴՈՒ ՄԻ՛ ՃԵՐՄԱԿԻՐ
Դու մի՛ ճերմակիր,
Անարդար է այդ.
Մեր դժվար ու բարդ
Այս ճանապարհին
Այնքան պետք է մեզ
Ազնիվն ու բարին,
Խորունկն ու խիստը,
Շիտակն ու վերը:
Եվ չնկատվող
Հոգու մեծ ուժով
Լուռ զսպանակած
Կարոտն ու սերը։
Այնպես ցավում է
Իմ սիրտը, այնպես,
Երբ նայում եմ քո
Ձյունած մազերին,
Քո լուռ, հոգնածուփ,
Ազնիվ գծերին,
-Այնպես ցավում է
Իմ սիրտը, այնպես.
Եվ չգիտեմ, թե
Ումից պահանջեմ...
Ու ոնց արգելեմ
Եղյամը իջնող
Քո հանդարտ ու խոր,
Լուռ իմաստությամբ
Դու բոլոր, բոլոր
Պաղ չարիքների
Ճամփեքը փակիր:
Դու մի՛ ճերմակիր,
Դու մի՛ ճերմակիր:

«Ո՞վ է ասում ճերմակել ես...»
Ո՞վ է ասում ճերմակել ես,
Ադ նշենին է շուրջը քո
Այդքան անուշ թերթեր թափել,
Ո՞վ է ասում ճերմակել ես,
Ադ եղյամն է հոնքերիդ մեջ
Բյուրեղացոլ կամուրջ կապել,
Եվ ի՞նչ փույթ ինձ
Օրերի ձիգ շարքն անօգուտ,
Եվ ի՞նչ փույթ ինձ
Ժամանակի ընթացքը սուտ,
Տարիների կարոտն անհուն
Լցվել է լուռ ու թանձրացել,
Դու ավելի խորունկ՝ վառող
Հմայքների դուռ ես բացել,
Եվ ո՜վ է որ կյանքն այսքան բարդ
Գույներով է ուզում չափել,
Եվ ո՞վ է որ այդպես անօգ
Մորմոքել է ու շտապել,
Սիրտս լիքն է բերնե-բերան
Կարոտների անափ երգով:
Ով է ասում ճերմակել ես.
Այդ նշենին է շուրջը քո
Այդքան անուշ թերթեր թափել:

«Ափսոս անսեր իմ կորած...»
Ափսոս անսեր իմ կորած
Օրերի համար.
Ժամանակի ծանր ու սուղ
Հոգսերի մեջ միգամած,
Կածաններին ծաղկաջուրթ,
Կիրճերի մեջ մոլորած,
Ափսոս ջահել օրերին
Իմ անսեր կորած:
Երազներին իմ ափսոս,
Որ կյանք չտեսան,
Աղբյուրներին գետնաթափ,
Որ ծով չհասան։
Կարոտներին իմ անհուն,
Ճամփորդներին իմ անտուն,
Թիթեռների պես լուսե
Շուրջն իմ բոլորած,
Ափսոս ջահել օրերին
Իմ անսեր կորած:

Փշրված սերեր, փշրված սերեր...
Փշրված սերեր, փշրված սերեր,
Ջրի մեջ թափած
Ծաղկանց գունագեղ թերթերի նման.
Հեռու-հեռավոր օրերից անհայտ
Ու մինչև հիմա
Լուռ տանում են դեռ
Հեղեղները սև,
Պեծ–պեծին տվող թերթիկները ձեր,
Լուռ տանում են դեռ:
Եվ աշխարհում այս դուք կայան չունեք
Ու տանում են դեռ
Հեղեղները սև,
Պեծ-պեծին տվող թերթիկները ձեր...
Փշրված սերեր... փշրված սերեր...

«Դուք չեք անցել, իմ ծով սերեր...»
Դուք չեք անցել, իմ ծով սերեր,
Իմ ծով սերեր, դուք չեք անցել,
Ամենքդ մի երգի շշուկ
Թողել եք իմ սրտի խորքում,
Ամենքդ մի կայծ ու կրակ՝
Իմ իղձերում, իմ ցնորքում:
Մերթ եկել եք հովի նման
Իմ տաք սրտին փարել եք դուք,
Մերթ գարնան հորդ անձրևի պես
Ողջ հեղեղել, տարել եք դուք,
Մերթ խուժել եք որպես հրդեհ,
Ողջ հրկիզել, վառել եք դուք
Ու գնացել, գնացել եք,
Անցել մեգ ու մշուշ դառած,
Եվ ամենից մի կայծ, մի շող
Մնացել է հավերժ վառած:
Ու ձեզնով է, ձեզնով հիմա
Աշունն իմ տաք ու բերքառատ:

«Ժամանակն է միայն վազում...»
Ժամանակն է միայն վազում...
Ժամանակն է միայն վազում...
Գունաթափում է ամեն ինչ,
Մտքով անգամ անհասնելի,
Վազքով չափում է ամեն ինչ.
Եվ ինչ որ կա վառ ու վսեմ
Ստվերներ են հագնում դանդաղ
Մթին ու սև,
Բայց մի կարոտ լույսերով լի
Դարձնում է քեզ անվհատ.
Մի գորովանք անմեկնելի
Պահում է միշտ քեզ բարձր ու վեր.
Հեռվում կորած սերեր անգին
Ձեր լույսն է որ մնում է դեռ:

«Այնքան կարոտ ու սիրառատ...»
Այնքան կարոտ ու սիրառատ,
Սիրահոժար ու սիրասեր,
Այնքան լեցուն, այնքան վարար,
Գնո՜ւմ, գնում, գնում ես դեռ։
Այնքան մոլոր ու խառնված,
Սրտիդ այնքան կարոտի բեռ,
Կյանք ու հոգի ողջը տված՝
Գնո՜ւմ, գնում, գնում ես դեռ:
Հոգսերի մեջ բազմահոլով,
Իղձերով լի հայացքդ վեր,
Ոչ մի ցավից չընկրկելով,
Գնո՜ւմ, գնում, գնում ես դեռ:
Հազար սիրուց այրված, խոցված,
Նորից վառած կարոտ ու սեր,
Երազներով ոսկեզօծված՝
Գնո՜ւմ, գնում, գնում ես դեռ:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ
Մի ալեհեր ծերունի
Թարմ ծաղիկներ է բերում,
Թարմ ծաղիկներ է բերում
Բաժանելու աշխարհին:
Գալիս է նա ամեն օր
Ծայրամասի իր տանից
Ու մեղմությամբ ժպտալով
Նստում է քարին
Բազմավաստակ իր կյանքի
Աշխատանքն է այդ վերջին,
Վերջին բարիքն ստեղծած՝
Արդեն դողդոջ իր ձեռքի:
ժպտում է նա ու նայում
Գուցե վերջին իր բեռին,
Շոյում է լուռ, փայփայում
Ծաղիկները ծնկներին:
Ցնցվում են անհավասար
Փնջերը պաղ ձեռքերում,
Նա իր ձմեռ ձեռքերով
Դեռ գարուն է մեզ բերում:

ՍԻՐՈՒՄ ԷԻ ՁԵԶ, ԾԱՂԻԿՆԵՐ ԻՄ ՀԵԶ
Սիրում էի ձեզ,
Երբ նուրբ ու արդար
Ծաղիկ էի ես,
Սիրում էի ձեզ:
Հիմա հոգսերի
Հորդ հեղեղատում
Ձեզ չեմ նկատում:
Եվ մի զարմացեք,
Որ տեսքով անսեր
Ու փոխված եմ ես,
Ծաղիկներ չքնաղ,
Ծաղիկներ իմ հեզ:
Նույնն եմ ես դարձյալ,
Սիրող ու բարի,
Բայց օրերն են այլ՝
Իմաստը խորին,
Ընթացքն աշխարհի՝
Տարիքս եկել
Դիզվել իմ դիմաց.
Բարիք ստեղծիր
Ասում են հիմա:
Տե՜ս, մարդիկ ինչպես
Քայլում են արագ,
Գործում են հապճեպ
Ու խորհում երկար:
Եվ այսպես ահա
Կիրք ու կյանք դառած՝
Անցնում անցյալով,
Ստեղծում ներկա:
Ամեն ոք լռին
Իր պարտքն է տալիս,
Մեկն անցյալ դառնում,
Մյուսը՝ գալիք։
Ու խորհում եմ ես
Աշխարհի մասին,
Փորձում ամեն ինչ,
Կշռում ու դատում:
Եվ աշխարհի չափ
Դժգոհ ինձանից,
Կռվում եմ ինձ հետ
Եվ ինձ նախատում:
Ձեր սիրուն-սիրուն
Թերթիկների պես,
Օրերն ինձ համար
Անցնում են արագ
Թեթև անկշիռ.
Ու մուժն է ցավի
Իմ հոգին պատում
Ահա, թե ինչու
Ընկերներս հին,
Չքնաղ ու գունեղ,
Ձեզ չեմ նկատում:
Ահա թե ինչու
Ժամանակ չունեմ
Ու չեմ դառնա ձեզ,
Ծաղիկներ բարի,
Ծաղիկներ իմ հեզ:
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Голубая мечта, 2024 г.
Голубая мечта, 2024 г.
Играть онлайн

Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.