Лил Арами

Վեպը, որ տպավորում է. «Հուդա»

Ամոս Օզի «Հուդա» վեպի հիմքում ութսուն սերունդների ատելության արժանացած Հուդա Իսկարիովտացու և Հիսուս Նազովրեցու փոխհարաբերություններն են միմյանց և իրենց վարքագրությունն ուսումնասիրողների նկատման, որոնք քննվում են Շմուել Աշի կողմից։ Հեղինակը բռնում է ժամանակի պահանջով երբեմն անտեսված իրականության, մարդկային պատմության մեջ ամենամեծ ատելությանը դատապարտված Հուդայի կողմը՝ իր տեսակետը ներկայացնելով վեպի թվացյալ գլխավոր հերոսի՝ Շմուել Աշի համալսարանական ավարտական աշխատանքի միջոցով։ Ինչո՞ւ թվացյալ, որովհետև, ըստ էության, վեպում գլխավոր հերոսը հարցն է, այո հարցական նշան կրող նախադասությունը, որը հարցեր է առաջացնում ընթերցողի և Շմուելի ներսում։ Ի վերջո՝ հիշենք վեպի ավարտը՝ «հարցեր է տալիս ինքն իրեն»։ Քանի դեռ կան հարցեր տալու, կա նաև կյանք, քանի դեռ կա բանավեճ ու երկխոսություն, կա կեցություն։ Հեղինակը, որքան էլ հակված է վեպը ողողել Հուդայի գովերգությամբ, միևնույն է, ընթերցողին չի պարտադրում լինել համակարծիք, քանի որ որքան էլ ազդեցիկ ու հենք ունեցող է Շմուելի խոսքը, նույնքան ծանրակշիռ է նաև Վալդի խոսքն ուղղված Հիսուսին և տեսակետը, որ պատկանում է ընթեցողին։ Այս բազմակողմանի հավասարակշռությամ էլ Ամոս Օզը ի ցույց է դնում մարդկային գոյության ամենակարևոր բաղադրիչը՝ հաղորդակցությունը, որը թե՛ հարց, թե՛ պատասխան է ակնկալում։ Ուստի` վեպի գլխավոր հերոսը շարունակում է լինել հարցը։ Առհասարակ, վեպում գործողությունները ծավալվում են խոսքի՝ պատմելու միջոցով։
Շմուելի աշխատանքը խոսելն է։ Ուրեմն, Ամոս Օզը խոսքը, բանավեճը համարում է վարձատրվող աշխատանք, իսկ վարձատրությունը միտքն է, նոր գաղափարը, որ ծնվում է առողջ բանավեճից։
Ինչպես յուրաքանչյուր մարդու մոտ, այնպես էլ Շմուելի դեպքում երկխոսությունը կացության ձև էր։
Թվում է՝ հեղինակը չի սահմանափակում ընթերցողի տեսադաշտը և պահում է իր անկախությունը հերոսներից՝ գործողությունները ներկայացնելով երրորդ դեմքով, սակայն այս թվացյալ անկախության տակ նա նույնացվում է Շմուել Աշի հետ։ Եթե ուշադիր լինենք, վեպում մեր տեղաշարժը միայն Շմուելի հետ է. չգիտենք՝ ինչպիսինն են մյուս հերոսները նրա բացակայության ժամանակ, և ընթերցողի շփումը նրանց հետ միմիայն Շմուելի ներկայությամբ է։
Շմուելը երիտասարդ ուսանող էր, ուսումնասիրում էր ավարտական աշխատանքին առնչվող նյութերը, ուներ ընկերուհի, ընտանիք։ Բայց մի կարճ ընթացք հետո ամեն ինչ գլխիվայր է շրջվում. կիսատ է թողնում ուսումը, ընկերուհին «անհայտ պատճառով» վերադառնում է նախկին ընկերոջ մոտ, ծնողները դադարում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել (սա թերևս նրանց միակ օգնությունն էր տղային, քանի որ Շմուելի հիշողություններից մենք տեղեկանում ենք ծնողների անտարբերության մասին) և սա, ըստ էության, դառնում է անջատում հին ընտանիքից և միացում նոր ընտանիքին, որտեղ երեք միայնակներին միավորում է ընդհանուր տանիքը՝ ցավը։
Համեմատենք Շմուելի կենսաբանական ու հոգևոր ընտանիքները։ Կենսաբանական ընտանիքում հերոսի միակ երջանիկ հիշողությունը կարիճի կծելն էր իրեն՝ ծնողների ուշադրությունն իր վրա հրավիրելը։ Հերոսն ընտանիքում իր գոյությունը փորձում է հաստատել բացակայությամբ (հիշենք իր մահը երևակայելու տեսարանը)։
Մինչդեռ այստեղ Աթալիան ու Վալդը կարծես թե դառնում են Շմուելի ծնողները, Աթալիան, երբեմն նաև ընկերուհին. Նա մի տեսակ ընդհանրացումն է թե մոր և թե սիրած կնոջ, այսինքն՝ մի իդեալ, որի անհասանելիությանն էր հենց ձգտում Շմուելը։
Շմուելը դեռ փոքր տարիքից անտարբեր էր շրջապատող աշխարհի նկատմամբ, ընտրությունը միշտ թողնում էր քրոջը, շփվում էր դասարանի ամենաթույլ աշակերտների հետ, իսկ հոբբին՝ հին նամականիշների հավաքումն էր։ Հիշենք նաև կենսուրախ, քաղաքային կյանքը սիրող Յարդենային և կյանքին անհաղորդ Շմուելին։ Ահա այս իրողությունները գալիս են ապացուցելու նրա՝ ժամանակի հետ ոչ համընթաց քայլելը։ Կյանքի ընթացքից դուրս մղված այս երիտասարդը վերագտնում է իրեն իբրև Գերշոմ Վալդ։ Այս անձերի նույնացումն այնքան է խտանում (մեկի ֆիզիկական ծերությունն ու մյուսի հոգեպես ծեր լինելու ձգտումը), որ վեպի վերջին հատվածներում, երբ Վալդը գալիս է հրաժեշտ տալու Շմուելին, վերջինիս թվում է՝ ինքն է գնացել Վալդի մոտ։ Շմուելի հենակներով տեղաշարժը ևս հիշեցնում է Վալդին։
Շմուելը «որսորդ չէր», երազող էր, ինչպես Աբրավանելը և Միխան։ Միխայի մահը յուրօրինակ նվեր է դառնում այդ տանը հայտնվելու համար, Շալթիել Աբրավանելի մահը՝ Իսրայել պետության ստեղծման ընթացքին ծանոթանալու, պատմության հետքերով գնալու համար։
Այս տունը կարծես կյանքի հանդերձը հանած, կես մեռած, կես ապրող մարդկանց հանդիպատեղն է։
Եթե Աբրավանելը մարդասիրության ջատագովն էր, ապա Վալդը սերը սահմանափակ էր համարում, որը որոշ քանակից հետո սպառվում է (ապացույցը՝ Աթալիայի քարակերպ գոյությունն է)։
Վեպի ամենագեղեցիկ կողմերից է թզենու սիմվոլը։ Վեպում այն հիշատակվում է երեք անգամ։ Այն բացահայտում է Հիսուսի մարդկային կողմը՝ միս ու արյուն ունենալը, Հուդայի՝ իբրև առաջին և վերջին քրիստոնյայի հավատն առ Հիսուս և, իհարկե, այդ հակասական պատմությունը գրի առնող հերոսի նվիրվածությունն իր ուսումնասիրությանը։ Թզենին կրոնի և հավատի հավերժական հարցերը քննողն է և միևնույն ժամանակ իրողությունների լուռ վկան, որի ստվերում են մնում պատասխանները։
Վեպի ընթերցումը ընդօրինակում է միջավայրի և հերոսների վարքագիծը՝ տևում է խաղաղ, Վալդի տան պես անաղմուկ ու Շմուելին հատուկ դանդաղությամբ, քեզ քո հետ կապելով, քեզ քեզնից պոկելով։ Ընթերցողը վեպում նաև հնարավորություն է ունենում վերանայելու երազող մարդասերի՝ Աբրավանելի կարգավիճակը որպես հայր։ Մարդ, որն իր գործի նվիրյալն էր, որը երազում էր փոխել աշխարհի մոդելը, հեռացնել բոլոր ճաղավանդակները (պետականության մասին է խոսքը), որոնցով պետությունները պաշտպանվում էին իրարից։ Բայց այս նույն երազողը իր փոքրիկ աշխարհում ոչինչ չփոխեց, ու հայր չեղավ (հիշենք Աթալիայի հնգօրյա բացակայությունը չնկատելը)։
Օզը նախամարդուց մինչև ժամանակակից մարդու մոդելը վարպետորեն պրոյեկտում է ընթերցողի վրա, ու դա լավագույն միջոցն է հասկանալու աշխարհի, պետության և մարդու խնդիրը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Дерево, 1986 г.
Дерево, 1986 г.
Играть онлайн