Лил Арами

Մենակության համախտանիշ

Շենքը մեխված է փողոցին։ Ամենավերևում Քադն է։ Փողոցը երբեք ձայնը չի կտրում։ Ամեն երեկո Քադը ցավացող ոտքերով դուրս է գալիս պատշգամբ։ Խռովկան քաղաքն ամեն երեկո ապտակում է նրան ու ամոթանք տալիս իրեն չնկատելու համար։ Քադը ամաչում է և բանտարկվում տանը։ Սկզբում նա փորձում է քաղաքի հետ լեզու գտնել, բացատրել իր հոգնածության պատճառները, բայց քաղաքի համառությունը երկար է տևում, խոհանոցում եռացող ջրինը՝ կարճ։ Ջուրը բրինձ է ուզում, հետո սոխ ու կարտոֆիլ, հետո աղ ու պղպեղ, հետո ձու և կանաչի։ Խոհանոցը համբերել չգիտի, խոհանոցը բանականություն չունի։ Իսկ քաղաքն անվերջ նեղանում է։ Հաջորդ երեկո Քադը քաղաքին համոզում է, որ իր և խոհանոցի հարաբերությունները նեղ ստամոքսային են՝ ոչ մի լուջ բան, ինքը մի քիչ լարված է՝ ուտել է ուզում, ընտանիքը աշխատանքից հետո հոգնած է՝ սնվել է ուզում։ Բայց քաղաքը գիտի ստամոքսի լայնացման մասին, ուստի իրենց կապը համարում է վտանգված։
-Մենակ եմ ես, մենակ է իմ աջ ոտքն ու իմ ձախը, մենակ է գլուխն իմ ու երկար ժամանակ լռող իմ բերանը։ Մենակ է քաղաքը անգամ․․․

Քադը որոշում է լքել բնակարանն ու մի քանի օր ման գալ քաղաքից դուրս։ Զանգում է ընկերոջն ու երկուսով դուրս են գալիս։ Նստում են գնացք։ Հսկիչը պատռում է տոմսերը, խնդրում տեղավորվել կապ չունի՝ որտեղ։

Գնացքն անունով արագընթաց է, բայց երկու ժամ է՝ ճեմում է։ Ներսի մարդիկ նստած են ցաքուցրիվ, միմյանց հանդեպ անտարբեր, բայց միասնական աղմուկով։ Երկու կին են, որ պահում են ճանապարհին ծանոթանալու քաղցրությունն ու իրենց մտերմությունն ամրապնդում թոռնիկների նկարները ցույց տալով։ Նրանք զրուցում են հարմարավետ կոշիկների ու Դե վիտամինի պակասի մասին. գոհ են իրարից։ Քադի ընկերը կողքին ձանձրանում է, ասում է՝ Քադը 40-50 տարեկանի հագուստով է ու մեծ է երևում։ Քադը չի վիրավորվում։ Նա նայում է ճանապարհին ու հիշելու հետաքրքիր քիչ բան է գտնում։ Դիմացի նստարանի ծնողը մի աթոռ է կիսում որդու հետ ու գիրք կարդում։ Քադը ժպտում է տեսանելի սիրո համար, բռնում ընկերոջ ձեռքն ու հիշեցնում սիրելու մասին։ Ընկերը սեղմելով արձագանքում է։

Քադի ընկերը վիրավորելու աստիճան քնում է։ Քադը մնում է մենակ։ Նրա կողքին ավելանում են երիտասարդը, որը խոսելու կարիք ունի և իր տատիկը։ Վերջինս մեկումեջ դանթում է ապակուն հենած ձեռքի վրա։ Քադը աշխարհից մի բան է ուզում։ Զրուցել։ Քադը աշխարհից շատ բան է ուզում։ Անձրևը ծորում է ապակուն, ու ամայի է տեսարանը։ Քադը լցվել է խոսելու ցանկությամբ, ու ոչ ոք նրան մարդատեղ չի դնում։ Թվում է՝ սիրտը հիմա չդատարկված միզապարկի պես կպայթի։ Ոտք ծակող խոտեր են գնացքի դրսում։ Մի պողպատե արտաքինով ամերիկացի է գնացքի ներսում։ Երիտասարդը Քադի հետ խոսում է ամերիկացուց։ Քադը փնտրում է խոսակից։ Տատիկը թոռանը, որ վաղուց անկախ երիտասարդ է, համոզում է ջուր խմել ու քնել։ Տատիկը չի ուզում հետ մնալ խոսակցությունից և չի ուզում նաև՝ թոռը ջրազրկվի։

Մեկի ոտքերը քրտինք են բուրում։ Քադը ուզում է՝ պողպատի դեմքով ամերիկացունը լինի։ Հասնում է իրեն․ քաղցր է առաջարկում՝ զնգում է, չիփս է առաջարկում՝ զնգում է, առաջարկում է խաղալ՝ զնգում է ու հիշեցնում իր պողպատ լինելու մասին։ Պողպատները չեն ուտում՝ համազուրկ են, չեն խաղում՝ խաղազուրկ են։ Պողպատե դեմքով ամերիկացին վեր է ընկել տեղում, իսկ նրա բացակայող դեմքը մեկ մտնում է զուգարան ու քաշում ջուրը, մեկ՝ բացում ծորակն ու լվացվում։ Դեմքը թառում է Քադի ուսերին, անհանգստացնում նրան։ Քադը ուզում է դեմքը վերադարձնել տիրոջը։

Մոծակները գիշերը տեղը տեղին օգտվել են տատիկ ունեցող երիտասարդից, ու նրա ձեռքը քոս ընկածի պես չի անջատվում մարմնից։ Նրա լեզուն չի բանտվում բերանում, բայց և չի խոսում կարգին բաներից։ Քադը փորձում է ազատվել նրանից ու նայում է գնացքում այլ նստածների։ Քադը ապշում է։ Հիտլերն է։ Ո՞նց թե։ Մի քիչ երկարած բեղերով։ Անյպես է քնել, որ չճանաչեն։ Կուչ եկած ու կոմպլեքսավորված մարմնով։ Նրա երբեմնի հաղթականությունը փափուկ բարձի պես հետույքի տակ է առնվել ու տրորվում է ճանապարհը լավ չգնացող գնացքին հավասար։ Հիտլերը իրեն զգացնել չի տալիս։ Բայց հո վերարկուն ակնհա՞յտ է։ Ասում են՝ երբեք չի հանում։ Հիմա նա, որ արթնանա, կլռի իր մասին, անունը հարցնեն՝ կասի մի բան, ազգությունը հարցնեն՝ կասի հայ եմ, ամերիկացի եմ, թուրք չեմ։ Մտածում է Քադը։ Թվում է՝ նրանից բացի մեկ էլ մոծակներն են Հիտլերին տեղը բերել։ Կծելիս իրեն մի քիչ խնայել են՝ ուշ ուշ է քորվում։

Քադը սպասեց։ Հիտլերն արթնացավ, պողպատե դեմքով ամերիկացին նրան չճանաչեց ու զնգաց նույն նշանակությամբ՝ դատարկ, միատոն, անասելիք, պողպատահունչ։ Հիտլերը վարակվեց տատիկից ու դանթաց մի քիչ։

«Վախ փակ տարածությունից։- համոզվեց Քադը,- Կլաուստրաֆոբիա։ Աչքերը փակում է, որ զգացնել չտա։ Գնացքի խցիկն իր համար չափազանց փոքր է ու մատնող։ Ինչպե՞ս չէի գլխի ընկել»։ Գնացը տարիքն առած կնոջ պես քստքստում է, մեկ աջ տալիս, մեկ՝ ձախ։ Գնացքի մարդիկ կարդում են, սնվում, քնում։ Նրանցից ոչ ոք Հիտլերին չի նկատել։ Քադը բարձրաձայն ժամն է հարցնում։ Հիտլերը բացում է մի աչքը և նայում ժամին՝ մի ժամ տասը րոպեից կհասնենք։ Տասը րոպեից։ Գերմանամետ ճշգրտություն է։ Տասը րոպեից։ Քադին սառը քրտինք է պատում։

-Շնորհակալ եմ։ Համ էլ ողջույն,- ասում է Քադը,- գնացքը Ձեզ չի՞ ձանձրացնում։

-Ողջու՛յն, ամենևին։

-Տեղացի՞ եք։

-Ո՛չ։

-«Ի՞նչ ռիսկի տեր է։ Ուղիղ ասում է՝ ոչ»։

-Կընկերակցե՞ք ինձ, ընկերս քնած է, երկար ժամանակ է՝ նստած եմ։ Գնա՞նք ծխարան։

-Գնանք, ինչու՝ ոչ։

-Երկա՞ր ժամանակ է՝ ծխում եք։

-Վերջերս եմ սկսել։ Ինչու՞։

-Հավանաբար մինչ այդ մտածում էիք՝ ծխախոտը հնդկացիների վրեժն է սպիտակամորթներից։ Ու չէիք ծխում, չէ՞։

-Չէ՜։ Մտածում էի չվնասել առողջությունս։ Հիմա էլ կորցնելու բան չունեմ։

-Ինչու՞, որովհետև բոլորը կարծում են՝ մեռա՞ծ եք։

-Ի՞նչ տարօրինակ հարցեր եք տալիս։

-Օ՜հ, ներեցեք, ներեցեք։ Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Բոլոր առողջ տղամարդկանց նման սիրում եմ ֆուտբոլ, երաժշտություն, գրականություն և կին։

-Սպասե՛ք կռահեմ,- գուգլում է Քադը,- Ֆուտբոլում՝ Շայկեն, գրողներից՝ Կարլ Մայնը, իսկ երաժշտության մեջ կարծում եմ Րիխարդ Վագներն անգերազանցելի է։

-Ի՜նչ եք ասում։ Նրանցից ոչ ոքի չեմ ճանաչում։

-Հըմ, ես առաջարկեցի, բայց ծխախոտս վերջացել է։ Դուք չէի՞ք․․․

Տղան, որ փռշտում է Քադից աջ, ստիպում է նրան կտրվել գործից ու իրեն առողջություն մաղթել։

-Վերջին երկուսն է, մեկը՝ Ձեզ, մեկն էլ ինձ։

-Շնորհակալ եմ։ Այս ի՞նչ ծխախոտ է, անծանոթ է։ Հի՜ն է երևում։

-Պարլամենտ է սովորական։ Սիլվեր։ Գրպանումս թրջվել էր անձրևից։ Արևի եմ տվել գույնը գցել է։

-Հա՜․․․ իսկ ի՞նչ գործով եք եկել։

-Ճամփորդում եմ էլի։

-Իսկ ինչու՞ չեք վերադառնում Գերմանիա։

-Չլինի՞ մենք ծանոթ ենք,- զարմացավ Հիտլերը։

-Հնարավոր է,- ժպտաց Քադը։

-Ես խիստ մոռացկոտ եմ վերջերս դարձել։

-Ձեր տարիքը դա թույլ է տալիս։ Ասում եք՝ ինչու՞ չեք վերադառնում։

-Անձնական պատճառներ ունեմ։ Եկեք վերադառնանք խցիկ։ Գիշերը լավ չեմ քնել, արժի մի փոքր էլ աչք կպցնել։

Քադի սիրտը պայթում էր վախից ու հաճույքից։ «Ում ասեմ՝ չի հավատա»։

Ամերիկացին ականջակալով է ծնվել, ու ականջակալով էլ պատրաստվում է մեռնել։ Երևի։ Տատիկ ունեցող երիտասարդը դատարկ ջրից դատարկված շիշը խփում է պատին։ Քնել չի կարողանում, բայց և չի ասում բարի լույս խոսակցությունը շարունակելու համար։

Քադը աչքը թեքում է, թե չէ՝ ամերիկացին չքանում է։

«Գնացել է դեմքի հետևից»,- մտածում է Քադը։

Քադի ընկերն այդպես էլ չի արթնանում։ Գնացքը հասնում է վերջնակետին։ Հիտլերը դուրս է գալիս։ Քադը հուսահատ վազում է ետևից․

-Մնաք բարով, Հի՛տլեր։

-Մնաս բարով, Քա՛դ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Запах кухни. 2020 год
Запах кухни. 2020 год
Играть онлайн