Лер Камсар
Ո՞վ եմ ես
Զարմանալի ազգ ենք մենք՝ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրան։
Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ։
Ես դեդուկտիվ ծնունդ եմ։ Մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության» մանրամասն ապրելուց հետո, ես ծնվելիս ասացի։
Մի ուրիշն իմ տեղ լիներ՝ այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թե ինչքան է այդ կյանքն ունայն։
Է՛, պարզ է, թե ինձ նման աշխարհ եկողը ինչպես պիտի վերաբերվի կյանքի երևույթներին։
Չեմ զգացել ուսման ծարավ և դպրոց եմ գնացել բռնի ոչինչ չսովորելու համար։
Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ։Կամ ինչո՞ւ մեկ կնոջ հետ ծերանալ և ոչ աշխարհի բոլոր կանանց հետ երբեք չծերանալ։
Չիմացա՝ ինչ բան է կրոն։Ինչո՞ւ մարդիկ իրենց աղոթքներում երկնքի արքայությունն են ցանկանում։ Անիմաստ կյանքը շարունակելուց ի՞նչ օգուտ։ Հիմարությունը որ երկարի՝ իմաստությա՞ն կհասնի։
Եթե դրախտում արդարները պիտի թառեն խնկի ծառերի վրա ու միայն փառք տան Աստծուն, դրա համար ինչ կարիք կա մեռնելու, ահագին թաղման ծախս կատարելու, թաղվելու, նորից հարություն առնելու և այլն։
Փա՞ռք եք ուզում տալ՝ առանց այդ դժվարություններին ենթարկելու ձեզ. համեցեք սովետական Ռուսաստան, փառք տվեք Լենինին ու ապրեք նորակառույց շենքում՝ օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով։
Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի հարմարություն չունեցող խնկի ծառը, մի օր էլ քունդ տանի՝ ցած գլորվես ու եսիմ ինչ լինես։
Ես չհասկացա՝ ի՞նչ է մարդկային հավասարություն։ Դերձակները թելի ծայրը հավասարեցնում են այն ասեղի ծայրը մտցնելու համար, իսկ սոցիալիստները ո՞ւր են ուզում մտցնել մարդկությանը, երբ հավասարեցնում են այն։
Իսկ քարոզել եղբայրություն այն ժամանակ, երբ մի մորից ծնված եղբայրները անխոս բաժանվում են իրարից և օտարանում, նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ։
Այս բոլորից հետո խորհուրդ եմ տալիս ձեզ իմ կյանքում ոչ մի իմաստ չփնտրել. ես մի գրչախաղ եմ գոյություն չունեցող թղթի վրա…
Ես հաճախ եմ մտածել գրել իմ կենսագրությունը, բայց հնարավոր չեմ գտել։
Գրել կենսագրություն, նշանակում է նորից ապրել մի անգամ ապրած կյանքը, իսկ իմ կյանքը այնպիսին չի, որ հնար լինի երկու անգամ ապրել։ Իմ կյանքի օրերն իրար ետև շարված տառապանքի օրեր են, տասն անգամ ստույգ մահից մազապուրծ։ Ի՞նչ երաշխիք, որ երկրորդ ապրելուս դրանցից մեկնումեկին զոհ չեմ գնա…
Ես անգամ գոհ չեմ, որ մի անգամ ամբողջական ապրել եմ իմ կյանքը։ Եթե ինձանից կախված լիներ, մի քառորդով կապրեի։ Այն էլ նրա համար, որ կյանքի մասին մի թեթև գաղափար կազմած մեռնեի։
Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, համարյա կեսը միայն, իսկ մնացյալ կեսը այլևս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որն ինչ կամեցել է՝ արել է ինձ։
Իր ողջ կյանքում գազանանոցի նեղ վանդակի մեջ փակված կապիկի կյանքն ուսումնասիրելով՝ կարող ենք կարծիք կազմել կապիկների ցեղի առանձնահատկության մասին և այն մտցնել կենդանաբանության դասագրքի մեջ։ Մի կապկի, որն օրնիբուն օնանիզմով է զբաղվում և աչքը վանդակի դռանը՝ հերթական կերի է սպասում։
Կարո՞ղ ենք գաղափար ունենալ առյուծի մեծահոգության մասին, երբ նա իր կատաղության մեջ միայն վանդակի երկաթներին է զարնվում։
Այդպես էլ ես եմ իմ կյանքի երկրորդ կեսում։
Կարո՞ղ եմ խելացի լինել, երբ խելքս գործածելու հնարավորություն չունեմ։ Ինչքա՞ն լայն պիտի լինի սիրտս, որ բոլշևիկ բռնապետներին ըստ արժանվույն ատելուց հետո դեռ տեղ ավելանա որևէ մեկին սիրելու համար։ Կամ երբևէ կերե՞լ եմ իմ ցանկացածը, որ կարողանամ պատմել իմ ճաշակի մասին։ Ինչպե՞ս կարող եմ քաջ լինել, երբ ձեռներս տարված են ետևս ու շղթայված։
Ո՛չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ.
-Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք…