Лер Камсар

Ազգային հիմն

Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։

Ես ըլլայի այդ բարեգործին տեղը 700-ի փոխարեն 7000 կնվիրեի` հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է։ Անհնարին է նախ անոր համար, որ ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չի ըսած, թե ո՞ր ազգային։ Իրավ է, մեկ բառով հայ ազգ կկոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր։

700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ես գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի։ Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ... անհաջող։ Անհաջող այն պատճառով, որ գրելուս խիստ անոթի ըլլալով, տեքստի մեջ մտցուցի կերակուրի մը անուններ, որը միանգամայն չէր հարմարեր նման երկի մը մեջ. եվրոպացի մը եթե լսեր, պիտի դառնացած գոչեր.

-Ախպա՛ր, սա հայ ազգը ի՞նչ անկուշտ ազգ է եղեր, այսքան նպաստներ ղրկելեն ետքն ալ դեռ անոթի է...

Ավրեցի այդ փորձը և ուրիշ մը գրեցի. բայց այս անգամ ալ առաջինի հակառակ ծայրն դուրս եկավ։ Այդ հիմնը լիացած, հղփացած, ճարպոտ բուրժուայի երգ դուրս եկավ, որը, աղեկ գիտեմ, ոչ մեկ հայ սոց. դեմոկրատ բերանը չէր առներ։ Մնացեր էի շվարած. դեմոկրատական ոգով գրեի՝ կղերն ու բուրժուան պիտի ականջը խնուր փախչեր, դաշնակցական ոճով գրեի, անդին հնչակյանները կռնակ դարձնեին պիտի, վանեցիական ակցենտով գրեի, մշեցիները պիտի չարտասանեին։ Հետո, քանի որ հիմա կանայք ալ հավասար են, հետևաբար՝ իրավասու այդ հիմնը երգելու, պետք էր այդ ալ նկատի առնվեր և զգուշանալ բաս ձայն մտցնել մեջը, իբրև անոնց կոկորդին օտար հնչյուն։ Ասոր վրա խորհեցա այս տարբերակներեն ընտրել այնպիսիներ, որք քիչ մը մոտ են իրար, ու նստեցնել զույգ-զույգ կամ երեք-երեք, մեկ-մեկ նստարանի վրա և միասին երգել։ Այսպես օրինակ, դաշնակցականները ու սոց. հեղափոխականները մեկ նստարանի վրա նստեցուցի. վերակազմյալ հնչակյանները ու հովիտականները մեկ. կանանց ու վարդապետներուն մեկ. սոց. դեմոկրատներուն նստեցուցի մենակ և կողքին 8-10 հոգու տեղ թողի, որ իբրև ինտերնացիոնալ դավանող, հրավիրե զանազան ազգերե իր ուզածները ¥վասնզի վերջինս հայ կազմակերպությանց մեջ իրեն մոտիկը ոչ մեկը ուներ¤։ Բռնեցի Համբարձում Առաքելյանի ձեռքեն, ըսի խումբի մը մեջ տեղավորեմ. տարա դաշնակցական-էսերներու քով` չեղավ, չնստեցավ, հովիտ-հնչակյաներու քով` չեղավ, կանանց-վարդապետներու քով` չեղավ. ըսի տանեմ սոց-դեմոկրատներուն քով` Բախշի Իշխանյանին հետ դոսթ է` չեղավ ու չեղավ, առանձին կուզե նստիլ եղեր։ Բարկացա, ըսի թևեն բռնեմ դուրս հանեմ, մեկ ալ խորհեցա, որ դռան վրա պիտի պոռչտա ու կոպիտ շեշտեր մտցնե ազգային հիմնին մեջ։ Վերջապես անոր ալ աթոռ մը տվի, մտածելով թե, քանի որ Առաքելյանը մինակ է, անոր բաժին մեկ տուն հիմնը սոլո կընենք, կլմննա կերթա։ Հա, աս ալ այսպես... Հետո բերի չեզոքները, անդամալույծներն ու առհասարակ բոլոր անոնք, որոնք միմիայն մարդահամարին հաշվի կառնվին. անոնք ալ մեկ տեղ նստեցուցի. մնաց քանի մը հատուկենտ եպիսկոպոս։ Ատոնցմե Մեսրոպն ու Խորենը դաշնակցականներու գոգը դրի ¥որու վրա էսերները քիչ մը երեսնին թթվեցուցին¤ Մխիթարին ալ տվի Առաքելյանին գիրկը։

Այսպես, երբ դասավորությունը վերջացուցի, նստեցի գործի։

Ու ի՞նչ... դեռ մեկ տուն չէի գրեր, երբ հրմշտունքը ծայր տվավ զույգերուն միջև, ու աթոռներեն սկսան զիրար վար գլորել։ Էսերները դաշնակցականներուն, հնչակյանները հովիտին, կանայք վարդապետներուն և այսպես՝ բոլորը։ Այնքան համոզեցի, խնդրեցի` թե եղբայրներ հանգիստ կացեք, մի վախնաք ընտրություն չենք կատարեր, որ կառանձնանաք առանձին պատգամավոր տալու համար. երգ մը պիտի գրեմ ձեր վրա. ուրիշ ոչինչ` բայց ապարդյուն։ Եվ բոլոր շերտավորությունները կեցած էին անջատ-անջատ, որպես հեռագրասյուներ` իրամե հեռու։

Ասոր վրա ճարահատ, մտածեցի կազմել հիմն մը, որու առանձին մասեր նվիրված ըլլան առանձին հոսանքներու, և բոլոր անջատ մասերը խմբելով` կազմել կոալիցիոն ազգային հիմն մը։

Ըստ այդմ, երկու տուն պիտի նվիրեի դաշնակցության, առաջին տան մեջ պիտի երգեի իր մոտավոր ծրագիրը կամ ազգային մասը, իսկ երկրորդ տունը պիտի նվիրեի իր սոցիալիստական, համամարդկային նպատակներուն. այլ խոսքով` հեռավոր ծրագրին։ Բուրժուաներ, կղերներ ու հետադիմականներ, որք կարող էին առաջին տան մեջ տեղ ունենալ, երկրորդ տան մեջ կաթեգորիկ կերպով պիտի բացակայեին։ Հնչակյանները կունենային դարձյալ երկու տուն, մեկ՝ վերակազմյալներուն, մեկ՝ վարակազմյալներուն, իսկ մնացյալ բոլոր կուսակցություններուն, հոսանքներուն, փարթիներուն, հայրենակցական միությանց, սեռական միությանց, արհեստակցականներուն մեկ-մեկ տուն։

Այդպես ալ կազմեցի,

Բայց ի՞նչ... կուսակցական շերտավորությանց բերումով այնքան երկար դուրս եկավ այդ հիմնը, որ ազգը եթե առավոտ արշալույսին սկսեր երգել միջին արագությամբ, հաջորդ կեսօրին հազիվ ավարտեր... Խորհեցա՝ ամբողջ 8 ժամ ազգ մը բերանը բաց ձգե, ինչ է թե հի՞մն մը պիտի երգե՝ ատ ալ անհարմար է։

Չէ՛, երկար էր, շատ երկար։ Ես որպես ամենաերկար երաժշտությունԱյսօր անճառըգիտեի, որը իբրև շարականներեն երկարագույնը կըսվի հաղորդվելու ժամանակ, և որը 40 մարդ հաղորդվելե հետո կլմննա ու ստիպված անգամ մըն ալ կկրկնեն տիրացուները. բայց իմ հորինածս հիմնը եթե երգելու ըլլայինք, 400 մարդ կուշտ ու կուռ կրնար հաղորդվիլ, և դեռ քանի մը տուն ալ ավելնար պիտի։

Աս ալ չեղավ։

Մնացեր էի շվար ու մոլոր և երերյալ - տատանյալ կշրջեի` երբ ճիշտ այս միջոցներունՀորիզոնիմեջ լույս տեսավ։ Հ. Ճերմակին ուղեցույց նախագիծը`ազգային հիմն կազմելու համար։

Այդ ուղեցույցը այնքան մանրամասն, մանրակրկիտ ու հանգամանորեն էր գրված, որ ամենակույր մարդն, երաժշտութենեն ու բանաստեղծութենեն հոտառություն չունեցող մարդն իսկ կրնար հիմն մը գրել։ Միայն զարմանքս հոն է, թե այսքան մանրամասն ցուցումներ ընելեն հետո ի՞նչն է արգիլեր զՃերմակ, որ կազմված - պատրաստված հիմն մը, չդնե մեր առջև։ Այսքան սորվեցնելեն ետքը չգրելն կնմանի մարդու մը, որ իր ուխտավոր ընկերոջը Եվրոպայեն կուղեկցի մինչև Երուսաղեմ ու Երուսաղեմին պարիսպներուն տակ, առանց քաղաքը մտնելու կբաժնվի իր ընկերեն, պարտականությունը կատարածի մը ինքնագոհությամբ։ Կարելի՞ է մինչև Երուսաղեմի պարիսպները երթալ ու քաղաքը չմտնել, կարելի՞ է այդքան բան գիտնալ ու հիմն մը չգրել։ Գուցե թե քիչ մը տաղաչափական կամ բանաստեղծական շնորհք կպակսեր։ Է, ո՞ր հայ բանաստեղծեն քիչ մը շնորհք բերեր փոխ, պիտի զլանար. ինչո՞ւ զլանար, չէ՞ որ օր մըն ալ ան գիտության ու տրամաբանության պետք ունենալով անոր կրնար դիմել...

Էհ, չէ գրեր` չէ գրեր, ատոր համար բարկանալու իրավունք չէ տվեր ինձի ազգը։ Թողունք մասնավորը ու անցնինք անոր ուղեցույցին էությանը։

Հոն կըսե` բասը, կոնտրաբասը, ալտը, սոպրանոն, տենորը պիտի շատ զգույշ գործածվին, չըլլա թե հանկարծ տեղ մը ալտը ուժեղ ըլլա, մյուս տեղ՝ տենորը, այլ ինչքան ես կրցա հասկնալ, կթելադրե լավ գործածել այդ ձայները, որ անուշ դուրս գա հիմնը։ Բարձրության մասին` դո մաժորեն բարձրացնելը միանգամայն անխոհեմություն կսեպե, որմե ազգը կրնա մեծապես տուժել ու միշտ գրողին ուշադրությունը կուզե բևեռել լա մաժորին վրա։ Եվ խոհեմությունն ալ ատ կպահանջե։ Այո՛, բավական է որքան ազգը տուժեց։ Եթե մեր բոլոր գործիչներն, իրենց գործելու եղանակները լա մաժորին համաձայնեցնեին, ազգը այս կերպարանքը չէր առներ այսօր։ Չէի ուզեր ըսել, բայց բարկացա ըսի...

Այս լրացուցիչ տեղեկությունները ի նկատ առնելով, նոր եռանդով գործի կեցա։ Հ. Ճերմակը իր խորհուրդովը երեսս ճերմակցուց։ Գործերս հաջող կերթային, և եթե այդ հաջողությամբ ալ շարունակվելու ըլլային, քիչ օրեն կրնայի հայ ազգին դարավոր իղձերը պսակել, մատուցանելով անոր գողտրիկ հիմն մը։ Բայց... ավա՜ղ, դարձյալ արգելք։Մշակըկծանուցե, թե շուտով ազգային նոր կուսակցություն մը պիտի հիմնվի, չգրես հիմնը, մինչև կազմենք, լմնցնենք։ Ի՞նչ ընեմ... պիտի սպասեմ։ Ու գրիչը ձեռքիս ջղագրգիռ, լրաբերներուն կդառնամ հարցական, թե ծնա՞վ խոստացյալ կուսակցությունը, որ հովվելու է հայ ազգը։ Ոչ մեկ լուր։ Ոչ երեք աստղերը կշարժին տեղերնեն, ոչ արևելքեն մոգերը ճամփա կիյնան, ո՛չ ալՓառք ի բարձունսկլսվի երկնային ոլորտներեն։

Կհուսահատիմ ու գրիչս վար կթողում։ Ատենե մը ի վեր ներկա կուսակցություններ արգելք եղան, ասկե վերջն ալ ապառնիներուն պետք է խոսք հասկցունել...

-Ախպա՜ր, չուզեցի ատ 700 ռուբլին, կերթամ գործ մը կգտնեմ կապրիմ։

***

Հ.Գ. հոդվածս արդեն վերջացուցեր էի` երբ հանկարծ ատ 700 ռուբլին, դարձյալ պետք եղավ ինձի։ (Գործ չգտա)։

Այս առթիվ կուգամ պաղատագին աղերսելու ձեզ, ով բոլոր հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ թե ապառնի - մեկ օրով, կաղաչեմ, միմիայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ... տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա։ Ես կյանքիս մեջ բնավ հայ ազգ տեսած չեմ։ Թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ` ոչ։ Միացեք նախ մեկ, տեսնենք ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ դառնալու համար, երկրորդ` միացեք պզտիկ հիմն մը գրեմ լմննամ, անկե վերջ ձեզ նշան կընեմ` ամեն մարդ իր ծրագրին գլուխը։

Ճիշտ է, դժվար է ատ ձեզի համար, կմտնեմ ձեր դրության մեջ, գիտեմ, որ ձեզմե շատերդ բռնակալության հետևանոք բոլորովին մոռցեր էիք ձեր ծրագիրները, հիմա ազատության օրերուն նոր սկսած եք անցյալի կորուստը դարմանել կրկնելով, քաղվածք ընելով ու նորեն սերտելով, կհասկնամ, որ նույնիսկ մեկ օրվա մոռացումը կրնա աղետաբեր ըլլալ շատերուն համար, գուցե մեկ տարի պետք ըլլա այդ մեկ օրվա մոռացածը նորեն սովորելու համար, բայց կերդնում պատվիս վրա, որ հանձն կառնեմ բոլոր մոռցողներուն անձամբ պատրաստել ու հասցնել իրենց կուսակցական ընկերներուն։

Կխոստանամ իմ ծախսով ընդունակ կուսակցականներն ղրկել Բաքու, Թիֆլիս, հոն տեղերու պրոպագանդիստներու հինգշաբաթյա բարձրագույն կուրսերն ավարտելու համար...

Եթե համաձայն եք, կամ կհավատաք ինձի, որոշյալ օր մը նշանակեցեք միաբանելու համար։ Որ օրը ձեզի հարմար է։ Քանի որ լուր օրերը պրոպագանդայով եք զբաղված` կուզեք կիրակի օր մը ձգեցեք, միայն կխնդրեի ձմեռը չձգեք` երբ ցերեկը 8 ժամ կտևե...


1917թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

церковный двор
церковный двор
Играть онлайн