Лазарос Агаян

Հազարան Բուլբուլ

(Արաբական հեքիաթ)

Իմ ականջս է հասել, ո՛վ բարեբանյալ և բարեկրթյալ թագավոր (պատմում է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին), որ հին ժամանակներում, վաղուց անցած օրերում Պարսկաստանումը կենում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին Մեծ պարգևատուն պարգևել էր հզորություն, ջահելություն ու գեղեցկություն և որի սրտումը դրել էր արդարասիրության այնպիսի զորեղ զգացումն, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք կողքի էին խմում միևնույն վտակից։

Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը, ինչ որ կատարվում էր իրա մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները՝ օտարերկրացի վաճառականի հագուստով, իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ։

Եվ ահա, մեկ անգամ գիշեր ժամանակ քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ջահել ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները և, աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երեք ջահել աղջկերք, որոնք խսրի վրա նստոտած և ճրագի շուրջը բոլորած՝ զրույց էին անում ընթրիքից հետո։ Այդ երեք աղջկերքը իրար նման էին, ինչպես քույրեր, և երեքն էլ գեղեցիկ էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությունովը։

Եվ առաջինն ասաց.

Որովհետև առաջինը ես պետք է ասեմ, թե ի՛նչ եմ ցանկանում, ուրեմն՝ կասեմ, որ ես ցանկանում եմ լինել թագավորի գաթա թխողի կինը։ Դուք հո գիտեք, որ ես շատ եմ սիրում քաղցր խմորեղենը, մանավանդ՝ այն քնքուշ ու պատվական միջավոր կարկանդակները, որոնք անվանվում են «սուլթանական»։ Եվ միայն սուլթանի գաթաջին է կարողանում պատրաստել այնքան գեղեցիկ։ Ա՜խ, իմ քույրեր, ահա թե ե՛րբ կսկսեք ինձ նախանձել՝ տեսնելով, թե ես ինչպե՛ս, միշտ ուտելով այդ կարկանդակները, սկսում եմ գիրանալ ու գեղեցկանալ, և իմ երեսի գույնը սկսում է նրբանալ և պայծառանալ։

Իսկ երկրորդ քույրն ասաց.

Ես շատ չեմ պատվասեր։ Ես կբավականանամ ամուսնանալ սուլթանի խոհարարի հետ։ Ա՜խ, որ իմանաք, ինչքա՛ն եմ ցանկանում ես այդ։ Այդ ժամանակ, ահա, ես հնար կունենամ համն առնելու այն բոլոր համեղ կերակուրների, որոնք ուտվում են միմիայն սուլթանի պալատում։ Բայց այս դեռ ոչինչ, այնտեղ ավելի լավ բան են տալիս ուտելու, ինչպես խորոված բորինջաններ, լցրած բրնձով ու զանազան համեմունքներով, որ երբ տեսնում եմ սինիներով տանելիս՝ սիրտս սկսում է թրթռալ։ Ի՜նչ ախորժակով կուտեի։ Իհարկե, ձեզ չեմ մոռանալ և ստեպ-ստեպ կկանչեմ ձեզ ինձ մոտ, եթե իմ խոհարար ամուսինը թույլ կտա. բայց դժվար թե նա թույլ տա այդ։

Այսպես մեծ ու միջնակ քույրերն իրանց ցանկությունը հայտնելուց հետո դարձան իրանց կրտսեր քրոջը, որ լուռ նստած՝ նրանց էր ականջ դնում, և ծաղրելով ասացին.

Հապա դու, սիրո՛ւն բալիկ, դու ի՞նչ ես ցանկանում։ Միամի՛տ կաց, երբ որ մենք մարդու կգնանք, երբ որ կուզենք մեր ընտրածներին, խոստանում ենք, որ այն ժամանակ կաշխատենք, որ քեզ տանք սուլթանի ձիապաններից մեկին կամ նրանց նման մի ծառայի՝ նրա համար, որ մեզանից մոտիկ ապրես։ Հապա ի՛նքդ ասա, տեսնենք՝ դու ինքդ ի՞նչ մտքի ես, ո՞ւմ ես ուզում։

Փոքրիկ քույրը, ամոթխածությունից շփոթվելով, պատասխանեց մի այնպիսի դողդողացող ու քնքուշ ձայնով, ինչպես բարակ վտակի խոխոջալն է լինում, և ասաց.

Ո՛վ քույրեր։ Էլ ոչինչ չկարողացավ ասել։

Քույրերը, ծիծաղելով նրա ամոթխածության վրա, թափեցին նրա վրա զանազան հարցումներ ու կատակներ և վերջապես հարկադրեցին նրան՝ ասելու իր ցանկությունը։ Նա էլ, առանց աչքերը բարձրացնելու, ասաց.

Ո՛վ իմ քույրեր, ես կցանկանայի մեր տեր սուլթանի կինը լինել։ Ես կտայի նրան մի օրհնաբանյալ սերունդ։ Մեր ամուսնությունից ծնված արու զավակները իրանց հորն արժանի որդիք կլինեին։ Իսկ աղջիկս, որ կուզեի ունենալ, նման կլիներ երկնքի ժպտին. նրա մազերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդառնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։

Ահա՛ բոլորը։

Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բոլորը։ Բայց չուզենալով, որ իրանց նկատեն, ընդհատեցին իրանց ականջ դնելը և շուտով հեռացան։

Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջկերքը և, իր մտադրությունը չհայտնելով իր ուղեկցին, հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանե պալատը։ Վեզիրը պատասխանեց, որ լսում է և կհնազանդի, և մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրերին տարավ պալատ։

Սուլթանը, գահի վրա նստած, գլխով ու աչքով արավ՝ ասելով.

Մո՛տ եկեք։

Եվ մոտեցան նրանք՝ բոլոր մարմնով դողալով և մըճըճվելով իրանց աղքատիկ քաթանի շորերի մեջ, իսկ սուլթանը ասաց նրանց՝ բարեհոգությամբ ժպտալով.

Ողջո՛ւյն ձեզ, ո՜վ ջահել աղջկերք, այսօր բացվել է ձեր բախտը, և կկատարվի ձեր ցանկությունը, իսկ ձեր ցանկությունը ինձ արդեն հայտնի է, որովհետև թագավորներն ամեն ինչ իմանում են։ Ամենից առաջ կկատարվի ամենից մեծիդ ցանկությունը. այսօրևեթ դու կամուսնանաս իմ ավագ գաթաջու հետ։ Իսկ դու, երկրո՛րդ, կամուսնանաս իմ ավագ խոհարարի հետ։ Այս ասելուց հետո թագավորը կանգ առավ և հետո դարձավ կրտսերին, որ, սաստիկ շփոթվելուց, քիչ էր մնում սիրտը գնա և վայր ընկնի գորգերի վրա։ Թագավորը կանգնեց ջուխտ ոտքի վրա և, բռնելով նրա ձեռքը, նստեցրեց իր կողքին գահի վրա և ասաց.

Դու թագուհի ես, այս պալատը քո ապարանքն է, իսկ ես քո ամուսինդ եմ։

Երեք քույրերի էլ հարսանիքը հենց նույն օրը կատարեցին, թագուհու հարսանիքը՝ մի չլսված փառավորությունով, իսկ մյուսներինը՝ սովորական կերպով, ինչպես կատարում են հասարակ մարդիկ։ Այս պատճառով մեծ քույրերը սաստիկ նախանձեցին և մտքներումը դրին իրանց փոքր քրոջը մի փորձանքի բերել։ Բայց իրանց այդ չար միտքը ամենայն զգուշությամբ ծածուկ էին պահում և երեսանց շնորհակալությամբ էին ընդունում իրանց թագուհի քրոջ ընդունելությունը, որ նա անում էր իր քույրերին, չնայած իրանց ստոր վիճակին։ Փոխանակ բավականանալու այն բախտից, որով բախտավորվել էին իրանք՝ նայելով իրանց քրոջ բարձր վիճակին, չարաչար տանջվում էին նախանձից ու ատելությունից։

Եվ այս կերպով անցավ ինն ամիս։ Ինն ամսի վերջում թագուհին մի որդի ծնեց՝ գեղեցիկ, ինչպես նորածին լուսին։ Մեծ քույրերը, որոնք սուլթանի խնդիրքով ներկա էին նրա երկունքի ժամանակ և մանկաբարձուհու պաշտոն էին կատարում, ոչ մի գթաշարժություն չունեցան դեպի քույրը և ո՛չ հափշտակվեցին նորածնի գեղեցկությունովը, այլ՝ հնար մտածեցին խորտակելու մատաղահաս մոր սիրտը։ Նրանք իսկույնևեթ վերցրին նորածին մանուկը, դրին մի փոքր զամբյուղի մեջ ու թաքցրին միառժամանակ, իսկ նրա տեղը դրին մի սատկած շան լակոտ և, ցույց տալով բոլոր պալատական կիներին, հավատացրին նրանց, որ շան լակոտը սուլթանուհու ծնածն է։ Այս լուրը երբ որ հասավ Խոսրով-շահ սուլթանի ականջը՝ նրա աչքերը մթնեցին, նա ընկավ խոր տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Աուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ, ու սիրտը կոտրվեց։

Իսկ ինչ վերաբերում է նորածնին, նրան մեր մորաքույրները զամբյուղի մեջ պնդացրին և ձգեցին ջրանցքի մեջ, որ հոսում էր ապարանքի մոտովը։ Բայց հենց ա՛յդ ժամանակ, բախտի բերմունքով, սուլթանի այգիների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա մի կռեչանով դուրս է քաշում զամբյուղը, բաց է անում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Եվ զարմանում է նա, ինչպես զարմանում է փարավոնի աղջիկը, երբ Մովսեսին գտնում են եղեգնուտումը։

Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ՝ երկու-երեք երեխա, որ օրհնեին իրանց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն էլ շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով, վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր իրա տունը և, կնոջ սենյակը մտնելով, հուզված ձայնով ասաց նրան.

Խաղաղությո՜ւն քեզ, ո՛վ հորեղբորս աղջիկ։ Թող այս երեխան մեր որդին լինի, ինչպես բախտի տված զավակ։ Եվ պատմեց կնոջը, թե ինչպե՛ս էր գտել զամբյուղը։

Եվ կառավարիչը վերցրեց երեխային և սիրեց նրան։

Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և զրկել իր պտղից, լույս աշխարհք բերավ երկրորդ որդին, առավել ևս գեղեցիկ։ Սակայն երկու քույրերը հսկում էին՝ կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված, և առաջին անգամվա նման չխնայեցին իրանց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ ա՛յդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան ու շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած, անձնատուր կլիներ կատաղի զայրացման, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։

Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կառավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը։ Եվ ինչպես առաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին, և սկսեց նրան նույնպես մեծ հոգատարությամբ սնուցանել, ինչպես առաջինին։

Սուլթանուհին ծնավ երրորդ զավակը։ Իսկ նրա քույրերը, որոնց ատելությունը դեռ չէր բավականացած, շարունակում էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մտածել, և նորածին աղջկանը նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ սննդեց, դաստիարակեց։

Բայց այս անգամ, երբ քույրերը իրանց անելիքն անելով՝ նորածնի տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ զսպել բարկությունը և բացականչեց.

Աստված անիծում է իմ ցեղս այն կնոջ պատճառով, որի հետ ես ամուսնացա։ Ես ամուսնացել եմ իսկապես մի հրեշի հետ։ Միայն մա՛հը կարող է ազատել նրանից իմ բնակարանս։

Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր զինակրին, որ կատարի իր հրամանը։ Բայց երբ որ տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտը, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անցկացնի կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից է՛լ չուզեց տեսնել նրա երեսը։ Այնուհետև խեղճ կինը, խոր տխրության ու արտասուքի մեջ ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։

Իսկ քույրերը շատ ուրախացան, հագեցնելով իրանց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրանց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և համադամ խորտիկները։

Եվ օրերն ու տարիները անց էին կենում միատեսակ արագությամբ՝ թե՛ արդարների և թե՛ մեղավորների գլխովը, բերելով այն, ինչ որ վիճակված էր ամեն մեկին։

Եվ ահա, երբ որ կառավարչի որդեգրած երեխեքը երեքն էլ մտան պատանեկության հասակը, իրանց գեղեցկությունով սկսեցին կուրացնել բոլորի տեսությունը։

Եվ անվանում էին նրանցից մեկին Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը՝ Ֆարիզադա։

Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, մյուս կողմը՝ ոսկի։ Երբ որ նա լաց էր լինում՝ գետին ընկած արտասուքի կաթիլները դառնում էին մարգարտի հատիկներ, երբ որ ծիծաղում էր՝ նրա ծիծաղը հնչում էր ոսկի դինարների ձայնով։

Ահա՛ թե ինչու բոլոր նրան ճանաչողները, ինչպես և՝ հայրը, մայրը և եղբայրները, նրա անունը՝ «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։

Եվ ամենքը մնացել էին զարմացած նրա գեղեցկությանը, խելքին, հեզությանը, ճարպիկությանը, ինչպես նա էր պահում իրան ձիու վրա, ուղեկցելով եղբայրներին որսի գնալիս, նրա նետ ձգելը, նիզակ բանեցնելը։ Նա հիացնում էր իր վարմունքի վայելչությունովը, հյուսած շնորհալի ոտանավորներովը և հայտնի ու ծածուկ գիտությունների հմտությունովը և ճոխությունովը իր մազերի, որ մի կողմից ոսկի էին և մյուս կողմից՝ արծաթի։

Այսպես զարգանում էին թագավորական այգիների կառավարչի որդիները, իսկ ինքը՝ կառավարիչը, շրջապատված նրանց սիրովն ու հարգանքովը, խնդալով նրանց գեղեցկության վրա, շուտով հասավ խորին ծերության։ Իսկ իր ամուսինը, կյանքից իրան բաժին ընկած մասը լրացնելով, մեռավ իր ամուսնուց առաջ։ Նրա մահը բոլոր գերդաստանի համար պատճառ դարձավ տխրության ու կսկծի, այնպես որ կառավարիչն այլևս մնալ չուզեց նույն տանը, որտեղ հանգուցյալը ամենի համար խաղաղության ու երջանկության աղբյուր էր։ Գնաց սուլթանի ոտներն ընկավ և աղաչեց, որ ազատի իրան այն պաշտոնից, որ այնքա՜ն երկար տարիներ կատարել էր։ Սուլթանը տխրեց, որ պիտի բաժանվի իր հավատարիմ ծառայից, և ցավելով կատարեց նրա խնդիրը։ Արձակելով նրան, ընծայեց մի հոյակապ կալվածք՝ քաղաքից մոտիկ, ընդարձակ վարելահողերով, անտառներով, արոտատեղերով, ճոխ կահավորված ապարանքով, իրան՝ կառավարչի ձեռքով ճարտարությամբ տնկված այգիով և լայնարձակ ծառաստանով, շրջապատված բարձր պարիսպով, որի մեջ կենում էին ամեն գույնի թռչուններ և ընտանի ու վայրի կենդանիներ։

Ահա, այդ իսկ կալվածքը քաշվեց առաքինի ծերունին իր որդեգիրներով։ Այստեղ էլ նա մեռավ՝ շրջապատված իր որդեգիրների սիրովն ու հոգածություններովը։ Ոչ մի հարազատ հոր վրա այնպես սուգ չէին արել, ինչպես որ սուգ արին ծերունուն որդեգիրները։ Եվ տարավ իր հետ իր անդրդվելի գերեզմանաքարի տակը իր որդեգիրների ծննդյան գաղտնիքը, որ իրան էլ չէր հայտնի լրիվ։

Նրա հրաշալի կալվածքում շարունակեցին ապրել պատանիները և իրանց փոքրիկ քույրը։ Եվ որովհետև նրանց իմաստությամբ էին կրթել և պարզ ու հասարակ, այս պատճառով նրանք գոհ էին իրանց վիճակից և այլևս ոչինչ չէին ուզում, այլ միայն՝ ապրել խաղաղ ու սիրով։

Ֆարիդն ու Ֆարուզը հաճախ գնում էին որսի, անտառներ և դաշտեր՝ իրանց կալվածքի շրջապատներում։ Իսկ վարդաժպիտ Ֆարիզադան ամենքից շատ սիրում էր այգիներումն զբոսնել։ Եվ ահա մեկ օր էլ, երբ նա պատրաստվել էր գնալ զբոսանքի, ստրկուհիներն իմաց տվին, թե՝ մի անծանոթ պառավ, օրհնության կնիքը երեսին, խնդրում է, որ թույլ տա իրան մի ժամի չափ հանգստանալու այդ գեղեցիկ այգիների ստվերներում։ Իսկ Ֆարիզադան, որի սիրտը լիքն էր կարեկցությունով, ցանկացավ ինքն անձամբ ընդունել անծանոթ պառավին։ Նրան սիրով հյուրասիրեց, ուտեցրեց, խմեցրեց և տվավ նրան մի հախճապակյա մատուցարան՝ պատվական պտուղներով, թխվածքներով, չոր քաղցրավենիներով և հյութալից անուշեղեններով։ Հետո ման ածեց այգումը, իմանալով, որ միշտ օգտակար է փորձված մարդկանց հետ լինելը և իմաստուն խոսվածք լսելը։

Եվ զբոսնում էին նրանք այգումը միասին։

Վարդաժպիտ Ֆարիզադան բարի պառավին օգնում էր ման գալիս՝ բռնելով նրա կուռը։ Երբ որ հասավ ամենալավ ծառին՝ Ֆարիզադան պառավին նստեցրեց այդ ծառի ստվերումը։ Եվ խոսք խոսքից հետո վերջապես Ֆարիզադան հարցրեց պառավին, թե՝ նրան ինչպե՞ս են դուր գալիս այդ տեղերը, ու հավանո՞ւմ է արդյոք։

Այդ ժամանակ պառավը բավական երկար մտմտալուց հետո բարձրացրեց գլուխը և պատասխանեց.

Այո՛, իմ տիրուհիս, ես իմ բոլոր կյանքս անց եմ կացրել Ալլահի երկրների վրա շրջելով, և երբեք պատահած չէ ինձ, որ մի այսպիսի հիանալի տեղ հանգստանամ։ Բայց, ո՛վ իմ տիրուհիս, ինչպես երկրիս վրա միակ գեղեցկուհին դու ես որ կաս, և քեզ նման այլևս ոչ մեկը չկա, ինչպես արեգակն ու լուսինը միակն են երկնքումը, ես կցանկանայի, որ այս պատվական այգումը դու ունենայիր այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհիս երեսին և չունին իրանց նմանը։ Ահա՛ թե ինչ է պակաս այս այգում և ինչ կցանկանայի, որ սա ունենար։

Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս, և ասաց պառավին.

Ողորմա՛ծ եղիր, բարի մայր իմ, շո՛ւտ ասա ինձ, որ ես իմանամ՝ այդ ի՞նչ երեք անհամեմատ և ինձ անծանոթ բաներ են։

Պառավը պատասխանեց.

Ո՛վ իմ տիրուհիս, քո գթառատ սրտի հյուրասիրության համար՝ ինձ նման մի թափառական պառավի, էլ ինչո՞վ կարող եմ ցույց տալ իմ շնորհակալությունս, եթե ո՛չ հայտնելով քեզ, թե՝ ի՛նչ առարկաների մասին է խոսքս։

Եվ մի փոքր լռելուց հետո պառավն սկսեց.

Իմացած եղիր, ո՛վ իմ տիրուհիս, որ եթե իմ ասած բաներից առաջինը լիներ այս այգիներումը՝ բոլոր թռչունները կհավաքվեին այստեղ նրան տեսնելու համար, և ամենքը միաձայն կերգեին։ Նրա համար, որ բոլոր երգեցիկ թռչունները՝ սոխակները, սարյակները, արտույտները, տատրակները, սևակատարներն ու կարմրակատարները և աշխարհիս բոլոր անհամար թռչունները, խոստովանում են նրա գերազանցությունը և գեղեցկությունը։ Դա է, ո՛վ իմ տիրուհիս, Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։

Երկրորդ անհամեմատ առարկան, ո՛վ իմ տիրուհիս, եթե նա լիներ այս այգումը, այնուհետև քամին, որ ծառերին հարկադրում է երգել, կդադարեր, որ ինչ է՝ նրան լսեր, թառի, քնարի ու ջութակի լարերը կկտրվեին այստեղ բնակարաններումը։ Եվ այդ նրա համար, որ այդ ծառերին երգել հարկադրող քամին, թառը, քնարը և ջութակը, ո՛վ իմ տիրուհիս, խոստովանում են նրա կատարելությունը և գեղեցկությունը։ Դա է՝ Երգող Ծառը։ Ո՛չ զեփյուռը, որ քնքշությամբ խաղում է տերևների հետ, ո՛չ բազմաթել քնարները չեն կարող հնչեցնել այնպիսի քաղցր հնչյուններ, որ կարողանան համեմատվել այն խմբական ձայնին, որ առաջ է գալիս հազարավոր անտեսանելի բերաններից, որոնք պարունակվում են Երգող Ծառի տերևներում։

Իսկ երրորդը այդ աննման առարկաներից, ո՛վ իմ տիրուհիս, եթե լիներ այս այգիներումը, բոլոր ջրերը կանգ կառնեին, կկտրեին իրանց ձայնը, որ նայեն նրա վրա։ Եվ այդ նրա համար, որ ցամաքի ու ծովի բոլոր ջրերը՝ աղբյուրները, առվակները, վտակները, գետերը՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում, խոստովանում են նրա աննման գեղեցկությունը։ Դա է՝ Ոսկեցնցուղ Ջուրը։

Այո՛, ո՛վ իմ տիրուհի, այդ ջրի մի հատիկ կաթիլը եթե ձգենք դատարկ ավազանի մեջ՝ նա կուռչի, կփքվի և կսկսի խփել, ինչպես մի ոսկի խուրձ, և չի դադարեցնիլ իր ցայտյունը և երբեք էլ չի թափվիլ ավազանի ափերից։ Հենց որ լիքը լցվի ավազանը՝ այնպես էլ կմնա, թեև կշարունակի անդադար վեր ցատկել, ցնցղել իր ոսկեցնցուղ կաթիլները։

Այդ ոսկի ջրից, որ այնպես թափանցիկ է, ինչպես տոպազը, սիրում է հագեցնել իր ծարավը Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։ Այդ իսկ ոսկի ջրից սիրում են հագեցնել իրանց ծարավը երգող տերևներ ունեցող ծառի հազարավոր անտեսանելի բերանները։

Այս բոլորն ասելուց հետո պառավն ավելացրեց.

Ո՜վ իմ տիրուհիս, ո՜վ իմ արքայազնուհիս, եթե այս բոլոր հիանալի առարկաները գտնվեն քո այգումը, որքա՜ն կգովաբանվեր քո գեղեցկությունը, և մինչև ուր ասես, որ չտարածվեր քո աննմանության համբավը, ո՛վ իմ վարդագեղ և վարդաժպիտ տիրուհիս։

Երբ որ Ֆարիզադան իմացավ պառավի ասածները՝ իսկույն բացականչեց.

Ո՜վ օրհնյալ մայրիկս, ինչքա՜ն հիանալի են ասածներդ։ Բայց դու ինձ չասացիր, թե՝ որտե՛ղ են գտնվում այդ պատվական առարկաները։

Ո՜վ իմ տիրուհիս, այդ հրաշալիքները, որոնք արժանի են քո տեսությանը, գտնվում են միատեղ, Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Եթե նրանց բերելու համար ուղարկելու լինիս մեկին՝ կպատվիրես, որ նա այդ ճամփովը գնա քսան օր, քսանմեկերորդ օրը թող հարցնե առաջին պատահողին, թե՝ որտե՞ղ են Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Հանդիպած մարդը ցույց կտա անպատճառ նրանց տեղը։

Այս ասելուց հետո պառավը պինդ փաթաթվեց իր ծածկոցի մեջ և հեռացավ՝ շարունակելով մրմնջալ իր օրհնությունը։ Նա արդեն բավական հեռու էր, երբ Ֆարիզադան սթափվեց խոր մտածությունից, որի մեջ ընկղմել էր պառավն իր տված տեղեկությունովը անսովոր առարկաների մասին, և մեկ ուզեց ետ կանչել նրան կամ ի՛նքը վազել հետևիցը, որ ավելի ճիշտ տեղեկություն ստանա զարմանալի առարկաների տեղի մասին, և իմանա, թե ի՛նչ ձևով պետք է ձեռք բերել նրանց. բայց տեսնելով, որ ուշ է արդեն, նա սկսեց լավ միտը բերել պառավի խոսքը և լավ տեղավորել հիշողության մեջ, որ ոչինչ չմոռանա։ Իսկ նրա հոգու մեջ սկսեց սաստկանալ նույն հրաշալիքներին տիրանալու ցանկությունը, և ինչքան որ աշխատում էր նրանց մասին չմտածել, չէր կարողանում։ Շարունակ այն էր մտածում, թե՝ «Երանի՜ մեկ անգամ տեսնեի, որ է՛լ սրտումս դարդ չմնար»։

Եվ սկսեց թափառել իր այգու ճեմելիքներում և իր սիրած անկյուններում։ Բայց նրա աչքում այդ տեղերը կորցրել էին իրանց գրավչությունը և շատ ձանձրալի էին թվում։ Իսկ թռչունների երգեցողությունը, որով դիմավորում էին երգողներն իրանց տիրուհուն, միայն սաստկացնում էր նրա հոգու վիշտը։

Եվ վարդաժպիտ Ֆարիզադան տխրեց ու սկսեց արտասվել։ Եվ որքան առաջ էր քայլում և արցունք թափում, նույնքան տեղում ավազի վրա նրա արցունքի կաթիլները սառչում էին և դառնում մարգարտի հատիկներ։

* * *

Վերջապես Ֆարիզադայի եղբայրները վերադարձան որսատեղից և իրանց քրոջը չգտնելով հասմիկի հովանոցումը, ուր նա սովորություն ուներ սպասելու եղբայրների վերադարձին, նեղացան իրանց քրոջ այս անուշադրության համար և սկսեցին որոնել նրան այգումը։ Եվ տեսան ավազի վրա սառած, մարգարիտ դարձած նրա արցունքի կաթիլները և ասացին իրանք իրանց.

Ավա՜ղ, ինչքա՜ն տխրած պիտի լինի մեր քույրը, բայց ի՞նչ առիթ է ունեցել տխրելու, որ այսքան լաց է եղել։

Եվ գնացին նրանք իրանց քրոջ հետքովը և գտան նրան արտասվելիս ծառաստանի խորքումը։ Վազեցին մոտը և փայփայեցին՝ աշխատելով ուրախացնել նրան։

Եվ ասացին նրան.

Ո՜վ Ֆարիզադա, մեր սիրելի՛ քույր, ո՞ւր են քո ուրախության վարդերը և քո խնդության ոսկին։ Քույրի՛կ, պատասխանի՛ր։

Ո՜վ իմ եղբայրնե՜ր…

Բացականչեց Ֆարիզադան և լռեց։ Նա ամաչեց շարունակել իր ասելիքը։ Այս առաջին անգամն էր, որ նա մի բան պիտի խնդրեր եղբայրներից. դժվարանում էր ասել, բայց նրանք ստիպեցին, որ ասե։

Ո՛վ մեր սիրելի քույր, ասացին եղբայրները, այս ի՞նչ նոր զգացմունք է շփոթում քո հոգին. հայտնի՛ր մեզ քո վիշտը, եթե չես կասկածում մեր սիրո մեջ, որ ունենք դեպի քեզ։

Ֆարիզադան վճռեց վերջապես բանալ իր սիրտը և ասել նրանց.

Ո՜վ իմ եղբայրներս, ես այլևս չեմ սիրում իմ այգիներս…

Եվ սկսեց լաց լինել, և մարգարտի հատիկներ թափվեցին նրա աչքերից։ Եղբայրներն ականջ դրին նրան լուռ, տխրելով մի այսպիսի հայտնությունից, իսկ նա շարունակեց.

Ավա՜ղ, ես դադարեցի սիրել իմ այգիներս, որովհետև նրանցում չկա Խոսող Թռչունը, որ է՝ Հազարան Բուլբուլը, չկա Երգող Ծառը և ո՛չ Ոսկեցնցուղ Ջուրը։

Եվ հանկարծ այնպես ոգևորվեց Ֆարիզադան, որ առանց շունչ քաշելու պատմեց եղբայրներին բարի պառավի այցելությունը և նրա պատմածների մասին։

Եղբայրները, երբ որ լսեցին քրոջ ասածները՝ շատ զարմացան և ասացին նրան.

Սիրելի՛ քույրիկ, դու հանգիստ կաց և աչքերդ հովացրու։ Մենք այդ բոլոր առարկաները կբերենք քեզ համար, թեկուզ նրանք գտնվելիս լինեն Կաֆ սարի անմատչելի գագաթին։ Միայն դու ասա՛, ո՞ր կողմերում պիտի որոնել նրանց։

Եվ Ֆարիզադան, որ սաստիկ կարմրել էր իր առաջին ցանկությունը հայտնելու համար, բացատրեց մի առ մի, ինչ որ լսել էր բարի պառավից նույն առարկաների տեղի մասին, և ավելացրեց.

Ահա՛, այս է միայն իմ գիտցածս, սրանից ավելի ոչինչ չգիտեմ։

Եվ բացականչեցին երկու եղբայրները միասին.

Քույրի՛կ, մենք կերթանք որոնելու։

Իսկ քույրը երկյուղից գոչեց.

Ո՛չ, ո՛չ, մի՛ գնաք։

Ֆարիդը, որ մեծ եղբայրն էր, ասաց.

Սիրելի՛ քույրիկ, քո ցանկությունը մեզ համար մեր աչքից և գլխից ավելի է թանկ։ Ե՛ս եմ մեծ եղբայրդ, ես էլ՝ առաջինն եմ պարտավոր ինձ վրա առնել դրա հոգսը։ Իմ ձիուս թամքը դեռ չի վերցված, և նա կտանի ինձ առանց հոգնելու մինչև Հնդկաստանի սահմանը, այնտեղ, ուր գտնվում են քո ասած երեք հրաշալիքները։ Եվ ես կբերեմ այդ բաները։

Եվ դառնալով եղբորը՝ Ֆարուզին, ասաց.

Իսկ դու, սիրելի՛ եղբայր, կմնաս մեր քրոջ մոտ, որ նրան պահես։

Այս ասելուց հետո վազեց ձիու մոտ, ցատկեց վրան և, այնտեղից կռանալով՝ համբուրեց եղբորն ու քրոջը, որ արտասվալից աչքերով ասաց.

Մի՛ գնար այդ վտանգավոր ճամփով, իջի՛ր ձիուցդ։ Ես չեմ ուզի տեսնել ո՛չ Խոսող Թռչունը, ո՛չ Երգող Ծառը և ո՛չ էլ Ոսկեցնցուղ Ջուրը, միայն թե՝ չբաժանվիմ քեզանից և կարոտդ չքաշեմ։

Բայց Ֆարիդը էլի մեկ անգամ համբուրեց նրան և ասաց.

Սիրելի՛ քույրիկս, մի՛ վախենար, որովհետև իմ բացակայությունս երկար չի տևիլ, և Աստուծո օգնությունով՝ ինձ չի՛ պատահիլ ոչ մի դժբախտություն։ Բայց, այսուամենայնիվ, որպեսզի դու քեզ չտանջես անհանգստանալով, ես քեզ կտամ, ահա, իմ դանակը։

Եվ գոտկից հանեց այն դանակը, որի կոթը զարդարված էր քրոջ աչքերից առաջին անգամվա ընկած մարգարիտներով, տվավ նրան և ասաց.

Այս դանակս քեզ տեղեկություն կտա իմ մասին։ Ժամանակ առ ժամանակ կհանես պատյանից և կնայես սայրին։ Եթե սայրը մաքուր լինի, ինչպես հիմա է, այդ նշան կլինի, որ ես ողջ-առողջ եմ, իսկ եթե դժգունացած՝ իմացած լինիս, որ ինձ մի դժբախտություն է պատահել. իսկ եթե արյուն կաթի բերանից՝ կարող ես հավատալ, որ ես չկամ այլևս։

Ասաց, և չկամենալով այլևս ոչինչ լսել՝ ձին չափ գցեց այն ճամփովը, որ տանում էր դեպի Հնդկաստան։

Եվ գնաց նա քսան օր և քսան գիշեր անապատ տեղերով։ Իր ճամփորդության երորդ օրը հասավ մի լեռան ստորոտ, ուր կար ճոխ արոտամարգ և նրանում մի հատիկ ծառ։ Ծառի տակին նստած էր շատ զառամած մի ծեր կրոնավոր։ Նրա երեսը ծածկվել էր երկար մազերի և խիտ ունքերի մեջ։ Մորուքը շատ երկայն էր և սպիտակ, ինչպես նոր գզած բուրդը։ Ձեռներն ու ոտները չափից դուրս նիհար էին։ Ձեռքի ու ոտի եղունգները՝ շատ երկարած։ Ձախ ձեռքով նա գցում էր տերողորմյան (համրիչը), իսկ աջը պահած էր անշարժ՝ ճակատի բարձրության հավասար։ Այդ ծերունին, անշուշտ, մի ճգնավոր էր՝ աշխարհից հեռացած, ով գիտե, որքան ժամանակ առաջ։

Եվ որովհետև սա առաջին պատահած մարդն էր քսաներորդ օրում՝ սրա համար արքայազն Ֆարիդը իջավ ձիուց և, կապը բռնած, մոտեցավ կրոնավորին և ասաց նրան.

Ողջո՛ւյն քեզ, ո՜վ սուրբ մարդ։

Ծերունին պատասխանեց նույնպես ողջույնով, բայց նրա ձայնն այնպես էր խլացել խիտ ընչացքների ու մորուքի մեջ, որ Ֆարիդը ոչինչ չհասկացավ։

Այդ ժամանակ Ֆարիդը մտածեց, թե. «Ինչպե՞ս անեմ, ուրեմն, որ ես հասկանամ սրա ասածը, չէ՞ որ սրա տված հրահանգով պիտի շարունակեմ իմ ճանապարհորդությունս»։ Այսպես մտմտալով՝ իր մախաղից հանեց մի մկրատ և, մոտենալով ճգնավորին, ասաց.

Ո՛վ պատվարժան քեռի, թույլ տուր ինձ մի քիչ խնամք տանել քեզ վրա, քանի որ ինքդ, ընկղմված լինելով սուրբ մտքերի մեջ, ժամանակ չունիս ուշք դարձնելու քեզ վրա։ Եվ տեսնելով, որ ծերունին հակառակ չէ, Ֆարիդը սկսեց կարգի գցել նրա մորուքը, բեղերը, ունքերը, եղունգները, խուզելով ու կտրատելով նրանց ավելորդ երկարությունը, որով երիտասարդացրեց ծերունուն մի քսան տարով։

Այս ծառայությունն անելուց հետո սափրիչների սովորությունով ասաց.

Անո՜ւշ, անո՜ւշ, ցանկանամ զովություն և կենդանություն…

Երբ որ ծերունին թեթևացավ ավելորդ ծանրությունից՝ մեծ բավականություն զգաց և ժպիտ երևացրեց երեսին։ Եվ հետո էլ խոսեց մանկական ձայնից է՛լ ավելի պարզ ու մաքուր ձայնով և ասաց.

Թող օրհնություն իջնի քեզ վրա, ո՛վ իմ որդի, այն բարեգործությանդ համար, որ ցույց տվիր զառամած ծերունուս։ Ով կուզի լինիս, ո՛վ առաքինի ճամփորդ, ես պատրաստ եմ օգնելու քեզ իմ փորձովս և խորհրդովս։

Ֆարիդն շտապեց պատասխանել.

Ես եկել եմ հեռու կողմերից՝ որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Կարող չե՞ք ասել արդյոք՝ որտե՛ղ կարող եմ գտնել։ Կամ ի՞նչ գիտեք դուք դրանց մասին։

Այս խոսքերի վրա հուզմունքից ծերունին վայր գցեց ձեռքից համրիչը և ոչինչ չպատասխանեց։

Ֆարիդը հարցրեց.

Իմ բարի՛ քեռիս, ինչո՞ւ չեք խոսում։ Ես շտապում եմ, ձիս քրտնած է, կարող է մրսել։

Եվ կրոնավորը խոսեց վերջապես.

Իհա՛րկե, որդիս, ես գիտեմ, թե՝ որտե՛ղ են գտնվում քո որոնած բաները, և ճանապարհն էլ գիտեմ։ Բայց ես, որդյա՛կ իմ, քեզանից այս լավությունը տեսնելուց հետո ինչպե՞ս խորհուրդ տամ, որ գնաս և զարհուրելի վտանգների ենթարկես քեզ։ Ավելի լավ կանես, որդի՛ս, որ շտապես վերադառնալու կրկին քո երկիրդ։ Քանի՜ քանիսն են գնացել այս ճամփով՝ քեզ պես քաջ երիտասարդներ, բայց ո՛չ մեկը նրանցից չի վերադարձել։

Ֆարիդը, այդ խոսքերից չվհատվելով, ասաց.

Իմ բարի՛ քեռիս, դու միայն ցույց տուր ինձ իմ գնալիք ուղին, մնացածի մասին մի՛ անհանգստանար։ Աստված ինձ ձեռքեր է տվել, որոնք կարող են իրանց տիրոջը պաշտպանել։

Ծերունին, ձայնը երկարացնելով, հարցրեց.

Քո ձեռքերն ինչպե՞ս կազատեն քեզ Աներևույթից, որ ոչ մի ձեռք չի ընկնում, իսկ ինքն ունի հազար անգամ հազար ձեռքեր, որոնք գործում են առանց տեսնվելու։

Ֆարիդը, գլխովը բացասելով, պատասխանեց.

Պատվակա՛ն հայր։ Իմ ճակատագիրն ինձ հետ է կապված. եթե ես փախչեմ նրանից՝ նա կհետևի ինձ, իմ ստվերիս պես։ Ուրեմն, ասա՛ ինձ, որովհետև այդ քեզ հայտնի է, էլ ի՞նչ կարող եմ անել ես։ Քո խորհուրդով դու ինձ մեծ լավություն կանես։

Ծերունին, տեսնելով, որ երիտասարդը ետ չի կենալու իր մտադրությունից, ձեռքը գցեց իր գոտիկից կապած մախաղը (տոպրակը) և հանեց մի գրանիտե գնդակ։ Այս գնդակը տալով Ֆարիդին՝ ասաց.

Ահա՛ այս գնդակը կտանի քեզ քո ուզած տեղը։ Հեծի՛ր ձիդ և նետի՛ր գնդակը առջևդ։ Նա կգլորվի առաջիդ, հետևից կքշես ձիդ։ Եվ ուր որ գնդակը կանգ կառնի՝ այնտեղ դու էլ կիջնես, ձիդ կկապես գնդակից, որ կմնա անշարժ մինչև քո վերադարձը։ Իսկ դու կբարձրանաս այն սարը, որի գագաթը երևում է և այստեղից։ Սարը բարձրանալիս դու ամեն կողմում կտեսնես խոշոր սև-սև քարեր և կլսես ձայներ։ Այդ ձայները չեն լինիլ հեղեղներից, քամիներից, անդունդներից, այլ՝ կլինին աներևույթ ձայներ։ Նրանք կգոռան այնպիսի խոսքեր, որոնցից մարդու արյունը կսառչի երակներումը։ Դու պետք է ուշ չդարձնես, պետք է չլսես այդ ձայները, իսկ եթե վախենաս և ետ նայես՝ դու կդառնաս այն սև քարերից մեկը, որոնցով լիքն է սարի վերելքը։ Իսկ եթե չես լսիլ նրանց՝ կբարձրանաս սարի գագաթը, այնտեղ կտեսնես մի վանդակ, միջին թառած Խոսող Թռչունը։ Եվ կասես նրան. «Ողջո՜ւյն քեզ, ո՛վ Հազարան Բուլբուլ։ Որտե՞ղ է Երգող Ծառը, որտե՞ղ է Ոսկեցնցուղ Ջուրը»։ Խոսող Թռչունը կպատասխանի քեզ. «Բարո՛վ ես եկել…»։

Այս բոլորն ասելուց հետո ծերունի կրոնավորը խոր շունչ քաշեց և դրանից հետո լռեց։

Ֆարիդը ծերունու խրատը լսելուց հետո ձին հեծավ և բոլոր ուժով առաջ նետեց գրանիտե գնդակը և ձին հետևիցը քշեց։ Գրանիտե կարմիր գնդակը գլորվում էր թռչկոտալով։ Կանգ չառնելով ոչ մի խոչ և խութի առջև՝ Ֆարիդի ձին, որ մի կայծակ էր բոլոր ձիերի միջին, հազիվ էր կարողանում գնդակին հետևել։ Այսպես սրարշավ գնացին գնդակն ու ձին, մինչև դիպան սարի առաջին ժայռին։ Այստեղ հանգիստ առավ գնդակը։

Ֆարիդն իջավ ձիուցը և սանձը կապեց գնդակից, ինչպես ասել էր ծերունին։ Ձին կանգ առավ այնտեղ մեխվածի պես, իսկ ինքը սկսեց բարձրանալ սարնիվեր։ Սկզբում ոչինչ չէր տեսնում, բայց քանի վերև գնաց, այնքան ավելացան գետնին փռված սև-սև քարերը։ Ֆարիդը չէր իմանում, որ դրանք իր նման երիտասարդներ են եղել և այդտեղ են քար դարձել մի աներևույթ զորության ազդեցությամբ։ Այդ քարերի մոտով բարձրանալիս հանկարծ մի այնպիսի ձայն լսեց, որի նմանը նա չէր լսած իր կյանքումը։ Առաջին գոչյունին հետևեցին այս ու այն կողմից զանազան աղաղակներ, որոնք նմանություն չունեին երկրային աղաղակներին։

Այդ գոռուն-գոչյունը, ինչպես ասել էր ծերունին, նման չէին անապատում փչող հողմերին, նման չէին անդունդներ թափվող ջրվեժներին, նման չէին սելավներից առաջացած, լեռների գագաթներից հոսող ջրհեղեղներին, որոնց և մեն մի կաթիլը և մեն մի ալիքը իր սեփական ձայնն ունի, և բոլորը լինում է բյուրավոր ձայների մի խառնուրդ։ Այդ ձայներն աներևույթ ձայներ էին։ Նրանցից շատերը հարցնում էին. «Ի՞նչ ես ուզում»։ Մյուսները. «Բռնեցե՛ք դրան։ Սպանեցե՛ք։ Գցեցե՛ք անդունդը»։ Շատերն էլ ծաղրում էին. «Հո՜, հո՜, հո՜… հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ…»։ Փաղաքշում էլ էին՝ ասելով. «Ի՜նչ սիրուն երիտասարդ ես, ե՛կ մեզ մոտ, ե՛կ մեզ մոտ…»։

Բայց Ֆարիդը, ուշ չդարձնելով այդ ձայների վրա, շարունակում էր վեր բարձրանալ։ Իսկ ձայներն ավելանում էին և զարհուրելի դառնում։ Երբեմն գոչողների շունչը դիպչում էր նրա երեսին, և այնքան սոսկալի կերպով էին որոտում աջից ու ձախից, առջևից ու քամակից, այնքան սպառնալից և համառ էր նրանց գոչը, որ Ֆարիդը դողում էր ակամա։ Մոռանալով ծերունու խրատը՝ նա մի զորեղ և հանկարծական գոռոցի ազդեցությամբ ետ շրջվեց։ Այդ իսկ վայրկյանին մի սոսկալի ոռնոց բարձրացավ հազարավոր ձայներից, իսկ դրանից հետո տիրեց խորին լռություն։ Արքայազն Ֆարիդը դարձավ մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում ձին էլ դարձավ մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը ետ դարձավ՝ գլորվելով ծերունու մոտ։

Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը Ֆարիզադան, ըստ սովորության, հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և, նայելով վրան, երեսի գույնը նետեց՝ տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը գունատվել ու ժանգոտվել է։ Եվ սկսեց ողբալով գոչել.

Ա՜խ, իմ սիրելի՛ եղբայր, հիմա որտե՞ղ ես, արդյոք ի՞նչ պատահեց քեզ։ Վա՛յ ինձ, ինչո՞ւ թույլ տվի ես քեզ։ Ավա՜ղ, ինչքան թշվառ եմ ես և որքան ատելի այսուհետև իմ աչքում։

Քրոջ լաց ու կոծին վրա հասավ երկրորդ եղբայրը՝ Ֆարուզը, և սկսեց մխիթարել և հուսադրել։ Վերջումն ասաց.

Քույրի՛կ, ճակատագրից կարելի չէ փախչել. ինչ պատահել է, պետք է պատահեր, որտեղ և լիներ նա։ Բայց հիմա ես պիտի գնամ և հասնեմ եղբորս օգնության, միևնույն ժամանակ կաշխատեմ բերել քո ուզած առարկաները։

Ֆարիզադան աղաչելով ասաց.

Ո՛չ, ո՛չ, մի՛ գնար, եթե նրա համար ես գնում, որ իմ անարգ հոգու ցանկացածը բերես։ Ես չեմ ուզում ոչինչ։ Սիրելի՛ եղբայր, եթե քեզ հետ էլ պատահի մի փորձանք՝ ես կսկծից կմեռնեմ։

Բայց քրոջ լացն ու աղաչանքը ետ չկասեցրին եղբորը։ Նա հեծավ ձին՝ մնաս բարով ասելով քրոջը, և տվավ նրան մի մարգարտյա մանյակ։ Այդ մարգարիտները Ֆարիզադայի մանկության երկրորդ լացից գոյացած մարգարիտներն էին։ Մանյակը տալով քրոջը՝ ասաց.

Երբ որ դրա հատիկները չշարժին քո մատներիդ տակ և միմյանց զարնվելով ձայն չհանեն, այդ կնշանակե, որ իմ մարմնի անդամները նույնպես անշարժացել են, էլ իմ մեջ կենդանություն չկա։

Սաստիկ տխրած Ֆարիզադան, գգվելով եղբորը, ասաց.

Իմ սիրելի՛ եղբայր, թող Աստված քեզ պահպանի ամեն չարից ու փորձանքից։ Տա՛ Աստված, որ վերադառնաս մեր մեծ եղբոր հետ միասին։

Ֆարուզը, հետևելով եղբորը, գնաց նույն ճամփովը և քսաներորդ օրը հասավ նույն ծերունի կրոնավորին, որին գտավ նույն ծառի տակ նստած և նույն դիրքով, ինչպես տեսել էր Ֆարիդը, այսինքն՝ ձախ ձեռքին համրիչը, իսկ աջը վեր բարձրացրած և ցուցամատը ցցած առանձին։

Սովորական ողջույնից հետո, երբ Ֆարուզը հայտնեց եղբոր հետ պատահած աղետը և իր գալու նպատակը, ծերունին սրան էլ հորդորեց, որ ետ կանգնի իր մտադրությունից, բայց, տեսնելով, որ չի համոզվում, նրան տվավ գրանիտե գնդակը, որով հասավ աղետավոր սարի ստորոտը, ուր ձին գնդակից կապելով՝ ինքն սկսեց սարնիվեր բարձրանալ։

Ֆարուզը, գնալով նույն ճամփով, որով գնացել էր եղբայրը, ենթարկվելով միևնույն ձայներին, շատ պինդ էր պահում իրան, բայց կես ճամփին հետևից լսեց հանկարծ.

Եղբա՛յր իմ, սիրելի՛ եղբայր, մի՛ փախչիր ինձնից։ Այս ձայնից ահա՛ խաբվեց Ֆարուզը, կարծելով, թե իր եղբայրն է կանչողը, ետ նայեց և իսկույն դարձավ նույն բազալտի ժայռը, ինչ որ իր եղբայրը։ Ձին էլ նույնպես քարացավ, իսկ գնդակը, գլորվելով, լուրը հասցրեց ծերունուն։

Ֆարիզադան ձեռքիցը չէր հեռացնում եղբոր տված մանյակը, համրիչի պես ձեռքումն էր պահում գիշեր-ցերեկ։ Մեկ էլ հանկարծ զգաց, որ հատիկները չեն շարժվում այլևս, այլ՝ կպել են իրարից, էլ չեն պոկվում։

Ո՜հ, իմ խե՜ղճ եղբայրներս, զոհեցի ձեզ իմ հիմար քմահաճույքիս համար։ Ես կգամ ձեզ մոտ և ձեր բախտին վիճակակից կլինիմ։

Եվ, զսպելով իր մեջ կանացի քնքշությունը, հագավ տղամարդ ձիավորի հագուստ, զենք ու զրահ և գնաց եղբայրների գնացած ճամփով, մինչև հասավ ծանոթ ծերունուն, ուր և կանգ առավ։

Մեծ պատկառանքով ողջունեց ծերունուն և ասաց.

Ո՛վ սուրբ ծերունի, հա՛յր իմ, քեզ չե՞ն հանդիպել արդյոք սրանից քսան օր առաջ երկու երիտասարդ ձիավորներ, որոնք գնում էին որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։

Ծերունին պատասխանեց.

Ո՛վ իմ տիրուհիս, ո՛վ վարդաժպիտ Ֆարիզադա, ես տեսա նրանց և հրահանգներ տվի։ Եվ ավա՜ղ։ Նրանց էլ, ինչպես նրանցից առաջ շատերին, կանգնեցրեց ճամփին Աներևույթը։

Ֆարիզադան, լսելով, որ իր անունը տալիս է սուրբ ծերունին, շատ շփոթվեց, իսկ ծերունին ասաց նրան.

Ո՛վ պատվական օրիորդ, քեզ չեն խաբել նրանք, որոնք պատմել են երեք հրաշալի առարկաների մասին, որոնց հետևից գնացել և մահու են տվել իրանց գլուխները շատ թագավորազներ և իշխանազներ, բայց քեզ պատմողները լռել են այն վտանգների մասին, որոնց ենթարկվում են նրանց որոնողները։

Եվ պատմեց, թե ի՛նչ վտանգներ կան նրա առջև, եթե ուզում է որոնել իր եղբայրներին և այն երեք հրաշալիքները։ Եվ Ֆարիզադան ասաց նրան.

Ո՛վ սուրբ հայր, հոգիս շփոթված է քո խոսքերից, երկչոտությունը հեշտությամբ է տիրում նրան։ Բայց ինչպե՞ս կարող եմ ետ կենալ, քանի որ գործը վերաբերում է հարազատ եղբայրներիս փրկությանը։ Ո՛վ սուրբ հայր, լսի՛ր եղբայրասեր քրոջս աղաչանքին և հնար ցույց տուր՝ ազատելու եղբայրներիս կախարդական կապանքներից։

Ծերունին պատասխանեց.

Ո՛վ Ֆարիզադա, դուստր թագավորի, ահա՛ քեզ այս գրանիտե գնդակը, որ կտանի քեզ նրա հետքից։ Բայց դու նրանց ազատել կարող ես միայն այն ժամանակ, երբ կտիրանաս այն երեք հրաշալիքներին։

Եվ որովհետև դու քո կյանքը վտանգի ես ենթարկում միայն քո եղբայրներին ազատելու համար, և ոչ թե ձեռք բերելու անկարելին, սրա համար անկարելին կարող է դառնալ քո գերին։

Գիտցած լինիս, ո՛վ դուստր թագավորի, որ մարդու որդիներից ոչ մեկը կարող չէ դեմ կենալ Աներևույթի ձայների գոչյունին։ Այս պատճառով Աներևույթին հաղթելու համար հարկավոր է զինվել նրա դեմ վարպետությամբ, որի մեջ պետք է ամփոփված լինի մարդու հանճարը, խելքը, ճարտարությունն ու ճարպկությունը։ Այս մտքով հասկացված վարպետությունը կարող է հաղթել Աներևույթի բոլոր ուժերին։

Այս բոլորն ասելուց հետո ծերունին հանձնեց Ֆարիզադային գրանիտե գնդակը։ Հետո հանեց գոտկից մի փաթիլ բուրդ և ասաց.

Այս թեթև բրդի փաթիլով, ո՛վ Ֆարիզադա, դու կհաղթես Աներևույթի ուժերին։ Եվ ավելացրեց. Մոտեցրու ինձ գլխիդ թագը, ո՛վ Ֆարիզադա։ Եվ խոնարհեցրեց դեպի ծերունին նա իր գլուխը, որի մազերի կեսը ոսկի էին, մյուս կեսը՝ արծաթ։ Ծերունին ասաց. Թող մարդու աղջիկը այս մի փաթիլ բրդով հաղթահարե օդում թռչող բոլոր ուժերը և Աներևույթի բոլոր խարդավանքը։

Եվ բուրդը բաժանելով երկու մասի՝ նրանցով խցեց Ֆարիզադայի երկու ականջները, որ նա ոչ մի ձայն չլսի։ Ձեռքով նշան արավ, որ գնա։ Ֆարիզադան հեռացավ ծերունուց, վստահությամբ նետեց գնդակը և հետևից քշեց ձին։

Երբ որ հասավ լեռան ստորոտի ժայռերին և, ձին գնդակից կապելով, սկսեց վեր բարձրանալ, ձայներն սկսեցին ղողանջել նրա ոտների տակ՝ սև բազալտի ժայռիկների միջից, և մեծ հարայհրոց բարձրացրին, բայց այդ ահեղ որոտմունքները նրա ականջներին դիպչում էին իբրև մի չնչին ու անորոշ շշնջոց, կամ ինչպես հեռվից լսվող ճանճերի բզզոց, որ չէր կարող Ֆարիզադայի վրա որևէ երկյուղ ազդել։

Սրա համար էլ նա գլուխը քաշ գցած, հանգիստ սրտով բարձրանում էր դեպի վեր՝ խորդուբորդ քարքարուտներով և փշերով, չնայած իրա քնքուշ կազմվածքին և իրա սովոր լինելուն՝ ման գալու միայն ճեմելիքների մանրահատիկ ավազների վրա։ Առանց թուլանալու և հոգնելու նա վեր բարձրացավ և հասավ լեռան գագաթին, ուր նրա առջև բացվեց մի ընդարձակ սարահարթ։ Այդտեղ, այդ տափարակի կենտրոնում, նա տեսավ ոսկեղեն սյունից կախած մի ոսկի վանդակ։ Այդ վանդակումն էր թառած Խոսող Թռչունը։

Ֆարիզադան, տեսնելով, ուրախությունից կարծես թև առավ, վրա վազեց վանդակին և, բռնելով նրա օղակից, բացականչեց.

Թռչո՛ւն, թռչո՛ւն, ահա՛ բռնեցի քեզ, դու իմն ես, էլ չես ազատվիլ իմ ձեռից։

Սրանից հետո այլևս ավելորդ էր ականջների բուրդը, որ հանեց և հեռու նետեց իրանից։ Լռեցին բոլոր աղմկարար ձայները, և հերթը հասավ Խոսող Թռչունին, որ միայն նա՛ խոսի։

Եվ խոսեց, խոսեց Հազարան Բուլբուլը, ո՛չ հասարակ խոսքերով, այլ՝ երգելով երկրում չլսված քաղցր մեղեդիներով.

Ասա՛ ինձ, ասա, ո՛վ Ֆարիզադա,
Որ ունիս ժպիտ վարդի նմանող,
Ես կարոտ էի քո տեսությանը,
Եվ շատ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ.

Մի՞թե կարող եմ քեզանից ազատվել.
Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՛վ արև, ո՛վ լուսին.
Լսե՛ք ինձ, ո՛վ երկինք, ո՛վ աստղեր…
Լսի՛ր ինձ և դու, ո՛վ Ֆարիզադա,
Թե ով ես ինքդ՝ այդ դու չգիտես,

Իսկ ես գիտեմ,
Գիտեմ, գիտեմ,
Շատ լավ գիտեմ,
Շատ լավ գիտեմ։

Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՛վ ցերեկ, ո՛վ գիշեր,
Լսեցե՛ք, ո՛վ լուսին, ո՛վ աստղեր։

Այսպես էր երգում Խոսող Թռչունը, որով հափշտակվեց Ֆարիզադան և իսպառ մոռացավ իր քաշած նեղությունները և, դառնալով թռչունին, ասաց.

Ո՛վ Հազարան Բուլբուլ, ո՛վ դու օդային հրաշալիք, ուրեմն, այսուհետև դու իմն ես, իմ սեփական թռչունը, խո՞սք ես տալիս հաստատ։

Այո՛, ասում եմ, ո՛վ Ֆարիզադա։

Ես քո ծառան եմ, ես քո ստրուկը։

Հրամայի՛ր ինձ, ո՛վ Ֆարիզադա, պատրաստ եմ ահա քեզ ծառայելու։

Վկա՛ եղեք,
Սարեր, դաշտեր,
Մթին ձորեր,
Խիտ անտառներ։

Ա՜խ, ա՜խ, ո՛վ ունքեր մութ գիշեր,
Ո՛վ աչեր վառ աստղեր…


Այդ ժամանակ Ֆարիզադան ասաց.

Շա՛տ լավ, ես հավատում եմ քեզ։ Դե հիմա ասա՛ ինձ, որտե՞ղ է Երգող Ծառը։

Հազարան Բուլբուլը երգելով հայտնեց, որ Երգող Ծառը երևում է արդեն սարի լանջի վրա։ Ֆարիզադան նայեց այն կողմը և տեսավ մի ծառ, այնպիսի հսկայական մեծության, որ նրա տակին կարող էր տեղավորվել զորքի մի ամբողջ բանակ։ Եվ ասաց մտքումը. «Մի՞թե կարելի է այս ահագին ծառը արմատից հանել և տեղափոխել իմ այգին»։ Բուլբուլը հասկացավ Ֆարիզադայի միտքը և ասաց նրան.

Ծառն ամբողջությամբ տեղափոխելու հարկ չկա. բավական է մի փոքր ոստիկ, որ կտրես նրանից ու տնկես քո այգում. նա կդառնա այս միևնույն հսկայական ծառը։

Ֆարիզադան գնաց ծառի մոտ և լսեց նրա երաժշտությունը, նրա քաղցր երգեցողությունը։ Ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական գավինը (лютня), ո՛չ սիրիական տավիղը (арфа), ո՛չ եգիպտական ջութակը՝ երբեք այնպիսի հնչյուններ չեն հանել, որ կարողանան հավասարվել այս երաժիշտ ծառի հազարավոր տերևներից հնչող խմբերգին։ Եվ Ֆարիզադան երբ որ ուշքի եկավ, երբ որ սթափվեց հափշտակությունից, որի մեջ ընկղմվել էր երաժշտության ազդեցությունից, Երգող Ծառից մի ոստիկ պոկեց և, դառնալով Բուլբուլին, հարցրեց, թե՝ որտե՛ղ է Ոսկեցնցուղ Ջուրը։

Խոսող Թռչունը ցույց տվավ նրա էլ տեղը, որ հեռու չէր։ Փիրուզի քնքուշ գույնով մի ժայռ կար այնտեղ, նրանից բխում էր մի աղբյուր, որ փայլում էր հալված ոսկու գույնով։ Բայց նա սառն էր, զովացուցիչ և այնպես վճիտ էր, այնպես պարզ, ինչպես ամենամաքուր հայելին։

Այսպես ահա, Ֆարիզադան երբ ձեռք բերավ բոլոր երեք հրաշալիքները, ինչպես պատվիրել էր ծերունին, ապա դարձավ Հազարան Բուլբուլին և ասաց.

Իմ ազնի՛վ թռչուն, ես ունեմ էլի մի խնդիրք, որ պիտի կատարես, որովհետև ես իսկապես հենց նրա՛ համար եմ եկել։ Եվ քեզ ձեռք բերելս էլ հենց դրա՛ համար է եղել, որովհետև միայն քեզանով կարող եմ հասնել ես իմ նպատակին։

Եվ Բուլբուլը պատասխանեց.

Ասա՛ ինձ, ո՛վ դուստր արքայի, ի՞նչ է ուզածդ. ինչ որ իմ կարողությունից վեր չէ, ես պատրաստ եմ կատարել։

Ֆարիզադան ասաց ողբաձայն.

Եղբայրնե՜րս, ազնի՛վ թռչուն, եղբայրնե՜րս… երևի քեզ արդեն հայտնի է…

Այս բանը լսելով՝ Հազարան Բուլբուլը մի քիչ շփոթվեց։ Նա իշխանություն և իրավունք չուներ խառնվելու Աներևույթի կատարած գործերի մեջ. նա ինքը եղել է միշտ նրա հլու հպատակը և նրանից է եղել կախված։ Բայց հետո մտածեց, որ ինքը հիմա էլ նրա ձեռին չէ։ Հիմա պետք է ծառայի իր նոր տիրուհուն և ինչ որ կարող է անել նրա համար, պետք է անի։ Այսպիսով, սիրտ առավ Բուլբուլը և ասաց երգելով.

Ո՛վ Ֆարիզադա, ո՛վ վարդաժպիտ,
Սրսկի՛ր ջրով, ջրով ու ջրով,
Այս Ոսկեցնցուղ Ջրով սրսկիր,
Բոլոր քարերը բազալտի նման՝
Ջահել մարդիկ են, սիրուն-աննման,
Սրսկի՛ր դրանց, ջրջըրի՛ ջրով.
Ամեն կաթիլը այս Ոսկեջրի
Անմահական է, արագ կյանք տվող,

Դրանով սրսկի՛ր, թող կենդանանան,
Թող երկար քնից զարթնեն, վեր կենան։
Ո՜վ իմ թանկագին արքայազնուհիս,
Կյա՛նք տուր քարերին, ջրով ու ջրով։
Ա՛խ, ա՛խ, հազա՛ր ախ,
Ո՜վ սիրուն գիշեր,
Ո՜վ վառ-վառ աստղեր…


Ֆարիզադան, մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը, մյուսում՝ ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի, վրան սրսկում էր ոսկեցնցուղ ջրից։ Քարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ո՛չ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։

Ֆարիդն ու Ֆարուզը, քարային քնից զարթնելով, մոտեցան իրանց քրոջը և գգվեցին նրան։ Մյուս զարթնածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադային և համբուրեցին նրա ձեռքը՝ հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին, այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։

Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե՝ ի՞նչ է նշանակում ծերունու անհայտանալը։

Խոսող թռչունը պատասխանեց, և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն.

Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։ Նա սովորեցրեց մարդկային աղջկանը, թե ինչպե՛ս պետք է բանեցնե նա բրդի փաթիլը, որով պիտի հաղթահարե չար ձայները, ատելությունը, ձանձրացնող շշուկները, որոնք վրդովում են մեր հոգին և չեն թույլ տալիս բարձրանալ դեպի գագաթները։ Նրա կոչումն էր աշխարհի մարդոցը սովորեցնել այս ճշմարտությունը, և ապա՝ վերանալ աշխարհից. և նա վերացավ։

Այսուհետև քո հոգին կփրկվի շատ չարից, որ միակ դժբախտացնողն է մարդոց, որովհետև դու սովորեցիր չարից փրկվելու հնարը, որ է՝ ամուր կամքով չարին չլսելը։ Դու զգացիր հոգու անդորրության նշանակությունը, և հենց ա՛յդ է միակ մայրը ամեն բախտավորության։

Այսպես ճառեց Խոսող Թռչունն այն իսկ տեղումը, ուր մի ժամանակ բարձրացած էր ծերունի կրոնավորի ծառը։ Եվ բոլորը հիացել էին Խոսող Թռչունի իմաստալից ճառը լսելով։

Ֆարիզադայի բոլոր ուղեկիցները շարունակեցին իրանց ճանապարհը՝ հետզհետե նվազելով։ Ամեն ոք հենց որ հասնում էր իր երկրի սահմանը՝ համբուրում էր Ֆարիզադայի ձեռքը և, բոլորին մնաս բարով ասելով, հեռանում։ Քսաներորդ օրը Ֆարիզադան ու իր եղբայրները, հրաշալի առարկաների հետ, ողջ-առողջ հասան իրանց տուն։

* * *

Տուն հասան թե չէ՝ Ֆարիզադայի առաջին գործն այն եղավ, որ Հազարան Բուլբուլի վանդակը կախեց այգու հովանոցներից մեկում, որն ամենից փառավորն էր և ծառայում էր իբրև խոսարան՝ պատվական հյուրերի համար։ Այդտեղ հենց որ ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը՝ այգեստանի բոլոր թռչունները մնացին ապուշ կտրած զարմանքից ու հիացմունքից, և կարծես խոսք մեկ արած՝ հավաքվեցին միասին և ամբողջ երամով եկան բարի գալուստ ասելու նորեկ հրաշալի հյուրին։ Սրանց մեջն էր և տեղացի սոխակը, որ նույնպես Բուլբուլ էր անվանվում, և մյուս թռչուններից՝ լորը, արտույտը, սարյակը, դեղձանիկը և մյուսները, որոնք քիչ թե շատ երգել գիտեին, ինչպիսիք էին և աղավնին, տատրակը, ագռավն ու կաչաղակը, մոշահավն ու ծիծեռնակը։ Սրանք բոլորն ամեն մեկն իր ձայնով, մի առանձին ներդաշնակությամբ սկսեցին ձայն պահել Հազարան Բուլբուլի բարձրաձայն երգին։ Սրանով նրանք բոլորը մի տեսակ խոնարհություն և հպատակություն էին ցույց տալիս Խոսող Թռչունին, և նա ավելի էր ոգևորվում և ցույց էր տալիս իր բոլոր շնորհքը։

Հովանոցի մոտն էր և մարմարիոնի ավազանը, որ Ֆարիզադայի համար հայելու պաշտոն էր կատարում. նա տեսնում էր իր պատկերը և վարսագեղ մազերը՝ կեսը ոսկի և կեսը արծաթի։ Այդ ավազանի մեջ կաթեցրեց Ոսկեցնցուղ Ջրից մի կաթիլ։ Ոսկե կաթիլն սկսեց քչքչալ, խոշորանալ և դառնալ մի ջրային խուրձ, որից, իբրև հազարավոր ծորակներից, վեր էին ցայտում ոսկի կաթիլները շատ բարձր և կրկին վայր թափվում ավազանի մեջ։ Ցայտող կաթիլներն այնքան պաղ էին, որ զովացնում էին տիրող անտանելի շոգն ու տոթը։

Հետո իր ձեռքով տնկեց Երգող Ծառի ոստը։ Փոքրիկ ճյուղն իսկույն արմատ բռնեց, աճեց, մեծացավ և դառավ մի հսկայական ծառ։ Եվ սկսեց ծառը նվագել այնպիսի եղանակներ, որ չէին կարող հնչել ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական վիները, ո՛չ սիրիական տավիղը և ո՛չ եգիպտական ջութակը։ Ծառի հազարավոր բերաններից բխող այս երկնային հնչյունները լսելու համար չորս կողմում տիրում էր խորին լռություն, մնջվում էին թռչունները, ջուրը կտրում էր իր խոխոջյունը, զեփյուռը ետ էր քաշում իր մետաքսե քնքուշ ծածկոցը, որ չդիպչի ոչ մի բանի։

Ֆարիզադան այլևս առիթ չուներ ո՛չ տխրելու և ո՛չ ձանձրանալու։ Նա սկսեց շարունակել իր սովորական տնային պարապմունքը, միշտ նստած Խոսող Թռչունի մոտ, որը նրան զբաղեցնում էր շատ իմաստալից և հետաքրքրական պատմություններով։ Նրա թողած պակասը լրացնում էին Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը, իսկ եղբայրները ցերեկն իրանց որսորդությունով էին պարապած, գիշերները վերադառնում էին տուն, ուրախ ժամանակ անցկացնում իրանց քրոջ հետ։

Մեկ անգամ էլ, ահա, երբ Ֆարիդն ու Ֆարուզն անցնում էին մի նեղ ձորակով, որից չէր կարելի շեղվել ո՛չ աջ և ո՛չ ձախ, դեմ առ դեմ հանդիպեցին սուլթանին, որ իր մարդկանցով եկել էր նույնպես որսորդության։ Եղբայրներն իջան ձիերից և ծունկ չոքեցին թագավորի առջև, գլուխները խոնարհած մինչև գետին։ Սուլթանը շատ զարմացավ՝ տեսնելով այն անտառում նրանց այնքան ճոխ հագնված, որ կարծես իր շքախմբից լինեին։ Նա ուզեց տեսնել նրանց երեսները, հրամայեց վեր կենալ։ Եղբայրները վեր կացան և թագավորի առջև կանգնեցին, պահպանելով իրանց արժանապատվությունը և խորին հարգանքը դեպի թագավորը, որ, հափշտակված նրանց վայելչակազմ գեղեցկությունով, երկար ժամանակ զննեց նրանց ոտից մինչև գլուխ։ Հետո հարցրեց նրանց, թե՝ ովքեր են և որտեղ են կենում։ Նրա սիրտը հուզվում էր ու մի առանձին ձգողությամբ քաշվում դեպի նրանց, ինչպես դեպի իր հարազատներին։

Եղբայրները պատասխանեցին.

Ո՛վ արքա ժամանակների, մենք քո հանգուցյալ ստրուկի որդիքն ենք, քո ծառայի, որ կառավարում էր քո արքայական այգիները։ Այստեղից հեռու չէ մեր բնակարանը, որ քո առատաձեռնության պտուղն է, դո՛ւ ես ընծայել մեր հորը։

Սուլթանը շատ ուրախացավ, որ ծանոթացավ իր նախկին հավատարիմ ծառայի որդոց հետ, միայն զարմացավ, որ մինչև հիմա նրանք չեն հայտնվել իր պալատում և չեն գտնվում իր շքախմբի մեջ։ Եվ երբ որ հարցրեց այս մասին՝ նրանք պատասխանեցին.

Ո՛վ ժամանակների թագավոր, ների՛ր մեզ, որ մինչև հիմա չենք մտել քո մեծահոգի բազուկներիդ պաշտպանության տակ. դրա պատճառն այն է, որ մենք մեզանից փոքր մի քույր ունինք, որի պահպանության հոգսը մեզ վրա է գցել մեր հայրը իր մահից առաջ. մենք էլ պահպանում ենք այնպիսի սիրով, որ չենք կարող բաժանվել նրանից։

Թագավորը շատ զգացվեց սրանց եղբայրական սիրուց և ավելի ուրախացավ, որ հանդիպեց սրանց, և ասաց ինքն իրան. «Երբեք չեմ կարծել, որ իմ թագավորության մեջ կարող են երկու հոգի լինել այսքան գեղեցիկ ամեն կողմով և ազատ սնափառությունից»։ Եվ մի առանձին բաղձանքով ուզեց այցելել նրանց տունը և ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ և հագեցնել աչքերը նրանց քաղցր տեսությունով։ Իր այս ցանկությունը սուլթանը հայտնեց եղբայրներին, որոնք շատ ուրախացան և շտապեցին լինել նրա ուղեկիցը։ Ֆարիդը նրանցից շուտ գնաց տուն, որ նախապատրաստե քրոջը։

Ֆարիզադան, սովոր չլինելով սուլթանի չափ մեծ հյուր ընդունելու, մնացել էր շվարած և չգիտեր ինչ աներ։ Իսկույն մտածեց դիմել իր խորհրդակցին՝ Խոսող Թռչունին, և ասաց նրան.

Ո՛վ Հազարան Բուլբուլ, սուլթանն ուզում է գալ մեր տուն, որ մեծ պատիվ է մեզ համար, և մենք պետք է հյուրասիրենք նրան իր մեծության համեմատ։ Սովորեցրո՛ւ ինձ, ինչպե՞ս պիտի անենք, որ նա բավական մնա մեզանից։

Բուլբուլը պատասխանեց.

Ո՛վ իմ տիրուհիս, չարժե խոհարարուհուդ հրամայել, որ բազմատեսակ կերակուր պատրաստե, որովհետև այսօր թագավորին կարող է դուր գալ միայն մեկ տեսակ կերակուր, նրանով էլ պետք է հյուրասիրել։ Այդ կերակուրը պետք է պատրաստած լինի բորինջանով, մեջը լցրած մարգարիտով…

Ֆարիզադան զարմացավ, և կարծելով, որ թռչունը սխալ է հասկացել բանը, ասաց նրան.

Թռչո՛ւն, թռչո՛ւն, այդ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարելի է մարգարիտ լցնել բորինջանի մեջ, այդ տեսակ կերակուր չի լսված։ Եթե թագավորը մեզ պատիվ է անում և ուզում է մեզ մոտ ճաշել, այդ կնշանակե, որ նա ուտել է ուզում և ո՛չ կուլ տալ մարգարիտի հատիկներ։ Դու երևի ուզեցիր ասել՝ «բորինջան, բրնձով լցրած»։

Բայց Խոսող Թռչունը բացականչեց.

Ամենևին ո՛չ, ամենևին ո՛չ, լցրած պետք է լինի մարգարիտ, և ո՛չ բրինձ, բրի՜նձ, բրի՜նձ, բրի՜նձ…

Ֆարիզադան, որ ամեն բանում հավատում էր Խոսող Թռչունին, շուտով պատվիրեց պառավ խոհարարուհուն, որ մի պնակ բորինջան եփե՝ մեջը լցրած մարգարիտի հատիկներով, որ ուներ մեծ քանակությամբ…

Մինչ այդ, սուլթանն էլ եկավ՝ Ֆարուզի ուղեկցությամբ։ Ֆարիդը այգու դռանը ընդունեց թագավորին, բռնելով ասպանդակը, իջեցրեց ձիուց։ Իսկ Ֆարիզադան, Բուլբուլի խորհրդով, երեսը քողով ծածկեց և այդպես մոտեցավ ու համբուրեց սուլթանի ձեռքը։ Սուլթանը շատ զգացված էր նրա սիրալիր ընդունելությունից և այն մաքրությունից, որ բուրում էր նրանից, իբրև թարմ հասմիկից, և հիշելով իր անզավակությունը ծերության հասակում՝ արտասուք երևաց աչքերում։ Հետո, օրհնելով Ֆարիզադային՝ ասաց.

Նա, ով որ իրանից հետո թողնում է հետնորդներ, չի մեռնում, այլ՝ անմահանում է։ Ձեր հայրը մեռած չէ, այլ՝ կենդանի է դեռ, քանի որ ունի ձեզ պես զավակներ։ Ապրի՛ս, զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ, որ մեզ ազատե արևի շոգից։

Ֆարիզադան և իր եղբայրները սուլթանին տարան Երգող Ծառի մոտ, Ոսկեցնցուղ Ջրի ավազանի ափը, որի մոտ էր և Խոսող Թռչունի զրուցարան-հովանոցը, ուր և բազմեցրին նրան։ Մի րոպե կանգ առավ նա ավազանի մոտ և, նայելով ոսկեցնցուղ խուրձից վեր ցայտող պաղ ջրի կաթիլներին՝ բացականչեց.

Ի՜նչ հրաշալի ջուր է, ինչքա՜ն դուրեկան է նայելը։

Հենց այդ միջոցին լսեց և Երգող Ծառի խմբերգը և հոգով ու մտքով հափշտակվեց նրա երկնային նվագից։ Բայց հենց որ մտավ հովանոցը, ուր կախված էր Հազարան Բուլբուլի ոսկի վանդակը, տիրեց խորին լռություն, կարծես համրացավ ամբողջ այգին։ Այդ ժամանակ, ահա, ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը և սկսեց երգելով ասել.

Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,
Բարո՜վ, բարո՜վ,
Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,
Բարո՜վ, բարո՜վ։


Հենց որ Խոսող Թռչունը բարի գալուստ մաղթեց, այգու բոլոր թռչունները արձագանք տվին նրան՝ ասելով.

Բարո՜վ եկար, բարո՜վ, բարո՜վ։


Սուլթանն այս բոլոր հրաշալիքների ազդեցության տակ սկսեց բացականչել.

Սա՛ է երջանկության տունը, այստեղ մարդ ո՛չ կհիվանդանա, ո՛չ կծերանա և ո՛չ կմեռնի։ Սա՛ է երկրային դրախտը։ Ես իմ թագավորությունս կտայի այստեղ ձեզ հետ ապրելու համար։

Եվ երբ որ հարցրեց նա եղած հրաշալիքների մասին՝ նրան ցույց տվին Երգող Ծառը և Խոսող Թռչունը։ Եվ Ֆարիզադան ասաց.

Սրանց բոլորի մասին ես կպատմեմ, երբ կհանգստանա մեր տեր թագավորը։ Այս ասելուց հետո Ֆարիզադան գնաց բերելու եփած բորինջանը մի պնակով և դրավ թագավորի առջևը։

Սուլթանը, որ այդ կերակուրը շատ էր սիրում, զարմացավ, որ իր սիրած կերակուրը մոտ բերին։ Բայց նրա զարմանքը ավելի սաստկացավ, երբ նկատեց, որ բորինջանը մարգարիտով էր լցված, որ չէր կարելի ուտել։ Եվ ասաց նա Ֆարիզադային.

Երդվում եմ կյանքովս, որ այսպես բան չեմ տեսած ես։ Այս ի՞նչ նոր տեսակ կերակուր է։ Վաղո՞ւց է, ինչ որ մարգարիտը բռնում է բրնձի և պիստակի տեղը։

Եվ մինչդեռ ամենքն էլ լռել էին և չգիտեին ինչ պատասխանել սուլթանին, Խոսող Թռչունը ձայնը բարձրացրեց և ասաց.

Ո՜վ մեր Խոսրով-շահ, դուք զարմանում եք, որ այդպես կերակուր լինել չի՞ կարող, հապա ինչո՞ւ չզարմացաք, ինչո՞ւ հավատացիք, որ Պարսկաստանի թագուհին կարող է, փոխանակ չնաշխարհիկ զավակների՝ տալ, ով գիտե, ի՛նչ տեսակ կենդանիներ։ Հիշիր, ո՛վ Խոսրով-շահ, այն խոսքերը, որ լսեցիր մի երեկո. երեք քույրերից փոքրի ասածը, թե. «Ո՛վ իմ քույրեր, երբ որ ես դառնամ սուլթանի ամուսինը՝ մենք կունենանք զավակներ, որովհետև որդիքս ամեն բանով արժանի կլինին իրանց հորը, իսկ աղջիկս կլինի երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմինը կլինի ոսկի, մյուս կողմինը՝ արծաթի. նրա արցունքը, երբ լաց լինի, կդառնա մարգարիտի հատիկներ, ծիծաղը՝ ոսկի դրամներ, իսկ ժպիտը՝ նորափթիթ վարդեր»։

Սուլթանը, հիշելով Բուլբուլի ասածները, գլուխը բռնեց երկու ձեռքով և սկսեց հեկեկալ։ Բայց Բուլբուլը շուտով հանեց նրան տխրությունից, ասելով.

Ո՛վ Ֆարիզադա, քողը հեռացրո՛ւ երեսիցդ, թող հայրդ տեսնի երեսդ….

Ֆարիզադան ետ քաշեց քողը թե չէ՝ նրա ոսկի ու արծաթի վարսերը թափվեցին կրծքի վրա։ Սուլթանը, այդ տեսնելով, վեր կացավ բարձրաձայն բացականչությունով.

Աղջի՜կս, աղջի՜կս է սա։

Իսկ Հազարան Բուլբուլը գոչեց.

Այո՛, տե՛ր թագավոր, դա քո աղջիկդ է, իսկ դրանք էլ քո որդիքն են։

Եվ որովհետև ո՛չ քույրը և ո՛չ եղբայրները չգիտեին իրանց ծագումը՝ Հազարան Բուլբուլը այստեղ պատմեց բոլորը, ինչ որ թագավորն էլ չգիտեր։

Թագավորն ու իր զավակները, որ լսում էին Խոսող Թռչունին, զարմանքից քարացած, վերջապես ուշքի եկան և գրկախառնվեցին միմյանց՝ թափելով ուրախության հորդ արտասուք։ Եվ երբ որ հանգիստ առան՝ հուզմունքից թագավորն ասաց.

Ո՛վ իմ զավակներս, շտապենք մի ժամ առաջ տեսնել ձեր մորը։

Բայց ի՞նչ լեզու կարող է պատմել մոր ուրախության չափը։ Նա, որ սուլթանի աչքից ընկնելով, պալատի մի հեռավոր անկյունում էր բնակվում՝ ընկճված, կուչ եկած, թառամած, այժմ աչքովը տեսնելով իր զավակները, կարծես մեռած տեղից հարություն առավ, մի նո՛ր մարմին հագավ՝ ավելի՛ առույգ և ավելի՛ գեղեցիկ, քան թե երբեմն եղած էր։

Իսկ քույրերը, լսելով այդ բանը, մարդկային պատժի չարժանացան, այլ հենց նույն օրը մեռան կատաղությունից։

Եվ թող լինի չարն այնտեղ, բարին՝ այստեղ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг

Старый дом Кахала
Старый дом Кахала
Играть онлайн