Грикор Зограб

Խնդուքը

Երբոր ներս կը մտնեմ սենյակին դուռնեն, ի՛նչ սուտ զրուցեմ, սիրտս ուժով կը բաբախե:

Իրավ է, որ տասը երկար տարիներ զիս այս տունեն կը բաժնեն, բայց երեկվան պես աչքիս առջևն է սա հեռավոր անցյալը: Բոլորը երկու ամսվան կյանք մը այս տունին շուրջը, բայց է՛ն տագնապյալը, է՛ն դժբախտը, որ անցուցած եմ պատանությանս մեջ, է՛ն մեծ վրդովումը հիմակվան խաղաղությանս ուղղվելե առաջ:

Ու ահա այս տանը դուռը ոտք կոխելուս, մտովին ամբողջ վերադարձ մը կը կատարվի հոգիիս մեջ. կ’երիտասարդանամ հանկարծ. կը զգամ, որ հիմակվան գիրուկ ու կարճուկ մարդը չեմ, որուն խորշոմած ճակտին վրա կյանքի պայքարները իրենց քով քովի շարված զուգահեռականները ձգած ու գացած են, խղճամիտ ձեռքով ակոսված արտի մը պես, այլ երեկի տղան՝ նիհար, հպարտ ու ճչող. կերպով մը այլափոխումը Ֆաուսթին, որուն մեջ սատանան դուրսեն չէ՛, իմ հիշատակներս են միայն:

Թեթև քայլերով ուրեմն կը մտնեմ ներս, իբրև թե այն մեծ ժամանակի անջրպետը հանկարծ բարձված ըլլար մեջերնուս:

Ամեն ինչ, շուրջս, այս պատրանքս հաստատելու խոսք մեկ ըրած է կարծես: Նորեն տասը տարվան առջի սրահն է, անփոփոխ, անայլայլ. մութ կարմիր թավիշե քանափեն իր բազմոցներով, անկյունը դրված դաշնակը` բաց ձգված ու չորս դին երաժշտության նոթաները ցիրուցան. պատերուն վրա՝ իրենց ամեն ատենի տեղը հաստատ՝ նույն պատկերները ու լուսանկարները, որոնց ամենեն զմայլելին սա դաշնակին վրա դրվածն է, երիտասարդ կնոջ մը դիմագիծը, զոր քաջ կը ճանչնամ:

Այդ լուսանկարին իրականը դեմս է ահա:

Իր սովորական տեղն է՝ պատուհանին քովը, բազմոցին վրա նստած, ու մեղմիվ ահա ոտքի կ’ելլե և քայլ մը առաջ կուգա:

Ան է:

Տեսե՛ք անգամ մը, իր աղվոր հասակը բնավ փոխված չէ. իր սև աչքերը առջի տրտում ու խորունկ նայվածքը ունին. իր ձեռքերը միշտ նույն մանկական թաթիկներն են. իսկ մատվները ավելի նրբացած են քիչ մը:

Բայց պզտիկ մը գիրցած է, տարիքի բերմունք. ու իր ածուխի կոտրվածքի պես փայլոտ մազերուն մեջ ճերմակ թելեր սպրդած են. փայլակին գծած լուսավոր շավիղները մութ գիշերվան մը մեջ:

Ւր երեսին վարդ գունավորումը չէ մնացած. անոր տեղ փղոսկրին տժգույն ճերմակությունը միօրինակ իր երեսին վրա ծավալած է, մեղրամոմի ճերմակությունը:

Այս դեմքին լրջությունը աղեկ կը ճանչնամ, արձանի անխռով լրջությունը, զոր աշխարհիս ամեն աղերսները ու պաղատանքները չեն կրցած երբեք այլայլել:

Խնդալ ու ժպտիլ չէր գիտեր այս կինը. իր անտարբեր երեսը օր մը անուշ ու զվարթ ճառագայթով մը չփայլեցավ. իր կյանքի կանոնն էր աս:

Ու առջի հիշատակներս, առջի կսկիծներս քուներնուն կ’ելլեն, ինչո՞ւ այս խռովիչ աղվորությունը և ինչո՞ւ այս խոժոռ ու անժպիտ դեմքը, որ միևնույն է տասը տարի վերջը. մարդկային տկարություններու գլուխ չդարձնող դիցուհիի վեսությունը, իր արհամարհոտ կնկան բոլոր սառնությունը, հո՛դ, հայտնի, ընթեռնելի կերպով գրված են այդ դեմքին վրա:

Ու ես կրկին փորձությունը կը զգամ սրտիս մեջ պոռալու իր երեսին.

Մեկդի՛ դիր այդ անտարբեր ու սրդողած երեսը, աստուծո սիրույն. անգամ մը գոնե խնդա՛ ինծի, խնդա՛, ո՜վ աղվոր կին:

Հազիվ երկու բառ փոխանակեր էինք, երբ իր աղջիկը ներս մտավ. տասնըվեց տարու պարմանուհի մը, վարդե ու լույսե խմորված էակ մը. նազանքով ու ժպիտով մոտեցավ ինծի: Ու աղեկ մը չեմ գիտեր ի՛նչ խոսքի առթիվ կ’երևա թե կրցա տիկինին հաճելի կամ զվարճալի բան մը ըսել իր սովորական անփույթ ու նեղացած դեմքը մեղմացավ, անուշցավ, ու, զարմանալի՜ բան, թեթև ժպիտ մը ուրվագծվեցավ նախ, հետո հաստատվեցավ այս աղվոր դեմքին վրա, արշալույսին ծագելուն պես, որ քիչ-քիչ որոշ ու աննահանջելի առավոտի մը կը վերածվի:

Որքա՜ն գեղեցիկ էր այսպես. երբեք չէր գիտեր, որ այսչափ պիտի աղվորնար. բայց ժպիտը ավելի շեշտվեցավ ու քիչ-քիչ, կամացուկ մը խնդալ սկսավ:

Աստված իմ, առջի անգամ ահա ճշմարիտ կինը երևան կուգար այս անզգա աղվորության մեջ: Կը խնդար, երջանիկ էր ուրեմն, և ես իրմով երջանիկ էի:

Ինքը՝ կը շարունակեր խնդալ, երթալով ավելի շատ և ավելի ուժով, անվերջ քահքահ մը հիմակ, որով ձեղունը կը թնդար, մինչդեռ ես իր մեկ՝ մեկ ժպիտին ակնկալուն՝ ապշած զմայլած կը դիտեի զինքը և այս գեղեցիկ ուրախությունը, այսքան չնչին պատճառով մը:

Երևակայեցեք դեմերնիդ կծծի ու ագահ էակ մը, որ հանկարծ, մեկ վայրկյանի մեջ, ամենեն մսխող ու շռայլ մարդը դառնա:

Ու շվարումիս մեջ ան կը խնդար հիմա, այնքա՜ն սաստիկ որ քոռսեն նեղ կուգար իր հարուստ իրանին, ու բազմոցին կռնակին կը կռթներ, չկրնալով ուղիղ նստիլ իր տեղը:

Հա՛, հա՛, հա՛…

Այն ատեն աղջիկը մոտեցավ ինծի ամչնալով, տրտմության քողով մը դեմքը վարագուրված, ու անուշ ձայնով մը՝

Ներեցե՛ք, ըսավ ինծի, - այսպես է ահա խեղճ մայրիկս իր վերջին հիվանդութենեն ի վեր. ոչինչ պատճառով մը կը սկսի խնդալ ժամերով. կ’երևա որ ջղային բան մըն է:

Եվ իրոք, քահքահը՝ զվարթ, պոռչտող քահքահ մը՝ գրեթե տգեղցնելով իր սիրուն դեմքը, անսովոր ու դառն ուրախությամբ մը կը լեցներ սենյակը, մինչ դեռ աղջիկը` մորը քով ծունկ չոքած՝ անոր ձեռքերը կը սեղմեր:

Խորհեցա, որ տասը առաջ իմ փնտրածս այս աղվոր երեսին վրա՝ սա պոռացող, անգիտակից ու անիմաստ խնդուքը չէր, այլ այն պզտիկ, գրեթե աննշմարելի ժպիտը, այն խորհրդավոր ու չնչին բանը, որ ամեն խոստումները ու ամեն վերապահումները, ամեն մերժումները ու ամեն անձնատվությունները, ամեն տարակույսները ու ամեն հայտնությունները իր մեջը կը պահե:

Խորհեցա մանավանդ տարօրինակ ճակատագրին այս կնկանը, որ իր մեկ ժպիտը այնքա՜ն ժլատ, ագահ համառությամբ ամենուն զլանալե ետքը, ահա զուր ու փուճ տեղը իր անսպառ խնդուքը կը թափեր իր շուրջը, առանց որ մեկը գտնվեր ու ծռեր զանոնք գետնեն ժողվելու համար:

1898

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Спящий ангел
Спящий ангел
Играть онлайн