Комитас
Մաթեւոս Իզմիրլյանին (1910, 12 հունվար, Ս. Էջմիածին)
Ձերդ Վեհափառութեան բանաւոր բարձր հրամանի համաձայն ներկայացնում եմ հետևեալներն ի բարեհայեցողութեան. Ա. Վերջին 20-30 տարիները պատկերացնում են մեր հոգևոր երաժշտութեան աստիճանական անկումը՝ ընդհանուր հայ եկեղեցիներում: Ընկնում են և անյայտանում իսկական հայ հոգեւոր երաժշտութեան ստեղծագործութիւնները՝ շարականները և տեղի տալիս պատարագի երգեցողութեանց:
Պատարագի երգերն գրեթէ անխտիր օտարամուտ և անճաշակ եղանակներ են. Տաճկաստանում՝ տաճիկ-արաբ-յոյն, Պարսկաստանում՝ պարսիկ-արաբ, Ռուսաստանում՝ եւրոպական՝ մասնաւորապէս ռուսական, մայր երկրում՝ այս բոլորի գումարը, իսկ գաղթավայրերում, բացի Հին Ջուղայէն, աներևակայելի այլանդակութիւն, այսինքն ամեն տեսակ անշնորհք երաժըշտութիւն և ոչ մի ընդհանուր աղբիւր կամ ոճ երգերու։
Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, աւելին կասենք, ծաղրի առարկայ դարձած՝ յանձին տգէտ և անձնապաստան դպրապետների, որոնք չգիտեն իրանցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրօք կործանարար երաժշտութիւն: Ուստի և զարմանալի չէ այն ամայութիւնը, որ տիրում է հոգևոր երաժշտութեան մեջ...
Բուն ազգային եղանակները՝ հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտութիւնը, որ մեր նախնեաց նախանձելի հոգու պատկերներն ու հայելիներն են, որոնք մշտամրմունջ էին, այժմ դատապարտուել են արհամարհանքի, կորստի և նախատինքի, աւելին կասեմ՝ տանում են մեր սիրտն ու հոգին դէպի խեղդող, օտարական ճանապարհները: Եթե վերջին նշոյն էլ, որ մնացել է, մենք փչենք ու հանգցնենք, այն ժամանակ մեր աչքով կտեսնենք մեր սրտի թաղումը, ապա ուրեմն և մեր կեանքի գոյութեան վառարանի հանգչելը:
Շարականի երգեցողութեան անկման շատ նպաստել են երկար ու ձիգ, անմիտ ձգձգումները (անյարիր նախատօնակները (?), հանգստեան շարը, քաղուածոյ շարը, անտեղի ճոխացումները), որոնք փոխանակ ոգևորութիւն առաջ բերելու, խեղդել են մաքուրն ու պարզը. հասարակութիւնն այլևս ձանձրացել է երկարաբանութիւններից, որոնք միայն և միայն վերջին տարիների անճաշակ նորամուծութիւններն են:
Մեղրը քաղցր բան է, բայց շատ ուտել չէ կարելի: Իւրաքանչիւր մարդ, որքան էլ ջերմեռանդ, որքան էլ բարի քրիստոնեայ լինի, չէ կարող մարսել միանգամից այդքան խառնաշփոթ կերակուր: Եթէ երաժշտութիւնը, որի դերն է կրթել և ազնուցնել հոգևոր երաժշտական զգացմունք՝ փչելով հաւատացեալի հոգու և սրտի վերայ, աննպատակայարմար մատակարարութեամբ բաշխուի, անշուշտ անգամ կպատրաստէ և կխորտակէ սրտի քնքոյշ լարերը և ապա կկտրէ, կանջատէ սիրտն ու հոգին, որոնք անբաժան գործօն եղբայրներ են երաժշտութեան միջոցով մեր կեանքի մեջ:
Քանի ուշ չէ, պէտք է ձեռք զարնել վերքը բուժելու, ինչքան էլ որ թանկ նստէ մեր վերայ, թէ չէ վերջնական կորուստն աներկբայ է...
Ձերդ Վեհափառութիւնը կարող է ամեն միջոց գտնել այս հիմնական ցաւը բուժելու: