Ханум Аванян

Տոնածառը

Երեք օր էր չէի խմել հաբերս , ականջներիս մեջ ահավոր խշշում էր: Կամ անձրև էր կամ էլ համակարգչի խշշոցն էր այդքան բարձր: Հանգստացնող մի քանի հաբեր կուլ տվեցի, տղամարդ լինեի կծխեի կամ կխմեի՝ էն թունդերից: Ահավոր լարված էի,զգացի ՝ ձեռքիս մեջ բաժակը ուժից կկոտրվի, բոլորը նայում էին ինձ, ժպտացի ու դրեցի սեղանին: Չգիտեին ինչ հաբեր եմ խմում: Չինքնասպանվելու հաբեր:Այնքան լարված, որ ծրագրում էի գրքիս անունը դնել ՝ 100 օր ինքնասպանվելուց առաջ : Հետո հիշեցի այդ նախադասությունը ինչ որ գրքի վերնագիր էր: Ափսոսեցի: Գնացի ուրիշ սենյակ: Նորից բացեցի հուշերի տուփը: Հորս հիշեցի, նրա ոտքերի քայլերից, ձայնից էր խշշոցը: Տարիներ առաջ գյուղում մի մարդ կար, որ փայտ էր կոտրում օղու փոխհատուցմամբ, բայց մեր համար տոնածառ էր բերում ամեն Նոր տարին: Նրա անունը Անդեր կամ անտեր Շուն էր, որպես շնորհակալություն մի լիտր օղի էր տալիս հայրս ու ամեն անգամ այնքան երկար էր լինում տոնածառը որ գագաթը ծռվում էր առաստաղին դիպչելուց: Ունեինք կանաչ չորսոտնանի հենակ տոնածառի համար նախատեսված ու ամեն տարի այդ հենակի մեջ սեպ էինք խրում ՝ տոնածառի ամրության համար: Մի քանի օր տոնածառը չէինք զարդարում, ինչու , չգիտեմ : Օրենք էր: Տոնածառի բույրը տարածվում էր տնով մեկ: Այնքան լայն էր սաղավարտը : Բայց ինչու Անդեր կամ Անտեր, միշտ հարց եմ տվել: Եթե անդեր էր , ինչու էր անտեր: Կամ եթե անտեր էր, դեր կունենար: Հետո զարդարում էինք՝ կարմիր, սպիտակ նախշերով , միջին չափերով խաղալիքներով , դրանք սովետական խաղալիքներ էին ու հիմանականում միանման էին: Աստղի դերը տանում էր երկարավուն մուգ կարմիր , ապակուց տոնածառ, ծայրը երկար, ինչպես տոնածառը: Այնքան էինք ուրախանում Անդեր Շանը տեսնելով, այդքան իր երեխաները չէին ուրախանում իրեն տեսնելով : Նրա վրայից անընդհատ օղու հոտ էր գալիս, կեղտոտ բոթասներով էր , դասական կարկատած տաբատով, չէր սափրվում , հիսուն անց տղամարդ էր: Հորս մահից հետո ևս մի տարի տոնածառ բերեց, բայց չզարդարեցինք : Բերեց, դրեց հյուրասենյակի մեջտեղում ու ասաց. –Արմոն չնեղանա ինձյանից, վեր րախունց հըմար տոնածառ չեմ պիրել: Ամեն տարի կըպիրեմ , չվախեք: Թե էդ ծառը հագնելիք էր, ուտելիք էր: Ուրախություն էր: Մի լիտր օղին չվերցրեց, նրա վրայից օղու հոտ չէր գալիս: Նրա հայացքում այնքան խղճահարություն կար մեր նկատմամբ, բայց ինչու , այդպես էլ չիմացա: Այդ տարին տոնածառը եկավ, բայց այդպես էլ Նոր տարին չեկավ : Այնքան չեկավ, որ դարպասները փակել էին : Նոր տարին քայլեց ուրիշների տուն, մեր տոնածառը զարդարած չէր, չեկավ: Հաջորդ տարիների տոնածառները արհեստական էին, Անդեր Շունը մահացել էր: Մեր տոնածառները մնացին անտառում, հասակ առան, հասակ առան ինչպես մենք: Գրքի վրա Տոնածառ կգրվի որպես անուն:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфоническое Панель "Армения"
Лазарос Сарьян

Симфоническое Панель "Армения"

Зимний день
Зимний день
Играть онлайн