Хачатур Абовян

Թուրքի աղջիկը

Ամառն էկել էր, սիրտս էլի մթնել: Տարվան ո՛չ մեկ ժամանակը էնքան ինձ չի տանջում, ինչպես ամառը: Ձմեռվան ցուրտը, բուքը, սառը եղանակը, չանգը՝ ղորդ ա՝ ծանր են մարդի համար, բայց հենց արևը մեկ քաղցըր աչքով որ մտիկ չանում, բոլոր տխրությունը, բոլոր մեր սրտի մթությունը երկնքի հետ պարզում, անց ա կենում, ու ո՞վ չգիտի՝ որ ցուրտը մարդի մարմինը պնդացնում, զորացնում ա: Ո՞վ չգիտի, թե ո՛րքան հիանալի ա աշխարը, ի՞նչպես ա մարդիս հոգին քաշում, վերացնում, զվարթացնում, երբ գարնան զովարար հովը փչում, սար ու ձոր իրանց մահվան քնիցը վեր կացնում, ձին ու սառից հալցնում, նոր հոգի, նոր կյանք տալիս բոլոր բնությանը: Ո՞ւմ սիրտը չի վերանամ, զարմանում, աչքը ծովանում, երբ Մայիսի առավոտը փանջարեն բաց անելիս՝ տունը անմահական հոտով ա լցվում, օթախը՝ երկնային լուսով, անկաջը՝ հազար տեսակ ձենով, աչքը հո՝ էն ալվան ծաղկները ու կանաչ խոտերը որ չի՛ տեսնում, ուզում ա թախտ, աթոռ, փառք, մեծություն, փափուկ տեղ ու բարձ թողա՛ ու դուս վազի, գետինն ու հողը լիզի, համբուրի, երեսին քսի, չոքի, Աստված փառաբանի, պառկի անույշ երազ տեսնի: Ո՛վ, ա՜խ, ով կուզեր՝ որ էն թագավորական լաջվարթ, ոսկեվարաղ ամարաթը, Էն սուփրեն ու սեղանը, էն սազն ու քյամանչեն՝ մեկ ձորի հետ փոխի՝ որ գարնան ժամանակին բացվում՝ հազար տեսակ ծաղկներով լցվում, զարդարվում ա, որ բյուր տեսակ թռչունք գլխավերևն են ծափ տալով՝ խայտում, ցնծում, երգում, պարզ, արծաթանման աղբրները աչքի առաջին են քչքչում, ու ճրագի պես վառվում, օդը մեկ կողմից ա իր կենդանարար հովը փչում, ամպը մյուս կողմից իր երկնային ցողը վեր ածում: Աշունքն էլ՝ ղորդ ա՝ իր տխրությունն ունի, մարդ չի կարում սրտին հուփ տալ՝ որ հանգստանա, դարդ չանի, չունքի բոլոր իր հույսն ու մխիթարությունը, իր գանձն ու դոլվաթը երկրին ա պահ տալիս և ձեռը ծոցին կանգնում, ղրաղիցը մտիկ անում, որ տերևները քիչ-քիչ դեղնում, թառամում, վեր են թափում, ծառերն իրանց պտղիցն ու զարդարանքիցն են զրկվում, դաշտ ու ձոր իրանց կանաչ ռանկիցն ու ալվան ծաղկներիցը: Քամին մեկ կողմիցն ա իր դառը շունչը ցույց տալիս, ամպերը մյուս կողմից իրանց նոթերը կիտում, գլխները բարձրացնում, թնդվում, չարանում ամա աշունքն ա, որ մարդիս դառն աշխատության և քրտինքով դատած, վաստակած պտուղը հասցնում՝ իրան ա տալիս, որ աչքը կշտանա, սիրտը մխիթարվի, մարմինն էլ եդ զորություն ստանա, էլ եդ ուրախ ուրախ իր հանդին մտիկ անի, ա հույսը չի կորցնի, թե նրա աշխատությունը ձնի ու սառցի տակին կփթին, կփըչանան, իր աչքը մեկ խեր չի՛ տեսնիլ:

Բայց ամառը, տոթագին, կրակ ամառը, ղորդ ա՝ մեր պտղըները հասցընում, մեր սիրտն ումուդ ա քցում, բայց մեր հանդերն էլ հետն ա չորացնում, մեր աղբրներն ու գետերն էլ հետն ա ցամաքացնում, էրում, խաշում, երկրի երեսը, դաշտի խոտն ու ծաղիկն անձողի պես սևացնում, խորովում ու շատ անգամ՝ որ սիրտդ ու բերանդ բաց ես անում, որ շունչ առնիս, կրակ ա գլխիդ վեր գալիս, կրակ բերանդ թափում, բոց ոտիդ տակին վառվում, ցողի ու հովի տեղը մահվան տաք քամին երեսիդ փչում, շունչդ կտրում, արինդ ցամաքացնում:

Էսպես մեկ ամառվան օր էր, որ քաղաքի շոքն ու կրակը շունչս բերանս էր հասցրել, ինձ խեղդում էր, որ գժվածի պես ընկա փողոցե փողոց, քուչա քուչա, որ գնամ մեկ հով տեղ գլուխս վեր դնեմ, մի քիչ շունչ առնիմ: Շատ անգամ՝ որ ամառը թալանում, ինձանից գնում էի, ուզում էի գլուխս մահու տամ, որ պրծնիմ էս դառն աշխարքիցը, հենց կարծում էի, թե ես եմ մեղավորը, ես եմ չար անօրենը, որ էլ աշխարքի չէի կարող պետքը գալ, ուզում էի շուտով էլա ոտս քաշիլ, գնալ: Գիշերն երազն էր ինձ տանջում, ցերեկը իմ միտքը, իմ չար միտքը: Աստված, երկինք, դժոխք, արքայություն, սիրելի, բարեկամ սրտիցս էնպես էին քաշվում, ջնջվում, որ հենց իմանում էի թե էս դինումն ինձ մեկ չարա չի՛ ըլիլ: Քարերն ու անբան անասունքն էլ աչքիս գրող էին երեում: Ամեն մեկ ոտս փոխելիս՝ ամեն մեկ շունչս քաշելիս՝ էնպես էի կարծում, թե հազար թուր սիրտս են խփում, հազար ձեռ գլխիս բռնցկում, հազար թշնամի եդևիցս վազում, երկինք ու երկիր գլխիս փուլ գալիս՝ որ ինձ տակով անեն: Ում մեկ ծանր խոսք էի ասել, ով ինձ մեկ խեղ աչքով նայել էր, ինչ բարեկամից թուղթ էի ստացել, պատասխանը չի՛ գրել. ինչ մտքումս դրել էի ու չէի՛ կատարել, աշակերտի էի նեղացրել, ծառայի էի մեկ թթու ջուղաբ տվել. ծառայությունս չէի օրինավոր կատարել, յա մեկ գործ էս օր վաղը քցել, բոլոր, բոլոր գալիս՝առաջիս կանգնում էին ու հոգիս էլ՝ որ ասում էի տամ, հենց իմանում էի, թե էլի ինձանից ձեռ չեն վերցնիլ, էլի հողս նրանք կհանեն, կրակ կտան, բարեկամք ինձ երախտամոռ կկանչեն, գլխավորք ինձ ծույլ, անպիտան կհամարեն, ամենն էլ կուրախանան, որ ինձանից շուտով պրծան: Որ լսում էի՝ թե մեկ մարդի պատիժ տվին, յա բանդը քցեցին, որ ասում էին՝ թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա էկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարարիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարաթյունիցը (դերեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՛ր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է՝ տանեն սաղ սաղ թաղեն, յա կախ տան: Աստված իմ թշնամուս չի՛ տա է՛սպես սիրտ, է՛սպես միտք: Երևակայությունը մարդիս ո՞ր դժոխքը չի՛ տանիլ, եդ բերիլ: Ինձ պահողը հենց էս էր որ ասում էի՝ թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնիս, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի՛ ըլիլ: Ապրի՛ր՝ որ ասածդ անես, մուրազդ առնիս: է՛ս, է՛ս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց կըլեր իմ գերեզմանը: Լսող, կարդացող՝ թո՛ղ ինձ ղնամիշ չանեն՝ որ իմ մեղքս իմ բերնովս եմ խոստովանում: Մարդ իրան սիրտը որ փակի, ո՞վ կիմանա, ո՞վ կզգա՝ թե նրանում ի՞նչ կա: Բայց էսպես դժոխք սիրտ՝ Աստված ո՛չ տա, ո՛չ ստեղծի:

Մեկ օր էլ էս կրակը ջանս էր ընկել, սիրտս էրում, փոթոթում, ինչպես ասեցի, որ տանից, տեղից, դուս ընկա, ու դեպի թագավորական՝ բաղնիսների եդևի բաղը երըմիշ էլա: Քուշա, փողոց գերեզմանատուն էր դառել: Երկնքիցը կրակ էր վեր թափում, երկիրը տաքացած պղնձի պես ոտիս տակը կրակում: Ամենը քուն էին մտել, որ ճաշվա շոքն անց կենա: Բաղի մուշա կամ ջուր կրող էին մնացել էս մեռլատան բնակիչն ու շունչ քաշողը, որ իրանք էլ գերեզմանից դուս քաշած հարիր տարվան մեռլի պես շունչ ու ռանկ կորցրած՝ կամ կիսաջան ոտը ոտի առաջն էին դնում, կամ մեկ բարի վրա նստում, շունչ քաշում, գտակները վերցնում, քրտինքները սրբում, կամ թե ա՜խ ու ո՜խ քաշելով, դես ու դեն տմբտմբալով, օրորվելով իրանց ճամփեն գնում:

Իմ բախտիցը թագավորական բաղի դուռը բաց էր: Մտա ներս, բաղմանչուն գլուխ տվի. Սուտ, որ ինչ ա, չբարկանա ու ծառին, քոլին մտիկ տալով, ընկա դարըդուս, որ կարծիք չտանի, թե բան կգողանամ: Հասարակ մարդիքը ի՜նչպես արդար են ու պարզամիտ: Էնպես էի անում, որ իմանա՝ թե ես մեկ գիտուն մարդ եմ, գնացել եմ, որ սար ու ձորին մտիկ տամ, յա սիրտս բացվի, յա մեկ նոր շնորք վեր առնիմ: Բոլոր մհանա էր: Աստված որքան ողորմած ա, որ մարդիս Էնպես սիրտ ա տվել, որ փոքր բանով էլ, իսկույն իր տրտմությունը ցրվում, միտքն ուրիշ տեղ ա քցում: Օգոստոս ամիսը, հավողի ճթերը հազար տեղից կախ ընկած, ես էլ մրգի գերի, փորի գերի, ո՞վ ըլի, որ սրտի ծերը չէրի: Քարափի տակի ընկուզի ծառն ու հավողը աչքիս տակն էի առել, ու դեմը գնում, դեմը աչքըս եդևս, չորս կողմս քցում, որ տեսնեմ, թե բաղմանչին հո չի՛ գալիս, ծառերի տակին հո մարդ չկա, որ ինձ տեսնի: Հարամ ըլի Էսպես ահն էլ, էսպես իշտահն էլ: Մեր փորը փոր չի , ջրհոր ա. ձեն տաս ձեն չի՛ տալ. ինչ տիլ ու ախպ միջիցն էլ հանես, իստակես, էլի մյուս օրը իրան իրան կլցվի, ընչանք տերը հանգը հունգ կանի: Ինչ և իցե, աչքդ ուզածդ չտեսնի, թե չէ՛ սիրտդ՝ չաքուջն առած, գլխիդ կանգնած ա, կտաս, շնորհակալություն չանիլ, չե՛ս տալ, գլուխդ կպատռվի լավն էն ա, որ մարդու ո՛չ աչքը բան տեսնի, ո՛չ սիրտն ուզի: Ամա էդ էս աշխարքումը ո՛չ պատահել ա, ո՛չ կպատահի: Քանի աչքդ բաց ա, փակ չի, մեջքդ լեն, շլինքդ վրեն, ինչքան ուտես, էնքան կուզես:

Ա՜խ՝ ի՞նչքան խոր ա մարդիս սիրտը, ի՞նչքան անքննելի, անիմանալի: Մեկ րոպեից առաջ կրակ էր գլխիս վեր թափում, գետինը բերանը բաց արել, ինձ ուտում, ամպ ու կայծակ փորումս հազար տեղից տրաքում, լերդս ու թոքս կրակ տալիս, հիմիկ բոլորն, բոլորն կտրվեց, վերջացավ, գարնան օրվա պես պարզեց, լուսացավ, երեխությունս միտս ընկավ, բաղմանչին տուն մտավ, հավողի չաղ չաղ, սև սև ճլմկոտած ճթերը ցրվեցին սրտիս հոքսն ու ցավերը, ու նստած տեղիցս, ընկուզու տակիցը հարիր անգամ շլինքս երկարացրի, էլ եդ քաշեցի, ծղլուրդ էլա, ծլունկ էլա ու, Աստուծո փառք, մարդ չտեսավ: Պստիկ ժամանակս բոստան շատ էի կտրել, քանաքոցոնց ավելի անունը հո՝ Երևանումը տանձագող են կանչում: Տանձ չըլի հավող ըլի. հեսաբի բան չի՛, ատամներիցդ չե՛ն իմանալ, փորիցդ չե՛ն հարցնիլ: Բայց վա՜յ նրան՝ որ փորձանքի կպատահի, կերածն էլ, մարսածն էլ քթովը կհանեն: Երեխե՛ք, ձեզ եմ ասում, ձեր արևի՛ն ղուրբան՝ արածս չանե՜ք, թե չէ կփոշմանեք:

Բոստան գող գնալիս, կամ տանձ գողանալիս՝ ղորդ ա, քոթակ շատ էի կերել, ամա էլ եդ մոռացել: Երեխին շաքար տուր ձեռը, թեկուզ հարիր անգամ գլխին բոնցկի, հարիր փետ էլ ոտին խփի, էլի մեկ սհաթից հետո ցավը կմոռանա, բերանը կքաղցրանա: Ամա մեծին ի՞նչ անես, որ էսպես ջահելութլուն անի: Սիբիր չեն տանիլ հավողի խաթեր, ամա վրեն կծիծաղին տեսնող լսողներ: Թո՛ղ՝ ինձ վրա ծիծաղին, որ ուրըշները վախին, չամաչին: Հազար անգամ թուք մուր, մեկ անգամ օրինակ տո՛ւր, էս մեկը շատ բան կտեսնի, քանց մեկ կարաս խրատ, մեկ ջվալ ղաբըհաթ:

Մատներիս ծերերը դառել էր ինձ համար թառլանի թև. Յավա՜շ, յա՜վաշ փեշերքս էլ վեր քաշեցի՝ որ թփի, քոլի չդիպչի, չխշշա, ուսուլով վեր էկա ու հավողի բարունակի տակը մտա: Եզովբոսի աղվեսը ինչպես էր իր ագռավի պանրին մտիկ անում, էնպես էի ես էլ իմ հավողի ճթերին նայում: Բայց վազը անկաջ չունի, որ խաբվի, ով ուզենա քաղի, պետք է ոտները հանի, ծառը նի ըլի, սատանական էսպես բարձր էր՝ իմ սիրուն, իմ ուզած հավողի վազը: Լերդս կատիկս էր թռել, շունչըս բերնիս դեմ ընկել, թուքս չորացել, երեսս թան դառել, էլի անիրավ փորս իր զուռնեն էր փչում ու նեքսևիցը հարայ տալիս, գոռում, ղռում: Դես ու դեն մեկ էլ աչքս քցեցի ու յալահ՝ վազնըվեր շուլալվեցի, ինչ կըլի, կըլի՝ մտքումս ասեցի: Ձեռս ճթին հասավ, ջանս դող ընկավ, ամա բանը որ թարս գա, սատանեն ի՞նչ անի, մահանեն ի՞նչ: Կոթին էի զոռ տալիս, գիլեքն էին լալիս, զվաթս էի փորձում, ճիթը սաղ սաղ հալչում: Ա՜խ՝ էն հադաղին թե մեկ շխպլիկ (դանակի կտոր) էր ձեռս ընկել, հազար անգամ կպաչեի, ճակատիս կդնեի, ու ալմազե թրի հետ չէի փոխիլ, էն էլ չկար, սատանին նալաթ: Տո սատանեն ի՞նչ անի, ինձ մեկ ասող ըլի. էսպես ա, լեզվըներս սովորել ա, մենք գռփում ենք, սատանին դմփում: Ախր ո՞վ չուզիլ, որ մեկ ղոթուր էշ էլա ունենա, որ ընկած տեղը, բեռը նրա քամակին դնի, ինքը դինջանա: Շատն էլ հո՝ իրանք էլ են վրեն նստում, իշին բզում, թեկուզ ոտին անի, թեկուզ գլխին, թեկուզ տրտինգ, թեկուզ տրինգ: Իշի քամակը բարակ, նստողի ոտները երկար, էլ ի՞նչ կուզի թամք ու օրզանգու: Փալան էլ չըլի, բանդ երըմիշ կըլի: Դու քո բանը տե՜ս, ես իմ հավողը քաղեմ, քեզ չթաղեմ, բանս շլոր էր, ճթի կոթը գոռ. Քիչ էր մնացել էն չար սհաթը, հավողի վազը անիծելով վեր գայի, ատամներս բերնումս եռացին ա՜խր բարկացած էլ չէ՜... Աչքդ բարին տեսնի, ղասաբն իր մսին էնպես վրա չի՛ թռչում, ինչպես ես իմ ճթին. բայց սև ըլի էն ճիթն, ինչպես սև էր. իմն ինձ հասավ, դուշմանիդ գլխին չգա: Փիս բանն էսպես ա, ինչքան ծածուկ էլ մարդ գործում ա, էլի էնպես ա իմանում, թե իր շվաքն էլ ա իրան ուտում, ինչպես իմն ինձ կերավ:

Հենց ատամս ճթի կոթին հասավ, հենց մեկ ղրճտացրի թե չէ, թուփը որ տակիս բեշաֆիլ չխշշաց ու մեկ թրփթրփոց անկաջս չընկավ, ճութն իր տեղը մնաց կախ ընկած, ես գետնի վրա՝ գլուխս շշմած էնպես կոլոլվեցի, վեր ընկա: Գետինը որ պատռել էր, ինձ ներս տարել, անիծած ըլիմ, թե էնտեղ էլ՝ խունկ ու մոմ չէի՛ առել, վառել, ծխել, մխել, յա չի՛ չոքել՝ սատանին ուխտա արել՝ որ ինձ պրծացրեց, չունքի սատանական գործքի ետևիցը ման էկողը սատանի դուռը պտի գնա, որ սևերես չմնա, ու սևն սպիտակին չի՛ սիրիլ. սպիտակը սևին, է՛րնակ իմ սև օրին, էս օր սատանի աչքը քաղցր էր ինձ վրա: Հա կա՛ց ու քեֆ արա՛, հենց իմանում էի, թե ինձ կապեցին, թողեցին, երեսս մուր քսեցին, գլխիս ջուր ածեցին, աչքերս սևացել էր, ոտներս քարացել, բայց ամեն դոսթ, դուշման էն բարի սհաթին ռաստ գան, ինչ ինձ ռաստ էկավ. եդ մտիկ տամ, տեսնիմ որ մեկ գոմփոռ շուն մեկ սև կատվի՝ հե՛տ ածավ: Դե՛, հա՛ կա՛ց ու շախսե վախսե կանչի՛ր. թփերն էլ հետս ծափ տվին, ցնծացին, ծառերն էլ վրես ծիծաղեցին, տնազ արին, որ մեկ եքա մարդ՝ մեկ կատվից էսքան վախեցավ, լեղապատառ էլավ: Հենց նրանց ջգրու էլի՝ ոտ ու գլուխ հավաքեցի, էլի իմ վազիս, խտտեցի ու գլխին նստեցի: Կատվի՞ց... շանի՞ց ... մարդ վախենա... կերած հացը հարամ չի՞ էնպես մարդի: Ա՜խ սիրելի՝ կատուն ո՞վ ա, շունն ո՞վ. Փիս մարդի խղճմտանքը, խղճմտանքն ա իրան չանգռում, իրան կծում, փիս գործքի փրին նալաթ: Ատամներս իրանց բանը տեսան, փորս իր մուրազն առավ, ռանկս տեղն էկավ, հանաքն անց կացավ, բերանս քաղցրացավ, ջանս դինջացավ: Էլ ահ ու դող չունեի, ուզածս արել էի, մեղքս գործել ծառը չէ՛ր ասիլ, ես էլ հո՝ էլի ինչպես մեկ մարդ՝ բանից բեխաբար, վազին էլ չէի մտիկ անում, որ իմ արդարությունը կարծիք չտա ընկա էլ եդ սարնըվեր, սարնըդուս ու էկա մեկ կանաչ տեղ նստեցի, աչքս թուրքերի գյոռխանին քցեցի: Ա՜խ՝ ի՞նչ կըլեր որ չէի՛ արել, ու տուն գնացել:

Էլ եդ շոքը զոռ արեց, տաք քամին երեսիս փչեց, սրտիս չոր քամին լերդիս ու ջիգյարիս, էլ եդ տրորեց, էլ եդ միտքս ու սիրտս՝ ինչպես մեկ կատաղած ծով իրարոցով քցեց: Քարափի բրջերը մեկ կողմիցս էին գլխները բարձրացրել, լուո, մունջ մտիկ տալիս, գյոռխանի գերեզմանաքարերը առաջիս լռվել, պապանձվել, չոր, էրված, խորովված սարն ու ձոր՝ մեկն իր մեռած գլուխը ցույց տալիս, մյուսն իր ճոթռած սիրտն ու դոշը: Լազգի, թուրք, ղզլբաշ, օսմանցի մեկ կողմիցն էին թվանքի, թոփի գյուլլին զոռ տալիս, գոռում, հայ, վրացի, օս, փշավ, իմերել մյուս կողմիցը՝ իրանց կրակը բաց արել՝ էկողին ջարդում, մոտանողին գյուլլախորով անում, հասնողին՝ յա գլուխը փորը խրում, յա իրան սաղ սաղ բերդը քաշում: Ղշղրուն, հարայ հրոցը, ձենը ձորը անկաջ էին խլացնում: Սար ու ձոր դրմբում, դրնգում, մարդի ուշ ու միտքը գլխիցը թռցնում էր: Որի մազիցն էին բռնել քաշ տալիս՝ որի թևիցը ձգում կախ տալիս, որը որդու եդևիցն էր լալիս, որը գլխին վեր հատում՝ սիրելուն տանելիս: Դառն ժամանակ, գնաս, ո՛չ եդ գաս:

Գյոռխանումը ֆոր են փորում: Հալբաթ մեռել պետք է թաղեն: Թուրք ըլի, Աստուծու պատկեր չի՞, մեռելին տեսնողը բաս սո՞ւք չանիլ, կծիծաղի՞: Հրեն նաշը դուս էկավ: Մոլլեքն առաջին տխուր, գլխըները կախ քցած՝ գնում են: Շարական, ժամ չե՛ն ասում, բայց ա՜խ, ինչպես են գլխըներին ծեծում, ի՜նչպես կուտապ կուտապ գալիս, իրանց ջարդում, սպանում: Մեկը մազերն ա ցրվել՝ ձգում, պոկում, մեկը դոշը բաց արել՝ կտրատում, իր միսն ու արինը վեր ածում, ու ամեն մեկ սրտաքոքին, գլխին տալիս՝ քարերն էլ են ձեն տալիս, զարզանդում, մղկտում, քարափներն էլ: Մեկը դեմը պար գալիս՝ խանչալ ու թուր հանած, ձեռին բռնած, դեմը ընկնում գետնի վրա, մեյդի առաջին թավալ, թավալ տալիս, ոտ ու գլուխ քարերին ծեծում: Մեկը բայաթի կանչում, երեսը դուս ճոթռում, մեկը գլուխն առել՝ վազում, որ քարափնըվեր ընկնի, չե՛ն թողում, ձեռիցը բռնում, եդ քաշում: Նաշը ֆորի բերանը հասցրին. Ա՛րարիչ՝ ի՞նչպես լռվեցին բոլոր: Մոլլեն աղոթք ա անում. աղոթքը բերան ու սիրտ փակե՞ց, դարդ ու կրակն հանգցրե՞ց. Չէ՛. Ո՞վ սաղացրեց, ո՞վ բժշկեց էս րոպեի միջումը: Մեռելի հոգու համար աղաչանք են անում, ի՞նչ ազգ իր աղոթքին էնպես արի, էնպես ճիշտ, էնպես ջերմեռանդ ա, ինչպես մահմեդականը: Մոլլեն կարգը կատարեց, պրծավ, մեյիգը գերեզմանն են դնում, ով անկաջ ունի, թո՛ղ խլանա. Էս լացին, էս արտասունքին, էս կսկծալուն, էս մղկտալուն քարը չի՛ դիմանալ: Խաղաղություն հոգուդ՝ հանգուցյա՛լ մարմին, ա՛յ իմ պատկերակից հողածին: Հավատներս մեկ չի՛, սիրտըներս հո մեկ ա, մեր ժամը չէ՛ իր գալիս՝ մեկ երկնքի տակի, մեկ երկրի երեսի էիր հո ինձ հետ կենում, ման գալիս. լեզուդ իմը չէ՛ր, պատկերդ, հոգիդ հո իմի՞ցն էր: Տերտեր չի՛ քեզ թաղում, մոլլեն էլ հո աղոթք անում, չի՛ հայհոյում: Խաչ, ավետարան չկա վրեդ, միևնույն հողի տակը չե՞ս մտնում, ուր որ ես էլ պտի մտնեմ: Խունկ ու մոմ չե՛ն վառում, չե՛ն ծխում, մկամ ա՞չք չի՛, որ վրեդ լալիս ա, սիրտ չի՞, որ քեզ համար էրվում ա: Բաս ես քա՞րի պես պտի քեզ նայեմ, որ քրիստոնյա եմ, ու աչքս չխփե՞մ: Գնա. ո՛վ մեզ ստեղծել ա, էն բարի Արարիչը՝ որ քեզ էլ ինձ հետ իր լուսովը լիս էր տալիս, իր քաղցր աչքի տակին պահում, քեզ համար էլ ունի տեղ, բնակություն, որ քո՛ վարձքն էլ տա: Երկնքի վարձքն ու փառքը բարյաց համար: Թե բարի էիր, չե՛ս կորչիլ: Գնա՛, երկիրը քեզ էլ մոր պես անփորձ կպահի մինչև գալստյան օրը:

Բայց ա՜խ մեռլատերերը հո գնացին, հո սար ու ձոր դինջացան. Էս ի՛նչ նոր ձեն ա, որ անկաջս ա ընկնում, սիրտս խորովում: Երազ չի՛ տեսածս, օրը ճաշ, արեգակն առաջիս: «Անա (մայր) ջան, անա՛ գյոզմ անա, ջանմ անա՛. աչքերիցս արին ա գնում, սրտումս կրակ ա վառվել, ի՞նչ կըլի, որ Աստված հոգիս առնի, որ յա քեզ՝ մեկ էլ տեսնիմ, յա հողը մտնիմ, պրծնիմ: Անա ջան՝ անա՛, կրակ ա վեր թափում գլխիս, ձենս լսող չկա . դու էդքան մոտիկ, ինձ մեկ ջան ասող, հալս հարցնող չկա: Ձենս անկաջդ ա ընկնում՝ ազիզ ջան, դու էդտեղ էրվում, ես էստեղ. բայց ա՜խ՝ իրար սուք լսում ենք, իրար չե՛նք կարում տեսնիլ: Ա՜խ՝ ընչի՞ չի՛ աչքս քոռանում, ընչի՞ չե՛մ գետինը մտնում: Աթա՛ (Հայր), անիսաֆ աթա, ճամփեդ քո՛ռ ըլի: Աթա. էս ո՞ւր բերիր ինձ, էս ո՞ւր քցեցիր ողորմելուս, էս ի՞նչ թուր ցցեցիր սրտումս, որ կտրատում ա, բայց ա՜խ, վա՜խ, չի՛ սպանում, չի վերջացնում, որ քո երեսիցը, քո դառն երեսիցը քո անաստված ձեոիցը պրծնիմ մեկ օր առաջ, ու ես էլ էս մեռելների ղաթարումը պարկիմ... Աթա՛ ... Աթա՛ ... անա՛ , անա՛ ... հարա՛յ... դա՜թ...»:

Էս ձենն էր՝ որ շոքի բերանն ընկել, սար ու ձոր մղկտացնում էն էլ է՛սպես ժամանակին, է՛ս սհաթին, որ ղուշը տեղիցը չէ՛ր եռում. Ծաոերի տերևները՝ հենց իմանաս՝ չորացել ըլին: Ու ի՜նչպես խորհրդավոր ձեն ի՜նչ անիմանալի խոսքեր: Գերեզմանից չէ՛ր գալիս, լավ էի իմանում: Աչքս վրիցս թռել՝ սքացողին պտրտում, ման էր գալիս, բայց քարափները որ ձեն չէին տալիս, չէ՛ի իմանում՝ էրերն են ինձ խաբում, թե իմ միտքս: Էսպես մոլորած, շվարած մնացել էի, որ աչքս ընկավ թագավորական բաղի դիմացի խարաբեքանց վրա, որ գյոռխանիցը երկու ոտ հեռու չի ըլիլ:

Է՛նպես տեղից է՛սպես ձե՞ն, որ իսանաորդին մտիկ անիլ էլ չի՛ ուզիլ: Հենց իմանում էի քաչկեր են խարաբեքանց միջին թախ կացել: Աչքիս դեռ չէ՛ի հավատում, որ զեջդանգեջ տեսա, որ մեկ ջան քարերի միջին նստած՝ դեմը գլուխն էր ծեծում, դեմը դոշը կտրատում: Մեկ էլ որ լավ մտիկ արի, ու անկաջս ինձ քաշեցի, բոլոր կարծիքս վերջացավ: Ո՜վ ըլի, թո՛ղ ըլի. սրա դարդը ընչանք չիմանամ, չե՛մ գնալ ըստեղանց, ասացի ու թև առա:

Բայց ի՞նչպես ճամփա գտնիլ. բաղը մեկ դուռն ուներ, դենը գնայի, պտի կրկին քաղաքը մտնեի ու բաղնսների գլխովը գայի էնտեղ հասնեի. ընչանք էն վախտը բալքի նա գնացած ըլեր: Հետո՞… հո շատ օր պետք է մաշվեի, տանջվեի, որ նրա դարդը չիմացա: Բալքի թե նրա դարդը իմիցն ավելի՞ էր: Յարալուն յարալվի սիրտը թեզ կհասկանա: Երկու պստիկ դուռն էլ կային, ամա կոխպած, ո՞ւմ ասեմ, ո՞ւմ խնդրեմ: էլի երեխությունս միտքս բերի. թե գող էլ կանչեն՝ ասեցի մտքումս՝ գողությունը հո արել ես, պատովն էլ թռի՛ր, ընչանք եդևիցդ կհասնեն, դու էլ հո ոտն ունիս, ձեռք էլ հետը, յա փախի՛ր, յա կպի՛ր, մեկ ճիթ հավողի խաթեր հո մարդ չեն սպանիլ: Ասիլն, անիլը մեկ էլավ. Ձորն առաջիս բաց էլավ. լավ էր, որ ոտս չկոտրվեցավ, չունքի պատը բավական բարձր ա: Ոտս էլ որ կոտրվեր, չէ՛ի իմանալ, ջանս էնպես տաք էր: Մեկ քանի լոք էլ որ տվի, խարաբեքն առաջիս կանգնեցին. իմ սքացողին աչքս տեսավ. Բայց իրեք գոմփոո շուն էնպես վրա էկան ինձ, որ ուզում էին երեսս վեր բերեն: Շան հետ վաղուց էի բաղումը հեսաբս դրստել ու իմ օրումը շանից չե՛մ վախեցել, չե՛մ էլ վախենալ, բայց ում ուզում էի, ալբեալ գյում էլավ:

Ռսի սերթուկը հաքիս, շապկեն գլխիս, երեսս անմիրուք, ես տղամարդ. Խաչապաշտ, նա աղչիկ մահմեդական, բաս ի՞նչ կաներ, որ չէ՛ր փախչիլ: Բախտիցս քարեր շատ կային, շները դեն արի, խռկեցի, էս խարաբի առաջին՝ հասա, կանգնեցի, բայց հիմիկ եմ իմանում արած գժությունս ու զարզանդում. մահմեդականի, ասիացու տանը օրը ճաշին աղչկա եդևից ընկնիս Էնպես ղրաղ տեղ, ռսի շորով՝ ո՞վ պետք է ձեռը բռնի, որ տան տերը փորդ վեր ածի, յա գյուլլեն սրտումդ ցցի. Քի՞չ ա պատահել: Քաղաքումը ղաբուլ չե՛ն անիլ, հայ քրիստոնեն չի՛ տանիլ, ո՞ւր մնաց չոլումը, էն էլ մահմեդականի տան: Ի՞նչ անես, բանը բանիցն անց էր կացել, ես դռան աոաջին կանգնել, շլինքս ծռել, շորերս էլ որ հին ըլեր, հենց կիմանային հաց եմ ուզում, յա ջուր:

Բա՛ջմ (քույր իմ), սկսեցի թուրքերեն ասիլ ու գլուխս տան դըոնովը ներս, տանիլ, բա՛ջմ, թե չար մտքով ըլիմ էստեղ էկած, ո՛չ էսպես գյոռ, էսպես մեկ բուռը հող աշխարքումն ինձ փայ ըլի: Հայ եմ, եվրոպացի չեմ, քո երկրացի, քո համշարի, մեկ հողի, մեկ ջրի որդի: Քո կսկիծը, քո ձենն ինձ էրեց՝ բա՛ջմ. ջանս ուզես, քեզ կտամ, գլուխս ուզես՝ կծախեմ, ես չե՛մ էկել, որ քեզ ինջմիշ անեմ, քո յարափալու փարալու սրտին դհա ավելի ցավ հասցնեմ: Իսանաորդին, որ իսանաորդու սուքը տեսնի, ու դարդ չանի, արտասունքը տեսնի, ու ինքն էլ լաց չըլի, ձենը, էն ողբալի ձենը լսի, ու ինքն էլ հետը չմղկտա, նա էլ ի՞նչ Աստված կունենա, ի՞նչ հոգի, ի՞նչ հավատ: Քո դինը ու մասաբը գիտենա, ա՛յ, էս երկինքը՝ որ գլխըներիս կանգնած ա, էս արեգակը, որ մեզ լիս ա տալիս, էս հողը, որ մեզ մեկ օր երկուսիս էլ պտի թաղի, բաջի՝ Աստված, երկինք վկա են, որ ես ուրիշ մտքով չեմ առաջիդ կանգնել: Կուզես՝ դուռդ վրես փակի՛ր, թե ամաչում ես, յա վախենում, կուզես՝ թո՛ղ՝ ես գնամ, ղրաղ կանգնիմ, երեսդ կալ, աչքդ փակի՛ր, ու հեռու տեղանց էլա ինձ ասա՛, ինձ պատմի՛ր քո սրտի ցավը, թե ձեռիցս գա՝ բա՛ջի, Աստուծո սուրբ անունը գիտենա, կմեռնիմ, քեզ մեկ ճար կանեմ: Ասա՛՝ գլխիդ ղուրբան, ասա՛, երեսս ոտիդ տակը: Հենց իմանում ես, ամեն չալ բան օ՞ձ ա, որ կծի, ամեն պսպղուն բան թո՞ւր ա, որ կտրի. Չէ՜, ես էլ մարդ եմ, հորնըմոր, քիր ու ախպոր տեր, որդի, օղլուշաղ չունիմ, ամա մարդ հենց օղլուշաղ պտի ունենա, որ սրտումը գութ ըլի: Թուր խրես սիրտս, չե՛մ հեռանալ, քարով ինձ հետ ածես, չե՛մ ձեոք վերցնիլ, դուռդ վրես հետ անես, էս չոլումը կմնամ, էս օր չասես, էս գիշեր էլ կմնամ, մինչև քո ցավը չիմանամ, չե՛մ հեռանալ, չե՛մ գնալ: Թե եթիմ ես, արի՛, քեզ պահեմ, թե հիվանդ ես, թո՛ղ գամ քեզ ծառայեմ, թե չէ, էդ ջահել, ջիվան հասակիդ, Էսպես օրը ճաշին, էս շոքին, որ ջանավարը բնիցը չի՛ դուս գալիս, ղուշը տեղիցը չի՛ եռում, դու նստել, սուք ես անում, ա՜յ իմ սրտի քանդող՝ ի՞նչպես Էդպես ձենը լսեմ ու հանգստանամ: Թե քո հավատը չունիմ, քո պատկերն ունիմ, թե թուրք չեմ, հայ, քրիստոնյա, մկամ թուրքին Աստված կա, հային չկա՞: Թե տղամարդ եմ, էնդուց ես քաշվում՝ բա՛ջի, ա՛չքի լիս, չար տղամարդը, վատ հոգին ցերեկը, լուսով, էսպես չի՛ գալ մարդու դուռը, Էսպես չի՛ աղաչիլ: Դարդդ ասա՛. թե էլ ինձ տեսնես քո օրումը, թուր ա՛ռ, ինձ սպանիր, ինձ կրակը դի՛ր, Էրիր. թե ձեն տամ, ո՛չ մեկ էլ էս օրին հասնիմ, քո ցա՛վը տանիմ, չե՛մ գնալ, չե՛մ գնալ, ոտդ կհամբուրեմ, գլխովդ պտիտ կգամ, ասա, որ իմանաս՝ թե մենակ քո ազգի սրտումը չի՛ Աստված ռահմ, ջիգյար ստեղծել, հայ քրիստոնեն էլ սիրտ ունի, հայ քրիստոնեն էլ ցավ կիմանա: Ասա՛, գլխիդ մեռնիմ: Էս թաղածների սադաղին ասա՛, ինձ մի՛ մաշիր, մի՛ սպանիր:

Ինձ էնպես էր երևում, որ երկար վախտ մտքի հետ կռվում ու չէ՛ր իմանում թե օտար մարդը, քրիստոնեն ի՞նչպես թուրքին քոմակ կանի, որ էնպես միմյանց հակառակ են, միմյանց հավատի թշնամի: Բայց հետն էլ տեսնում էր բալքի, որ բերանս չէ՛ր մենակ խոսում, սիրտս էլ, աչքս էլ: Ինձ համար չե՛մ ասում, օձն էլ իր թույնը կթափի, երբ լեզուն ուղիղն ասի, ո՞ւր մնաց ադամաորդին, է՛ն հալին, է՛ն դաոը հադաղին, որ երկուսիս սիրտն էլ՝ կրակի պես էրվում էր: Սուտ են ասել՝ թե ասիացի կինը մարդ տեսնելիս՝ ուզում ա, նրան կտրատի, աչքն ու հոգին լավ իմանում են, թե ի՞նչ պտուղ ա կամենում իրանց հալալ սիրտը հարամացնի, իրանց անմեղ հոգին դառնացնի: Ասիացի կինը հրեշտակ ա, սուրբ հոգով մոտացի՛ր, սրբի պես կտեսնես նրան, օձի պես սողա, նրա աչքը բոց ա, շունչը կրակ, ձեռը թուր, նա քեզ կէրի, նա քեզ կկտրատի, նա քեզ կխորովի. ես էսպես եմ տեսել, էսպես տեսա էս օր էի նհախ տեղ չեմ իմ երկրացի աղչիկ, կինարմատի՝ գովում: Վատ հոգին ամեն տեղ կա. չոռոտ պտուղը ամեն ծաոի վրա:

Ձեր խաչին ղուրբան՝ ա՜յ Հայ քրիստոնյա, ձեր ժամի հողին երեսս մատաղ՝ այ անծանոթ ղարիբ, գեջդանգեջ սկսեց իմ ցավալից աղչիկը, իմ սիրուն թուրքի աղչիկը, գլխին տալ, գոռալ, ծնկին վեր հատիլ, ասիլ. Ա՜խ՝ էն ի՞նչ բերան էր, որ ձեզ օրհնեց, որ էդպես ազգ ունենաք, էդպես հավատ, էդպես եկեղեցի, էդպես սուրբ օրենք: Հենց մե՞զ էր Աստված իր աչքիցը քցել, իր սրտիցը հանել, մեզ անիծել, որ էնպես օրենք ունենանք, է՛նպես հավատի ծառայենք, որ ո՛չ ծնող ա հարցնում, ո՛չ որդի, ո՛չ սեր, ո՛չ կարգ, ո՛չ աղոթք, ո՛չ պսակ: Անա՛մ ջան, անամ (մեր) երաբ որ որդիդ կրակումն էրվում ա, փոթոթվում, երաբ որ դժոխքն ամեն սհաթ չանգերը քցած, ինձ ուզում ա տանի, ուտի, փչացնի, դու էլ իմանո՞ւմ ես, քո սուրբ, քո ազիզ երեսին ղուրբան: Տունդ աչքիս առաջին, տեղդ տասը գազ հեռու՝ բայց ա՜խ՝ վա՜յ... գազան հեր ա Աստված ինձ ռաստ բերել, որ ո՛չ սիրտ ունի, ո՛չ գութ: Հայվանն իր ճուտին սիրում, պահում ա, նրա ցավը քաշում, նա ինձ է՛ստեղ ա բանդը, կրակը գցել, էրում, տանջում, քեզ էդտեղ՝ տանից, տեղից հեռացրած՝ դուս արած՝ իմ կարոտովս քե՛զ մաշում, խորովում, քո ազիզ սիրովն իմ սիրտս անշեջ բոցի մեջը քցել՝ սպանում: Քո տան դռնիցը դու ես ինձ մտիկ տալիս, քեզ ու քեզ կտրատում, էս խարաբիցը ես եմ քո շվաքին նայում, նվաղում, օրը հազար անգամ դժոխք ու անդունդ մտնում, մաշվում, էլ եդ դուս գալիս, մղկտում, զղլթում: Դուռդ գամ, դու չե՛ս ինձ մոտ թողալ, հարևաններդ կտեսնեն, դու գաս ինձ մոտ սար ու ձոր բերան կառնեն եդ կասեն ու մեր անգո՛ւթ հերը, մեր անօրեն դահիճը թե իմանա, քո արինը ինձ կներկի, իմ մարմինը քեզ կդառնա գերեզման: Ընչի՛, ընչի՛ ինձ աշխար բերիր, ինձ կյանք տվիր, որ իմ կյանքն էլ էսպես խավարի, քո արևն էլ: Ո՛չ երկինքն ա մեր ձենը լսում, ո՛չ երկիրը մեր առաջին ճաքում, ո՛չ հրեշտակ մեր հոգին առնում, ո՛չ սատանա մեր տուն ու տեղը կրակ տալիս, ո՞ւր գնամ, որ քեզ մոռանամ, ո՞ւր ըլիս, որ ինձ չերևիս, ո՞ր աշխարքում, ո՞ր պուճախում: Թե չունինք, թռչինք, սար ու ձոր ընկնինք, թո՛ւր չունինք, որ մեր սիրտը մենք ճոթռենք, վեր ածենք, վե՛ր ածենք, որ մեր արինակեր հոր աչքը մեկ օր կշտանա, մեկ օր չար սիրտը հովանա, մեր սև օրը վերջանա, նրա սև հոգին դինջանա: Դանակը կոխեմ ջիգյարս՝ ա՛նա ջան, բաս մեկ ա՜խ էլա չքաշես, մեկ ձեն էլա չտաս, ո՞նց մտնիմ հողը ո՞նց թաղեմ իմ գլուխը: Հե՛ր, հե՛ր՝ ո՛ր չար սհաթին արևի լիսն աչքիդ ընկավ, շունչդ էս աշխարքի օդի հոտն առավ, որ էդպես ջիգյարդ քարացավ, սատանեն էկավ, սրտումդ բուն դրեց, քո սիրտը դժոխք դառավ, քո միտքը անշեջ կրակ, որ ո՛չ մոր սուք ա իմանում, ցավում, ո՛չ որդու կսկիծ, արտասունք տեսնում, սիրտը մրմնջում:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Женщина с маркетным ожерельем
Женщина с маркетным ожерельем
Играть онлайн