Грант Матевосян

Վարդան Մամիկոնյան, որ գոյում է մեր իսկ մարմնից

Գրող Հրանտ Մաթևոսյանի նկարագիրը ամենքին չէ, որ հասու է: Նրան գնահատում են գրեթե բոլորը, հասկանում՝ քչերը: Նրա գրականությունից սնվում են ամենքը, յուրաքանչյուրն՝ իր գդալի չափով: Գրող-Հրանտի և քաղաքացի-Հրանտի միջև տարաձայնություններ չկան, մեկը մյուսին հարգում է և հասկանում: Թե գրականությամբ, թե կյանքով հեշտ տրվող չէ: Գնահատանքների մեջ ժլատ է: Աղմկոտ միջավայրերից իրեն հեռու է պահում: Բայց ահա քանի անգամ անաղմուկ հայտնվում է ժողովրդի քաղաքական լսողության և տեսողության ճիշտ կենտրոնում: Պատգամավորի թիկնոցի տակ ժողովուրդը նրան համարյա չճանաչեց. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի լուռ դրսևորվող դերը ձգտում է հասկանալ:
Այս հարցազրույցը գուցե կօգնի հայ մարդկանց մի ուրվագիծ էլ նշմարել իր սիրած գրողի նկարագրի մեջ: Եթե չօգնեց՝ մեկ անգամ էլ ընթերցեք նրա ստեղծագործությունը:
Այսօր Նավասարդի 1-ն է: Ամեն օր Նավասարդի 1-ն է: Երկիրը և Երկինքը բաժանված են: Բազեները արյունակից բազեներին իրենց բաժին երկինք չեն թողնում: Օձերը եղբայր օձերին իրենց բաժին սարեր չեն թողնում: Ցավալի է, ողբերգություն է: Հրաշալի է, երբ աշխարհը բոլորինն է, երբ տարածությունները ոտքերիդ առաջ բաց են: Իմ ժողովրդի համար այդ երանությունը դժվար հասանելի գիտակցություն էր: Մենք ծնվել էինք յուրովի իսլամի մեջ, իր տեսակի քրիստոնեության մեջ, որ կոչվում էր կոմունիզմ: Աշխարհը մեծ գաղափարինն էր, բայց ինչպես բոլոր մեծ գաղափարները, սա էլ իրականությանը դեմ առավ և իր սահմանները գծեց, որոնք նույնպես կայուն չէին: Ահա այդ սահմանների մեջ էլ ծնվեց և դատապարտված ապրեց իմ սերունդը: Շատերս այդ սահմանները անցնելու ճանապարհին կործանվեցինք, քչերս դիմացանք ու փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ:
Փա՛ռք այն հայորդիներին, ովքեր ի սկզբանե տրված են եղել սուրբ անվստահությանը: Առաջին արթունները, առաջին արթնացողները, որոնք շատերի համար ծիծաղելի հանդերձանքով էին երևում, իրենց սուրբ մարմիններով, իրենց վարքով, շատ դեպքերում իրենց ընտանիքները թշվառության մատնելով, պետք է լցնեին էն անջրպետը, որ իրականությունը բաժանում էր ճշմարտությունից: Ահա նրանք էլ կամուրջ դարձան մի ժամանակից այլ ժամանակի: Նրանք էլ մեզ այդ կամրջով տարան դեպի ճշմարտությունը, որ ասում էր՝ «Ավարտուն սահմանների հայրենիքները ավարտուն հայրենիքների սահմաններ չեն»:
Քաջությունը, ագրեսիան ֆրանսիացու մոտ ծնվում է ամեն ծնվողի հետ: Ամեն օր եթե ֆրանսիացին ֆրանսիացի չծնվի, Ֆրանսիան մեկ օր էլ չի ապրի: Ամեն հայ, ամեն օր եթե հայ չծնվի, Հայաստանը չի լինի:
– Գրականությունն ինքնին անհամաձայնություն է վարչակարգերի, իշխանությունների, մարդկանց ու աշխարհի հետ: Բայց ահա Դուք ՀՀ նախագահի վստահված անձն եք նախընտրական պայքարում: Ի՞նչ ասել է՝ վստահված անձ, ո՞վ և ո՞ւմ է վստահում: Պիտանի՞ եք զգում Ձեզ այդ գործում:
– Ամենաուշը Լևոն Տեր-Պետրոսյանին ես եմ ձայն տվել: Ամենասկզբում ես Վլադիմիր Մովսիսյանի կողմնակիցն էի, բայց կոմունիստները հեշտորեն դավաճանեցին նրան: Ես փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում: Իմ բնույթով ես ավանդապահ մարդ եմ, հեղափոխություններին դեմ մարդ: Հեղափոխությունները պայթյուն են, ավերիչ ուժ ունեն, կորուստներ են: Էն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխություն էր, բայց հեղափոխություն չէր: Ներքին արյունահոսություն չեղավ: Հետո տեսա, որ նորաստեղծ պետական մեքենան իմաստնորեն, ճշգրտությամբ իր մեջ վերցնում է էն, ինչ պետք է, ինչ պետք չէ՝ ինքը դուրս է նետում: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն եմ, որովհետև նա Հայաստանի նախագահն է: Գրականությունները, իսկապես, սոցիալական արդարության ծաղկաստան երկրներում անգամ, ընդդիմություն են: Դա ճշմարտություն է: Ճշմարտություն է նաև այն, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Վարդան Մամիկոնյանը գոյանում է մեր իսկ մարմնից և ոչ թե առասպելական ցեղից: Հայաստանի իշխանը գոյանում է մեր իսկ միջավայրից՝ էս վիճակի հետ մենք հաճությամբ պետք է հաշտվենք: Մեկընդմիշտ պետք է հրաժարվենք մեր էն մտայնությունից, թե երեկ մեր մեջ էր, հաջողակ թե անհաջողակ գիտնական էր, էսքան դրամ էր ստանում, բայց էսօր դարձել է իմ վրա իշխան: Հիմա արդեն հասկանալի է դառնում, թե ինչի անցյալի իշխանները ասում էին, թե իրենք Հայոց աշխարհից չեն, իրենք եկել են առասպելական Ճենաց աշխարհից: Արշակունիները ասում էին, որ իրենք Բակտրիայից են եկել, ի ծնե արքաներ են եղել: Էսօրվա իշխանավորները, ի՞նչ է, իրենց ծագումը պետք է առասպելների մշուշո՞վ ծածկեին: Չասե՞ն՝ մենք ձեզնից ենք: Էսքանով: Հենց դրա համար էլ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն եմ: Մերն է:
– Վարպետ, բայց չէ՞ որ ընդդիմությունն էլ մեզնից է գոյացել:
– Ընդդիմությունը պետք է: Եթե ընդդիմություն չունենանք, ազգի որակը ընկնելու է: Նրանք մեր ազգային մարմնի մեկ, անկապտելի մասն են: Եվ թող իսկապես, երբեմն, նախագահի կրունկը կծեն, հաչեն, խոսեն, ասեն, առճակատման գնան: Իշխանություններին չթողնեն նիրհել, ննջել, չթողնեն, որ մանր ճեղքերը անջրպետներ դառնան, փոքրիկ խնդիրները պրոբլեմների վերաճեն: Ազգային եռանդը, ուժը, ամբողջը պետք է արծարծվի, իշխանությունները՝ ժողովրդին, ժողովուրդը՝ իշխանությանը: Ինչպես որ մուրճով խփում են ժանգոտած մետաղին, ժանգը թափում են: Պիտի խփենք: Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ լինել, չի նշանակում անընդհատ շոյել, թերությունները ծածկել, նրա միջավայրի գլուխպահողությունը, խաբեությունը սքողել: Այդպիսի վստահված անձ նախագահին պետք չէ: Հետ–դեմ, կողմ–դեմ՝ այնուամենայնիվ, միմյանց ենք պատկանում: Տունը բոլորինս է: Բոլորս ազգային հարստություն ենք: Իշխանությունը իմ իշխանությունն է, ես իր ժողովուրդն եմ: Անընդհատ իմաստնորեն միմյանց ծեծելով, էդպես ենք առաջ գնալու: Էդ հարվածներից է կերտվելու, դրվագվելու Հայաստանը:
Նախագահը պետք է սարսափի լռությունից: Բորիս Գոդունովի վերջին տողը հիշո՞ւմ ես՝ ՑՏստՈ ոպջՎՏսՉրՑՉցպՑ – ամբոխը լռում է: Դա սարսափելի է, երբ ամբոխը լռում է:
– Տարածված է այն կարծիքը, որ պետություն չունեցող ազգը չի կարող մեծ, լայնաշունչ գրականություն ունենալ: Այսօր Ձեր և Ձեր գրականության թիկունքում զգո՞ւմ եք ազգային պետության և բանակի շունչը:
– Եղավ էնպես, որ Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Շահինյանի հետ գիշերով իջանք Անիի սահմանը: Մինչ այդ շատ անգամ էի եղել էնտեղ: Էն ժամանակ իմ թիկունքում ռուս զինվորականն էր, համընդհանուր խաղաղության, համընդհանուր զորության, ատոմային պաշտպանվածության, հզոր երկրի տիրակալության պաշտպանների գմբեթի տակ էի, սովետական երկրի քաղաքացու պաշտպանության պատյանում: Էդ ժամանակ ինձ, գրողիս, զինվորական մունդիրները, շքախմբերը, թագավորը, պատերազմի մասին գրողները կարող էին և ծիծաղելի թվալ: Փակագծերում ասեմ՝ իսկապես ծիծաղելի, որովհետև շատ հմայիչ տեղ էր պատերազմի և բանակի թեման, և շատ թույլեր էին էնտեղ նետվում: Ծիծաղելի կարող էր թվալ բանակը իր ամբողջ անցուդարձով, իր բթությամբ, իր մնացած բաներով:
Ուրեմն, առաջին անգամը լինելով, մերկ, մորե մերկ, առանց մեկ իսկ ատրճանակ ունենալու, ես հայտնվեցի իմ ժողովրդի ողբերգության խաչմերուկում, Անիի ավերակների տակ՝ անզեն, անպաշտպան: Դա սարսափի պահ էր: Հետո, ահա, առաջին խիզախողները, առաջին տղաները, առաջին զոհերը ինձ պետք է վերաձուլեին, վերակոփեին: Հիշո՞ւմ ես, երեք տարի առաջ մեզ մերկ թողեցին իրականության դեմ. արդյունքում մեզ ագրեսոր կոչեցին, դա իմ կյանքի լավագույն պահն է եղել, երբ այլևս պատրանքներ չկային: Ես իմ տղաներին, իմ քաջերին, իմ խենթերին երախտապարտ եմ: Էս նոր ժամանակներում վերընթերցում եղավ, նոր հայացքով նայեցինք անցյալի գրական ժառանգությանը: Երեկ ինձ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» կարող էր թույլ մի գործ թվալ, բայց հիմա տեսնում եմ, որ դա հերոսացում էր, հայրենասիրություն էր, գալիք էր: Եվ նույնը, արդեն, էսօր մեզ է պարտադրվում՝ այլ հայացքով նայել իրականությանը: Այսինքն՝ ծնվել այս հայրենիքի լրտես, այս հայրենիքի զինվոր, այս հայրենիքի թագավոր, այս հայրենիքի մշակ:
– Քաղաքական խաչմերուկներում սրեր են բախվում, ազգի ճակատագիրը հեշտ արտասանվող բառի պես շուրթից շուրթ է թռչում, հայրենիքի սահմաններն են ճշգրտվում, հրաշալի տղերք են զոհվում, իսկ գրականությունը... Չե՞ք զգում, որ գրականությունը ետ է մնում կյանքից:
– Չէ, արի ճիշտ դատենք: Գրականությունը ե՞տ է մնում կյանքից, թե՞ այս ամբողջը գրականության սցենարն է: Նոր իրականությունը կստանա իր դեմքը, կճշգրտվի, կմարսվի գրականության կողմից: Հետո... հետո կառաջանա մեկ այլ սցենար՝ գալիքի համար:
– Գրողների մի ստվար մասը, լինելով հանդերձ այս սցենարի հեղինակը, վախենում է իր իսկ նախանշած իրականությունից:
– Գուցե ճիշտ ես: Էդ երկվությունը կա: Որովհետև էն կորած աշխարհը, այդուհանդերձ, փրկության եզրեր կարծես թե մատնանշում էր: Կարծես թե ինչ-որ բաներ կային: Կոպիտ եմ ասում՝ կոլխոզը կար, կարծես թե լավ էր: Շինարարություն կար, սոցիալական ապահովություն կար... Բայց դա խաբկանք էր: Ինչ սկսել եմ ծխել՝ ծխախոտ եմ փնտրել, ինչ ընտանիքի տեր եմ դարձել, հացի, մսի հերթերի մեջ եմ եղել: Ինչ ուզում եք ասեք՝ փլվեց փլվելիքը: Էն հասարակարգը փրկվող բան չէր, վերակառուցվող բան չէր: Գրողներից շատերին կարող է խաբել էն ճանապարհը, որով չեն գնացել, որը կարծես թե ուրիշ տեղ էր տանելու: Ոչ մի տեղ էլ չէր տանելու: Իրենց ենթադրածը դուրս էր գալու էս նույն ճանապարհը: Այլ ճանապարհ չկար:
– Դուք վերջին ամսվա ընթացքում շրջեցիք Հայաստանով մեկ, եղաք գրեթե բոլոր զորամասերում: Եղաք նաև ազատագրված տարածքներում: Հումանիզմի ճահիճը խրված հայ գրող և ամայի տարածություն, ավերված տներ և պապակ այգիներ, հողի մեջ պահ տված ականներ... պարտված թշնամու բացակա ներկայություն և հաղթանակած հայ զինվոր: Ի՞նչ էիք զգում:
– Ադրբեջանցիների մեջ ես ընկեր, բարեկամներ ունեի: Կորստի դառնաթախիծ մի զգացում ծնվեց մեջս և ավելի մեծ բան գտնելու հրճվանք: Ափսոսանք և հրճվանք, երկուսը՝ տարօրինակորեն միասին: Այլևս երեք սերունդ հետո միայն մենք իրար ձեռք կմեկնենք, այն էլ՝ եթե տաղանդավոր տղաներ լինենք, միմյանց իսկապես հասկանանք, եթե նա հարգի և հասկանա իմ՝ Հայրենիք ունենալու մարդկային մեծ մղումը:
Ես ունեցա նաև հիասթափության պահեր: Երեկ, յոթ-ութ տարի առաջ ես պատրաստվում էի ելույթ ունենալ հրապարակում և ասել՝ սիրելի հայրենակիցներ, մեզ միայն մի քիչ աշխատանք է հարկավոր: Էս Ղարաբաղի հարցը երկու ժամվա լուծելիք հարց է, իսկ երկու տարվա աշխատանքով մենք կհասնենք աշխարհի քաղաքակիրթ ազգերին:
Երկու ժամը դարձավ տասը տարի, երկու տարվա աշխատանքը դարձավ տասնամյակների գործ: Փառք Աստծո, որ մեր ազգին բաժին ընկավ աշխատանքը և ոչ տոկոսադրույքով ապրելու վիճակը: Աշխատանք բանակում, հողի վրա: Ամեն որդի պիտի տուն շինի, պիտի այգի հիմնի, պիտի պաշտպանական դիրքեր փորի, պիտի տանկ ու տրակտոր վարի: Ի՞նչ ժողովուրդ էինք մինչև էս շարժումը՝ դանդաղաքայլ, մակաբույծ, խաշ ու խինկալի ուտող ժողովուրդ, որ ոչնչանում էր, որ ոտի վրա մեռնում էր:
– Դուք Հայաստանի գրողների միության նախագահն եք: Երբ ընդունեցիք այդ պաշտոնը, կներեք՝ գործը, Միությունը քայքայված էր, գրողներից շատերը՝ աշխարհից խռով, շատերը՝ աղքատ ու ընկճված բողոքարկուներ: Արտավազդյան հարցը չծնվե՞ց Ձեր մեջ՝ «Ես ավերակաց վրա ո՞նց թագավորեմ»:
– Չգիտեմ, թե ինչու չտպագրվեց էդ պատասխանը... Երբ առաջին օրերին նախագահի մասին հարցեր էին տալիս, ես էդպիսի բան էի ասել՝ նախագահը թեկուզ և ավերակված երկիր ստանձնեց, բայց անեծքով չի անդրադառնալու անցյալին, որպեսզի չհայտնվի անցյալի անեծքի տակ:
Էնպես, ինչպես Արտավազդը հայտնվեց հոր անեծքի տակ: Տեր ես ծնվել, իսկ տերը ստեղծող է լինում: Ամեն մի թագավոր ավերակներ է ժառանգում: Երկիրը դու ես կառուցելու:
Պատահմամբ թե սխալմամբ, թյուրիմացությամբ թե բոլշևիկորեն, ստեղծվել է գրողների էս միությունը: Սա ունեցվածքի պես մի բան է, պիտի տեր կանգնենք էս դժվարին ժամանակներում, պիտի գրականության կրակը վառ պահենք:
– Բանակը զգում է բարոյական աջակցության կարիքը: Գրողները գոտեպնդվելու, առնականանալու համար պետք ունեն բանակի հետ շփվելու:
– Երեխա ժամանակ էլ ես մի քիչ պապի բնավորություն ունեի: Գրպան չունեի, բայց ուզում էի, որ գրպանս լիքը բան լիներ, որ նվիրեի սրան-նրան: Դեսից-դենից միջոցներ ենք հայթայթելու և գրողներով գնդից գունդ ենք շրջելու: Ուզում եմ էդ էրեխեքը մեր մեջ լինեն, մենք էլ էդ էրեխեքի մեջ լինենք: Մենք ոգեշնչվելու, նրանք՝ կրթվելու կարիք ունեն:
– Շուտով ազգովի նշելու ենք Հայաստանի անկախության հինգերորդ տարելիցը: Ի՞նչ բան է անկախությունը: Պետության և մարդ անհատի անկախությունները. դրանք տարբե՞ր բաներ են:
– Անկախ պետականության քաղաքացին միայն կարող է անկախ լինել: Երբեմն բանաստեղծորեն սխալվում ենք և Լորիս-Մելիքովի բարձր հասակը հայի հասակ ենք համարում և դրանով հպարտանում: Դա, այդուհանդերձ, խաբեություն է: Նա իմպերիայի որդին էր, ցարի չինովնիկը, նա իմ որդին չէ: Իմ հպարտությունը, անկախ մարդու իմ հպարտությունը բարձրանալու է միայն իմ անկախ պետության պայմաններում: Էս պետության դեմ հոխորտացողների, զազրախոսների գոյությունն էլ իսկ անկախության շնորհն է: Հայրենիք ունեն, դրա համար է լեզուները բաց: Էդ նույն զազրախոսի՝ Ամերիկայում ապրող եղբոր ձայնը էդպիսին չէ:
– Դուք ծառայե՞լ եք խորհրդային բանակում:
– Չեմ ծառայել: Էդ տարի զորքերի կրճատում եղավ:
– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել ազգային բանակը:
– Ազգային բանակը պետք է լինի մեր կյանքի, մեր կենցաղի անտրոհելի բաղադրիչը, բոլորիս պարտականությունն է լինելու, բոլորիս հոգածության առարկան: Կալիֆորնիայում, որ մի պետության չափ նահանգ է, էսպիսի բան կա: Համալսարանն ավարտած բժիշկը, իրավաբանը, բանասերը, պատմաբանը պարտավոր է երկու տարի ծառայել ոստիկանությունում: Էդ վիրաբույժը, որ հետո Քլինթոնին վիրահատելու է, միլիոնատեր է դառնալու, պարտավոր է ոստիկանի հագուստ հագնել և փողոցային երթևեկությունը կարգավորել: 70-ամյա Դերենիկ Դեմիրճյանը սովետական բանակայինի համազգեստով գիշերները հերթապահության էր դուրս գալիս: Ծիծաղելի չպետք է թվա. դա հպարտություն է:
– Գրական ասուլիսներում, հարցազրույցներում Դուք հաճախակի էիք արտառոց, այն ժամանակ՝ ժողովրդի համար անընդունելի մտքեր արտահայտում: Օրինակ, եղեռնի թեման համառորեն չէիք ուզում գրականության մեջ տեսնել: Չէի՞ք ուզում ազգը իր ցավին ու պարտությանը մոտեցնել... Հնարավո՞ր է, արդյոք, ցավով ու պարտությամբ մարտնչող ազգ դաստիարակել:
– Փորձեմ մեկընդմիշտ ստուգաբանել: Գուցե ես վախկոտաբար, էդ հարցին պատասխանելիս, իրերն իրենց անուններով չկոչեցի: Ըստ երևույթին, ինձ խրտնեցրին էն բազում էջերը, որ եղեռնի մասին էին, բայց եղեռնի մասին չէին: Եղեռնը դարձել էր սպեկուլյացիայի թեմա, ապիկարների դաշտ: Մեծ թեմաները մեծ գրիչների կարիք ունեն: Մեծ գրիչները իրավունք ունեն դիպչել ժողովրդի ցավին, մտնել մարդկային հոգեբանության գեհենը, մակբեթային անկման և համլետյան վերընթացի գագաթները, ամբողջը իրավունք ունեն ընդգրկելու: Դոստոևսկու բերած իրականությունը, երբ մարդու մեջ ճիվաղ է բացահայտում, սարսափելի չէ, որովհետև ճիվաղը ամբողջության մեջ է երևում: Դա տաղանդի կարողությունն է: Թումանյանի «Անուշը» որևէ բախտավոր բանի մասին չէ, մարդկային ճակատագրերի կործանման մասին է: Այդուհանդերձ, «Անուշից» դուրս են գալիս լուսավորված, որովհետև մեծ բացահայտում է եղել, արվեստի ծննդի հետ ես շփվել: Եղեռնի մասին ճշմարիտ գրողների գրվածքների հետ հարաբերվելիս, պետք է ներկա լինես ծննդի: Էդ ողբերգական նյութը վերաճելու է մի այլ ծննդի: Շատ դեպքերում կրկնակի մահ էր դա: Իմ վեճը դրա դեմ է եղել, կրկնակի մահվան դեմ է եղել:
– Այսօր Գրողների միության անդամներից հինգը-վեցը ականավոր պետական այրեր են: Նրանք շարունակո՞ւմ են իրենց զգալ որպես Գրողների միության անդամներ:
– Անմիջաբար իրենց անունից չեմ կարող խոսել, բայց իմ անունից կասեմ. գրականությունը, Գրողների միության նախագահը պետք է հպարտանա, որ Հայրենիքի, Երկրի, Ժամանակի ճակատագրական պահին հենց գրականության ընդերքից, գրականության միջից ելան էդ քաջերը, էդ կտրիճները, էդ զգայունները: Դա ամենևին էլ պատահական չէ: Էն էլ ասեմ, որ գրականությունը յուրաքանչյուր նորմալ մարդու բնածին հատկանիշ է:
– Տրտնջացող մտավորականների մի բանակ գուժում է հոգևոր կյանքի ամլության մասին:
– Չէ, իրականությունը էդ չի: Համաշխարհային իմաստով՝ իսկապես ժամանակ է փակվում, դարաշրջան է փակվում, դարաշրջան է բացվում: Ժամանակը նույնպես Հայրենիք է, ինչպես սարը, լեռը, դաշտը. ժամանակ է փակվում, հայրենիքներ են խորթանում: Դժգոհությունները հասկանալի են: Պրագմատների ժամանակն է վրա հասել: Էդքանով կարող է ամլություն թվալ: Քիչ, քիչ էլ համբերենք և դարձյալ հոգևոր կյանքի ծաղկման ընթացքի մեջ կհայտնվենք:
– Գրողը իր պետությունից խռովելու իրավունք ունի՞: Ասենք, փոխվում է իշխանությունների վերաբերմունքը իր հանդեպ:
– Փաստն էն է, որ պետական այրերը իրենց մարզում, բանակը իր մարզում, գրողն էլ իր մարզում պայքարելու, իր հացը խլելու իրավունքն ունի: Ոչ թե հայցելու, այլ խլելու, պարտադրելու: Փառք Աստծո, եթե կարողանանք և՛ էն իշխանը լինել, ով Խորենացուն պատվիրեց Հայոց պատմությունը գրել, և՛ էն Խորենացին լինել, ով գրեց Հայոց պատմությունը:
Երկուսին էլ մեր մեջ կրենք: Հրաշալի կլինի:
Գրականությունը գրողի հացը պիտի լինի, թե իր գործը միայն գրականությունը չեղավ՝ համաշխարհային մեծ մրցակցության մեջ տանուլ ենք տալու: Մշակութային ոլորտում պարտությունը հանգեցնում է համազգային պարտության: Եվ ուրեմն, գոնե առաջին շրջանում, գրողին օգնողներ են հարկավոր:
– Վարպետ, Ձեր խոսքը հայ զինվորին:
– Միայն հայ զինվորն էր Հայաստանի նախագահին, Հայաստանի կաթողիկոսին, Հայաստանի վարչապետին պարտադրելու Հայաստան-Հայրենիքը, հայ գրականությունը, հայոց լեզուն, հայ երաժշտությունը: Ամբողջը, ինչ որ ազգն է՝ հայ զինվորն է պարտադրելու: Հայ զինվորի նահանջը, մի քայլ նահանջը իր ազգային հպարտ բարձունքներից, կորուստն է լինելու ամբողջի, որի անունն է Հայրենիք: Զինվորի կեցվածքի մեջ Հայրենիքը պիտի արտահայտված լինի հպարտությամբ՝ իր ազգային պատկանելության, իր պատմության, իր նախնիների, նահատակների, ամբողջի համար:
Հայ զինվորի մեջ պիտի կարդաս. «Ես հայ եմ, այո՛»:

Զրուցեց Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«Հայաստանի Հանրապետություն», 07.09.1996 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

Вардананк
Вардананк
Играть онлайн