Грант Матевосян

Ճանապարհը։ Պոստում

Գրասենյակում կամաց ու կիսախոսքով, կարծես գողերը գրասեղանի տակ էին, տեղամասի վարիչը, ֆերմայի վարիչը բրիգադիրն ու վարորդը իրար հայտնեցին, թե անտառտնտեսության մեքենա է ձորով բարձրացել՝ սովխոզի հանդից խոտ փախցնելու, և մի րոպե հետո սովխոզի մեքենան, դռդռոցով ու լույսերը ճոճելով ճրագթաթ ծմակի վրա, իրեն գցեց մայրուղի։ Գնում է գողերին բռնելու։ Գողությունն էլ այսպես է. անտառտնտեսության աշխատողները սովխոզի խոտհարքը թաքուն հնձել են, և սովխոզի վարչությունը որոշել է սովխոզի դեզի մեջ հավաքել այդ անօրինական խոտերը, և վաղը որոշումն իրագործելու է։ Խոտատերը՝ վարորդներ, անտառահատներ և այլն, իմացել են այդ մասին ու խոտերը փախցնում են։

Ոչի՜նչ, հիմա կբռնվեն. խցիկում գյուղխորհրդի Արշակ Հակոբյանն է, թափքում՝ Սանասարը, Գուրգենը, Թափտըղը...

Ճանապարհը՝ դեպի Զարդաքար բարձրացողն է. նոր է բացվել, տարի֊տարիուկիսվա պատմություն ունի, և հասկանալի է՝ մեքենա ձորով մինչև այդ չի անցել։ Նույնիսկ ահնիձորցիների մտքում։

Ասում էին Ահնիձորի ձորով դեպի Աղստեֆ երկաթուղու նախագիծ է եղել։ Բայց չէին պատկերացնում. գետնիվեր կածանի անհեթեթությունը թույլ չէր տալիս. քարկապներում չռված ձի էր երևում շոգեքարշի փոխարեն։ Որպեսզի Ահնիձորի երևակայությունը կուչ չգար, հարկավոր էր այս ճանապարհը։

Քշի՛ր...

Մի տեղ, ճանապարհի կեսերին, պիտի ծռվեին, նայեին խոտհարքներից մեկը տանող սայլուղին։ Գուցե այդտեղ էլ բռնեին և այդտեղից էլ ետ դառնային։

Քշի՜ր, ասաց Գուրգենը։ Քշիր, ես գիտեմ, այդ ճամփի վրա հնձած խոտ չկա։

Հակընթաց քամի, լույսի տակ ետ փախչող զմրուխտ-կանաչ խոտ, լույսի տակ խորհրդավոր ձևեր ընդունող թփեր, ժայռեր և ճանապարհ, ճանապա՛րհ։

Մայրուղին երակներ ունի։ Ճամփաբաժանում Ռոդիկը կանգնեց. «Չթեքվե՞մ»։

Մայրուղով գնալու են ու գնալու։ Մնում են երակները...

Թեքվիր։

Բայց այնտեղ դժվար թե խոտ... Այնտեղ բոլորովին խոտ չկա։ Հաստատ չկա։

Այնտեղ խոտ չկա, ասաց Սանասարը՝ տեղամասի կառավարիչը։

Հա՞։ Չկա՞։ Դե եթե չկա՝ ինչո՞ւ թեքվես, ասաց գյուղխորհրդի Արշակը։

Իսկ Թափտըղը ցատկեց թափքից և ջոկվող ճանապարհի՝ վրա գտավ նոր անցած մեքենայի հետք։ Վարորդն ասաց, որ ԶԻՍ 150֊ի հետք է, իսկ Գուրգենը տեղեկացրեց, որ հենց ԶԻՍ 150֊ով են գնացել խոտի։

Թեքվիր։

Դե, այնտեղ մի ծեղ խոտ էլ չկար և ոչ մի մեքենա էլ չէր գնացել դենը։ Ուղղակի՝ լավ է, որ մեքենան կեռման է տալիս, դուրս գալիս դարի գլուխը, հասնում ջոկվող ճանապարհի վերջը և ետ գալիս։

Տեսնենք ե՞տ են գնացել, երբ նորից մայրուղի էին մտել, ասաց Սանասարը։

Այդ ե՞րբ հասցրին ետ գնալ, ասաց Գուրգենը։

«Այդ երբ հասցրին ետ գնալ», այսինքն դեռ ճանապարհը չի վերջացել, դեռ քշելու տեղ ունեն։ Իսկ քշելու տեղը մի քիչ վերև էր։ Միահամուռ կարծում էին, որ խոտն այնտեղից պետք է տանելիս լինեն։

Իջնենք։

Բայց Ռոդիկը կանխեց.

Կացեք, լույսերս գցեմ։

Ախ, լույսե՜րը...

Եվ ամեն մի ջոկվող արահետի վրա կանգնեցնել տվին մեքենան, լույսերը վառեցին, նրանց տակ ստուգեցին՝ ԶԻՍ 150 չի՞ անցել։

Էլ կասկածելի տեղ չկա, ետ դառնանք, ասաց Սանասարը։

Շուռ գալու տեղ չկա, ասաց Ռոդիկը։

Չկա՝ շարունակիր, ասաց Գուրգենը։

Մինչև վե՜րջ, Հաճույքով արձագանքեց Թափտըղը։

Էս գրողի տարածը, կարգին ճամփա ենք ունեցել, խցիկում խլրտաց Արշակ Հակոբյանը։

Ծայրը Արտուշ պապի քողտիկի մոտ է։ Կամ քողտիկն է ճանապարհի ծայրին, մեկ է. միասին են սկսել բարձրանալ ձորնիվեր և միասին են տեղ հասել։ Այնտեղ ճանապարհը պատվո շրջան է գծում, իսկ քողտիկը կանգնած է հովանոցը վեր։

Գուրգենը հաճույքով գյուտ արավ, որ կարելի է դատարկ ետ չգնալ տախտակ բարձել տանել։ Սանասարը դեմ չէր։ Թափտըգը համաձայն էր, գյուղսովետի Արշակը՝ «Հա, մի տասնհինգ հատ տանենք», Ռոդիկը՝ «Պաժա՜լուստա ...»։

Տախտակը բերելը, րարձելը, տանել թափելը այնքան որոշակի էին զգում, որ արդեն ալարում էին, և մտածեցին հարցնել Արտուշ պապին։

Արտուշ պապի՜...

Ուրեմն մութ, ահավոր գիշեր է, ձորի վշշոց, որ լռության մի մասն է, գիշատվող թռչունի ճիչ ու լարված սպասում, թե բվեճը հիմա նոր թռչուն կծվատի։

Արտուշ պապի, այ Արտուշ պապի՜...

Մովրո՜... Մովրովո՜... ցուրտ ձայնով դիմացի մթնից խռնչում է բուն։ Նա ցերեկն էլ է կանչում, բայց շուրջը պայծառ լույս-արև է լինում, և մարդ տխուր երանգներ է գտնում այդ կանչի մեջ, մարդ ուզում է հեքիաթ հնարի այդ թռչունի մասին, թե՝ գուլպայի մի հատը կորցրել է, ձմեռ է գալու, և խեղճ Մովրոն վախենում է ցրտից. Մովրո՜... գուլպա չունեմ... վայ-վա՜յ...

Գիշերվա կանչի մեջ գուժող մի բան կա։

Արտուշ պապի՜...

Քողտիկը դիմացի մթի մեջ ինչ֊որ տեղ է։

Հե՜յ... մթան միջից սկսվում է և մթան պես քսվում է դեմքներին Արտուշ պապի ձայնը։

Բա՛րև, Արտուշ պապի՜։

Մովրովո՜...

Դուք, իհարկե, չեք պատկերացնում ձորի ահավորությունը։ Գոնե ընդունեիք, որ պապի համար մենակության մեջ, թեկուզև ամենալուսավոր հովտում, միակ ցանկալին մարդկային ձայնն է։ Հոգեբանորեն այդպես պետք է լիներ։ Այդ մարդիկ նրա համար առանձնապես ոչինչ չեն արել, բայց շուրջը զարզանդ մութ է, և պետք է որ այդ մարդկանց, հենց միայն մարդկային հնչյունի համար, մեծ ուրախությամբ ընդուներ։

Ո՞նց ես, Արտուշ պապի...

Պատասխանը մի քիչ ուշացավ.

Տախտակ չկա, տախտակ...

Այտա, տախտակ չեմ ասում, է, ասում եմ ո՞նց ես ո՞նց...

Հա, դե սաղ ըլիս...

Իմացար ով է, Արտուշ պապի՜...

Գուրգենն է, իմացա... Գուրգեն ջան, իմ արևը քու արևը,, տախտակ չկա...

Հետո մեքենայի միջից հարց՝ թե ճաշ բերե՞լ են այսօր և դիմացի մթնից պատասխան՝ որ հաց բերել են, բայց տախտակ չկա, հետո հարց՝ թե հիմա ո՞նց է, լսել են, որ մի թեթև հիվանդացել էր և պատասխան՝ որ բժշկուհին դեղ է ուղարկել, խմել է, լավ է, բայց տախտակ չկա, հետո՝ սովխոզի ղեկավարությունը լսել է, որ կողմնակի անտառտնտեսության ծառայող Արտուշ Թաթոյանը հնձել ու հավաքել է սովխոզի խոտհարքից, անձնական օգտագործման համար, դրա՞ն ինչ կասեր։

Հնձել է, ճիշտ է։

Իրավո՞ւնք ունենք տանենք։

Իրավունքը ձերն է, եկեք տարեք, բայց տախտակ չկա, իմ արևը ձեր արևը։

Տախտակ շատ կար, եթե թողներ՝ ալարելով, բայց գոնե մի քանի հատ կտանեին։ Չէր տալիս, ու թվում էր, եթե թողնի անտառը կբարձեն-կտանեն, այնպես եռանդով էին բացատրում, պահանջում, խնդրում։ Վերջացավ այսպես.

Չէինք ուզում անհանգստացնել, բայց որ դեմ առար՝ կասենք. մարդ է մեռել, տախտակ չկա, հիմա դու գիտես...

Չկա, հայ աստծու, կա ոչ։

Այտա, մարդ է մեռել, էդ ոնց է քո բանը... կարծեցին չի լսել։

Լավ չի արել, որ մեռել է, օգոստոսը մեռնելու ամիս չի...

Ետ դարձան ծիծաղելով ու զարմացած, բանակցության մանրամասները հիշելով ու զարմանալով, հայհոյել փորձելով, բայց զարմանալով, կարտոլի հին պահակ Ադամին հիշելով ու շատ զարմանալով։ Հետո՝ նորից ճանապարհ, և մեքենա ունենալու գիտակցությունը։

Ռոդիկ, Ռոդիկ, լույսդ ջրին գցիր, մի խմենք, է... «Լավ չի արել, որ մեռել է, բայց տախտակ չկա...»։

Ես խնդրում եմ հավատաք, որ Արտուշ պապն ու Ադամ քեռին մեկ և նույն մարդն են։ Ճիշտ է, նա Ղանիելյան Ադամ է, սա Թաթոյան Արտուշ, բայց նույն մարդն են։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Материнство
Материнство
Играть онлайн