Грант Матевосян

Սպասվող մարդ էր նա

Պարույր Սևակից զատ ուրիշ ոչ ոք չի պատասխանի, թե ով էր Պարույր Սևակը.
...Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում
Իր ողբերգական դրամաներով...
Իսկ մե՜նք՝ ես ու դու... արվեստ ենք խաղում,
Եվ... մի այնպիսի համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ:
Պարույր Սևակը մարմնավորյալ կռիվն էր հանուն լուրջ և ամբողջական, անաղարտ և լիցքակիր խոսքի, և մարմնավորյալ տագնապը այն փլուզման, որի վկաներն ու զոհերը մենք բոլորս եղանք:
Նա գիտեր, որ աղարտված խոսքը, աղարտված գաղափարը, որպես վիրավոր գազանը, վրեժ է առնելու, և կոչով ու հորդորով ու խարազանով մեզ բոլորիս քաշում ու քշում էր ազատ, անաղարտ, ամբողջական, կենդանի խոսքի ակունքները:
Չարենցից հետո և Մարկեսից առաջ, Չարենցից հետո, Մարկեսից առաջ և մեծ հալոցքի համամիութենական իր ստվար խմբի հետ՝ մեզանում նա էր իրատեսն այն ճշմարտության, թե մարդու, երկրի, սոցիալիզմի սպանության ամենաստույգ միջոցը վատ գրականությունն է:
Ի սկզբանե էր բանը նրա համար աստվածաշնչյան պարապ ոճավորումն չէր, այլ հավատավոր ստանձնումը մեծ խոսքի այն առաքելության, որ մեզնից հազարամյակներ առաջ և ամբողջ հազարամյակներով ավետարանիչների գրչով Քրիստոս աստված էր ստեղծել և Քրիստոս աստուծով ամբողջ ժողովուրդներ ու էպոխաներ առաջնորդել, և մեզնից մեկ հազարամյակ առաջ մեծ Ֆիրդովսո ձեռքով արձանագրել խոսքի կերտիչ այդ առաքելությունը. «Երեսնամյա ջանքով ես կենդանացրի ֆարսերենը և իմ ֆարսերենից հառնեց Իրանը»:
Պարույրի պրկված ջանքը առլեցուն էր իր և իր խոսքի, մեր և բոլորիս խոսքի ա՛յդ գիտակցությամբ, և նա կարողացավ պրկել մեզ բոլորիս. իր մուտքով, տասնհինգամյա իր շռնդալից անցքով, գարունաբեր հողմի պես խուժելով ամեն տուն ու հոգի, նա խոսքը, մեր բոլորիս սպասելիքը խոսքից, անցյալի, ներկայի, ապագայի պատկերը մեր խոսքում, ասել է մեր աստծո պատկերը մեր երթի գլխին - նա՛, կամ առաջամարտիկի նրա գործում, մեզ անհանգստացնող, մեզ դադար չտվող ներկայությամբ մենք բոլո՛րս մշակույթը դարձրինք համահասարակական կյանքի բաղադրիչ:
Այդպես եղավ, որովհետև ամենքիս և յուրաքանչյուրիս մեջ վստահ համոզմունք է՝ որ երկրների ու բանակների պարտություններին նախորդում է նրանց մշակույթների պարտությունը. որպես Մուհամեդի հավատացյալներ խոկում են անմշակույթ-անհավատ զանգվածի մեջ մշակութապես զորեղ ազգերը, և պարտությունը - ո՛չ պարտությունը՝ ջարդը - անխուսափելի է:
Այս իրողության խոր ըմբռնումի սևեռումն էր Պարույրը:
Նա սպասվող տղա էր: Ուրիշ ոչ մի դեպքում հայոց լեզվի աշխարհը այդպես միանգամից չի վերաճել սիրով ու արժանապատիվ հպարտությամբ շնչող մի մեծ սրահի, ինչպես նրա մուտքով եղավ:
Մեծ Սարյանը կար, մեծ Խաչատրյանը կար, մեծ Սարոյանը կար, կար Բաղրամյանը և ուրիշներ կային, բայց սպասվող մարդը նա էր - նա էր այդ բոլորին և դեռ յուրազգի ու այլազգի շատերին մեծ փլուզումից առաջ և մեծ փլուզումը կանխելու հույսով հավաքելու իր շուրջը:
Նա սիրվեց, օր կենդանության նա պաշտվեց, նա դարձավ յուրաքանչյուրիս ու բոլորիս հոգևոր աշխարհի մի մասը: Ուրիշ ոչ մի դեպքում մեզնից ոչ ոք իր ետևից սգո այդքան ահռելի թափոր չի տարել: Նա իրեն ստեղծեց մեր սպասելիքից և դարձավ այսօրվա հանուր կյանքի անբաղադրելին:
Յոթանասունհինգ տարեկանի նրա կենդանի ներկայությունը միայն մեծացնելու էր շիտակների, բարձրերի, անընկճելիների այն փաղանգները, որ այսօր կան նաև քառասունյոթամյա Սևակի անդուլ ջանքով:
18.06.1999

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli