Грант Матевосян

Մեր տան տիրակալն ու մշակը

«Նա երկար ու գեղեցիկ կյանք ապրեց» ասելու համար նախ հարկավոր է ասել, որ կարճ ու գեղեցիկ կյանք ապրելը հեշտ է. արված փոքրիկ գեղեցկությանը բարի մարդիկ իրավացիորեն հավելում են նաև այն մեծ գեղեցկությունը, որ արվելու էր, սակայն չարվեց. այնինչ կյանքը լի է այլ օրինակներով. գեղեցկորեն շռնդալից այնքան ծնունդներ են եղել, որ վերջացել են անշշուկ թաղումներով. եթե ոչ անեծքով. կյանքի դիմադրությունը ահռելի բան է, և այնքա՜ն նպատակներ են շեղվել ու այնքա՜ն ձգտումներ են ճապաղվել կյանքի դիմադրությամբ։ Եվ այդ պատճառով էլ «նա երկար ու գեղեցիկ կյանք ապրեց» ասելու փոխարեն ուզում ես ասել՝ նա ապրեց երկար, բայց գեղեցիկ կյանք։
Նա ապրեց երկար, բայց գեղեցիկ կյանք և մարեց մեզ համար անսպասելիորեն. նրա լուսավոր գործի անմահության հետ մենք արդեն փայփայում էինք նաև նրա անձի հարատևության զգացումը։ Ավերված Անին կար, Գոշի խաչքարը և Զվարթնոցի մնացորդը կային և նրանց մեջ կար հին մեծ խարույկի տաք մոխիրը, հին մեծ Սարյանի մնացորդը, որ մեզ խոստանում էր նրանց պես լինել հավիտենական, և որի շուրջ մենք ջերմանում էինք։
Ասելու համար, թե փառքը նրա ուսերին բեռ չդարձավ, նախ պետք է ասել, որ փառքը հեծնելու տեղ չի գտնում այն ուսերին, որոնք արդեն բեռնաբարձ են գործի ծանրությամբ. նա մշակ մարդ էր, իսկ մշակները, երբ վերահաս ձմռան հետ առատ է սեղանը ու լի է մառանը և օջախը վառվում է ու ցախատունը մինչև առաստաղ լիքը դարսած փայտ է, մի թեթև ուրախանում են միայն մի աչքով, մյուս աչքի մեջ գալ ամռան հոգսն է։ Փառքի տաք, հաճելի շողոքորթությունը անընդհատ կար նրա ունկերի տակ, սակայն երբեք չխցվեց նրա ունկերից ներս. նրա ունկերն անընդհատ լի էին հմայիլի սեփական մրմունջով. նա ինքն այդ ամբողջ ժամանակ հաճոյանում էր ծաղիկներին, լեռներին, դեմքերի խոհին, դեմքերի կշտությանը, դեմքերի սնափառությանը, դիմակների իմաստին, մրգերին ու կանանց և դարձյալ ծաղիկներին. փառքի երգեցողություն է թե աղմուկ՝ այդպես չլսել, այդպես իրենց խլացնել ու չլսել կարողացել են հին հավատացյալները. այդպիսի մի խուլ էլ եղել է Գոշի որձաքարը խաչքար դարձնող վարդապետը. Լենկթեմուր է եկել, Լենկթեմուր է անցել, իսկ այդ վարդապետը, իր որձաքարին կպած, հմայելիս է եղել որձաքարը մի հարյուր տարի՝ մինչև որ որձաքարի մեջ երևացել է խաչքարի հրաշքը։
Ասելու համար. թե նա որդին էր այս հայրենիքի, տեղին է նախ ասել, որ շատերն են հպարտությամբ հայտարարում, թե իրենք զավակն են այսինչ հայրենիքի, և այդ դեպքերում հայտարարողից ավելի նայում ես նրա հայրենիքի հասակն ի վեր, և հայացքդ բարձրանում ու գլխարկդ ընկնելու չափ բարձրանում է այդ հասակի հետ, և դու հասկանում ես, որ դու ինքդ նույնպես հպարտությամբ կապրեիր այդ հսկայի որդին կամ որդեգիրը լինելու ապահովության մեջ։
Նրա հայրենիքը չէր ունեցել ոչ մի որդեգիր, այլև այլ հայրենիքների որդեգրության էր տվել իր զավակներից հազարների, հարյուր հազարների։ Այդ հարյուր հազարներից նա այն եզակիներից և եզակիների մեջ ամենաեզակին էր, որ ճանաչեց իր հայրենիքը, որը, սակայն, չկար, որը, սակայն, հողից ավելի հույս էր և հույսից ավելի՝ թախիծ։ Նա իր հայրենիքը գտավ լույսի որոնման ճանապարհին. լույսի հետ նա գտավ հարավը, հարավի հետ՝ հայրենիքը. լույսի ետևից նա ուխտագնացության ելավ դեպի նկարչության Մեքքա, նա հասավ նկարչության Մեքքա, թարթեց աչքերը և տեսավ, որ հայտնվել է նախապապերի հայրենիքում. դա բախտավորություն էր։ Նույնքան բախտավոր ու բնական եղավ նաև մարդասիրական նոր գաղափարների և մեծ մարդասիրությամբ ներծծված նրա արվեստի փափուկ կցումը։
Սարդարապատում կռվողների, Զանգվից առու հանողների, Թորամանյանի, Մյասնիկյանի հետ Սարյանը ստեղծեց հայրենիք, ունեցավ հայրենիք և եղավ նրա որդին։ Հիմա արդեն բոլորս կարող ենք հպարտությամբ ասել՝ ես զավակն եմ այս հայրենիքի, և թեկուզ ոչ ոքի գլխից գլխարկ չի ընկնի մեր հոր հասակը դիտելիս, ապա գոնե կվերցվի հարգանքով՝ գլխաբաց կանգնելու Սարյանի արվեստով օժտված այս փոքրիկ երկրի դեմ։ «Ունի՞ արդյոք արվեստը հայրենիք» հին հարցը մեզանում ունեցավ զուտ հայացի պատասխան. արվեստը հայրենիք է ստեղծում։
Չհաճոյանանք, չհաճոյանանք մեռյալներին՝ թեկուզ և կյանքի հավերժության մեջ անցավոր ադամորդին արժանի է ամենագեղեցիկ և ամենաթախծոտ բառերի։ Մեր նախնիները որձաքարը դժվար էին հղկում և ափսոսում էին մաքուր հղկվածքը աղարտել բառերի կեռիկներով։ Հետո արդեն հղկելը հեշտացավ, և տապանագրերի մեջ խունացան բոլոր բառերը։ Ո՞ր տապանին է մաշվում այն ժլատ գիրը, որը պիտի լիներ միայն Սարյանինը՝ խորհրդային արվեստի ռահվիրայինն ու ամենախոշոր ներկայացուցչինը, ում գործը մի խոշոր ներդրում էր այս երկրի գոյությունն աշխարհին պարտադրելու մեջ, այսինքն՝ վավերացնելու, աշխարհի նրբացած քիմքին դաջելու խորհրդային մարդասիրության պինդ գոյությունը։
Վերջերում նա հաճախ էր խոսում տիեզերքից, հավերժից, անմահությունից։ Նյութը անմահ է, մարդը ժամանակավոր, իսկ նա խոսում էր հենց մարդու անմահությունից։ Նա թափառում էր մետաֆիզիկայի մեջ, և այդ իրավունքը նա ուներ, քանի որ իր գործերով նա հաճախ էր առնչվել անմահությանը։ Անմահությունը նրա համար ահա-ահա դառնում էր առարկայորեն ծանոթ մի աշխարհ, այնինչ, կյանքի երկրային պատիճը, ամեն ինչ՝ և՛ խոսք, և՛ շնորհ, և՛ սեր՝ կյանքին դարձրած պատիճը ավելի էր փուխրանում ու թեթևանում։ Նրա մարմինն այլևս վատ ապաստարան էր նրա համար։ Եվ մարմինը ինքը ետ պահեց իրեն։ Այդպես անջատվում է տիեզերանավի պարապ հրթիռը, այդպես մեռնելով իր սերմը՝ իր անմահությունն է արձակում սերմնանետ ծաղիկը։
Երանի վաղվա այն մանկան, ում միջից դարձյալ նայելու են Սարյանի աչքերը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маскарад -  Вальс
Арам Хачатрян

Маскарад - Вальс