Грант Матевосян

Մանուկ Մնացականյան

Մահը զվարթ ծիծաղների ու զնգուն արևի իմ երկիրը գորշ ու գաղջ գիշեր է արել և իր խավարի մեջ, որ շատ ավելի իրականություն չէ ու մթնած մեր հոգիների ոստայնն է, մեկ առ մեկ, մարդ մարդու ետևից մեկ առ մեկ հոգիներ է խժռում:
Եվ ո՞վ է ասելու, ո՞վ է լինելու էն ոսկեբերանը, որ խոսք ասի, և խոսքը թեթև հովի պես անցնի մեր միջով ու մեզանով, և մեր սրտերը երեխայի հոգոցով թեթևանան, պարմանի լույսը խաղա մեր աչքերում, մեզնից ու մեր միջից խավարն իր որջը քաշվի և մեր քայլի առաջ բացվի վաղվա օրի հորիզոնը, և իմ ծերերը վայելեն խաղաղ զրույցների իրենց աշնան արևը, և կորովի իմ երիտասարդների եռանդը անխուճապ լինի:
Ո՞ւմ խոսքն է լինելու, ո՞վ է ասելու - մե՞նք իսկ, յոթ սարի յոթ ծովի ետև որևէ մե՞կը… Չգիտեմ:
Գիտեմ միայն, որ շատ ենք ափսոս: Ափսոս ենք՝ որ չենք ասում և ափսոս ենք՝ որ չենք լսում: Ափսոս ենք՝ որ գառան մեր սրտերը բաց չենք պահում կենարար այդ շնչի առաջ, մեր երեսներից չենք սրբում այս անժամանակ կնճիռները, չենք թոթափում այս սպանիչ վախը, չենք վանում այս կասկածը, չենք հավատում միմյանց ու ինքներս մեզ: Եվ՝ լարո՜ւմ, լարո՜ւմ, անտանելի լարվածություն, և ճայթում ու կտրվում ենք: Գիտեմ միայն, որ փրկարար այդ խոսքի առաջ, եթե անգամ դա մեզնից ու մերոնցից էր բխելու, հակվա՛ծ, ոգեկոչման աստիճանի սրվա՛ծ, խաբվելու աստիճանի լարվա՛ծ էինք լինելու՝ լսե՛լ, թեկուզև թվացյալ՝ հավատա՛լ այդ խոսքին և քարը սրտներից գցել, բայց հակված չենք: Լավ չի, այդպես մեզ ենք սպանում, այդպես միմյանց ենք սպանում, այդպես ենք դավաճանում ինքներս մեզ և միմյանց:
Երդվել էի, որ ոչ մի առիթ, ոչ մի պատճառ իմ գործից գրիչս չի կտրելու, բայց էս ի՞նչ ենք անում, տղերք, ի՞նչ ենք անում, Համո, ոսկեբերա՛ն Համո, Անդրանի՜կ, Անդրանի՛կ Ծառուկյան, Հակո՜բ, Հակո՛բ Կարապենց, Արտաշե՜ս, Վարդգե՜ս, Սյուզի՜, Վիկտոր, Ռաֆայել, Մանո՜ւկ, գառան սրտով մանուկ… էս ի՞նչ եք անում:
Թե՞ կարծում եք դա ձեր անձնական գործն է, թե ձեր անձը ոչ- գրողաբար միայն ձերն է, ուզենաք՝ կվերածրարեք ու ետ կուղարկեք, ուզենաք՝ կպատենավորեք հոգնության ու հուսահատության ու հարբեցողության ու անվստահության պատանքներում: Այդքան դժվար առաջանում, այդպես դժվար հաստատվում և այսպես հեշտ թողնում հեռանո՞ւմ են: Թե՞ մենք նույն երթի զինվորները չէինք, որ օրերի միջով ու տարիների դեռ ճամփա էինք գնալու, դեռ կամքի, շիտակության, հավատի ու սիրո վարք էինք դառնալու՝ ի խրախույս բազում ընկրկողների:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Алмаст - Персидский марш
Александр Спендиарян

Алмаст - Персидский марш

Вид на Константинополь
Вид на Константинополь
Играть онлайн