Грант Матевосян

Լույսը բացվելու է

Հայ գրող, Պետական մրցանակի դափնեկիր Հրանտ Մաթևոսյանը լավ հայտնի է գրականությունը գնահատողներին: Տարբեր հանգուցալուծումներ է հետազոտում գրողը: «Տերը» վիպակը, օրինակ, պատմում է անտառապահ Ռոստոմ Սարգսյանի ճակատագրի մասին, որը հանդես է գալիս հավատը, սերը, հույսը կործանողների ցինիզմի ու անտարբերության դեմ: «Խումհարը» վիպակում գրողը ներկայացնում է քաղաքային կյանքը: Տարբեր պատմություններ, տարբեր ճակատագրեր: Բայց նրանց բոլորին միացնում է Հրանտ Մաթևոսյանի հրաշալի տաղանդը, նրա աշխարհընկալումը, որի հիմքում մարդու զգացողությունն է իբրև բնության որդու, իր երկրի որդու...

– Ծնված լինելով քաղաքակրթությունից հեռու, Աստծուց մոռացված գյուղակում, ինչպե՞ս դարձաք գրող: Առաջին անգամ ե՞րբ զգացիք Ձեր ձիրքը:
– Թերևս 12–13 տարեկանում: Մի անգամ մեզ՝ երեխաներիս ուղարկել էին դաշտ՝ թթվի ու ճաշի համար կանաչի հավաքելու: Կյանքը ծանր էր, ամիսներով մսի երես չէինք տեսնում, այդ պատճառով բոլոր խոտաբույսերը, որ կարելի էր ուտել, օգտագործվում էին: Գյուղի երեխաները տուն էին վերադառնում ամեն տեսակի խոտերի մեծ խրձերով, իսկ մի ճարպիկն էլ կարողացել էր վայրենացած հավ բռնել... Բոլորը վերադառնում էին լիքը ձեռքով, միայն իմ ձեռքին ոչինչ չկար: Քանի դեռ տարեկիցներս կանաչի էին որոնում, ես բլուրից բլուր էի մագլցում, որ տեսնեմ՝ ի՞նչ կա սարերի այն կողմում: Ներքևից իմ տարեկիցները տեսնում էին ինչպես եմ ես՝ փոքրիկ տղաս, բարձրանում բարձր բլուրների գագաթը, և իմ մանկական փառասիրության համար դա բավական էր:
...14 տարեկանում ես հայտնվեցի քաղաքում: Հիշո՞ւմ ես Թումանյանի պատմվածքը այն մասին, թե ինչպես հայրը ցանկանում էր որդուն մարդամեջ հանել: Նրանք ոտքով հասան քաղաք, և ամբողջ ճանապարհին որդին հետ էր շրջվում՝ դեպի իր գյուղը, իր տունը: Այդպես էլ ես՝ ամբողջ ժամանակ հետ էի նայում: Կարոտը ինձ չէր լքում, ամբողջ ժամանակ քաշում էր տուն: Այդ կարոտը վեհացնում էր, իմ հիշողության մեջ լուսավորում էր ամեն ինչ, որ կապված էր տան հետ՝ մայրս արդեն թվում էր ոչ թե գյուղացի կին, այլ ինձ կերակրած աստվածամայր, հայրս խաղաղ հնձվորի կերպարն էր, որ ինձ իր հուսալի թևի տակ էր առել, վահանով պաշտպանելով աշխարհի ամեն տեսակի չարությունից ու անարդարությունից: Այդ կարոտն ու ձգտումը՝ հասնել հիմքերին, պատմել բոլորին, որպեսզի իմ զգացումները շատերը կիսեն, այդ ամենն իմ մեջ գրելու ցանկություն էին ձևավորում:
Եվս մեկ հիշողություն. վախճանվել էր մեր գյուղական ուսուցչի կինը: Նա ինձ բարեկամ չէր, օտար կին էր, օտար մայր, ընդ որում՝ մեր գյուղից էլ չէր, հարս եկած էր: Մեր դասարանը տարան հուղարկավորության, որ շատ մարդ լինի թաղմանը: Բոլոր երեխաները սուսուփուս կանգնած էին մի կողմում, և հանկարծ այդ լռության մեջ ես սկսեցի անզուսպ լաց լինել: Չգիտեմ ինչ կատարվեց՝ առնչվեցի մահվան առեղծվածին, ինձ այդ ուսուցչի տեղը դրեցի, կամ նրա հանգուցյալ կնոջ ու որբացած երեխաների, բայց հիշում եմ, որ հետո ինձ երկար ուշքի էին բերում՝ ջուր էին ցողում և նույնիսկ մի քանի ապտակ էլ տվեցին, որ խելքս գլուխս հավաքեմ: Ինչո՞ւ ես ուրիշի վիշտը զգացի՝ ինչպես սեփականը: Երևի այն ժամանակ արդեն բանաստեղծ կար ներսումս:
– Բանաստեղծական խառնվածքներն աշխարհում անթիվ-անհամար են, բայց շատ քչերն են գրող դառնում: Հավանաբար՝ պետք են ինչ-որ պայմաններ, որ հոգու որոշ հատկանիշներ դառնան գրելու ձիրք:
– Մեր տանը կար թղթի, թանաքի, գրքի՝ այն ամենի, ինչ զուգորդվում է բառին, իսկական պաշտամունք: Այդ պաշտամունքը մեզ էր փոխանցում մայրս: Նա գտնում էր, որ եթե իրեն չի հաջողվել, գոնե զավակները գրքի միջոցով կարողանան խավարից դուրս գալ:
Այն ժամանակ ծնողներին թույլատրվում էր ներկա լինել դասերին, նրանց նույնիսկ հատուկ հրավիրում էին: Մինչև հիմա հիշում եմ՝ ինչպես կակազելով ու կապ ընկնելով կարդում էի դասագրքի ռուս անտաղանդ գրողների անտաղանդ տեքստերը ոչ պակաս անտաղանդ հայերեն թարգմանությամբ: Հիշում եմ՝ ինչպես դպրոցական ցերեկույթում ինձ հանձնարարվել էր արտասանել.
Աքիլլեսին Հոմերն երգեց,
Ռոստամ զալին՝ Ֆիրդուսին...
Հենց հասա Ստալինին ուղղված փառաբանությանը, ամաչեցի, շիկնեցի ու լռեցի: Լավ է, օգնության հասավ ակումբի վարիչ Վարդուշը. առաջ թռավ, թևերը պարզեց ու ինքը շարունակեց: Այդպիսի բանաստեղծությունները կարող էին գրականությունից կտրել, եթե մայրս չլիներ: Նա նաև հիանալի պատմել գիտեր, ոչ միայն պատմում էր, այլև ամբողջ բեմականացումներ էր խաղում... Ես երբեմն բացահայտորեն զգում եմ իմ գրածներում մորս հնչերանգը, նույնիսկ նրա խոսքի ռիթմը, որից եթե շեղվում եմ, ուրեմն ինչ-որ բան այնպես չեմ գրել:
– Հրանտ, Դուք շատ եք գրում գյուղի մարդկանց մասին: Ասացեք, իսկ հայրենի գյուղում կարդո՞ւմ են Ձեր գրքերը:
– Կարդում են, նույնիսկ պատմում են մեկմեկու: Պատահում է՝ նեղանում են: «Տերը» վիպակից հետո երկար ժամանակ ինձնից նեղացած էին. իրենց ուղղված ակնարկ էին տեսել այնտեղ, ուր ես չէի էլ կասկածել, ուրիշները հիշել էին գաղտնի պատմությունները, որոնց մասին ես միայն կռահել էի ու ակնարկել վիպակում: Անվտանգ տեքստը հանկարծ լույս աշխարհ էր «հանել» գաղտնի փոքր ու մեծ մեղքեր, որոնց մասին մինչ այդ ոչ ոք չգիտեր:
– Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է ստեղծագործել բարեկեցիկ կյանքով ապրող մարդը:
– Իհարկե, եթե հոգին խորն է: Առավել ևս, եթե լավ կրթություն ու լավ դաստիարակություն է ստացել: Մի՞թե Տոլստոյն ու Թումանյանը, թեկուզ մեր պատկերացումով, բարեկեցիկ մարդիկ չէին: Հենց այդ պատճառով էլ նրանց գրականությունը լիարժեք է, այլ ոչ թե ծնված կիսաքաղց հեղինակի թերարժեքությամբ, ինչպես պատահում է հիմա:
– Բայց ընդունված է մտածել, որ գրողները ապահովված կյանք ունեն...
– Ի՞նչ ես ասում, գրողները անտանելի են ապրում: Եթե նրանք լավ ապահովված լինեին, ձեռք չէին զարկի պատահական թեմաների, չէին զբաղվի գրական կեղծարարությամբ՝ անբովանդակ սցենարներ ու բեմականացումներ գրելով...
– Հիմա և՛ գրողները, և՛ ընթերցողները տարված են հուշերով: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
– Ինչպես իսկական գրականությունն է սակավ ընտրյալների գործ, այդպես էլ ոչ բոլոր հիշողություններն են, իմ կարծիքով, գրականություն: Երբ իսկական արվեստագետի գրչին են պատկանում, հրաշալի անակնկալներ են լինում ոչ միայն հիշողությունների մեջ, այլև հեղինակների ներաշխարհում: Անդրեյ Բիտովը մի անգամ ասաց, որ իր կարծիքով Պետրոսի մասին գրել պատրաստվող Պուշկինը իր համար էլ անսպասելի վերածվել է ցարի՝ փոխվել է բառապաշարը. սկսել է խոսել արքայական հանգույն: Անձնական կյանքում էլ ճակատագիրը չար կատակ է խաղացել՝ և՛ բանաստեղծը, և՛ ցարը մահվան մահճում, ինչպես հայտնի է, արտաբերել են՝ «Բա՛րձր, բա՛րձր»: Ինչպես Բիտովն է գրում՝ Պուշկինը վախճանվեց իբրև ցար: Իսկ ես կարծում եմ՝ բանաստեղծն իրեն էր ենթարկել ցարին, խորապես ճանաչել ու հասկացել էր նրա անհատականությունը ու ընդունել էր նրան իր սրտում:
Բայց Պուշկինը հանճարեղ էր: Փաստագրական արձակը, իբրև օրենք, գրում են միջակ գրողները, և մեծ մասը դատապարտված է անհաջողության: Իրական անհատականությունների մասին հնարավոր չէ համարժեք գրել, որովհետև մի անգամ նրանք արդեն կայացել են: Մարդը մի անգամ է ստեղծվում Աստծո կողմից և, ըստ էության, կարիք չունի երկրորդ անգամ գրականության կամ արվեստի այլ տեսակների մեջ կրկնվելու: Ոչ մարդիկ, ոչ գործերը չեն կրկնվում:
– Ուրեմն այնքան էլ լավ չէ, որ գրողի մահից հետո նրա ճակատագիրը ստեղծագործության նյութ է դառնում:
– Հենց այդպես: Միայն այդ պատճառով հիշողությունների մեջ մեր առաջ բոլորովին այլ կերպար է հայտնվում: Եվ հետո... Արվեստագետը, վերջիվերջո, գտնվում է կյանքի հորձանուտում և միևնույն ժամանակ հեռու է նրանից: Դա ստեղծագործական ինքնապահպանության բնազդն է: Արվեստագետին հատուկ է սեփական անօգնականության զգացողությունը, այն զգացումը, որ ինքն ավելորդ է, անտեսված է: Գուցե այն պատճառով, որ մարդը իր էությամբ միայնակ է: Թեպետ ոչ մի վատ բան չեմ տեսնում ոչ մենակության, ոչ կոլեկտիվիզմի մեջ: Յուրաքանչյուրն ընտրում է կյանքի իրեն հարազատ կերպը: Իհարկե, մենք բոլորս միայնակ ենք մեր ծննդյան, մահվան մեջ և նույնիսկ ամենամերձավոր մարդն էլ հազիվ թե ցանկանա ինձ հետ կիսել իմ մահը: Այնուամենայնիվ, մենք միմյանց օգնության ձեռք ենք մեկնում, իսկ կորցնելով մերձավորներին, կորցնում ենք մեզնից մի մաս և հանկարծ գիտակցում ենք, որ մեզնից յուրաքանչյուրը կազմված է մերձավոր ու հարազատ բազմաթիվ մարդկանցից:
– Ժամանակ առ ժամանակ Դուք գյուղ եք գնում՝ աշխատելո՞ւ, թե՞ պարզապես քաղաքից հանգստանալու:
– Դժվար է ասել: Տեսնում ես՝ ինչ պայմաններում եմ և աշխատում, և հանգստանում: Հարևանի երեխան պատի այն կողմում ժամերով նվագել է սովորում, փողոցի աղմուկը, անընդհատ հանրահավաքներ, որոնց մասնակիցներին ես անզոր եմ ինչ-որ բանով, թեկուզ իմաստուն խոսքով, օգնել:
– Բայց ամեն ինչ այդքան անհույս չէ...
– Հին ժամանակներում, երբ գայլը հարձակվում էր հոտի վրա, նրան էին նետում ամենաքոսոտ այծին: Երբեմն հեշտ ձեռքբերումով չբավարարվող գազանը պայքարի մեջ էր մտնում հովվի հետ ու նույնիսկ կարող էր նրան կծոտել: Գտնում էին, որ դա կատաղած գայլի կծոց է, ուրեմն մահն անխուսափելի է: Եթե քառասուներորդ գիշերը մարդը չէր մեռնում, ուրեմն ճգնաժամն անցած էր և նրան երկար կյանք էր սպասվում: Իսկ քառասուներորդ գիշերը ամբողջ գյուղը հավաքվում էր հովվի օջախի շուրջ: Մարդիկ ամբողջ գիշեր կերուխում էին անում, նվագում էին զուռնան ու դուդուկը, երգում էին, պարում էին, հետաքրքիր պատմություններ էին պատմում, ուտում, խմում էին... Ամբողջ գիշեր չէին թողնում, որ հովիվը քնի, որովհետև վախենում էին, որ էլ չի արթնանա: Առավոտյան ողջ-առողջ էր լինում, հագուկապում էին, մախաղը լցնում էին ուտելիքով ու գինով, շանը տալիս էին օգնական և ճանապարհում էին իրեն սպասող հոտի մոտ: Մեր ժողովուրդն այսօր, ինչպես այն հովիվը քառասուներորդ գիշերը, սպասում է լուսաբացին: Իսկ ես և դու, ինչպես հովիվի հյուրերը, խոսում ենք տարբեր թեմաներով, հույս ունենալով, որ լուսաբացը, միևնույն է, գալու է:

Զրույցը վարեց Ռ. ԱՐՄԵՆՅԱՆԸ
«Տրուդ» («ՁՐցՊ», ԾՏրՍՉՈ), 09.05.1990 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

Цветы в кувшине
Цветы в кувшине
Играть онлайн