Грант Матевосян

Կատարելություն

Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով Արարատով: Մաքուր վաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հավաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին:
Ապա մի, եթե կարող եք, բուն իսկ ձեր գոյությունը մերժելով անհայտի ծովին տվեք իրեն, տեսեք ինչեր ու ովքեր են սուզվում իր հետ, տեսեք նախնիներից բան մնո՞ւմ է իրենից հետո, իրենից հետո բան գալի՞ս է, դուք ինքներդ մնո՞ւմ եք, տեսեք համայն մարդկության մեծերն ու մարդկայնությունն ինքը ձեզ համար մնո՞ւմ են, հայոց ձեր լեզուն զորո՞ւմ է վերծանել, արծարծել, թոթափել, նորել ու յուրացնել տարալեզու աստվածային գիրը, որ բոլոր ժողովուրդների ու ժամանակների դավանանքն է:
Գրեթե այս մասին կամ հենց այս մասին ասված է. «Ես աստծո որդին եմ՝ որովհետև իր ղրկածն եմ, և հայրը՝ որովհետև ձեր հոգիներում իրեն ես ծնեցի, ես ինքն աստվածն եմ»: Կամ այսպես. «Ես ձեր կանչով եկա և ձեր որդին եմ, և հավատը առ ձեր իսկ գոյության ձեզանում ես արթնացրի և ես ձեր հայրն եմ»:
Վեհորեն բարձրի մեր համազգային, մարդկության այս հայ ընտանիքի ձգտումն էր ինքը և առնչումը այդ վեհին ու վերին: Առանց Թումանյանի մեզ համար օտար տաճարների խորթ, եթե ոչ թշնամի, կուռքեր էին լինելու մարդկության ամենապայծառ ճակատները: Իսկ այսպես՝ իր կենդանի, շենշող, բարձր ներկայությամբ՝ մեր իսկ ինքնաճանաչումը և, պատկառանքից զատ, հաճախ նույնիսկ սերն ու մտերմությունն է ցոլում ամենաայլազան ժողովուրդների ու լեզուների աշխարհներից: Իսկ եթե պատահում է չի ծնվում, մեզանում չի թրթռում այդ հաղորդությունը, իր խրախուսիչ ներկայությամբ վստահ՝ մեզ սուտ ու անկատար են երևում այդ աստվածությունները և ոչ մենք ինքներս:
Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով՝ և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Առանց Թումանյանի՝ այդ եզերքը մերը չէ, այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով:
Անցյալի և ապագայի, անձնականի և ընդհանրականի, ազգայինի և համամարդկայինի, ժամանակավորի և հավերժականի մեկ և ընդհանուր սահմանին կանգնած՝ նա ժամանակավորից պատմականություն է պահանջում և հավերժականից ներկայություն, համամարդկայինից ստույգ հայեցիություն է պահանջում և հայեցիից համամարդկայնություն. մշակույթները եթե համամարդկային չեն՝ մշակույթ չեն և չեն կարող ու չպետք է ճամփորդեն հայրենիքների ու ժամանակների միջով: Այդպես՝ զուտ ոսկին է սահմաններն անցնում և բնությունից քաղաբերված օրենքները: Այդպես՝ վերահսկման ու փոխվերահսկման պայմաններում՝ իրենց տեղերում ու ժամանակներում, ճիշտ է, գոյանում, բայց և պարտադրորեն քայքայվում են այն վատ նկրտումներն ու հավակնումները, որ ուղղակի դրսևորումն են մարդ-գազանի, բայց մարդկային մշակույթի, դավանանքի ու գաղափարախոսության տեսք են առնում և նույնիսկ բանակներ կապում:
Այն ժողովրդի մեջ՝ որ աշխարհ էր բերել Թումանյանին, այն վայրերում՝ ուր Թումանյանի հոգին մարմնացել էր մի ճկուն, խիզախ ու մաքուր հասակով, հին բարձր կեցության բեկորներ կային, որոնցից առաջինն իհարկե մայրենին էր, ապա բեկված վանքերն ու պարիսպներն ու կամուրջները... ապա նույնիսկ գրի պատառիկներ իր հեռավոր նախնու ազնվական վիճակի մասին: Բայց իրենով վկայվելու էր շատ ավելի մեծ բան, քան նախնու և նախնիների իշխանական զորությունը, քան որմնադիրների-մատենագիրների-այգեպանների նշխարներից հազարամյա այս սև անապատում հայոց հանգրվան կապելու եվրո-ռուսական ջանքի հաջողությունը. իրենով վկայվելու էր, թե արև աստվածը, գառնուկ ախպերը, մարդ արարածն առհասարակ, ազատ կյանքն ինքը չարի հարվածների տակ մեկընդմի՞շտ են մտնում քարայր, վիշապօձի շապիկ, գառան մորթի... հավիտյա՞նս են տրվում մահվան, քնի, թմբիրի գերության, թե՞ ազատությունը կարող է քարությունից հանել մարդուն ու բազմեցնել իր նախասահմանված գահին, մի գերությունից արձակված մարդը չի՞ տրվում մի այլ ու թերևս վատթար գերության:
Ինքն ահա չտրվեց. իրենով՝ ազատությունը մեր հորիզոնից բարձրացավ կատարյալ գեղեցկության կերպարով:
Ծեծված, կողոպտված, ոտնատակի այգու պտուղ՝ նա դառն էր լինելու և էր. առավել քան իրենից այս ժողովուրդը ուրիշ ոչ մի բերանից այդքան դառը նախատինք չի լսել:
Ծվատված, բաժբաժված, միմյանցից խլխլված ժողովրդի զավակ՝ նա պիտի հայրենիքի զինվոր լիներ և էր. միայն նախախնամությամբ և միայն երեսուն տարով՝ զինվորի նրա կյանքը ետ պահվեց այն ջոկատից, որ հայրենական հողի թշնամական բաժանագծի վրա գնդակոծվեց և թիկունքից, և ճակատից. զինվորի տուրքը կյանքով է տրվում, երեսուն տարի անց զինվորի իր տուրքը նա մարեց եղբայրների, Թումանյանի իր և չորս որդու կյանքով, և փամփուշտները ճայթեցին թե թիկունքից, թե դեմառդեմ ճակատից:
Դեպի իմացության ու կենցաղի լույս համաժողովրդական ընթացքի ուխտավոր՝ նա լուսավորիչ էր լինելու և էր. դպրոցականի համար որպես «անցնելու նյութ» գրված նրա ոտանավորն ու զրույցը գրքից գիրք և հասակից հասակ անցնելով արդեն հարյուր տարի գալիս են և դեռ մեզնից ու մեր թոռներից են անցնելու:
Նրա ահազանգի ու արագ արձագանքի, նրա ձեռնարկումի, նրա մտքի ու եռանդի արդյունք են կրթա-գիտական, գրական-մշակութային, գիտա-մշակութային այն հիմնարար հաստատությունները, որ մի ժողովրդի վերաճեցնում են ազգի և ազգը մղում պետականության:
Ամենահեղափոխական ոչ մի հեղափոխական չի կարող մեղադրել, թե պատերազմների ու հեղափոխությունների իր ժամանակ նա դրոշներից հեռու էր կանգնած, ինչպես և ազգային ցավից խելագարված որևէ ազգայնական՝ թե դրոշը նրա ձեռքին չէր:
Կործանման ու ողբերգական իրադարձությունների ժամանակակից՝ նա պիտի իր ժողովրդի ողբերգուն լիներ և էր: Իր ժամանակի և ոչ մի երևույթ չի կարող վկայել՝ թե իր բուն խորքերում նա չի եղել, իր ժամանակի ոչ մի օրը չի կարող ասել՝ թե չի հիշում նրան, ոչ ոք՝ ոչ օտարազգի սարսափահար պանդուխտը, ոչ մեռնող եղջերուն, ոչ աղոթքի ծնկած ծերը՝ չի կարող կշտամբել, թե իր օրհասի պահին, իր վեհանալու հրաշքին նա ներկա չէր:
Բայց նա այդ բոլորի ու ամենքի գերին չէր, իր կործանված հայրենիքի հետ՝ ատելության կաշկանդյալը չէր և հույսի փրկված ծվենների հետ՝ երախտիքի կաշկանդյալը չէր - նա տեր էր այդ ամբողջի ու ամենի վրա, այդ ամբողջն ու ամենը նրա տիրական ճախրի ներքո էր: Այդպես միայն զորավար-արքաներն են լինում:
Այդ ամբողջը նրա աշխարհն է՝ Թումանյանի թագավորությունը, և մենք այդ թագավորության հպատակներն ենք, մենք՝ իրենից հետո եկածներս, նրանք՝ իրենից առաջ ապրած-անցածները, մարդիկ, կենդանիներ, ազգեր, ցեղեր, ձևեր, կերպեր, երևույթներ, պատմություն, առասպելներ, զրույցներ, լեզու, երեխաներ, լույս, կարոտ, սեր, մահ, հաշտություն, թշնամանք... և ուրիշ ոչ մի տեղ այնքան հեշտ ու թեթև չեն թրթռում, ապրում, խաղում, ինչպես նրա ժպտուն շնչի տակ: Մտիր հայոց Բանի այդ աշխարհ և հարյուր տարի ու հազար տարի խաղա, կռվիր, հաշտվիր, երգիր, ծիծաղիր, խորհիր, խոկա, ձգտիր, ճանաչիր, բարեկամացիր, թշնամացիր... եղիր:
Եվ ուրիշ ոչ մի աշխարհ՝ ոչ գրի ու ոչ էլ իրական՝ մեր երեխային, մեր մարդուն, ինքներս մեզ այնքան վստահ չենք ղրկում ճամփորդության, ինչքան Թումանյանի թագավորություն, և ուրիշ ոչ մի աշխարհում ոչ ոք ու ոչինչ այնքան վաղածանոթ ու մտերիմ չէ, ինչքան Թումանյանի աշխարհում, մեր ծնունդից առաջ ասես այնտեղ ենք ապրել, մեր այս երկիր ասես այնտեղից ենք եկել:
Հովհաննես Թումանյան, Ընտրանի,

«Հայագիտակ» հրատ., Եր., 2001թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Рапсодия
Эдуард Багдасарян

Рапсодия

Женский портрет
Женский портрет
Играть онлайн