Грант Матевосян
Ժողովուրդը կգտնի ճշմարիտ ուղին
– Պարոն Մաթևոսյան, տարիներ առաջ մոսկովյան ամսագրերից մեկում տպագրվել էր Ձեր հարցազրույցը, որը Հայաստանում ընդունվեց տարակուսանքով ու տագնապով: Այնտեղ Դուք, անդրադառնալով 1915 թ. եղեռնին, ասում էիք, որ բավական է այդ մասին խոսել, բավական է հին վերքերին աղ ցանել: Տարիներ անց, կարծես օգտվելով դրանից և շատ յուրովի զարգացնելով Ձեր թեզը, Անարը հայ ժողովրդին անվանեց «մազոխիստ»: Ճանաչելով Ձեզ և Ձեր ստեղծագործությունը, ավելի քան համոզված եմ, որ դա ցավալի թյուրիմացություն էր...
– Ես հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը: Իմ զրուցակիցը Ալլա Մարչենկոն էր, հարցազրույցը տպագրվել էր «Վոպրոսի լիտերատուրի» ամսագրում: Ես այնտեղ ասում էի, որ ֆիզիկական ցավ եմ զգում ամեն անգամ, երբ խոսք է գնում եղեռնի մասին, որ ես այդ հիշատակումներից հիվանդանում եմ: Հարցազրույցի վերջնական տեքստը ինձ հետ համաձայնեցված չէր, և հենց դա է պատճառը, որ այնտեղ կան մի քանի ցավալի վրիպումներ: Ես տեր եմ իմ ժողովրդի անցյալին, այդ թվում նաև եղեռնին: Ես ուզում էի ասել հետևյալը՝ եղեռնի մասին կա՛մ պետք է գրել փայլուն, կա՛մ էլ ընդհանրապես չգրել: Ինձ հայտնի է ընդամենը մի քանի կայացած, բարձրարվեստ գեղարվեստական ստեղծագործություն 1915 թ. եղեռնի մասին: Դա Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրն» է, ամերիկահայ գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպը և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»: Թերևս դրանք են լավագույն գործերը: Ընդ որում, եթե Վերֆելն ու Սյուրմելյանը ինչ-որ իմաստով հայեցողներ էին, քանի որ եղեռնը նրանց համար նկարագրության օբյեկտ էր, ապա նույնը չի կարելի ասել Մահարու մասին: Նա կարծես ցույց տվեց եղեռնը ներսից, քանի որ ինքն էլ եղեռնի սուբյեկտ էր: Դա հավասարազոր է նրան, որ նկարագրես քո մարմնի հիվանդությունը, քո գանգրենան: Վեպի մեջ հեղինակը միաժամանակ և՛ եղեռնի մեջ բոցավառվող փոքր ու անպաշտպան էակն է, և՛ այդ արյունոտ իրադարձությունների վրայով սավառնող արծիվը:
– Բայց ինչպե՞ս համաձայնեցնել այդ կարծիքը գրականագիտության մեջ հաստատում գտած մեղադրանքների հետ, որոնց համաձայն Մահարու վեպում կան բազմաթիվ վրիպումներ, այդ թվում նաև քաղաքական բնույթի: Գրողին նույնիսկ մեղադրում են թուրքամետ մոտեցման մեջ...
– Համաձայն եմ, վեպի մեջ կան անճշտություններ, և դրանք բացատրվում են կուսակցական մոտեցումով, գրողի աշխարհընկալմամբ: Մի կողմ դնելով գոյություն ունեցող բազմաթիվ տեսակետները, նա կառչեց միայն մեկից, որը նրան առավել հոգեհարազատ էր: Եվ իր ձեռքի տակ եղած ամբողջ վիթխարի փաստագրական նյութը ենթարկեց այդ տեսակետին: Իսկ ինչ վերաբերում է Մահարու թուրքամետ դիրքորոշմանը, ապա դա շատ բարդ հարց է, չի կարելի այն պարզունակացնել: Եկեք փորձենք նրան հասկանալ: Ծնունդով վանեցի՝ նա բարոյական իրավունք ուներ մեզ ասել. բարի թե չար կամքով՝ դո՛ւք գազազացրիք թուրքերին, և ահա թե ինչ եղավ արդյունքում: Իմ ծննդավայրը քարուքանդ է եղած, իմ օջախը ավերված է, ես բռնագաղթել եմ իմ պապական տնից, իմ հարազատներն ու մտերիմները սպանված ու խոշտանգված են...
– Իրավիճակը զարմանալիորեն կրկնվում է: Եվ այսօր կրկին լսում ենք. դե ինչ, ա՞յդ էիք ուզում: Եթե դուք չլինեիք, մենք հաշտ ու համերաշխ կապրեինք ադրբեջանցիների հետ... Համաձայն եմ, այդ մարդիկ շատ բան են կորցրել, շատ զրկանքներ տեսել, նրանց էլ հասկանալ է պետք: Սակայն չէ որ կա նաև ուրիշ ճշմարտություն ևս՝ Ղարաբաղը պալար էր, որ պետք է բացվեր վաղ թե ուշ...
– Որոշ արևմտահայ քաղաքական գործիչներ՝ Օրմանյանը, Օտյանը և ուրիշներ, բարեփոխումների կողմնակից էին, նրանց նպատակն այն էր, որ հայերն ինքնավարություն ստանան Օսմանյան կայսրության կազմում: Նրանք համագործակցում էին իրենց թուրք համախոհների հետ և հույսեր փայփայում Հայկական հարցի խաղաղ, քաղաքական լուծման հետ: Սակայն պնդել, թե եղեռնը հայերի սադրանքների արդյունք էր, թե հայերի ջարդը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում, Հայաստանի և Արցախի շրջափակումը կարելի է բացատրել որպես ադրբեջանցիների բնական հակազդեցություն, առնվազն անբարոյական է ու անհեթեթ: Դա թուրքերի կողմից պարտադրվող բացատրություն է: Դա նույնն է, թե մարդասպանը իրեն արդարացնելով ասի, որ մեղավորը զոհն էր, քանի որ իրեն լավ չէր պահում:
– Մի քանի տարի առաջ խոսք եղավ, որ «սումգայիթից» հետո չեք կարողանում ստեղծագործել, որ դրանից հետո ոչ մի տող չեք գրել: Նման վիճակում էին մեր շատ գրողներ: Սակայն այսօր ժողովուրդը առավել քան երբևիցե կարիք ունի գրողի խոսքի: Շատերն են վերստին վերադարձել գրական աշխատանքի, ակտիվ գործունեության: Ի՞նչ կասեիք այդ առումով Դուք՝ դեպրեսիվ վիճակը դեռ շարունակվո՞ւմ է:
– Այո, շարունակվում է: Եվ երբեմն ինձ թվում է, որ երբեք չի անցնի: Սակայն գրականությունը ինձնով չի սկսվել և ոչ էլ վերջանալու է ինձնով: Եղեռնը կործանեց Թումանյանին, բայց այդ նույն եղեռնը կյանք տվեց Չարենցին: Հենց եղեռնի սարսափելի տարիներին Չարենցն սկսեց ստեղծել իր գլուխգործոցները, սկսեց գրել իր դարաշրջանի գեղարվեստական տարեգրությունը: Այնպես որ, ես մեծ հույսեր եմ կապում մեր երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնք բաց աչքերով են նայում իրենց հայրենակիցների ու հարազատների նկատմամբ կատարված դաժանություններին, բարբարոսություններին...
– Մինչդեռ Ձեզ հետ առանձնակի հույսեր էին կապվում, քանի որ Ձեր հեղինակությունը հատկապես մեծ է: Կշտամբանք չհամարեք, սակայն ակամա հիշեցի Այթմատովին. նա առիթը բաց չէր թողնում խոսափողին մոտենալու. բացատրում էր, պարզաբանում, մեկնաբանում, սովորեցնում, խորհուրդներ տալիս...
– Դա նույնպես դժվար չէ բացատրել: Բանն այն է, որ իմ հեռուստատեսային ելույթների իրավունքը հանձնված էր Այթմատովին: Այսինքն նա խոսում էր իմ, Վասիլի Բիկովի, Նոդար Դումբաձեի, Օլես Գոնչարի, Յուստինաս Մարցինկյավիչյուսի փոխարեն, մի խոսքով՝ մեր բազմազգ գրչակիցների եղբայրության անունից: Այթմատովը մի կողմից կայսրության զավակն էր, մյուս կողմից՝ ապակենտրոնացման համոզված ջատագովը: Եվ վերջապես նա վերակառուցման նվիրյալներից էր, Գորբաչովի աջ ձեռքն ու գաղափարների կենսագործողը:
Եվ ընդհանրապես ես երբեք հավասար պայմաններում չեմ եղել Չինգիզ Այթմատովի հետ: Նրան ավելի դյուրին էր խոսել ժողովուրդների բարեկամության մասին, քանի որ իր գրքերի հերոսները ղազախն ու կիրգիզն էին, իսկ այդ ժողովուրդները էթնիկական և ազգագրական առումով շատ ու շատ մոտ են իրար: Իսկ հիմա պատկերացրեք իմ վիճակը՝ չէ որ ես պետք է շփման եզրեր գտնեի հայերի ու ադրբեջանցիների միջև, արտացոլեի նրանց բարեկամությունը: Մինչդեռ այդ բարեկամությունը շատ էր շինծու, թքով կպցրած և հաճախ տխուր միջադեպերի ու ձախողումների էր հանգեցնում: Ավելին, ես հաստատ համոզված էի, որ բոլոր ադրբեջանցիները՝ մեծից փոքր, դանակ են սրում մեզ վրա:
– Արդյունքում հայ ժողովրդի ցավը այդպես էլ մնաց չարտահայտված, ինքն իր մեջ պարփակված և օտար ու անհասկանալի՝ աշխարհի մյուս ժողովուրդների համար: Ինչևիցե, Դուք ինչպե՞ս ընդունեցիք կայսրության փլուզումը:
– Կայսրությունը փլուզվեց, փլվեց մեր բոլորի վրա, այդ փլուզումն անցավ մեր բոլորի միջով և, ինչ էլ ասելու լինենք, մեզ մեծ ցավ պատճառեց: Եվ հարց եմ տալիս ինքս ինձ և ուրիշներին՝ մի՞թե անհնար էր խուսափել այդ մեծաթիվ կորուստներից, այդ անթիվ ու անհամար ջնջված ճակատագրերից:
– Բայց չէ որ կայսրությունը, միևնույն է, վաղ թե ուշ պետք է փլուզվեր: Ըստ իս ափսոսալու հատկապես բան չկա:
– Մենք այսօր հետին հաշվով մեր հաշիվներն ենք մաքրում կայսրության հետ, սակայն չէ որ այդ կայսրությունը մեզ բոլորիս սնում ու հագցնում էր, մենք ժպտում էինք, ծիծաղում էինք, մենք գոհ էինք կյանքից, մենք մեր կյանքի տերն ու տիրականն էինք: Ծաղրում էինք մեր պաչպռոշտի անող առաջնորդներին, ամենուրեք հանդիպում էինք քաղաքական ու կենցաղային երկերեսանիության, կեղծավորության, փարիսեցիության, բայց այնուամենայնիվ լավ թե վատ ապրում էինք: Եվ ես ասում եմ՝ կեցցե մեր երեկվա կյանքը իր բոլոր բացթողումներով ու խեղաթյուրումներով: Ի դեպ, մեր այսօրվա թերևս միակ ձեռքբերումը ճշմարտությունն է: Թեև այդ միակ ձեռքբերումն էլ ցանկության դեպքում կարելի է կասկածի տակ առնել: Մենք շատ թանկ վճարեցինք դրա համար՝ մեր շուրջը քաոս է, քայքայում, սով ու զրկանքներ, սպանվածներ, պատանդներ, փախստականներ... Մեր շուրջը արնաքամ Հայաստանն է, քաղաքացիական պատերազմի հրդեհի մեջ է Վրաստանը, գազազած, իր և ուրիշների վրա պրծնող Ադրբեջանը և... համընդհանուր տարակուսանք, ընկճվածություն, անելանելիության զգացում... Դա կարող է Ձեզ անհեթեթություն, անոմալիա թվալ, սակայն՝ կեցցե երեկվա կայսրությունը: Ռուսաստանն իր շահերն ու միսիան ունի Կովկասում: Դուք կարող եք ասել ինչ կամենաք, սակայն փաստը մնում է փաստ. երկու հարյուր տարի այստեղ մարդիկ իրար կոկորդ չէին կրծում:
– Բայց ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում ավելի վաղ, վերակառուցման սկզբնական փուլում կամ էլ ղարաբաղյան շարժման առաջին շրջանում:
– Ես դեմ եմ եղել կայսրության փլուզմանը, քանի որ գիտակցում էի, որ փոփոխությունների հողմը կարող է քշելտանել իմ փոքրաթիվ ժողովրդին: Ես դեմ էի գորբաչովյան վերակառուցմանը, քանի որ կանխատեսում էի այն անխուսափելի, անդառնալի հետևանքները, որոնցով հղի էր այդ «պերեստրոյկան»: Բայց համաձայնեք, որ մեծ հանդգնություն ու պղծություն կլիներ հանրահավաքում հայտարարել, որ Ղարաբաղի ինքնորոշման հարցը բարձրացնելը շատ ու շատ վտանգավոր է ու վաղաժամ: Դա ոչ միայն ես, ոչ ոք չէր հանդգնի ասել: Նախկինում ես կայսրության տերն էի: Ես քսաներկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածության տերն էի: Իսկ այսօր ամենաիրական ձևով վտանգված են Սևանն ու Զանգեզուրը: Նախկինում ես կարող էի ինձ թույլ տալ միջամտել Ռուսաստանի ներքին գործերին՝ իմ վիպակներով ու պատմվածքներով ես կարող էի քննադատել ու դժգոհություն հայտնել, և ինձ հետ հաշվի էին նստում, ոչ ոք ինձ չէր ասում՝ իսկ դո՞ւ ով ես, որ մեզ ապրել ես սովորեցնում: Չքվիր քո Հայաստանը: Իսկ այսօր ինձ այդպես են ասում ամեն քայլափոխի:
– Ինչպե՞ս է Ձեզ պատկերվում մեր այսօրվա սոցիալական վիճակը:
– Աստված մեզ պահապան: Ի՞նչ սոցիալական վիճակի մասին կարող է խոսք լինել:
– Կարո՞ղ ենք մենք մտերմանալ Թուրքիայի հետ:
– Ինչպես ասում են, ամեն ինչ Աստծո ձեռքին է: Երբեմն ինձ թվում է, որ հնարավոր է, սակայն երբ լսում եմ Օզալի կամ Դեմիրելի հակահայկական ելույթները, ինձ պարզ է դառնում, որ մենք՝ հայերս, Թուրքիայում անելիք չունենք: Եվ ես վերստին շրջվում եմ դեպի Ռուսաստան: Թող դա լինի քայքայված Ռուսաստանը, կազակների, ալկոհոլիկների, թմրամոլների, սիֆիլիտիկների Ռուսաստանը, սակայն մի անգամ այնտեղից եկել է փրկության պես մի բան, և դա ինձ հույս է ներշնչում:
– Բայց չէ՞ որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով Թուրքիան, ասում էր, որ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ...
– Ժամանակին ես Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի և այլոց հանրահավաքային ելույթներին վերաբերվում էի որպես մանկական մի խաղի: Նրանք ինձ հիշեցնում էին այն տղաներին, որոնք իրենց տանը մի հետաքրքիր գիրք ունեն և, ահա, կարդալով մի քանի էջ, շտապում են իմացածը պատմել իրենց ընկերներին, իսկ հետո վազում տուն՝ շարունակելու ընթերցումը: Եվ ես սպասում էի, որ ահա՝ որտեղից որ է կհայտնվի բարձրագույն բանականությունը որևէ զորեղ այրի կերպարանքով և կստիպի ազատել հրապարակը: Սակայն նա այդպես էլ չեկավ: Տրամաբանությունը այդպես էլ չհաղթանակեց, և աբսուրդի թատրոնը շարունակվում է մինչև այսօր:
– Ձեր վերաբերմունքը հանրապետության ղեկավարության նկատմամբ:
– Մեր եղելությունը հենվում է «երկիր-ժողովուրդ-պետություն» երրորդության վրա: Երկիր ասելով ես նկատի ունեմ տարածքը իր բնական ռեսուրսներով՝ հողով, անտառներով, լճերով, գետերով: Ես չեմ խոսում «ծովից ծով» Հայաստանի մասին, սակայն անհրաժեշտ է, որպեսզի լինի երկրի կրիտիկական մասսան: Մենք չունենք այդ երկիրը, այսինքն մենք չունենք այն կրիտիկական մասսայի անհրաժեշտ քանակությունը, որը կարող է որակի վերածվել: Եվ հարկ չկա հիշատակել Լյուքսեմբուրգի օրինակը. դրանք անհամատեղելի կատեգորիաներ են: Երկրի բացակայությունը քանդում է երրորդությունը: Եկեք միասին փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչ կարող է անել մեր կառավարությունը ստեղծված իրավիճակում: Ենթադրենք, թե մենք ունենք պարենի պաշար, որը մեզ կհերիքի երկու ամիս: Ճիշտ ղեկավարման, այսինքն այդ պարենի ճիշտ բաշխման դեպքում այն կարող է հերիքել ոչ թե երկու ամիս, այլ կես տարի: Այնպես որ, եթե խորքը նայենք, մեր այսօրվա դժվարությունների ու զրկանքների մեջ մեղավոր է ոչ այնքան կառավարությունը, որը չի կարողանում ղեկավարել հանրապետության տնտեսությունը, այլ այն, որ մենք կտրված ենք, պոկված ենք բոլոր կոնտեքստներից՝ և՛ միութենական, և՛ համաշխարհային: Նախկինում մենք ապրում էինք և վատ չէինք ապրում, որովհետև մեզ կերակրում և մատակարարում էր հսկա պետությունը: Մենք ներկայացնում էինք այդ պետությունը, խոսում էինք նրա անունից, մենք մեզ որբ ու անտեր չէինք զգում, հակառակը՝ մենք մեզ ուժեղ ու վստահ էինք զգում, քանի որ մեր թիկունքին կանգնած էր հզորագույն մի երկիր, որը պատրաստ էր պաշտպանել մեզ, մեր շահերը: Մեր խոպանչիները տարբեր հանրապետություններ էին ուղևորվում սեզոնային աշխատանքներ կատարելու, գիտնականները Մոսկվա էին գործուղվում հետազոտական աշխատանքի և գիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, տեղական իշխանությունների անարդարություններից մարդիկ պաշտպանություն ու արդարություն էին փնտրում Մոսկվայում: Դուք կարող եք ամենավերջին բառերն ասել խորհրդային շրջանի հասցեին, ամենասև գույներով նկարագրել մեր ժողովրդի կյանքն այդ ընթացքում՝ դա ձեր գործն է, ձեր իրավունքն է, սակայն մի՛ մոռացեք, որ հենց այդ տարիներին են ստեղծվել հայ մշակույթի, արվեստի ու գրականության գագաթնային շատ արժեքներ: Իսկ այժմ մենք հայտնվել ենք միանգամայն անբնական վիճակում, վտանգված են մեր կյանքի բոլոր ոլորտները՝ և՛ սոցիալականը, և՛ տնտեսականը, և՛ քաղաքականը, և՛ մշակութայինը... Վտանգված է մեր գենոֆոնդը, ինչպես նաև տարածքի այս փոքրիկ բեկորը, որը կոչվում է Հայաստան: Ինձ մտահոգում ու մտատանջում են բազմաթիվ հարցեր, հարցեր, որոնք ես կուզեի հասցեագրել մեր կառավարությանը, մեր նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես կտամ նրանց այդ հարցերը, բաց միայն այն ժամանակ, երբ ինքս ունենամ դրանց պատասխանները:
– Պարոն Մաթևոսյան, ինչո՞վ բացատրել, որ բացարձակապես ոչ մի անգամ ելույթ չեք ունեցել խորհրդարանում: Եթե սխալվում եմ, ուղղեք:
– Ոչ, չեք սխալվում: Այդ ես սխալ գործեցի՝ համաձայնելով պատգամավոր դառնալ: Պարզապես հնացած պատկերացում ունեի խորհրդարանի աշխատանքի բնույթի մասին: Իրականում պարզվեց, որ այդ աշխատանքը պահանջում է մեծ եռանդ և ուժերի մեծ լարում, անմնացորդ նվիրում: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր մինչ այդ իրենց ոչ մի բնագավառում չէին դրսևորել, չէին կարողանում գտնել իրենց տեղը կյանքում, իսկ խորհրդարանում կարողացան բացահայտել իրենց շնորհները, կարողացան իրենց վերագտնել: Բայց ես շատ թե քիչ կարողացել էի ինձ դրսևորել գրականության մեջ, ունեի իմ մշտական զբաղմունքը, հետաքրքրությունների որոշակի շրջանակը: Այնպես որ, ես չպետք է զբաղվեի ոչ իմ գործով: Կրկնում եմ՝ ինձ թվում էր, թե խորհրդարանը կհավաքվի տարին երեք անգամ երկու ժամով՝ բոլոր հրամանագրերը և որոշումները միաձայն հավանության արժանացնելու: Եվ քանի որ խորհրդարանի երևակայական իմ մոդելը ամենևին չէր համընկնում իրականի հետ, ապա ես ուրախ կլինեմ ընդհատել իմ պատգամավորական գործունեությունը և վերադառնալ գրական աշխատանքին:
– Ռուս գրողներից ո՞ւմ կարող էիք Ձեզ ընկեր համարել:
– Ինձ երկար ժամանակ թվում էր, որ մենք կընկերանանք Վալենտին Ռասպուտինի հետ, սակայն մեր մտերմությունը իսկական ընկերության այդպես էլ չվերածվեց: Չեմ կարող ինձ ընկեր համարել նաև Վիկտոր Աստաֆևին, որի ստեղծագործությունները շատ բարձր եմ գնահատում: Երբեմն ինձ նույնիսկ թվում է, թե ես եմ իր գործերը գրել: Թերևս «ընկերություն» բառը ավելի շատ կվայելեր իմ և Անդրեյ Բիտովի հարաբերություններին:
– Եվ վերջին հարցը: Ի՞նչ է սպասում մեզ մոտ ապագայում:
– Գիտեք, ես երբեք կանխագուշակողի կեցվածք չեմ ընդունել, երբեք ինձ ամենագետ չեմ համարել: Միակ բանը, որ կարող եմ համոզված ասել, այն է, որ ես անվերապահորեն հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ նա կգտնի ճշմարիտ ուղին, իր մեջ բավարար կենսական ու բարոյական ուժ կգտնի, որպեսզի հաղթահարի այժմեական դժվարությունները և պատվով դուրս կգա իր գլխին թափվող բոլոր դաժան փորձություններից:
Զրույցը վարեց Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Ուրբաթ», 30.10.1992 թ.