Грант Матевосян

Ի ծնե ակադեմիկոս-գրականագետ

Ի ծնե ակադեմիկոս-գրականագետ Սերգեյ Սարինյանը յոթանասունհինգ տարեկան է, ասել է թե գարնանային 1956-ին երեսուն տարեկան էր և իր լրջմիտ, չափավոր հեղափոխական չափավոր պահպանողական գործընկերների հետ, որ նույն հիանալի տարիքին էին, տանուտիրաբար ստանձնում էր մեր գրական-հասարակական մտքի նորոգումի գործը։ Դրանք այն տարիներն էին, երբ խոսքը, բանը, գրականությունը, գրական-գրականագիտական միտքը հասարակության, հասարակական կյանքի մի շատ կարևոր, թերևս ամենակարևոր բաղադրիչն էին կամ հավակնում էին այդ բաղադրիչը լինել, համենայն դեպս՝ ոչ միայն հացիվ կեցոն ավետարանական պարապ արտահայտություն չէր։
Եվ ուրեմն պետք էր երկիրն օժտել լիիրավ խոսքի լիարժեք զորությամբ - մարմնին հոգի տալու, արյունափոխությամբ կյանք փրկելու չափ էական մի առաքելություն, ինչի ձախողումը բացահայտում էր երկրի փլուզման և մեր բոլորիս կործանումի ստույգ հեռապատկերը, և հաջողությունը մեր բոլորիս երկիրը, խոսքի մեր աշխարհը կենարար հարաբերությունների մեջ էր դնում երեկվա մեր իսկ աշխարհի և այլազգի մշակույթների հետ։
Եվ եթե երկիրն այնուամենայնիվ փլուզվեց - փլուզվեց ոչ Սերգեյ Սարինյանի ու իր սերնդի մեղքով և կամ՝ ամենաքիչը իրենց մեղքով։ Նրա ու նրանց լուրջ, երկրի ու իրենց ժամանակի պատվախնդրությամբ պատվախնդիր հայացքի ներքո երկրի հասարակական-քաղաքական, գրական-գրականագիտական միտքը հայտաբերեց մեր այն ու այնքան կայունորեն ճշմարիտը, ինչը մեզ ազգերի ու ժողովուրդների եթե ոչ առաջին շարքերում, բայց և նույն երթի մեջ է պահում։
Բռնացված, ճանապարհից բռնությամբ հանված, աղարտված, եղծված խոսքը վրիժառու մահապարտի բնույթ է առնում. ճշմարտության ճանապարհից հանված՝ գնում կորչում է անհայտություններում և իր հետ տանում մոլորեցնում իրեն մոլորեցնողներին։
Սերգեյ Սարինյանը և իր գործը այդ մոլորյալ կորչողներից չեն։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Редкий Замечательный
Георгий Гурджиев

Редкий Замечательный

Человек и город
Человек и город
Играть онлайн