Грант Матевосян

Համայն աշխարհի նահապետը

Սարոյանն այսօր 74 տարեկան էր լինելու: Մահը, կարծում եմ, մեզ բռնում է մեր լուռ կամ բաց համաձայնությամբ, այսինքն երբ մեր կյանքի, գործի, նպատակի, վարքի վերաբերմամբ մեր իսկ կասկածը մեզ մի րոպե շփոթեցնում է, և ուրեմն ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել, երբ սկսել եմ այս աշխարհից շատ բան արդեն հասկանալ ու շատ-շատ բաներ էլ այնպես առանց հասկանալու ընդունել, չեմ կարողանում ոչ հասկանալ, ոչ էլ առավել՝ ընդունել այդ մարդու մեծ բացակայությունը, բացակայությունը մի մարդու, որ կասկած չուներ, ում համար կյանքն ու աշխատանքը մեկ և նույն բաներն էին, ում համար, ինչպես լեռան համար՝ ծաղկելը, ջրի համար՝ հոսելը, լույսի համար՝ ծավալվելը,- ապրելը, խորհելը, աշխատելը, ձախողելը, հաջողելը, տանելը, տարվելը հոգս ու ջանք չէր, այլ ոգու և մարմնի հատկություն, հրճվանք:
1976-ին մի երկու ժամ, 1978-ին մի երկու օր իր կողքին եղա, և դրանք բախտի ամենամեծ նվերները եղան ինձ, ինչպես որ իր մահը՝ ամենամեծ կողոպուտն իմ կյանքից: Իր խոր, երկրիս երեսին կենդան ու անկենդան յուրաքանչյուրին ու բոլորին հասկացող, ընդունող ու մերժող գրականությունը, որ շատ հաճախ բառի դասական իմաստով գրականություն էլ չէր, այլ մարդու կյանք տիեզերական սիմֆոնիայից որ֊սացված մի ելևէջ, նրա թեկուզ «Հայը և հայը», «Նռնենիների այգին», «Մարդկային կատակերգության» երգանման այն կտորը, ուր երեխաների երամը խուժում է ավիրելու ծերունի Հենդերսոնի ծիրանուտը և ծառերի միջից երեխաներին հետևող այգետերը ուղղակի երեխաներից մեկն է, նրա «Գոնե մեկը», «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը» երկար տարիների մեջ ինձ ու իմ սերնդին մեր կյանքի ամենաընկալունակ ժամանակներում դրել էին այն ուխտավորի վիճակում, որ իր մեքքային է հասել, հասել է արտասուքով ու անվերապահ հավատով և ընդունակ է իր պաշտամունքի յուրաքանչյուր խոսքը, դադարը, ծիծաղն ու բացականչությունը ներքաշել՝ ուղղակի ինչպես ծարաված հողը - անձրևը… բայց ահա անմիջական շփումը իրեն՝ իր վախճանի մասին մեզ ոչ մի ամենաթաքուն իսկ նախազգուշացում չարեց. ինքը երկրիս վրա հավերժորեն կար, և ուրեմն հավիտենական էր նաև մեր բերկրանքը իր գոյությամբ. երազում ծաղիկ տեսած երեխայի պես միշտ պիտի արթնանայինք թեթև, գեղեցիկ, խոստումնալից օրվա ինչ-որ սպասումով և հետո հասկանայինք՝ որ մեր այդ թաքուն ուրախության աղբյուրը Սարոյանի ներկայությունն է այստեղ Երևանում կամ այս աշխարհի մի այլ վայրում՝ Փարիզում, Սոֆիայում, Կալիֆոռնիայում: Չարի ու չարիքի դաժան սառնությունը հազվադեպ՝ միայն մի երկու անգամ է սողում ջերմ, բարի ու բերրի նրա հովիտ՝ ասես միայն վկայելու, թե այդ երազ հովտի՝ այդ սքանչելի Սարոյանլանդի-Սարոյանիայի-Սարոյանստանի-Սարոյանքի փառահեղ տոհմապետը աշխարհը բռնած չարիքից անտեղյակ չէ, նրա Սարոյանլանդի սահմանը մի երկու տեղ լիզում ու ձեռաց վանվում են, նրա հովտի երանելի տոհմապետը՝ ի ծնե իմաստուն, որ տասներեք տարեկանում կարող էր ձուլել իր գրական մեծ դավանանքը - «Մի կողմ ձգե Էդգար Ալան Պոն ու Էմըրսոնը, անոնց օրենքներ իրենց համար է»- իր մեծ արարման սկզբում ասես հասկացել է, թե չարիքը ինչպես որ կյանքն է փչացնում, նույնպես էլ գրականությունը կփչացնի, չարիքը չպետք է մշակույթին մոտիկ թողնել,- և այսքանը մեզ բոլորիս միաբերան ասել է տալիս, թե ինքը Սարոյանը բարի մարդ էր և թշնամի ու թշնամություն չէր ճանաչում: Կեղծիք է:
Թշնամի ու թշնամություն չճանաչող փիլիսոփան այդպես անընդհատ չէր արծարծի բարության կրակը, այդպես անընդհատ չէր ջանա արթնացնել բարությունը նույնիսկ չարի ու չարիքի մեջ: Թշնամի ուներ, և այդ թշնամին էր մարդկանց ճակատագրերի տնօրինման նորին մեծություն հավակնոտությունը կամ որ նույնն է՝ մարդկանց կյանքը իրմով փոխարինող կեղծիքը, նման կեղծիք ծնող գործիչներն ու մշակույթներն էին նրա թշնամին՝ եթե անգամ հանրահայտ անուններ էին որդեգրել թերատ մտքերի այդ կանոնացումները կամ իրենք էին հռչակված անունների ծնունդ, եթե անգամ իրենցով զանգվածներ էին վարակել ու համընդհանուր միակ ճշմարտության կերպարանք առել:
Թերիներիս, կիսատներիս, չկայացածներիս ու չկայացողներիս ներում ու սիրում էր և նույնիսկ մեծարում - չէր սիրում, ատում էր նապոլեոններին ու նապոլեոնիկներին՝ անկախ նրանից, թե այդ նապոլեոնը նստած կլիներ փառահեղ տեսքի մի մտածողի թե բանակին օժանդակող տիկնանց միության մի շքեղ նախագահուհու մեջ:
Աշխարհի վաղվա՝ ուրեմն արդեն հետքրիստոնեական բախտի մեջ ամենաառաջին նշանակություն էր հատկացնում մշակույթին, մշակույթի մեջ՝ գրականությանը, գրականության մեջ՝ իրեն, և մենք իր հետ պիտի ասենք, որ այդ այդպես է և իր հետ պիտի անհանգստանանք ու զայրանանք ազգային ու դասային խտրականություն, գերմարդ, ազգի համաշխարհային-համատիեզերական առաքելություն խրախուսող մշակույթներից, իսկ եթե մեզ թվա, որ մշակույթի դերն այստեղ չափազանցվում է, պետք է ուրեմն հիշենք, որ կես-աշխարհը երկու հազար տարով համակած քրիստոնեությունը մարդկության դարավոր փորձն էր, բայց տեսքի էր եկել գրողների ձեռքով՝ Մատթեոսի, Ղուկասի, Հովհաննեսի, Մարկոսի՝ ովքեր գրողներ էին, սովորական գրողներ, որոնց անսխալականությանը Լև Տոլստոյն այնքան էլ չէր հավատում և նստեց խմբագրելու ի մի բերելու:
Սարոյանի հետ, այո, պիտի զգուշանանք նեղմիտ, կիկլոպորեն միաչքանի՝ այսինքն միայն իր ազգային-դասային շահը տեսնող, հիտլերներ-քեմալներ-մակարտիներ ծնող-սնող մշակույթներից և Սարոյանի ձեռքբերումն արդեն անկապտելի էր որպես մեծ գրականության էություն:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Солнце Осени
Тигран Мансурян

Солнце Осени

Портрет старика, 1883 г.
Портрет старика, 1883 г.
Играть онлайн