Грант Матевосян

Գրականության մարդկայնությունը

– Ձեր կարծիքով՝ այսօր ինչի՞ մասին պիտի խոսել:
– Որևէ սխալ բանի:
– Ինչո՞ւ, ոչ մի ճիշտ քայլ չի՞ ներվում:
– Կողմնակիի մասին խոսելով՝ կարող ենք գլխավորի մասին խոսել:
– Եղիշե Չարենցը 20-ական թվականներին այդպես գրում էր «Երկիր Նաիրին», ուրեմն ժամանակները չե՞ն փոխվել բոլորովին:
– Իհարկե չեն փոխվել: Թումանյանի նամակներից մեկում կա. կատարվածի համար ոչ ոք ինքնասպան չեղավ, ոչ ոք չամաչեց ազգի առաջնորդներից... Փաստորեն վեց ամիս մարզպետ էր՝ Ախալցխա, Ախալքալաք, Բորչալու, Լոռի, Փամբակ, Շամշադին, Գուգարք: Մարզպետ էր՝ ֆինանսներով, զենքով, ամեն ինչով: Մինչև Վեհիբ փաշայի արշավանքը, երբ քիչ էր մնում գերի ընկներ: Գիշերով, ոտքով, աղջկերանց հետ, թրջվելով, Կիրովականից Շահալի՝ ձորով անցել է, երեխեքին փրկել, ինքը փրկվել:
– Հովհաննես Թումանյանը կարո՞ղ էր մարդ սպանել. զինվոր էր, կռիվ էր...
– Չէ, չէր կարող, էդքան խեղճ չէր՝ մարդ սպաներ:
– Խեղճե՞րն են մարդ սպանում:
– Հա, խեղճերն են սպանում, որ մտքի փակուղի են մտել:
– Ուրեմն ի՞նչ, ո՞ր խոսքը պիտի ասվի, որ փակուղուց հանի, արդյունք տա:
– Դիկտատուրա էր լինելու, երկիր էր լինելու, որ խոսք ասվեր: Կիրովականի քիմկոմբինատն էր աշխատելու, Ալավերդու պղնձագործարանը, Սպիտակի շաքարի գործարանը... Երկիրը պիտի աշխատեր, և կաթիլ-կաթիլ աշխատանքով պիտի բարոյապես ու նյութապես մաքրվեինք: Էն ժամանակ էլ խոսքն իմաստ էր ունենալու: Հիմա էլ նույնն է, և ոչ մեկը չի կարող սահմանները փակել, չի կարող հավասարությունը, արդարությունը բարձրացնել, հրապուրող, քաշող, առաջնորդող կերպարը դարձյալ մնում են հոլիվուդյան պրոպագանդի տները, հարստությունները, միլիարդա-տերերը: Մայան՝ սերմացուն, գողանում են: Քո կերպարը չես ստեղծում, քո առաջնորդը չունես: Ինչպես որ այն հիանալի տղան գրեց ու զոհվեց՝ Տիգրան Հայրապետյանը, մեր միտքը վախեցած է, իրականությունը տեսնել ու նկարագրել, պատասխանը տալ չի զորում: Ղեկավարությունը մի կողմ էր գնացել, ժողովուրդը՝ մի կողմ: Էպոսի չորրորդ մասում ենք, առաջինից երրորդը, որ փաստորեն մի մաս են՝ հերոս, հակահերոս, հերոսի հաղթանակ, շքերթ ու վախճան և վերջը՝ Մհերը թշնամի չունի՝ ավելի զորեղ ու աներևույթ, խուսափուկ-խուսափող, մանր ռեսեր, Կոզբադնի զանազան թոռներ...
– Գուցե Մհերի իսկական թշնամին իր մեջ էր՝ իր վախն էր, իր կասկածը: Դավիթը հաղթեց, Մհերի ուժը չպատեց...
– Մյուս կողմից էլ՝ մարդկությունը չի կարող առանց ֆրուստրացիայի ապրել՝ ինքն իրեն կուտի: Իր ուժը իրեն կսպանի:
– Վիկտոր Աստաֆևի հարցազրույցը մեր թերթում կարդացի՞ք: Համաձա՞յն եք, որ սովետական գրականությունը կործանեց հարբեցողությունը:
– Հրաշալի խոսք էր՝ կառուցիկ, ճիշտ, կարճ: Այո, անազատությունը, գաղափարախոսության մամլիչ-ճնշիչ ներգործությունը, թեկուզև խրուշչովյան ազատության պռատությունը: Երկիրը և մարդը չկարողացան երկրի առաջնորդ, քաղաքական միտք կոփել:
– Լատինական Ամերիկայում կա՞ր այդ ազատությունը, որ հզոր գրականություն ստեղծվեց, ու հզոր գրողներ ծնվեցին:
– Ռուսաստանի ու Միության գրականությանը տրված էր իր հզորությունից ավելի մեծ նշանակություն: Ավելի մեծ ուշադրություն, ավելի մեծ վերահսկում և ավելի մեծ ազատազրկում: Հնից էլ էր գալիս, ուղղափառ հավատից, այն էլ՝ թուրք-թաթարական ճնշման ներքո, պահանջ էր երկրի ամբողջ ուժը հակադարձելու, միավորելու, կապերի մեջ դնելու, որ դարձավ ճորտություն: Հետո՝ Միության մեջ նույն միսիան շարունակվեց: Լենին, Ստալին, Խրուշչով, Բրեժնև... Նոր ժամանակների հին ցարեր:
– Պուտի՞նն էլ է ցար:
– Պուտինն էլ է պարտավոր ցար լինել: Չլինի՝ երկիրը փուլ է գալու, ի՞նչ անի:
– Ուրեմն բռնապետ չէ, ցանկալի տեր է:
– Վազգենն էլ, Կարենն էլ մնային, տեր էին: Հենց դա սպանեցին: Հասկացան՝ ինչը ոչնչացնել:
– Այս իրավիճակում էլ ելք պիտի լինի: Փակ շրջանակը մենք ենք ստեղծել: Անհատները կարող են, ժողովուրդը չի կարող ելք չունենալ:
– Շատ ես խոսում, շատ ենք խոսում՝ թերթերդ էլ, ռադիոդ էլ անվերջ խոսում են, հետո՞...
– Որովհետև բոլորս շատ ենք քաղաքականացված:
– Էդ քաղաքականություն չէ, աղարտում-աղտոտում եք, քաղաքականությունը ձեր խելքի բա՞նն է:
– Ո՞նց, որտե՞ղ կանգ առնենք, ի՞նչ անենք:
– Չե՞ս հավակնում այն անասունը լինել, որ ուզում էր ավտոմատը ձեռքին ժամանակ կանգնեցնել, որ Ազգային ժողով մտավ ու իր կարծիքով ազգը սխալ ճանապարհով տանողներիդ գլխատեց: Էդ ի՞նչ հավակնոտություն է մտած ձեր մեջ՝ մի երկու կրակոցով հարց լուծել, երկիր փոխել: Ամեն սինլքոր տեղից վեր է կենում ու պատրաստ է երկիր կառավարել, ուզում է իր խոսքը ասել ժողովրդին:
– Դուք ինչո՞ւ եք լռում: Լռում եք, վեր են կենում, իրենց ասպարեզը բաց են տեսնում:
– Խոսքի նկատմամբ հարգանք ունեմ, լռում եմ: Պարտք ունեմ, պատասխանատվություն ունեմ, լռում եմ: Դու ինչո՞ւ ես վախենում: Թող եղբայրս վախենա, գյուղում ապրող եղբայրս: Երեք կով ուներ, ամեն կովը մի ընտանիք էր պահում: Տանը առաջ եթե կով կար, երեխաները առողջ ու սիրուն էին մեծանում, գաճաճ չէին մնում, թոքախտավոր չէին դառնում: Մի կովը հիմա 150 դոլար է: Ցավը նրանն է, ցավը գործ չունեցող բանվորինն է: Էսօրվա օրը, վաղվա օրը աշխատանքով է լինելու: Մեր ամենամեծ թշնամին աշխատանք չունենալն է, որ ամսի 15-ին աշխատավարձ չես ստանալու, թեկուզ 5000 դրամ: Առավոտյան արթնանում ես, գնալու տեղ չունես... Մի բան պիտի հորինվի, որի վրա քո հաղթանակը աներկբա լինի, ոչ թե իրականությունը ընդգրկես ու նրա դեմ կամ հանուն նրա պայքարես:
– Օրվա ամենակարևոր հարցը ո՞րն է:
– Մի նյութ մի մարդու մասին՝ կոնկրետ հրապարակե՞լ ես: Ամենաշատը դրա պակասն ունենք:
– Դա հա՞րց է լուծելու:
– Չգիտեմ՝ ռազմի դաշտում կոնկրետ ի՞նչ տվեց մի Հեմինգուեյի ռեպորտաժը, բայց հետադարձ հայացքով միայն դա մնաց: Տասը տարի առաջվա վերջին տպավորությունս. Հակոբ Հակոբյանի հետ, առիթից օգտվելով, որ միլպետը մեզ ծանոթ էր, գնացել էինք Անին մոտիկից տեսնելու: Միլպետն էլ մի ընկեր ուներ՝ Ալյոշը: Լենինական գնալիս, աջ թևի վրա փոքրիկ Հայոց հովիտում, որտեղ ջուրն արտահայտվում էր միայն կանաչի մգությամբ. ակունքը կույր էր, բացարձակ անջրդի հող, դարերի մեջ վնասված, հին կոթողների մնացորդներ, Ալյոշս ցանկապատել էր, ֆերմա էր դրել, ընտանիքը հավաքել, ապրում էր: Մի փոքր-մոքր հարս ուներ, կիթ անել գիտեր, ընտանիքը նա էր պահում: Հույսն Արագածի լանջերը չէին, որտեղ խոտ չկար: Հույսը գնացքներն էին, որ կոմբիկեր էին տանելու, կիսակայարանում կանգնելու են, պայմանավորվելու են, գնացքից կեր են թափելու, հույսը գողունի վրա էր: Հույսը հաղորդակցության, երկաթուղու, մեծ Սովետական Միության վրա էր: Միակ թերությունը, որ Ալյոշը մասնավոր սեփականություն չուներ: Ու սիրելի էր իր կյանքով: Ախուրյան գետի ամբարտակը կապելիս արանքում կղզի էր առաջացել, Միության ուշադրությունը մի քիչ հեռացել էր, ու սահմանի վրա թուրքերը տնկել էին իրենց մեջիդը՝ նոր, թարմ, կարմիր աղյուսից՝ բարձր, իբրև սահմանային նշան, իբրև հավատի տուն: Ջրարբիացվել էր, անձրևից էլ ոռոգվում էր, թուրքի նախիրը խաղաղ-խաղաղ արածում էր անսահման կանաչ տարածքի մեջ: Ո՞վ է էս գրելու, ինչի՞ չի գրվել:
– Գաղափարներով ենք տարվել, մեծ երկիր ենք ուզում:
– Երկրի փոքրությո՞ւնը: Մենք սովետական ընտանիքի մասն էինք, կարծեցինք, թե դեմոկրատական Թուրքիայի հարևանությամբ պիտի ապրենք, եղբայրական Ադրբեջանի հետ, հետո քանդվեց տններս...
– Գուցե այդ տունը պետք չէ՞, գուցե սովոր ենք սրա-նրա դռանը ապրել, սրա-նրա պետության մեջ, ճանապարհներին:
– Մեր տան գաղափարը եթե հյուսիսը չի հուշել, հնարավոր է դարձրել՝ բարեբեր միջավայր ստեղծելով՝ հայկական մարզի գաղափարն էլ էր էդ, 70 թ. մեր խնդրանոք ռուսական բանակ մտանք, մերոնց չէին զորակոչում, հետո առաջին հանրապետությունն էլ էր էդ, Վորոնցով-Դաշկովին դիմումն էլ էր էդ, դպրոց ու եկեղեցի պահելն էլ էր էդ: Առաջինը՝ դիկտատուրա էր պետք: Էդ քաջը չունեցանք, էդ խիզախ միտքը չունեցանք: Մեծ կամքի տղան չունեցանք: Միաբան չեղանք: Ոչ քաղաքականության մեջ, ոչ գրականության: Հայ գրողներից ոչ մեկը պատմվածք գրել չգիտի, ոչ մեկը չի կարողանում դրամատուրգիա կառուցել-հավաքել:
– Դրա համար էլ հայ բանաստեղծը իր կարծիքով դրամատուրգ էր:
– Թումանյանը հենց իսկապես դրամատուրգ էր՝ «Անուշից» 1000–1200 տող է հանել մինչև վերջնական տարբերակը: Մտածողությունը դրամատուրգի էր, ապրեր՝ գրելու էր:
– Ձեր գրածը շա՞տ եք փոխում, խմբագրում:
– Ընթացքում, բայց հետո չեմ վերադառնում: Անելիքն ավելի թանկ է, քան գրածին անդրադառնալը: Ժամանակ չկա:
– Հիմա գրականություն ստեղծվո՞ւմ է:
– Ինչ-որ մի բան ստեղծվում է: Չեմ սխալվի, եթե ասեմ՝ գրականության ոսկեդարն անցավ: Ըստ էության՝ 60–70-ական թթ. վերջացավ: 1801 թ. սկսած գրականությանդ ժամանակներն էին: Չգիտեմ ինչ հեղափոխական-կուսակցական առաջնորդ կարող է հասարակության ուշադրությունը վերադարձնել գրականությանը: Ո՞վ պիտի անի: Փողը, հարստությունը, կինոն կերան գրակա-նությունը՝ ստեղծելով ծույլ ընթերցող, ակտիվ հանդիսական ու ծույլ ընթերցող: Ամեն մի ընթերցող արդեն ռեժիսոր է՝ տող առ տող բեմադրելով, կինո ստեղծելով է առաջ գնում, իսկ կինոդիտողը, հեռուստադիտողը չունի այդ աշխատանքի, այդ տարբերակումների, այդ վերլուծությունների կարիքը:
– Գրողներն ինչո՞ւ ծուլացան:
– Եթե գրականությունը հաց չի տալիս, փող չի տալիս, չես զբաղվում: Բոլորը շրջվել են դեպի բանաստեղծություն... Զառանցանք է: Զզվում եմ արդեն չափաբերված տողերից: Հակառակի պես՝ բոլորն էլ այնքան լավ են գրում: Ուղղակի հրաշալի անպետքություն:
– Մարդկությունն է պակասել, տեխնիկան փառահեղ է, գրականության մեջ լույս չկա, շունչ չկա, լավ են գրում, բայց ի՞նչ են գրում...
– Վիկտոր Աստաֆևը երեք էջանոց, փոքրիկ մի պատմվածք ունի, ասում է՝ հորաքույրս կորցրել էր եղբայրներին, ամուսնուն, հարազատներին՝ մի 80 մարդ, բայց երբ ողբը սկսում էր, Լյոշկայից էր սկսում: Գիշերակաց աշխատանքի գնալիս ժողովուրդը հանդում էր քնում, որ առավոտյան շոգի բերանը չընկած՝ հունձը անեն: Սարի լանջերին խոտհարքի են գնացել: Մայրը երեք տարեկան երեխային թողել է երկու ու չորս տարեկանների հույսին: Մամային շատ է ուզել, երեխեքը ճամփա են ընկել մամայի մոտ տանելու: Ու ճամփին հոգնել, քնել են... Արթնացել են՝ երեխան արանքներում չի եղել: Ամբողջ բրիգադով օրերով փնտրել են, չեն գտել: Սարերից որ իջնում ես, առանց քարարմատների ավազուտներ են, սկզբում լայն, հետո նեղանում է: Ելքի մոտ ճանապարհի տպավորություն է: Տարիներ հետո միայն գրողը փորձում է հասկանալ՝ ինչ եղավ երեխան, ու անցնելով ամբողջ ճանապարհը հասկանում է՝ երեխան եկել-եկել- խցվել է այդ ճանապարհին ու կորել է... Էդքան կարդացել էի, էդ մի տողի վրա կոկորդս խցվեց: Գրականության մարդկայ-նությունը... Հազար հերոսով, հազար գեներալով, զինվորով գրքեր եք կարդում, ոչ մեկը էդ երեխայի կորստի ցավը չի տալիս: Մենք դա չենք գրել, որովհետև մեր գրական միտքը անընդհատ զբաղված է պատմական, ազգային խնդիրներով: Մենք մենք չենք եղել...

Այս հարցազրույցը չունի սկիզբ ու ավարտ, այս խոսակցությունը հավակնում է անվերջ շարունակվել: Ոչ այն պատճառով, որ ես չգիտեմ ամփոփ հարցեր տալ ու ամփոփ հարցազրույցներ անել: Այս խոսակցությունը անվերջ է ասելիքի անվերջության պատճառով: Անվերջ ասելիքի, որի այս հատվածը իրավունք չունեի ընթերցողից կողոպտել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 25.07.2000 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт-рапсодия для виолончели
Арам Хачатрян

Концерт-рапсодия для виолончели

Изобретение письма
Изобретение письма
Играть онлайн