Грант Матевосян

Եվ փառք իրեն ու իր սերնդին

Եթե մենք առհասարակ կարողանում ենք իշխել մեր կրքերի, մոլությունների վրա, ապա Վահագն Դավթյանը մարդու, գործչի և պոետի իր կյանքը վարում էր ճարտարապետներին քաջածանոթ ոսկե հատման օրենքով։
Նրա մեջ ոսկե հատման օրենքից էին ելնում կամ օրենքին էին հանգում հարաբերությունները մարդկանց հետ և երևույթների հետ։
Ոչ մի գիտակ ու գիտնական չի կարող վկայել գիտնականի նրա թուլությունը, ոչ մի բանաստեղծ չի կարող վկայել՝ թե նրա տարերքը պակաս կատաղի էր, ոչ մի խմբագիր չի կարող ասել՝ թե ինքը երբևէ ավելի համարձակ թերթ ու հանդես է հրապարակել, ոչ ոք չի կարող հպարտանալ՝ թե անձնական կամ ազգային ցավի առաջ ինքը ավելի զգայուն է եղել, և հակառակը՝ բոլորը-բոլորս միաբան ենք, որ մեր ամենագիտնականից գիտնական, ամենահամարձակից համարձակ, ամենահորդից հորդ՝ նա երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չավիրեց իր ոչ աջ, ոչ էլ ձախ ափը։
Խաղաղ ուժի մշտակա ներկայությունը նրան թույլ չտվեց ապստամբ ու խռովարար լինել։ Այլև՝ իր մեծ ավագների, հիանալի իր ցեղի, ցեղի իր պատկերացման հովանու ներքո՝ գուրգուրեց և պաշտեց այն ամենը, ինչը այս ժողովրդի հանրապետությանը բերում էր այս ազգի պատմական առաքելությանը ներդաշնակ տեսքի - կլիներ դա անանուն մեկի երկու հաջողված տողը, պատանիների հայ սերնդի բարձրացող հասակը, կամարների կորերը, երգչուհու դիսկոները, թե որևէ պաշտոնյայի շիտակությունը։
Նա և իր սերունդը դատապարտված էին հոգևոր ամլության, նրանք պիտի որ իրենց ետևից հոգևոր անապատ թողնեին, որովհետև այդպես էր կարգված ի վերուստ, որովհետև մտքի և զորքի տիրանները իրենց գրքում ի սկզբանե նրանց վերապահել էին լուսանցքային ներկայություն միայն, Չարենցի խոսքով՝ նրանք պետք է ասեղնագործեին երկնքի խավարը.
- Ինչպես հանճարեղ մի աղջիկ
Երկնքի խավարն ասեղնագործեր։
Բայց նրանք՝ այդ Չարենցը, այդ Պարույրը, այդ Համոն, Վահագնը, Սիլվան, այդ Շիրազը և ողջ սերունդը, հիմնեցին ու ծաղկեցրին հենց հոգևոր այգեստան։
Նրանց կոչել էին, ինչպես մեր հին ծաղկագրողներին, զարդարելու հիմնական տեքստը, իսկ նրանք ահա բովանդակություն դարձրին հենց լուսանցքը, անդեմ-անգույն Հայաստան հայրենիքը, անանուն-անդեմ մարդը, պատսպարվեցին հենց լուսանցքում, և անցած յոթանասունամյակի մեծ գիրքը այսօր մեծարժեք է հենց լուսանցքի շնորհիվ։
Եվ փառք իրեն ու իր սերնդին։
Իր զուսպ, զորեղ, սթափ ներկայությամբ՝ ոչ մեկի, ոչ մեկիս բերանը մի անգամ չշարժվեց մեծարման խոսքով պսակավորելու իրեն, և միայն հիմա, իր լռությունից օգտվելով, ասենք.
Ինչ մեծ, ինչ սև խոռոչ է իր լքած տեղը - բանաստեղծի տեղը և գործչի տեղը, ապաստարանը մշակութային ողջ ժառանգության և ապաստարանը կենդանի բոլոր թրթիռների։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Весной 1900 г.
Весной 1900 г.
Играть онлайн