Грант Матевосян

Երբ քունը փրկություն է թվում

Տարիների հետ, ծերանալու հետ է, որ անընդհատ դառնում եմ երկրի պատկերին և ամեն երեկո, քնելուց առաջ մղձավանջի նման Հայաստանի լանդշաֆտը գալիս է առջևս: Եվ քունը փրկություն է թվում: Կուզենայի երկար-երկար քնել ու չարթնանալ, որպեսզի այդ մղձավանջը նորից դեմս չգա: Ավերված լանջեր, ավերված չափարներ, նորոգելու կարոտ տներ, վատ ճանապարհներ, թունավորված ջրեր - սա մի երկրում, որը ժամանակին ծաղկած երկիր է եղել: Կուզենայի երկիրս նորոգվեր, էդ հողագույն լանջերը կարողանայինք ծաղկեցնել, էդ չափարներն ու հնացած տները, աղտոտ գյուղերը, ավերված այգիները, թունավորված ջրերը - էս ամբողջը նորոգվեր, որպեսզի մեր երեխաները կյանքի գեղեցկությունը, էս անսահմանորեն գեղեցիկ աշխարհի հմայքը էս երկրից և էս երկրում զգային և ոչ թե մուրացկանի պես աղքատ գրպանով Ամերիկա ընկնելով՝ Ամերիկայից գուրգուրեին ծաղկած երկրի պատկերն իրենց մեջ: Եվ էստեղից էլ իմ հայ հերոսները, որոնք իսկապես ինձ պարզերես են դարձնում պատմության առաջ, երկիրը ծաղկեցնողներ են, իմ հերոսները և՛ զենքի մարդիկ են, և՛ մտքի ու արվեստի տիտաններ, բայց այդուհանդերձ ինձ համար հայության համառության խորհրդանիշ է մնում սուրբ Ղազար կղզին, Մխիթար Սեբաստացի Աբբահոր աշխատանքը, եռանդը, շինած վանքը, բացած տպարանը, իր տարած լուսավորչական աշխատանքը: Այդ օրինակի տարբերակները, դրսևորումները ես տեսել եմ իմ մանկության տարիներին, իմ հողի վրա. մարդիկ, որոնք ձրի, ոչինչ չստանալով, թերևս ավելի ոչինչ, քան ճորտատիրության պայմաններում, ինչպես քարտաշ-վարպետները հոգևոր ու աշխարհիկ իշխանների համար ձրի աշխատելով էդ վանքերն են բարձրացրել, էդ նույնը ես տեսա իմ հոր ու պապի մեջ: Նրանք կոլխոզի համար դարձյալ էնպես էին աշխատում, Ինչպես Սեբաստացին սուրբ Ղազար կղզում, ու տեսել եմ նաև էն կորուստը, որ իմ սերունդը, իմ որդիների սերունդը ունի իր պապերի համեմատությամբ: Ցավում եմ, բայց հայրենասիրության էդ դրսևորումը մեզանում պակասում է: Երկիրը պետի շինվի, մենք մեր ճորտերը պիտի դառնանք ու էդպես դարձյալ աշխատենք: Շատ եմ ամաչում, երբ ասենք, իմ հայրենի գյուղում էս տարի որևէ մեկը խոտի պակասություն է զգում, խոտը չի հնձվել, էդ ժամանակ որտե՞ղ են եղել գյուղի զավակները. ցույցերի են եղել: Հեղափոխությամբ վերածնված, բոլորս մի տեսակ դարձել ենք հրապարակի հերոսներ, երբ դա նույնպես մեծ աշխատանք պահանջող մի գործ է, և ամեն մի ծաղրածու չէ, որ հրապարակ պիտի գա: Շատերի համար բերանը տրված է զուտ հաց ուտելու համար: Բայց ահա հրապարակ են գալիս, գրիչը ձեռքներն են առնում էն դեպքում, երբ գրիչն ավելի պատասխանատու, ավելի ծանր բան է, քան բահը: Բահը պիտի վերցնեն ձեռքը, բահը ձեռքին մշակի կերպարն եմ ես գուրգուրում… դրա համար պիտի կռվենք: Ես, ահա, գրիչս պիտի գցեմ, եթե դուք գրիչ եք վերցրել, ու դաշտ եմ գնալու: Չգիտեմ, չգիտեմ… Կուզեի խնամված խոզեր տեսնել, խոզանոցներ՝ որտեղից հոտ չգա, կուզենայի իմ երկրի, իմ հողի վրա ապրող երինջը նույնքան սիրուն ու խնամված լիներ, ինչքան Նորվեգիայում, ձիերը մաքուր լինեին, այգիները՝ խուզված ու չոր ճյուղերից զատված: Աշխատանք է պետք մեզ: Գլխավոր հերոսը աշխատանքն է լինելու, որն էսօր հրապարակում չկա: Ցավալիորեն, թեև որպես արդարացում է հնչում, մենք որդեգերել ենք մի հայեցակետ աշխատանքի նկատմամբ, որը մերը չէ, ռուսական դիկտատուրայի ռեժիմից է եկել, բանակային արդուկած շորերը հագները երբեք էլ բահ չեն առնում իրենց ձեռքը, բայց նրանք ռուս են, էսքան ու էսքան միլիոն բանակ ունեն: Նրանք ճորտատեր են յուրովի, և դու քո իրավունքով էդ ճորտատերը չես, իրավունք չունես որդեգրելու նրանց հայեցակետը, նրանց վարքը առ էս աշխարհը: Դու մշակ ես ծնվել հողի վրա ու մշակ էլ պիտի լինես դարձյալ իմ պապերի նման: Սա եմ ինձանից պահանջում և իմ որդիներից պահանջում:
Հեղափոխական էյֆորիայի մեջ ենք, զառանցանքի, արբածության մեջ ենք, հայի մեր բացառիկ վիճակը էն օրինակները չունի, որ էս երևույթներին ավելի հանգիստ նայենք: Անհուսության, լռության, ճնշվածության դատապարտված լինելով, կարոտ ենք եղել ազատ խոսքի, մեր ձայնով մեր խոսքը ասելուն, և դա բերել է հեղափոխության և հեղափոխականների էն ռոմանտիզացին, որ կա մեզանում: Եթե ինքներս մեզ հաղթահարելով կարողանայինք երևույթներին մի քիչ վերևից նայել, պիտի անիծեինք և՛ հեղափոխականներին, և՛ հեղափոխությունը: Մեր հեղափոխականներին, մեր հանդուգն տղաներին, մեր տեռորիստներին էնքանով միայն կարելի է արդարացնել, որ նրանց կողմից բռնությունը միայն պատասխան է, թշնամու պարտադրանք: Բայց էսօր պիտի ուղղակի ջանանք զորեղ լինել, ինքներս մեզանից ու մեր ճակատագրից մի քիչ վեր կանգնելու և սթափ նայելու իրականությանը: Ժողովրդի փրկության տեսակետից մաքսիմում կարճ ճանապարհը ընտրենք դեպի ինքնաբուժում՝ աշխարհի մեջ տևելու համար… պիտի ջանանք հանգիստ նայել պատմությանը և էսօրվա իրականությանը: Երկիրը դարձյալ դարձնենք էն երկիրը, ինչ որ իրենց ազգային-ազատագրական հեղափոխությունները ապրած ժոզովուրդներն ունեն: Բայց, նորից եմ ասում, մեր վիճակը մեզ պարտադրում է էն լինել, ինչ որ էսօր ենք, բայց ինչքա՞ն ենք տապակվելու էս հեղափոխության մեջ, էս ցավի ճիչերի մեջ, էս ողբ ու կականի մեջ… դա մեզ շատ քիչ բան է տալիս… չգիտեմ… Հետո, մեր վիճակն էնքան է խախուտ, որ երևույթները որպես ինքնին գոյեր ոչ մեկը մեզանում ամբողջականորեն չեն կայանում: Եթե ազգամիջյան պատերազմ ենք որդեգրել, պատերազմի բոլոր օրենքներով պիտի մեր թշնամու դեմ կռվենք, եթե խաղաղություն ենք որդեգրել՝ խաղաղության օրենքներով պիտի ապրենք: Մեր ոչ պատերազմն է էսօր կայանում, ոչ խաղաղությունը. շատ ծանր վիճակ է դա՝ մեզ պարտադրված, հիմա թելադրողը դարձյալ թշնամին է: Թշնամու հետ պիտի իր լեզվով խոսես: Հայաստանը դարձրել ենք որբանոց. այս թշվառ մայրը, որ չի կարող իր որդիներին կերակրել, ևս 500 000 տարագիր է ընդունում՝ Ադրբեջանից բռնագաղթվածներին: Նրանցից պիտի զորք սարքվեր և պարտադրվեր Ադրբեջանին: Թուրքը մորով-մանկով է մեր դեմ կռվում, մենք էլ մեր մորով-մանկով պիտի կռվենք, փախստականներով պիտի կռվենք: Բռնագաղթվածները պիտի Ղարաբաղ գնային, որտեղ որ վտանգը էնքան էլ մեծ չի: Պատերազմի օրենքները մենք խախտում ենք, պատերազմի դեմ պատերազմ չենք անում, դրա համար էլ մեր շարժումը էսօր դատապարտված է անկումներից հետո դարձյալ անկումների գնալ: Գուցե մեր մարդասիրությո՞ւնն է խանգարում, չգիտեմ, բայց չգիտեմ սա՞ է ավելի մեծ վտանգ մեզ համար, թե էն էկոլոգիական սուր կացությունը, որի առաջ էսօր կանգնած ենք և որը վաղն ավելի է սրվելու, աշխատատեղեր չունենք, արտադրական կարողություններ չունենք, որ եղած որդիներին կապի, պահի: Հիմա դրա վրա ավելացել է հինգհարյուրհազարանոց մի ժողովուրդ:
… Վեպը, որ գրվում էր, փետրվարյան դեպքով ընդհատվեց, դրանից հետո ոչ մի տող չեմ կարող հավելել: էնտեղ ճշգրիտ կյանքից եկող իմ վերաբերմունքը զարգացում էր ունենում: Պատանիների, ծերունիների, չեղած պետականության ռազմական գործիչների, խրոխտների կերպարանքի մի քանի ժայթքումներ կան՝ մի պատանի, որ չխոնարհվողն էր, մի ծերունի, որ ձախողակ… Նրանք կայանում էին, բայց վեպը ընդհատվեց:
… Չեղած պետականության մեր հերոսները… երբ Գոգոլը կառքից կառք նստելով ամբողջ Եվրոպան ոտքի տակ էր առնում, բայց գրպանը դատարկ էր, գիտեր, որ Նիկոլայ Առաջին ցարը կա, իր համար փող կուղարկի: Էդպես էլ եղավ: Նիկոլայը նրան վիթխարի դրամ ուղարկեց՝ թող պտտվի, թող Եվրոպան տեսնի: Իմ Թումանյանը էդ թագավորի վերաբերմունքը չի ունեցել, իր թագավորությունը չի ունեցել: Գուցե Մանթաշովը մի քիչ երես տված լիներ… Իմ զորավորները պետականություն չեն ունեցել, իմ էն հայերը, բայց իրենք իրենց պահում են տիրակալություն ունեցող ժողովրդի որդիների պես՝ կարծես թե պետական ֆորմայի մեջ ենք, կարծես թե թագավոր կա, և կարծես իրենց վարքը հանկարծ պետությանը կվնասի: Իմոնց մեջ դա կա, իմ պոետական զառանցանքը չէ: Իմ Սեբաստացի Մուրադը էդպես է կռվել, շքանշան չի սպասել ճակատամարտից հետո, իր հաղթանակից հետո: Իսկ, ասենք, թուրքի Դալի փաշան, թուրք-ռուսական ճակատամարտի հերոսը, որին Դալի էին ասում՝ խենթ, խելագար, այդուհանդերձ էնքան էլ խենթ չէր, որ ինքն իրեն մոռանար, գիտեր, որ ոսկե դաշույն է ստանալու, շքանշան է ստանալու և որ իրեն հաղթակամար է սպասում: Իմոնց հաղթակամար չի սպասել, պետականություն չեն ունեցել, բայց իրենց պահել են տիրակալության զորավարներ. իմոնց գեղեցկությունը դա է: Գուցե ինձ Տերյանի բանաստեղծությունն է մղել, չգիտեմ, իմոնք՝ էն ժամանակվա տղերքը իրենց եղերերգը հանձին Տերյանի բանաստեղծության զգացել են. դահիճների մթին շարքում մենակ ես մնալու… Բայց ինչ հոյակապ տղերք էին… սիրտս իսկապես Տերյանի ասած հեկեկանքով է լցվում, պատկերացնում եմ՝ որևէ հետախույզ, չեկիստ ընկավ թշնամական երկրում թշնամական հետախուզության ձեռքը: Պետությունն իսկույն ոտքի է կանգնում և նրան մի կերպ… գուցե մի նավ ոսկի է տալիս, գուցե կղզի է տալիս նրա դիմաց: Իմ ընկած տղերքը տերեր չունեն, բայց օտար դատարանի առաջ իրենց էնպես են պահում, կարծես թե Աստված իրենց տերն է: Հիմա պետք է, որ այդօրինակ զգացողությունը դառնա արմատական մեր մեջ: Պիտի երկրի տերը լինենք, որպեսզի էդպիսին լինենք: Երկրաշարժի ավերակները մերն են, 70 տարվա քայքայված երկիրը մերն է: Ես եկա էն եզրակացության, որ Ադրբեջանից էդքան հայերին հալածել փախցնելը հեշտ էր ոչ թե էն պատճառով, որ մենք վախկոտ ենք և իրենք կտրիճներ, այլ որովհետև էդ մարդիկ էնտեղ հողատերեր չեն, հեշտությամբ են հողը լքում: Ղարաբաղում ամեն գիշեր թուրքերը 10 անասուն են գողանում. ավելի գող, դաժան երկրներում էդքան անասուն հեշտությամբ չեն տալիս, եթե էդ անասունը իրենցն է և ոչ թե կոլխոզ-սովխոզինը: Երկու տարի էս տները փլատակ չէին մնա. իմ փլատակը իմն է, իմ երկաթուղին իմն է, իմ կովը իմն է, ես դրանց կողքը պիտի կանգնեմ, սա իմ տունն է, ես ուրիշ տեղ շնչելու օդ չունեմ, ես ուրիշ տեղ հաց չունեմ. էստեղ եմ կանգնելու: Ազատության մասին է խոսքը: Բայց առայժմ մենք ճորտեր ենք, հոգեբանական կաշկանդվածությունից, իրավական կաշկանդվածությունից չենք կարողանում դուրս գալ, դեռ սպասում ենք... Եվ եթե հարցը ազատության մասին է, ապա սուվերեն հանրապետություն հռչակելու Ադրբեջանի արածը մեզանում որպես կրիմինալ դիտվեց, բայց, փաստորեն, նրանք մեզ համար տիպ են ստեղծել արդեն, ճամփա են բացել. այո, հետևիր իրեն, դա քայլ է դեպի ֆեդերացիա: Էն, որ թուրքի նկատմամբ կոմպլեքսավորված ենք… Իսկապես, կոմպլեքսավոր ժողովրդի առաջ էդքան շուտ չեն վերանում սուլթանների բռնադատածները, դեռ գնալու են երկար: Չգիտեմ… բայց փրկված բաներ ունենք, Չարենցը «Դանթեական առասպելը», թուրքի անուն չկա, չէ՞, դա մի տեսակ զորեղների ասպարեզ է, այդ ազգամիջյան հարաբերությունները զորեղների ասպարեզ է՝ Թումանյանի վերաբերմունքը, Իսահակյանի… ժամանակակիցները, հենց անմիջապես եղեռնը կրողները, որոնք հետո ամբողջ հոգսն են իրենց ուսերին տարել ժողովրդի բեկորները իրար վրա բերելու, նրանց վերաբերմունքի մեջ դեպի թուրքը շատ ավելի հանդուրժող, ըմբռնող բան կար, քան մեր, ու կարծես ավելի հավաք են եղել: Նշանակում է նրանք ավելի լիարժեք մարդիկ են եղել, ավելի լավ պայմաններում աճած մտավորականներ էին, քան մենք՝ սխալ ռեժիմի ծնունդներս՝ նեղսիրտ, չըմբռնող, էն գազազած ամբոխի մի մասն ենք և ոչ թե սանձահարող, կառավարող մասը: Ժամանակի մեջ գուցե մեզանից ընդունակները նրանց հետ քայլեն, իրենց նախնիների ժառանգը դառնան գուցե թե...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Песня старых дней
Тигран Мансурян

Песня старых дней

Ани: Женщины выходят из церкви, 1905 год.
Ани: Женщины выходят из церкви, 1905 год.
Играть онлайн